«Գրանիշ» գրական համայնքը հրավիրում է մասնակցելու Անի Ամսեյանի՝ «Ճանապարհ դեպի լռություն» գրքի շնորհանդեսին: Շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը 18.30-ին՝ Բյուրոկրատ գրախանութում (Պուշկինի 51): Սիրով սպասում ենք:
Կարմիր
Ի՜նչ սիրուն էին երեխաները,
երբ վազում էին թափահարելով ձեռքերը,
իսկ մեր շնչառությունը մեզ դավաճանել էր արդեն:
Մենք շաղախաված էինք,
հունցված, խմորված իրար մեջ
ու ջախջախված երևի մի քիչ:
Տրվեց բառը ձայնին, բայց մենք մոռացանք շնչել,
ու ցուրտ ձմեռ եղավ:
Հիշեցի՞ր`
մենք Երկրի ընդերքում գանձեր գտանք,
մենք մոլորակի ամենախորքում թաքնաված ցավն էինք հայտնաբերել,
հետո հոշոտեցինք սիրտը տաք:
Ի՜նչ խաղաղ էր քո ներսից ծորում լույսը:
Մենք նրա պատկերի ճիշտ նմանությամբ էինք ստեցծված,
ինչու՞ չխոսեց մեզ հետ:
Դու ասացիր`
Աստված լռություն է,
բայց ես գրել էի արդեն, որ լռությունը դու ես:
Կմնա՞նք նրա հիշողության մեջ մենք:
Դու սրբեցիր արցունքներս,
հետո հաճույքով ասացիր, որ աղի է,
ու քաշեցիր ատամով ականջս:
-Մեր անցյալ կյանքի մեղքի արդյունքն է այս մեկը,
հանգիստ շնչիր,- շշնջացիր,
հետո ձեռքդ, որ երկնքին էիր մեկնել, մեղմ շոյեց արմատս,
և ես սահեցի բամբակե փափկությանդ վրայով
մի քանի ակնթարթ,
և դու նստվածք տվեցիր ջրերիս հատակում
մի քանի դար երևի:
Մերկ, լղար, կնճռոտ ճշմարտությունը
բոբիկ, տկար ու անճոռնի
սայթաքեց սառույցի վրա և ջախջախվեց իսպառ՝
ընդամենը կարմիր մի բիծ թողնելով:
Մենք հրհռացինք. հետոն չեմ հիշում:
Հիմա այլևս ես դատարկ տան տխրությունն եմ,
քանզի գիտեմ` լռությունը իսկապես դու ես.
և երեխաները սիրուն էին, որ վազում ու թափահարում էին ձեռքերը:
***
Շոպենի «Մի մինոր» պրելյուդը ավելի շուտ է ավարտվում,
քան Բախի խորալը 639-րդ,
և սերերն էլ իրենց հետ՝
թաթախված գինու մեջ կարմիր ու սպիտակ։
Եվ դատարկ բաժակները հիշողություններ են՝ շարված փոքրիկ կաթիլների հետքերով,
որոնց մեջ պարզ կարդում եմ հիմա`
բոլոր բանաստեղծությունները ի վերջո միայնության մասին են,
և բառն առաջին ծնունդն էր ունայնության,
որ սեր կանչեց:
***
Քաղա՛ք,
ես քո պայթած երակից
դուրս վիժող արյան ձայնն եմ…
գիշերային լռության մեջ։
***
Քո ալիքները մեռնում են ցամաքին իմ կղզու,
կարմրադեղինով լցվող գիշերս շուտով կավարտվի:
Լուսնի արտացոլանքի միջով
դու սահում ես հանդարտ,
ես հրաժեշտ եմ տալիս ծանոթ-անծանոթ ուրվագծին քո.
հեռացող ոտնաթաթերիդ ամեն հպումով
փակվում են այլևս
երկնքի դռները:
Շրջվի՛ր,
թող մի անգամ էլ շուրթերդ տեսնեմ,
և հայացքիս միջով թող հոսի, հոսի, հոսի
աշխարհն այս…
Հալոցքի մեղեդին
թող ափեափ լցնի ինձ՝ որպես հիշողություն,
որ երբ գնաս ու
մութն իջնի վերջին անգամ,
ցամքած ու փոքրացած
ավազահատիկ մարմինն իմ
հարություն առնի մեն մի բառով քո,
երգով անձայն,
պատկերով անձև,
հպումներիդ երազների փշաքաղությամբ
թող հավատամ մեկ անգամ էլ դեռ՝
ես կղզի եմ եղել՝
մի քանի հպումով
քո ալիքների:
***
Երեկ ձյուն եկավ.
առաջին ձյուն` թաց, փափուկ, ճերմակ՝
մեղսավոր քայլերի, չասված բառերի.
այնքան հեռու, որ անիրական թվացող մեր մանկական հուշի վրա,
գարնան, աշնան, ամռան վրա,
թաց, փափուկ, ճերմակ գիշերային լռության
հետ
և այնքան գեղեցիկ,
որ եթե գայիր, բանաստեղծություն կգրեի:
Բայց այսօր ձյունը ցեխ դարձավ.
եվ ինչքան վարար են մայթերը, կտուրները, ծառերն ու ես` ոտքից գլուխ,
այ այդքան ցամաք ու չոր է սիրտս,
ու աչքերս էլ չոր են ու սառը:
Սև սառցե կետեր, ճերմակ-ճերմակ քաղաքի թաց, փափուկ ակնախոռոչում:
Թե հայտնվեինք անցած-գնացած հուշի մեր տանը,
հանդիպեի՜նք, լինեի՜ր,
կասեիր, չէ՞, տա՛տ ջան, կասեի՞ր.
-Բալա՛, սառել են աչքերդ, մարդ կուգա հեռվեն:
Բայց չկաս, տա՛տ, չկա՜ս:
Ու չի ասի ոչ ոք,
ու չի գա էն մեկը,
ու ցեխը ձյուն չի դառնա,
ու չի լինի բանաստեղծություն.
երբեք չի լինի։
***
Քո թոքերով է շնչում քաղաքն իմ,
սիրելի՛ս
շարժմանդ մեջ,
ծալքերիդ մեջ, անցքերիդ մեջ
սիրելի՛ս։
Պատուհանի ապակուն լղոզվեց երեկոն,
որ ավերիչ արագությամբ սլանում էր մաշկիդ վրայով.
ինչո՞ւ փնտրեմ պատկերդ,
երբ կոպերիս տակ,
մթության մեջ անգամ քո շնչառությունը շոյում է սիրտս։
Իմ քաղաքում ցուրտ չկա և տապ չկա,
իմ քաղաքում սով չկա և ցավ չկա,
քաղաքում մութ ու լույս վաղուց չկա,
ձայն չկա,
ձև չկա,
քաղաքում միայն դու ես,
և քո ստվերն է մնացյալը։
Ո՞րն է քո խուցը,
որտեղ տեղավորել ես տիեզերքը այս,
ո՞ր կետն է բարձդ,
ականջդ ո՞ր աստվածային փափկությունն է շոյում,
ո՞ւր է առանցքը երկրիս։
Բառը սուտ է,
և մեղեդին անգամ։
Թարթիչդ գցիր կոճակներիցս ներս,
կրծքիս վրա թող,
երաժշտության և հանգի,
պատկերի ու շարժման
ամբո՜ղջ-ամբո՜ղջ մարդկության ստեղծած,
կուտակած,
դիզած գեղեցկության փոխարեն
թարթիչդ դիր կրծքիս ու գնա,
գնա՜, սիրելիս…
Քո կատարելությունը երբեք իմ բառը չի ունենա։
Ինչպե՞ս շշնջամ քեզ.
երկինքը դու ես։
Քանի աստղ էլ շաղ տամ, անծայր կմնաս,
քո անունի միջով ինչքան քայլեմ,
տեղ չեմ հասնելու,
անսկի՛զբ իմ, անբացատրելի ու անսահման,
քո մասին խոսելիս պիտի ինձ աղքատ ու ստոր զգամ,
որովհետև անկարողությունից համրանում եմ,
անշարժ քարանում,
բայց ամենահարուստն եմ ու ամենակարողն եմ,
որովհետև իմ միջով
թե մի կաթիլ էլ օվկիանոսիցդ դուրս տամ,
դարերով կլողամ քո մեջ,
հեռավոր տո՜ւն իմ,
ծխացող երա՜զ իմ,
մանկության քո՜ւն իմ,
հորդացող, անվերջ, անսկիզբ ճրա՜գ իմ,
հույս իմ։
Մութ գիշերներում,
լուռ գիշերներում ինչքա՞ն խարխափեմ,
որ հասնեմ կայծիդ։
Իմ մոխրացած թոքերի համար վերջին թթվածին,
կռկված մարմնիս համար եթերային յուղ,
ազատություն իմ,
տարածություն իմ։
Վերջին վայրկյանին թող ձայնդ լսեմ,
և թող կանգ առնի պտույտն այս հրամանով քո,
թե՞ քեզ ձուլվելու համար պիտի հող դառնամ։
Համբերատարությամբ րոպեները թող հաշվեմ,
որ ծաղիկ դուրս չգա մեզնից,
որ հասկ դուրս չգա ու հաց չդառնա,
որ մեր ձուլումը լինի վերջին արարը,
վերջի՜ն արարը:
***
Չգիտեմ՝ աքաղաղը քանի անգամ էր հասցրել կանչել
քեզ ուրանալու համար,
այսօր
ինձ
երեք,
երեսուներեք,
երեք միլիոն երեք անգամ
ուրացա: