Քեթրին Մենսֆիլդ | Երանություն

Չնայած Բերթա Յանգը երեսուն տարեկան էր, սակայն նրա կյանքում պահեր էին լինում, երբ ցանկանում էր վազել քայլելու փոխարեն, պարային շարժումներ անել մայթին կամ մայթից դուրս, գնդակներ գցել ցանցի մեջ, ինչ-որ բան նետել օդն ու բռնել, կամ հանգիստ կանգնել ու այդպես մնալ տեղում և պարզապես ոչինչ չանել:
Ի՞նչ կարող ես անել, եթե երեսուն տարեկան ես և, շրջվելով տանդ փողոցի անկյունը, քեզ պատում է երանության հանկարծակի զգացում, բացարձակ երանության, ասես հանկարծակի կուլ ես տվել ուշ միջօրեի արևից մի պայծառ կտոր և այն այրվում է կրծքիդ տակ՝ առկայծելով ամեն մասնիկում, ձեռքի և ոտքի մատներում…
Օ՜, առանց «հարբած և անփույթ» լինելու դա չես կարող ուրիշ ոչ մի ձևով արտահայտել: Որքա՜ն հիմար է հասարակությունը: Ինչու՞ է քեզ տրված մարմինդ, եթե այն պետք է շատ, շատ հազվագյուտ կիթառի պես փակես պատյանում:
«Ոչ, կիթառի հետ կապված ես այդքան էլ դա նկատի չունեի»,-մտածեց նա, վազքով բարձրանալով աստիճանները`փորձելով պայուսակում գտնել բանալին (նա սովորականի պես մոռացել էր այն վերցնել) և չխկչխկացնելով նամակների տուփը։-Ես դա նկատի չունեի, որովհետև»…
-Շնորհակալ եմ, Մերի,-նա մտավ նախասրահ,-դայակը վերադարձե՞լ է:
-Այո, տիկին:
-Իսկ միրգը բերե՞լ են:
-Այո, տիկին: Ամեն ինչ բերել են:
-Միրգը կբերե՞ս ճաշասենյակ: Ես կզբաղվեմ դրանով, մինչև վերև բարձրանալը:
Ճաշասենյակում մութ էր և բավականին ցուրտ: Այնուամենայնիվ, Բերթան հանեց իր կիպ վերարկուն, քանի որ չէր կարող մեկ րոպե ևս այն կրել, ու սառը օդը պարուրեց նրան:
Բայց կրծքի տակ դեռ մնում էր այդ պայծառ հրաբորբոք տեղն ու դրանից բխող փոքրիկ կայծերի տեղատարափը: Դա համարյա անտանելի էր: Անգամ վախենում էր շնչել, որ այն ավելի չբորբոքի, և այնուամենայնիվ, խորը-խորը շնչում էր: Նա համարյա չէր համաձակվում նայել սառած պատուհանին, սակայն նայեց, ու այն արտացոլեց մի լուսաշող, ժպտացող կնոջ՝ թրթռացող շրթունքներով, մեծ, մուգ գույնի աչքերով և պատրաստ լսելու կամ սպասելու որևէ… աստվածային բանի իրագործման… որը նա գիտեր, որ պիտի կատարվեր… անխուսափելիորեն:
Մերին սկուտեղի վրա բերեց միրգը և դրա հետ մեկտեղ մի ապակյա գավաթ ու շատ սիրուն, կապույտ ափսե՝ տարօրինակ փայլով, ասես այն ընկղմել էին կաթի մեջ:
-Վառե՞մ լույսը, տիկին:
-Ոչ, շնորհակալություն: Ես շատ լավ եմ տեսնում:
Ելակներից մանդարիններն ու խնձորները վարդագունել էին: Սկուտեղի վրա կային նաև մետաքսի պես հարթ, դեղին տանձեր, արծաթափայլ սպիտակ և մանուշակագույն խաղողի մեծ ողկույզներ: Ընդ որում, վերջինը նա համապատասխանեցրել էր ճաշասենյակի նոր գորգի հետ: Այո, դա բավական անհեթեթ ու անհավատալի էր հնչում, սակայն Բերթան դրանք հենց այդ նպատակով էր գնել: Խանութում նրա մտքով անցավ. «Ես պետք է մի քանի հատ մանուշակագույններից գնեմ, որպեսզի սեղանը ներդաշնակ լինի գորգի հետ»: Այժմ դա արդարացված էր:
Երբ նա ավարտեց գործն, ու այդ փայլուն գնդերից պատրաստեց երկու բուրգեր, սեղանից փոքր-ինչ հեռացավ, որպեսզի տեսնի արդյունքը. այն իրոք շատ հետաքրքիր էր ստացվել: Մուգ գույնի սեղանն, ասես տարրալուծվելով աղոտ լույսի, ապակյա ափսեի, կապույտ գավաթի հետ, դանդաղ բարձրանում էր օդ: Այս ամենը, հաշվի առնելով նրա ներկայիս տրամադրությունը, անհավանական գեղեցիկ էր թվում…Նա սկսեց ծիծաղել:
-Ոչ, ոչ: Ես հիստերիկանում եմ:
Այնուհետև ճանկեց իր պայուսակն ու վերարկուն և վազեց վերև՝ մանկասենյակի ուղղությամբ:

Դայակը նստել էր մի ցածր սեղանի դիմաց և լողացնելուց հետո կերակրում էր փոքրիկ Բիին : Երեխան հագել էր փոքրիկ ֆլանելե խալաթ և բրդյա կապույտ ժակետ, իսկ նրա մուգ սիրուն մազերը սանրել էին վերև՝ ծիծաղելի, փոքրիկ սրածայր գագաթի տեսքով: Նա նայեց վերև ու մորը տեսնելուն պես, սկսեց թռչկոտել:
-Հիմա, անուշիկս, լավ աղջկա պես մինչև վերջ կեր,-ասաց դայակը, Բերթային ծանոթ ձևով սեղմելով շրթունքները: Բերթան գիտեր՝ դա նշանակում էր, որ ինքը սխալ պահի է մտել մանկասենյակ:
-Նա իրեն լա՞վ է պահել:
-Նա իրեն քաղցրիկի պես է պահել կեսօրին,-շշնջաց դայակը:-Մենք գնացինք զբոսայգի, ես նստեցի աթոռին ու նրան հանեցի մանկասայլակից, և այդ ժամանակ մի մեծ շուն եկավ ու գլուխը դրեց ծնկներիս, իսկ նա բռնեց շան ականջը, քաշքշեց այն: Օ՜, դուք պետք է տեսնեիք դա:
Բերթան ցանկանում էր հարցնել, արդյո՞ք վտանգավոր չէր նրան թույլ տալ, որ բռնի անծանոթ շան ականջից: Բայց նա չհամարձակվեց: Նա կանգնած նայում էր նրանց, ձեռքերը կախ, նման աղքատ փոքրիկ աղջկա, ով կանգնած է տիկնիկը ձեռքին հարուստ աղջկա դիմաց:
Փոքրիկը կրկին նայեց մորը սևեռուն հայացքով և այնքան քնքշորեն ժպտաց, որ Բերթան չկարողացավ իրեն զսպել և գոռաց:
-Օ՜, տվեք նրան ինքս կերակրեմ, մինչ դուք կհավաքեք լոգանքի պարագաները:
-Ո՛չ, տիկին, նրան չպետք է տարբեր մարդիկ կերակրեն,-ասաց դայակը՝ շարունակելով շշուկով խոսել:-Դա անհանգստացնում է նրան, անգամ կարող է նյարդայնացնել։
Ի՛նչ անհեթեթություն էր այդ ամենը: Ինչու՞ պետք է երեխա ունենաս, եթե նա պետք է պահվի ասենք ոչ թե պատյանի մեջ, շատ հազվագյուտ կիթառի նման, այլ ուրիշ կնոջ գրկում:
-Օ՜, ես պետք է դա անեմ,-ասաց Բերթան:
Դայակը շատ վիրավորված երեխային նրան փոխանցեց:
-Նրան մի՛ գրգռեք ընթրելուց հետո: Դուք գիտեք, որ այդպես եք անում, տիկին: Եվ դրանից հետո նա ինձ շատ է տանջում:
Փա՛ռք Աստծո: Դայակը սենյակից դուրս եկավ լոգանքի սրբիչներով:
-Հիմա դու իմն ես, իմ փոքրիկ գանձ,-ասաց Բերթան, մինչ փոքրիկը հակվել էր նրան:
Նա հաճույքով կերավ՝ շրթունքները բաց անելով գդալը մոտեցնելիս, իսկ հետո ձեռքերը թափահարելով: Երբեմն նա չէր թողնում, որ գդալը մտնի բերանը, իսկ երբեմն էլ, երբ Բերթան գդալը լիքը լցրած մոտեցնում էր, այն հրում էր տարբեր ուղղություններով:
Երբ ճաշը վերջացավ, Բերթան շրջվեց վառարանի կողմը:
-Դու սիրունիկ ես, շատ սիրունիկ,-ասաց նա՝ համբուրելով իր տաք փոքրիկին:-Ես քեզ շատ եմ սիրում:
Եվ իսկապես, նա շատ էր սիրում փոքրիկ Բիին՝ նրա վզիկը, երբ կռանում էր, նրա ոտքի նուրբ մատները, երբ դրանք կրակի լույսից փայլում էին իրենց թափանցիկությամբ, Բերթայի երանության զgացումը կրկին վերադարձավ, և նա կրկին չգիտեր այն ինչպես արտահայտել, ինչ անել դրա հետ:
-Ձեզ կանչում են հեռախոսի մետ,-ասաց դայակը՝ հաղթանակած վերդառանալով ու խլելով նրանից Փոքրիկ Բիին:
Բերթան սլացավ ներքև: Զանգողը Հարրին էր:
-Օ՜, այդ դու՞ ես Բեր: Լսիր: Ես կուշանամ: Տաքսիով կգամ, կփորձեմ հասնել որքան հնարավոր է շուտ, բայց կհետաձգե՞ս ճաշը մի տաս րոպեով, լա՞վ:
-Այո, անշուշտ: Օ՜, Հարրի:
-Այո՞:
Ի՞նչ էր նա ցանկանում ասել: Ասելու ոչինչ չուներ: Միայն ցանկանում էր ամուսնու հետ շփվել մեկ րոպեով: Չէր կարող անմտորեն գոռալ. «Աստվածային օր է, այնպես չէ՞»:
-Ի՞նչ է եղել,-հարցրեց Հարրին խլացած ձայնով:
-Ոչինչ: Entendu (հասկացա),-ասաց Բերթան և կախեց խոսափողը՝ մտածելով, որ քաղաքակրթությունն անհեթեթ լինելու աստիճան վատն է:

Նրանք ճաշին հյուրեր ունեին: Հյուրերը Նորման Նայթսերը էին՝ մի կենսուրախ զույգ. ամուսինը պատրաստվում էր թատրոն բացել, իսկ կինն անչափ հետաքրքրված էր ինտերիերի զարդարանքով, հրավիրված էր նաև մի երիտասարդ Էդդի Ուորեն անունով, ով վերջերս հրատարակել էր բանաստեղծությունների մի փոքրիկ գիրք, ու նրան բոլորը հրավիրում էին ճաշի, և Բերթայի «հայտագործությունը» Փերլ Ֆուլթոն անունով: Բերթան չգիտեր, թե օրիորդ Ֆուլթոնն ինչով էր զբաղվում: Նրանք հանդիպել էին ակումբում, և Բերթան սիրահարվել էր նրան, ինչպես որ միշտ սիրահարվում էր գեղեցիկ կանանց, ովքեր ինչ-որ տարօրինակություն ունեին:
Բերթային գրգռում էր այն, որ չնայած իրենք ծանոթ էին, բազում անգամներ հանդիպել էին և իսկապես զրուցել, չէր կարողանում նրանից գլուխ հանել: Օրիորդ Ֆուլթոնն ինչ-որ իմաստով անսովոր, հրաշալիորեն անկեղծ էր, բայց կար որոշակի սահման, որից հեռու չէր գնում:
Արդյո՞ք դրա տակ ինչ- որ բան կար թաքնված: Հարրին դա ժխտում էր և նրան կոչում «ձանձրալի» ու «սառը բոլոր մնացած շիկահերների նման, ով, գուցե, տառապում է գլխացավից ուղեղի սակավարյունության պատճառով»: Սակայն Բերթան համաձայն չէր նրա հետ, համենայն դեպս, դեռ ոչ:
-Ո՛չ, երբ նա նստում է գլուխը մի փոքր թեքած մի կողմի վրա և ժպտում, դրա տակ ասես մի բան կա թաքնված, Հարրի, և ես պետք է պարզեմ, թե դա ինչ է:
-Ամենայն հավանականությամբ, լավ ստամոքս,-պատասխանում էր Հարրին:
Նման արտահայտություններով նա զսպում էր Բերթայի խանդավառությունը… «Լյարդի բորբոքում, սիրելիս», կամ «սովորական փքվածություն» կամ «երիկամների հիվանդություն»… և այլն: Ինչ-որ տարօրինակ պատճառներով Բերթային դա դուր էր գալիս և անգամ հիանում էր նրա սրամտությամբ:
Բերթան գնաց hյուրասենյակ և վառեց լույսը, ապա, մեկ առ մեկ վերցնելով բարձերը, որոնք Մերին այնքան խնամքով դասավորել էր, նետեց աթոռների ու բազմոցների վրա: Դա հենց այն էր, ինչ պետք էր, սենյակը միանգամից կենդանացավ: Երբ նա ցանկանում էր նետել վերջին բարձը, ի զարմանս իրեն, այն անսպասելի կրքոտությամբ սեղմեց իրեն: Սակայն դա չմարեց նրա կրծքի տակ այրվող կրակը, այլ՝ ընդհակառակը:
Հյուրասենյակի դռները բացվում էին դեպի պատշգամբ, որը նայում էր այգուն: Այգու ծայրամասում՝ պատի դիմաց, մի բարձր, նիհար, ամբողջությամբ ծաղկած տանձի ծառ կար. այն հանդարտ կանգնել էր բաց կապտականաչ երկնքին հանդիման: Բերթան չէր կարող անգամ հեռվից չզգալ, որ այն չուներ ոչ մի բողբոջ կամ թորշնած ծաղկաթերթ: Ավելի ներքև՝ այգու թմբերին, ծաղկած կարմիր և դեղին կակաչները թվում էր՝ թեքվել էին դեպի մթնշաղը: Մի գորշ կատու, քարշ տալով իր փորիկը, անցավ մարգագետնով՝ տանելով հետևից իր սև ստվերը: Նրանց սրընթաց ու արագ քայլքը Բերթային ստիպեց տարօրինակ դող զգալ:
-Ի՜նչ սարսռեցնղ կենդանիներ են կատուները,-մրթմրթաց Բերթան, ապա շրջվեց պատուհից մի կողմ ու սկսեց հետ ու առաջ քայլել…
Նարգիզներն այնքան ուժեղ էին բուրում տաք սենյակում: Չափազա՞նց ուժեղ: Օ՜, ոչ: Այնուամենայնիվ, կարծես այդ ամենն հաղթահարած, նա իրեն գցեց բազմոցի վրա և ձեռքերը սեղմեց աչքերին:
-Ես չափազանց երջանիկ եմ, չափազանց երջանիկ,-շշնջաց նա:
Նրան թվում էր, որ իր կոպերին տեսնում է այն հաճելի տանձենին՝ լայն բացված ծաղիկներով՝ որպես իր կյանքի խորհրդանիշ:
Իսկապես, իսկապես ինքն ամեն ինչ ունի: Երիտասարդ է: Հարրիի հետ այնպես սիրահարված են, ինչպես որ միշտ, հրաշալի լեզու են գտնում միասին ու իսկապես լավ զույգ են: Հիասքանչ փոքրիկ ունի: Փողի մասին մտածելու կարիք չկա: Ունեն նման հիանալի տուն ու այգի: Եվ ժամանակակից, ցնցող ընկերներ, նրանց մեջ կան գրողներ, նկարիչներ, բանաստեղծներ, սոցիալական հարցերով հետաքրքրվող անձինք՝ ճիշտ այնպիսի ընկերներ, ինչպիսին կուզեին ունենալ: Կա նաև երաժշտություն, գրքեր, և ինքը գտել է մի հրաշալի փոքրիկ դերձակուհու, ամռանը գնալու են արտասահման, իսկ իրենց նոր խոհարարը պատրաստում է ամենահոյակապ ձվածեղները…
-Ես ծիծաղելի եմ: Ծիծաղելի։-Նա ոտքի կանգնեց, սակայն գլխապտույտ զգաց, ասես հարբած լիներ: Պատճառը գարունն էր:
Այո՛, գարունն էր մեղավոր: Հիմա այնքան հոգնած էր, որ չէր կարողանում բարձրանալ վերև զգեստափոխվելու:

Սպիտակ զգեստ, նեֆրիտե ուլունքների շարան, կանաչ կոշիկներ և զուգագուլպաներ: Սա հատուկ նպատակով չէր արվել: Այդ մասին նրա մտքով անցավ ցուցափեղկի առաջ կանգնելուց ժամեր առաջ:
Փեշերը ծածանելով՝ մտավ նախասրահ, և համբուրեց տիկին Նորման Նայթին, ով հանում էր իր զվարճալի նարնջագույն վերարկուն՝ եզրերին կարված սև կապիկներով:
-Ինչու՞, ինչու՛: Ինչու՞ է այս միջին խավն այսքան ձանձրալի, այսքան առանց հումորի զգացումի: Սիրելիս, ես այստեղ հայտնվել եմ լրիվ պատահաբար։ Նորմանն ինձ փրկեց։ Իմ սիրելի կապիկներն այնպիսի անհանգստություն առաջացրին գնացքի մեջ, իսկ մի մարդ պարզապես ուտում էր ինձ իր աչքերով: Չէր ծիծաղում, չէր զվարճանում, այլ ուղղակի սևեռուն հայացքով ինձ էր նայում։ Ո՛չ, միայն հայացքն ինձ էր հառել ու մահու չափ ձանձրացրեց:
-Սակայն ամենալավ պահն այն էր,-ասաց Նորմանը՝ աչքին դնելով կրիայի պատյանից պատրաստված շրջանակներով մենակնոցը,-դեմ չե՞ս, որ ես պատմեմ, Մռութիկ: (Տանը և ընկերների շրջանում նրանք միմյանց «մռութիկ» ու «դնչիկ» էին անվանում):-Ամենալավ պահն այն էր, երբ տիկին Նայթը, այդ ամենից կշտացած, շրջվեց դեպի իր կողքին նստած կինը և ասաց. «Դուք երբևէ կապիկ չե՞ք տեսել»:
-Օ, այո՜,-տիկինն Նայթը սկսես ծիծաղել,-դա անչափ ծիծաղելի էր, այնպես չէ՞:
Սակայն ավելի ծիծաղելի էր այն, որ վերարկուն հանելուց հետո տիկին Նայթը նմանվել էր շատ խելացի կապիկի, ով անգամ իր համար մետաքսյա դեղին զգեստ էր կարել բանանի կեղևից: Իսկ սաթե ականջօղերը նման էին փոքրիկ ճոճվող ընկույզների:
-Տխուր է, տխուր է աշունը,-ասմունքեց Դնչիկը փոքրիկ Բիի մանկասայլակի մոտ կանգնած,-Երբ մանկասայլակ է մտնում նախասենյակը,-ապա ընդհատեց բանաստեղծությունը:
Հնչեց դռան զանգը: Եկողը նիհար, գունատ Էդդի Ուորենն էր, ով շատ մտահոգ տեսք ուներ:
-Ես ճիշտ եմ եկել, չէ՞,-թախանձագին հարցրեց վերջինս:
-Օ՜, կարծում եմ այո, հուսով եմ,-ուրախ ձայով ասաց Բերթան:
-Ես այնպիսի ահավոր պատմության մեջ եմ ընկել մի տաքսու վարորդի պատճառով: Նա ամենաչարամիտ մարդն է, որ ինձ երբևէ հանդիպել է: Ես չէի կարողանում նրան ստիպել, որ կանգ առնի: Ինչքան շատ էի ես բղավում և թխկթխկացնում, այնքան արագ էր նա վարում: Իսկ լուսնկային տափակ գլխով տարօրինակ կերպարանքը կռացած փոքրիկ անիվի վրա…
Նա դողում էր՝ հանելով սպիտակ հաստ շարֆը: Բերթան նկատեց, որ նրա գուլպաները սպիտակ էին, չափից դուրս հրաշալի:
-Բայց, ի՜նչ ահավոր է,-բացականչեց նա:
-Այո՛, ճիշտ այդպես,-ասաց Էդդին՝ հետևելով նրան դեպի hյուրասենյակ:-Ես տեսա, թե ինչպես եմ ընթանում Հավիտենականության միջով հավերժական տաքսիով:
Նա ճանաչում էր Նորման Նայթերին: Իրականում, պատրաստվում էր Ն.Ք.-ի համար պիես գրել, երբ թատրոնի վերաբերյալ նախագիծն առաջ եկավ:
-Դե, Ուորեն, ինչպե՞ս են ընթանում պիեսի հետ կապված աշխատանքները,-ասաց Նորման Նայթը, հանելով իր մենակնոցը և թողնելով, որ աչքը մեկ ակնթարթով բարձրանա մակերես, մինչև նորից ներքև կիջեցնի:
Իսկ տիկին Նորման Նայթը բացականչեց.
-Օ՜, պրն. Ուորեն, ինչպիսի՜ զվարճալի գուլպաներ:
-Ես շատ ուրախ եմ, որ ձեզ դուր եկան,-ասաց Ուորենը՝ նայելով իր ոտքերին: -Թվում ե, թե դրանք լուսնի դուրս գալուց հետո ավելի են սպիտակել: Նա իր նիհար, տխուր դեմքը շրջեց Բերթայի կողմը:-Լուսինը գոյություն ունի, գիտեք:
Բերթան ցանկանում էր գոռալ. «Համոզված եմ, որ գոյություն ունի, հաճախ, հաճախ»…
Ուորենն իսկապես ամենագրավիչ անձնավորություններից էր: Ինչպես նաև Մռութիկը, ով կռացել էր վառարանի վրա՝ հագած իր բանանի կեղևները, նաև Դնչիկը, ով սիգար էր ծխում ու ժամանակ առ ժամանակ, մոխիրը թափահարելիս, հարցնում.
-Ինչու՞ է փեսան ուշանում:
-Ահա՛ և նա:
Առջևի դուռը հրելով բացվեց, ապա փակվեց: Հարրին բղավեց.
-Ողջու՛յն, ժողովուրդ: Հինգ րոպեից կլինեմ ներքևում:
Նրանք լսեցին, թե ինչպես է վերջինս բարձրանում աստիճաններով: Բերթան չկարողացավ զսպել ժպիտը. նա գիտեր, թե որքան է ամուսնուն դուր գալիս շտապողականության մեջ մի բան անելը: Ի վերջո, հինգ րոպեն ոչինչ էր: Բայց նա կարող էր ձևացնել, որ այն չափից դուրս կարևոր էր: Հետո նա ուժերը հավաքած կգար հյուրասենյակ՝ զարմանալիորեն հանգիստ և սթափ վիճակում:
Հարրին կյանքի այնպիսի ծարավ ուներ։ Օ՜, որքան էր Բերթան դա գնահատում նրա մեջ։ Եվ վերջինիս պայքարելու կիրքը, իրեն հակադրող ամեն ինչի մեջ նա իր ուժերն ու քաջությունը փորձելու մեկ այլ ձև էր փնտրում, Բերթան դա հասկանում էր։ Անգամ երբ դրանից ամուսինը պարբերաբար մյուսների աչքում, ովքեր նրան լավ չէին ճանաչում, երևի մի փոքր ծիծաղելի էր թվում… Քանզի պահեր էին լինում, երբ նա կռվի էր բռնվում այնտեղ, ուր կռիվ չկար… Բերթան զրուցում ու ծիծաղում էր ու մասամբ մոռացել էր, մինչև նրա ներս գալը (ինչպես և պատկերացնում էր), որ Փերլ Ֆուլթոնը չէր եկել։
-Հետաքրքրիր է օրիորդ Ֆուլթոնը մոռացե՞լ է։
-Ինձ էլ է այդպես թվում,-ասաց Հարրին,-նա չի՞ պատասխանում հեռախոսին:
-Ա՛հ, հենց նոր տաքսի ժամանեց:-Եվ Բերթան ժպտաց իրեն հատուկ այն սեփականատիրական զգացումով, երբ կանանց վերաբերյալ նրա բացահայտումները նոր էին ու առեղծվածային:-Նա ապրում է տաքսիներում:
-Եթե այդպես է, ապա նա կարող է գիրանալ,-սառը տոնով ասաց Հարրին՝ հնչեցնելով ճաշի զանգը:-Շիկահեր կանաց համար դա ահավոր վտանգ է ներկայացնում:
-Էլ մի Հարրի,-նրա վրա ծիծաղելով զգուշացրեց Բերթան:
Նրանք մի փոքր էլ սպասեցին, ծիծաղելով ու զրուցելով, շատ աննշան, չնչին մի պահ, և օրիորդ Ֆուլթոնն՝ ամբողջությամբ արծաթազօծ, ներս մտավ՝ բաց շիկավուն մազերն արծաթագույն վարսակալով հավաքած և ժպիտը դեմքին, իսկ գլուխը մի փոքր կողք թեքված:
-Ես ուշացե՞լ եմ:
-Ո՛չ, բոլորովին,-ասաց Բերթան,-Առա՛ջ եկ:-Նա բռնեց օրիորդ Ֆուլթոնի թևից ու նրանք մտան ճաշասենյակ:
Ի՞նչ էր թաքնված այդ սառը ձեռքի հպման տակ, որ կարող էր փչել, փչել, սկսել բոցավառել, բոցավառել երանության կրակը, որի հետ Բերթան չգիտեր ինչ անել:
Օրիորդ Ֆուլթոնը նրան չնայեց, չնայած նա հազվադեպ էր ուղիղ նայում մարդկանց: Նրա ծանր կոպերն իջել էին աչքերի վրա, իսկ շուրթերին տարօրինակ կիսաժպիտ էր խաղում, ասես նա ապրում էր ավելի շուտ լսելով, քան տեսնելով: Սակայն Բերթային հանկարծակի թվաց, թե միմյանց նայեցին երկար և մտերմիկ հայացքով, կարծես թե իրար ասացին «Դու նույնպե՞ս» և, որ Փերլ Ֆուլթոնը, խառնելով մոխրագույն ափսեով հիանալի կարմիր ապուրը, նույն բանն էր զգում, ինչ որ ինքը:
Իսկ մյուսնե՞րը: Մռութիկն ու Դնչիկը, Էդդին ու Հարրին, ովքեր բարձրացնում և իջեցնում էին իրենց գդալները, անձեռոցիկով սրբում իրենց շուրթերը, մանրացնում հացը, շուռումուռ տալիս պատառաքաղերն ու բաժակները և զրույց անում:
-Ես նրան հանդիպեցի Ալֆա շոուի ժամանակ: Նա ինձ հանդիպած ամենատարօրինակ փոքրիկ արարածն էր: Ոչ միայն մազերն էր կտրել, այլև բավականին անհաջող կերպով փոքրացրել էր ոտքերն ու ձեռքերը, նաև վիզն ու խեղճ փոքրիկ քիթը:
-Նա շատ liee (մտերիմ) է Մայքլ Ոութի հետ, չէ՞:
– «Սերը դնովի ատամներով»-ի (Love in False Teeth) հեղինակի՞:
-Նա ցանկանում է ինձ համար պիես գրել: Մեկ գործողությամբ: Մեկ գործող անձով: Հերոսը որոշում է ինքնասպանություն գործել: Տալիս է բոլոր կողմ և դեմ պատճառները: Եվ հենց կայացնում է որոշումն՝ անելու է դա թե՞ ոչ, վարագույրն իջնում է: Այնքան էլ վատ գաղափար չէ:
-Ի՞նչ է նա պատրաստվում դա անվանել՝ «Ստամոքսի խանգարու՞մ»:
-Կարծում եմ, ես նույն գաղափարն եմ հանդիպել ֆրանսիական մի փոքրիկ գրախոսության մեջ, որն Անգլիայում ընդհանրապես հայտնի չէ:
Ո՛չ, նրանք չէին կիսում այդ ամենն իր հետ: Բերթան շատ-շատ էր սիրում նրանց, իրեն դուր էր գալիս նրանց տեսնել իր սեղանի շուրջ և հյուրասիրել համեղ ուտելիքով ու գինով: Իրականում, փափագում էր նրանց ասել, թե որքան հրաշալի են, ինչ դեկորատիվ խումբ են, ինչպես էին մեկը մյուսին զվարճացնում ու ինչպես էին իրեն հիշեցնում Չեխովի պիեսներից մեկը:
Հարրին վայելում էր իր ճաշը: Նա սովորություն չուներ և ոչ էլ ձևի համար կխոսեր ուտելիքի մասին կամ կհպարտանար «ծովախեցգետնի սպիտակ մաշկի հանդեպ ունեցած իր անբռնազբոս կրքով» ու «պիստակի կանաչ սերմերով՝ կանաչ ու սառը, ճիշտ եգիպտացի պարուհիների կոպերի նման»:
Երբ նա շրջվեց Բերթայի կողմն ու ասաց. «Բերթա soufflée-ն հրաշալի է», վերջինս պատրաստ էր երեխայի պես լաց լինել:
Օ՜, ինչու՞ էր նա այդքան զգայուն այդ երեկո ողջ աշխարհի նկատմամբ: Ամեն ինչ լավ էր, ճիշտ էր: Ողջ տեղի ունեցածը կարծես լցնում էր իր երանության առանց այն էլ լիքը բաժակը:
Սակայն նրա գիտակցության խորքում դեռ այն տանձի ծառն էր: Հիմա այն երևի արծաթագույն է դարձել խեղճ սիրելի Էդդիի լուսնի լույսից, օրիորդ Ֆուլթոնի պես արծաթագույն, ով նստած մանդարինն էր շուռումուռ տալիս իր նուրբ մատներով, որոնք այնքան գունատ էին, ասես դրանցից լույս էր առկայծում:
Բերթան միայն օրիորդ Ֆուլթոնի տրամադրությունից ուղղակի չէր կարողանում գլուխ հանել: Ի՜նչ հրաշալի կլիներ, եթե կարողանար կռահել այն այդպես ճշգրիտ ու վայրկյանական: Մեկ վայրկյան անգամ չէր կասկածել, որ ինքը ճիշտ էր, բայց այնուամենայնիվ չգիտեր ինչից սկսել: Ավելի քիչ, քան առաջ:
«Հավատացած եմ, որ նման բան շատ-շատ հազվադեպ է կատարվում կանանց միջև: Իսկ տղամարդկանց միջև՝ երբեք,-մտածեց Բերթան,-Բայց մինչ ես սուրճ կպատրաստեմ հյուրասենյակում, երևի նա «մի նշան կտա»:
Ինչ նկատի ուներ դրանով, ինքն էլ չգիտեր, իսկ դրանից հետո ինչ կպատահեր, չէր կարող պատկերացնել:
Մինչ մտածում էր այդ մասին, նկատեց, թե ինչպես էր ինքնիրեն խոսում և ծիծաղում: Ստիպված էր խոսել իր ծիծաղելու ցանկությունը զսպելու համար:
-Ես պետք է ծիծաղեմ կամ կմեռնեմ:
Բայց երբ նկատեց Մռութիկի՝ սեղմիրանի մեջ ինչ-որ բան խցկելու ծիծաղելի փոքրիկ սովորությունը, ասես այնտեղ ընկույզների փոքրիկ, գաղտնի պաշար էր պահում, Բերթան ստիպված եղավ եղունգները խրել ձեռքերի մեջ, որ շատ բարձր չծիծաղի:

Վերջապես ավարտվեց: Եվ Բերթան ասաց.
-Եկ տեսնելու իմ նոր սրճեփը:
-Մենք երկու շաբաթը մեկ նոր սրճեփ ենք ունենում,-ասաց Հարրին:
Մռութիկն այս անգամ բռնեց նրա թևից, օրիորդ Ֆուլթոնը գլուխը կախ հետևեց նրանց:
Հյուրասենյակի խարույկը վերածվել էր, ինչպես Մռութիկն ասաց, կարմիր, կայծկլտացող «փոքրիկ փյունիկների բնի»:
-Մի ակնթարթ լույսը չվառեք: Այնքա՜ն հաճելի է:-Ու վերջինս կրկին կռացավ վառարանի վրա: Նա միշտ մրսում էր…«առանց իր փոքրիկ ֆլանելե ժակետի»,-մտածեց Բերթան:
Այդ պահին օրիորդ Ֆուլթոնը «նշան տվեց»:
-Դուք այգի ունե՞ք,-հարցրեց վերջինս իր սառը, քնկոտ ձայնով:
Նա այնքան նրբին վարվելակերպ ուներ, որ Բերթային մնում էր միայն ենթարկվել: Վերջինս անցավ սենյակով, իրարից հեռացրեց վարագույրներն ու բացեց երկար պատուհանը:
-Այնտե՛ղ,-կամացուկ ասաց Բերթան:
Եվ երկու կանայք կողք կողքի կանգնած դիտում էին այդ բարակ, ծաղկած ծառը: Չնայած մոմի բոցի պես անշարժ էր, սակայն թվում էր, թե նրանց նայելու ընթացքում այն ձգվում էր, սրվում, ցնցվում պայծառ օդում, բարձրանում ավելի ու ավելի, համարյա դիպչում լուսնի կլորավուն, արծաթագույն եզրին:
Որքա՞ն ժամանակ մնացին այդտեղ կանգնած: Երկուսով, փակված երկնային լույսի այդ շրջանակում, միմյանց կատարելապես հասկանալով, ասես մեկ այլ աշխարհից լինեին, և մտածելով, թե ինչ պետք է անեն այս երանելի գանձի հետ, որ բոցավառվում էր նրանց կրծքի տակ և արծաթե ծաղիկների տեսքով թափվում նրանց մազերից ու ձեռքերից:
Հավերժություն է դա, թե՞ մեկ ակնթարթ: Եվ օրիորդ Ֆուլթոնը շշնջաց. «Այո՛: Ճիշտ այդպես»: Կամ էլ Բերթան երազո՞ւմ էր:
Հետո վառեցին լույսը և Մռութիկը սուրճ պատրաստեց: Հարրին ասաց.
-Սիրելի տիկին Նայթ, մի՛ հարցրեք ինձ երեխայիս մասին: Ես նրան երբեք չեմ տեսնում: Ես նրա հանդեպ անգամ հետաքրքրության նշույլ չեմ զգա, մինչև սիրեկան չունենա:
Դնչիկը աչքերից մի պահ ապակին հեռացրեց, ապա նորից իր տեղը դրեց, իսկ Էդդի Ուորենը վերջացրեց իր սուրճն ու տառապալից դեմքով ցած դրեց բաժակն, ասես բաժակի հատակին սարդ էր տեսել:
-Իմ ուզածը երիտասարդների համար ցուցադրություն կազմակերպելն է: Կարծում եմ Լոնդոնը լի է առաջին կարգի, չգրված պիեսներով: Ես ուզում եմ նրանց ասել. «Ահա թատրոնը: Գործի անցե՛ք»:
-Գիտես, սիրելիս, ես պատրաստվում եմ սենյակ զարդարել Ջեկոբ Նաթհանսի համար: Ես այնքան եմ ցանկանում ստեղծել տապակած ձկան սխեմա՝ աթոռների հետնամասը թավաների տեսքով, իսկ վարագույների վրա ասեղնագործված կարտոֆիլի չիպսեր:
-Մեր երիտասարդների խնդիրն այն է, որ նրանք դեռևս շատ ռոմատիկ են: Չես կարող ծով դուրս գալ, առանց ջրավազան մտնելու և չտառապել ծովային հիվանդությամբ: Ա՜խ, ինչու՞ նրանք ջրավազան մտնելու քաջություն չունեն:

Oրիորդ Ֆուլթոնն ընկղմվեց ամենացածր, ամենախոր աթոռի մեջ: Հարրին նրան սիգար մեկնեց:
Ֆուլթոնի դիմաց կանգնելուց, արծաթյա տուփը թափահարելուց և կտրուկ խոսելաձևից՝ «Եգիպտական, թուրքական թե՞ վիրջինյան: Դրանք բոլոր խառն են», Բերթան հասկացավ, որ Ֆուլթոնը ոչ միայն ամուսնուն ձանձրալի է թվում, այլև իսկապես դուր չի գալիս: Իսկ Միսս Ֆուլթոնի պատասխանելու ձևից՝ «Ոչ, շնորհակալություն, ես չեմ ծխում», Բերթան որոշեց, որ Ֆուլթոնն էլ նույնը զգաց, ու վիրավորվեց:
«Հարրի, մի՛ ատիր նրան: Դու սխալվում ես նրա հարցում: Նա հրաշալի է, հրաշալի: Եվ, բացի այդ, ինչպես կարող ես այդպես վերաբերվել մեկին, ով այդքան մեծ նշանակություն ունի ինձ համար: Ես կփորձեմ քնելիս քեզ պատմել, թե այս երեկո ինչ է կատարվել: Ինչ ենք մենք երկուսով վերապրել»,-այս վերջին բառերից հետո ինչ-որ տարօրինակ և անգամ հիանալի միտք սողոսկեց Բերթայի գլուխը: Եվ կուրորեն ու ժպիտով շշնջաց նրան. «Շուտով այս մարդիկ կգնան: Դու և նա միասին մենակ կմնաք մութ սենյակում, տաք անկողնում»։
Բերթան ցատկեց իր աթոռից և վազեց դաշնամուրի մոտ:
-Ի՜նչ ափսոս, որ ինչ-որ մեկը չի նվագում,-ճչաց նա,-Ի՜նչ ափսոս, որ որևէ մեկը չի նվագում:
Կյանքում առաջին անգամ Բերթա Յանգը ցանկացավ իր ամուսնուն: Օ՜, ինքը սիրում էր նրան, սիրել էր, իհարկե, բոլոր մյուս ձևերով, բայց ոչ այդ կերպ: Եվ, իհարկե, հասկանում էր, որ նա տարբերվում է իրենից: Նրանք դա այնքան հաճախ էին քննարկել: Սկզբում ահավոր անհանգստանում էր իր սառնությունից, բայց որոշ ժամանակ անց դադարեց անհանգստանալ: Նրանք այնքան անկեղծ էին իրար հետ, այնքան լավ զույգ էին: Դա ժամանակակից լինելու նրանց լավագույն հատկանիշն էր:
Բայց հիմա, կրքոտ, կրքոտ։ Նրա մարմինն այրվում էր ցանկությունից: Դա ա՞յն էր, ինչի հանգեցնում էր երանության զգացումը: Բայց այն ժամանակ, այն ժամանակ…
-Սիրելիս,-ասաց տիկին Նորման Նայթը,-Տխուր է, սակայն պետք է ասեմ: Մենք ժամանակի ու գնացքի զոհերն ենք: Մենք ապրում ենք Համփստեդում: Այնքան հաճելի էր:
-Ես ձեզ հետ կգամ նախասրահ,-ասաց Բերթան,-Ձեզ հետ հաճելի էր: Բայց չպետք է բաց թողնեք վերջին գնացքը: Դա ահավոր է, չէ՞:
-Նա՛յթ, գնալուց առաջ վիսկի խմիր,-գոռաց Հարրին:
-Ո՛չ, շնորհակալություն, ծերուկ:
Բերթան սեղմեց նրա ձեռքը, երբ հրաժեշտ էին տալիս այդ պատասխանի համար:
-Բարի գիշեր, բարի գիշեր,-գոռաց վերևի աստիճաններից՝ զգալով, որ իր էության մի մասնիկով ընդմիշտ բաժանվում է նրանցից:
Երբ Բերթան վերադարձավ ճաշասենյակ, մյուսներն արդեն գնում էին:
-…ուրեմն կարող եք ճանապարհի մի մասն իմ տաքսիով գալ:
-Ես այնքան շնորհակալ կլինեմ, եթե ստիպված չլինեմ իմ ահավոր փորձությունից հետո ևս մեկ անգամ մենակ ճանապարհ ընկնել:
-Կարող ես տաքսի նստել փողոցի վերջում գտնվող աստիճանների մոտ: Ստիպված չես լինի մի քանի կանգառ քայլել:
-Այդպես հարմար է: Գնամ վերարկուս հագնեմ:
Օրիորդ Ֆուլթոնը շարժվեց նախասրահի ուղղությամբ, երբ Հարրին հրելով առաջ անցավ նրանից:
-Թույլ տվեք ձեզ օգնել:
Բերթան գիտեր, որ նա զղջում է իր կոպտության համար, և նրան մենակ թողեց: Որոշ առումներով նա այնքան էմոցիոնալ ու հասարակ տղա էր:
Բերթան Էդդիի հետ մենակ մնաց խարույկի կողքին:
-Հետաքրքիր է դուք տեսե՞լ եք Բիլկսի Table d’Hôte («Գլխավոր մենյու») վերնագրով նոր բանաստեղծությունը,-մեղմորեն հարցրեց Էդդին:-Այն ուղղակի հիասքանչ է: Վերջին ժողովածուում է: Դու կրկնօրինա՞կն ունես: Կուզեի քեզ այն ցույց տալ: Այն սկսվում է անհավանական գեղեցիկ տողով. «Ինչու՞ պետք է միշտ լինի լոլիկի ապուրը»:
-Այո,-ասաց Բերթան և անաղմուկ շարժվեց դեպի ճաշասենյակի դռան հակառակ կողմում գտնվող սեղանի մոտ, իսկ Էդդին լուռ հետևեց նրան: Բերթան վերցրեց փոքրիկ գիրքն ու մեկնեց նրան, նրանք ոչ մի ձայն չհանեցին:
Մինչ Էդդին այն կթերթեր, Բերթան շրջեց իր գլուխը դեպի նախասրահ: Եվ տեսավ…Հարրին կանգնել էր օրիորդ Ֆոլթոնի վերարկուն թևերին գցած, իսկ վերջինս մեջքով շրջվել էր նրա կողմը՝ գլուխը կռացած: Հարրին մի կողմ նետեց վերակուն, ձեռքերը դրեց նրա ուսերին և կտրուկ շրջեց իր կողմը: Նրա շրթունքներն ասացին. «Ես պաշտում եմ քեզ»։ Իսկ օրիորդ Ֆուլթոնի իր լուսնի շողերով ողողված մատներով դիպավ նրա այտերին և ժպտաց իր քնկոտ ժպիտով: Հարրիի քթանցքները թրթռացին, շրթունքները սոսկալի ծամածռվեցին, երբ նա շշնջաց. «Վաղը»։ Ու Ֆուլթոնն ասես կոպերով հաստատեց. «Այո՛»:
-Ահա՛ այն,-ասաց Էդդին:-Ինչու՞ պետք է միշտ լինի լոլիկի ապուրը: Սա խորը ճշմարտություն է պարունակում, այնպես չէ՞: Լոլիկի ապուրը սարսափելիորեն մշտնջենական է:
-Եթե կուզեք,- նախասրահից լսվեց Հարրի շատ բարձր ձայնը,-ես կարող եմ տաքսի կանչել:
-Օ՛, ո՛չ: Պետք չէ,-ասաց օրիորդ Ֆուլթոնն ու մոտեցավ Բերթային՝ նրան մեկնելով իր նուրբ մատները:
-Հաջողություն: Անչափ շնորհակալություն:
-Հաջողություն,-ասաց Բերթան:
Օրիորդ Ֆուլթոնը ևս մեկ րոպե սեղմեց նրա ձեռքը:
-Քո սքանչելի տանձի ծառը,-ցածրաձայն ասաց նա:
Իսկ հետո գնաց։ Էդդին հետևեց նրան, ճիշտ այն մոխրագույն կատվին հետևող սև կատվի նման:
-Ես կփակեմ կրպակը,-զարմանալիորեն սառը և զուսպ ասաց Հարրին:
-Քո սքանչելի տանձի ծառը…
Բերթան պարզապես վազեց երկար պատուհանի մոտ:
-Օ՜, ի՞նչ է հիմա տեղի ունենալու,-բղավեց նա:
Սակայն տանձի ծառը ինչպես միշտ սքանչելի էր՝ անշարժ ու ծաղիկներով լի:

Թարգմանությունը անգլերենից՝ Անի Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *