Ծնողները, տատիկը, ավագ քույրը, եղբայրն անվերջ աշխատում էին։ Կարելի է ասել՝ տղուկը նրանց երեսը չէր էլ տեսնում, ու երբ վերադառնում էին երկարաժամյա աշխատանքից` նա քնած էր։ Մեքսիկացի, ֆիլիպինցի, հնդիկ, հայ երեխաները առանց ծնողների հսկողության ամբողջ օրը աղմկում էին բակում, թրև գալիս փողոցներով։ Տղային չէին ընդգրկում խաղի, խմբերի մեջ դանդաղաշարժության համար, հաճախ հետևողականորեն ծաղրում էին նրան։ Նա ավելի ու ավելի հազվադեպ էր բակ իջնում։ Դպրոցում նույնպես ընկերներ չուներ։
Մեծ ընտանիքը ապրում էր մի շատ փոքրիկ բնակարանում, որտեղ մեծ հեռուստացույց կար։ 90-ականներն էին, հեռուստացույցով հաճախ ցույց էին տալիս ֆիլմեր մաֆիայի մասին, որտեղ գեղեցիկ կոստյումներով առնական տղամարդկանց վարորդները լիմուզինով տեղաշարժում էին տեղից տեղ, նրանք էլ հենց տեղում հարցեր էին լուծում, որոշում մարդկանց ճակատագրերը։ Չնայած տղան աչքի չէր ընկնում մտքի սրությամբ և հիմնականում չէր հասկանում հերոսներին, այնուամենայնիվ, նրանք դարձան իր ամենահարազատները, քանի որ մեծ աշխարհում միայն նրանք էին կողքին։
Տղուկը երկար ու ձիգ ժամեր, օրեր՝ պառկած բազմոցին, փաթաթված տաք ծածկոցով նայում էր իր սիրելիներին, հաճախ ննջում էր, երազում թե արթմի տեսնում, որ ինքը նրանց հետ շքեղ, հեքիաթային լիմուզինի մեջ է և շարժման ընթացքը օրորում, ապահով քնեցնում է իրեն երկար ու ձիգ օրեր, տարիներ…
Նա չգիտեր, որ իր ցեղը եկել է հազարավոր մղոններ հեռու գտնվող անմատչելի անդունդի եզրին կախված մեկուսացած գյուղից։ Եվ բոլոր ժամանակներում՝ և՛ ճորտատիրության, և՛ կապիտալիզմի, և՛ սովետի օրոք իր գերդաստանը ամենաղքատն ու խղճուկն էր գյուղում… Ու որ իրենց ցեղը կոչում էին Խևանց։ Որտեղի՞ց կարող էր տղան իմանալ նախնիների խեղճության և ճակատագրի մասին, երբ տնեցիներից ոչ մեկ չէր խոսում նրա հետ: Տնեցիները սակավ էին զրուցում նույնիսկ միմյանց հետ, ու եթե խոսում էին, տղան չէր էլ հասկանում նրանց լեզուն։ Նա խոսում էր այն լեզվով, ինչ կինոնկարի իր հերոսները, այն էլ` դանդաղ ու կմկմալով։
Դպրոցը մի կերպ ավարտեց, շրջանավարտներից շատերը շարունակեցին կրթությունը, մի քանիսը մեկնեցին բանակ, իսկ նա էլ ընդունվեց bakery, որտեղ աշխատում էին առաջին սերնդի իր ազգակից էմիգրանտները։
Թանկարժեք կոստյումը հագին շքեղ լիմուզինով նա մեկնում և վերադառնում է աշխատանքից։ Տղան հասել է իր երազանքին. ավտոյից անփույթ արժանապատվությամբ դուրս գալուց, բոլորը հետաքրքրությամբ, ակնածանքով նայում են նրան։ Նա միայն այդ պահերին է իրեն «կարգին մարդ» զգում։
Աշխատանքը ծանր էր. ամբողջ օրը կարագի 25 կիլոգրամանոց արկղեր, ծանր ալյուրի պակեր, կրեմով լցված դույլեր էր կրում պահեստ, որ գտնվում էր շինության վերջում։
Այնուամենայնիվ… այնքա՜ն հաճելի էր, որ ոչ ոք իրեն չի ծաղրում։ Տղան քչախոս էր ու բոլորը հարգանքով էին վերաբերվում նրան։ Աշխատակիցները իրարամերժ ենթադրություններ էին անում, բայց մի հարցում նրանք համակարծիք էին, որ տղան շատ հարուստ էր, և շարունակաբար զարմանում, թե ինչու՞ է նա իրենց հետ աշխատում, երբ «լեզու» կա բերանում, կարող է աշխատել օտարների հետ։ Քչփչում են, որ ինչ-որ մութ «առաքելությունն» է պատճառը, որ տղան իրենց հետ է` նման անշուք միջավայրում։
Տղային դուր էր գալիս աշխատանքը. նա սիրեց այդ մարդկանց, որ խոսում էին հեռավոր լեռների լեզվով։ Հրաշք կատարվեց. մոռացված լեռների հուշը կիսաարթուն ուղեղի, լեզվի ու լսողության կապանքները ջարդեց։ Նա սկսեց խոսալ նրանց պես։
Թվում է՝ ամեն ինչ լավ է ընթանում։ Հացթուխ տանջահար կինը նրան ցույց տվեց լեռնային հեռավոր գյուղում ապրող իր անուշիկ դստեր լուսանկարը։ Քնելուց նա ոգեշունչ աղոթում էր, որ այդքան ներկայանալի տղան հավանի իր դստերը։ Չգիտեմ, ծեր անապատում գտնվող հսկա քաղաքից դեպի հեռավոր, մոռացված լեռնեը ձգվող արմատնե՞րն են պատճառը, թե՞ աղջկա լուսանկարից ժայթքող գեղեցիկ, ծավե աչքերը` կինը ստացավ իր աղոթքների պատասխանը։ Ջահել Խևը մինչև ականջների ծայրը սիրահարվեց հացթուխի աղջկան: Օվկիանոսը հատելով՝ դեպի լեռնային հեռավոր գյուղ էին թռչում ծանրոցներ՝ շքեղ կանացի զգեստներով, շղարշներով ու փետուրներով տարօրինակ գլխարկներ։ Աղջիկը զարմացած էր իր բախտի վրա։ Նա գյուղամեջ էր դուրս գալիս՝ զարդարված զգեստին միշտ համապատասխան էկզոտիկ գլխարկներով։ Գյուղի աղջիկները նախանձից պայթում էին, ցանկանում նրան նմանվել, բայց չունեին այդ հնարավորությունը։ Հարսանիքը արդեն մոտ էր և հացթուխ կինը հույս ուներ տեսնել արդեն հասուն դստերը, որից բաժանվել էր, երբ նա հինգ տարեկան էր, քանի որ նրա էմիգրացիոն խնդիրն արդեն երկար ու ձիգ տասնհինգ տարի է, որ մտել էր փակուղի։
Կուզեի, որ պատմությունս վերջանար հայկական հեքիաթի պես. տղան, հացթուխ կինը, ծավե աչքերով աղջիկը հասան իրենց մուրազին, բայց… Լիմուզին նստելու փափագն անկառավարելի էր։ Տղան ավելի ու ավելի հաճախ էր օգտվում ամենատարբեր շքեղ ծառայություններից. նա սկսեց դրանցով երթևեկել մթերքներ գնելու, անիմաստ թափառել քաղաքի բանուկ թաղամասերով, այցելել շքեղ խանութներ` այդ ընթացքում վարորդը ժամերով լիմուզինի մեջ պետք է սպասեր նրան։
Փողը չէր հերիքում։ Տնից նախ անհետացավ եղբոր կնոջ զարդեղենը, հաջորդ ամսին` քրոջ, երրորդ ամսին` մոր։ Տնեցիները սկզբում կասկածում էին հարևանների վրա, իսկ երբ համոզվեցին, որ նա է` տնից դուրս շպրտեցին։ Լեռնային հեռավոր գյուղից նոր ժամանած մորաքույրը նրան տեղ տվեց իր փոքրիկ խցում։ Ու քանի որ bakery-ում նրան շատ էին հարգում էին, մորաքրոջը տեղավորեց այնտեղ աշխատանքի։
Bakery-ն փակ էր միայն գիշերվա մեկից երեքը։ Հենց այդ ժամին էր կատարվել գողությունը։ Սարսափելի էր նման գողություն անելը, հատկապես երբ քեզ հարգում ու սիրում են այնտեղ։ Բայց տղան անզոր էր, քանի որ լիմուզին նստելու փափագը աշխարհում գտնվող ամեն ինչից զորեղ էր։ Պահեստից գողացավ կարագի քսան արկղ։ Ինքնարժեքից ցածր գնով, մի քանի օրվա մեջ տասնիննը վաճառեց քաղաքի bakery-ներին։ Քսաներորդը չվաճառվեց։ Տղան այն տվեց մորաքրոջը, որը լեռնային գյուղի սովորության համաձայն հենց նույն երեկոյան հալեց` ճաշերի մեջ օգտագործելու համար։ Յուղի բուրմունքը տարածվել էր բակով մեկ։
Մորաքույրը թեև մեծագույն բավականությամբ յուղն օգտագործում էր ճաշերի մեջ, բայց մեկ շաբաթ անց, ասաց տիրոջը.
– Մի շաբաթ ա աչքս չեմ կարում կպցնեմ, էդ գողությունը մեր Խևն ա արալ…
Bakery-ի տերը զանգեց նրան, հորդորեց, որ բերի հանձնի գողացած կարագի գումարը և իրենք վերջացնեն ամեն պարտք ու պահանջ։ Տղան նրան սպառնաց և ամենավերջին հայհոյանքներով կտրուկ եզրափակեց խոսակցությունը, ինչպես ֆիլմերի իր հարազատները կվարվեին։ Տերը այլ ելք չուներ, զանգեց ոստիկանություն։ Թանկ, որակյալ հանդերձանքով, գեղեցկատես երիտասարդին բռնեցին լիմուզինից դուրս գալուց քաղաքի ամենաշքեղ բանուկ թաղամասերից մեկում։ Շփոթված, զարմացած ամբոխը հեռվից մեծ հետաքրքրությամբ դիտում էր նրա ձերբակալումը։ Իսկ տղան այնքան շոյված էր այդ ուշադրությունից, իրեն այնքա՜ն կարևոր ու մեծ էր զգում։ Դա Խևի «աստեղային ժամն էր»….