Արամ Ավետիս | Միզամուղ Կայենի համար

Ռ.Ց.-ին

Նիցշեն ինձ չէր հավատա, որովհետև նա հավատում էր միայն պարող աստծուն, իսկ ես պարող չեմ. ես ինքս իմ մեջ փտող աստված են:

Դիակի միջից դուրս եկող որդերի խլրտոցը նման է պարի:

Նրանք պարում են մահվան խարույկի շուրջ և իրենց յուղոտ երաժշտությամբ կենդանացնում մահը:

Ես մութ փողոցով վերադառնում եմ տուն՝ տանելով ներսումս աստծո դիակը և տեսնում քեզ, մթության արգանդից ծնվող փոքրիկ կին:

Դու մեծ ազդրերով ճեղքում ես գիշերը, և նրանց արանքից լուսինն է երևում՝ որպես գիշերային ձվարան:

Ես ուղղում եմ հայացքս դեպի այդ արանքը և իմ աչքերով բեղմնավորում քեզ:

Դու հիշու՞մ ես՝ ես քեզ արդեն տեսել էի այսօր թեև դու մերկ չէիր:

Ես տեսնել՝ հասկանում եմ մերկությունը:

Եթե կինը շորերով է, ապա ես կույր եմ:

Ես չգիտեմ՝ ուրիշ ինչ կարելի է տեսնել այդ դեպքում:

Ես քեզ տեսա այն ժամանակ, երբ կորեացի ընկերոջդ հետ զբոսնում էիր այս քաղաքով:

Նա քեզ ոչինչ չի կարող տալ բացի իր արտասովոր տեսքից, իսկ ես քեզ կտամ իմ այլասեռված էությունը:

ԱյլասեՌված:

ԱյլասեՐված:

Քո կորեացին այլասեՐված է:

Ես այլասեՌված:

Աստված չունի սեռ: Նա անհայտությունից է սերված:

Նա ինձ պատմեց, որ ազգությամբ լակ է: Ամբողջ աշխարհում ապրում է երկու հարյուր հազար լակ:

Ես նայեցի նրան այն մարդու աչքերով, ով երազում հրեշտակ է տեսել:

Հրեշտակները անդրոգին արարածներ են: Ունեն երկու սեռ մեկ մարմնում և սերված են աստծուց, իսկ աստված չունի սեռ: Նա անհայտությունից է սերված:

Այդ երկու հարյուր հազարից մեկը հիմա իմ ձեռքում է, և ես զգացի ինձ որպես մի կոլեկցիոներ, ով հավաքում է իր հիշողության մեջ կանանց:

Չնայած կանայք իմ հիշողությունից միշտ դուրս են ընկնում: Նրանց համար ես չունեմ բավական հիշողություն:

Լա՞կ: Այսպիսին գտնելը 6 միլիարդի մեջ նույնն է, ինչ գտնես քո դեմքով ևս մեկին:

Ես դեգերում եմ դեգեներացիա ապրող աստվածների մեջ, որոնք փառաբանում են կյանքը և իմ փտող վերջույթներով ու գլխացավով խառնում նրանց ստամոքսումս՝ հետ տալով Օլիմպոսի դեմքին և չմարսված ուտելիքի կտորները, որպես մայրցամաքներ, մի նոր քարտեզ են նկարում նրանց համար:

Ես ճմրթում եմ քարտեզը և իր աստվածների հետ թաղում մեծ եղբայրական գերեզմանոցում:

Ես սպանում եմ ձեզ, իմ եղբայրներ:

Բարի Կայենը չգիտեր այն մասին, որ քրիստոնյա աստված մսակեր է և մի կողմ կշպրտի իր բերած պտուղները:

Ինչպես կարող էր նա չիմանալ, որ «Մարդ» ստեղծողը չէր կարող բուսակեր լինել:

Լինել առաջին մարդասպա՞նը, թե՞՝ առաջին զոհը:

Լինել աստծո սեղանի մի՞սը, թե՝ նրա խոհարարը:

Կային Կայեններ, հիմա նրանք չկան:

Եղբայրական գերեզմանոցում Կայենի համար տեղ չկա:

Մարդասպանը միշտ ավելի մեծ է, քան իր փորած գերեզմանը:

Մարդասպան լինելու համար պիտի մեծություն լինես:

Պիտի լինես հանճարեղ:

Պիտի լինես նորարար:

Պիտի հերքես գովասանքները և մրցանակները:

Ես նորարար եմ:

Ես այլասերված:

Ես ուրիշ:

Ես դեմ:

Ես օտար:

Ես չկամ:

Ես դու չես:

Ես նա չեմ:

Նայես, չես տեսնի ինձ, որովհետև «տեսնելուց» ավելի մեծ է Եսս:

Ես օտարամոլ եմ:

Մոլեռանդ:

Դեմ՝ օճառասիրողներին:

Դեմ՝ հարմարվողներին:

Դեմ հարմար ողերին:

Դեմ՝ անմիջուկ միջակությանը:

Ես նույնիսկ ես չեմ:

Ես աստծո գերեզմանն եմ:

-Քո մեջ նոր զգացողություններ են լցվում, և դու նորից գրում ես:

-Ես նման եմ հիվանդ թոքի, որում ջուր է կուտակվում (եղբայր Բերնհարդ, դու գոնե ինձ հասկանում ես): Ասեղով հանում եմ և շնչում եմ ծակող երկաթը, որ թոքիս մեջ է: Քանի որ ջուրը թթվածին ունի, ապա ջրի հետ դուրս է գալիս նաև օդը, և այդ պահին թոքս չգիտի, թե ինչ պետք է շնչի: Բայց ջուրը նորից կուտակվում է, և ես նորից պիտի ջրազրկվեմ, որ կարողանամ գրել:

Իմ միջից հանած է ջուրը և դրա համար իմ գրածի մեջ նույնիսկ մի կաթիլ ջրած բառ չկա:

Սա չոր ու ցամաք արձակ է:

Ամբողջ օրվա ընթացքում խոսում եմ, որ հանեմ միջիցս անիմաստ բառերը, իսկ հետո, երբ նստում եմ գրելու, թղթին եմ տալիս միայն կարևորը՝ այն չոր գրականությունը, որի վրա կկոտրվեն ձեր կաթնատամները:

Լակը լսում է ինձ և լակում դիմացը դրված սև միզամուղը ու հետո պատմում հեքիաթներ երեք լեզվով:

Այս գրականությունը միզամուղ է ժամանակակիցներիս և ժամանակիս համար:

Մինչև 1928 թվականը բոլոր հեքիաթները արաբերեն են:

1928-ից մինչև 1938-ը՝ լատիներեն:

1938-ից՝ ռուսերեն:

Հետո ես բարձրանում եմ նրա վրա, և սկսվում է իմ չորորդ լեզվի հեքիաթը: Դա մարմնի լեզուն է, որի տգիտությունը հանճարեղ է: Նա, չիմանալով ոչինչ, անցնում է կնոջ բոլոր ճանապարհներով այնքան վարժ, որ կարծես հենց ինքը ստեղծած լինի կնոջը:

Տգիտությու՞նն է ստեղծել կնոջը:

Ես դա շշնջում եմ նրա ականջին, բայց նրա համար հիմա միևնույն է, թե ես ինչ եմ ասում: Նա, ունենալով երեք լեզու, չունի ականջ: Նա հիմա իր ներսում է և չի լսում, որ նրան սիրողը փտած աստվածն է, որ նրա մեջ հիմա աստծո գերեզմանն է, որ նրա մեջ հիմա գերեզմանափոր է: Եվ նրա փորը հիմա այն թաց փոսն է, որում ես թաղում եմ իմ չորացած հեքիաթը:

Աստված մարդուն ստեղծեց իր կերպարանքով:

Ի՞նչ կերպարանք ունի նա, ով չունի սեռ և անհայտությունից է սերված:

Չգիտեմ, բայց զգում եմ, որ նրա ստեղծածը դատապարտված է, քանզի իր ստեղծածը ունի սեռ և սերված է սեռերի միաձուլումից:

Ես դատապարտված եմ մարդ լինել: Մարդ, ով երկու հստակ սեռերի մեջ գնում է դեպի անհայտությունը:

-Քեզ կարդալով՝ այնպիսի տպավորություն է, որ ես ուրիշի երազն եմ տեսնում, – ասում է ինձ երկար և սառը մատներով կինը:

-Ես երբեք չեմ քնում և դրա համար ստիպված ուրիշների համար եմ երազներ գրում:

Ես թաց մազերով դուրս եմ գալիս քո սենյակից՝ դռան տակ թողնելով հեքիաթիս մի կտորը:

Դու կարդում ես ինձ, իմ մտքերը, դու նայում ես ինձ և խոսում: Ես նայում եմ քեզ, բացում բերանս, խոսում քեզ հետ, բայց հենց այդ նույն պահին ես խուլ եմ և լռում եմ միաժամանակ:

Խուլուհամրը կատարյալ մարդու մոդել է, քանզի իսկապես ստեղծված է աստծո կերպարանքով:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *