Եղիշե Չարենց և Լեյլի | Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի…

Լեյլի (Փառանձեմ Սահակի Տեր-Մկրտչյան-Սահակյան)
(1892 – 1951)

Ծնվել է Թիֆլիսում, ծնողները Թիֆլիս էին տեղափոխվել Ղարաքիլիսայի գավառի Ձորագյուղ գյուղից։ Լեյլին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, ապա որպես թարգմանչուհի աշխատել տարբեր հիմնարկություններում։ Եղիշե Չարենցի մտերիմներից էր։ Կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։
1959 թվականին հրատարակվել է Լէյլիի բանաստեղծական միակ ժողովածուն՝«Կարոտ» վերնագրով:

Եղիշե Չարենցի նամակը Լեյլիին

 

Սիրելի Լեյլի

Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն-այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում:
Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը-Նայիրի: Իմն էր այդ աշխարհը-Նայիրին: Արև էր-

Լուսանկարը Եղիշե Չարենցի տուն թանգարանի ֆոնդից

Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ,-բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր, սեխը-ոսկեկոնք Շամիրամ-ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort»-մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»: Ուզում եմ շոգ-շոգ-շոգ լինի, Լեյլի, երկինք լինի-կապույտ-կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը,-մրգեր լինեն-շատ, հասուն, գույնզգույն-և լինի Լեյլին-Լեյլու աչքերը լինեն և ժպիտը խայթող (շոգ արևի նման):
Այսպես եմ մտածում ես՝ հանրակացարանի մի անկյունում ընկած, հանրակացարան, որտեղ ապրում են քսան հոգի. կինս պառկել է «մահճակալի վրա»-ինչի՞ մասին է մտածում, Լեյլի. նա լավ աղջիկ է, Լեյլի. ես նրան այնքան եմ սիրում, ինչքան Շամիրամը Արային: Եվ երևակայիր, Լեյլի՛. քսաներեք տարեկան ամուսնանալ, լինել պոետ, ֆանտազյոր, սիրող-և հանկարծ ընկնել հանրակացարան, որտեղ պառկելու տեղ անգամ չկա,-կիսաքաղց-կիսահիվանդ. իսկ ձմեռը: Իսկ կինս-Արփիկը-Լեյլի: Լեյլի, լավ Լեյլի, Լեյլի: Լեյլի:
Ես հիմար դրության մեջ եմ ընկել, Լեյլի: Եկա, որ մտնեմ համալսարան-բայց ընկա հանրակացարան… որովհետև Պետական համալսարանը հանրակացարան չունի և սնունդ չի տալիս: Իսկ ես-ոչ մի կոպեկ չունեմ: Չգիտեմ-ի՞նչ անեմ: Նորից հազարերորդ անգամ մտածում եմ մեր հայրենի դեմքերի սևության մասին, ինչքան սև են, գորշ են, ծանր են մերոնք, Լեյլի… Իմ դրությունը հիմա ավելի քան անել է. Մի կողմից գրավում է Մոսկվան, ուզում ես կրթվել, գրել, մեծ, մե՜ծ, մե՜ծ մտքեր են հղանում, հսկայական պլաններ,- մյուս կողմից… հանրակացարան, կինս-քաղցած, ո՛չ մի ծանոթ դեմք… Հայաստան վերադառնալ ես չեմ ուզում. Մնալ այստեղ–չեմ կարող. Ի՞նչ անել…. Երևակայիր, Լեյլի, այնքան անել դրություն, որ ես վերցրել և մի նամակ եմ գրել… ո՞ւմ… Մակինցյանին!! Մի մարդու, որին ամենից քիչ կուզենայի գրել. բայց… գրեցի, որովհետև սիրում եմ կնոջս, և կինս քաղցած է, да ведь они, наши наиряни, напливали на мою душу, загрязили бсе, что было светло. Նրանք իրավունք չունեն ինձ քաղցած թողնելու, Լեյլի-և
Մնաց բարով, Լեյլի: Սիրտս արագ է խփում. Էլ չեմ ուզում գրեմ: Շատ-շատ-շատ կարոտով իմ հանրակացարանի մութից մինչև Կովկաս պարզում եմ շրթունքներս, որ համբուրեմ Լեյլիին-

Չարենց

Խնդրում եմ նամակ գրես: Շատ եմ ուզում: Հասցես–Москва, рождественка 3. Предст. С. С. Р. Арменин, հանձնել Չ-ին:
Լեյլի, կուզեի գրել, թե ի՞նչն է ամենից ավելի իմ վրա ազդում ու տխրություն պատճառում… Ռուս արդի գրականությունը: Այն մեծ, հզոր, հսկա գրականությունը հիմա դարձել է– փոքր, անշնորհք, ճղճիմ. Մի կողմից– ինչ-որ անշնորհք-անբովանդակ имаженист-ներ (որոնց մեջ մի ընդունակ մարդ կա- Сергей Есенин), մյուս կողմից – պրոլետարական գրողներ, որոնց մեջ ոչ մի ընդունակ մարդ չկա… բայց ցավն այն է, որ նույնիսկ դրանց երեկույթները ես չեմ կարող հաճախել, որովհետև… մուտքի տոմսն արժե 1000 ռ.!!! Մի անգամ գնացի. մտածում էի, այդ մարդիկ գիտե՞ն, որ եթե ես նրանց մեջ լինեի՝ իրենք կունենային իսկական պրոլետարական պոետ: Երբ մարդ ոչինչ չունի– մի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն!!!
Նորից բարևներ և նորից –սպասում եմ նամակի.

Քո՝ Չարենց

<1>921, 21 VIII, Մոսկվա
Բարևներ կնոջիցս:

 

Լուսանկարը՝ Հովիկ Չարխչյանի բլոգից

ՇՈՂԵՐ ՑՈՂԵՐ
Իրիկնաժամի վերջին շողերի
Ալ-վառ ովկիանի երփներանգ ափին-
Վառ ծաղիկներին գոհար ցողերի
Համբոյր է տալիս մայր մտնող արփին:
Համբոյր ուղարկում նիրհող դաշտերի
Ու կանանչների բուրմունքի խաղին,
Կայտառ ալիքին առուին ջրերի…
Երգն ու աղմուկը երբ կը խաղաղին՝
Ինձ էլ կուղարկի համբոյրը շողոտ,
Ինձ կըփայփայի հովերն ամպերի.
Անդարձ օրերի վերյուշերն աղօտ-
Հին երազներն իմ էլ յետ կըբերի…
Ինձէլ կըշոյէ համբոյրն արևի,
Համբոյրը այրող, վերջին բարևի…

 

ՅՈՅԶԵՐ ՏԵՆՉԵՐ…

Յոյզ տենչի…
Անուրջի
Շողերով ցողեցի իմ հոգին…
Իմ հոգին՝
Անմեկին
Մատնեցի բոյրերին ու երգին:
Իմ յոգին՝
Յուզմունքին,
Յուզմունքին մելանոյշ երգերի-
Անտրտունջ,
Անմրմունջ
Երգերի, գեղեցիկ մի՜շտ գերի:

Գեղարվեստ, համար 3, Թիֆլիս, 1909

 

ՑԱՆԿՈՒԹԻՒՆ

Այդ ես ցանկացայ, որ լինես ինձ հետ
Այդչափ մտերիմ.
Այդ ես ցանկացայ սիրտդ առյաւէտ
Շղթայել իմին:
Այդ կարօտն անանց հոգուդ խորքերում
Հայեացքս է վառել.
Հոգուդ անդորրն էլ հայեացքս է բերում,
Գերիս ես դառել…
Այդ ես ցանկացայ, որ կեանքդ լինի
Իմ կեանքին գերի,
Սիրտդ հմայւի ոչ հուրով երկնի,
Այլ իմ աչքերի:
Ես շունչ եմ տւել խօսքերիդ անգոյն,
Երազիդ անշող.
Ցանկություններիդ քո տխուր հոգուն
Թախիծդ սիրտ-մաշող:
Ես շուք եմ տւել քո մռայլ կեանքին,
Օրերիդ տխուր.
Թող բոցավառուին աչքերդ կրկին,
Խոսքերդ անհուր:
Ես տենչ եմ նետում քո մատաղսիրուն,
Թող որ հրդեհւի.
Թող որ հրդեհւի իմ սիրոյս սիրուն
Ու յոյսով հեռուն:

Հորիզոն, գրական հավելված, համար 7, Թիֆլիս, 1915

I

ՉԵ՞Մ ՏԵՍՆԻ ՔԵԶ…

Ասում են թէ՝ չեմ տեսնի քեզ, չեմ տեսնի քեզ
Մենակութեան տառապանքիս մեն-մտերիմ.
Թէ՝ արնաներկ կեանքը նորից վառ, հրակէզ
Կանչում է քեզ…

Ասում են թէ՝ ուղիդ նորից ընկաւ հեռուն.
Դէպի վառւո տափաստանը հոգուդ երկրի,
Ուր սրտերը պայքարի մէջ հնոց եռուն-
Կանչում են քեզ…

Թէ՝ ողջակէզ կեանքդ նորից տանում ես լուռ
Նախալեզու հազարաւոր մարդկանց համար-
Երկիրն այն մեծ, ուր կամքն այսօր երկաթ ու հուր
Կանչում է քեզ…

Ասում է թէ՝ չեմ տեսնի քեզ ժպիտն անգամ
Նեղսիրտ երկրի փոքրիկ մարդկանց ժպիտը չար.-
Ու դառնում է հնչիւն ծիծաղ-վերջին անգամ
Չեմ տեսնի քեզ…

Ես գամւած եմ այս նզոված երկրի հողին
Ու չեմ կարող նետւել քեզ հետ քո լոյս հեռուն
-Մեր իսկ երկրում-մեզ հարազատ սիրտ չթողին
Չե՞մ տեսնի քեզ…

II

Ի՞նչ մեղք ունիմ գործած քո դէմ, քո դէմ տէ՛ր իմ
-Թողիր մենակ այս լուսազարդ երկնի ներքոյ
Ես մի հիւլէյ, քո աշխարհում ստրուկը քո
Բնաւ չարիր հոգիս-կարօտ քեզ մտերիմ:

Ամենուրեք քո աշխարհում հրդեհ ու բոց,
-Ինձ գամել ես քո անունին ու քո խաչին.
Օրերդ լոյս դարձան սրտիս փոքր ու չնչին
Հրաշքներիդ դռներն իմ դէմ թողել ես գոց…

Լոյսիդ ծարաւ հոգիս տւիր դեգերումի
Անծայրածիր կամարներիդ լոյսերի մէջ
-Ես անկայան, անծայրածիր կարօտս մեծ
-Մժեղ ն անգամ քո աշխարհում իր մասն ունի:

Ի՞նչ խոսքերով մեղմեմ հիմա ցաւը հոգուս,
Կսկիծները իմ ցերեկի, գիշերն մինչ ծեգ թախիծով լի
Հիմա երբ քո կրակ դարձած աշխարհից լոյս
Ես մաս չունիմ, ոչինչ ինձնից զոհ չբերի:

III

Այսօր կրկին առաջւայ պէս տենչացի քեզ
Յուզումներով աղջկական.
Վառ յոյսերով աղջկական կարօտակէզ
Ինչ որ վաղուց չունիմ, չկան.

Այսօր կրկին փռուեց իմ դէմ կեանքը գունեղ
Բեկումներով հազարաւոր.
Էլ չի թւում սենեակս մեծ մթին ու նեղ.
Էլ չես թւում դու հեռաւոր.

Անկարելի… իմ ծովաչեայ, իմ մեն-միակ.
Իմ այսօրը քեզնով զառ-վառ
Քոնը լինի. բացում եմ լայն դռներս փակ
Ու օղակած կեանքս հողմավար

Յանձնում եմ քեզ… եղիր այսօր տէրը իմ տան
Թագաւորը իմ լաւ օրի
Քոնն են անգին սիրայոժար ինչ որ կտան
Յոյզերը իմ, մի պղտորի

Ջինջութիւնը յստակ հոգուդ-քոնն եմ այսօր
Կապանքներս չկան, չկան,
Քոնն եմ այսօր-դու իմ արքայ, դու իմ հզօր
Տէրն օրերիս աղջկական:

IV

Պայծառ օրի ջերմութեանը հոգիս կարօտ
Ջահելութեան բարձրունքներից դուռդ է իջել
Դու չգիտես, իմ անմոռաց, իմ մեղմ կարօտ
Կրկին, կրկին փորձութեանն է բախտը զիջել
Պայծառ օրի ջերմութեանն է բախտը զիջել
Պայծառ օրի ջերմութեանը հոգիս կարօտ:

Նայում եմ լուռ ու չեմ թակում դուռդ անտակ,
Գուցէ զգաս մօտկութիւնս առանց կանչի.
Դու չգիտես, իմ անմոռաց՝ իմ լուռ փափագ
Փորձութեանն է սիրտս այսօր, ու չի կանչի
Գուցէ զգաս մօտկութիւնս առանց կանչի:

Չարձագանքւող խենթ կանչերի կսկիծը սուր,
Ծանօթ է ինձ անմոռաց մանկութիւնից.-
Ու չեմ ուզում, ու չեմ ուզում կրկին իզուր
Կրկին իզուր կեանքի կանչել այդ մահ թոյնից
Չարձագանքւող խենթ կանչերի կսկիծը սուր:

Պայծառ օրի ջերմութանը հոգիս կարոտ
Ջահելութեան բարձրունքներից դուռդ է իջել
Դու չգիտես, իմ անմոռաց, իմ մեղմ կարոտ
Կրկին, կրկին փորձութեանէ բախտս զիջել
Պայծառ օրի ջերմութեանը հոգիս կարօտ:

Գեղարուեստ, համար 7, էջ 100-101, Թիֆլիս, 1921

 

ԿՍԿԻԾ
. . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . .
Նզոված լինի ու մնայ անբեր
Ու մնայ խոպան երկիրն այս սիրուն,
Որ իր գրկի մէջ անսիրտ, մահաբեր
Մտքեր է սնել ու նետել հեռուն:
Նզոված լինին մարդիկ այն խիզախ,
Որ այս լայն, պայծառ աշխարհի միջին
Տարւած իրենց նենգ մտքերով չնչին,
Սև մահ են սփռում կեանքին աջ ու ձախ:
Խաչ ու աղօթքի պատիր զօրութեամբ
Սրբագործում են ոճիրն այս զազիր,
Աշխարհը պատեց անթափանց մի ամպ,
Կոչ արին-սրտին-էլ մի երազիր:
Խաչ ու աղոթքի զորութեամբ պատիր,
Մեր ջահիլներին թողնում են անթաղ,
Ուզում ես սիրի՛ր, ուզում ես ատի՛ր,
Կարմի՛ր պիտ ցողես դաշտերն ձիւնաշաղ…
Ուզում ես սիրի՛ր, ուզում ես ատի՛ր,
Պիտ դառնաս գործիք ուրիշի համար,
Սիրտդ անթափանց մռայլով պատիր,
Ու հողմերին տուր յոյսերդ անմար:
Ու կը նզովի ու կը հեկեկայ
Իմ սիրտը շւար, իմ սիրտը անզօր,
Դրսում աշխարհը նոյնն է անզգայ,
Մատնած փոթորկին և՛ կեանք, և՛ անդորր…
Բայց քեզ չեմ թողնի, ես քեզ չեմ թողնի,
Խոնջացած սիրտդ անդորր է տենչում.
-Ի՞նչ ես խենթօրէն նետւում եղեռնի
Սև գիրկը դաժան-քեզ մահն է կանչում:
Ի՞նչ ես խենթօրէն նետւում արիւնի
Մութ ծովը անտակ արցունք ծփանքով,
Սիրտդ դեռ այնքան սպասումներ ունի
Քո սիրտը ջահիլ, ջահիլ կարոտով:
Ես քեզ կը պատմեմ մի այլ աշխարհի
Օրերի մասին, լոյսերի մասին,
Ուր չկայ արցունք, ուր չկայ արիւն,
Ուր մարդիկ այսչափ ոչ նենգ են, ոչ սին:
Ես քեզ կը պատմեմ մի այլ երկրի
Օրերի մասին, ուր մարդու հոգին
Ուրիշի համար տանջանք չի կրի,
Ուր չկայ ոչինչ անարժէք, անգին…
…Այստեղ ամեն ինչ դարձել է անգին,
Անարժէք մի բան և գոյքը մարդու,
Եւ կեանքը մարդու և կեանքդ անգին,
Քո կեանքը ջահիլ, պայծառ, յուսատու:
Այդպէս է հիմա… բայց ես չեմ թողնի,
Խոնջացած սիրտդ տենչում է անդորր…
Ես քեզ չեմ թողնի նետւես եղեռնի
Սև գիրկը դաժան, քեզ մահն է կանչում:
Նզոված լինի և զէնք, և արիւն
. . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . .
Որի յուշն անգամ սարսափ կը բերի…

 

***
Հեռւից ես գալիս, յոգնած կը լինիս,
Յոգնած են նայում աչքերդ պղտոր,
Հայեացքդ պղտոր տենչում է անդորր
-Հեռւիցն ես գալիս, յոգնած կը լինիս…
-Բուք-բորան օրը շուտով կը մթնի
Ե՛կ, իմ յարկի տակ և՛ լոյս է, և՛ տաք,
Ե՛կ, յոգնած սիրտդ իմ լուռ յարկի տակ
Անդորր կը գտնի, անդորր կը գտնի:

Հորիզոն, համար 4, Թիֆլիս, 1914

 

***
Ես քո գգուանքիդ բոյրին ծարաւի,
Կարօտ սպասումի կամարների տակ,
Լուռ երազում եմ աչերդ ծաւի
Ու լուսածածան հայեացքդ յստակ:
Լուռ մտորում եմ յուշերիդ գերի
Կարօտ սպասումի կամարների տակ.
Մխում է սիրտս ցաւից վէրքերի,
Մխում են կամաց ցնորքներս յստակ…
Ես կարօտել եմ աչերիդ ծաւի,
Իր խենթ խաղերով հայեացքս հրաթուր,
Կարօտ կսկծից սիրտս կը ցաւի,
Եկ հոգուս նորից նոր խոստումներ տուր:
Եկ, տանջուած հոգուս նոր երազներ բեր,
Խենթ հրապոյրով վէրքերս ամոքիր.
Ցաւին անծանօթ վշտին անտարբեր.
Ե՛կ, բաղդի զաւակ, տանջանքը հերքիր:

Գեղարուստ, համար 4, էջ 100, Թիֆլիս, 1911

 

ԷԼ ՉՈՒՆԻՄ ԵՐԱԶՆԵՐ ՈՍԿԵՇՈՂ

Սիրում եմ երբ ելնում ես իմ դէմ
Գլխիկոր, թախիծով դու անծայր,
Չէ ես էլ է՛լ վայելք չգիտեմ:
Էլ չունիմ երազներս պայծառ…

Սիրում եմ էդ թախիծդ անծիր,
Մտորուն, մոլորուն մի մութ ծով,
Սիրում եմ երբ խոհերդ ցան-ցիր
Յուզւում են խուլ, ներքին կսկիծով:

Սիրում եմ տանջանքներդ անհուն՝
Որ գաղտնի՝ հոգիդ են խուլ հիւծում
Այրում յուշերով ուշ պահուն
Ու անլուռ մրմունջով հեծեծում:

Սիրում եմ երբ ելնում ես իմ դէմ,
Գլխիկոր, տխրութեամբ սիրտ մաշող,
Չէ ես էլ է՛լ վայելք չը գիտեմ
էլ չունիմ երազներ ոսկեշող…

 

***

Լոյս աչերդ գեղածիծաղ կանթեղներ են հոգուս համար՝
Որ ուղիիս կ’պլպլան, կ’փայլկտան անշէջ անմար…
Էդ աչերդ հրաբոյլ, հրածին լոյս օրերի այգն են վառում,
Այգն են վառում, որ նա լոյս տայ հոգիներուն էս խաւարում:

Էդ աչքերիդ ցօլքերի տակ բաղդի գարունն կ’փթթի
Ու բոյրերով խելացնոր հոգիս հաճոյքով կը պատի.
Իր հրածին համբոյրների անուրջների խենթ տագնապի
Հուր շողերով հազար գոյնի հոգուս ծիածան կ’կապի…

Ես սիրում եմ էդ երկնածին խենթ աչերիդ փայլը ցնոր,
Ինչ կբացի երազների չնաշխարհիկ եդեմներ նոր.
Ինչ բոյր կ’տայ դաժան բաղդի թոյն քրքջից մարող յոյսին,
Ինչ կ’վառի անլոյս, անսէր հոգու համար մի նոր լուսին:

Ես սիրում եմ լոյս աչերիդ կանթեղները անշէջ, անմար
Որ լոյս կ’տան, որ յոյս կ’տան տենչւմներուս անծիր, մոլար.
Որ կ’վառեն կեանքի թոյնից մարող յոյզի փայլը նորից,
Ինչ հմայքով դուրս կ՛հանեն հիւծւող հոգուն գարշ ժխորից:

Գեղարուստ, համար 4, էջ 82, Թիֆլիս, 1911

 

***
Եթէ ձիւննեղէն էլ լինիս, բիծ կը գտնեն,
մի երկդիմի խօսք կը գտնեն հոգուդ նետեն.
օրէնքներից կապանք ունին ոտքիդ համար,
իսկ թևերիդ-մի ցանց նրբին,
որ անհաշիւ ու անհամար օղակներով
պիտի գամի քեզ վանդակին, հազար անուամբ ոսկեօղուած,
ու սև հողին ոտքիդ տակի…
Թափահարուիր ինչքան կուզես, ճչա՛ խելառ,
արիւնոտի սիրտ, ցանկութիւն
այդ վանդակի ձողերին պաղ-ինչ աւելի խոր կը խոցեն
քան երկսայրի սուրը պողպատ…
Ա՜, գազազիր ինչքան կուզես, ճչա խելառ
մինչր վերջին ճիչդ խելառ դեռ կը լսուի:
Ամենի հետ, ամենի պէս պիտի լինիս,
գունաւորված օրուայ գոյնով.
այլոց տուած օրէնքներին անխօս գերի…
-չը մոռանաս, որ չեն սիրում մարդուն ազատ,
հոգուն ազատ ու բաց-ճակատ ու սրտաբաց…
Օրէնքը կայ՝ եղիր գերի-
ի՞նչ ես հոգիդ թռիչքներով անսանձ թողել:
Տենչեր ունիս կիսակատար, խաչուած յոյսեր,
այս բոլորի տխրութիւնը կարօտակէզ ցանիր վրադ,
թող անձրևուի թախիծը քո նուրբ թևերին,
թո՛ղ ծանրանան մնաս անզօր թևերով թաց…
-մնա՛ անզօր թևերով թաց. չը լինի թէ արև օրին
պարզես լոյսին ու տաքութեան թևերդ թաց.
ու չը լինի զառ-վառ, զառ-վառ երազներդ յիշես նորից,
ու չլինի թէ ծառս առնի հոգիդ յանկարծ,
յանդուգն խօսք, կամ անտեղի տրտունջ լսուի…
Ամենի հետ ամենի պէս պիտի լինիս,
գունավորուած օրուայ գոյնով…
չմոռանաս, որ չեն սիրում մարդուն ազատ,
հոգուն ազատ, ու բաց-ճակատ ու սրտաբաց…

Գեղարուեստ, համար 6, էջ182, Թիֆլիս, 1917

Նյութը պատրաստեց Թագուհի Ղազարյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *