Աշոտ Ստեփանյան | Պատից կախված փոփոխություն

– Ինչ-որ հարցականներ են շրջում մեր գլխի վրա, ի՞նչն է պատճառը, որ նստած ենք այս վայրում երեքով։
Անհայտ հասցեով մի փոքրիկ միջանցք էր՝ դռները առանց կողպեքների: Պատին կախված ժամացույցը կանգնել էր 13։57 րոպեի վրա։ Երեք տարբեր տարիքային խմբի տղաներ նստած էին և անհասկանալի հայացքներով նայում էին միմյանց։
– Դուք ինչի՞ համար եք այստեղ,- հարցրեց տարեց տղամարդը (վատ հոտով ու մաշված շորերով)։
– Չգիտեմ,- պատասխանեց երեխան,֊ես քնած էի անկողնուս մեջ, աչքերիս դիմաց սպիտակ լույս վառվեց և ես հայտնվեցի այստեղ, մտածում եմ՝ դեռ երազ է, խորը երազ։
-Օ, ո՛չ, երազ չէ, փոքրի՛կ, ավելի իրական է,- պատասխանեց երիտասարդը։
Միջանցքը նման էր հիվանդանոցի, շուրջ բոլորը լուսավորված էր, բացի մեջտեղի դռնից։ Պատից կախված էր մի ծեր տղամարդու նկար՝գոռոզ հայացքով և սուր աչքերով, ասես ներկա լիներ նրանց կողքին։
– Ես վախենում եմ,- դողալով ասաց երեխան, ես վախենում եմ, որ ծնողներս գան և անկողնուս մեջ ինձ չհայտնաբերեն, նորից ծեծի կենթարկեն, կպատժեն, ո՞վ է ինձ այստեղ բերել։
– Մի՛ մտածիր, փոքրի՛կ, մենք էլ չգիտենք թե ինչու ենք հայտնվել, ես էլ քայլում էի կամրջի կողքով և հանկարծ անդունդ, երկար ընկնում էի ու հայտնվեցի այստեղ, իսկ դուք, պարո՛ն, դուք ինչու՞եք այստեղ։
– Աղբն էի փորում և հասկացա, որ ընկնում եմ նրա մեջ, խորը աղբի արկղի մեջ էի մտնում, երևի դրանից է, որ վրայիցս վատ հոտ է գալիս։
– Ես հոտ չեմ առնում,- խնդալով պատասխանեց երիտասարդը։
– Միգուցե բոլորս մահացել ենք,- ասաց տարեցը, բայց այստեղ հաճելի է, չէի ուզի լքել․ այս վայրը ավելի տաք է, քան աղբից պատրաստված իմ տունը։
Միջանցքից ձայներ էին գալիս, գոռոցներ, լացեր։ Նստածները սկսեցին դողալ, վախը պատել էր նրանց։
-Քիչ խոսե՛ք,- բացականչեց երիտասարդը, երևի բարկանում են մեզ վրա, որ շատ ենք խոսում։ Կյանքում էլ շատ խոսել չի կարելի, հաղթած են «լուռերը»։
Կախված նկարի միմիկաները փոխվեցին, բայց նստածներից ոչ մեկը չնկատեց դա․ ժամանակը նույն սլաքի վրա կանգնած էր, բայց կտկտոցները լսվում էին։ Երիտասարդը բարկանում էր տարեցի և երեխայի վրա ու հրամաններ արձակում։
– Ախ դուք անիծվածներ եք, ինչ գործ ունեմ ես ձեզ հետ, այս ձայները խլացնում են ինձ, լույսերը կուրացնում, ի՞նչ է ինձ հետ կատարվում։
– Հանգստացի՛ր երիտասարդ, քեզ ոչ մեկը թույլ չի տվել հրամաններ տալ ու ասել, թե մենք ինչ անենք։ Բոլորս էլ այստեղ պատահմամբ ենք հայտնվել, և երեքս էլ չգիտենք՝ ինչ է մեզ սպասվում։
Հանկարծ զանգ․ժամը սկսեց արագ սլանալ, սլաքը կանգնեց և ցույց տվեց երեխայի վրա, անկողպեք դուռը բացվեց և լույսը երեխային քաշեց ներս, չհասցրեց անգամ աչքը թարթել։
Դուռը նորից փակվեց, ժամը կանգնեց 13։58-ի վրա, կտկտոցները նորից լսվում էին առանց սլաքները շարժվելու։
– Խենթանոց է,- գոռաց երիտասարդը և աչքերը շրջեց տարեցի վրա. Այս ինչ կատարվեց, երեխային քաշեցին ներս, այդ ո՞վ էր, ի՞նչ է նա մեզանից ուզում:
Երիտասարդը շատ վախեցած էր, աչքերը լցրել էին արցունքով, կատարվածը տեղ չէր գտնում ուղեղի մեջ։ Անընդհատ հետևում էր տարեցին և վախվխալով նայում ժամացույցին։
– Այստեղ կտտանքների՞ են ենթարկելու մեզ,- վախեցած ձայնով հարցրեց երիտասարդը։ Ես մեղավոր չեմ, ես ամեն օր գնում եմ աշխատանքի և նրան անգամ մատով չէի կպել, ես մեղավոր չեմ։ Ների՛ր ինձ, Աստվա՛ծ, եթե սա դժոխք տանող ճանապարհն է, ուրեմն ների՛ր ինձ իմ մեղքերի համար։
– Ախ, ինչ ոչնչություն եք դուք,- քրքջալով ասաց տարեցը։ Հանգստացե՛ք և հետևե՛ք, թե հաջորդը ով է մտնելու այս սենյակ, ամբողջ կյանքը ապրել եք և նո՞ր եք հիշում Աստծո մասին, ձեզ նման ոչնչությունները անգամ այսպիսի վայրի արժանի չեն, անգամ ներման արժանի չեն։
Ամեն խոսքից հետո ավելի ու ավելի էր լուսավորվում միջանցքը, տարեցը և երիտասարդը միմյանց հետ վիճելով և մեկը մեկի հանդեպ նվաստացուցիչ արտահայտվելով փորձում էին ժամանակը անցակցնել, բայց ժամանակը կանգնած էր, դժոխքի և դրախտի, երկնքի և երկրի, աստղերի և գալակտիկայի մեջ ժամանակը չկար, նրանց միջանցքում միայն ձայներ էին։
Մեկ խնդալու նոպաներ, մեկ գոռոցներ, խենթանոցի պես մի վայր էր՝սեղմված միջանցքում։
Տարեցը ուշադիր զննում էր միջանցքը, նայում էր վարից֊վեր և հանկարծ նկարի դեմքը նրան ծանոթ թվաց:
– Օօ՜, Աստվա՛ծ իմ, սա ես եմ, սա իմ կերպարն է, ավելի կերած-խմած, ի՞նչ գործ ունեմ ես այստեղի պատի վրա մազերս սպիտակած, աչքերս գորշացած։ Նայեք երիտասարդ նա ինձ նման է՞
– Մի՛ խանգարեք, ես աղոթում եմ,- կամացուկ ասաց երիտասարդը։
Հանկարծ ժամանակի սլաքները նորից արագացան, կտկտոցները մտան ականջի ծալքերի մեջ, դուռը անկողպեք նորից բացվեց և երբ սլաքները ցույց տվեցին նրա վրա , փոշեկուլի պես ներքաշվեց սենյակ։
Ժամը կանգնեց՝ 13։5-ի վրա և շարունակվեցին կտկտոցների Ձայները․ տարեցը ծնկի եկավ և հարցրեց ինքն իրեն, իր նկարին, թե արդյո՞ք նա մահացել է և արդյոք դրախտ է գնալու։
Ես շատ մեղքեր եմ գործել, քրիստոնեական մեղքեր և ամբողջ կյանքումս չեմ հավատացել և հիմա էլ չեմ հավատում, այս երիտասարդի դեմքն էլ էր ծանոթ, երեխայինն էլ, անկասկած ես ինչ֊որ տեղում եմ, որտեղ որոշում են դու կապրես, թե՞ կգնաս անհասկանալի մի վայր։
Միջանցքի լույսը շատ ուժեղ էր վառվում, նորից հարցականները ծնվում էին այդ ամենի շուրջ, խորը լռություն էր, էլ չէին լսվում ո՛չ ճիչեր, ո՛չ գոռոցներ, աղմուկները դադարել էր, միջանցքը կարծես մոլորակ լիներ և պտտվում էր տարեցի շուրջը։ Ժամացույցի կտկտոցները հոգեկան աշխարհը խախտում էին, բայց տարեցը նստած էր, նայում էր ուշադիր իր նկարին ու սպասում դռան բացվելուն։ Դուռը չէր բացվում, կողպեքը չկար։
Տարեցը փորձում էր հիշել կյանքում կատարված վատ դեպքերը, դավաճանությունները, բայց ի՞նչ իմաստ ուներ, եթե դրանք արդեն գործել է, եթե ցավեցրել է, լքել է, մոռացել է․․․Չկա աշխարհում ավելի մեծ մեղք, քան սեփական երեխային լքող հայրը, աչքերից արցունքներ հոսեց, և նկարին նայելով ՝ նա անիծեց իրեն, իր կյանքը, խմիչքը։
Զանգը նորից հնչեց, սլաքները սկսեցին շարժվել, անկողպեք դուռը բացվեց և ներս կանչեց տարեցին։ Նա մտավ և դուռը փակվեց։ Լույսերը խավար լուսավորում էին նրա ծեր նկարը, փոխվում էր այդտեղ ամեն ինչ, նկարը վերարտադրվում էր և դառնում մի ուրիշ նկար, այդ նկարի մեջ երեխան էր պառկած, իսկ երիտասարդը և տարեցը նայում էին միմյանց և դուռը փակում։
Ժամը 14։00-ի վրա կանգնած էր, իսկ նկարում կյանքը փոխել ցանկացող տղամարդը իր տղայի և թոռան հետ էր։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *