Արդի հայ բանաստեղծությունը տարամետ և բազմազան, երբեմն իրարամերժ միտումներ ունի: Դրանով հանդերձ այն, համարձակվում եմ պնդել, իր մայրուղիները, որոնցից էլ միայն հնարավոր ու տրամաբանական է դառնում ամենայն շեղում, լրիվ ծավալով դեռ չի գիտակցել: «Մայրուղի» ասելով ես որևէ ձևական, ոճական կամ լեզվական կողմ, մեթոդ կամ ուղղություն նկատի չունեմ. նման բան բանաստեղծության մեջ պարզապես գոյություն չունի,- այդտեղ բանաստեղծությունը հետաքրքիր է հենց ոչ թե մայրուղիներին կամ «գլխավոր» ճանապարհներին, այլ, ճիշտ հակառակը, չտրորված արահետներին… Երբեմն` այն (ինչը գերմանացի փիլիսոփան նշել է իր գրքի վերնագիր դարձրած «Holzwege» անթարգմանելի բառով` նկատի ունենալով անտառում չգիտես` որտեղից սկսվող և անհայտ է` որտեղ հանկարծակի ընդհատվող կածանները), որոնք կարող են նաև ոչ մի տեղ էլ չտանել… Իմ ասած մայրուղին բանաստեղծության արվեստ-ականությունն է, այն, որ բանաստեղծությունը, ինչ էլ լինի, ուր էլ
մտնի, արվեստ է. սրա չգիտակցումը վտանգավոր է նրանով, որ այն բանաստեղծությունը դնում է զանազան ոչ գեղագիտական ծրագրերի տակ, որոնք իբրև հղացքներ գուցեև հետաքրքիր ու արդիական են, սակայն արժեքավոր չեն իբրև բանաստեղծություն և արվեստ կամ, ավելի ճիշտ, արժեքավոր կարող են դառնալ միայն բանաստեղծությամբ և արվեստով: Լոմոնոսովի` կարտոֆիլի մասին պոեմը այսօր ծիծաղելի է ոչ թե նրա համար, որ գրված է կարտոֆիլի մասին, այլ` որ այն միացել է կարտոֆիլը տարածելու պետական կամպանիային, պետական գործառույթ է վերցրել իր ուսերին, և երբ կամպանիան ավարտվել է (բարեհաջող), այլ դարձել է ծիծաղելի (նույնպես բարեհաջող)… (Չկարծեք` թե մենք պակաս ենք մնացել. նույն թեման պոեզիան Հայաստանում ստանձնել է անցած դարի 30-ական թթ., երբ «կարտոֆիլի» մի այլ կամպանիայի ժամանակ (երբ սովետական գյուղատնտեսական միտքն առաջարկում էր կարտոֆիլը, առատ բերք ստանալու նպատակով, տնկել ոչ թե մարգերով, այլ բներով) մեր բանաստեղծներից մեկը,- անունը չտանք,- գրեց. «Թե ուզում ես, որ լավ գնան քո գործերը տնային,/ Կարտոֆիլը պիտի ցանես քառակուսի-բնային»)… Ոչ մի նշանակություն չունի, որ «կարտոֆիլի կամպանիան» փոխարինվում է, ասենք, «ազատ սեքսի» կամ հենց թեկուզ ազատության կամպանիայով… Որ բանաստեղծությունը, նրա լեզուն, նրա միջոցներն ի սպաս են դրված որևէ բանի պրոպագանդային, նրանց գոյության պատկերմանը և ոչ թե` գոյությանը (որի մեջ մտնում են նաև… կարտոֆիլն ու, ասենք, սեքսը)… Որ այստեղ առաջին պլան է մղված պրոպագանդան և միտումը, այլ ոչ թե բանաստեղծությունը` իր ողջ գեղագիտությամբ… Ահա այս դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե տվյալ դեպքում բանաստեղծության թեման ինչն է` ազատությո՞ւնը, սե՞րը, հայրենասիրությո՞ւնը, թե՞ առօրյան ու, ասենք, քաղաքականությունը. այս ամենը բանաստեղծության մեջ արժեքավոր են ոչ թե ինքնին, այլ` իբրև բանաստեղծսւթյուն, իբրև լեզու, իբրև ռիթմ, իբրև պատկեր կամ փոխաբերություն, այլաբանական կամ ճակատային ուղիղ խոսք… Այս դեպքում է, որ բանաստեղծությունն աղախին չէ` ո՛չ կրոնի, ո՛չ իրականության, ո՛չ ազատության… Այլ դրանք ծառայում են բանաստեղծությանը… Այդ դեպքում է, որ ապահովված է բանաստեղծության ազատությունը, ազատությունը նաև… ազատությունից և ինքն իրենից: Արվեստն է, որ արդարացնում է ամեն ինչ, նաև` իրենից պոկվող և դեպի իրեն միտող, սակայն գուցեև երբեք չմիացող ուղիների ցրվածությունը և անգամ աննպատակայնությունը. այդ նա է, որ ապահովում է ամեն միտման գոյության իրավունքը` արդեն հավասարապես ներառելով նաև նրանց, ովքեր չեն ուզում քայլել մայրուղիներով կամ լինել չուերի մեջ, այլ ձգտում են թռչել մի կողմի վրա, կողքից, Nebenflieg-ով, ինչպես գերմանացիներն են ասում: Արվեստն է, որ երաշխավորում է, այսպես կոչված, թե՛ «ուղղադավաններին» և թե՛ «հերձվածներին» և օրհնում է կանոնի մեջ մտնելու և կանոնից բացառություն լինելու բոլորի իրավունքը,- բանաստեղծների միակ երաշխավորը ինքը` բանաստեղծությունն է: Այն բոլոր կարգի շարժերին մշակույթի կշիռ է հաղորդում` նրանց վերցնելով ամեն կարգի միտումներից ու ազատություններից և տեղադրելով լեզվի ու արվեստի մեջ, քանզի բանաստեղծության մեջ ազատությունն արժեքավոր է միայն այն դեպքում, երբ բանաստեղծության կառույցի մեջ է դրված: Առանց դրա այն մնում է ազատության պրոպագանդա: Առանց դրա այն սրամիտ բան է, դասական բան, մոդեռն բան, միստիկական բան, կրոնական բան, կյանքային (այսօր դրան ասում են` ժիզնեննի) բան, մազալու բան, սեքսուալ բան, հետաքրքիր բան, շատ բաց բան, շատ փակ բան, բաց այդ «բանը» չի վերածվում բան-աստեղծության… Վերջինս մնում է իբրև ժամանցի միջոց, ռոքի տեքստ, երգի տեքստ, ինչ-որ գրություն, ստատուս, բառախաղ, բաց խոսք, զգացմունքային կամ զգայացունց տեքստ, բայց` ոչ արվեստ: Քանզի վերջինս ո՛չ ժամանցի միջոց է, ո՛չ բաց խոսք, ո՛չ զգացմունքների զեղում, ո՛չ սեռական «էստի համեցեք». վերջինս… այդ ո՞ վ է իմացել ինչ է, որ ես իմանամ,- ուստի տվյալ դեպքում այն այսպես սահմանենք. վերջինս այդ ամենի արդարացումն է… Բանաստեղծության մեջ ամեն ինչ թույլատրելի է, երբ այն արվեստ է, բանաստեղծության մեջ անգամ միստիկան զզվելի է, երբ արվեստ չէ. բանաստեղծության մեջ ոչ մի ազատություն արժեք չունի, եթե արվեստ չէ…Կրկնեմ` բանաստեղծությունը ոչ մեկի աղախինը չէ, ո՛չ կրոնի, ինչպես պատկերացնում էին միջնադարում, ո՛չ էլ ազատության, ինչպես ճղճղում են այսօր… Միքայել Նալբանդյանի «Ազատություն» մեծ բանաստեղծության արժեքը ոչ թե այն է, որ այն գովերգում է ազատությունը, այլ` այն, որ այնտեղ աներևակայելի գեղեցիկ լեզու է, հրաշալի տաղաչափություն, աննման պատկերներ և բանաստեղծական պաթոս… Ոչ մի ազատություն չի կարող բանաստեղծություն կերտել, այդ բանաստեղծությունն է, որ ազատությանը կարգավիճակ է հաղորդում… Ուրեմն` պայմանավորվենք, որ «բանաստեղծության մայրուղի» ասելով ես գաղափարական, գեղագիտական ոչ մի կողմ նկատի չունեմ, այլ` արվեստ: Ավագ Եփրեմյանի գրքի թեմաներին, բանաստեղծման սկզբունքներից մի քանիսին, լեզվին, առոգանություններին ու շարադրումներին մենք դեռ կանդրադառնանք, բայց այստեղ առաջին հերթին նշենք, որ այն արվեստի, «արտ պոետիկայի» սկզբունքներով է գրված. այն իր բոլոր ասածս «կողաթռիչքները», բոլոր հարասություններն ու լեզվական անգամ բառախաղերն անում է այդ արվեստի` այդ մայրուղու հարաբերությամբ. «Երգչախումը ցրվել է» գիրքը պոեզիայի գիրք է: Նրա բոլոր միտումները մարմնավորված են բանաստեղծության տարրերով` լեզվով, պատկերով, մակաբերությամբ, ասոցիացիայով և այլն, և այլն… Այն ժամանակակից հայ բանաստեղծության մեջ (թեև ինչո՞ւ միայն հայ) իշխող fast food չէ… Անկախ իր միտումներից, իրական և անիրական առարկայավորումներից, պաթոսի ու աշխարհայացքի ներկայացումներից` մեր առջև առաջին հերթին բանաստեղծ ու բանաստեղծություն է:
Երկրորդ` մեր օրերի` անընդհատ իբր թե նորություն փնտրող և նորության կուռքին երկրպագող բանաստեղծության մեջ այս ժողովածուի մի եզակի հատկանիշը նրա հենց նորարարական միտումն ու թարմությունն է: Բայց նոր ոչ թե հանուն նորի, այլ` հանուն… դարձյալ բանաստեղծության: «Լուսնի տակ նոր բան չկա» արտահայտությունը, որը կարծես առոչնչում է մոդեռնիզմի և հետմոդեռնիզմի բանաստեղծության մեջ վխտացող աննպատակ ու անիմաստ նորությունը (երբ, ասենք, գնորդ հրավիրելու նպատակով ամեն տարի փոխվում են «Մերսեդեսի» «ֆառերը»), որը մակերեսին քարշ է գալիս առանց ձևի ու բովանդակության որևէ դետալի, իր ճշգրիտ ընկալմամբ մեջտեղ է հանում խոսքի մի նոր կատարում. ինչի ժամանակ նորությունը ձևական տարրից վերածվում է բանաստեղծության էութենական կողմի, անկախ նրանից` այդ բանաստեղծությունը գրված է ազատ բանատողո՞վ, թե՞ հանգով, ուիթմենյան անսանձ խո՞սք է, թե՞ սանձերը բերանը գցած սոնետ (ինչպես Բորխեսի դասական շատ մոդեռն սոնետները):- Այս դեպքում է, որ նորությունը բանաստեղծության մեջ ապահովում է ոչ թե բանաստեղծության անկայունություն ու փոփոխականություն, այլ` ճիշտ հակառակը, կայունություն և հաստատունություն: Այն արդեն ոչ թե բանաստեղծության միջոցների կաթվածահարման կամ լուծարման պահանջ է, այլ` դրանց սաստկացման: Չմոռանանք, թե նորությունն ինչպես է մեկնաբանում Պ. Վալերին իր հռչակավոր «Տետրերում», երբ գրում է. «Նորի պահանջը ոգու հոգնության կամ թուլության նշան է, որը տենչում է այն, ինչը պակասում է իրեն: Քանզի չկա ոչինչ, որ նոր չլինի»: Նորությունը պակասի հետևից չի գնում, այն սլանում է ավելիի հետևից` հասնելու, այն իր նորության աքցանով հափռելու և գրի տալու համար` «…այնպիսի բաներ, որ մարդը դեռ չի գրել»… Շատ ուրախալի է, որ Ավագ Եփրեմյանն իր գրքում նորությունը պատկերացնում է իբրև հենց այդ լրացման մեթոդ. ոչ թե ձև, այլ` ձևակերպում. ոչ թե ձևական կամ միայն ձևական կողմ, այլ լեզվական նոր և նորովի ձևակերպումներ: Անկախ նրանից, որ գիրքը գրված է ժամանակակից բանաստեղծության պատկերային, մետաֆորիկ և ասոցիատիվային մոտեցումներով, առանց զգացմունքային ծեքծեքումների ու նկարագրողական պարզունակ ջանքերի` մեր նորօրյա բանաստեղծության մեջ այս ժողովածուով նկատված է նյութի (իրի, ապրումի, խոհի, հենց զգացմունքի) և բանաստեղծական միջոցների յուրօրինակ մի հարաբերություն: Այս ելակետը ապահովել է երկու բան. նախ և առաջ` ձեռագիր: Ավագ Եփրեմյանն ունի իր ձեռագիրը, իր ոճը, շարադրելու, պատկերելու, մակաբերելու իր կերպը: Ապա` աշխարհայացք: Այս գրքով միանգամայն հնարավոր է խոսել բանաստեղծի կողմնորոշումների, ընկալումների, մոտեցումների մասին:- Այս երկու կարևորագույն կողմերին ավելացնենք նաև գեղագիտական մի քանի կողմ. հնարավորինս նվազագույն միջոցներ` անգամ երկար բանաստեղծությունների մեջ: Երբեմն` ոչ թե ասելիք, այլ` ասելիքի ակնարկ, մի տեսակ հարասացություն, որի լրացումները հնարավոր են ընթերցողի մեջ` ամեն մեկիս մեջ յուրովի (օրինակ` «Առարկման արար» բանաստեղծությունը): Զգացմունքի հնարավորինս թաքունություն, ինչն այս գրքում դրա ցուցադրության լավագույն ձևն է («Հայր, /սպանել են քեզ,/ սողոսկել են/ մեր մոր/ անկողինը…/ Ուրիշներ են/ ծնվել»): Հնարավորինս զուսպ, մի տեսակ շուքուփայլից զրկած, բայց նաև դրանով շատ շուքուփայլով ու դ ի պ ո ւ կ լեզու, որը երբեմն իր հեղինակային խախտումներով ու տեղախախտումներով հասնում է անմոռաց էֆեկտի («Ո՜ր մի թվարկող տեղը գիտի», «Այնտեղ հիմնարկու մի արհավիրք / հար տկտկում է Անբառ Միջով»…): Միաժամանակ` դասականության ու արդիականության համաձուլումներ: Այնուհետև` հայերենը երբեմն իբրև օտար լեզու` այն ասպեկտով, ինչով ֆրանսացի պոստմոդեռնիստ փիլիսոփան է ասում` «Բանաստեղծը նա է, ով իր լեզվից օտար լեզու է սարքում»:- Այս ամենով հանդերձ` գրքում կապարի պես ծանր, բայց և թեթև մի տխրություն, «անհեթեթության» մի ընկալում, բայց որը, ինչպես ինքը բանաստեղծն է ասում, կյանքի վրա թեթև ու թեթևամիտ մի աշխարհայացքով շրխկացրած «ածական չէ, այլ` շարժում»: Բայց որը մղում է ոչ թե աշխարհայացքային քարացած դիրքորոշումների, այլ… իր հոռետեսության կամ լավատեսության բոլոր միջոցները գործի է դնում Ուրիշի որոնման համար, Այլության մեջ մտնելու համար, պոեզիայի հասնելու համար. «Ի սկզբանե / էր ուրիշը… աչքի համար երկինք չկա / աչքի համար երկիր չկա/ ինչ կա/ միայն բառերինն է / և ամեն բառ/ որոնում է իր ուրիշին»… Այս ամենը ժողովածուում պանծացրել է այն փորձն ու փորձարարությունը, որի նպատակը ոչ թե էֆեկտն է (ասենք` «Կինը կախված է իր թարթիչներից» ընթերցողին էշի տեղ դնող կամ ընթերցողի էշությունից իր օգուտը քաղող պատկերով), այլ` այն «մարդկային, չափազանց մարդկային» մոտեցումը, ինչն իմ, քո, նրա ամենապարզ ու ամենահավերժական զգացմունքն ու զգացողությունն անգամ վերաձևում է մի ապրումով, որը հնարավոր է լոկ այսօր` այսօրվա իրերի ու երևույթների հարաբերակցությամբ: Այսօրվա տեմպերի առկայությամբ: Այսօրվա լեզվական պաշարներով: Այսօրվա մարդով: Սկսեմ վերջինիցս: Ես Ավագ Եփրեմյանի գրքի առիթով ուրախ եմ վերջինիս հենց այդ մարդկային նկարագրի համար. նրա հերոսը ոչ թե ժամանակակից քաղաքական, բանող, խոսող, հասարակական, քաղաքական, մոդեռն կամ ավանդապաշտ, դժգոհ կամ խոզի պես գոհ քաղաքացիական միավորն է, այլ` մարդը. և այն էլ` ոչ թե զանազան կեցվածքներ ընդունած մարդը, այլ` մահկանացուն:- Այս գիրքը մարդաբանության, գոյաբանության, էկզիստենցիայի ժանրի մեջ է մտնում: Այն ոչնչի կոչ չի անում, նրա միակ արածը ապրելու և մեռնելու շառավիղներն ընդլայնելու անձնական փորձն է: Այն ազատամիտի կեցվածք չի ընդունում: Այն աֆեկտների չի դիմում, ինչի դեպքում բանաստեղծությունը, ինչ անուն էլ տաս, դառնում է մակաբույծ: Այն ժամանակակից երևալու (պլստալու) «ֆինտերի» չի դիմում, մոդեռնիզմն իբրև արտաքո էֆեկտ չի պատկերացնում, որի դեպքում զանգվածային ընթերցողին գրավելու տգետ և զգայացունց աշուղական մակաբույծին գալիս է փոխարինելու ավելի խորամանկ մի մակաբույծ ու աճպարար, որն այս անգամ օգտվում է ոչ թե նրա բացահայտ, այլ` թաքուն կրքերից` նրան իբրև թե ազատ լինելու, բայց իրականում ընդամենը ազատ վարքի կոչելով և այդպես նրան, ասենք, հայրենասիրության կամ, ասենք, սիրահարության բանահյուսական սայլուղիների փոխարեն «տռաս հանելով»:- Զանգվածայնության նույն անազնիվ մարմաջը` դիմակը փոխած: Նույն գրական մակերեսայինը` բայց այս անգամ գենդերի ու ազատամիտի բերետ դրած: Տարբերությունը` որ առաջինը երկրպագում էր, ասենք, մի իլյիչի, այս երկրորդը, օ, ավելի սոսկալի մի հոգեվերլուծաբան իլյիչի, ով նրան համոզել է, որ երբ նա իր մոր գրկում կուրծք էր ուտում, օ, արդեն… կամ երբ նրա պապան նրան գրկում ու գուրգուրում էր, օ, արդեն… Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունների թարմությունը ո՛չ աֆեկտիվ է, ո՛չ ազատ վարքով, ո՛չ էլ զգայացունցությամբ: Ընդհակառակը, դա ներսույզ բանաստեղծություն է, որը հենց ներսույզ ընթերցում է պահանջում: Հենքը` կրկնեմ` գոյաբանական վիճակներն են` «մարդու և անասունի ողջ նախրով». իրենց վախերով ու տագնապներով, ոչնչի հանդեպ սարսուռներով և ամեն ինչի իրենց ներընկալմամբ, միով բանիվ` ծովափին ու անդունդի եզրին մարդու քաշի ողջ նրբերանգներով: Լեզուն` մինիմալիզմից («Վակուում» գեղեցիկ շարքը) մինչև մաքսիմալիզմ: Լեզուն բառային ու քերականական-շարահյուսական գեղեցիկ ձևակերպումներից ձգվում է մինչև բառախաղ, սակայն վերջինս, բարեբախտաբար, ոչ թե անեկդոտի ու «խոխմայի» այսօր շատ տարածված էժան լուծումներով, այլ` իրավիճակի սրությունը լեզվական-լինգվիստիկական դաշտի սրումներով ընդգծելով: Հենց այստեղ չմոռանամ ասել, որ Ավագ Եփրեմյանը հիմնականում գրում է ոչ թե պատկերներով կամ մետաֆորներով (թեև դրանք էլ կան), այլ` ապրումների, ներսուզումների ասոցիատիվ հոսքերով, մի տողին, մի ապրումին մյուսը զուգադրելով, ինչը շատ նուրբ հոտառություն է պահանջում:
Գիրքը թե՛ ոճով և՛ թե իր հիմնական տրամադրություններով մի ամբողջական կառույց է, որն սկսվում է գծանկարային-զուգորդումային հոսքերով գրված «Վակուում» շարքով և ավարտվում է «Անընթեռնելի համաձայնություն» փոքրիկ պոեմով կամ մեծ բանաստեղծությամբ: Թեև հիշյալ շարքով չի սկսվում: Գիրքը նախաբանված է մի «Լուսանցք. Հաշտության պատրանքներ» կեսմանիֆեստային-կեստեսական-կեսէսսեիստական-կեսբանաստեղծական խոսքով, որտեղ հեղինակը, կոպիտ ասած, ոչ այն է` գոյության, ոչ այն է` բանաստեղծության իր ընկալումն է փորձում հրամցնել, ուստի եկեք դա կոչենք արտ-օնտո-պոետիկա: «Գաղտնիքն անվանելն է»` այստեղ ձևակերպում է հեղինակը`չմոռանալով «արվեստ քերթության» այս ընկալումն իր գրքի 114 էջում հարստացնելով ողջ գրքի բնույթը կազմող արվեստ-գոյաբանությամբ` «Բառերի մեջ բանաստեղծություն չկա, / բանաստեղծությունը մարդու մեջ է, / իսկ մարդը բառերի»… Այս եռաստիճան աստիճանակարգման մեջ, որով գոյությունը, արվեստն ու մարդն իրենց տարբեր մակարդակներով արդեն հավասարեցված են, հենց իր` բանաստեղծի` արվեստի ու կյանքի փոխհարաբերության ընկալումն է: Գոյությունը` իբրև ավերակ, բանաստեղծությունը` իբրև այդ ավերակի պատմությունը. «Գիրք Ժողովողի» իմաստնությամբ այս ընկալումը (ի դեպ` հիշյալ «Լուսանցք. Հաշտության պատրանքներ» մուտքում բանաստեղծն ինքը գրում է . «…մարդուն հասանելի իսկության ԱՄԲՈՂՋԸ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ մեջ է տեսանելի) մեզ առիթ չի տալիս խոսելու գրքի հեղինակի հոռետեսության մասին, ինչպես որ չես ասի, թե հիշյալ գիրքը հոռետեսի գրած գիրք է. ժողովածուն քեզ լցնում է երկրի վրայով անցնողի (Թումանյանն ասում է` անցավորի) և կորուստների իմաստնությամբ, որի դեպքում այդ կորուստները (ավա՜ղ, նաև եղբոր…) դառնում են քո շաhույթը… Համենայն դեպս` կորուստների մորմոքով գրված այս գիրքն իր հիմնական ելակետով շահույթների գիրք է…
Ասացի` այս ժողովածուն ժամանակակից գիրք է` իր պոետիկայի երեք բաղադրիչներով` պատկերով, մետաֆորներով և, ամենակարևորը, զուգորդումներով և պատկերը պատկերին մակաբերումներով: Գրքում իշխում է վերջինս. մի տողը, մի տրամադրությունը մակաբերվում է մյուսին, դրանք արտածվում, շարունակությունների մեջ են դրվում և մեկնում են միմյանց: Ավագ Եփրեմյանը արդի հայ բանաստեղծության մեջ ապրումը ապրումի հետ կապելու, մտքից միտք ցատկելու, պատկերից պատկեր բխեցնելու, այդ ամենով միևնույն տրամաբանության մեջ մնալու և այդ ամենը նույն թելի վրա շարակարգելու եզակի շնորհ ունի: Ըստ որում` դա արվում է ոչ թե տրաբանականության օրենքներով, այլ` ներքին մի կապակցման, որտեղ, դիցուք, 1-ի և 3-ի կապը երկուսի կամուրջով է, բայց այդ երկուսը չի արտահայտված, թողնված է ընթերցողի մտապատկերի մեջ, որպեսզի նա իր այդ մտապատկերով ինքը ոտքը դնի այդ 2-ին և անցում կատարի հաջորդ թվին: Սա նրա բանաստեղծությունների նուրբ ու խորասույզ ընթերցում է պահանջում. և ընդհանրապես` գիրքը գրված է նրբաճաշակ ընթերցողի համար,- ովքեր ոչ միայն կարող են ընկալել նրա բանաստեղծությունները, այլև մասնակցել դրանց, դրանք լրացնել և տանել իրենց ուզած ուղղություններով: Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունները ընթերցողի համար ոչ թե ամրագրված են, այլ թողնված են նրա հարագրումներին…
Այնուհետև` ժողովածուն մի ընդհանուր աշխարհայացքի, բայց բանաստեղծական բազմազան ձևերի ու մեթոդների գիրք է. ասացի, որ այստեղ տեղ ունի և՛ մինիմալիզմը, և՛ մաքսիմալիզմը, և՛ բաց խոսքը, և՛ փակ` հերմետիկ տեքստը, և՛ բառախաղը, և՛ ցավոտ հնչերանգը, և՛ հանգը, և՛ ազատ բանատողը, և՛ գեղանկարչությունը, և՛ գծանկարչությունը:- Այս ամենը ի մի է բերված մի աշխարհընկալմամբ, որն առկա է ամեն էջում. այս բանաստեղծը ոչ միայն տաղանդ ունի, ինչը դեռ ոչինչ չի նշանակում, այլև, ո՜վ զարմանք, աշխարհայացք, ինչը մեր ժամանակներում շփոթում են կեցվածքի հետ… Գրքում առկա է աշխարհի, գոյության, կյանքի հանդեպ դիրքորոշում. այդ դիրքորոշման մեջ հիմնական տարրը ողբերգական բառի` հունական իմաստով մի ձևույթ է, որը, սակայն, մեր մեջ ոչ թե, ուրեմն, հոռետեսական հավակնություն է ծնում («կյանքը փիս բան է» բաժակաճառային կերպով), այլ մեղմ մի թախիծ, քնքուշ մի տխրություն, մի խոսքով` կյանքի ու մահվան այնպիսի մի ընկալում, որի հիմքում դրանց հանդեպ կենդանական հրճվանքը կամ անասնական վախերը չեն, այլ` գոյավորի սարսուռները. Ավագ Եփրեմյանի գրքի «հերոսը» գոյավորն է, որը կանգնած է Ոչնչի, Մահվան, Ունայնության, Աստծու հանդիման, վերջինիս բացակայությունն էլ նրա ներկայության որոնում է, նրա հետ խզումն էլ նրանց երկուսի կրծքերին բացված միևնույն վերքն է: Ասացի` «Vacuum» շարքը գրված է մինիմալիզմի բանաստեղծության սկզբունքով և ասոցիատիվ անցումներով. հիմնական տագնապը` «… ես/ մարդ եմ, / այսինքն/ խավար- / ինքս ինձ վրա/ Գիշերով իջած»:- Շարքում գերիշխում է թերասացությունը, ասածս մինիմալիզմը երբեմն հասնում է կմկմոցների և մի տեսակ մունջության, որը տվյալ դեպքում խոսունության գեղեցիկ տարատեսակ է: (Շարքի միակ բանաստեղծությունը, որը, իմ կարծիքով, բռնազբոսիկ է, չեմ ուզում ասել` սարքված` 8-րդն է): Գծանկարչական բանաստեղծության գեղեցիկ մի նմուշ: «Համլետ» բանաստեղծության մեջ «Մնացյալը լռություն» տողի հրաշալի մի վերապրում է առինքնում` «Դու գնում ես դեպի Բնագիրը»: Դրան նախորդած «Կրտսեր եղերերգ» բանաստեղծությունը անձնական մի կսկիծ է` բոլորիս մեկնած և մեր մեկնումը նախապատրաստող մեր եղբայրների «շքանշանով» պարգևատրվելու մեր և ավետարանական «եղբայր» անհասկանալի հասկացության մասին, որն այն «ընդամենը մի եղբայր հեռավորությունն» է, որն էլ մեզ բաժանում է… ամեն ինչից»… «Իթակեն չլքած Ոդիսևսը» մի տեսակ հուշ է բոլորիս լքած և բոլորիս կանչող Իթաքեի մասին. շարքն այդ որոնման հաստատուն մի փարոս է նշմարում ծովերի ափին և երկրի երեսին. «Մարդն արտասվում է,/ լույս է տալիս, /որ աստվածները/ իր տեղն իմանան`/չմոլորվեն: Գեղեցիկ է` մարդու մեջ նրա տեղը նշող արցունքի փարոսը, որը դրանով իսկ հենց աստվածներին չմոլորվելու շանս է տալիս… Ցատկ եմ կատարում ջրից դուրս եկած «Impression – դասականության շոշափուկներ» բանաստեղծության վրա, որտեղ «ինչ-որ տարտամ-անձև» բովանդակության առկայությամբ ներման խոսքը թեև տեղ է հասնում, սակայն այն ժամանակ, երբ մեզ` բանտարկյալներիս, արդեն «կացնել են»: Եվ ոտքս դնում եմ գոյության փրփուրներից հազիվ ծայրը դուրս հանած… հաջորդ բանաստեղծությունների սալքարերին: Դրանցից ոմանք ջրի տակ չեն էլ երևում, բայց, միևնույն է, շատ հուսալի են… Ինչպես նաև` բանաստեղծական: Ավագ Եփրեմյանը գիտի բանաստեղծությամբ շատ բան չասելու և, սակայն, այդ «շատ բանը» դեմդ դնելու գաղտնիքը: Մի տեղ գրում է. «Բառիս սպասելով`/ ավելի երկար/ կմնաս ինձ հետ/ քան թե/լսելով/բոլոր բառերս: Ո՞վ է, եկեք հարց տանք, այս բանաստեղծը. մեկը, որը շատ լավ գիտի, որ խոսքը միայն ասելու և խոսելու համար չէ. որ խոսելով բառերը երբեմն ծածկում են մեզ, լռելով երբեմն մեզ ի ցույց են դնում… և որ, ամենակարևորը, նորից եմ կրկնում ու հազար անգամ էլ դեռ կրկնելու եմ, բանաստեղծությունը մեր ծառան չէ, մեր ներկայացուցիչը չէ, ինչպես չափազանցության մեջ ընկնելով կարծում էր անգամ գերմանացի մեծ փիլիսոփան, որ, վերջապես, ինչպես ինքն է իր գրքի 114 էջի եռատողով գեղեցիկ ձևակերպել` «Բառերի մեջ բանաստեղծություն չկա,/ բանաստեղծությունը մարդու մեջ է, իսկ մարդը` բառերի»… Ահա մի կռահված գաղտնիք և այդ գաղտնիքով գրված արդի հայ բանաստեղծության մի ժողովածու` «Երգչախոմբը ցրվել է» բազմիմաստ վերնագրով, որն այն կրկին հավաքելու կամ չհավաքելու միտքն է արթնացնում…
(Բազմիցս ասացի` գիրքը աշխարհայացք ոնեցողի գիրք է, ուզում եմ վերջինիս մասին խոսել գիրքը նախադրող «Երկրի վրա` երկնքում» շատ խորունկ, գեղեցիկ և վարպետությամբ գրված բանաստեղծության օրինակով:- Պնակիտին` բուն գրին հասնելու ջանքը բանաստեղծության ջանքն է: Նրան հասնում են չհասնելով և չեն հասնում հասնելով: Տասներորդ տողում լեզվական մի «պնևմատիկ» միջոց` «Այնտեղ, որտեղ (հավանաբար` այստեղ Հ. Մ.) Հիմնարկու մի արհավիրք/ հար տկտկում է Անբառ Միջով (կապի գոյականացմամբ տողն ավելի մեծ թափ է ստացել:- Թե Պնակիտին ինչ է գրված` ոչ ոք չգիտի, բայց գիտենք, որ` «հիմնարկու մի արհավիրք»: Եվ նրան ի տես` բանաստեղծություն կոչվող այս ծովագնացության մեջ մի բանաստեղծ նույնպես` «մարդու պատկերով մղկտացող հոդաբաշխության ավերակից»)…
… Ես կուզենայի, որ գրքում անբռնազբոսիկության և թեթևության պաշարները երբեմն մտքով կամ լեզվախաղերով չբռնադատվեին: Նաև` տեղ-տեղ դատողական գերբեռնվածությունը մեզ տանում է դատողությանը հետևելու ջանքին և ոչ բանաստեղծության թելը բաց չթողնելու ուրախությանը (օրինակ` «Ժողովողը, Պիղատոսը, մյուսները…» տարողունակ, բայց չհրապուրող բանաստեղծությունը): Տեղ-տեղ բանաստեղծությունն այնքան խիտ ու թանձր է գրված, որ դա, նրա գերխիտ նյութի կողքին, ոճական թանձրարյունության տպավորություն է ստեղծում. չէին խանգարի «արյունը ջրիկացնող»,- հո՛պ, չխառնենք բանաստեղծությունը ջրիկացնող,- և նրա շրջանառությունը արագացնող մի քանի միջոցներ: Բայց ևս մի ցանկություն. Ավագ Եփրեմյանը գրում է առանց ավելորդությունների, սեղմ, հակիրճ, շատ խիտ հյուսվածքով: Իմ տպավորությամբ` դա նրա բանաստեղծություններին «սպիտակ հոմոգլոբինների» առատություն է հաղորդում. չէր խանգարի, ուրեմն, արյունը «ջրիկացնող» մի քանի դեղահաբ, դե, պարզ է, որ ես նկատի ունեմ որևէ պատկեր, որևէ տող ու հնչերանգ, որը մտքի կամ ապրումի բեռան տակ մտած բեռնակիր չլինի, այլ` լարախաղաց, որը թեև ասելիք չունի, բայց ցած ընկնելու և ջախջախվելու նույնպիսի վտանգի մեջ է, ինչպես ներքևից նրան արհամարհանքով նայող և անկման մասին խորունկ մտքեր հորդող շատ-շատերը: Գիրքը, երաժշտական լեզվով ասած, գրված է շատ ազդու, համոզիչ և համատարած մի ռե բեմոլով. մեկ-մեկ արագ տեմպեր ես ուզում, ընդհանրապես գրքում անհոգ-թեթև-գեղեցիկ,- բայց-թե-շատ-գեղեցիկ,- Աստված իմ, շա՜տ-շա՜տ գեղեցիկ,- ալլեգրոների պակաս կա… Վերևում ասացի` «ծովափին ու անդունդի եզրին մարդու քաշի ողջ նրբերանգներով»: Գրքում մարդու քաշը որոշված է անդունդի եզրին… Ես կուզենայի, որ «ծովափային քաշի» ապրումներ էր լինեին: Դրանք վավերացնում են իրար: Մայստեր Էքհարդտն ասում է`«Երբ ես տեսա նրա ծիծաղը` նրա լացն ավելի խոցեց սիրտս»…
Դու կարող ես նրա հետ քո անհամաձայնություններն ու նրա սկզբունքներից քո դժգոհություններն ունենալ,- ի դեպ, ինչին մի շարք տեղերում և դեպքերում նա ինքն է քեզ սադրում,- բայց չես կարող նրան լուրջ չվերաբերվել և չասել. նախկինում, պարզվում էր, ով գրիչը ձեռքն էր առնում և յամբ-անապեստով ու հանգերով սկսում էր փղձկալ ու վարգել, մի քիչ ջանքի դեպքում հռչակվում էր մեծ բանաստեղծ (դրանից Հայաստանում մի յոթ-ութ հատ կար), իսկ այժմ, խնդրեմ, եթե հանգ ու վանկով այդպես չեն փղձկում իրենց յարերի դոշերին, այլ գրում են ժամանակակից պոեզիայի միտումներին համահունչ բանաստեղծություններ, ասում են, թե Հայաստանում բանաստեղծություն չկա: Հումո՛ր: Ես միայն մի բան գիտեմ, որ հայոց բանաստեղծությունն այսօր անհրաժեշտաբար պետք է ստանա իր այսօրվա տեսքը,- վերսկսվի այնտեղից, որտեղից ընդհատվել էր 1937 թ.: Մեր բանաստեղծությունը կարող է և պարտավոր է կրկին դառնալ ժամանակակից համաշխարհային բանաստեղծություն, ինչպիսին էր 20-րդ դարի սկզբին: Փառք Աստծու, որ այն 40-60 թթ. աշըղական-բանահյուսական պրիմիտիվ-ռաբիս-զանգվածայինհանրամատչելի բանաստեղծության փոխարեն մեջտեղ է բերում իր ժամանակի բանաստեղծության պոետիկայի դրսևորումներ,- որոնց մեջ այն եղել է միշտ` Նարեկացու «Տաղերից» մինչև Եղիշե Չարենցի վերջին սարսռալի տողերը… Ավագ Եփրեմյանի գիրքը հենց այդ փոփոխության մայրուղուն է:
Սակզբնաղբյուրը՝ Գրական թերթ