Աշոտ Ալեքսանյան
Սառը պատերազմի ուտոպիան
Հերման Հեսսեն (1877-1962) ծնվել է հարավգերմանական պատմական Շվաբիա երկրամասի Կալվ քաղաքում, ուր և անցել են նրա մանկության ու պատանեկության տարիները: Ուսանել է Մաուլբրոննի ավետարանական հոգևոր սեմինարիայում, ապա և Բադ Կաննշտատի գիմնազիայում: 1899թ. հաստատվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում, իսկ 1904-ին «Պետեր Կամենցինդ» վեպի լույս ընծայումից հետո, որպես ազատ ստեղծագործող՝ Հարավային Շվեյցարիայի Մոնտանյոլա բնակավայրում, ուր և (չհաշված Իտալիա և Հնդկաստան կատարած իր հաճախակի ճամփորդությունները), ընդունելով շվեյցարական հպատակություն, ապրել է մինչև իր կյանքի վերջը:
Ես-ի և արտաքին աշխարհի, ոգու և բնազդի, ինքնոչնչացման հակումի և ինքնարտահայտման կարոտալից ձգտման միջև գոյություն ունեցող իրական հակասությունը, մարդուս հոգևոր-ոգեղեն էներգիայի և քաղքենի հասարակության այլասերված ու կաթվածահար հաստատությունների միջև գոյավորված լարվածության մթնոլորտը նրա հսկայածավալ գրական-հրապարակախոսական ժառանգության առանցքային թեման է, որի գեղարվեստական բարձր մարմնավորման, ինչպես նաև հումանիզմի ու առաքինասիրության գաղափարների քարոզի համար էլ Հեսսեն, որպես «լավագույն Գերմանիայի» ջատագով ու նրա իսկական ներկայացուցիչ, 1946 թվականին արժանացավ Նոբելյան մրցանակի:
1919 թ. շրջադարձային տարի է Հեսսեի ողջ ստեղծագործության համար, նաև որդեգրած գեղագիտական նոր ըմբռնումների իմաստով: Այդ թվականին լույս ընծայված «Զրադաշտի վերադարձը» քաղաքական թռուցիկում, ինչպես նաև «Դեմիան» վեպում, առաջին աշխարհամարտի մղձավանջային արդյունքների ամփոփման փորձին զուգահեռ, Հեսսեն առաջինն էր, որ մարգարեացավ և ահազանգեց նոր միայն սաղմնավորվող ազգային սնապարծության, ազգայնամոլության և ազգային բացառիկության այն գաղափարների դեմ, որ հասունանում էին գերմանական միջավայրում:
Այս թվականից սկսած (տարեվերջին արդեն սկսել էր շարադրել իր նշանավոր «Սիդհարթա» վեպը)՝ ժամանակի իռացիոնալ կենսափիլիսոփայությունը, որը նաև տիրապետող գաղափարախոսություն էր, իմաստասիրական հետնախորշի իրավունքով մուտք է գործում Հեսսեի գեղարվեստական, ինչպես նաև բարոյագիտական ծրագրերի ամենախոր շերտերը: Այստեղ ամեն ինչ կա՝ սկսած Ֆրոյդի ու Յունգի հոգեվերլուծական մեթոդի ուղղակի գործադրումից մինչև Նիցշեի ու Շելերի իռացիոնալիստական մտավարժանքները, բայց երբեք աչքաթող չի արվում արվեստի ու բարոյականության անխախտ կապը, որից և տրամաբանորեն մակաբերվում է հոգևոր մշակույթի սրբազնացման բնազանցական ձգտումը:
1931թ. լույս ընծայած պատմվածքների ժողովածուին Հեսսեն ծրագրային նշանակության բնութագրում է տվել՝ «Ճանապարհ դեպի ներս»: Սա ոչ թե պատասխանա-տվությունից խուսափել էր նշանակում, ինքնաբավ մեկուսացման տրվելու պես մի բան, այլ հրավերքի ամենաանկեղծ ձևն էր, ինքնաքննադատության ամենաանխնա միջոցը: Հեսսեն քաղաքակրթության պատմությանը հայտնի այն վերջին մոհիկաններից էր, որ փորձում էր նույնիսկ քրիստոնեությունը վերառել մշակույթի միջոցով, մի խոսքով՝ ձգտում էր մշակույթի աստվածացման կամ ծիսականացման: «Ճանապարհ դեպի ներս»-ի թեման լավագույնս մարմնավորում է գտել «Տափաստանի գայլը» (1927թ.) և «Հուլունքախաղ» (1943թ.) վեպերի միստիկ հյուսվածքներում: Այս երկերում արտահայտություն են գտել հետպատերազմյան եվրոպական քաղաքակրթության, մշակութային ժառանգության ճակատագրի, «ոգու» մարդկանց գոյատևման հնարավորության խնդիրները: «Տափաստանի գայլը» վեպում ժամանակակից եվրոպական հասարակության դատապարտվածությունը ներկայացվում է մոգական թատրոնի հայելային արտապատկերման միջոցով, ուր պարզորոշ գծագրվում է եվրոպական քաղաքակրթության գայլային էությունը, որ պատերազմների հրձիգն է ու ամենայն մարդկայինի հակոտնյան: Ջազի ռիթմերում Հեսսեն լսում է Եվրոպային հրաժեշտ տալու գրոտեսկային երաժշտության հաղթարշավը, որի հարևանությամբ գեղագիտական ու բարոյագիտական դասական մշակույթը դատապարտված է մահվան: Եվ միայն «աշխարհային լայնությունների մահացու ցրտերում», որ խորհրդանշում է հանճարի մենակությունը քաղքենիական միջավայրում, նրանից վեր կանգնած լինելու ձգտումը, ոգու, մարդասիրության, կյանքի հակադրությունները հաշտեցնող երգիծանքի աշխարհում կարելի է, ըստ Հեսսեի, հաղթահարել սեփական ժամանակը՝ բնությունից օտարված ու ոգեզուրկ:
«Հուլունքախաղ» վեպ-ուտոպիան, որ Հեսսեի ստեղծագործության ամփոփագիրն է, նվիրված է ժանտախտահար աշխարհում գոյող մարդկային ոգու փառաբանմանը: Նրա հղացած «Կաստալիա 2200 թ.» ուտոպիան մի աշխարհ է, ուր բոլորը հուլունքախաղով են զբաղված՝ «մարդկային իմացության ու հոգևոր մշակույթի բոլոր իմաստներն ու բովանդակային շերտերը քննող մի խաղով»: Այստեղ զբաղված են լոկ մշակութային ժառանգության պահպանության խնդրով, ինչն էլ փրկի պիտի աշխարհը իրական փլուզումից ու բարոյազրկությունից: Այդպես էլ վարվում է հուլունքախաղի մագիստրոսի տիտղոսակիր վեպի գլխավոր հերոսը՝ Կնեխտը, որը խաղի վերջում լքում է Կաստալիան և հեռանում դեպի դաժան աշխարհը, որպեսզի այնտեղ ծառայի «առանձին անհատ մարդուն»: Ողբերգաբար զոհվելով՝ նա հաղթող է դուրս գալիս, քանզի գործունյա հումանիստը մարդկության և առանձին մարդու սպասավորն է և պետք է ինքնազոհաբերման գնա:
Կյանքի հակադրությունները հաշտեցնող երգիծանքն է ընկած «Զեկույց Նորմալիայից» (1948թ.) ուտոպիայի հիմքում: Միակ տեղավայրը, միակ հաստատուն մեծությունը, որ կա աշխարհում, զետեղված է մարդու ներսում՝ հոգում, դրսու՛մ, արտաքին աշխարհում ամեն ինչ անհաստատուն է՝ սահանկող ու սորուն տեղախախտվածք՝ ուտոպիա: Նույնպես և մարդկային դիմազուրկ բազմությունները սանձելու կոչված հասարակական ու պետական կառավարման իրարամերժ, փոխբացասող եղանակները և անգամ երկրագնդի սահմանափակ տարածքը բաժանարար գծերով սահմանազատելուն միտված ներփակ աշխարհագրական միջավայրը սահմանախախտ ուտոպիա է՝ մարդուս ինքնադրսևորման արտաքին ազդակներով պայմանավորված: Այս երգիծապատումում Հեսսեն ուրվագծում է Սառը պատերազմի արդեն իսկ միս ու արյուն ստացած, ահագնացող ուրվականը՝ Արևմտա-արևելյան Երկրների համախմբումի և Արևելա-արևմտյան Երկրների համալիրի, կոչենք այն՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքի և Վարշավյան պայմանագրի հակադրամիասնության տիրույթում: Սրանք թեև իրար հակադիր բևեռներ են առմտածվում, սակայն հիմքում հակադրամիասնության զույգ կողմերն էլ մի և նույն խնդիրն են լուծում. ուտոպիական՝ մատից ծծած գաղափարական ու կենցաղվարական հակադրման հիմքի վրա մարդկային խամաճիկների ամբոխը կառավարելու խնդիրը՝ տեսանելի ու անտեսանելի թելերի ձեռնածուական հնարքների միջոցով: Մենք բոլորս՝ կամավոր և ինքնավար կառավարվող ճաղավանդակների հետևում պատսպարված բանտարկյալներս, ողջամիտ, թե անողջախոհ, ապրում ենք ժողովրդա-բռնապետական պետության վերաճած նախկին Խենթանոցում, այլ խոսքով՝ հոգեբուժական հաստատությունում, հեգնում է Հեսսեն: Բոլորս անխտիր: Ընդսմին՝ փոքրամասնություն կազմող առողջների և մտախև մեծամասնության ցնկնած մտքերը, արգասավորության առումով, շատ էլ չեն տարբերվում իրարից՝ դրանց կիրառական նշանակության սահմանափակության, այլև անհամատեղելիության պատճառով: Որովհետև մեր բոլորիս գոյությունն այս թվացյալ պետությունում ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ պետությունն էր պետություն, արձանագրում է Հեսսեն, հեգնելով. իսկ մնացած ամեն ինչ նորմալ է, ես ինձ այստեղ համենայնդեպս բավական հարմարավետ եմ զգում՝ որպես իմ սեփական տանը: Իր իսկ հորինակերտած ուտոպիստական իրականության մարդատյաց, համահարթող էությունից շվարած՝ Հեսսեն փրկությունը դարձյալ գտնում է մշակույթի սրբազնացման և սեփական եսին՝ «առանձին անհատ մարդուն» ծառայելու իր նախասկզբնական, միակ հասանելի հակաուտոպիստական ծրագրում:
ԶԵԿՈՒՅՑ ՆՈՐՄԱԼԻԱՅԻՑ
Ձեռագրային պատառիկ
Սիրելի և խոնարհաբար մեծարգո բարեկամ:
Անսալով Ձեր մեծահոգի բարեսիրության քաջալերանքին, արդ ես վերսկսում եմ մեր թղթակցությունը, որն ըստ իս մշտապես ավելի շատ վիճահարույց մենախոսություն է եղել, քան զրույց և հիմա էլ, այս տարաբախտ տարիների ընթացքում, ընդհատվել էր, և ահավասիկ ես ցանկանում եմ վերստին իմ կյանքի և այստեղի հանգամանքների մասին Ձեզ հաշվետվություն ներկայացնել: Ճիշտն ասած ես չգիտեմ նույնիսկ, գուցե Դուք մեր մասին, մեր պետության և նրա հաստատությունների առնչությամբ ինձնից ավելի լավ եք տեղեկացված, քանի որ ես, իմ աչառու համակվածության բերումով, ինձ այստեղ համենայնդեպս բավական հարմարավետ եմ զգում՝ որպես իմ սեփական տանը, և այդուհանդերձ չէի ասի, թե իմ այդ զգացողությունը զե՛րծ է մեր հանրության մեջ և մեր կյանքում առկա ինձ երբեմն զարմացնող կամ վախեցնող, երբեմն էլ ծանակելի ու խարդավանող կամ քթից բռնած ֆռռացնելու ինչ-ինչ զարմանազան, իրարամերժ կամ օտարոտի հանգամանքներից: Արդ, հենց այդպես էլ կա, հավանաբար դա հենց այդպես է՛ և այդպես եղե՛լ է այս հողագնդի վրա՝ ամենուրեք և բոլոր ժամանակներում, և ինչպես ասացի, ես այստեղ ինձ հարմարավետ եմ զգում և նպատակ ու կարիք չունեմ քննադատություն բանեցնելու առկա պարագաների կապակցությամբ կամ առավել ևս գանգատվելու դրանցից: Ընդհակառակը, մեր այս գերընդարձակված հիմնարկում ապրելը շատ լավ է, և առեղծվածը, որ Նորմալիայի մեր կյանքն է մեր առաջ դնում, գուցե Ձեր այդ Հյուսիսային Դաշինքի խնդիրներից, կամ ինչպես էլ հիմա Ձեր երկիրը կոչվելիս լինի, շատ էլ չպետք է տարբերվի: Մեզ հուզում և անհանգստացնում է, օրինակի համար, այն հարցը, թե ով է հիմա ըստ էության մեր Տնօրենը – սակայն ավելի լավ է թույլ տվեք այս հիմնարար հարցի առնչությամբ միառժամանակ դեռևս լռեմ… Մենք շատ քիչ ենք իրազեկված նաև այն հարցի կապակցությամբ, թե ինչպես մեզանում, վերջին Բռնակալի տապալումից հետո, պատահեց այնպես, որ «Դասերի դիկտատուրա» հաստատվեց, ինչպես որ մենք պաշտոնապես անվանում ենք ինքներս մեզ: Սակայն Ձեզ երևի ավելի շատ մեկ այլ հարց, ավելի շուտ հարցերի մի համախումբ կհետաքրքրի, մասնավորապես այն հարցը, որն առնչվում է մեր Հիմնարկի Նախապատմության Առասպելին – ավելի ճիշտ՝ մեր այս լայնածավալ և գերխիտ բնակեցված համակեցությանը: Դուք գիտեք. մենք՝ Նորմալիայի բնակիչներս, այստեղ ապրում ենք որպես կամավոր և ինքնավար կառավարվող նստակյաց-կալանավորներ Երկրների-մի-Համալիրի, որը մաս է կազմում Արևմտա-արևելյան, դաշնակցա-դիկտատորական պետությունների համախմբակցության: Մեր երկիրն ու համայնակեցությունն առաջացել է սակայն Հյուսիսային Աքվիտանիայում գտնվող մի փոքրիկ, հազիվ մի քառակուսի մղոն ծավալ ունեցող անտառատափաստանային գոտուց, և այդ տափաստանային գոտին, իր մի տասնյակի չափ շինություններով հանդերձ, մինչև այս վերջին քաղաքական ու պատերազմական հեղաշրջումներն այլ բան չէր, քան միջին մեծության, գերլավագույնս կառավարվող Հոգեբուժական հաստատություն՝ Խենթանոց: Այս հաստատության վերաճումը մի ամբողջ պետության ու երկրի պաշտոնական պատմաբանների կողմից բացատրվում է նրանով, որ փառահեղ Դարաշրջանի սկզբնավորումից ի վեր կյանքի կոչված վախերի ու զանգվածային հոգեխանգարմունքների հետևանքով այն քաջահայտ հաստատությունը բախվեց հաճախորդների մի այնպիսի ներհոսքի դիմակայման խնդրի հետ, որ մի փոքրիկ բնակավայրից մի գյուղ, գյուղերի խմբավորում, վերջապես երկրամասերի ու քաղաքների մի համախումբ, կարճ ասած՝ մեր այժմյան երկիրն առաջացավ: Ընդսմին՝ ճոխագույնս աստիճանակարգված հաճախորդների կատեգորիաների պահանջարկին համապատասխան առաջ եկավ հաստատությունների մի համակարգ՝ ծանր և նվազ ծանր խեղվածների, թմրամոլների, նևրոտիկների, միայն նևրոզով հիվանդների համար և այլն և այլն, և մինչ առողջարանները լուրջ հիվանդների համար էին բժիշկների կողմից, առաջվա պես, այն ժամանակվա հոգեբուժության խաղի կանոններով ղեկավարվում, նրանց շուրջբոլորը բնակավայրերի ու համատիրությունների մի փոքրիկ աշխարհ կազմավորվեց, որոնցում ոչ բժիշկ կար, ոչ հոգեբուժություն, և որն իր շատ ավելի հաճելի գոյապայմանների հետևանքով ողջ Արևմուտքից հանգիստ որոնող ներգաղթյալների մի հզոր հոսք ընդունեց: Եվ այդպես էլ կար, մենք այդպես ենք մտածում և այդպես է հաղորդում առասպելը, Արևմտա-Արևելյան պետությունների համախմբակցության կայունացումից կարճ ժամանակ անց Դասերի դիկտատուրայի հիմքի վրա մեր Հանրությունն առաջացավ, երեսուն միլիոն ընդգրկող խելամիտների և խելահասների մի ինստիտուտ, որում յուրաքանչյուր խելամիտի և խելահասի մի քանի քննություններ հանձնելու և պարտականություններ հանձնառելու իրավունք էր վերապահված: Այսպիսով ի հեճուկս հաստատության նախասկզբնական նպատակի՝ մեր այս պետության վերաճած ինստիտուտը միավորում է առողջներին և հիվանդներին, մինչդեռ Արևելա-Արևմտյան քամիներից իրար գլխի հավաքագրած համախմբակցության մնացյալ և մեծագույն մասը շատ թե քիչ հիվանդներով և խեղվածներով էր բնակեցված և կառավարվում: Այսպես է ասում առասպելը, և սկզբունքնորեն մենք գոհ են դրանից և հավատում ենք դրան, ինչպես որ յուրաքանչյուր ապրող էակ է իր սեփական գոյությանն հավատում և պարտավո՛ր է հավատա: Միայն թե նորագույն ժամանակներում, ձեռք-ձեռքի տված այլևայլ զայրացուցիչ տեսությունների ու գաղափարների հետ, նաև հետևյալ հոգեծվատիչ գաղափարը մեզանում գաղտագողի սողոսկեց. խելագարներին բնորոշ հնամենի մի տարբերանշան է այն, որ իրենք իրենց հաճույքով որպես նորմալ և առողջ են թվում կամ ձևացնում, և այդպես էր նաև մեզանում՝ մեր պետությունում, մենք բնավ խելամիտ կամ մտահասու չէինք, այլ հոգեկան հիվանդներ էինք, և մեր գոյությունն այս թվացյալ, երևութական պետությունում ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ մեր պետությունն էր պետություն, այլ մենք պարզապես մի մեծ հիմնարկություն էինք խելագարներով լեցուն: Ինչպես ասվեց, սա մի հարց է, որով մեզանից ոմանք, զուտ դիպվածաբար, լրջագույնս զբաղվում են, այդպիսիք սակայն համենայնդեպս պատկանում են մեր միջի նրբամիտ և օժտված գլուխներին, և այն հարցը, թե մե՞նք ենք արդյոք խելագար, թե՞ մյուսները, կազմում է մեր այդ հանճարների իմաստակությունների և մտավարժանքների գլխավոր բովանդակությունը: Մենք ուրիշ ենք, մենք սառնասիրտներս և հասակավորներս, մենք համենայնդեպս հավատարիմ ենք մնում համընդհանուր խաղի կանոններին և կա՛մ հավատարմորեն ու անկեղծորեն հավատում ենք ավանդված առասպելին, ասել է թե՝ մեր խելամտությանը և Նորմալիայում մեր կեցության կամավորությանը, կա՛մ էլ սակայն մենք այն կարծիքին ենք, որ այս անլուծելի խնդիրների առթիվ ավելորդ հուզագրգռությունը ո՛չ մի տեղ չի տանի, և շատ էլ մեծ նշանակություն չունի և կարևոր էլ չէ որոշելը, արդյոք խելագա՞ր ես, թե՞ նորմալ, արդյոք կապիկի վանդակում նստած կապի՞կ ես թե՞ կենդանաբանական այգու ճաղավանդակի միջից տխմար հայացքով ակնապիշ նայող մշտայցելու, այլ շատ ավելի ճիշտ էր և դյուրամարս ինչպես գոյությունը, այնպես էլ մետաֆիզիկան ընդսմին որպես ո՛չ անխնդրահարույց, այլ հենց էլ իմաստալի հմայախաղ ընկալելը և ուրախանալը շատուշատ բարի ու գեղեցիկ բաներով, որ մենք վերապրել կարող ենք այս խաղում: Միայն թե, ինչ վերաբերում է մեր Պարոն Տնօրենի անձին և գործառույթներին, ինքս էլ ամեն դեպքում չէի զլանա դույզն-ինչ տարակույս, գուցե և ինչ-ինչ նկատառումներ բարձրաձայնելուց: Սակայն այդ մասին առայժմ ո՛չ մի խոսք, այս հարցում դեռ հարկավոր է շատուշատ բաներ նախ ինքդ քեզ խաղաղված սրտով պարզաբանես, մինչ կհանդգնես այս բազմաբարդ խնդրահարույց հարցին անդրադառնալ լեզվի ու տրամաբանության կոպիտ միջոցներով: Կանգ առնենք, մեծարգո բարերար, մերձակայի և թվացյալ որոշակիի մատույցներում, և փորձենք մտավարժանքը հնարավորինս պահել ողջամտության սահմաններում:
Այժմ ես ապրում եմ, քանիցս բնակավայրս փոխելուց հետո, վերստին, ինչպես տարիներ առաջ, Նորմալիայի բանիբուն սրտում, այն է՝ երբեմնի Խենթանոցի հողատարածքում, մի նորակառույց հարակից շինությունում՝ ոչ հեռու ցանկապատից, որը նշանավոր Պարտեզը բաժանում է ընդարձակ բանջարանոցի այգուց: Այս բնակավայրն ունի, ինչպես ցանկացած ուրիշը մեր պետությունում, իր առավելություններն ու թերությունները, իր առանձնահատուկ տեղային ավանդույթները, արտոնություններն ու նիստուկացը, այնպես որ հարաբերականորեն դեռևս երիտասարդ, իրարից չափազանց տարբեր պատմական անցյալով երկրամասերի միավորմամբ կազմավորված Դաշնային պետությունը, նաև ամենազոր սահմանադրությունն ու գաղափարախոսությունը չեն կարողացել վերացնել գերհզոր գավառական կենսակերպի շարունակական ընթացքը: Զորօրինակ, մենք՝ Հին կամ Վաղնջական Նորմալիայի նստակյաց-կալանավորվածներս շատ էլ կարիքը չունենք պետական-քաղաքացիական պարտականությունների համար հոգ տանելու, ասել է, թե՝ մենք ունենք ընտրելու իրավունք, սակայն ո՛չ բնավ ընտրելու պարտականություն, և կարևորագույն պետաքաղաքացիական գործունեությունը, հարկերի վճարումը, մեր փոխարեն հոգում է հիմնարկի ղեկավարությունը, մենք դրա հոգսը հոգալու կարիքը չունենք, մուծվելիք գումարաչափը գրանցվում է մեր ծախսային հաշվին, քանի դեռ հաշվի վրա մենք գումար ունենք, և երբ այն սպառված է լինում, այդժամ պետությունը մեզ ուղարկում է, որպեսզի մենք կրկին հարկման աղբյուր դառնանք, մեկ այլ վայր, իր գործատներից որևէ մեկը, բնականաբար կամավորության և ինքնորոշման սկզբունքի լիակատար պահպանության ու հարգման շրջանակներում: Միառժամանակ, որքանով ես իրազեկված եմ, իմ գումարը դեռևս բավականացնում է որոշ եռամսյակային հաշվետվությունների և որոշակի հարկերի մուծման համար, այնուհետև, վերստին վրա են հասնում այն իսկապես լրջագույն ճգնաժամերը, երբ ազգաբնակչությունը միահամուռ դժգոհությամբ իր ողջ կարողությունը տանում է հարկային մարմինների դուռը և վերջիններիս՝ սպառնալիքների և հնարավոր բռնության գործադրման հարկադրանքի ներքո, ստիպողաբար ընդունել է տալիս, ի մեծ տհաճություն պաշտոնատարների, քանզի համաձայն մեր Սահմանադրության, ամեն անգամ, երբ պետությունը դառնում է բոլոր կարողությունների միանձնյա սեփականատերը, գործից ազատում է ողջ պաշտոնեությանը, քանզի այլևս որևէ բան չկա գանձելու: Ընդսմին՝ սրանք հանգամանքներ են, որոնց մասին Դուք, մեծարգո բարեկամ, հավանաբար ինձնից ավելի վստահաբար գիտեք, քանզի ես, որոշակի սահմաններում պարփակված, նաև այսօրվա այս աստիճան հույժ գերկատարելագործված Համախմբվածքապետության կյանքում անհատապաշտամոլ ու երազող, անգետ ու հետաքրքրազուրկ հետևորդ եմ մնացել: Թույլ տվեք ինձ, մեր մտքերի փոխանակման այսքան երկարատև ընդհատումից հետո, հենց միայն վստահությունը վերստին շահելով՝ նկարագրելուն ու պատմելուն անցնեմ, և ուրեմն ես Ձեզ շատ ավելի հետաքրքրական բաների մասին կարող եմ հաղորդում ներկայացնել, նկատի ունեմ իմ և մեր կյանքի մասնավորությունների մասին, որոնք Ձեզ համար գուցե նորություն են և կարող են ուրախություն պատճառել: Դրանց թվին է պատկանում, ի շարս այլոց, ինչպես ես արդեն նկատեցի, այն ինչ-ինչ ռեգիոնալ առանձնահատկությունների և օրենսդրական յուրահատկությունների առկայությունը մեր զանազան շրջաններում, երկրամասերում ու քաղաքներում, առանձնահատկություններ՝ պայմանավորված պատմական, մասամբ հնուց եկող դրդապատճառներով, որոնք չնայած կամավոր-բռնատիրական միասնականությանը դեռևս շարունակում են հարատևել մեծագույն հաստատականությամբ: Այսպես օրինակ, սրանից մի երեք կամ չորս տարի առաջ պատկան մարմինների կողմից նախապես ծանուցվելով կամավոր և ինքնաբուխ բնակփոփոխության կատարողականի մասին, ես տեղափոխվեցի Ֆլաքսենֆինգեն քաղաքը, որի մասին ինչ-ինչ հետաքրքրական բաներ էի կարդացել: Ես վարձեցի պարտեզամերձ մի տաղավար, մեկ-երկու զբոսանք ձեռնարկեցի և հենց այն է՝ մի շատ հաճելի կանաչապատ նստարանին նստոտած սկսել էի մի պստլիկ ոտանավոր գրի առնել, երբ մրրկահողմի փութաճեպությամբ մի ոստիկան մոտեցավ մոտոցիկլով և հարցրեց ինձ, թե ինչ եմ ես անում այդտեղ:
– Ես բանաստեղծություն եմ գրում,- ասացի ես,- եթե Դուք դրան դեմ չեք:
– Օ՜,- ասաց նա՝ ճշգրտող հնչերանգով,- ես արժանի չէի լինի իմ պաշտոնին, եթե որևէ առարկություն չունենայի այդ առթիվ: Բանաստեղծությու՞ն եք գրում, ասում եք: Իսկ ու՞ր է Ձեր լիազորագիրը և թույլտվությունը: Ունե՞ք արդյոք Համքարությանը պատկանելու վկայական:
Վախվորած՝ ես խոստովանեցի, որ նման փաստաթուղթ ես չունեմ, և սակայն ինձ թույլ տվեցի հավելել, որ իմ գիտցածով Նորմալիայի Սահմանադրության մեջ որևէ խոսք չկա պարտադիր համքարության անդամ լինելու և համքարային վկայականների մասին:
– Դուք ուզում եք ինձ խե՞լք սովորեցնել,- բղավեց նա դժկամությամբ:- Նորմա՛լիա էլ կա, Նորմա՛լիա էլ, մենք այստեղ Ֆլաքսենֆինգենում ենք գտնվում: Ուրեմն Դուք չունե՞ք վկայագիր: Չլինի՞ դրանով ուզում եք ասել, որ Դուք ընդհանրապես որևէ համքարության չեք պատկանում:
Եվ իսկապես, ինչ վերաբերում է ինձ, հենց այդպես էլ կար, և ես միայն հիմա իմացա, որ այս քաղաքում բարցարձակապես չի խրախուսվում և հնարավոր չէ որևէ գործունեությամբ զբաղվել՝ չպատկանելով որևէ համքարության: Ես հարկադրված էի թուղթ ու գրիչը տարհանձնել և հետևել խստադաժան մարդուն, ես տարվեցի քաղաքապետարան և անձամբ քաղաքապետի մոտ, ի դեպ՝ մի շատ համակրելի մարդ, ստիպված էի նրա հարցերին պատասխանել և խնդրեցի, այն բանից հետո, երբ հասկացա թե խոսքն ինչի մասին էր, ինձ հատկացնել Բանաստեղծների և գրականության համքարության իմ վկայագիրը: Հիմա էլ քաղաքապետն ընկավ մի տեսակ շփոթության մեջ, քանզի նման համքարություն չկար իր քաղաքում: Այնուհետև քաղաքային խորհուրդի նիստ հրավիրվեց, որից հետո երդման կարգով ես պարտավորվեցի մինչև իմ դասահատկացումը որևէ համքարության որևէ գործունեություն չձեռնարկել, և նիստի ընթացքում տեղի ունեցած հանգամանալից և աշխույժ քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենից ավելի շատ ես թերևս հարմար կգամ Դերձակների համքարությանը և որին էլ հետևաբար հարկ է անդամագրվեի: Անցավ ևս մի քանի օր, մինչև որ Դերձակների համքարության ղեկավար պաշտոնատարներն ինձ գտան և տեղեկացրեցին ինձ, որ ըստ իրենց կանոնադրության իրենք ոչ կարող էին, ոչ էլ ցանկանում էին ինձ իրենց շարքերն ընդունել, սակայն վերջերս իրենց ավագագույն անդամը մահացել էր և դրանով իսկ տեղ էր ազատվել ինձ համար, եթե իհարկե իմ թեկնածությունը հաստատվի համագումարի կողմից և երաշխիք տրվի առ այն, որ ես կենթարկվեմ և չեմ խախտի համքարության օրենքները: Ես, բնականաբար, ամեն ինչ խոստացա, այնքանով, որքանով դա համատեղելի էր իմ պատվի հետ՝ որպես մարդ և բանաստեղծ: Եվ մի հերթական նիստից հետո ինձ ներածականի կարգով ծանոթացրին համքարության հետ և ինձ փորձնականորեն ներգրավեցին համքարության հանդիսավոր մի արարողությանը, այն է՝ համքարության այն ավագագույն անդամի հուղարկավորությանը: Այսպես ես քայլեցի, դույզն-ինչ վախ ի սրտի, դիակն ուղեկցող թափորի հետ՝ համքարության դրոշի հետևից, դրոշն այդ պետք է որ հիմնադրված լիներ դեռևս Ֆլաքսենֆինգենի ծաղկման ժամանակներում՝ նախարարական խորհրդական Ռիխտերի հովանու ներքո: Տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից և մեր ծաղկեպսակի զետեղումից հետո մենք հավաքվեցինք Լորենու մոտ պանդոկում՝ մի պատառ հաց կիսելու ազնիվ սպիտակ գինու ուղեկցությամբ, որից մենք բավական շատ ընբոշխնեցինք: Օգտվելով տիրող կայտառ, անբռնազբոսիկ և կենսուրախ տրամադրությունից՝ ես տեղ զբաղեցրեցի արժանապատիվ այրերից մեկի կողքին և հարցրեցի նրան, թե արդյոք ես այժմ կարող եմ հուսալ իբրև անդամ ընդունվելու:
– Ա՜Խ,- ասաց նա բարյացկամորեն,- իսկ ինչու՞ ոչ: Դուք մեր դուրը եկաք, բավականաչափ, և քանի որ մենք ցայժմ մեր մեջ դեռևս որևէ բանաստեղծ չենք ունեցել, դա սկզբունքորեն խոչընդոտ չի կարող լինել: Անկեղծ ասած, ինչ վերաբերում է իմ անձին, ապա ես մինչև հիմա այն կարծիքին եմ եղել, որ բանաստեղծը մի մարդ է, ով Երկերի Ժողովածու է գրել և վաղուց արդեն մահացած է: Միայն թե Դուք Ձեր կողմից անշուշտ նաև որևէ բան պետք է անեք, ինչը Ձեզ սիրելի կդարձնի և կապացուցի Ձեր բարյացկամությունը:
Ես հայտարարեցի, որ ես սրտագինս պատրաստ եմ դրան, և խնդրեցի նրան ինձ խորհուրդ տալ, թե ինչպես կարող եմ լավագույնս ներգրավվել պարոնների միջավայրում:
– Դե,- ասաց նա,- հարկ չկա աշխարհը միանգամից գրավել: Դուք կարող եք, օրինակ, գավաթը զրնգացնել, ոտքի կանգնել և ընկերներին հայտարարել, որ հանուն համքարության և նրա ի Տեր հանգած Ավագ անդամի հանդեպ համակրանքից դրդված Դուք հաճույքով մի բանաստեղծություն կպատրաստեք հանգուցյալի հիշատակին և կվճարեք այսօրվա սպառած սպիտակ գինու համար:
– Գինու հետ կապված գաղափարը,- ասացի ես երախտագիտությամբ,- ինձ շատ է դուր գալիս: Սակայն ես ինչպե՞ս կարող եմ բանաստեղծություն հորինել մահացած ծեր պարոնի մասին, որին ես չեմ ճանաչել և երբեք չեմ տեսել և ում մասին ոչինչ չգիտեմ, բացի այն, որ նա դերձակ էր և պատիվ էր ունեցել պատկանելու Ձեր համքարությանը:
– Դուք այստեղ օտարական եք,- ասաց իմ բարերարը,- այլապես Դուք կիմանայիք, որ մեր այս Ավագ անդամը դերձակ չէր, ինչպես որ դերձակ չեն ոչ մեր համքարության ղեկավարը կամ ես կամ որևէ մեկ ուրիշ անդամ: Չէ՞ որ ինքներդ էլ նույնպես դերձակ չեք և սակայն ցանկանում եք մեր համքարության անդամ դառնալ:
– Սակայն ո՞վ էր հանգուցյալը մասնագիտությամբ:
– Ես դա հաստատապես չգիտեմ, կարծում եմ նախկինում նա խմիչքի գործարան է ղեկավարել կամ դրա սեփականատերն է եղել, նա կրթյալ անձնավորություն էր և լավագույն նիստուկացով: Սակայն Ձեր այդ բանաստեղծության կապակցությամբ Դուք շատ էլ հոգ մի՛ք անի, դրանում բնավ հարկ չկա դերձակներ երևան գան, գուցե լոկ կարմիր մետաքսյա դրոշը ոսկեգույն մկրատով և մի երկու գեղեցիկ խոսքեր էլ մահվան ու մարդկային կյանքի և վերստին տեսնվելու և նման բաների մասին: Սա՛ է, որ նման առիթներով մարդիկ հաճույքով լսել են ուզում:
Նա սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ, մենք կանգնած էինք տան շքամուտքում և ներսում, փոքրիկ սրահում զրնգում էին գավաթները: Ես քաջությունը չունեի նրան ավելի երկար սպասեցնել տալու, ես նրան թողեցի վերադառնա, հետևեցի նրան միառժամանակ անց միանգամայն անծպտուն, սակայն մի կտոր հաց և ազնիվ գինի ճաշակելով՝ աստիճանաբար վերստացա խիզախությունս և բարձր տրամադրությունը, ոտքի կանգնեցի և հանպատրաստից, հենց ոտքի վրա էլ մի բանաստեղծություն հագներգեցի, որի առնչությամբ ցավալի է գուցե, որ այն երբեք էլ գրի չառնվեց, նրանում շատ ավելի հզորություն կար, ճախրանք և ժողովրդական բառուբան քան իմ մյուս բանաստեղծություններում, և այն հավաքված պարոնների անզուսպ ոգևորությանն արժանացավ, նրանք իսկապես խորախոր մտքերի գիրկն ընկան, ծանրածանր գլխով էին անում՝ հուզախառն համաձայնության նշաններով, բրա՛վո էին բացականչում և բոլորով միասին ոտքի էին կանգել իմ գավաթին չրխկացնելու համար, ինձ հաճոյախոսություններ շռայլելու և ինձ որպես իրենց համքարության անդամի ողջունելու ու բարի գալուստ մաղթելու համար: Ես արտասվելու չափ հուզվել էի և այն է՝ ցանկանում էի բոլոր այդ ձեռքսեղմումներից ու ողջագուրումներից հետո հիմա էլ գինու հաշիվը փակելու մասին հայտարարել, երբ այն լուսավոր պահերից մեկն ինձ այցելեց, որ արբշիռ գինարբուքից հետո անմիջապես էլ կայծակի պես ցնցում է քեզ, և բնազդով զգում ես, որ քո այդ առատաձեռն նվիրատվությունը, որի համար իմ լղարիկ դրամապանակը մի տեսակ վախվորած էր, որ դրա կարիքն այլևս չկա: Այսպես ես սսկվեցի՝ ինքս ինձ զսպելով, և երջանկության զգացողությամբ ու լռելյայն օդի մեջ պարզած պահել էի գավաթս՝ ի տես իմ կենացը խմողների: Նրանք ինձ մեծագույն պատիվներով ընդունեցին իրենց հնամենի հարգամեծար համքարության շարքերը, ես այլևս ապահով էի ու անվտանգ, այլևս երբեք իմ աշխատանքը չէր վերահասկվում կամ արգելվում, կարգուկանոն էր վերահաստատվել բավարար չափով: Ու նաև դերձակների համքարության մասին ես այլևս երբեք չլսեցի: Այս մի եզակի անգամ միայն ես հետևեցի նրա գեղեցիկ մետաքսյա դրոշին, հետևեցի՝ որպես մի ոչ-դերձակ ոչ-դերձակների շրջապատում, հաց համտեսեցի և գինի ըմբոշխնեցի, ընկերներիս սուփրին ոտանավորներ շաղ տվեցի և եղբայրացա նրանց հետ: Շատ հազվադեպ էր պատահում, որ որևէ դեմք ինձ կարծես ծանոթ թվար և ես մտքերի մեջ էի ընկնում, թե արդյոք դա համքարակից ընկերներիցս մեկը չէ, սակայն դեմքը կրողն անցնում էր իմ կողքով ու չքվում, և այսպես այդ ամբողջ վերապրումից իմ մեջ ոչինչ չմնաց, բայց միայն հիշողությունն այն երկու ժամերի մասին՝ սգվոր կերուխումավորների զեխ շրջապատում:
Իսկ ինչ վերաբերում է այն բանաստեղծությանը, որը ես այն առթիվ հույժ անսովոր մի եղանակով իմ միջից ի դուրս տվեցի և որն այդքան ծափողջույնների արժանացավ, ապա ես պետք է սթափ գիտակցությամբ ասեմ սակայն. շատ էլ լա՛վ է ու նաև երջանկություն է, որ այն այդպես էլ գրի չառնվեց ու չպահպանվեց: Դրա ծնունդը հանգամանքների արդյունք էր, որոնք ինձ չեն վայելում և որոնցից խուսափելու և դրանք թաքցնելու սիրույն ես իմ ողջ կյանքի ընթացքում շատուշատ զոհաբերությունների եմ գնացել. դա ծնունդ էր առել ինձ համար խորթ ու անբարեվայելուչ հանգամանքներին կարիքից դրդված համակերպվելուց, և առաջ էր եկել հափշտակվածության մի հոգեվիճակում, ընդսմին՝ ո՛չ ամենևին և ո՛չ այնքան հիասքանչ սպիտակ գինու պատճառած հափշտակության բերումով, որն իբրև ամենահաճելի հիշողություն մնացել է իմ մեջ, այլ ավելի շատ մարդամոտության, միմյանց պատկանելու, միասնականության, կուրծք-կրծքի և ուս-ուսի լինելու անսովոր մթնոլորտից, մի հրաշալի՛ մթնոլորտ գուցե քաղաքական գործիչների, հոգևոր հովիվների և զեկուցասրահների առյուծների համար, սակայն ո՛չ ամենևին բանաստեղծների կամ նմանօրինակ մասնագիտության տեր մարդկանց, որոնց համար ո՛չ թե հանրակցությունը, այլ մեկուսիությունն ու մենակությունն են բարենպաստ հանգամանք: Բանաստեղծությունը, որ այնքան գեղեցիկ էր և այնքան մեծ հաջողություն ունեցավ, ես իրոք մոռացել եմ, ինչն արդեն իսկ ապացուցում է, որ այն վատն էր, միայն մի բան կար, որ չեմ մոռացել, այլ որոշակի զղջումով ու ամոթով հիշողությանս մեջ պահել եմ այն հանգավորված սաղմոսի ավարտական մտքերը, այն խելացնոր ու վեհերոտ, ճակատագրականորեն հոռի ու անճաշակ մտքերը, ա՛յն, որ մահը սպասում է մեզ բոլորիս, և սակայն մեծագույն մխիթարություն է, սեղանակից ընկերները թող գիտնան, թե ովքեր են որ, երբ գերեզմանը մեզ խժռած լինի, թանկագին հնամենի դրոշի ներքո, միասնաբար, մեր հիշատակին և մեզ ի հիշողություն գինեձոնի հեղումը մատուցեն պիտի: Նման մեռոնայուղ, նման օծումնառատ հիմարամտություն էր հնչել իմ շրթունքներից, ի սքանչացում պատվարժան սեղանակիցների, որոնց սրտերն այդ ընթացքում վերվեր էին թռչում: Եվ քանզի այդ շրջանակին իմ պատկանելիության և ապահովության զգացողությունն ընդամենը արբածություն էր, խաբկանքից ծնված գլխապտույտ, և ինձ այնուհետ միայնակ, արթուն և ընկերակցության դյութանքի առաջ տարակուսած թողեց, ինչպիսին ես մի՛շտ եմ եղել, ապա ենթադրաբար նաև մյուսների ոգևորությունը, ընկերության ոգին և մարդկային համերաշխությունը ևս ընդամենը օճառի պղպջակ էր և գեղեցիկ սուտ է եղել: Եվ ինչպես որ դրանից հետո ես միանգամայն համոզված եմ եղել, որ իմ ընդունելությունը «Դերձակների» համքարության մեջ առանց խանգարիչ հետևանքների մնաց, որ այլևս տեղի չունեցան նոր հանդիպումներ, եղբայրացումներ ու տոնակատարություններ, ինձ համար չեղա՛ն պարտադրանքներ ու պարտականություններ, ուրեմն և նրանք և՛ս չեն եղել՝ թանկագին եղբայրներն ու դարձակ գործընկերները. իմ բանաստեղծությունների համակված ու երախտապարտորեն ոգեշնչված ունկնդիրները, իմ ձեռքերը խիզախ թոթվողներն այնուհետ ինձ սատանայի ճանկն էին հանձնել՝ նրա հոգածությանը թողել: Սա՛ էր թերևս ամենագեղեցիկը, ամենասքանչելին իմ համքարային պատմության մեջ, որ այդժամ վերստին մեկ անգամ ևս հանրությունը, համընդհանրականությունը, պաշտոնական աշխարհը սպառնագին հավակնություններով մերձեցավ ինձ, որ ճռճռացող անվասայլով ոստիկանի հայտնվելուց ի վեր, ասես մեկ անգամ ևս աշխարհը ցանկանար արգելափակել իմ մասնագիտության դռները, կամ էլ ստիպել ինձ նույն այդ աշխարհի հանդուրժողությանն ի խնդիր՝ անհամաչափ, գերիմեծ և անհնարին զոհաբերումների գնով վարձահատույց լինել – և որ այնուհետև ողջը իջներ պիտի հանդիսանքի ու խրախճանքի մակարդակին և աշխարհն էլ ավելին չէր պահանջելու ինձնից, քան մի երկու կամ երեք ժամվա զեխություն ու զվարճանք՝ անվնաս մարդկանցով լեփ-լեցուն մի պանդոկի նկուղում, մարդիկ, ովքեր հաջորդ օրն իսկ այլևս չէին ճանաչում ինձ, ոչ էլ ուզում էին, որ ես իրենց ճանաչեմ:
Այսպիսին էր, հարգարժանս, իմ ֆլաքսենֆինգերյան վերապրումը: Բոլորովին այլ կերպ ընթացավ իմ կյանքը դրանից շատ չանցած Արևմտա-Մշակութակերտում, ուր ես, վերստին ծանուցված լինելով կամավոր և ինքնաբուխ բնակփոփոխության մասին, վերաբնակեցվել էի: Այս շրջանի ընտրության վրա վճռական ազդեցություն գործեց այն առանձնահատուկ ջերմեռանդ մշակութային հետաքրքրվածության և հույժ գործարար համբավը, ինչպիսին վայելում է այդ շրջանը, ու նաև համենայնդեպս այն լայն տարածում գտած, թեև անհավատարժան առասպելը, որ այստեղ հաճախ է իր այցելությունը բերում ամոթխած ակնածանքով մեծարվող Նորմալիայի վերոհիշյալ Տնօրենը: Անկեղծ ասած՝ համենայնդեպս առաջին հերթին պատեհապաշտական նկատառումներն էին պատճառը, որ ինձ ուղղորդեցին Արևմտակերտում հաստատվելու այդ փորձությանը: Իմ ֆինանսատնտեսական իրավիճակը պահանջ էր զգում նոր վերակազմակերպման: Ո՛չ միայն այն պատճառով, որ Ֆլաքսենֆինգենում ես զգալի եկամուտներ չէի կարողանում կուտակել, ես այնտեղ նաև պարտքեր արեցի, և որովհետև համեմատաբար կարճատև կենցաղավարումից հետո ես արդեն իսկ ազատակամ բնակփոփոխության հրավեր էի ստացել, ինչի համար ես պարտական եմ ավելի շատ այդ ֆինանսատնտեսական չկարգավորվածություններին, քան այլևայլ պատճառների: Արևմտա-Մշակութակերտում, եթե իմ տեղեկությունները բոլորն էլ սուտ չեն, արվեստն ու գիտություններն այժմ մեծ հարգ ունեն, գնահատվում են և ծաղկում ապրում, այնտեղ պետք է որ բարձրագույն մակարդակի վրա լինեն դպրոցները, համալսարանը, արվեստի հոգածությունը, թանգարաններն ու գրադարանները, հրատարակչական ու ամսագրատպության գործը, պետք է որ այնտեղ մրցույթներ, պետպատվերներ, ակադեմիաներ լինեն: Եթե հաջողվեր ինձ այնտեղ ոտք կոխել՝ լիներ իմ վաստակների հաշվին, լիներ գրական կյանքում նախկինում իմ ունեցած պատվավոր դիրքի բերումով, և իմ երբեմնի քաջահայտ համարումին վերստին նոր թափ հաղորդել, այդժամ իմ նյութական հաջողությունն էլ պետք է որ չուշանար: Թե արդյոք ես այնուհետև և հետայսու, որպես պատվելի և լավագույնս ապահովված հաջողակ մի մարդ կմնամ Արևմտակերտում և կուշտ ու խաղաղված կյանքի հաճույքը կվայելեմ, բարձր հարկեր կվճարեմ և բարձր պատիվ կվայելեմ, կամ գուցե այստեղի վաստակածով ինձ համար այնքան թանկ ու սիրելի Հին-Նորմալիայի Դրախտի պարտեզը հետ կվերադառնամ և ինձ այնտեղ վերստին և տևական ժամանակով, ցկյանս որպես թոշակառու օրերս կանցկացնեմ, այդ մասին ես դեռևս շատ էլ չեմ մտածում: Ձգտումը դեպի պարտեզը, մեր պետության վաղնջական բջիջը, ինձ երբեք ամբողջովին իր ճանապարհից չի շեղել, և ամենայն պատկառանքով հանդերձ Մշակութակերտի հոգևոր բարձր ծաղկումի հանդեպ, ինձ սակայն թվում է, որ թեկուզ ամենաժրաջան մշակութային գործարար մթնոլորտում միասին լողալու երջանկությունը բոլորովին էլ պարտադիր չէ և չարժե անգամ դրա համար թափած ջանքերին, այդ «երջանկությունը» կարող է երիտասարդ ու պատվախնդիր մարդկանց համար շատ ավելին նշանակել, քան հասակավորների ու խաղաղասերների: Սակայն, մյուս կողմից, Կերտն ինձ համար հզոր ձգողական ուժ ուներ արդեն իսկ հիշատակված այն ասեկոսեների պատճառով, համաձայն որոնց Պարոն Տնօրենն իր կայսրության այս գավառին պետք է որ սատարելիս լիներ: Նրա մասին, այս մեծազոր Անծանոթի մասին ավելի շատ բան իմանալու սիրույն, նրա՛ կամ էլ թե չէ նրա բարձրագույն պաշտոնյաների ու աշխատակիցների հետ հարաբերությունների մեջ մտնելը և նրա անվան շուրջը թևածող շատուշատ գաղտնիքներից ինչ-ինչ բաներ, մեկը կամ մյուսը բացահայտելը, կարող էր ինձ, ինչպես և Ձեզ, մեծարգո բարերար, մտածելու տեղիք տար, ինչն արդեն իսկ շատ բան է նշանակում:
Ֆլաքսենֆինգենի կամավոր վերաբնակեցվողների հավաքակայանում ես ընդամենը մի քանի օր սպասեցի, մինչև որ փոխադրամիջոցը Արևմտա-Մշակութակերտ ուղևորվեց: Հանրակառքը երեսունից մինչև քառասուն անձ էր տեղավորում և մենք բոլորս մտավորականներ էինք կամ արվեստագետներ, մեզ հետ երկու երիտասարդներ կային նաև՝ կայտառ ու հաճելի դեմքերով ու շարժուձևերով, ինչպես ես տեղեկացա մեզ հետ ուղևորվող մի լրագրողից, որոնք պատկանում էին վարսավիրների համքարությանը: Այդ երկուսն ինձ ավելի շատ էին դուր գալիս, քան իմ գործընկերների հոծ բազմությունը, որոնց մեջ ևս երկուսը կային, որ համակրելի էին ինձ, երկու ալեհեր, երկարամազ ու երկայնամորուք այրեր՝ այն այլևս անհետացած և այսօր շատ հազվագյուտ հանդիպող արվեստագետի տեսակին պատկանող, որոնք մազերից, մորուքից և հագուկապից բացի՝ նաև մի ազնվագույն աշխարհաթողությամբ և անկեղծ ցրվածությամբ են դրոշմակնքված և որոնց հանդեպ ես, ամոթխածորեն խոստովանեմ, մշտապես մի որոշակի հակվածություն եմ զգացել, մինչդեռ համենայնդեպս հենց ա՛յդ երկու ազնվագույն-աշխարհախորթ, գեղեցկատես ալևորներն էին, իրենց հույժ ոչ նորաձև սանրվածքի ու հագուկապի պատճառով, արժանանում ջահել վարսավիրների ծաղրուծանակին ու անթաքույց արհամարհանքին: Այդ կայտառ ջահելներին պակասում էր արվեստագիտական ավանդույթի հենց ա՛յն իմացությունը, որի շարունակելուն, նույն այդ ալևորները, առնվազն իրենց արտաքին կերպարանքով, իրենց կոչված էին համարում: Ի դեպ, այդ արծաթափայլ երկարամազներից մեկն իմ գործընկերներից էր, բանաստեղծ: Ես դա իմացա այն նույն հույժ իրազեկված լրագրողից և ես, մինչ մենք կկերակրվեինք հանգստի և բենզալցակայանի տարածքում գտնվող հյուրատան սրահում, նույնիսկ երջանկությունն ունեցա մի հայացք գցել, ինչպես ինձ թվաց, նրա հենց նոր միայն սկսած մի բանաստեղծությանը: Նա նստած էր սեղանի շուրջ՝ հենց իմ կողքին և առջևը դրված էր մի փոքրիկ նոթատետր, այն դեռևս նոր էր ու դատարկ, միայն առաջին էջին կոկիկ վայելչագրությամբ գրված մի երկու տողեր էին դրոշմված, որոնք ես հետաքրքրասիրությունից սրված լրտեսող աչքով վերծանեցի: Դրանք հետևյալն էին.
ՊԱՊԱԳԱԼԼՈ
Վերջերս, ըստ մեր լսած լուրերի, Մորբիոյի տարածքում մի թութակ էր ծնվել, ով արդեն իսկ, երբ նա դեռևս դպրոց էր հաճախում, գերազանցում էր իր բոլոր եղբայրներին ու գործընկերներին հասակով, իմաստնությամբ, բանախոհությամբ, առաքինությամբ և բարեհաճությամբ՝ Աստծո առաջ ու մարդկանց և ա՛յն աստիճան, որ նրա համբավը սկսել էր լցնել քաղաքներն ու երկրները՝ ինչպես համբավն էր Ահմեդ իմաստունի կամ լոկ բարձրագույն ակնածանքով արտաբերվող Շեյխ Իբրահիմի համբավը:
Ես համակ հիացած էի այս պատմվածքի ոճից, որ դասական ավանդույթի խնամվածությունը, չափված-ձևվածությունը երջանկախոստում մի եղանակով կապում էր պարզությանն ու շքեղաշուքությանն հակված արդիական իմաստին: Որքան էլ նա դուրեկան էր ինձ, սակայն արծաթամորուսի այդ նվաճումն անհավատելի էր, և ինձ համար մեծագույն բավականություն կլիներ ավելի մոտիկից ծանոթանալ նրա հետ, սակայն, ցավոք, նրա գերզգայուն արվեստագետի հոգին պետք է զգացած լիներ, որ դեռևս ծննդյան ցավերի մեջ գալարվող իր ստեղծագործությունը լրտեսվում է հետաքրքրասեր մեկի, գուցե քաղքենի, գուցե անգամ խանդոտ մի գործընկերոջ դարանակալ հայացքի ներքո: Նա հանկարծակի և կտրուկ փակեց իր նոթատետրը և շշպռեց ինձ մի այնպիսի անասելի արհամարհանքով լեցուն հանճարի հայացքով, որ ես ամոթխած ու տխրամած ինքս իմ մեջ ներքաշվեցի և դեռ ճաշկերույթը չավարտված՝ սեղանը լքեցի…
(Այստեղ ընդհատվում է ձեռագիրը:)
Թարգմանությունը գերմաներենից՝ Աշոտ Ալեքսանյանի