Բիրգյուլ Օղուզ | Հա՛հ

Թուրքական արդի արձակի անվանի հեղինակներից է եւ անգլո-ամերիկյան գրականության մասնագետ։ Նրա «Հահ» վեպը 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մցանակին եւ արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով։ Սա մոգական պատմվածաշար-վեպ է կյանքը փոփոխող այն հայտնությունների մասին, որոնք վիճակվում են ամեն մի վշտահար մարդու, թե կյանքը, թե մահը փառաբանող գիրք։ Հայերեն թարգմանությունն իրականացվել է համագործակցային թարգմանչական դպրոցի շրջանակներում, որին հեղինակն ինքը մասնակցել է։ Նման գեղարվեստական թարգմանությունն աննախադեպ է մեր իրականության մեջ եւ ներգրավված թարգմանիչների քանակի, եւ համագործակցային թարգմանության մեթոդի կիրառման տեսնակյունից։ Վեպի թարգմանիչներն են Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադեւոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթեւիկ Սարգսյանը, Սաթենիկ Պետրոսյանը, իսկ խմբագիրները՝ Զավեն Բոյաջյանն ու Արմեն Հայաստանցին։ Գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից 2017-ին։

ՀԱ՛Հ
(հատված)

ՀՈՒՇ

Ո՞Վ ԳԻՏԻ՝ ՈՐՏԵՂ Է սկիզբ առել, քանի օր է ծովի ծոցում գլորվել ալիքը, որ հիմա ափին բախվելով՝ հազարավոր կաթիլների է վերածվում, ո՞վ կարող է իմանալ լուսնի լույսի տակ ալիքի ուսին խայտացող արծաթագույն ձկների ու արտասովոր միաբջիջ արարածների թիվը, ո՞վ կարող է իմանալ, թե ինչ հնարներով, ժամանակների ու տարածությունների միջով է անցել էս երևույթը, որ սկիզբ է առնում ջրի մակերևույթին՝ որպես հազիվ նկատելի սարսուռ, և ավարտվում խճաքարերի ու ավազի հետ հուժկու բախմամբ ու փլուզմամբ: Իրիկնամուտին, երբ սգավոր խավարը ծանրորեն տարրալուծվում է գորշ մշուշի մեջ, երբ քաղաքի ու շոգենավի քթի միջև եղած տարածությունը փոքրանում է ափին կուչ եկած կոկորդիլոսի անշնչացած մարմնի պես, առաջին բանը, որ կարելի է նկատել, դեպի ափ գլորվող ալիքի ուսին փայլող անսպասելի ճառագայթումն է: Երկու հանդիպակաց նավամատույցներին ճոպաններով ամուր-ամուր գամված մշուշանման և ալեկոծվող մակերևույթի փայլն էնքան գրավիչ, էնքան շլացուցիչ էր, որ Ռույան վեր կացավ բազկաթոռից, որին երկար ժամանակ նստած էր մուգ ու անձայն բծի պես, և ձեռքով գլխարկն ուղղելով՝ բռնեց շոգենավի երկաթե ձողից: Որովայնի խոռոչում փոթորկող քամին բարձրացավ շնչափողով, քիմքին ու ատամներին բախվելիս հալվելով կուտակվեց գալարվող լեզվի ծայրին, փրփրեց ու դուրս ժայթքեց էնտեղից՝ հա՛հ:
Էդ պահին աշխարհի ու իր միջև վաղուց պրկված և ձայնի, համի ու հոտի համար անթափանցելի թաղանթը պատռվել, պատռվածքից հորդացող գլխապտույտ հույզերի հորձանքը ցնցել էր իրեն, ծափ ու ծիծաղով ժամանել էին տոնական սեղանի հրավիրյալները, և ինքը վրա-վրա վերապրել էր «էս ու՞ր էիր», «ի՜նչ լավ արեցիր, որ եկար» արտահայտություններով ուղեկցվող գրկախառնությունների ծանոթ ջերմությունը, ավելին՝ իր ներսում եղած ամբողջ հնությունը փոխարինել էր դրսի թարմությամբ և ներսից դուրս ու դրսից ներս հոսող, անգամ դատարկվող էդ
Ահ, հահ, ի՞նչ տարբերություն՝ ա՞հ, թե՞ հահ: Լուսավորությունը, որ ստիպում էր կկոցել աչքերը, մատների արանքից հոսող քամին, քիթն այրելով դեպի թոքերը տարածվող մամռոտ ու քաղցր օդը՝ ամեն-ամեն բան, երկու նավամատույցի միջև տարածվող մշուշանման և նեղ մակերևույթի մասն էին կազմում, մի մակերևույթ, որին մերթ մոտենում, մերթ հեռանում էր: Եվ արդեն ոչ մի տարբերություն էլ չկար, թե էդ երկու ափերից հատկապես որն էր իր մոտ կանչում, ափեր, որոնց հմայքին գիտակցաբար ու սեփական ցանկությամբ խաբվել էր, հետո հավատացել, հետո չէր հավատացել, որ հավատացել է, իսկ հիմա ոչ հավատում էր, ոչ էլ չէր հավատում:
Մինչդեռ կղզում անցկացրած առաջին օրերին, երբ ամեն վայրկյան գոհունակություն էր հայտնում, որ մեկ անգամ էլ է տեսնում, որ հնար ունի տեսնելու սալորենիները, կեռասենիներն ու պարսկական վարդերը, ամեն ինչ առաջին զգացմունքի պես քաղցր, հոտավետ ու շլացուցիչ էր: Անչափ կարևոր էր, թե որտեղ է դրված ճոճաթոռը, թե օրվա ո՛ր ժամին դափնեվարդի ստվերը ո՛ր կողմ է ընկնում, թե երեկոյան զբոսանքի ժամանակ հատկապես ուր էր պետք գնալ՝ դեպի ծովա՞փ, թե՞ անտառ, իսկ անտառ գնալու դեպքում բլրի գագաթին գտնվող եկեղեցուց կամ որբանոցից վերադառնալիս հատկապես ո՞ր արահետով էր պետք անցնել: Պարբերաբար սրբում էր պատուհանի փեղկերի մեջ կուտակվող փոշին, զանազան միջոցներ գտնում՝ առաստաղի անկյուններում, կահույքի՝ աչքից հեռու ծալքերում ոստայններ հյուսելու առիթը երբեք բաց չթողող սարդերին առանց նեղացնելու բակ նետելու համար, զարմանքով հետևում էր ցերեկային լույսի բոլոր այլակերպումներին: Թեյնիկում եռացող ջուրը, մեղրամանի մեջ ընկնող սոճու փուշը, ծաղկամանի մեջ պայթող ռեհանի սերմը, պահարանում երեկոյին սպասող գարնանային օշարակն ու ամեն-ամեն բան որոշակի խոստում, կանչ ու իմաստ ունեին էն ժամանակ:
Հիմա էս ամենի մասին մտածելիս Ռույայի շրթունքի եզրին խոր փոսիկ է գոյանում, իր մեջ հեգնական քմծիծաղ, կղզու հաճելի օրերից մնացած աղբ և անվերջ հիսաթափություններից հանդգնացած երազանք արտացոլող մառ ու համառ փոսիկ, որը չի թեքվում ոչ դեպի վեր, ոչ դեպի վար: Այ էդ փոսիկը Ռույան լավ գիտի: Գուցե միակ բանը
Մեն մի բան գիտեր, որ մեռելատանը մոր հետ անցկացրած օրերը մեկիկ-մեկիկ օղակվում էին մեկմեկու ու գալիս, փաթաթվում իր վզին: Երբ սգավորները ցրվել էին, կտակի թղթերն էլ չէին խշրտում, երբ ամեն երեկո տանն արդեն սկսել էր միայն մեկ լույս վառվել, երբ դռան ամեն մի թակթկոցից թվում էր, թե ահա, նա եկավ, ուրեմն չի մեռել (գուցե հենց դրա համար էլ միշտ կազմ ու պատրաստ էին պահել տունը, որ երբ մեռած հայրը տուն վերադառնար, տեղում գտներ վերարկուն, ծխախոտը, ակնոցը), երբ մեն-մենակ էին մնացել էդ տանը և երբ շաբաթներ անց վերջապես հասկացել էին, որ իրոք մեն-մենակ են մնացել, ասել էր՝ չմոռանաս, մամ, ես ու դու աղ ու պղպեղի պես ենք: Ահա էդ ժամանակ մայրն աչքերը լայն բացած նայել էր Ռույային, ասես իր ձայնն առաջին անգամ լսելիս լիներ, ասես նայելիս լիներ մի անորոշ, անտակ ջրհորի: Ու հենց էդ պահին հայացքը՝ հանկարծի ալեկոծվել, ներսում կուտակված արցունքները մի ակնթարթում դուրս էին հորդել: Ռույան անկարող է մոռանալ մոր քրտնած ձեռքերում սեղմված թեյի բաժակը, մոխրամանի մոխիրներին սևեռված, ոչինչ չտեսնող հայացքը, ցնցվող ուսերը, մոր արտասվաթոր, թաց դեմքը: Դա աղետ էր, աղետ էր, աղե՛տ: Աչք ու բերանից սկսած կուչկուչվում էր մայրը, կուչ, մերան:
Անձրևները չէին դադարում. մեկիկ-մեկիկ տերևաթափվող, դեղնաշատ նոյեմբեր էր: Քամին սուրում էր պատուհանների տակ, անձրևաջրերը կաթիլ-կաթիլ կաթկթում էին առաստաղից և շիթերով ներս թափվում պատուհանների շրջանակներից: Ռույան ջանում էր շունչ տալ ինքն իրեն արտասվող և առավոտից իրիկուն գվվացող տանը: Չէր մոռանում իրերը դեսուդեն տեղափոխել, մերթընդմերթ փոխել պատուհանի ճեղքերում դրած թերթի կտորները, դատարկել առաստաղից կաթող դեղին ջրով լի թասերը, տնից անպակաս անել եռացող թեյնիկի սուլոցն ու կաթսաների կափարիչների չխկչխկոցը, աշխատանքից վերադառնալիս գնել օրվա թերթերը, սեզոնային մրգերն ու իրիկվա հացը: Բայց ինչ էլ աներ, խոնավ լաթի և կեղտոտ ջրի հոտով ներծծված տունն ամեն իրիկուն իրեն դիմավորում էր է՛լ ավելի այլայլված տեսքով: Եվ հետզհետե կուչ էր գալիս, ամեն օր փոքր-ինչ ավելի էր ծերանում մայրը, որ կոտրված աթոռի պես ժամերով անշարժ մնում էր պատուհանի մոտ, իսկ Ռույայի հայացքին հանդիպելիս միանգամից դառնում թացուկ, կուչկուչ մերան:
Նա դրա իրավունքը չուներ: Իրավունք չուներ ամբողջ ծանրությունը Ռույային հանձնել և ուզածի պես ման գալ հատակին փռված անբիծ էջին : Էսպես թե էնպես, պիտի ոտքի կանգներ: Պիտի դուրս գար ու հին ընկերուհիներից մեկի հետ գեղեցիկ երեկո անցկացներ, պիտի տուն վերադառնար նոր լույս տեսած մի գրքով ու հանկարծ սկսեր պատմել ինչ-որ մանկական հուշեր, պիտի Ռույայից շուտ գլխի ընկներ ու ապուրին քեմոն ավելացներ: Հետո պիտի միասին գարնանային օշարակ պատրաստեին ու դնեին սառնարանը: Պիտի հոր հագուստները շոյելով նրա լուսանկարները նայեին, հիշեին հին ու բարի, մանր ու արդար օրերը: Էդ ժամանակ, այ էդ ժամանակ՝ երկարատև օրվա երեկոյան , բոլոր փորձությունները հաղթահարելով, ի վերջո, ինքն իրեն գտած հերոսի պես, պնակի ապուրի գոլորշու մեջ տարրալուծվելով, սեղանի հացի փշուրներին ու յուղոտ աղամանին կաթկթելով, կարծես խառնվելով դրսի անձրևին ու տանիքից շիթերով թափվելով՝ մառ ու համառ արտասվելու էր Ռույան:
Իսկ հիմա մեռելատանը մոր հետ անցկացրած օրերի մասին Ռույան մեն մի բան է հիշում, հիշում է, որ վախենում էր, ու շատ էր վախենում: Հիշում է դեղերի արկղիկի հանգստաբերները, ամեն հեռախոսազանգի հետ մարմնով անցնող սարսուռը, գիշերն իրերի առաջացրած չարագույժ ձայնը: Հիշում է, թե ինչպես էր ամեն մի թխկոց-շխկոցից արթնանալով՝ լարված ու զգոն սպասում, ասես քիչ հետո դուռը բացվելու էր, մեռած հայրը ներս էր մտնելու՝ ոտից գլուխ ջրի մեջ կորած: Աչքի պոչով անգամ Ռույային չնայելով՝ քայլելու էր դեպի մայրը… Ռույան պատկերացնում է, որ կանգնած է միջանցքի գիշերային լամպի մեռելային կապույտ լույսի տակ, ձեռքին՝ մի բաժակ գոլ կաթ: Սիրտը ոչ թե կրծքավանդակում, այլ հենց բերանում է զարկում: Լսում է մոր շնչառությունը: Ու էդ ժամանակ ներսից լսվում է գիշերը ճեղքող անպատեհ ձայնը: Ահա նորից, ասես վատ երազից պոկված, գետնի տակից եկող մի ահարկու ձայն, որ խուլ-խուլ թափվում է դռան շեմին, որտեղ կանգնած է Ռույան: էդ պահին Ռույան հապճեպ սենյակ է մտնում՝ թափոտելով ձեռքի կաթը: Շոյում է ջրհորների պես բաց աչքերով խոր քնած մոր քրտնած մազերը, հպվում այտին, ճակատին, ասում՝ արթնացիր, մայրիկ, երազ ես տեսել պարզապես, արթնացիր: Հետո բռնում է ուսերից ու սկսում ցնցել, բան չի եղել, մայրիկ, չվախենաս, բան չկա, մայրիկ: Ավելի ուժգին է ցնցում, կաթ խմիր, մայրիկ, չվախենաս, կաթ խմիր, բան չի եղել, մայրիկ, կաթ խմիր, քեզ ասում եմ՝ խմիր: Հետո, չգիտես ինչու, մոր հայացքը փոխվում, մեղմանում է: Բայց աչքերը դեռ դեպի հյուսիս նայող սենյակի պես սառն են ու դատարկ:

Ռույան վերջին անգամ ե՞րբ էր տեսել մորը: Կղզու ափն արդեն բավական հեռվում է, ակումբի ծածկն արդեն հազիվ է նկատվում: Մտածում էր, որ սալորը դեռ չի հասել, բայց մրջյուններն արդեն արթնացել, ճայերը թխսել էին: Արդեն մի շաբաթ էր, ինչ հյուրատնից տուն էր տեղափոխվել: Տանը մեկ օր անցկացնելուց հետո բլրի եկեղեցին բարձրանալիս մրսել էր, եղանակը դեռ սառն էր, և ինքը հոգնել էր զառիվեր արահետով վեր ու վար անելուց: Վերադառնալով՝ տան պահարաններում վերմակ և մաքուր սպիտակեղեն էր գտել ու հին տանտերերի թողած մի էլեկտրական վառարան: Վերմակի տակ կուչ եկած փորձել էր տաքանալ, ու շուրթերը շշնջացել էին էն երկու քահանայի անունները, որոնք հեռու-հեռվից ձայն էին տվել: Եվ զգացել էր, թե ինչպես է ավազի վերածվելով անէանում իրենց միջև եղած ժամանակը: Մտածել էր, որ անհրաժեշտության դեպքում կարելի է քնել նույնիսկ խճաքարերի վրա, որ էսպես թե էնպես, անգամ ամենաերկար օրն ի վերջո իրիկնանում է, ուստի անիմաստ են և՛ լռելը, և՛ խոսելը, և՛ մնալը, և՛ փախչելը:
Ժամանակն աշխարհից կտրված, ինքնագլուխ մի հոսք էր: Դա լավ էր, թեթևուն ու դարչինի պես քնքուշ: Հեռախոսով մոր ձայնն օր օրի ավելի էր լավանում: Չնայած օրվա անցուդարձից հոգնում էր և հոգնում անգամ պատառաքաղը բերանը տանելուց ու պանիրը ծամելուց, բայց ինքն իրեն ստիպում էր ոչ թե, որ ջանք չթափելն ավելի անիմաստ կլիներ, այլ, քանի որ հենց էդպես էր՝ հենց էնպես։ Ռույան էլ, ի վերջո, մտածում էր, որ պետք է դեն նետել սառնարանի բորբոսնած պանիրները: Տան փոշու դեմ պայքարելն արդյունք չէր տալիս, գուցե կղզում քամինե՞րն էին շատացել, բայց չէր հանձնվում, փորձում էր անհրաժեշտ գործերն անել, թեկուզ ոչ անթերի: Ու նաև վաղուց հետաձգած գործեր ուներ, օրինակ՝ պիտի ռեհանի սածիլները թաղարներից հաներ ու տնկեր բակում՝ մի հարմար տեղ, իսկ հողն արդեն սառել էր, ակնհայտորեն ուշ էր դրա համար: Հետո ծառից թափված թառամ, մանուշակագույն սալորներից դարչինով մարմելադ կսարքեր: Արեւին էր սպասո՞ւմ։ Էն խամրած ու թաց արեւի՞ն։ Մայրը բոլորից լավ դա կաներ: Հիմա Ռույան փորձում է հիշողության մեջ վերականգնել էն երեկոն, երբ մորը տանը չէր գտել ու խուճապի մատնված, հեռախոսի լսափողը ձեռքում ամուր սեղմած՝ լաց էր եղել: Ուզում էր հասկանալ, թե երբ էր դա. սեպտեմբերի սկիզբն էր գուցե, բուգենվիլեաները սկսել էին թառամել, կատուները կոտրված պատուհաններից մտնում էին լքված տները տաքուկ անկյուն գտնելու հույսով, քամին գիշերները պարում ու սուլում էր շեմերին: Իսկ հաջորդ առավոտ հեռախոսի միջից հնչող մոր ձայնն անչափ ջերմ, թեթև ու հանգիստ թվաց: Ասում էր, որ հոր գլխավերևում մի ուռենի ու մի քանի հինածաղիկ է տնկել: Հետո պատմում էր, որ ընկերուհիների հետ պիտի հանգստի մեկնի, շատ էին պնդել, նա էլ ստիպված ասել էր՝ «եղավ», իրականում բոլորովին չէր ուզել, բայց դե ի՞նչ աներ: Հետո հարցնում էր, թե Ռույան ինքը ո՞նց է, ի՞նչ է ուտում, ի՞նչ է խմում, փող ունի՞, թե՞ չէ, դեռ ինչքա՞ն պիտի շարունակվի բաժանումը, ինչու՞ է էդպես վարվում, ինչո՞ւ, ասենք, աշխատանքի գնալիս գոնե մի ժամով մոտը չի մտնում կամ ինչո՞ւ թույլ չի տալիս, որ արագ շոգենավ նստի ու կղզի գա, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…
Ռույան ուղղեց գլխարկն ու նայեց ծովին: Շոգենավն արագ մոտենում էր ափին, որտեղ մայրն իրեն էր սպասում: Մեկ կամ մեկուկես ժամ հետո հասնելու էին մարդաշատ մի տուն: Էդ ժամանակ պետք կլիներ հանել գլխարկը: Եվ բոլորը կտեսնեին իր գլխի տարբեր մասերում գոյացած շրջանաձև լերկությունները՝ անմազ ու վարդագույն մաշկը, որը Ռույան միայն հայելու միջոցով էր կարողանում տեսնել: Երկար-երկար կքննարկեին Ռույայի հագուկապը, որ կարծես ուրիշի վրայով լիներ, կքննարկեին եղունգների սպիտակությունը, ներս ընկած այտերը, աչքերի անկյուններում գոյացած կնճիռները, որ սագի թաթ էին հիշեցնում, բայց իհարկե, էս ամենի մասին կխոսեին միայն թաքուն՝ իրար մեջ փսփսալով, դռների ետևում թաքնվելով, երկար-բարակ կխոսեին էն ժամանակ, երբ Ռույան պատշգամբ դուրս կգար կամ կիջներ բակ:
Ռույան չի հիշում, թե ինչու ասաց «այո», «եղավ» ասաց, «կգամ» ասաց, ինչո՞ւ համաձայնեց էնտեղ գնալ: Գուցե հենց էնպես էր ասել՝ գլուխն ազատելու համար, ասես ոչ մի տարբերություն էլ չկա: Բայց հիմա ներքուստ ընկճվում է ու առաջվանից էլ շատ է ընկճվում: Մտածում է՝ սխալ կոչվածը պետք է որ հենց սա լինի: Եվ կղզու խոնավությունը, սառնարանից կաթող դեղին ջուրը, տանը շրջելիս ձեռքերին ու ոտքերին կպչող սարդոստայնները, մշտապես փակ պատուհաններից կախվող, շունչը փչած միջատները հիմա իրեն էնքան էլ տհաճ չէին թվում:
Ժամանակն արագ կրճատվում է և երբ զրոյական կետին է հասնում, զտվում է ներկայից ու ապագայից: Մարդը չի կարող սա հասկանալ, բայց գոնե զգալ կարող է: Ու սկզբի համար կարելի է կենտրոնանալ մեն մի պահի վրա՝ որոշ ժամանակ մի կողմ դնելով աշխարհն ու մնացած ամեն ինչ: Չէ՞: Ռույան ժպտում է, հայացքը հառում մի քայլ հեռուն՝ փորձելով վերհիշել հոր քայլվածքը ծովափնյա ծղոտե հովանոցի՝ իրիկնաժամին աջ թեքվող ստվերից դեպի պղնձագույն խճաքարերը քայլելիս: Ոտքը ջրի մեջ դնելուց հետո գուցե չորս-հինգ քայլ է արել: Ջրի զովությունը հավանաբար հորը մտորումների մեջ է գցել: Եթե ժամեր շարունակ սպասել է, մինչև ծովափը դատարկվի, ու ինքը ծովի հետ առանձին մնա, ուրեմն հնարավոր է, որ ջուրը մտնելիս առաջին քայլը շատ հապճեպ է արել, ինչպես նրանք, ովքեր ինչ-որ բանի շատ երկար են սպասել: Բայց հետո գուցե էլի կանգ է առել: Ահա էդտեղ Ռույան էլ է կանգ առնում: Ու Ռույայից հետզհետե սկսում է հեռանալ ծովափին կանգնած հոր ուրվագիծը, հայրը, որ ոտքերը ջուրն ընկղմած՝ ջրի զովությունն է վայելում և միաժամանակ գուցե մտածում, որ շտապելը բոլորովին անիմաստ է, որովհետեւ առջևում անսահման ժամանակ կա, ու հայացքն անկախ իրենից գամված է մնում ժամանակի պես անսահման, փոթորկուն ծովին: Հետո պատկերին միախառնվում են հոր ոտքերի տակից փախչող խճաքարերի ձայնը, ալիքների ափ նետած ու հետո էլի դեպի ծովը լողացող գնդակն ու երկար ծովափնյա օրվանից հետո որպես հիշատակ մնացած աղբն ու թափոնը: Ռույան ոչինչ չի կարող անել, ամեն անգամ, երբ փորձում է մոտենալ, մի քայլ հեռվում ուրվագծվող պատկերը փոքր-ինչ ավելի է հեռանում իրենից: Հետզհետե մարում են ափին բախվող ալիքների ձայնը, հոր թիկունքում սոսափող փշատի ու հսկա սոսու խշշոցը: Ամեն ինչ խամրում է, և Ռույան չի հասցնում տեսնել ալիքների հորձանքի մեջ հոր
Սրա մասին շատ էր մտածել Ռույան, շատ մտածված էր մտածել, ծանր ու թեթեւ արել, թե ինչ է մտածում: Հոր վերջին քայլի ու դրա նախորդ քայլի միջև անհաղթահարելի տարածություն կար: Մթության մեջ տարրալուծվող թանձր մառախուղն անէացնում, աշխարհի երեսից ջնջում էր էդ արտառոց ու սովորական քայլը, որով կասեցվել էր ժամանակի բնականոն հոսքը: Բայց գիտեր, որ հոր վերջին քայլը հնարավոր դարձրած սոսկալի, մշուշոտ պահը, ինչպես կյանքի բազմաթիվ այլ հասարակ պահեր, դեռ սպասում է հասկացված լինելու իր հերթին: Սրա մասին մտածելիս Ռույան արդեն ձեռքի կաթը դրել էր մոր գլխավարեւի սեղանին ու հավաքել ճամպրուկը: Բացակա հայացքով նայել էր պատուհանի փեղկերի արանքը խցկած թերթի կտորներին, դեղին ջրով լի թասերին ու մանրահատակին, որից խոնավ լաթի հոտ էր փչում: Լուսաբացին տնից դուրս էր եկել ու կեսօրվան մոտ արդեն կղզում էր:
Ռույան չգիտեր, թե երբ էր ամենից շատ մոտ եղել էդ արտառոց ու անորոշ պատկերին: Էն գիշերների ընթացքո՞ւմ, երբ մայրը՝ աչքերը լայն բացած, քարացել էր աղե արձանի պես, իսկ Ռույան քիչ էր մնացել խեղդվեր մոր աչքերի սրճագույն ջրերի հորձանուտում: Կամ գուցե էն օրերի՞ն, երբ արբել էր վարդերի ու հորտենզիաների բույրով, զարմանքով նայել ծառերի փթթելուն: Թե՞ էն ժամանակ, երբ փտած թելը վերջին պահին կտրվել էր, ու շերտավարագույրը, շըխ, ընկել էր ցած:

Բայց ինչքան մութ էր արդեն, անթափանց խավար: Չնայած որոշ առումով լույս էր դեռ, էսպես թե էնպես, մարդու աչքը սովորում է: Թեև մեկ է, սենյակում գտնվող իրերը չէին երևում. ոչ բարձը, որին դրել էր գլուխը, ոչ էլ մարմնի երկու կողմերում տարածված սեփական ձեռքերը, բայց բնավ չէր վախենում: Ամեն դեպքում շատ լավ գիտեր սենյակի ամեն մի անկյունը, մեկիկ-մեկիկ ճանաչում էր բոլոր ձայները, որոնք կղզու գիշերներում կրկնակի շեշտված էին հնչում: Ծանոթ էր մեռած տերևների շրշյունին, պոկված թևերով հողմացույցի թխկթխկոցին, թափառական ձիերի հեռավոր վրնջոցին ու սմբակների զարկոցին: Բայց միևնույն է, օտարության մեջ անցկացվող առաջին գիշերվա պես լարված ուշադրությամբ սպասում էր։ Կոպերում կուտակվող ծանրությունը համառորետ վանվում էր:
Նման պահերից մեկն էր, հետո, շատ ու շատ հետո պահ առ պահ վերհիշեց էդ գիշերվա ամեն մի պահը, որ լավ գիտեր: Ննջասենյակի դուռը բացվեց, հայրը ներս մտավ, իսկ վրայից ջուր էր կաթում: Ռույային նայեց էնպիսի ժպիտով, ինչպես կնայեր տարիներ շարունակ չօգտագործվող սենյակի ծանոթ իրերին: Սենյակի դռնից ներս էր թափանցել երեկոյի գունագեղությունը հիշեցնող, ստվերները թանձրացնող մի երկնագույն շող: Հայրը շտապով նստեց մահճակալի եզրին, սկսեց շոյել Ռույայի քրտնած մազերը, հպվեց այտին, ճակատին, ուզում էր պարզել, հարցնում էր՝ ինչպե՞ս է, ասում, որ հեռուներից շատ լուրեր է բերել իր համար: Չէր խոսում, բայց ասում էր: Ռույան ամեն ինչ հասկանում էր նրա աչքերի խոնավ փայլից, ճակատի խաղաղությունից, խոնավ ու սառը ձեռքերի հանգստությունից: Պարզից էլ պարզ, պարզելուց էլ պարզ, սպիտակ էջին արագ-արագ խզբզվող տառերն ասես
Բայց հանկարծ հոր աչքերի փայլն անհետացավ: Ռույայի մազերը շոյող ձեռքը քարացավ օդում: Ժամանակը կարծես հանկարծ սայթաքեց, քիչ մնաց կանգ առնի, ծանրորեն փուլ եկավ ոտքերի վրա: Հայրը նայում էր Ռույային, ափի մեջ՝ մի բուռ պոկված մազ: Ձեռքն էլի Ռույայի մազերին տարավ, ու էլի մի բուռ մազ մնաց ափի մեջ: Նորից ձեռքը մեկնեց, բայց հետ քաշելիս էլի բուռ-բուռ մազեր դուրս եկան: Հայրն ասաց՝ աղջիկս, դու մեռնում ես։ Կարծես ասեր՝ էս ինչ լավ եղանակ է, Ռույա, դու մահա

Շոգենավը ցնցվելով կանգ առավ, Գիշատիչ ծովային կենդանու նման պարաններով ամուր-ամուր գամվեց նավամատույցին: Երբ ծովի փրփուրը նահանջեց, Ռույան լսեց նավամատույցին բախվող ալիքների ձայնը: Քիչ հեռվում երկինք էին խոյանում իրար գլխի կուտակված սգավոր ու մրոտ շենքերը: Ահա ջրի ափին կուչ էր եկել անշնչացած կոկորդիլոսի կարծր կաշին, որ ափին զարկվող ամեն ալիքի հետ մի փոքր ավելի էր քայքայվելու: Ծվեն-ծվեն տարրալուծվելու էր ջրում: Միանալու էր մեդուզաների պարին, արծաթափայլ ձկների իրարանցմանը: Անցնելու էր նեղ ծոցերով ու հասներ բաց ծով: Հաղթահարելու էր քամին, անձրևն ու ձյունը և մի թարմ ամառային առավոտ անձրևաբեր ամպ էր դառնալու: Բարձրանալիս սառչելու էր, օդում մի փոշեհատիկի ձուլվելով՝ ծանրանալու և երկնքի ամենասառը ոլորտին հասնելուն պես բյուրեղանալով՝ արագ ցած էր թափվելու, վար, վար, օդի տաք շերտերն անցնելիս հալվելու, ցրվելու էր, անդադար աղմուկով իջներ ցած: Ու շունչ էր առնելու միայն պլանկտոնի փայլի մեջ, բուստերի առաջացրած խոռոչներում, խորտակված նավերի կմախքներում, ցերեկային լույսին անհասանելի անձավներում, կույր ութոտնուկների սիպ-սպիտակ փորին։ Գիշերվա ամենալուռ ժամին՝ օվկիանոսի կենտրոնում, ալիքների հազիվ նկատելի տատանումների և ծայրաստիճան վայրի սարսուռի մղումով նորից սկսելու էր հետ-հետ գլորվել, հոսել կետերի մեջքով, կառչել դելֆինների պոչից, միախառնվել ալիքներին, միանալ վտառների երթին, նեղ ծոցերն անցնելով թափվելու էր փոքրիկ ծովերի մեջ, բայց միշտ գլորվելով, վայրի ճիչի նման, թոկից փախածի պես՝ սաստիկ փրփրած հարձակվելով հրվանդանի բլրի, խճաքարերի ու ավազների վրա:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *