Պարույր Սևակ | Բարի իրիկուն քեզ, իմ մենավոր

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Գարնան բուրմունքը հիմա
Սար ու ձորերն է բռնել:
-Ինչ-որ բան ես ցանկանում,
Թե ինչ՝ չես էլ հասկանում
Ու չես կարող ըմբռնել:
Կարծես բացել են դռներ,
Ներս առնել չեն ցանկանում:

Գարունն իր պաղ ու տաքուկ
Շունչն է օդում տարածել:
-Ինչ-որ ձայն է քեզ կանչում,
Ձա՛յն, որ դու չես ճանաչում
Ու չես կարող ճանաչել…
Գուցե հենց այդ են կոչել
Անմեկնելի զգացում…

13.VII.1953թ.
Նավչալու

 

ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ

Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:

Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ…

Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ…

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –

Եթե վիճակվել է… չվիճակվել իրար…

15.VIII.1956թ.
Չանախչի

 

ՔՈ ԱՆՈՒՆԸ

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

. . . . . . . . . . . . . . . . . . .

…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը…

25.VII.1961թ.
Երևան

 

ԳԼԽԱՊՏՈՒՅՏ

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…

Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծի՛կ,
Բառերի մի պա՜րս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Մի՛միայն սիրով
Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Մի՛միայն մեկին
Կարողանայի՜ մտովին ասել.
«Դո՜ւ-
իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞, որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես… մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: Մեղք է:
Եկ ամեն մեկըս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ… այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ-
իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով:

Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջե՜րմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողությո՛ւն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սե՛րըս-
վերջի՜նըս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կըս` ճակատագըրով:

Արի՛ ինքներըս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ… կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագըրո՜վ,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբա՜ր…

26.I.1962թ.
Երևան


ԱՆՋԱՏՈՒՄ

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր:
Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես,
Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ,
Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս
Այս ասֆալտի՞ց արդյոք,
Թե՞ այս տըրամվայից,
Որ ձգվել է հիմա լուռ փողոցում`
Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես:
Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»:
Այս բառն ինձ դարձըրել է կշեռք
Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն
Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք:
Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք:
Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից:
Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց
Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում:
Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի
Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ,
Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ,
Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է:
Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա,
Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է:
Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա
Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում,
-Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու,
Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը:
Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

30.IX.1961թ.
Երևան

 

ՉԿԱՍ ՈՒ ՉԵՍ ԼԻՆԵԼՈՒ

Դու չկա՛ս, չկա՛ս…

Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:

…ու չե՜ս լինելու:

Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:

Դու չկա՛ս, չկա՜ս…

Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը:

…ու չե՞ս լինելու:

Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռընկի ինքը վառ օդը:

Դու չկա՛ս, չկա՜ս…

Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,

Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու…

30.III.1959թ.
Մոսկվա

 

ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ…

Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

…Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ՝ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի:

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի՝
Այդ դեպքում ես
Ինչպե՞ս անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրո՜ւկ եմ.
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվո՜ւմ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից՝
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող է նո՛ւյնքան ինձ թարգմանել,
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը…

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե:
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի՜նչ,
Ցա՛վ չեմ զգում անգամ:

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…

03.X.1961թ.
Երևան

 

ՆԱՄԱԿ

Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,-
Ինքս էլ չգիտեմ.
«Արդյոք քեզ ե՞րբ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…»

Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,-
Ինքս էլ չգիտեմ.
«Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ՝
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին՝
Ճանկռում են դեմքըդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ
Ու քայլում էի նաև… մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞ թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք՝
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք՝
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը:
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցընում դեմքը:
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար):
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար,
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)»…

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղ,-
Ինքս էլ չգիտեմ.
«Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին.
Գարունը անցավ՝
ես քեզ չտեսա,
Ամառը անցավ՝
ես քեզ չտեսա,
Աշունը անցավ՝
չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի՝
չեմ տեսնի ես քեզ:
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը… մի՞ թե չի գալու»…

01.II.1963թ.
Երևան

 

ՀԱՆԳՍՏԱՑՐՈՒ ԻՆՁ

Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ…

Оգնի՛ր, որ ցավըս…
Չի՜ անցնի ցավըս…
Գուցե պետք էլ չէ, որ անցնի ցավը:
Նա էլ է ծնունդ,
Ինչ-որ երեխա
Եվ… իր ապրելու իրավունքն ունի…
Օգնի՛ր, որ ցավիս ետևո՛ւմ պահվեմ.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ…

Ինչի՞ համար է այս երկմտանքը:
Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն:
Թո՛ղ որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամե՜ն բան պատկերացված է:
Ինչ-որ հնարքով կողպի՛ր մտքերըս.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ…

Անչափ կարոտ եմ շատ պա՛րզ խոսքերի՝
Տափա՜կ-կրկընվա՜ծ,
Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն,
Բայց նաև միա՛կ – չփոխարինվո՛ղ
Շատ պա՜րզ խոսքերի:
Թո՛ղ որ այցելեն ինձ այդ խոսքերը:
Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից
Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ:
Սակայն մինչև այդ ի՜նչ խոսքով կուզես
Հանգստացրո՛ւ ինձ՝
Հանգստացրո՜ւ…

Հանգստացրո՛ւ ինձ՝
Չգիտե՜մ ինչով:
Գուցե՝ ոչնչով:
Էլ չկա՜ հրաշք:
Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել
Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով՝
Իմ շրջակայքում,
Փոշով խավապատ հայելու վրա՝
Քո փորագրիչ – նկարիչ մատի մի խզբզանքով,
Որ նման լինի անհայտ մի լեզվի նշանագրի:
Իսկ սա մի՜շտ ունի թալիսմանի ուժ…

Տո՛ւր ինձ մի խորհուրդ,
Խորհուրդ այնպիսի՛,
Որ ո՛չ մի բառով չի բռնադատվում:
Էլեկտրագրի՛ր մի գալարագիծ կամ լուսալիք,
Ինչպես անում են ճշգրիտ կոչված սարքերը միայն:
Թարգմանությունը մի՜շտ սպանում է:
Քե՛զ մի թարգմանիր.
Ի՛նձ հանգստացրու,
Հանգստացրո՜ւ…

Տիեզերքի մեջ բոլոր մարմիններն ունեն գնդի ձև՞:
Եվ հիմա չունեմ ես իմ մեջ ոչի՜նչ,
Որը չլինի հանգույցի՛ նման,
Կոճակի՛ նման,
Նաև կորիզի՜.
Սե՛րը,
Տանջա՛նքը,
Մտքերը՜ս բոլոր՝
Հանգույցի՛ նման,
Կոճակի՛ նման,
Նաև կորիզի՜:
Տափակացրո՛ւ.
Ինձ հանգստացրո՜ւ…

Ասա. «Հերի՜ք է»:
Եվ ասա. «Կա՛նգ առ»:
Ու ես կանգ կառնեմ,
Ինչպես կանգնում են
Տրամվայների մոտեցող-հասնող շնչառությունից,
Ինչպես կանգնում են փակ դռան հանդեպ:
Ու ես չե՛մ ուզում ոչի՜նչ ուզենալ.
Ո՛չ այն պատճառով,
Որ ուզենալը վիրավորիչ է,
Այլ ա՛յն պատճառով,
Որ պատճա՜ռ չկա բան ուզենալու:
Բայց, այսուհանդերձ, ինձնից էլ թաքուն,
Գուցե կուզեի մի պահ կանգ առնել,
Ինչպես կանգնում են
Ո՛չ թե մոտեցող տրամվայների շնչառությունից,
Փակ դռան առջև,
Այլ այնպես,
Ինչպես կանգնում են նաև ծաղկի՜ հանդիման…

Դու այնպե՛ս ուզիր,
Որ ես չուզենա՜մ.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ…

04-05.IV.1961թ.
Մոսկվա

 

ՍԵՐԸ
1.
Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի։

-Սերն է։

Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր։

-Սերն է։

Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածըր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վե՛ր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես։

-Սերն է…

2.
Հետըդ զրուցողին պատասխան ես տալիս՝
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով, անվե՜րջ, նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից,
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ… չի կնքված։

-Սերն է։

Քներակիդ զարկը կաթոցքի է նման,
Ա՛յն կաթոցքի, որ (ճի՜շտ) քար է ծակում։
Անքնությունն անվերջ հյուսում է ցանց մի խիտ,
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ։

-Սերն է։

Քնքշացել ես այնքա՜ն
Ու խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի։

-Սերն է։

Երկու աչքեր, անվե՜րջ, հետապնդում են քեզ,
Երկու աչքեր, ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,-
Երկու աչքեր՝
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խարա՜ն…

-Սերն է…

10.III.1964թ.
Դիլիջան

 

ԿԱՐՈՏԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ

Ես իմ մթի՜ն-մթի՜ն կարոտն այնպե՛ս գիտեմ,
Ինչպես կույրը գիտի բնակարանն իր հին…

Իմ իսկ շարժումները ես չեմ տեսնում,
Իրերն իրենց տեսքը թաքցընում են ինձնից,
Բայց անսխալ արդեն և անսայթաք
Ես շարժվում եմ այնտեղ,
Ապրում այնտեղ,
Գուցե այն ինքնալար ժամացույցի նման,
Որի սլաքները պոկելուց էլ հետո
Աշխատում է դարձյալ՝ ցույց չտալով
Այլևըս ո՜չ րոպե և ո՛չ էլ ժամ…

Ու ճոճվելով մթան և մենության միջև՝
Ես կարոտն եմ ուզում տարրալուծել
Քիմիկոսի նման, որ հասկանամ
Բնությունը նրա և խորհուրդը խորին։
Իմ ձգտումի վրա, ջանքիս վրա
Հեռվից քրքջում է ջուրը ջրհորդանի՝
Անասելի՛ հեռվից,
Անլսելի՜ հեռվից։

Մի քաղքենի թռչուն հեղուկ գեղգեղանքով
Իր խեղճ գոյությունն է երգ դարձընում անբառ՝
Անլսելի՛ հեռվից,
Անորսալի՜ հեռվից։

Բառերն սկսում են անձս վիրավորել,
Որովհետև նրանք ինձ են արձագանքում
Անորսալի՛ հեռվից,
Աններելի՜ հեռվից։

Պատից պատ եմ քայլում, և քայլերիս
Ձայնը թվում է, թե շատ է հեռվից գալիս,
Աններելի՛ հեռվից,
Անկարելի՜ հեռվից։

Թեպետ կույր չեմ բնավ,
Սակայն շուրջս նայում
Ու չեմ տեսնում ոչի՛նչ,
Որովհետև
Հաճախ մեր աչքերը ջոկվու՛մ – պոկվու՜մ մեզնից
Ու գնալո՜վ գնում և հասնում են այնտե՛ղ,
Որտեղից մենք հիմա շա՜տ ենք հեռու,
Անկարելի՛ հեռու,
Անհնարի՜ն հեռու:

Մենք ինքներըս վազում մեր հետևից
Ու չե՛նք կարողանում ինքներըս մեզ հասնել։
Ու չե՜նք կարողանում ինքներըս մեզ հասնել…

Եվ հենց դա՞ չէ արդյոք, որ կոչվում է կարոտ…

04,05.II.1964թ.
Երևան

 

ԱՅՍՊԵՍ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ

Պարտականության ու սիրո միջև
Այդ ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման…

Եվ որտեղ որ է
Ես ինձ արմատից ինքըս կպոկեմ,
Այսինքըն՝
Կելնեմ ու լուռ կգնամ հենց Օրենքի մոտ,
Կասեմ.
-Վերցրո՛ւ ինձ,
Քո օրենսգրքի կետերից մեկը դարձրո՛ւ ինձ, կասեմ:
Դարձրո՛ւ ինձ, կասեմ, այն «Չի կարելի՛»-ին,
Այն «Ո՛չ»-ը,
Այն «Չէ՛»-ն,
Որ մեզ խեղդում է
Կրծքի չբուժվող հեղձուկի նման…

Ու եթե հարցնես կատակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես… (ի՜նչ կատակ)… տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
-Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք,
Որովհետև ես, ահա՛, տնկված եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜քը չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա՛ չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպե՛ս,
Որ բուդդայաբար պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց կրակված այդ բառը («ի՜մըս»)…

Հիմա դու իմն ես, որքան որ իմն է… Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է… Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետև ե՛ս,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման…

Այսպես չե՜ն սիրում:
Այսպես… մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում…

14.XI.1963թ.
Երևան

 

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԹՈՐԻԿ

Գեղեցիկ չէր, ես էլ գերված-տարված չէի:
Կար պաղ գինի միայն ու նույնքան պաղ զրույց:
Ո՛չ ես, ո՛չ էլ ինքը սիրահարված չէինք,
Ո՛չ էլ խոսում էինք հիմար սիրուց:
Հետո… ինչպես եղավ… ու տաքացա՛վ գինին,
Ու տաքացավ խո՛սքը, ու… տաքացա՜վ:
Ինչքան խմեցի ես` ասաց «անո՜ւշ լինի»,
Ինչքա՛ն խմեցի ես` այնքան գեղեցկացա՛վ,
Այնքա՜ն գեղեցկացավ, որ չեմ հիշում հիմա,
Թե մինչև այդ ինքը իր ինչի՞ն էր նման…

Հետո , երբ դուրս ելանք ,թվաց , թե նա
Շրջազգե՛ստ չի հագել, այլ` փոթորի՜կ:
Հետո… փոթորիկն այդ տեղափոխվեց իմ մեջ ,
Հետո… փոթորիկն այդ փոխանցեցի նրան`
Իմ մատների միջով – միջոցով իր թևի:
Հետո… փոթորիկն այդ մեզ երկուսիս քշեց,
Թավալգլոր տարավ չգիտեմ ուր,
Բանալիով ջարդեց ինչ-որ մի դուռ,
Եվ քանի որ արդեն հոգնած էր շատ`
Փոթորիկը պառկեց մահճակալին,
Հսկա՜ փոթորիկը նեղլի՛կ մահճակալին,
Որպեսզի մի փոքըր հանգստանա…

Հանգստացավ, երբ որ… առավոտն էր բացվում…

Հիմա, կանգնած այդ նույն մահճակալի դիմաց,
Փոթորկի հետքերն եմ զննում ու տնտըղում
Ո՛չ անկողնու վրա, այլ իմ ներսո՜ւմ: Հիմա
Մինչև ծունկըս խրված ինքըս իմ մեջ`
Ինչպես ծառը հողում,
Ես ճոճվում եմ տեղում:
Մեջըս սկսում են արմատ ձգել
Եվ ծառայի՛ն մտքեր, ծառի՛ մտքեր:
Ու ես ծառի նման չեմ կարենում լքել
Այն տեղն, ուր տնկված եմ:
Հիմա ինչպե՞ս պոկեմ,
Ինչպե՞ս ինքըս պոկեմ ինձ ինձանից
Ու վեր կենամ գնամ.
Քայլող ծառի՞ նման…

30, 31.X.1965թ.
Չանախչի

 

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԵՏ

Իսկ ինձանից
Ինչո՞ւ ես դու այսպես քաշվում և ամաչում:
Ին՜չ է, մենք նո՞ր ծանոթացանք,
Իրար դեռ լավ չե՞նք ճանաչում:
Բայց, ամաչկո՜տ իմ սիրելի, ես քեզ գիտեմ
Ու սիրում եմ առնվազն մի 40
Կամ… 4000 կարճլիկ տարի:
Դու ինչպե՞ս ես դա մոռանում
Ու քեզ պահում այնպես քաշված և ամոթխած,
Կարծես նոր ենք ծանոթացել
Ու դեռ կարգին չենք ճանաչում մեկըս մեկին:

Չէ՜, սիրելի՛ս,
Մենք նորասեր զույգ չենք, բնա՛վ:
Սիրո քայլող հուշարձա՜ն ենք`
Վաղնջակա՛ն և հինավո՛ւրց:
Ես քեզ անգիր ու գոց գիտեմ` կրակի՜ պես,
Ա՛յն կրակի,
Որ ստվերով մեզ նկարեց քարանձավի պատի վրա
Եվ բոցեղեն իր տագնապով ճիշտ թարգմանեց
Քո խլի՛րտը,
Իմ խայտա՛նքը,
Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ընդգրկո՛ւմը,
Որից դիցեր և աստվածներ ծնունդ առան`
Մեր մեծացած մանուկների ծանոթ տեսքով…

Եվ դարերը մենք կարող ենք հաշվել այնպես,
Ինչպես մանկան ատամները`
Գորովանքով մի կաթոգին…
Մեր սիրո մեջ ձմեռում են առասպելներ,
Ասքեր նիրհող,
Որ մեր ամեն մի հպումից
Արթնանում են հանգստացած,
Դրանից էլ հին աշխարհն է միշտ նորանում
Յուրաքանչյուր նո՛ր սիրո հետ`
Մե՛ր սիրո հետ:
Եվ նոր սիրով հին աշխարհի նորացումն է
Մինչև անգամ կրկնությունը քո ամոթխած շարժուձևի,
Այս քո երկչոտ տատամսումը,
Անգիտակից այս քո վախը,
Առանց որոնց սկի՛զբ չկա, սկի՛զբ, սկի՜զբ…

Իսկ սիրո մեջ ամե՛ն սկիզբը միշտ տարբեր է.
Վերջն է նույնը:
Վերջն է նման:
Սակայն մե՜զ ինչ վերջը սիրո:
Վերջի մասին թող մտածի վերջացողը:
Մերն սկիզբն է:
Եվ ուզում եմ, որ սկիզբը լինի այնպես,
Ինչպես (հիշի՜ր) ա՛յն ժամանակ,
Երբ կրակը մեզ նկարեց իր ստվերով
Քարանձավի խոնավ պատին
Ու բոցեղեն իր տագնապով ճիշտ ու ճկուն կերպավորեց
Քո սարսո՜ւռը,
Իմ թրթի՜ռը,
Իրարատենչ մարմինների մեր փոխադարձ ճարակո՜ւմը,
Որով կյանքի կրակը միշտ մնաց անշեջ`
Ծխանման տառապանքով
Եվ բոցաձև երջանկությամբ:

Իսկ աշխարհում
Երջանկությունն ավելի է տարողունակ,
Քան տանջանքը,
Թե չէ սողուն ժամանակը այսպես արագ չէր սլանա`
Երջանկության ժամը վայրկյան դարձընելով…
Ուրեմն արի մենք իրարից զուր չամաչենք`
Շատ չծխանք,
Որ սերն ազատ շարունակվի, իբրև զուտ բոց,
Իբրև սնունդ մերատիպար աստվածների….

Ա՛յն, ինչ կյանքում մոռացվում է, միշտ չէ, գիտե՛մ,
Որ իսկապես արժանի է մոռացության:
Բայց մոռացի՛ր քո վարանքը,
Քո ամաչկոտ շարժուձևը,
Որովհետև մերպեսների համար, գիտե՞ս,
Ամաչելն է արդեն ամոթ:

Բացվի՛ր:
Բացվե՜նք:
Եվ մոռանանք,
Որ մենք նոր ենք ծանոթացել:

Բացվի՛ր:
Բացվե՜նք.
Որ արթնանա
Մեր հոգու մեջ դարեր նիրհող
Մտերմությունն ամենահաղթ,
Եվ մենք`
Բռնած իրար ձեռքից,
Ե՜տ ճամփորդենք` հեքիաթի պես` դեպի այնտեղ,
Որտեղ էինք մի 40 կամ… 4000 տարի առաջ,
Եվ այնտեղից նո՛ր սկսենք
Ճանապարհը մեր նո՛ր սիրո.
Վերադառնանք մենք… դեպի մեզ,
Մենք… դեպի մեզ…

16.III.1964թ.
Դիլիջան

 

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ

Երբ լուսաբացն է լրտեսում ապակիները մեր խավար,
Ու կիսամութն է խուզարկում անկյունները մեր տների,
Դու երևի արթնանում ես՝
Արևի հետ:

Մեգն է մեկնում արձակուրդի:
Հավաքարար քամու ձեռքով
Ավելվում է գիշերային երազների կտորտանքը:
Ժամանում է օրը՝ իբրև վերաքննիչ:
Տարագրված տագնապներն են վերադառնում
Ու ծեծում են արդարության փակ դռները…

Իսկ դու ձեր փակ դռան ետև
Ի՜նչ իմանամ ի՞նչ ես անում:
Դու երևի նախ և առաջ լվացվում ես,
Որ… թարմանա ողջ աշխարհը…
Հետո մազերդ ես հարդարում,հավանաբար,
Որ շփումից քո մազերի ու քո սանրի
Առաջանա էլեկտրական հոսանք մի մեղմ,
Եվ դրանից… բոլոր մարդիկ զգան սարսուռ
Ու հաճելի փշաքաղվեն ամբողջ մաշկով…
Հետո գուցե սուրճ ես խմում,
Քո աչքերի՛ գույնն ունեցող
Ու նու՛յնքան էլ այրող տաք սուրճ,
Որ աշխարհի երակներով անվերջ շրջի
Հոտը սրճի…
Հետո արդեն փոխում ես դու զգեստը քո
Ու դուրս ելնում,
Որ… երբ անցնի ամբողջ մի դար,
Դարավերջին
Ինձ հանդիպես տաքսիների հանգրվանում
Եվ աչքերիդ անմե՜ղ-անմե՜ղ մեղմեղանքով
Ուշանալուդ համար, շիկնա՛ծ, չքմեղանաս՝
Շշնջալով՝ «չնեղանա՜ս»:

Չե՛մ նեղանում:
Քշի՜ր, վարո՛րդ:
Ու՞ր:
Չգիտե՛մ:
Քշի՜ր, վարո՛րդ:
Արեգակը՝
Շնիկի՞ պես, թե՞ բալիկի,
Տանից ելել և ինչ-որ տեղ մոլորվել է:
Գնանք գտնենք ու ետ բերենք:
Քշի՜ր, վարո՛րդ…

23.III.1964թ.
Դիլիջան

 

ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ

Պատահում է և… շա՛տ հաճախ,
Մարդ մտովին կրակում է իրեն վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ-որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է:
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում – մնում ենք մենք։

Եվ ինքներըս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական-կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևըս մի կարճ տարի…

Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜-քանի՜ անգամ
Այս սրախիճ – տատասկապատ ճանապարհը
Կրկընել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնե՛լ եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքըս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց…
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ինքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջըկա աչքերի մեջ։

. . . . . . . . . . . . . . . . . . .

Փակի՛ր աչքերդ, սիրելի՜ս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ… ավիրեմ քո՛ աչքերը…

Փակի՜ր աչքերըդ, սիրելի՛ս…

20.III.1964թ.
Դիլիջան

ԲԱՐԻ ԻՐԻԿՈՒՆ

Արեգակն է թեքվում:
Կարճանում է օրը:
Եվ լեռները նորից երեխա են ծնում՝
Ստվերների տեսքով,
Որ մեծանում քիչ-քիչ
Ու թաղում են իրենց ծնող մորը:

Պտտահողմը՝
Հենված ոտնաթաթի վրա,
Խոյանում է երկինք՝
Հաստատելով
Ժխտված առասպելը համբարձումի:

Ցրտող օդում դանդաղ թպրտում է
Մի կտոր տաք մարմին,
Որ թռչուն է կոչվում:
Ինչ-որ կին է կանգնած խուփ դաշտի մեջ,
Եվ ոտների տակով անց է կենում
Երկրագնդի անտես այն առանցքը,
Որի երևացող մասն է ինքը:

Առա՛նց հանցանքի մեջ բռնըվելու,
Առա՛նց վկաների առկայության
Ինքըս մեղավոր եմ ինձ ճանաչում
Ու վախվորա՜ծ-քաշվա՜ծ մրմնջում եմ հեռվից.
Մրմնջում եմ արդեն ո՛չ թե սրան,
Այլ այն մեկի՛ն՝ իմի՜ն, հեռավորի՜ն.
-Բարի իրիկուն քեզ, ի՛մ մենավոր…

15.XI.1961թ.
Երևան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *