ԺԱՅՌԻՑ ԺԱՅՌԱՓՈՇԻ
Ժայռից ժայռափոշի ձգված ժամանակի մեջ
ակնթարթ կա միայն,
որ ցորենի հատ է,_
լերկ ճեղքվածքի մեջ` բռունցքները սեղմած ժայռի,
հավերժության մասին անպտուղ երազ է:
Կործանուﬕց փրկություն ցատկոտող ամբոխների
լացն ու ժպիտն անժամանակ`
ժայռից ժայռափոշի ձգված ժամանակի մեջ
կգտնի՞ արդյոք հանգրվանն իր միակ:
Ի՞նչ ցավ կարող է սփոփել
ժայռից կամ ծաղկից մնացած փոշին,
և ակնթարթը, որ ցորենի հատ է
ու չի համբուրել խոնավ բուրմունքը հողի,_
ի՞նչ սփոփանք ունի:
Մեկին` հարյուր,
մեկին` վաթսուն,
մեկին` երեսուն:
Մեկին` մեկ միայն:
Մեկին` մեկ միայն:
Եվ թռչունները մահաբեր,
և թռչունները գիշակեր
կգան կտցելու ժամանակը` հատիկ-հատիկ:
***
Աչքեր, որ հիացան ժայռով,
աչքեր, որ հիացան ցորենի հատով,
աչքեր որ նայեցին ծաղկին,
շուրթեր որ ծաղկաթերթն համբուրեցին,
աչքեր, որ մնացին քամիների սուլոցի մեջ,
որ ապրեցին ցավը` ավազներից պոկված քամու ապտակի,
աչքեր, որ ժայռով չափեցին ժամանակը,—
ի՞նչ խոսքերով և ո՞ւմ պատմեն
խափված հավերժության ամոթանքը։
Աչքեր, որ վատնեցին գիշերներ ու կեսօրներ`
հանուն լուսաբացների և մայրամուտների,
աչքեր, որ վատնեցին լուսաբացներ ու մայրամուտներ`
հանուն գիշերների և կեսօրների,_
ինչպե՞ս պատմեն,
ինչպե՞ս պատմեն աչքերն այդ,
որ այն, ինչ տեսան ու երազեցին անհամբեր,
նույնն են,
գույներն են տարբեր։
Ինչպե՞ս պատմեն,
ինչպե՞ս պատմեն աչքերն այդ,
որ այն, ինչ վայրէջք է,
որ այն, ինչ վերելք է,
ամեն մի հույսի քմահճույքն է։
Եվ թռչունները մահաբեր,
և թռչունները գիշակեր
կգան կտցելու ժամանակը` հատիկ-հատիկ:
***
Աչքեր, որ փոշով են չափում ժամանակը,
որ ժայռի մեջ,
ծաղկի
ու թռչունի
տեսան թափառական փոշին`
քամու ձեռքերի մեջ`
մատներից ծորացող փոշին,
և լույսը տեսան նրա մեջ,
տեսան հարափոփոխ գոյությունը
և հիացած ժպտացին
ժայռին,
ծաղկին
ու թռչունին,
չը ողբացին նրանց մոխիրների վրա,
մոխրը չլցրեցին իրենց գլուխներին,
համբուրեցին փոշին ու նրա մեջ տեսան
հավերժական ոգին ծաղկաթերթի,
աչքեր, որ իրենք իրենց իսկ փոշին տեսան
ու չհավատացին փոշու վերջնակետին,
աչքեր, որ աշխարհն ավերված ու վերաշինված տեսան
և երկինքն ու հողը չզատեցին իրենցից վեր ու վար,—
ինչպե՞ս պատﬔն,
ինչպե՞ս պատﬔն աչքերն այդ
հող ու փոշի չդարձած հիացումը`
գոյության պարզ երջանկության:
Աչքեր, որ սիրեցին ժայռն ու ժայռափոշին
միևնույն սիրով,
ծաղիկն ու ծաղկափոշին
միևնույն սիրով,
մոխիրներից տեսան կանաչ կատարելությունը
նախկին ու ապագա ծառի,
աչքեր, որ ժպտացին մտերմաբար
կատաղի քրքիջի դեմ
կաղապարված ամբոխների,—
ինչպե՞ս պատմեն,
ինչպե՞ս պատմեն ժամանակի մեջ և տարածության
հարափոփոխ հրաշքը նյութի,
որ ավելին է,
քան տարածությունը ժամանակի:
***
Ժայռից ժայռափոշի ձգված ժամանակի մեջ`
բառեր աստղաչափ,
գաղափարներ աստղաչափ.
ինչպե՞ս մեկտեղ երջանկությունը
ցորենի հատ ակնթարթի,
որ տիեզերաչապ հավերժություն է:
ԲԵՏՈՆԵ ԿՈՒՌՔԵՐ
1
Աչքերիս մեջ լցվել են բետոնե կուռքերը քաղաքի,
մայրամուտի հրաշքն անդրադարձնում են
ապակիները պաղ շենքերի:
Եվ ամբոխի հետ փախչում եմ ես
մենությունից խորհրդավոր քարանձավի
և տրտմությունից կանաչ ու լքված դաշտերի…
ՈՒ մի խելագար
փախչում է երակներիս սարդոստայնից`
տեսնելու հրաշք այգաբացը`
կանաչ խոտերից մանկաբար ծիկրակող
ցողի մեջ…
2
Կյանքն է հոսում Քաղաքի աղմկոտ երակներով,
ուր շառաչն է խցանված փողոցի։
_Ում երջանկությունն է այսպես կուչ եկել
լուսացույցի տակ
ու սպասում հրաշքի։
_ Ում երջանկությունն է այսպես շփոթվել
ու մոռացել,
որ բետոնե կուռքերը հրաշք չեն գործում…
Նրանց զոհում են կյանքից գողացված ակնթարթներ,
ու նրանք հաղթողների փառքն են սիրում…
_Ում երջանկությունն է այսպես կուչ եկել
լուսացույցի տակ
ու սպասում հրաշքի…
Հրաշքներն այստեղ աստղային երկնքից
վաղուց են թափվել
և ստրուկները դարձել բետոնե կուռքերի…
3
…Եվ երջանկության քարանձավներից հորդեց միտքը դուրս,
լցվեց տիեզերքի փոքրիկ անկյունում մենության նման։
Եվ երջանկության քարանձավներից ելավ մի գիշեր
անխնա շքերթ դիմակների,_
և՛ քայլափոխին՝ դիմակից դիմակ,
և՛ քարանձավից մինչև երկնաքեր_
ելանք՝
ճչալու,_
երջանիկ ենք մենք._
հանճարեղ բահեր
մեր ձեռքերում կավե._
գերեզմանահո՛ր_
մեր գերեզմանված սիրուն ու կյանքին։
4
Շքեղ բառեր.
հորանջում են գմբեթները տաճարների
ու ստվերում նրանց երգեր են արտասվում…
5
Մինչ ճամփորդները ցատկում են օդանավից
և հայտնվում տարածությունը ճեղքող նոր ընթացքում,
քրտնաթոր երթերից ամբոխների
ապստամբ մարգարեները կառքերն են վերադառնում
և հուսահատ բամբասում ժամանկի մասին՝
անտարբեր ու խելացի աչքերով ձիերի հետ։
6
Զվարճալի չէ վիշտը տկարի.
պարտվեց ծաղրածուն, սուլեց դահլիճը,
լարախաղացը սայթակեց լարին,
գազանավարժն իր գազանի զոհն է։
Չքնաղ աղջկա թիրախն է սի՛րտն իմ,
մատնվեց գաղտնիքն հրաշագործի,
փառքիդ դահլիճն է քո դատաստանը.
թողություն չկա բեմում պարտվածին…
Ճախրանքն անկում է առանց թևերի,
կեղծ փառքի դիմաց` պարտության կրկես…
Մանկան հայացքով հույսերն անազնիվ
թափվում են մեռած թռչունների պես։
ԵՎ ՔԱՆԶԻ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ Է
_Ժպտա՛,_
շշնջում է հուսահատության մեջ փրկված մի հույս.
և էությունը դատարկվում է։
Եվ քանզի աﬔն ինչ հանուն երջանկության է,
մի՞թե վիրավորանք չէ հույսը՝
ողորմության պես շպրտված գոյության իմաստին։
Եվ ի՛նչ քաջություն է պետք՝
նայելու հույսին՝
իբրև հանճարեղ գրպանահատի,
որ պճնված երգերի շրջանակներով` անջրպետում է,
անսահմանության մեջ և հավերժության,
չնչին մի սահման,
չնչին մի հյուլե.
և ի՛նչ քաջություն է պետք՝
երազներից փրկելու համար Գոյությունը,
որ գլխապտույտ շրջադարձերով
և ինքնամերժումի երկրպագությամբ՝
մատուցվում է հույսին՝
կտրատված հատիկ-հատիկ,
որպես ակնթարթ,
վայրկյան ու տարի։
Եվ ամեն չքնաղն ու գեղեցիկը՝
սկզբի և վերջի հոսքի մեջ մաշված,
վերափոխվում են բառի,
և գոյության կարգի սահմանման տենդի մեջ
անվանվում մեկ բառով_
Հուսահատություն։
Եվ անհագուրդ կրքեր հուսահատության՝
անդավաճան խմբված պատկերների դիմաց պաշտամունքի,
որ նայում են հույսին՝
որպես փրկության
ու խարխափում տարածության մեջ ու ժամանակի։
Եվ քանզի աﬔն ինչ հանուն երջանկության է,
մի՞թե վիրավորանք չէ հույսը՝
ողորմության պես շպրտված գոյության իմաստին։
Եվ քանզի ամեն ինչ հանուն երջանկության է,
արտացոլանքում խաղաղ ջրերի
ինքնատեսության իմաստությունն է հառնում զմայլված՝
որպես Ղազարոս, որ ելավ
մութ քարայրի մեջ անտես թափառող
ոգիների մենությունից։
Եվ անդամալույծն է նետում հենակները,
հենակները հուսահատության և հույսի,
հենակները շարժման և կաթվածահար քարացումի։
Թող սե՛ր անվանվի նախաստեղծ շողը լույսի,
թող տարածվի կավե երակներում,
թող տարածվի հողոտ հույզերի մեջ։
Արտացոլանքում խաղաղ ջրերի
ինքնատեսության իմաստությունն է հառնում զմայլված՝
անսահմանության մեջ և հավերժության։
Եվ Գոյությունն ինքն իրեն անվանում է_
Սե՛ր։