Նիհաթ Օզդալը ժամանակակից թուրք գրականության ինքնատիպ գրողներից մեկն է:
Ծնվել է 1984 թ. Եփրատի ափին՝ Հալֆեթիում(Ուրֆա), որտեղ էլ ապրում և ստեղծագործում է մինչև օրս:
Ծագումով հայ բանաստեղծը 6 ժողովածուի հեղինակ է: Բանաստեղծությունները՝ թարգմանաբար և բնագիր, տպագրվել են թուրքական և արտասահմանյան մի շարք գրական պարբերականներում: 2010թ. լույս տեսած «Google-ից առաջ» (Google’den Önce) ժողովածուն արժանացել է հեղինակավոր Հոմերոս (2011) և Մեմեթ Ֆուաթ (2008 թ. դեռևս գրքի տպագրությունից առաջ) երիտասարդական բանաստեղծական մրցանակներին:
/1/
Փետրվարյան ճերմակի՝
առաջին իսկ կիրակի օրը,
գետը դափնուց հարցրեց:
/2/
Ալիքներն է կուլ տալիս
հավերժությունը,
անհետանալ է ուզում:
/3/
Թակարդի մեջ սպասող կաքավաքա՛ղ
մթնշաղին ընդառաջ՝
ո՜նց ես սարսափում խավարից:
Որսորդին կաղալու պարերն է սովորեցնում
կաքավը:
/4/
Հենց այնտեղ, ուր աղբյուրը գետին է փարվում,
դեպի այգաբաց լողալ է փորձում
մարդը:
/5/
Վերջին հատկին բաց թողեց սիմինդրը,
ու գնաց նա՝
իմն է, ասելով, աշխարհը համայն:
/6/
Ջուրը ձգեցի իղձերս բոլոր.
ի՞նչ իմանայի, որ
չի ազդելու ուժը դուրս հրող:
/7/
Սիրելն ավելի արագ սովորելու համար
պոկեց բոլոր երիցուկները:
/8/
Երանի՜ ամեն ծաղիկ
սերտի երջանիկ լինելու արվեստը:
/9/
Հրաժարվում է ջրից
մի հսկա ինքնասպան՝
Կետը:
/10/
Google,
կարո՞ղ ես արդյոք գտնել նրան,
ով երազիցս սահեց լռելյայն:
Թարգմանությունը թուրքերենից՝ Կարոլինա Սահակյանի