– Ահա՛,- ասաց հայրս և ինձ մի փոքրիկ ոսկրե սրինգ տվեց,- վերցրո՛ւ սա և երբեք չմոռանաս քո ծեր հորը, երբ օտար երկրներում այս գործիքի օգնությամբ մարդկանց սրտերը ուրախացնես: Սա քո կյանքում կարևոր ժամանակ է, երբ դու աշխարհը պիտի ճանաչես և շատ բան սովորես: Ես այս սրինգը տալիս եմ քեզ, որովհետև դու այլ աշխատանք չես կատարում և միայն երգել ու նվագել ես սիրում: Միայն մտածի՛ր այն մասին, որ դու միշտ գեղեցիկ ու ուրախ երգեր կատարես, այլապես իզուր կլինի այն շնորհը, որով դու պարգևատրվել ես Աստծո կողմից:
Իմ սիրելի հայրիկը շատ բան չէր հասկանում երաժշտությունից: Նա գիտնական էր և մտածում էր՝ ես գործի կդնեմ գեղեցիկ սրինգը, և ամեն ինչ ինքնըստինքյան լավ կստացվի: Ես չէի ցանկանում կոտրել նրա հավատը, այդ պատճառով շնորհակալություն հայտնեցի նրան, սրինգը գրպանս դրեցի և հրաժեշտ տվեցի:
Մեր հովիտը ինձ ծանոթ էր մինչև բակի մեծ ջրաղացը, դրա հակառակ կողմում փաստորեն մի այլ աշխարհ էր, որն ինձ այնքան շատ էր ձգում: Մի հոգնած մեղու էր նստել հագուստիս թեզանիքին: Նրան ես ինձ հետ տանում էի և ուրախ էի, որ «սուրհանդակ» ունեի, որը ողջույններ էր տանելու իմ հայրենիք:
Անտառները և մարգագետինները ուղեկից էին իմ ճանապարհին, իսկ գետը աշխույժ վազվզում էր: Ես նկատեցի՝ այս աշխարհը իմ ծննդավայրից փոքր-ինչ տարբեր էր: Ծառերն ու ծաղիկները, ցորենի դաշտերն ու կաղնու անտառները դուր էին գալիս ինձ, ես նրանց հետ իրենց երգերն էի երգում, և նրանք ինձ հասկանում էին համարյա այնպես, ինչպես իմ հայրենիքում: Իմ մեղուն նորից արթնացավ, նա դանդաղ սողում էր ուսիս վրայով, թռավ և շրջապատեց ինձ իր քաղցրիկ ու գրեթե լուռ փնթփնթոցով, այնուհետև թռավ ուղիղ հակառակ ուղղությամբ՝ դեպի իմ ծննդավայր:
Այդ պահին անտառի խորքից եկող մի երիտասարդ աղջկա նկատեցի, որը ձեռքին զամբյուղ ուներ, իսկ խարտյաշ գլխին՝ լայն ու ստվերոտ ծղոտե գլխարկ:
-Բարև,- ասացի,- ի՞նչ ես դու այստեղ անում:
– Ես պետք է հնձվորների համար ուտելու բան տանեմ,- ասաց նա և մոտեցավ ինձ,- իսկ դո՞ւ:
– Ես թափառում եմ աշխարհում, իմ հայրն է ինձ ուղարկել: Նա կարծում է, որ ես պետք է սրինգի միջոցով մարդկանց սրտերը ուրախացնեմ, բայց ես դա դեռ լավ չեմ պատկերացնում, նախ պետք է դա սովորեմ:
– Իսկ դու հատկապես ի՞նչ ես անում:
– Ոչ մի առանձնահատուկ բան: Ես սրինգ եմ նվագում, նաև երգեր եմ երգում:
– Ինչի՞ մասին:
– Զանազան երգեր, առավոտվա և երեկոյի մասին, ծառերի, կենդանիների ու ծաղիկների մասին: Հիմա, օրինակ, ես կարող եմ մի սիրուն երգ երգել երիտասարդ աղջկա մասին, որ դուրս է եկել անտառից և հնձվորների համար ուտելիք է տանում:
-Դու կարո՞ղ ես: Այդ դեպքում երգի՛ր:
-Այո՛, բայց նախ ասա՛ ինձ քո անունը:
-Բրիջիթ:
Ես երգեցի ծղոտե գլխարկով սիրուն Բրիջիթի մասին մի երգ, և թե ինչ ուներ նա իր զամբյուղում, և ինչպես էին ծաղիկները նրա հետևից նայում, և կապույտ քամին ինչպես էր հետևում նրան, և այդպես շարունակ: Նա ուշադիր լսեց և հավանեց իմ երգը: Իսկ երբ ես նրան ասացի, որ քաղցած եմ, նա բացեց զամբյուղի խուփը և ինձ համար մի կտոր հաց հանեց այնտեղից: Երբ ես հացից կծեցի և շարունակեցի եռանդուն քայլել, նա ասաց.
– Քայլելիս չի կարելի ուտել:
Եվ մենք նստեցինք կանաչ խոտերին, ես կերա իմ հացը, իսկ նա իր թուխ ձեռքերը փաթաթեց ծնկներին և նայեց ինձ:
– Ինձ համար մի բան էլ կերգե՞ս,- հարցրեց նա քիչ անց, երբ ես արդեն վերջացրել էի ուտելը:
– Հաճույքով: Ի՞նչ կուզես, որ երգեմ քեզ համար:
– Մի աղջկա մասին, որից իր սիրած տղան հեռացել է, և որը շատ տխուր է:
– Ո՛չ, ես դա չեմ կարող: Ես չգիտեմ այդպես երգել: Ես ուզում եմ, որ այլևս ոչ ոք տխուր չլինի: Ես պետք է միայն ուրախ ու սիրուն երգեր կատարեմ. դա հայրս է ասել: Ես քեզ համար կերգեմ կկվի կամ էլ թիթեռնիկի պես:
– Իսկ սիրո մասին դու ինչ-որ երգ գիտե՞ս,- այնուհետև հարցրեց նա:
– Սիրո՞ մասին: Ինչպես չէ, դրանք ամենասիրուն երգերն են:
Նույն պահին ես սկսեցի երգել արևի ճաճանչի մասին, որ սիրահարվել էր կարմիր կակաչին, և ինչպես էր նրա հետ խաղում և ուրախանում: Եվ սարյակի մասին, որ սպասում էր իր կողակցին, եվ երբ նա գալիս էր, թռչում և վախեցնում էր նրան: Այնուհետև երգեցի շագանակագույն աչքերով աղջկա մասին և այն պատանու, որ այդտեղով անցնում էր, և այն մասին, որ նա երգեց, ինչի համար էլ հաց ստացավ, բայց նա հաց չէր ուզում այլևս, նա օրիորդից համբույր էր ուզում և ուզում էր տեսնել նրա շագանակագույն աչքերը, և նա երգեց այնքան երկար ու տարված, որ չէր նկատում աղջկա ժպտացող շրթունքների մոտենալը:
Հենց այդ պահին Բրիջիթը թեքվեց դեպի ինձ, մոտեցավ իր կիսաբաց շրթունքներով, և ես մոտիկից տեսա դարչնաոսկեգույն աստղը, դրանում ես ինքս էի փայլում և մարգագետնի մի զույգ սպիտակ ծաղիկներ:
– Աշխարհը շատ գեղեցիկ է,- ասացի ես,- հայրս իրավացի էր: Բայց հիմա ես ուզում եմ քեզ օգնել, որ դու հասնես հնձվորների մոտ:
Ես վերցրի նրա զամբյուղը, և մենք շարունակեցինք քայլել: Նրա քայլվածքը համընթաց էր իմ քայլվածքին, և նրա ուրախությունը իմ ուրախությանը համապատասխան էր, իսկ անտառը՝ մեծ լեռան ստորոտին, մեղմ շշնջում էր: Ես երբեք այսքան երջանիկ չէի թափառել: Այդ ամբողջ ընթացքում ես աշխույժ երգում էի, մինչ հովիտը և լեռները, խոտերն ու տերևները, գետն ու մացառուտները ներդաշնակ սոսափում էին՝ ինչ-որ բան պատմելով:
Ես մտածեցի, որ եթե ես աշխարհի այս բոլոր հազարավոր երգերը կարողանում եմ հասկանալ և երգել, խոտերի ու ծաղիկների, մարդկանց, գայլերի և բոլորի, սաղարթախիտ անտառների և սոճու անտառների ու նաև բոլոր կենդանիների մասին, նաև բոլոր երգերը օտար ծովերի ու լեռների մասին և աստղերի ու լուսնի, և երբ այդ ամբողջը անմիջապես իմ ներսում հնչում է, և ես կարողանում եմ ճշգրիտ երգել, ապա ես մեծ Աստված եմ, և յուրաքանչյուր նոր երգ պետք է որպես աստղ երկնքում լինի:
Եվ մինչ ես այսպես էի մտածում, ամբողջովին խաղաղ, տարօրինակ ու արտասովոր էի դարձել, քանի որ ինձ մոտ նախկինում երբեք նման զգացողություն չէր եղել: Այդ ժամանակ Բրիջիթը կանգնած էր և ամուր բռնել էր իմ ձեռքի կողովը:
– Ես պետք է վերև գնամ,- ասաց նա,- այնտեղ՝ վերևում, դաշտում, մեր աշխատողներն են: Իսկ դո՞ւ: Ի՞նչ ես անելու: Կգա՞ս ինձ հետ:
– Չէ՛, ես քեզ հետ չեմ կարող գալ: Ես պետք է աշխարհով մեկ շրջեմ: Շատ շնորհակալ եմ հացի համար, Բրիջի՛թ, նաև՝ համբույրի: Ես քեզ չեմ մոռանա:
Նա վերցրեց զամբյուղը, իր շագանակագույն աչքերով թեքվեց դեպի ինձ մի անգամ ևս, և նրա շրթունքները միացան իմ շրթունքներին: Նրա համբույրը այնքան մեղմ ու հաճելի էր: Ապա ես արագ հրաժեշտ տվեցի և շտապ քայլեցի ճանապարհով ներքև:
Աղջիկը դանդաղ բարձրացավ սարն ի վեր և անտառի եզրի կախ ընկած սաղարթների տակ կանգնեց, ապա նայեց ներքև՝ իմ կողմը, և երբ ես նրան նշան արեցի՝ գլխարկս գլխավերևում թափահարելով, նա մի անգամ էլ երևաց, հետո դանդաղ անհետացավ, ինչպես մի նկար գրքի էջերում:
Ես սակայն հանգիստ շարունակեցի իմ ճանապարհը և մտածեցի, որ կարելի է մի փոքր հանգստանալ:
Հանկարծ մոտերքում մի ջրաղաց նկատեցի: Ջրաղացի մոտ՝ գետի վրա, մի նավ տեսա: Նավում միայն մի մարդ կար, և թվում էր՝ ինձ է սպասում, քանի որ ես, գլխարկս հանելով, հենց նավ բարձրացա, այն անմիջապես սկսեց շարժվել և ընթանալ գետին համընթաց: Ես նստեցի նավի միջնամասում, իսկ անծանոթ տղամարդը նստեց ղեկի մոտ, և երբ ես նրան հարցրի, թե մենք ուր ենք մեկնում, նա հայացքը բարձրացրեց և ինձ վրա հառեց իր մթագնած գորշագույն աչքերը.
-Ուր կկամենաս,- հնչեց խուլ ձայնը,- գետով դեպի ներքև, ապա՝ ծով, թե՞ դեպի մեծ քաղաքներ: Ընտրությունը քոնն է: Այս ամբողջը ինձ է պատկանում:
– Այս ամենը քո՞նն է: Ուրեմն դու թագավո՞ր ես:
– Իհա՛րկե,- պատասխանեց նա,- իսկ դու, կարծում եմ, բանաստեղծ ես: Դե ինձ համար մի երգ երգի՛ր ճամփորդության մասին:
Ես հավաքեցի ուժերս: Այդ գորշավուն լրջադեմ մարդուց վախ էի զգում: Իսկ մեր նավը արագ և անձայն լողում էր գետով: Ես երգեցի գետի մասին, որտեղով լողում էր նավը, և արևը շողում էր, իսկ վերջում, թե ինչպես ժայռի եզերքին գոհ և ուրախ ավարտեցինք մեր շրջագայությունը:
Տղամարդու դեմքը անփոփոխ մնաց, երբ ես վերջացրի: Նա գլխով հավանության նշան արեց, կարծես օդերում սավառներ: Ես զարմացա, երբ նա ինքը սկսեց երգել: Եվ նա էլ երգեց գետերի ու հովիտների մասին, և նրա երգը ավելի գեղեցիկ ու զորեղ էր, քան իմը, բայց այն ամբողջովին այլ կերպ էր հնչում:
Նրա երգած գետը սարերից գալիս էր որպես մի երերացող կործանիչ, մռայլ ու կատաղի. շառաչելով նա իրեն չէր ուզում զսպել և նա տանել չէր կարողանում ցանկացած նավ, որ պետք է իր վրայով ընթանար, իսկ ջրի ալիքները ու ջրաբույսերը օրորում էին ջրահեղձների ժպտացող սպիտակ մարմինները:
Այդ բոլորը ինձ դուր չեկավ ընդհանրապես, բայց, ինչ խոսք, այնքան գեղեցիկ ու խորհրդավոր էին մեղեդու հնչյունները, որ ես ամբորջովին մոլորվեցի և պապանձվեցի: Երբ ընկալեցի, որ ինչ այս ծեր, թույլ ու խռպոտ երգիչը իր խուլ ձայնով երգում էր, իսկապես ճշմարիտ էր, այդ ժամանակ իմ բոլոր երգերը հիմարություն և մանկական տխմար խաղեր թվացին: Ապա աշխարհը ամբողջովին վատը դարձավ և այլևս լուսավոր չէր, ինչպես Աստծո սիրտը, այլ հակառակը՝ մթին ու տառապալից, չար ու խավար, և երբ անտառները խշշացին, դա թվաց ոչ թե ուրախություն, այլ չարչարանք ու տանջանք:
Մենք շարժվեցինք այն կողմ, ստվերները երկարեցին և ամեն անգամ, երբ ես սկսում էի երգել, նրա ձայնը ավելի լուսավոր էր հնչում, իսկ իմ ձայնը դառնում էր ցածր, և ամեն անգամ անծանոթ երգիչը պատասխանում էր իմ երգին, որ աշխարհը դեռ հանելուկային ու ցավալի է: Ես էլ ավելի շփոթված ու տխուր էի դառնում:
Իմ հոգին խռովված էր, և ես ափսոսում էի, որ իմ երկրում չեմ կամ ծաղիկների կողքին, կամ էլ՝ սիրուն Բրիջիթի հետ: Ծագող արշալույսը սփոփում էր ինձ, ես սկսեցի բարձր ձայնով նորից երգել սիրուն Բրիջիթի ու նրա համբույրների մասին:
Հենց արշալույսը բացվեց, ես լռեցի, իսկ անծանոթը սկսեց երգել ղեկի մոտ: Նա էլ էր երգում սիրո ու նրա պարգևած ուրախության մասին, շագանակագույն ու երկնագույն աչքերի, կարմիր խոնավ շրթունքների մասին: Եվ դա գեղեցիկ էր ու հուզիչ: Նա վշտալի էր երգում, բայց նրա երգում նաև մռայլ ու երկչոտ սեր կար և նաև մահվան գաղտնիք, քանի որ մարդիկ իրենց կարիքներից մոլորված ու վիրավորված էին դարձել և այդ պատճառով իրար տանջում ու սպանում էին:
Ես լսեցի և հոգնություն ու տրտմություն զգացի, երբ պատկերացրի, որ երկար տարիներ ճանապարհին լինելով՝ շատ հառաչանք ու թշվառություն պիտի կրեմ: Այդ օտար մարդուց ես շարունակ մի տարօրինակ թշվառության ու վախի սառը հոսանք էի զգում դեպի ինձ, որ դանդաղ սողոսկում էր իմ սիրտը:
– Ուրեմն կյանքը հիանալի ու գեղեցիկ չէ,- վերջապես ասացի ես դառնորեն,-այլ մահի բաժին: Այդ դեպքում ես քեզ խնդրում եմ, տխո՛ւր թագավոր, ինձ համար մահվան մասին մի երգ երգի՛ր:
Ղեկի մոտ անծանոթը երգեց մահվան մասին, և նա այնքան գեղեցիկ էր երգում, որ ես շարունակ ցանկանում էի լսել: Բայց նաև մահը չէր ամենավեհն ու գեղեցիկը, նրանում էլ մխիթարություն չկար: Մահը կյանքն է, կյանքը՝ մահը, նրանք հավերժ կատաղի մարտերի մեջ են: Նա երգում էր վերջին մարտի մասին: Երբ ամեն ինչ թշվառության մեջ է, մի ստվեր երևաց, որ լույսը և ամբողջ ուրախությունը մթագնեց և խավարով շրջապատեց: Բայց մթության միջից սրտագին և հիասքանչ մի լույս վառվեց, և սերը հանգիստ հաղթող դուրս եկավ այդ գիշեր:
Ես ականջ դրեցի և ամբողջովին հանդարտվեցի, ես այդքան կամք չունեի, ինչպես այդ օտար տղամարդը: Նրա հայացքը հանգստացրեց ինձ, հանդարտ և իմ իմացած տխուր բարությամբ նրա գորշավուն աչքերը լցված էին ցավով ու աշխարհի գեղեցկությամբ: Նա ժպտաց ինձ, ինչից ես սրտապնդվեցի և նրան խնդրեցի.
-Ե՛կ վերադառնանք: Ես գիշերը այստեղ վախենում եմ: Ես ցանկանում եմ նորից այնտեղ գնալ, որտեղ կարող եմ գտնել Բրիջիթին, կամ տուն գնալ՝ հորս մոտ:
Անծանոթը ոտքի կանգնեց, մատնանշեց գիշերային երկինքը, և լապտերները լուսավորեցին նրա վտիտ ու հաստատուն դեմքը:
– Հետդարձի ճանապարհ չկա,- ասաց նա լուրջ ու մտերմիկ,- պետք է միշտ առաջ գնալ, եթե ուզում ես ուսումնասիրել աշխարհը: Իսկ շագանակագույն աչքերով աղջկա մասին ամենալավ ու գեղեցիկ հիշողություններն ունես, և հետագայում դու ինչքան ամուր պահես այդ հիշողությունները, այնքան ավելի գեղեցիկ նա կդառնա: Բայց դու ամեն դեպքում առա՛ջ շարժվիր: Գնա՛ այնտեղ, ուր սիրտդ է ձգտում: Եվ ես ուզում եմ իմ տեղը քեզ զիջել:
Ես մահու չափ տրտմեցի և հասկացա, որ նա, այնուամենայնիվ, իրավացի էր: Հայրենիքի կարոտից ես մտածում էի Բրիջիթի և այնտեղ գտնվող ամենի մասին, ինչ քիչ ժամանակ առաջ դեռ մոտիկ ու լուսավոր էր և իմն էր, և ինչը ես արդեն հասցրել էի կորցնել: Բայց հիմա ես ուզում էի զբաղեցնել անծանոթի տեղը և ղեկը կառավարել: Ես դա պետք է անեի:
Լռելյայն վեր կացա և քայլեցի ղեկի մոտ, իսկ տղամարդը նույնպես լուռ ինձ ընդառաջ եկավ: Եվ երբ մենք իրար կողքի էինք, նա լուրջ նայեց դեմքիս և տվեց ինձ իր լապտերը:
Բայց հենց ես ղեկի մոտ նստեցի և լապտերը մոտիկ դրեցի, միայնակ մնացի նավի վրա: Խորը սարսուռ պատեց ինձ: Անծանոթը անհետացել էր, և ես չէի վախենում, ես դա փաստորեն կանխազգացել էի: Ինձ թվում էր՝ այն ամենասիրուն ճամփորդական օրն էր, և Բրիջիթը, հայրս ու հայրենիքը միայն երազ էին, իսկ ես ծեր էի ու տրտում և արդեն երկար ժամանակ ու մշտապես այս գիշերային գետով ճամփորդում էի:
Ես հասկանում էի, որ չեմ կարող կանչել անծանոթին, և իրականության մասին գիտելիքներս իմ մեջ սարսուռ էին առաջացնում:
Որպեսզի իմանայի այն, ինչ արդեն կանխազգում էի, կռացա դեպի ջուրը և բարձրացնելով լապտերը՝ ջրի սև մակերեսի վրա տեսա մի խիստ ու լուրջ դեմք՝ գորշավուն աչքերով: Եվ դա ես էի:
Եվ ճանապարհը շարունակելով ջրերի վրայով՝ ես նորից շարժվեցի մութ գիշերվա մեջ:
Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը