Հրանտ Ալեքսանյան | Բանավոր երկիր

I
Ծածուկ – հոսընթաց – խելահեղորեն
երկրպագում է համաշխարհն իր տիրաններին ինքնահռչակ,
որ հին ու նորաձեւ հագուկապով են,
կատաղի-ցուցական վարքով մեծաց,
դաջվածք-խորհրդանշաններով բազմակերպար:
Երկրպագում է համաշխարհը նրանց հմայանքը դիվասարսուռ,
հաշտվում նրանց անզուսպ մեղքերի հետ, ներում սիրահոժար:-

Անվերջ անձնատրվող, ծակ համաշխարհ:-

Դու` պստլիկ, ինչպես կոլիբրի թռչունը` մի քանի գրամ,
իսկ գեղեցկությունը ծանրությամբ չի չափվում,
ուստի հետամտում են քեզ որպես սիրունիկի,
որ գիտե գինն իր, բայց ամոթխած է անհուսորեն,-

անբան՝ հույլ ոգին է պատռում հատորը նախագծերի,
անբան՝ անխոս ուրուն գրասենյակներ է բացում տանիքներիդ,-
բանավոր երկիր, բանաստեղծ ամբոխ:

 

II
Հոգնած-տանջահար նայվածքդ` ցավի դասագիրք է ստույգ:
Ի¯նչ դժվար ես մերվում ներկայի հրճվանքներին,
մինչդեռ նրանց փայլով մաքրել կարելի է
տխրության դիմակը հազարամյա:
Ով չգիտե հրճվել՝ արեգակն անգամ` նրա տեսածիրում
սկավառակ է մահվան:
Անկումը` մթնդած հայացքով գոյերի համար է:
Դեռ պիտի հատել բեղուն ժպիտը քո` կասկածի գրանիտից:

 

III
Սրտմտած ես խորին, քանզի քեզ չեն պատվում
քո լինելության ճիշտ ճանաչումով:
Բիճ ու կռվազան մի երկիր ես թվում աչոք չարախինդ,
նոր գլխացավանք` աշխարհի նեղմիտ վերակացուների համար:
Բայց դրսի հորդոր-հաճոյաբանումները չեն եղել երբեւէ
քեզ համար օրենք ու բալասան:
Քո շուրջ` ուժի ցուցք է եւ տենդ համատարած`
սին միստերիայի ռիթմով պարապ:
Սրտմտած ես, քանզի քեզ խաբում է դրսի դասը հրեշտակաց,
որ արդարության լայնշի դրոշներ է թափով ծածանում`
խառնշտելով վարդ ու տատասկ, բնիկ ու ասպատակիչ, հոգի ու թերմացք…
Դեռ ինչքա¯ն անխախտ-դյուրահավատ ես,
չես զանազանում խարդախ ու շիտակ,- ով ժպտում է քեզ,
ծափահարում ես նրան սրտաբուխ: Ով բամփում է գլխիդ,
նրան անվիճելի մեծ ու զորեղ ես հռչակում հեշտ…

 

IV
Սերը իջնում է երկրի ձեռնափերին:
Սեւը փռվում է երկրի մեջքի վրա:
Ամեն հուսալքվող որջ է աղետի:
Հիացքը երկրին Աստծո մոտ է տանում ու ետ բերում ցած`
լսելու ձայնը կորած սերունդների.
– Մեղավոր է նա, ով զորավոր ու հարուստ-շռայլ չէ,
մթին հանցանք է` ապիկար լինել թեւատարած,-
եթե չեն սիրում քո երաշտահար վերջին բացատն, անգամ`
քո անձնագրի գունատ պատճենը –
դժբախտ ես, երկիր իմ, եռապատիկ…

 

V
…Լավագույնները հազվագյուտ եղան վերնահարկերում,
ավա¯ղ, առավելս –

կառավարիչներդ` ծույլ ու մորթապաշտ, մութ ու կաշառասուն,
համաթաղցի, համաշենցի,
դասընկեր, կուրսընկեր փոխդավան, մաֆիական ու կլանային,
շահակից աներկբա, նույն հոբբիներով,-
սիրած զբաղմունքը` խարդավախաղը կամ`
ինքնաբուխ խրախճանել առանձնատներում ու առանձնասենյակներում,
գաղտնի զվարճավայրերում, բնության ծոցում,-
նրանց գոլ մտոք` իշխանությունը լոկ իրենց շնորհված
ընծա է անձանձիր, որ փոխանցել այլոց` չի կարելի.
(նույն դասակն է անհոգաբար խաղում աթոռ-սեղաններով իշխանական,
այլոց համար փակ է խաղատարածքը):
Ախտահարված են նրանք մեծամոլությամբ:
Փոքրոգի են, նեղմիտ ու վրիժառու:
Ժողովրդից սերած` սակայն նոր ռասսայի հայրերի պես են
ճեմում սրահներով, ճառում ժողովներում մենախոսական:
Նրանք հազվադեպ են միայնակ հայտնվում հայրենի փողոցներում ու
հրապարակներում,- ծպտված թե բացահայտ թիկնազորով են տիվ ու գիշեր,
զգուշավոր են, ներփակ, մեկեն շփացած, նրանց սպասարկում է
պետական մեքենան` իր անձնակազմով հեզ ու հաճկատար
եւ գանձատնով անիմանալի:
Խոսքը նրանց` կեղծ ու ամբարտավան, տգետ կրկնակի, օտարախեղդ,
ջրիկ բառապաշարով, մեկ-մեկ կատաղի՝ հիստերիկ քաջքի պես:
Նրանց շուրթերին գերազանցապես
պարում-ոստոստում է բառը`
(ժողովուրդ)…

Նրանք շնչում են հանուն ժողովրդի,
ճոխանում-թմբլիկանում են վասն ժողովրդի,
նրանց կայքը բազմապատկվում է ժողովրդի սիրուն`
նրա ապահով ապագայի համար:
Նրանք շրջում-հանգստանում են աշխարհի ծովափերին ու
խաղատներում, անհաշիվ մսխում-պարտվում ու թեյավճար տալիս`
հանուն երկրի քաղցած ծերուկների, հանուն
զոհյալների տրտում զավակաց…
Վասն ժողովրդի կլլում են ազգային խնայողությունները,
հավատն ու համբերությունը,
մերձավոր-արնակիցների համար դիրք ու անուն բացում,
նրանց պարտակում երկրի օրհասին.
(իշխանության թեւերին տաքանում են եւ դասալիքների ձեռքերը մեղկ):
Նրանց մշուշ աչքին` հնազանդ աղախին է ժողովուրդը`
խամաճիկ անծպտուն, եւ ամենից շատ նրանց
դուր է գալիս ժողովրդի խորին լռությունը` խաղաղ ծովի նման
(բայց նոր փոթորիկ ծագում-ծավալվում է
հենց ծովերում խաղաղ…)

Խաբել ժողովրդին` սա հին արհեստն է կառավարիչների,
եւ՝ ահաբեկել.-

(Ազատ մի խոսեք ու մի դատեք, մեր կեղտոտ սավանները
այլոց մի ցուցանեք,- խանդավառվում են հակառակորդները,
բարեկամները` երես թեքում մեզնից:
Իզուր մի փնտրեք կառավարիչներ նոր ու մաքուր,
կպառակտվենք հանկարծ, թշնամին նորեն
իր այլանդակ թաթով մեր չքնաղ երկրի դեմքը կճանկռտի…)

 

VI
Երկրիս թարմ օդ ու արյուն է պետք:
Նոր ուղեղներ, հայացք ու հոգի է պետք:
Նոր ջղեր են պետք ու զիլ տառապանք:-
Թե չէ հնանում-նահանջում է կծկված երկիրս
իր վարքի, կամքի, ընկալումի մեջ:
Հավետ նորացող անբավ աշխարհն էլ անթարթ մերժում է
գորշն ու հնացածը, թույլը, պարզունակը, ետընկածներին`
կոչում նրանց գավառ, արգելափակոց, տհաճ կարմիր լույս`
առաջադիմության մայրուղիներին,-

(երբ աշխարհն ինքը աննշան գավառ է
տիեզերքի անծիր հրավառության մեջ,
բայց դա իսկություն է մի անպիտան):

 

VII
Երկրի ձայնը անկեղծ,
երկրի սերը անեղծ –
խմորվում են նրա հոգու մառաններում.-

թող խստամբեր հնչի ձայնը երկրի,
թող անհամբեր լինի սերը երկրի,
երբ սատանան է ժպտում հորիզոնից,
երբ կինտոներն ու փափկասուններն են
ուղենշաններ քմծիծաղով խրում երկրի ճամփեքին:-

Ոչ մի աղաղակ քեզ չի ընծայի բեղուն անդորր ու թռիչք տեւական՝
լինի ցնծության թե խավարումի ,
քանզի դեռ տիրում է նույն պատկերն անխախտ –

անբան՝ հույլ ոգին է պատռում հատորը Նախագծերի,
անբան՝ անխոս ուրուն գրասենյակներ է բացում տանիքներիդ,-
բանավոր երկիր, բանաստեղծ ամբոխ:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, երկիր իմ ուշիմ…

1997-2005-2016-2018թթ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *