Հիվանդասենյակը գրեթե լուսավոր էր պատուհանից դուրս վառվող լապտերի պատճառով։ Այդ լույսն այնպես կապույտ ու նուրբ էր, որ եթե անկողնու աջ կողմում խոնարհված լուսինը չլիներ, որը հնարավոր էր տեսնել, ամբողջովին սարսափազդու տպավորություն կթողներ։ Կապույտ լույսը նոսրացնում էր գլանի բևեռներից թափվող մեռելային փայլը՝ դարձնելով այն խորհրդավոր ու փափուկ։ Բայց երբ կախվեցի աջ կողմում, երկու երկաթյա ոտքեր րոպեական կախվեցին օդի մեջ, հաջորդ վայրկյանին աղմկոտ հարվածեցին գետնին, իսկ ձայնը հնչեց սարսափելի՝ կապույտ լույսի երկու գծով ողողված, երկու շարքով դասավորված փոքր մահճակալների կողքին։
– Վերջացրո՛ւ այդտեղ,- ասաց Կոստիլը և ցույց տվեց կապտավուն բռունցքը։
Ես հանազանդվեցի։
– Մեռյալների քաղաքի մասին գիտե՞ք,- հարցրեց Տոլստոյը։
Բոլորը լռեցին։
– Դե, ահա։ Մի մարդ երկու ամսով մեկնում է գործուղման։ Վերադառնալով հանկարծ տեսնում է, որ շուրջը բոլոր մարդիկ մեռած են։
– Ինչպե՞ս, հենց փողոցում պառկա՞ծ։
– Ոչ,- ասաց Տոլստոյը,- նրանք աշխատանքի էին գնում, զրուցում, հերթ կանգնում։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախկինում։ Միայն նա տեսնում էր, որ բոլորը փաստորեն մահացած են։
– Իսկ ինչպե՞ս հասացավ, որ նրանք մահացած են։
– Իսկ ես որտեղի՞ց գիտեմ,- պատասխանեց Տոլստոյը-, դա, ախր, ոչ թե ես եմ հասկացել, այլ նա։ Ինչ-որ ձևով հասկացել էր։ Կարճ ասած՝ նա որոշեց ձևացնել, թե ոչինչ չի նկատում ու գնաց տուն։ Տղամարդն անուսացած էր։ Տեսնելով կնոջը՝ հասկացավ, որ նա նույնպես մահացած է։ Իսկ կնոջը շատ էր սիրում։ Դե, սկսեց կնոջը հարցուփորձ անել, թե ինչ է պատահել, մինչ նա տանը չէր։ Իսկ կինը պատասխանեց, թե ոչինչ տեղի չի ունեցել, նույնիսկ չի հասկանում, թե ինչ է ուզում։ Այդ ժամանակ նա որոշեց կնոջն ամեն ինչ պատմել և ասաց․
– Գիտե՞ս, որ դու մեռած ես։
Կինը նրան պատասխանեց, թե գիտե։
– Իսկ դու գիտե՞ս, որ այս քաղաքում բոլորն էլ մահացած են։
– Գիտեմ։ Իսկ դու ինքդ գիտե՞ս, թե շուրջը ինչու են բոլորը դիակներ։
– Ոչ։
Կինը նորից է հարցնում․
– Գիտե՞ս՝ ինչու եմ ես մահացած։
Ամուսինը դարձյալ պատասխանում է՝ ոչ։
Այդ ժամանակ կինը հարցնում է․
– Ասե՞մ։
Ամուսինը վախենում է, բայց, այնուամենայնիվ, հարցնում։
Եվ կինը նրան պատասխանում է․
– Որովհետև դու ինքդ էլ դիակ ես։
Վերջին արտահայտությունը Տոլստոյն այնպես չոր ու պաշտոնական արտասանեց, որ ամեն ինչ իրոք գրեթե սարսափելի դարձավ։
– Այո՜, հորեղբայրն իրոք գործուղման մեջ էր։
Դա ասաց բոլորովին փոքրիկ տղան՝ Կոլյան՝ մնացածից երկու-երեք տարով փոքր։ Ճիշտ է, նա փոքր չէր երևում, որովհետև կրում էր իրեն էլեգանտություն հաղորդող սրածայր ակնոց։
– Այժմ դու պետք է պատմես,- ասաց նրան Կոստիլը։- Առաջինը դու ես խոսել։
– Այսօր այդպիսի պայմանավորվածություն չի եղել,- ասաց Կոլյան։
– Այն մշտական է, դե՛, մի՛ ձգձգիր։
– Ավելի լավ է ես պատմեմ,- ասաց Վասյան,- կապույտ եղունգի մասին գիտե՞ք։
– Իհարկե,- դիմացի անկյունից հնչեց մի շշուկ։- Ո՞վ չգիտե կապույտ եղունգի մասին։
– Իսկ կարմիր բծի մասի՞ն,- հարցրեց Վասյան։
– Ո՛չ, չգիտենք,- բոլորի փոխարեն պատասխանեց Կոստիլը,- դե՛, սկսի՛ր։
Մի անգամ, երբ մի ընտանիքի անդամներ վերադառնում են տուն,- դանդաղ սկսեց Վասյան,- պատին նկատում են կարմիր բիծ։ Երեխաները նկատելով այն՝ կանչում են մայրիկին, որ ցույց տան։ Իսկ մայրը լռում է, նայում ու ժպտում։ Այդ ժամանակ երեխաները կանչում են հայրիկին։
– Նայի՛ր, հայրի՛կ,- ասում են։
Սակայն հայրիկը մայրիկից շատ էր վախենում, երեխաներին ասում է, թե իրենց գործը չէ, գնան այդտեղից։ Մայրը դարձյալ լռում է ու ժպտում։ Այդպես էլ պառկեցին քնելու։
Վասյան լռեց և ծանր շունչ քաշեց։
– Իսկ ի՞նչ եղավ հետո,- հարցրեց Կոստիլը՝ մի քանի վայրկյան տևող լռությունից հետո։
– Հետո բացվեց առավոտը։ Արթնացան ու տեսան, որ երեխաներից մեկը չկա։
Այդ ժամանակ երեխաները եկան և հարցրին մայրիկին․
– Մա՜մ, մա՜մ, որտե՞ղ է մեր եղբայրը։
Իսկ մայրը պատասխանեց․
– Նա տատիկի տուն է գնացել։ Տատիկի մոտ է։
Երեխաները հավատացին, մայրը գնաց աշխատանքի, իսկ երեկոյան վերադարձավ ժպիտը դեմքին։ Երեխաներն ասացին, թե վախենում են, իսկ նա շարունակեց ժպտալ ու ասաց ամուսնուն․
– Ծեծի՛ր նրանց․ նրանք ինձ չեն լսում։
Հայրն էլ վերցրեց ու ծեծեց։ Երեխաները նույնիսկ ուզում էին փախչել, սակայն մայրը նրանց այնպիսի բանով էր կերակրել, որ նստել էին ու չէին կարողանում վեր կենալ։
Դուռը բացվեց, և մենք անմիջապես փակեցինք մեր աչքերը՝ քնած ձևանալով։ Մի քանի րոպեից դուռը փակվեց։ Վասյան մի րոպե էլ սպասեց, մինչև միջանցքում ոտնաձայները լռեցին։
– Հաջորդ առավոտյան արթնանալով՝ նկատեցին, որ մի երեխա էլ չկա։ Միայն փոքր աղջնակն էլ մնացել։ Նա հորը հարցրեց, թե որտեղ է իր կրտսեր եղբայրը։ Իսկ հայրը պատասխանեց, թե նա ճամբարում է։ Մայրն էլ սպառնաց՝ կսպանի, եթե որևէ մեկին ասի այդ մասին։ Աղջկան նույնիսկ դպրոց գնալ չթողեցին։ Երեկոյան մայրը եկավ, աղջկան ինչ-որ բանով այնպես կերակրեց, որ կանգնել չկարողացավ։ Իսկ հայրը փակեց դուռն ու լուսամուտը։
Վասյան նորից լռեց։ Այս անգամ ոչ ոք չխնդրեց շարունակել․ մթության մեջ շնչառությունն էր միայն լսելի։
– Հետո ուրիշ մարդիկ եկան,- նորից խոսեց նա,- իսկ բնակարանը դատարկ էր։ Անցավ մի տարի և նոր բնակիչներ հայտնվեցին։ Նրանք նկատեցին կարմիր բիծը, պոկեցին պաստառը, իսկ այնտեղ նստած էր մայրը՝ բոլորովին կապտած, արյունը կաթկթում էր, ու դուրս գալ չէր կարող։ Նա ամբողջ ժամանակ ուտում էր երեխաներին, իսկ հայրը օգնում էր։
Երկար ժամանակ բոլորը լուռ էին, իսկ հետո ինչ-որ մեկը հարցրեց․
– Վա՞ս, քո մայրը որտե՞ղ է աշխատում։
– Կարևոր չէ,- ասաց Վասյան։
– Իսկ դու քույր ունե՞ս։
Վասյան չպատասխանեց․ նեղացավ կամ քնեց։
– Տոլստո՛յ,- ասաց Կոստիլը,- արի էլի դիակների մասին պատմիր։
– Գիտե՞ք՝ ինչպես են դիակ դառնում,- հարցրեց Տոլստոյը։
– Գիտեմ,- ասաց Կոստիլը,- վերցնում ու մեռնում են։
– Իսկ էլ ի՞նչ։
– Ոչինչ,- ասաց Կոստիլը,- ինչպես երազում, ուղղակի էլ չեն արթնանում։
– Ոչ,- ասավ Տոլստոյը,- ես դրա մասին չեմ խոսում։ Ինչից է ամեն ինչ սկսվում, գիտե՞ք։
– Ինչի՞ց։
– Նրանից, որ սկզբում լսում ես դիակների մասին պատմություններ։ Իսկ հետո պառկում ես ու մտածում, թե ինչու ենք մենք դիակների մասին պատմություններ լսում։
Ինչ-որ մեկը քթի տակ ծիծաղեց, իսկ Կոլյան հանկարծ նստեց անկողնուն և շատ լուրջ ասաց․
– Տղանե՛ր, վերջացրե՛ք։
– Հիմա-հիմա,- հաճույքով ասաց Տոլստոյը։- Այդպես էլ կանենք։ Գլխավորը հասկանալն է, որ դու արդեն դիակ ես, մնացածը շատ պարզ է։
– Դու ինքդ ես դիակ,- անվստահորեն նետեց Կոլյան։
– Իսկ ես չեմ վիճում,- վրա բերեց Տոլստոյը։- Ավելի լավ է՝ մտածիր՝ ինչու սկսեցիր դիակների մասին խոսել։
Կոլյան մի քանի րոպե մտածեց։
– Կոստիլ,- հարցրեց նա,- իսկ մի՞թե դու դիակ չես։
– Ե՞ս, դե, ինչպես քեզ ասեմ։ Իսկ դո՞ւ, Լյո՛շա։ Լյոշան Կոլյայի ընկերն էր դեռ քաղաքում։- Կոյլա, դու ինքդ մտածիր։ Դու ապրել ես քաղաքում, այդպե՞ս չէ։
– Այո՛,- համաձայնեց Կոլյան։
– Եվ հանկարծ քեզ ինչ-որ տեղ են տանում, այո՞։
– Այո։
– Եվ հանկարծ նկատում ես, որ պառկած ես դիակների կողքին, և դու ինքդ էլ դիակ ես։
– Այո։
– Դե, ահա,- ասաց Լյոշան,- գլուխդ աշխատեցրու։
– Մենք երկար ենք սպասել,- ասաց Կոստիլը,- մտածիր, ինքդ կհասկանաս։ Ամբողջ մահվան ընթացքում այդպիսի հիմար դիակի առաջին անգամ եմ տեսնում։ Դու ինչ է չե՞ս հասկանում, թե ինչու ենք մենք հավաքվել։
– Ոչ,- ասաց Կոլյան։ Նա նստել էր անկողնուն՝ ծնկները կրծքին սեղմած։
– Մենք քեզ որպես դիակ ենք ընդունում,- ասաց Կոստիլը։
Կոլյան առանց մտածելու, ոչ բռնկված վեր կեցավ անկողնուց ու գնդացիրի նման դուրս թռավ միջանցք․ այնտեղից լսվեցին նրա ոտքերի արագ թմփթմփոցները։
– Մի՛ հռհռացեք,- շշուկով ասաց Կոստիլը,- նա կլսի։
– Իսկ ինչի՞ վրա հռհռանք,- մելանխոլիկ հարցրեց Տոլստոյը։
Մի քանի րոպե տիրում էր բացարձակ լռություն, իսկ հետո Վասյան իր անկողնուց հարցրեց․
– Տղանե՛ր, իսկ եթե հանկարծ․․․
– Դե լավ է,- ասաց Կոստիլը,- Տոլստո՛յ, արի էլի ինչ-որ բան պատմիր։
– Այսպիսի մի դեպք է եղել․- դադարից հետո խոսեց Տոլստոյը,- մի քանի մարդ պայմանավորվել էին վախեցնել իրենց ծանոթին։ Փոխակերպվեցին դիակների, գնացին ծանոթի մոտ և ասացին․
– Մենք դիակներ ենք, քո հետևից ենք եկել։
Նա վախեցավ ու փախավ, իսկ նրանք կանգնած ծիծաղում էին։ Հետո նրանցից մեկն ասաց․
– Լսե՛ք, տղանե՛ր, իսկ ինչո՞ւ ենք մենք փոխակերպվել մեռելների։
Բոլորը նրան էին նայում և չէի հասկանում՝ ինչ է ուզում ասել։
Նա դարձյալ ասաց․
– Ինչո՞ւ են մեռելներից ողջերը փախչում։
– Հետո՞ ինչ,- հարցրեց Կոստիլը։
– Հետո այն, որ նրանք այդտեղ ամեն ինչ հասկացան։
– Ի՞նչ հասկացան։
– Ինչ պետք էր, այն էլ հասկացան։
Լռություն տիրեց, հետո խոսեց Կոստիլը․
– Լսի՛ր, Տոլստո՛յ, դու նորմալ կարո՞ղ ես պատմել։
Տոլստոյը լռում էր։
– Տոլստոյ,- նորից ասաց Կոստիլը,- ինչո՞ւ ես լռում, մեռե՞լ ես, ի՞նչ է։
Տոլստոյը լռում էր, և նրա լռությունը անցնող յուրաքանչյուր վայրկյանի հետ դառնում էր ավելի բազմանշանակ։
Ամեն դեպքում ես էլ էի ուզում բարձրաձայն մի բան ասել։
– «Ժամը» հաղորդաման մասին գիտե՞ք,- հարցրի ես։
– Սկսի՛ր,- արագ ասաց Կոստիլը։
– Այն այնքան էլ սարսափելի չէ։
– Միևնույն է, սկսի՛ր։
Ես չէի հիշում, թե ինչպես էր վերջանում պատմությունը, որը ես պատրաստվում էի պատմել, բայց որոշեցի, որ կհիշեմ պատմելու ընթացքում։
– Կարճ ասած՝ լինում է, չի լինում, երեսուն տարեկան մի մարդ։ Մի անգամ նստած նայում էր «Ժամը» հաղորդումը։ Միացրեց հեռուստացույցը, տեղաշարժեց բազմոցը, որ հարմար լինի։ Սկզբում հայտնվեց ժամացույցը, դե, ինչպես սովորաբար։ Նա ստուգեց իր ժամը․ ճի՞շտ է գնում, թե՞ չէ, այնպես, ինչպես սովորաբար լինում է։ Կարճ ասած՝ ուղիղ ժամը իննը։ Երբ էկրանին հայտնվեց «Ժամը» բառը, սակայն ոչ սպիտակ, ինչպես նախկինում եղել է, այլ, չգիտեմ ինչու, սև։ Դե, նա մի փոքր զարմացավ, հետո որոշեց, որ դա ուղղակի նոր դիզայն է, և շարունակեց նայել։ Հետո ամեն ինչ սովորականի նման էր․ սկզբում ցույց տվեցին ինչ-որ տրակտոր, հետո Իսրայելի բանակի մասին, հետո ասացին, որ ինչ-որ ակադեմիկոս է մահացել, հետո մի փոքր սպորտի մասին խոսեցին, իսկ վերջում վաղվա եղանակի տեսության մասին։ Ահա և վերջ, «Ժամը» ավարտվեց։ Եվ նա որոշեց վեր կենալ բազմոցից։
– Հետո հիշեցրեք, ես դեղին բազմոցի մասին կպատմեմ,- մեջ մտավ Վասյան։
– Նա ուզում էր բազմոցից վեր կենալ, բայց չէր կարողանում․ լրիվ ուժասպառ էր։ Հետո նա նայեց ձեռքին ու տեսավ, որ ամբողջ մաշկը թորշոմած է։ Այդ ժամանակ նա վախեցած ամբողջ ուժով վեր ցատկեց, կանգնեց ու գնաց լոգարան՝ հայելու մոտ։ Իսկ գնալը բավական դժավար էր, սակայն, ամեն դեպքում, ինչ-որ ձևով հասավ։ Նայեց հայելու մեջ, տեսավ, որ ամբողջ մազերը ճերմակել են, դեմքը կնճռոտվել է, իսկ ատամներ չունի։ Մինչ նա «Ժամն» էր նայում, ամբողջ կյանքն անցել էր։
– Դա ես գիտեմ,- ասաց Կոստիլը,- բայց այնտեղ խոսքը ֆուտբոլի մասին էր։ Մարդը ամբողջ կյանքում ֆուտբոլ էր նայել։
Միջանցքում լսվեցին ոտնաձայներ, և կնոջ դողացող ձայն։ Եվ մենք լսեցինք՝ ինչպես էր Վասյան առանց ամաչելու խռմփացնում։ Մի քանի րոպե անց հիվանդասենյակում վառվեց լույսը։
– Այպես, ո՞վ է այստեղ գլխավոր դիակը։ Տոլստենկո՛, դո՞ւ։
Շեմին կանգնած էր Անտոնինա Վասիլևնան՝ սպիտակ խալաթով, իսկ նրա կողքին՝ լացակումած Կոլյան՝ հայացքը թաքցրած։
– Գլխավոր դիակը,- արժանիորեն պատասխանեց Տոլստոյը,- Մոսկվայի Կարմիր հրապարակում է, իսկ ինչո՞ւ եք ինձ գիշերն արթնացնում։
Այդ կոպտությունից Անտոնինա Վասիլևնան բռնկվեց։
– Նե՛րս մտիր, Ավերյա՛նով,- ասաց նա վերջապես,- և պառկի՛ր։- Իսկ դիակների հարցով ղեկավարը վաղը ճամբարում կզբաղվի, քանի դեռ նրանք չեն գնացել տուն։
– Անտանինա Վասիլևնա,- դանդաղ ասաց Տոլստոյը,- իսկ ինչո՞ւ է Ձեր խալաթը սպիտակ։
– Որովհետև այդպես է պետք, հասկացա՞ր։
Կոլյան արագ նայեց Անտոնինա Վասիլևնային։
– Գնա դեպի մահճակալը և քնի՛ր, տաղամա՞րդ ես, թե՞ չէ։- Իսկ դու,- դարձավ նա Տոլստոյին,- եթե մի բառ էլ ասես, աղջիկների հիվանդասենյակում մերկ կկանգնես, հասկացա՞ր։
Տոլստոյը լուռ նայեց Անտոնինա Վասիլևնայի խալաթին։ Նա նայում էր ինքն իրեն, հետո բարձացրեց հայացքը Տալստոյի վրա ու մատը պտտեց նրա ճակատին, հետո միանգամից կատաղեց և նույնիսկ չարությունից կարմրեց։
– Դու ինձ պատասխան մի տուր, Տոլստենկո,- ասաց նա,- դու գիտես՝ ինչ կկատարվի քեզ հետ։
– Անտոնինա Վասիլևնա, ասաց Կոստիլը,- չէ՞ որ Դուք ինքներդ ասացիք, որ եթե նա անգամ մի բառ ասի, Դուք նրան․․․ Ինչպե՞ս նա պետք է Ձեզ պատասխանի։
– Իսկ քեզ հետ, Կոստի՛լև, ասաց Անտոնինա Վասիլևնան,- խոսակցությունը հատուկ կլինի տնօրենի սենյակում։
Նա մարեց լույսը ու շրխկացրեց դուռը։ Որոշ ժամանակ՝ րոպեներ` երևի երեք, Անտոնինա Վասիլևնան կանգնել էր դռան մոտ և լսում էր։ Հետո միջանցքում լսվեցին նրա լուռ քայլերը։ Ամեն դեպքում մենք մի քանի րոպե էլ լռեցինք։ Հետո լսվեց Կոստիլի շշուկը․
– Լսի՛ր, Կո՛լյա, տե՛ս, թե ինչպես ես վաղը ինձնից մռութիդ ստանալու։
– Գիտեմ,- տխուր ասաց Կոլյան։
– Օ՜յ, ինչպես ես ստանալու․․․
– Կանաչ բազմոցի մասին կլսե՞ք,- հարցրեց Վասյան։
Ոչ ոք չպատասխանեց։
– Մի մեծ ձեռնարկությունում,- սկսեց նա,- տնօրենի սենյակն էր, որտեղ կային գորգ, պահարան, մեծ սեղան, իսկ նրա առջև՝ կանաչ բազմոց։ Իսկ սենյակի անկյունում սազական մի կարմիր դրոշ էր, որ վաղուց այնտեղ էր։ Ահա և մի մարդ նշանակվեց տնօրենի պաշտոնում։ Նա մտավ գրասենյակ, նայեց շուրջը, և նրան ամեն ինչ դուր եկավ։ Նստեց այդ բազմոցին և սկսեց աշխատել։ Իսկ հետո, որբ նրա տեղակալը մտավ սենյակ, նայեց, տնօրենի փոխարեն բազմոցին նստած տեսավ մի կմախքի։ Դե, ոստիկանություն կանչեցին, փնտրեցին և ոչինչ չգտան։ Հետո տեղակալին նշանակեցին տնօրենի պաշտոնին։ Նստեց նա այդ բազմոցին ու սկսեց աշխատել։ Մտնում են աշխատասենյակ, նայում բազմոցին, իսկ այնտեղ դարձյալ կմախք է նստած։ Նորից ոստիկանություն են կանչում, և նորից ոչինչ չեն գտնում։ Դարձյալ նոր տնօրեն նշանակեցին։ Իսկ նա արդեն գիտեր, թե ինչ էր պատահել մյուս տնօրեններին ու պատվիրեց մարդու չափսերով մի մեծ տիկնիկ։ Նրան հագցրեց իր կոստյումը և նստեցրեց բազմոցին, ինքը թաքնվեց վարագույրի հետևում, հետո հիշեցրե՛ք, ես դեղին վարագույրի մասին էլ հիշեցի, կպատմեմ, ու սկսեց նայել՝ ինչ կլինի։
Անցավ մեկ-երկու ժամ։ Եվ հանկարծ տեսավ՝ ինչպես են բազմոցից դուրս ցցվում մետաղյա չանչեր ու բոլոր կողմերից ծակում տիկնիկին։ Չանչերից մեկը մխրճվեց հենց կոկորդի մեջ։ Իսկ հետո, երբ չանչերը տիկնիկին խեղդամահ արեցին, անկյունում գտնվող կարմիր դրոշը դուրս եկավ, մոտեցավ տիկնիկին և ծածկեց նրան իր մակերեսով։ Անցավ մի քանի րոպե, ու տիկնիկից ոչինչ չմնաց, իսկ կարմիր դրոշը հետ գնաց դեպի իր անկյունը։ Մարդն այդ ժամանակ անձայն դուրս եկավ աշխատասենյակից, իջավ ներքև, հրշեջ արկղիկից վերցրեց կացինը, վերադարձավ սենյակ ինչպես փայտահատ։ Այդ ժամանակ այնպիսի մի աղմուկ դուրս եկավ այն փայտից, որը նա կոտրեց, և հատակը արյունով պատվեց։
– Իսկ հետո՞,- հարցրեց Կոստիլը։
– Վերջ,- ասաց Վասյան։
– Իսկ մարդուն ի՞նչ պատահեց։
– Բանտ նստեցրին դրոշի համար։
– Իսկ դրոշի հետ ի՞նչ եղավ։
– Նորոգեցին և դրեցին իր տեղը,- ասաց Վասյան։
-Իսկ երբ նոր տնօրեն նշանակեցին, նրա հետ ի՞նչ եղավ։
– Նույնը։
Ես հանկարծ հիշեցի, որ տնօրենի սենյակում՝ անկյունի վրա, կային միանգամից մի քանի համարակալված կարմիր դրոշներ։ Այդ դրոշներից նա արդեն երկու անգամ ստացել էր պարգևների հանձման ժամանակ։ Բազմոց նույնպես նրա սենյակում կար, բայց ոչ թե կանաչ, այլ կարմիր։
– Հա՜, մոռացա,- ասաց Վասյան,- երբ մարդը վարագույրի հետևից դուրս եկավ, նա արդեն լրիվ ճերմակել էր։ Դեղին վարագույրի մասին գիտե՞ք։
-Ես գիտեմ,- ասաց Կոստիլը։
– Տոլստո՛յ, դու դեղին վարագույրի մասին գիտե՞ս։
Տոլստոյը լռում էր։
– Է՜յ, Տոլստոյ։
Տոլստոյը չպատասխանեց։ Ես մտածում էի այն մասին, որ Մոսկվայի տան իմ պատուհաններից հենց այդպիսի վարագույրներ են կախված, հենց դեղնականաչավուն։ Ամռանը, երբ պատշգամբի դուռը միշտ բաց է, ներքևից՝ բուլվարից, լսվում է շարժիչների աղմուկը, ու զգացվում բենզինի հոտը՝ խառնված ինչ-որ ծաղկի բույրի։ Ես հաճախ եմ նստում պատշգամբում՝ կանաչ բազմոցին և նայում՝ ինչպես է քամին տարուբերում դեղին վարագույրը։
– Լսի՛ր, Կոստի՛լ,- անսպասելի ասաց Տոլստոյը,- իսկ մեռյալները այդպես չեն ընդունում, ի՞նչ ես մտածում։
– Իսկ ինչպե՞ս,- հարցրեց Կոստիլը։
– Տարբեր ձևերով, ուղղակի դրա մասին երբեք չեն խոսում, թե ընդունում են մեռածներին, որովհետև դիակները չգիտեն, թե իրենք մեռած են․ մտածում են, թե դեռ ողջ են։
– Ի՞նչ է, քեզ արդեն ընդունե՞լ են։
– Չգիտեմ, ասաց Տոլստոյը,- կարող է և արդեն ընդունել են։ Նաև կարող է պատահել, որ հետո ընդունեն, երբ քաղաք վերադառնամ։ Ասում եմ, չէ՞, նրանք նախօրոք չեն հաղորդում։
– Նրանք, ովքե՞ր։
– Ովքե՞ր, ովքե՞ր, մեռածնե՞րը։
– Դու դարձայլ քոնն ես պնդում,- ասաց Կոստիլը,- ձայնդ կտրի՛ր․ զզվեցրիր արդեն։
– Ճիշտ, ճիշտ,- վրա տվեց Կոլյան,- ճիշտ է, զզվեցրիր։
– Իսկ դու, Կոլյա՛, ասաց Կոստիլը,- միևնույն է վաղը մռութիդ կստանաս։
Տոլստոյը մի փոքր լռեց։
– Գլխավորը,- նորից խոսեց նա,- որ նա, ով ընդունում է, ինքն էլ չգիտի, որ նրանք ընդունում են մեռածներին որպես մեռելների։
– Ինչպե՞ս են նրանք այդ դեպքում ընդունո՞ւմ,- հարցրեց Կոստիլը։
– Ինչպես կուզես։ Համարենք՝ դու ինչ-որ բանի մասին որևէ մեկին հարցնում ես կամ միացնում հեռուստացույցը, իսկ քեզ, միևնույն է, համարում են մառած։
– Ես դրա մասին չեն խոսում։ Նրանք չէ՞ որ պարտավոր են իմանալ, որ նրանք որևէ մեկին են ընդունում, երբ ընդունում են։
– Հակառակը։ Ինչպե՞ս կարող են նրանք ինչ-որ բան իմանալ, երբ մահացած են։
– Այդ դեպքում լրիվ անահասկանալի է դառնում,- ասաց Կոստիլը,- այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ՝ ով է ողջ, ով մեռած։
– Իսկ դու ի՞նչ է, չե՞ս հասկանում։
– Ո՛չ,- պատասխանեց Կոստիլը,- դուրս է գալիս, որ տարբերություն չկա։
– Դե հիմա էլ մտածիր, թե որպես ով ես դուրս գալիս։
Կոստիլը մթության մեջ ինչ-որ շարժում արեց, ինչ-որ բան ուժեղ շպրտեց պատին՝ հենց Տոլստոյի գլխավերևում։
– Ապո՛ւշ,- ասաց Տոլստոյը,- քիչ էր մնացել գլխիս ընկներ։
– Մենք, միևնույն է, մեռած ենք, ասաց Կոստիլը,- մտածելու բան գտար։
– Տղամարդի՛կ,- նորից խոսեց Վասյան,- դեղին վարագույրի մասին պատմե՞մ։
– Դե գնա գրողի ծոցը քո վարագույրի հետ, Վա՛սյա, հարյուր անգամ արդեն լսել ենք։
– Ես չեմ լսել,- անկյունից ասաց Կոլյան։
-Հետո՞ ինչ, քո պատճառով բոլորը նորի՞ց պիտի լսեն։ Իսկ հետո կվազես Անտոնինայի մոտ լացելու։
– Ես լաց եմ եղել, որովհետև ոտքս ցավում էր։ Ես ոտքս վնասեցի, երբ դուրս եկա։
– Դո՛ւ, ճի՛շտ, պետք է պատմություն պատմես։ Այն ժամանակ դու առաջինը խոսեցիր։ Մտածում ես՝ մոռացե՞լ ենք,- ասաց Կոստիլը։
– Իմ փոխարեն Վասյան պատմեց։
– Նա ոչ թե քո փոխարեն, այլ հենց այնպես պատմեց։ Իսկ հիմա քո հերթն է։ Հակառակ դեպքում վաղը մռութիդ կստանաս։
– Սև ճագարի մասին գիտե՞ք,- հարցրեց Կոլյան։
Ես, չգիտեմ ինչու, միանգամից հասկացա՝ ինչ սև ճագարի մասին է խոսում։ Միջանցքում՝ հյուրասենյակի դիմաց՝ այլ իրերի շարքում՝ տախտակի վրա, կախված է ճագար՝ քրքրված փողկապով։ Այն պատճառով, որ նկարը կատարաված էր բարեխղճորեն և մանրամասնորեն, ճագարը իրոք լրիվ սև էր թվում։
– Ահա, ես ասացի չէ՞, որ ոչինչ չգիտես։ Սկսի՛ր։
– Մի պիոներճամբար կար։ Այնտեղ՝ գլխավոր մասնաշենքում՝ պատի վրա, նկարված էին տարբեր կենդանիներ, նրանցից մեկը սև ճագար էր՝ թմբուկով։ Նրա թաթերը, չգիտես ինչու, մխրճված էին երկու մեխերով։ Եվ ահա, մի անգամ՝ ճաշի ժամին, դանդաղ անցնում էր մի աղջիկ, նա խղճաց ճագարին, մոտեցավ և պոկեց մեխերը։ Հանկարծ նրան թվաց, թե սև ճագարը նրան է նայում․ ասես կենդանի լինի։ Նա մտածեց, թե դա իրեն ընդամենը թվաց, և գնաց սենյակ։ Սկսվեց մեռյալ ժամը։ Այդ ժամանակ սև ճագարը հանկարծ սկսեց հարվածել իր թմբուկին։ Եվ ով կար ճամբարում, միանգամից քնեց։ Նրանք երազում տեսան, թե մեռյալ ժամը վերջացել է, թե նրանք արթուն են և գնացել են ճաշելու։ Հետո նրանք սկսում են անել այն, ինչ սովորաբար անում են․ պինգ-պոնգ խաղալ, կարդալ և այդպես շարունակ։ Իսկ այդ ամենը երազ էր։ Հետո հերթափոխը ավարտվեց, և նրանք վերադարձան տուն, հետո մեծացան, դպրոցն ավարտեցին, ամուսնացան, սկսեցին աշխատել և երեխաներին դաստիարակել։ Բայց իրականում նրանք քնած էին պիոներճամբարի սենյականերում։ Իսկ սև ճագարը ամբողջ ընթացքում հարվածում էր իր թմբուկին։
Կոլյան լռեց․
– Ինչ-որ անհասկանալի է,- ասաց Կոստիլը,- դու ասում ես, որ նրանք տուն չեն վերադարձել, բայց չէ՞ որ նրանք ծնողներ ունեն, ծանոթ երեխաներ։ Ի՞նչ է, նրանք է՞լ էին քնած։
– Չէ՛, ասաց Կոլյան։- Նրանք ոչ միայն քնած էին, այլև երազ էին տեսնում։
– Հիմարություն, ասաց Կոստիլը,- տղանե՛ր, դուք ինչ-որ բան հասկացա՞ք։
Ոչ ոք չպատասխանեց։ Երևում էր՝ համարյա բոլորն արդեն քնել էին։
– Տոլստո՞յ, դու ինչ-որ բան հասկացա՞ր։
Տոլստոյը կռացավ, գետնից վերցրեց ինչ-որ բան և շպրտեց Կոլյայի վրա։
– Սրիկայի մեկն ես դու, ասաց Կոլյան,- հիմա մռութիդ կստանաս։
– Տուր այստե՛ղ,- ասաց Կոստիլը։
Դա նրա կեդն էր, որը դրանից առաջ շպրտել է Տոլստոյի վրա։ Կոլյան հետ տվեց կեդը։
– Է՛յ,- ասաց ինձ Կոստիլը,- ինչո՞ւ ես ամբողջ ժամանակ լռում։
– Հենց այնպես,- ասացի ես։- Փորձում եմ քնել։
Կոստիլը շուռ եկավ մահճակալի մեջ։ Ես մտածեցի՝ ինչ-որ բան էլ կասի, բայց նա լռեց։ Բոլորն էլ լռեցին։ Վասյան քնի մեջ ինչ-որ բան մրթմրթաց։
Ես նայեցի առաստաղին։ Պատուհանից դուրս օրորվում էր լապտերի լամպը, և նրա հետքերը շարժում էին ստվերները մեր հիվանդասենյակում։ Ես շրջվեցի դեմքով դեպի պատուհանը։ Լուսինն արդեն տեսանելի էր։ Շուրջբոլորը քար լռություն էր, միայն ինչ-որ տեղ՝ շատ հեռվում, անփոփոխ զարկում էր գիշերային էլեկտրագնացքի անիվը։ Ես երկար նայեցի պատուհանի կապույտ լապտերին և չնկատեցի, թե ինչպես քնեցի։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի