Մի եղանակ դժոխքում
***
Մի ժամանակ, որքան հիշում եմ, կյանքս խրախճանք էր, ուր բացվում էին բոլոր սրտերը, և հոսում բոլոր գետերը:
Մի երեկո ես Գեղեցկությունը նստեցրի ծնկներիս: – Իմ կարծիքով այն շատ դառն էր: – Եվ հայհոյեցի ես նրան:
Ես զենք վերցրեցի արդարության դեմ:
Ես փախա: Ո՜վ վհուկներ, ո՜վ դու մորմոք, ո՜վ ատելություն, ձեզ էին վստահված իմ գանձերը բոլոր:
Ինձ հաջողվեց մտքիցս իսպառ հանել մարդկային ամեն մի հույս: Ուրախություն տեսնելիս, վայրագ գազանի խոլ ոստյունով վրա էի պրծնում այն խեղդելու:
Ես կանչեցի դահիճներին, որ զոհվելիս նրանց հրացանների փայտե կոթերը կրծեմ: Ես արհավիրք կոչեցի, որ ինձ խեղդեմ ավազով, խեղդեմ ես ինձ արյունով: Չարիքն է եղել իմ աստվածը: Ես թավալվել եմ ցեխաջրում, չորացել՝ եղեռնաբույր օդում: Խենթության հետ ի՜նչ խաղ ասես, որ չեմ խաղացել:
Եվ գարունն ինձ բերեց զարհուրելի հռհռոցը տխմարի:
Սակայն վերջերս, երբ պարզեցի, որ շատ շուտով իմ վերջին «կռինչը» պիտի արձակեմ, որոշեցի կրկին փնտրել իմ վաղեմի խրախճանքի բանալին, որտեղ գուցե ախորժակս նորից գրգռվեր:
Գթությունն է այդ բանալին: – Այս ներշնչանքը հավաստում է, որ երազի մեջ եմ եղել:
«Դու բորենի էլ կմնաս, և այլն…» – կրկին ճչում է դևը՝ պսակելով ինձ այնքան դուրեկան խաշխաշներով: «Քո բոլոր տենչերով, քո եսամոլությամբ, քո երևելի մեղսանքներով մա՛հը նվաճիր»:
Ա՛հ, չափազանց շատ չէ՞ ինձ համար. – Բայց սիրելի Սատանա, աղաչո՛ւմ եմ քեզ, արյունով մի՛ լցրեք ձեր աչքերը: Եվ սպասելով ինչ-որ չնչին, ուշացած ստորությունների, թույլ տվեք ձեզ, որը նախընտրում է գրողներ առանց նկարագրական կամ կրթական հատկությունների, ձեզ շնորհել մի քանի քստմնելի թերթիկ նզովյալի իմ օրագրից:
Գեշ արյուն
Գաղիացի իմ նախնիներից ես ժառանգել եմ բաց կապտավուն աչքեր, սահմանափակ խելք և անճարակություն կռվում: Իմ կարծիքով հագուստս նույնքան բարբարոսական է, որքան նրանցը: Սակայն մազերս ես չեմ յուղում:
Գաղիացիներն իրենց ժամանակի ամենաապաշնորհ անասուն մաշկողներն էին, ամենաապիկար խոտ հրկիզողները:
Նրանցից է գալիս կռապաշտությունս ու սրբապղծության հանդեպ իմ պաշտամունքը, – Օ՜, արատները բոլոր՝ զայրույթը, հեշտանքը (սքանչելի՜ է հեշտանքը), հատկապես կեղծիքն ու ծուլությունը:
Սոսկում եմ բոլոր արհեստներից: Տեր թե մշակ, կամ գյուղացի, բոլորն էլ նողկալի են: Գրիչ ես բռնում թե բրիչ, նույն արժեքն ունի: – Իսկակա՜ն ձեռքի դար է: – Ես երբեք չեմ ունենա իմ ձեռքը: Ձեռնասունությունը, ընդսմին, հեռուն է տանում: Սրտաճմլիկ եմ լինում վեհանձն մուրացիկներից: Ոճրագործները զզվելի են կռտվածների նման: Ասենք, ինձ ի՜նչ փույթ, ես անբասիր եմ:
Բայց ո՞վ է այսպես նենգավորել լեզուս, որ ցայսքան առաջնորդում, պահպանում է ծուլությունս: Կյանքս ապահովելու համար ես չօգտվեցի անգամ իմ սեփական մարմնից: Անբան դոդոշի նման ես ապրեցի ամենուրեք: Չկա որևէ եվրոպական ընտանիք, որ չճանաչեմ: – Սեփականիս նման հասկանում եմ այդ ընտանիքներին, որոնք կետ առ կետ շարժվում են Մարդու Իրավունքների Հռչակագրով: – Ես լավ գիտեմ ընտանիքից սերված տան տղերքին:
——————————
Երանի նախորդներ ունենայի Ֆրանսիայի պատմության որևէ կառմանում:
Սակայն ո՛չ, ոչի՛նչ չկա:
Միանգամայն պարզ է, որ ես ստորին ցեղից եմ: Ինձ անհասկանալի է ընդվզումը: Եթե ցեղս երբևէ ոտքի է ելնում, ապա միայն թալանելու համար. այդպես գայլերն են հարձակվում ուրիշի սատկեցրած գազանի վրա:
Հիշում եմ Ֆրանսիայի՝ Եկեղեցու ավագ դստեր պատմությունը: Ես՝ գեղջուկս, շրջագայել էի սուրբ երկրում. գլխիցս դուրս չեն գալիս շվաբյան հովիտներն ակոսող ճամփաները, բյուզանդիո տեսարանները, սոլիմյան ամրոցները: Մարիամի պաշտամունքը, գորովագթությունը Խաչելության վրա իմ մեջ հառնում են աշխարհիկ բյուրավոր հրաշքների կողքին: – Ես՝ բորոտս, նստած եմ խեցիների կտորտանքի ու ծակծկող եղինջների վրա, արևահար պատի տակ: – Ավելի ուշ որպես վարձկան-զինվոր պահակություն էի անում Գերմանիայի գիշերների ներքո:
Օ՜, չմոռանամ նաև. խելացնոր, հարայ-հրոցով պարում էի պառավների ու երեխաների հետ բոսորագույն մի բացատում:
Հիշողություններս չեն անցնում այդ երկրից ու քրիստոնեությունից անդին: Ես ինձ միշտ պատկերացնելու եմ այդ անցյալում: Սակայն հար մենակ, առանց ընտանիքի. իսկ ի՞նչ լեզվով էի խոսում: Երբեք ինձ չեմ մտաբերում ո՛չ Քրիստոսի, ո՛չ նրա փոխանորդների՝ Ավագների ժողովարաններում:
Ի՞նչ էի ես անցյալ դարում. միայն այսօր եմ ինձ վերագտնում: Վե՛րջ այլևս թափառաշրջիկներին, վե՛րջ տարտամ պատերազմներին: Ստորին ցեղը կլանել է ամեն ինչ. ժողովուրդն է, ինչպես ասում են, բանականությունը, ազգը և գիտությունը:
Օ՜, գիտությունը: Զավթել է ամեն բան: Վասն մարմնո և վասն հոգվո, – վերջին հաղորդությունը, – բժշկությունն ու փիլիսոփայությունը, – պառավական դեղամիջոցներն ու վերամշակված ժողովրդական երգերը: Նաև իշխանների զվարճալիքներն ու իրենց իսկ արգելած խաղերը: Աշխարհագրությունը, տիեզերագնացությունը, մեխանիկան, քիմիան…
Գիտությունը, նորընծա ազնվականությունը: Առաջադիմություն: Աշխարհն առաջ է շարժվում: Իսկ ինչո՞ւ չպտտվի:
Ահավասիկ թվերի հայտնությունը: Մենք գնում ենք առ «Հոգին»: Շատ ստույգ է իմ ասածը, մարգարեություն է: Ես հասկանում եմ, բայց նախընտրում եմ լռել, քանզի անկարող եմ բացատրվել առանց հեթանոս խոսքերի:
——————————
Հեթանոս արյո՜ւնն է արթնանում: Հոգին մոտիկ է, ինչո՞ւ Քրիստոսը ինձ օգնական չէ, ինչո՞ւ չի ընծայում հոգուս ազնվություն և ազատություն: Ավա՜ղ, Ավետարա՛նն էլ սպառեց իրեն: Ավետարա՛ն, Ավետարա՛ն:
Աստծուն սպասում եմ անհագ որկրամոլի նման: Հա՛ր և հավիտյա՛ն ստոր ցեղից եմ:
Ահա ես արմորիկյան լողափում եմ: Թող քաղաքները բռնկվե՛ն իրիկնալույսերի ծովում: Իմ օրն ավարտված է. ես լքում եմ Եվրոպան: Ծովաշունչ օդը կայրի թոքերս, մահաբեր եղանակից կդաբաղվի մաշկս: Լողալ, կոխկրտել խոտը, որսալ, ծխել մանավանդ խմել եռացող մետաղի նման թունդ ըմպելիքներ, ինչպես կոնծում էին իմ հարազատ նախնիները խարույկի շուրջը նստած:
Ես կվերադառնամ երկաթե մկաններով, թխաթույր մաշկով ու մոլեգին աչքերով. իմ դիմակից կգուշակեն, որ ես սերված եմ ուժեղ ցեղից: Ես շատ ոսկի կունենամ. կլինեմ դատարկապորտ ու բռի: Կանայք հոգածում են նման խեղանդամ գիշատիչներին, որոնք վերադարձել են տաք երկրներից: Ես խառնված կլինեմ քաղաքական գործերին: Եվ փրկված:
Այժմ ես անիծյալ եմ, սոսկում եմ հայրենիքից: Լավագույնը լավ հարբած քնելն է ափի ավազներին:
——————————
Ոչ մի տեղ չեմ մեկնի: – Կրկին կթափառեմ այստեղի ճանապարհներով՝ կքված իմ իսկ մեղքի ծանրությունից, մեղք, որն իր տանջաբեր արմատները խորքերս տարածեց հենց բանականությանս արշալույսին, – մեղք, որն ինձ երկինք է բարձրացնում, հարվածում, տապալում գետնին, քարշ տալիս իր հետևից:
Վերջին անմեղությունն ու պատկառանքը վերջին: Վճռված է: Չցուցադրել աշխարհին իմ նողկանքն ու դավաճանությունները իմ:
Առա՛ջ: Երթ, բեռ, անապատ, տաղտուկ և զայրույթ:
Ո՞ւմ վարձկանը դառնալ: Ո՞ր գազանին պաշտել: Ո՞ր սրբապատկերը երկրպագել: Ո՞ւմ սիրտը կոտրել: Ո՞ր կեղծիքը պետք է թաքցնել: Ո՞ւմ արյունով պետք է քայլել:
Մանավանդ զգուշանալ արդարադատությունից: – Կյանքը դաժան է, տխմարանալը՝ հեշտ, – կկռած ձեռքով չբացե՞մ դագաղի կափարիչը, պառկեմ ու խեղդվեմ: Այդպիսով վերջ ծերությանը, վերջ փորձանքներին: Խուճապը վայել չէ ֆրանսիացուն:
– Ա՜հ, այնքան լցված եմ, որ պատրաստ եմ կատարելության ձգտող իմ պոռթկումները նվիրաբերել ցանկացած աստվածային պատկերին:
Օ՜, իմ անձնուրացություն, օ՜, իմ սքանչելի գթասրտություն, սակայն՝ այստե՛ղ, ա՛յս աշխարհում:
De profundis Domine, ի՜նչ հիմարն եմ:
——————————
Տակավին մանուկ՝ հիանում էի անհողդողդ տաժանապարտով, որի ետևից առընդմեջ գոցվում էին աքսորավայրի դռները: Այցելում էի այն իջևանատներն ու պանդոկները, որ նա սրբացնում էր իր ներկայությամբ, նրա աչքերով էի նայում երկնային կապույտին ու դաշտում ծաղկող եռուզեռին, ես նրա ճակատագրի հոտն էի առնում քաղաքներում: Նա ավելի զորեղ էր, քան ուզածդ սուրբը, ավելի ողջամիտ, քան ուզածդ ճանապարհորդը, – և նա՛, միայն ի՛նքն էր վկան իր փառքի և իր իմաստության:
Ճամփաներին, ձմռան պարզկա գիշերները անօթևան, անոթի և անհանդերձ մի ձայն էր անվերջ ճմլում սառցակալած սիրտս. «Թուլություն կամ ուժ. ահա, քեզ ուժն եմ տալիս: Դու ո՛չ գիտես, թե ուր ես գնում, ո՛չ էլ՝ ինչու ես գնում. մտի՛ր ամեն տեղ, պատասխանի՛ր ամեն ինչին: Եթե դիակ ես, առավելևս չեն սպանի քեզ»: Առավոտյան աչքերս այնքան շաղված էին, կերպարանքս՝ այնքան մեռելային, որ ինձ հանդիպողները գուցե և չտեսան ինձ:
Քաղաքներում ցեխը հանկարծ աչքիս հառնեց ալ սևաթույր, ինչպես հարևան սենյակում պտտվող լամպի արտացոլանքը հայելու մեջ, ինչպես ադամանդը՝ մութ անտառում: «Հաջողությո՜ւն», – գոչեցի ես և տեսա բոցե ու ծխե մի ծով երկնքում, իսկ աջ ու ձախ՝ գանձերն ամենակերպ՝ բռնկված ասես հազարաբույր շանթ-կայծակներից:
Սակայն գինարբուքն ու կանանց ընկերակցությունն արգելված էին ինձ: Մտերիմ անգամ չունեի: Ահա ես ինձ տեսնում եմ մոլեգնած ամբոխի առջև, մահապատիժն ի կատար ածող դասակին դեմառդեմ, վշտահար ողբալիս, որ անկարող են հասկանալ ինձ, և ես ներում եմ նրանց, – ինչպես Ժաննա դ’Ա՜րկը, – «Քահանանե՛ր, ուսուցիչնե՛ր, վարպետնե՛ր, – դուք չարաչար սխալվում եք ինձ դատաստանի ենթարկելով: Ես երբեք չեմ եղել այս ժողովրդի հետ, ես երբեք քրիստոնյա չեմ եղել, ես այն ցեղից եմ, որ երգում է տառապանքների մեջ, ես չեմ ըմբռնում օրենքները, ես զուրկ եմ բարոյականության հասկացողությունից, ես վայրենի եմ, դուք սխալվում եք…»:
Այո, աչքերս փակ են ձեր լույսի առաջ: Ես անասուն եմ, ես նեգր եմ: Բայց ես կարող եմ փրկվել: Դուք կեղծ նեգրեր եք, արյունարբու և ընչաքաղց մոլագարներ: Վաճառական, դու նե՛գր ես, ատենակալ, դու նե՛գր ես, զորապետ, դու նե՛գր ես, կայսր՝ հին քո՛ս, դու նե՛գր ես, դու խմել ես Սատանայի սարքած անսակադիր ըմպելիքը: – Այս խաժամուժը ներշնչված է տենդով ու քաղցկեղով: Ծերերն ու հաշմանդամներն այնքան հարգարժան են, որ ուզում ես մի լավ խաշել նրանց: – Չարաճճի բան կլինի թողնել մայրցամաքը, ուր խենթությունն է դեգերում՝ պատանդ հայթայթելով այս ողորմելիների համար: Ես մտնում եմ Քամի զավակների ճշմարիտ արքայությունը:
Արդյոք ճանաչո՞ւմ եմ բնությունը, ճանաչո՞ւմ եմ ինքս ինձ: – Այլևս ո՛չ մի բառ: Մեռելներին ես կթաղեմ իմ սեփական որովայնում: Ճիչե՛ր, թմբո՛ւկ, պա՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր: Նույնիսկ պահը չեմ զգա, երբ ափ իջնեն սպիտակները, և կսուզվեմ անէության գիրկը:
Քա՛ղց, ծարա՛վ, ճիչե՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր:
——————————
Սպիտակները ափ են իջնում: Համազա՛րկ: Պետք է հնազանդվել մկրտությանը, հագնվել, աշխատել:
Բայց գթությունը խփեց գլխիս: Ա՜յ, դա չէի նախատեսել:
Ես չարիք չեմ գործել բնավ: Օրերս դյուրին կանցնեն, ստրջանքը կխնայի ինձ: Տառապանքներ չի կրի հոգիս գրեթե անկենդան բարիքի համար, որտեղից լույսն է բարձրանում դժնդակ՝ ինչպես հուղարկավորության մոմերից: Տան տղու բախտն է՝ անժամանակ դագաղ՝ ծածկված զուլալ արցունքներով: Անշուշտ, ցոփությունը հիմար բան է, մեղքը՝ նույնպես. բորբոսը պետք է մի կողմ շպրտել: Սակայն ժամացույցը դեռ չի կարողանա հնչեցնել միայն անաղարտ վշտի ժամը: Իսկ գուցե ինձ առևանգե՞ն երեխայի նման, որ ես խաղամ դրախտում բոլոր դժբախտությունների մոռացման մեջ:
Շտապի՛ր, կա՞ արդյոք մի ուրիշ կյանք: – Ննջելը հարստության մեջ անհնարին է: Հարստությունը միշտ եղել է հասարակական: Լոկ աստվածային սերն է շնորհում բանալիները գիտության: Ես տեսա, որ բնությունն ընդամենը բարության հանդես է: Մնաք բարյա՜վ, ցնորքներ, իդեալներ, մոլորություններ:
Ողջամիտ երգը հրեշտակների ամբառնումն է փրկակար նավից՝ դա սերն է աստվածային: – Երկո՛ւ սեր՝ կամ կմեռնեմ երկրային սիրուց կամ անձնվիրումից: Ես լքեցի հոգիներ, որոնց ցավը կահագնանա իմ մեկնումով: Դուք ինձ կգտնեք նավաբեկյալների մեջ, բայց նրանք, ովքեր մնում են, մի՞թե իմ բարեկամները չեն:
Փրկեցե՛ք նրանց:
Բանականությունս է ծնվում: Աշխարհը բարի է: Ես կօրհնեմ կյանքը: Կսիրեմ եղբայրներիս: Սրանք այլևս մանկական խոստումներ չեն: Ոչ էլ հույս՝ ծերությունից ու մահից խույս տալու համար: Աստված է ինձ ուժ տալիս, ես փառաբանում եմ Աստծուն:
________________________________________
Անձկությունն այլևս իմ սերը չէ: Կատաղություն, ցոփություն, խենթություն. գիտեմ նրանց բոլոր խոյանքներն ու աղետները, – թոթափել եմ ամբողջ բեռս: Առանց գլխապտույտ ունենալու գնահատենք իմ անմեղության ընդարձակությունը:
Ես այլևս ընդունակ չեմ մխիթարվել գանակոծությամբ: Չեմ կարծում, թե հարսանեկան նավ եմ նստել, որպեսզի աներս Հիսուս Քրիստոսը լինի:
Ես իմ խելքի գերին չեմ: Ես ասացի. «Աստված: Ես ազատություն եմ ուզում փրկության մեջ. ինչպե՞ս հասնել դրան»: Թեթևսոլիկ հակումներս լքել են ինձ: Այլևս ո՛չ անձնվիրություն, ո՛չ աստվածային սեր: Ես չեմ ափսոսում զգայուն հոգիների դարը: Յուրաքանչյուր ոք իր դատողությունն ունի արհամարհանքի ու գթասրտության. ես իմ տեղը պահում եմ ողջամտության այդ հրեշտակային սանդուղքի ամենաբարձր աստիճանին:
Ինչ վերաբերում է կայուն երջանկությանը, ընտանեկան կամ… ո՛չ… ո՛չ, ես չե՛մ կարող: Ես չափազանց ցրված եմ, չափազանց թույլ: Կյանքը փթթում է աշխատանքով, հին ճշմարտություն է. իսկ իմ կյանքն այնքան էլ ծանր չէ, այն ճախրում ու ծածանվում է հեռվում, գործողության վերևում` աշխարհի համար այդ թանկարժեք կետում:
Ասես պառաված օրիորդ լինեմ, քաջությունս չի հերիքում, որ մահը սիրեմ:
Թե՜ Աստված ինձ պարգևեր խաղաղությունը երկնային, աղոթքը օդեղեն, – ինչպես հին սրբերին: – Սրբե՜ր, զորավորնե՜ր, արվեստագետնե՜ր, սրանք ոչ մեկին այլևս պետք չեն:
Անվերջանալի՜ զավեշտախաղ: Իմ անմեղությունից լացս գալիս է: Կյանքը զավեշտ է, որ բոլորն են խաղում:
Բավակա՛ն է: Ահա՛ դատաստանը: – Հառա՜ջ:
Ախ թոքերս այրվում են, քունքերս` պայթում, գիշերը թավալվում է աչքերիս մեջ այս արևի պատճառով, սի՜րտս,… մարմի՜նս…
Ո՞ւր ենք գնում, մարտի՞: Ես թույլ եմ, ինձնից առաջ են անցնում: – Գործիքնե՛ր, զենքե՛ր… ժամանա՛կ…
Կրա՛կ, կրակե՛ք ինձ վրա: Ա՛յ, այստե՛ղ, թե չէ կհանձնվեմ:
– Վախկոտնե՛ր- Ես ինձ կսպանե՛մ, կնետվե՛մ ձիերի սմբակների տակ:
Ա՜հ…
– Դրան էլ կվարժվեմ:
Դա կլինի ֆրանսիական կյա՛նքը, պատվի արահե՛տը:
Գիշերը դժոխքում
Ես մի ահռելի կում թույն կլանեցի:- Երիցս թող օրհնյա՛լ լինի երկնային խորհուրդը:- Որովայնս այրվում է: Ուժեղ թույնը ճկռում է մարմինս, տձևացնում ու զգետնում ինձ: Մեռնում եմ ծարավից, շնչահեղձ լինում, չեմ կարողանում գոռալ: Դժո՛խքն է սա, հավերժական տանջա՛նքը: Ա՜յ, կրակ է բարձրանում: Այրվում եմ ուզածիդ պես: Դե՛, քե՛զ տեսնեմ, դև:
Ես նշմարել էի հավատադարձությունը դեպի բարին ու երջանկությունը` փրկությունը: Կարո՞ղ եմ նկարագրել տեսիլքը. դժոխքի օդը չի հանդուրժում օրհներգ: Բյուրավոր հմայիչ արարածներ, ոգեղեն անուշ համերգ, ուժ, խաղաղություն, ազնվաբարո նկրտումներ, էլ ի՜նչ ասես, որ չկար:
Ազնվաբարո նկրտումնե՜ր:
Բայց սա դեռ կյանքն է:- Եթե նզովքը, իրոք, հավիտենական է… Այն մարդը, որն ուզում է խեղանդամ անել իրեն, դատապարտված է, չէ՞: Եթե կարծում եմ, որ դժոխքում եմ, ուրեմն այնտեղ եմ: Սա կրոնական ուսմունքի իրագործումն է: Ես ստրուկն եմ իմ մկրտության: Օ՜, հայր և մայր ի՛մ, դուք ինձ դժբախտացրիք, ինչպես դժբախտացրել էիք ինքներդ ձեզ: Օ՜, խեղճ անմեղ արարած: Բայց դժոխքը չի կարող վնասել հեթանոսներին:- Սա դեռ կյանքն է: Ոճի՛ր, արա՛գ, թող ես ընկնե՛մ անէության գիրկը հանուն մարդկային օրենքի:
Լռի՛ր, դե լռի՛ր վերջապես… Ի՜նչ ամոթ, նախատինք. Սատանան ասում է, թե կրակը գարշելի է, թե զայրույթն իմ ահավոր հիմարություն է:- Հերի՛ք եղավ… Մոլորություններ են հուշում ինձ, հուռութք, շինծու բույրեր, մանկական մեղեդիներ: Եվ հարկ է ասել, թե ես հասել եմ ճշմարտությանը. թե տեսնում եմ արդարությունը. դատողությունս առողջ է և վճռական, ես պատրաստ եմ կատարելությանը:… Գոռոզություն:- Գանգիս մաշկը կռկել է: Գթությո՜ւն: Տե՛ր իմ, վախենում եմ: Ծարա՜վ եմ, այնպես ծարա՜վ: Ա՜խ, մանկությո՜ւնս, խո՜տը, անձրև՜ը, լճա՜կը` քարքարոտ ափերով, լուսնալույսը, երբ զանգերը հնչեցնում էին տասներկուսը… Դևը զանգատանն է այս ժամին: Օ՜, Սուրբ արիամ Աստվածածին… Ի՜նչ քստմնելի հիմարն եմ:
Մի՞թե այնտեղ չկան ազնիվ հոգիներ, որ իմ բարին կամենան… Եկե՛ք… Բարձ են դրել բերանիս, ձայնս չեն լսում նրանք, դրանք ուրվականներ են: Եվ հետո, ոչ ոք երբեք չի մտածում ուրիշի մասին: Թող չմոտենա՛ն: Ինձանից հաստատ խանձահոտ է փչում:
Անհաշվելի են զառանցանքները: Ես երբեք հավատ չեմ ընծայել պատմությանը և մոռացության եմ տվել սկզբունքները բոլոր: Բայց այդ մ,ասին ես պիտի լռեմ, թե չէ բանաստեղծներն ու բանդագուշակները նախանձից կպայթեն: Ես բյուր անգամ ամենահարուստն եմ. ուրեմն ծովի նման անկշտում լինենք:
Ա՜հ, կյանքի ժամացույցը հենց նոր կանգնեց: Այլևս այս աշխարհում չեմ: – Աստվածաբանությունը լուրջ բան է, դժոխքը, անշուշտ ամենաներքևում է, – իսկ երկինքը` վերևում:- Զմայլանք, մղձավանջ, նինջ բոցերի որջում:
Որքա՜ն դավեր կան շուրջս եղած սիրալիրության մեջ… Սատանան` Ֆերդինանը, վազում է որոմնահատիկ շաղ տալով… Հիսուսը քայլում է ծիրանագույն մացառների միջով, չճկելով ոչ մի ցողուն… Հիսուսը քայլում էր ջրերի վրայով: Լապտերը մեզ ցույց կտա նրան` հոտնկայս, ճերմակափառ ու թուխ մազափնջերով, զմրուխտե ալիքի ամենաբարձր շեղբին:
Ես քողազրկելու եմ խորհուրդները բոլոր` կրոնական թե բնական, մահվան թե ծննդի, ապագայի, տիեզերագոյացման և անէության: Ես ուրվատեսիլների մեծ վարպետ եմ:
Լսեցե՛ք…
Ես օժտված եմ բոլո՛ր տաղանդներով:- Այստեղ ոչ ոք չկա, և կա ինչ-որ մեկը. ես չէի ցանկանա շռայլել գանձերս:- Ուզո՞ւմ եք երգեր նեգրական կամ հուրիների պարեր: Ուզո՞ւմ եք չքվեմ, սուզվեմ մատանին փնտրելու: Ուզո՞ւմ եք: Ես ոսկի կստեղծեմ, դեղամիջոցներ:
Դե, ուրեմն, վստահեք ինձ, հավատը թեթևացնում է, առաջնորդում և բուժում: Բոլո՛րդ եկեք,- նույնիսկ ամենափոքր երեխաները,- եկե՛ք ձեզ մխիթարեմ, սի՛րտս նվիրեմ ձեզ,- այս հրաշալի՜ սիրտը,- Խե՛ղճ մարդիկ, աշխատավորնե՛ր: Ձեզնից աղոթքներ չեմ պահանջում. միայն ձեր վստահությամբ ես կլինեմ երջանիկ:
– Եկե՛ք խորհենք իմ մասին: Ես շատ քիչ եմ ափսոսում աշխարհի համար: Բախտս բերել է, որ այլևս չեմ տառապում: Կյանքս անցավ անուշ խենթություններով, ցավալի է:
Պա՜հ, եկեք անենք բոլոր հնարավոր ծամածռությունները:
Հաստատ մենք աշխարհից դուրս ենք: Այլևս ոչ մի հնչյուն չեմ լսում և չեմ շոշափում ոչինչ: Ա՜խ, իմ դղյա՜կ, իմ Սաքսոնիա՜, ուռիների իմ անտա՜ռ: Երեկոներ, առավոտներ, գիշերներ, ցերեկներ… Հոգնա՜ծ եմ:
Հարկ է ունենալ զայրույթի իմ դժոխքը, գոռոզության իմ դժոխքը,- և փայփայանքի իմ դժոխքը` դժոխքների մի իսկական նվագահանդես:
Մեռնում եմ հոգնությունից: Գերեզմանում եմ, գնում եմ ճիճուների մոտ, օ՜, սահմռկեցուցիչ սարսափ: Այ Սատանա՛, խեղկատա՛կ, դու ուզում ես ինձ հալեցնել քո հմայիլներով: Ես պահանջում եմ: Ես պահանջում եմ եռաժանու մի հարված, մի կաթիլ կրակ:
Ա՜խ, նորից կյանք վերադառնայի: Հայացք նետեի մեր տձևություններին: Այս թույնը, այս համբույրը թող հազա՛ր անգամ նզովյալ լինի: Իմ թուլությունը և աշխարհի դաժանությունը: Աստվա՛ծ իմ, գթա՛ ինձ պաշտպանի՛ր, ես շատ վատ եմ:- Ես պաշտպանված եմ և անպաշտպան:
Եվ բարձրանում է կրակը դատապարտյալի հետ միասին:
‘լավ է որ հիմա կա հայեռեն տարբերակը բայց լավ կլիներ որ վերլուծությունն էլ լիներ
Իսկ ո՞ւմ թարգմանությունն է: