Հանսյորգ Շերթենլայբ | Հանդիպում հեղինակի հետ

Այս օրերին Հայաստանում է շվեյցարացի ժամանակակից գրող և լրագրող Հանսյորգ Շերթենլայբը: Նա կմասնակցի «Գերմաներենի շաբաթ 2017» խորագրով միջոցառումների շարքին և Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությամբ լույս ընծայված «Գիշերային լողորդը» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսին:
Հեղինակի հետ հանդիպումը և գրքի շնորհանդեսը կկայանան հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, ԶԱՆԳԱԿ գրատանը:
Եվրոպական Միությանն ընդդիմացող, իրեն ծեր հիպի համարող այս շվեյցարացին դեգերում է Իռլանդիայի և Շվեյցարիայի միջև և փորձում հեռու մնալ քաղաքային իրարանցումներից. ինչպես ասում է՝ ավելի լավ է նայեմ մարգագետնին, քան բարձրահարկին:

Ծնվել է 1957 թվականին Ցյուրիխում։ Երկար տարիներ եղել է Շվեյցարիայի գրողների միության խորհրդի անդամ, հեղինակել է վեպեր, ռադիոպիեսներ, թատերախաղեր, բանաստեղծություններ, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Հայտնի գործերի թվին են պատկանում՝ «Սինյորայի սենյակը», «Անանունները», «Թղթե թագավորը», «Անձրևի նվագախումբը», «Գիշերային լողորդը», «Ապակե անտառը», «Յավակա»։ Շերթենլայբը պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, այդ թվում՝ Կրանիխշթայներ, Գերմանական գրական հիմնադրամի և Շիլլերի անվան հիմնադրամի գրական մրցանակներով։

Նրա «Գիշերային լողորդը» վեպը դեռահաս սերնդի մասին է և տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք՝ առաջին սիրո, գաղտնիքների, հույզերի ու ատելությունների, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության բարդ ճանապարհի մասին:

Վեպը հայերեն է թարգմանել Լիանա Սաֆարյանը:

Հեղինակի հետ իր գրքի և ստեղծագործության շուրջ զրուցելու առիթ կունենանք ԶԱՆԳԱԿ գրատանը:
Հասցեն՝ ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2
Հեռ.՝ 010232649

ՀԱՆՍՅՈՐԳ ՇԵՐԹԵՆԼԱՅԲ

Գիշերային լողորդը
(hատված վեպ)

Հենց պառկում եմ անկողնում, մտածում եմ Ալեք¬սի մասին։ Իսպանիայում եղբորս խեղդվելուց եր¬կու շաբաթ անց տակնուվրա էի արել նրա իրերը և դպրոցական պայուսակը։ Ուզում էի ինչ–որ բան գտնել, որը կբացատրեր նրա անարդար մահը։ Ես պատկերացում չունեի, թե ինչ եմ փնտրում։ Գուցե ուզում էի պարզապես մոտ լինել նրան՝ բոլոր իրե¬րը ձեռքս առնելով, որոնք ինչ–որ բան էին նշանա¬կել նրա համար. նրա լողաթևերը, սուզվելու ակնոցը, երեք լողավարտիքները, մանկական հանրագիտա-րանը, նրա՝ Իլինոյսի համալսարանի սիրելի սվիտե-րը, խխունջների հավաքածուն և կաթնատամները, որոնք նա պահպանում էր մեղրի բանկայի մեջ։ Ես նայեցի նաև այն, ինչ ատում էր Ալեքսը՝ մաթեմատի¬կայի գիրքը, ռեզինե կապիչով փողկապը, մուգ կա¬պույտ բլեյզերը, սրինգը և դրան պատկանող նոտա¬ները, նրա ատամի բրեկետը, արշավի կոշիկներն ու կարմիր գուլպաները։
Պարզ էր, որ դա չի օգնի հասկանալու նրա մահը։ Նրա սվիտերներից մեկի ծոցագրպանում մի ճզմված շոկոլադե բատոն գտա։ Դա ինձ լրիվ խորտակեց։ Ժամկետը նույնիսկ չէր էլ անցել։ Ես այն պահեցի վեց ամիս, երկու շաբաթ և չորս օր։ Արդեն չէի կարո¬ղանում նայել դրան և առանց մտածելու ամբողջու¬թյամբ կերա։
Այդ ընթացքում մի բան հաստատ էր։ Թոնիի գրասենյակն իսկական ջեռոց էր, ես օդ շնչելու հա-մար գլուխս դուրս էի հանել, երբ դուռը բացվեց։ Ֆիո¬նան սողոսկեց սենյակ։
— Ես քեզ մի բան պիտի ցույց տամ,— շշնջաց նա,— հագնվի՛ր։
Ես հագս գցեցի շորերս, ու դուրս եկանք տանից։ Պարզկա ու սառը գիշեր էր։ Մենք անցանք միջանց-քով, որը տանում էր քանդված մեքենաների ջար-դոնների միջով, և հասանք մի վայր, որտեղ մի քանի անցումներ էին խառնվում։ Մենք անցանք ամենա-լայն միջանցքով։ Ֆիոնան մնաց կանգնած, պտտվեց և գրկեց ինձ։
— Սա պիտի գաղտնի մնա,— ասաց նա։
Ես զգացի իմ պարանոցին նրա շուրթերը և փշաքաղվեցի։ Ֆիոնան անցավ առաջ և ինձ քաշեց մի անցքի մեջ, որը չափազանց նեղ էր ինձ համար։ Փոքր–ինչ առաջ գնալուց հետո հասանք մի տեղ, որը բավականին լայն էր աստիճան լինելու համար։
— Սպասի՛ր, մինչև վերևում կլինեմ,— հրամայեց նա։
Ֆիոնան բարձրացավ աստիճանով և անհետա¬ցավ մի զբոսաշրջային ավտոբուսի մեջ, որը մաս¬նատված մեքենաների ջարդոնների կույտի վրա էր։ Երբ բռնեցի աստիճանը, տեսա, որ Ծիր Կաթինը մեր գլխավերևում էր։
Ես ոտքերիս տակ զգում էի ներքնակի անհար¬թությունը։ Սավանը սահել էր մեր ոտքերի տակից ու քարշ ընկել։ Ես բարձրացրի ծածկոցը՝ քնած Ֆիո¬նային նայելու։ Նրա դեմքի մի մասը մթության մեջ էր, մյուսի վրա գազի լամպի և մոմերի լույսն էր ցոլցլում։ Նրա հոտը այդ պահին սովորականից տարբեր էր՝ ինչ–որ ծանր, ոչ թարմ։ Նրանից քնի հոտն էր գա¬լիս։ Ես սիրում էի այն։ Ֆիոնայի մաշկը տաք էր։ Երբ դիպչում էի նրան, տնքում էր և շրջվում մյուս կողմ։ Ես զգուշորեն պառկեցի նրա կողքին և ծածկոցը քա¬շեցի նրա կզակի տակ։ Մենք իրար հետ չէինք քնել, դա ընդհանրապես չէր քննարկվում։ Մենք երկուսս էլ գիտեինք, որ դեռ այդքան հասուն չենք։

Գերմաներենից թարգմանեց
Լիանա Սաֆարյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *