Գեորգի Իվանով (1894-1958), ռուս բանաստեղծ, արձակագիր: Անցյալ դարի 20-ական թվականններին մեկնել է Ֆրանսիա և ողջ կյանքում ապրել տարագրության մեջ: 1924 թվականից վտարանդիական զանազան մամուլում տպագրվել են նրա հոդված-հիշողությունները: Նրա «հերոսները» իր ժամանակակից գրողներն էին, որոնց նա շատ լավ էր ճանաչում. Նիկոլայ Գումիլյով, Աննա Ախմատովա, Ալեքսանդր Բլոկ, Օսիպ Մանդելշտամ, Սերգեյ Եսենին և ուրիշներ:
Այս հիշողությունները Գեորգի Իվանովը գրել է Հայրենական մեծ պատերազմից հետո, և այն հետաքրքրություն է ներկայացնում ոչ այնքան որպես հիշողություն (այդ առումով ավելի շատ տեղեկություններ են պարունակում և ճշգրիտ են նրա ավելի վաղ շրջանի հոդվածները), այլ որպես ականատես իր գրող ընկերների կյանքի: Նրա գնահատականների և վերլուծությունների հետ կարելի է վիճել, չհամաձայնել, բայց դրանք իրավունք ունեն գոյություն ունենալու առավել ևս մի նկատառումով. Այդ հիշողությունները հենվում են ոչ թե հրապարակված նյութերի վրա, այլ բանաստեղծի անձնական տպավորություններն են նրանց մասին, ում անդրադարձել է իր «Պետերբուրգյան ձմեռներ» գրքում:
(հատված գրքից)
«Ռոտոնդա»: Սովորական իրիկնային իրարանցում: Ես ազատ սեղանիկ եմ փնտրում: Եվ հանկարծ աչքերս առնում են մի ժամանակ (Պետերբուրգ, ձյուն, 1913 թվական…) ինձ շատ լավ ծանոթ աչքերի, ռուսի գորշ աչքերի: Սուդեյկինան[1]է: Հայտնի նկարչի կինը:
– Դուք այստե՜ղ եք: Վաղո՞ւց:
Ժպիտ, «պետերբուրգյան» շփոթված ժպիտ.
– Մեկ ամիս է, ինչ Ռուսաստանից:
– Պետերբուրգի՞ց:
Սուդեյկինան Ախմատովայի ընկերուհին է: Եվ, իհարկե, իմ առաջին հարցերից մեկը՝ ի՞նչ է անում Ախմատովան:
– Անյա՞ն: Հենց այնտեղ՝ Ֆոնտանկայում՝ Ամառային այգու մոտ է ապրում: Քիչ է դուրս գալիս. միայն եկեղեցի: Իհարկե, գրում է: Հրատարակվե՞լ: Ո՛չ, չի մտածում: Հիմա էլ ի՞նչ հրատարակվել:
…Ֆոնտանկայում… Ամառային այգու մոտ…
1922 թվական, աշուն: Վաղը չէ մյուս օրը մեկնում եմ արտասահման: Գնում եմ Ախմատովային հրաժեշտ տալու: Ամառային այգին արդեն աշնան նման է աղմկում: Ինժեներական ամրոցը[2] վերջալույսի կարմիր գույների մեջ է: Ի՜նչ դատարկ է: Ի՜նչ տագնապալի: Մնա՜ս բարով, Պե՛տերբուրգ…
Ախմատովան ձեռքը մեկնում է ինձ:
– Իսկ ես այստեղ նստել եմ առանց լույսը վառելու: Մեկնո՞ւմ եք:
Նրա նուրբ կիսադեմն արտացոլվում է մթնող պատուհանին: Ուսերին հայտնի մուգ շալն է՝ մեծ վարդերով:
«Ընկնում է քո ուսերից, օ՜,Ֆե՛դրա,
Կեղծդասական շալը[3]»:
– Մեկնո՞ւմ եք: Ողջույններս Փարիզին:
– Իսկ Դուք, Ա՛ննա Անդրեևնա, չեք պատրաստվո՞ւմ մեկնել:
– Ո՛չ: Ես Ռուսաստանից չեմ գնա:
– Բայց ապրելն ավելի ու ավելի է դժվարանում:
– Այո՛: Ավելի է դժվարանում:
– Կարող է բոլորովին անտանելի դառնա:
– Ի՞նչ արած:
– Չեք գնա՞:
– Չեմ գնա:
…Ո՛չ, հրատարակվելու մասին չի մտածում. հիմա էլ ի՞նչ հրատարակվել… Քիչ է դուրս գալիս. միայն եկեղեցի… Առողջությո՞ւնը: Այո՛, առողջությունն ավելի է վատացել: Եվ կյանքն այնպես է, որ ստիպված ամեն ինչ ինքն է անում: Նրան անհրաժեշտ է հարավ՝ Իտալիա գնալ: Բայց որտեղի՞ց գումար գտնի: Դե, եթե անգամ լինի էլ…
– Չի գնա՞:
– Չի գնա:
– Գիտե՞ք, – գորշ աչքերն ինձ նայում են համարյա խստությամբ, – գիտե՞ք, մի անգամ Անյան գնում էր Մոխովոյով: Պարկով: Կարծեմ ալյուր էր տանում: Հոգնել էր, կանգնել էր հանգստանալու: Ձմեռ: Վատ էր հագնված: Կողքով մի կին է անցնում… Անյային կոպեկ տվեց՝ վերցրո՛ւ, ի սե՛ր Քրիստոսի: Անյան կոպեկը թաքցրել է սրբապատկերի հետևում:
Պահպանում է[4]…
* * *
…1911[5] թվական: «Աշտարակում»՝ Վյաչեսլավ Իվանովի բնակարանում, հերթական գրական չորեքշաբթին է: Բանաստեղծական Պետերբուրգի ողջ սերուցքն այդտեղ է հավաքվում: Շրջանաձև բանաստեղծություններ են կարդում, ու «տավրիկյան իմաստունը», քթակնոցի տակ աչքերը կկոցելով և ոսկե բաշը տարուբերելով, վճիռներ է կայացնում: Հիմնականում՝ սպանիչ, հարգալից: Վճռի խստությունը մեղմանում է միայն մի ձևով. հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել. ծաղրը սուր է, ճշգրիտ: Գովաբանությունները, ընդհակառակը, ծայրահեղ ժլատ են: Ամենաթեթև հավանությունը հազվագյուտ է:
Շրջանաձև բանաստեղծություններ են կարդում: Կարդում են և՛ ճանաչվածները, և՛ սկսնակները: Հերթը հասնում է թուխ ու նրբագեղ երիտասարդ տիկնոջը:
Նա Գումիլյովի կինն է: Նա «նույնպես գրում է»: Դե, հասկանալի է, գրողների կանայք միշտ էլ գրում են, նկարիչների կանայք գույներով խաղում, երաժիշտների կանայք էլ նվագում են: Այդ սևուկ ու թուխ Աննա Անդրեևնան կարծես նույնիսկ զուրկ չէ ընդունակությունից: Դեռևս օրիորդ՝ գրել է.
«Եվ ո՞ւմ համար շուրթերն այդ գունատ
Կլինեն թույն մահացու:
Թիկունքից նեգրը՝ գոռոզ ու բիրտ
Նայում է խորամանկ[6]»:
Սիրուն է, այնպե՞ս չէ: Եվ անհասկանալի է, թե ինչո՞ւ է Գումիլյովն այդպես նեղսրտում, երբ խոսում են կնոջ մասին որպես բանաստեղծուհու:
Իսկ Գումիլյովն իսկապես նեղսրտում է[7]: Նա էլ է նրա բանաստեղծություններին նայում որպես «բանաստեղծի կնոջ» քմահաճության: Եվ այդ քմահաճությունը նրա ճաշակով չէ: Երբ գովում են նրա բանաստեղծությունները, ծաղրանքով ժպտում է.
– Ձեզ դո՞ւր են գալիս: Շատ ուրախ եմ: Իմ կինը նաև հրաշալի ասեղնագործում է կանվայով:
– Ա՛ննա Անդրեևնա, կկարդա՞ք:
Ներկա «իսկականների» դեմքերը ողողվում են ներողամիտ ժպիտով: Գումիլյովը, դեմքը դժգոհ ծամածռելով, գլանակով տկտկացնում է ծխախոտատուփին:
– Կկարդամ:
Թուխ այտերին երկու բիծ է հայտնվում: Աչքերը նայում են շփոթված ու հպարտ: Ձայնը փոքր-ինչ դողում է:
– Ես կկարդամ:
«Այնպես անզոր սառեց կուրծքս,
Բայց թեթև էին իմ քայլերը:
Ձեռնոցը՝ աջ ձեռքիս,
Ես ձախ ձեռքիս դրեցի…»
Դեմքերին՝ անտարբեր, սիրալիր ժպիտ: Իհարկե, այնքան էլ լուրջ չէ, բայց սիրուն է, չէ՞: Գումիլյովը նետում է կիսատ գլանակը: Ախմատովայի այտերի երկու բծերն ավելի ցայտուն են դառնում…
Ի՞նչ կասի Վյաչեսլավ Իվանովը: Հավանաբար՝ ոչինչ: Կլռի, ինչ-որ տեխնիկական առանձնահատկություն կնշի: Ախր նա իր ոչնչացնող վճիռն է կայացնում իսկական բանաստեղծների լուրջ բանաստեղծություններին: Իսկ այստեղ… Ինչո՞ւ զուր վիրավորել…
Վյաչեսլավ Իվանովը մի պահ լռում է: Հետո տեղից բարձրանում, մոտենում է Ախմատովային, համբուրում ձեռքը.
– Ա՛ննա Անդրեևնա, շնորհավորում և ողջունում եմ Ձեզ: Այդ բանաստեղծությունն իրադարձություն է ռուսական պոեզիայում:
****
…Արկադի Ռումանովի[8]առանձնասենյակում, որ կահավորված է «ալեքսանդրյան» հիանալի կահույքով, կախված է Ալտմանի՝ հենց նոր փառքի արժանացած նկարչի մեծ կտավը: Այդ փառքի սկիզբը դրեց Ռումանովը՝ գնելով այդ դիմանկարը՝ սկսնակ նկարչին «ֆանտաստիկ» գումարով վճարելով:
Մի քանի նրբերանգ կանաչի: Կանաչի՝ թունոտ, սառը: Նույնիսկ ոչ մալաքիտ, այլ պղնձարջասպ: Նկարի սուր գծերը թաղվում են անհանգիստ–կանաչ անկյուններում և շեղանկյուններում, և դա պետք է պատկերի ծառերը, տերևները, սակայն ոչ միայն չի հիշեցնում, այլև, ընդհակառակը, ինչ-որ տեղ թշնամական է թվում.
«…օվկիանի նախաստեղծ խավարում
Չկան ամպեր, կանաչ խոտն էլ չի երևում,
Միայն խորանարդներ, շեղանկյուններ և անկյուններ
Ու չար մետաղե ղողանջներ[9]…»
Սուր արջասպի գույն, պղնձի չար ղողանջ: Ալտմանի նկարի ֆոնն է դա: Այդ ֆոնին շատ նրբակազմ կին է՝ գունատ ու բարձրահասակ: Անրակները՝ կտրուկ դուրս ցցված: Սև, ավելի շուտ լաքած մազափունջը մինչև հոնքերը ծածկում է ճակատը: Թուխ-գունատ այտեր, կարմիր-գունատ բերան: Նուրբ ռունգերը փայլում են: Շրջանաձև աչքերը նայում են սառն ու անշարժ. հաստատ շրջապատողներին չեն տեսնում.
«…միայն խորանարդներ, շեղանկյուններ ու անկյուններ»,
և ողջ դիմագծերը, մարմնի ողջ ուրվագծերն անկյունաձև են: Անկյունաձև բերանը, իրանի անկյունաձև կորագիծը, մատների անկյունները, արմունկների անկյունները: Նույնիսկ նուրբ, երկարաձիգ ոտքերի թաթերն են անկյունաձև: Մի՞թե կյանքում լինում են նման կանայք: Դա նկարչի երևակայությո՜ւնն է: Ո՛չ, դա իրական Ախմատովան է: Չեք հավատո՞ւմ: Համեցե՛ք «Թափառող շուն[10]» ավելի ուշ՝ լուսադեմին՝ ժամը 4-ին:
«Այո՛, ես սիրել եմ գիշերային այդ հավաքները,
Ցածրիկ սեղաններին սառը բաժակները ,
Սև սուրճի բուրավետ նուրբ գոլորշին,
Ու բուխարու ձմեռվա ծանր ու թեժ շոգը դժվարին,
Ուրախությունը գրական կծու կատակների,
Եվ ընկերոջդ առաջին հայացքը՝ անօգ ու երկյուղալի»:
Առավոտվա ժամը 4-5-ն է: Ծխախոտի ծուխ, դատարկ շշեր: Մեկ ժամ առաջ ուրախ էր ու աղմկալի. ինչ-որ մեկը հիմար քառյակներ էր երգում՝ ինքն իրեն նվագակցելով, ինչ-որ մեկն էլ նորից գինի էր պահանջում: Հիմա աղմկողները կա՛մ ցրվել են, կա՛մ ննջում են: Համարյա լռություն է ներքնահարկում:
Քչերն են նստած դահլիճի կենտրոնի ցածրիկ սեղանների շուրջ: Մեծ մասն անկյուններում է՝ խայտաբղետ նկարազարդված պատերի՝ պինդ մեխված պատուհանների տակ.
« Հավերժ մեխված են պատուհանները.
Իսկ ի՞նչ է այնտեղ՝ բո՞ւք, թե՞ ամպրոպ…»
Մի՞թե մեկ չէ՝ ինչ է կատարվում փողոցում, Պետերբուրգում, աշխարհում… Խմած գինուց գլուխդ պտտվում է, աչքերդ բռնվում են ծխով: Խոսակցությունները ցածրաձայն են:
«Այստեղ բացվել են գաղտնիքները,
Գետնահարկն ամեն ինչ կթաքցնի:
Եվ այն խոսքերը, որ ասվել են գիշերը,
Առավոտյան ոչ ոք չի ասի[11]»:
Ու հանկարծ խլացուցիչ երաժշտություն: Ննջողները ցնցվում են: Գավաթները ցատկոտում են սեղաններին: Հարբած երաժիշտը ողջ ուժով հարվածում է ստեղներին: Հարվածում է, լռում, նվագում ուրիշ բան՝ անմռունչ ու տխուր: Նվագողի դեմքը կարմիր է, քրտնած: Նրա անմիտ-երանավետ աչքերից արցունքները գլորվում են ստեղներին, որոնց վրա լիկյոր է թափված:
Առավոտվա ժամը 5-ն է: «Թափառող շուն»:
Ախմատովան նստած է բուխարու մոտ: Կում-կում սև սուրճ է խմում. բարակ ծխախոտ ծխում: Ի՜նչ գունատ է նա:
Այո՛, շատ գունատ է… հոգնությունից, գինուց, էլեկտրական կտրուկ լույսից: Շրթունքների ծայրերը կախվել են: Նուրբ անրակները մատնում են: Աչքերը նայում են սառն ու անշարժ. հաստատ չեն տեսնում շրջապատը.
«Ամենքս էլ մեղավորներ ենք, անառակներ,
Որքա՜ն տխուր ենք բոլորս միասին,
Պատերին՝ ծաղիկներ ու թռչուններ,
Որ տանջվում են ամպերի մեջ սին[12]»:
Սակայն.
«…օվկիանի նախաստեղծ խավարում
Չկան ամպեր, կանաչ խոտ էլ չի երևում»:
Խոտ, ամպ, կյանք, ծիծաղ. ամեն ինչ մնաց այնտեղ՝ «հավերժ մեխված պատուհանների տակ»: Այստեղ միայն.
« Ուրախությունը գրական կծու կատակների,
Եվ ընկերոջդ առաջին հայացքը՝ անօգ ու երկյուղալի»:
Չափազանց կծու ուրախություն: Չափազանց սոսկալի հայացքներ:
Ախմատովան երբեք մենակ չի նստում: Ընկերներ, երկրպագուներ, սիրահարներ, ինչ-որ տիկնայք՝ մեծ գլխարկներով ու ամեն ինչ տեսնող աչքերով:
Վյաչեսլավ Իվանովի տանը տեղի ունեցած հիշարժան երեկոյից, երբ նա լարված ձայնով բանաստեղծություններ էր կարդում, անցել է երկու տարի: Նա համառուսական նշանավոր դեմք է:Նրա փառքը գնալով աճում է:
Ծխախոտը մխում է նուրբ մատների մեջ: Շալով փաթաթված ուսերը ցնցվում են հազից:
– Ցո՞ւրտ է, Դուք մրսե՞լ եք:
– Ո՛չ, ես լիովին առողջ եմ:
– Բայց Դուք հազում եք:
– Ա՜հա թե ինչ: – Հոգնած ժպիտ: – Դա մրսածություն չէ, այլ թոքախտ:
Եվ, շուռ գալով անհանգստացած զրուցակցից, ասում է մյուսին.
– Երբեք չեմ իմացել՝ ինչ է երջանիկ սերը…
…Պարկ եմ տարել: Կանգնել եմ, որ հանգստանամ: Ինչ-որ կին…
…Սմոկինգ հագած երտասարդները հարգանքով լսում են Ախմատովայի ամեն մի բառը: Սիրահարված աչքերը հետևում են նրա յուրաքանչյուր շարժմանը:
…Անյան այդ կոպեկը թաքցրել է… պահպանում է…
Ցարսկոյե Սելոյում Գումիլյովների տունը: Արտաքինից այնպիսին է, ինչպիսին ցարսկոսելյան առանձնատների մեծ մասը: Երկհարկանի, ծեփը թափած, վայրի խաղողը պատին: Բայց ներսում տաք է, ընդարձակ, հարմար: Հին հատակը ճռճռում է, ապակեպատ ճաշասենյակում լեռնավարդի մեծ թփերը վարդագունում են, վառարանները՝ տաք վառվում: Գրադարանը լայն բազմոցների վրա է, գրադարակները ձգվում են մինչև առաստաղ… Սենյակները շատ են, փափուկ բարձերի սարերով ինչ-որ փոքրիկ առանձնասենյակներ են՝ ոչ պայծառ լուսավորված, հին պատերի, օծանելիքի, փոշու, չօդափոխված գրքերի հոտով…
Հանկարծ սուր ճիչը հատում է լռությունը: Արծվաքիթ կակադուն է, չարանում է իր վանդակում: Հենց նույնը.
«Իսկ հիմա ես ասես խաղալիք եմ դարձել,
Ինչպես իմ վարդագույն ընկեր կակադուն»:
«Վարդագույն ընկեր»-ը թևերը թափահարում ու չարանում է:
– Մա՛շա, թաշկինակ գցե՛ք դրա վանդակի վրա…
Տանը, և այն էլ շատ հազվադեպ, կարելի է տեսնել միանգամայն այլ Ախմատովայի:
Վերջին ընդունելությունն է Գումիլյովների տանը: Մայիսի վերջ: Բոլորը մեկնում են:
– Ես այնքան ուրախ եմ, որ այս տարի մենք արտասահման չենք գնալու, – ասում է Ախմատովան: – Անցած անգամ Փարիզում քիչ մնաց ձանձրույթից մեռնեի[13]:
– Ձանձրույթի՞ց: Փարիզո՜ւմ:
– Դե հա: Կոլյան ողջ օրն անցկացնում էր ինչ-որ էկզոտիկ թանգարաններում: Ես էկզոտիկա տանել չեմ կարող: Թանգարաններում գլխացավ եմ ունենում: Մենակ նստում ես, ու մի այնպիսի ձանձրույթ է: Ես նույնիսկ որոշեցի կրիա պահել: Կրիան սողում է. ես նայում եմ: Այնուամենայնիվ, զբաղմունք է:
– Ա՛նյա,– նրան դժգոհ ընդհատում է Գումիլյովը, –մոռանում ես, որ Փարիզում համարյա ամեն օր թատրոններ, ռեստորաններ էինք գնում:
– Ինչպես նաև ամեն երեկո, –հեգնում է նրան Ախմատովան: – Ընդամենը երկու անգամ:
Եվ ծիծաղում է, ինչպես աղջնակ:
– Հիմա այնքան նմա՜ն չեք ձեր ալտմանովյան դիմանկարին:
Նա ծաղրանքով ուսերն է թոթվում:
– Շնորհակալությո՛ւն: Հուսով եմ՝ նման չեմ:
– Դուք այդքա՞ն էլ չեք սիրում այն:
– Որպես դիմանկա՞ր: Իհարկե: Ո՞ւմ դուր կգա՝ իրեն տեսնի որպես կանաչ մումիա:
– Բայց երբեմն նմանությունն ապշեցուցիչ է:
Նա նորից է ծիծաղում:
– Դուք հանդուգն խոսքեր եք ասում, – և բացում է ալբոմը:
– Իսկ այստեղ կա՞ նմանություն:
Նկարվել է դեռևս հարսանիքից առաջ: Աղջկական ուրախ դեմք է…
– Ի՜նչ հպարտ տեսք ունեք այստեղ:
– Այո՛: Այն ժամանակ ես շատ հպարտ էի: Այդ հիմա եմ հանդարտվել…
– Ձեր բանաստեղծություններո՞վ էիք հպարտանում:
– Ա՜հ, ոչ, ի՜նչ բանաստեղծություններ: Լողով: Չէ՞որ ես լողում եմ ձկան պես:
…Նույն տունն է, նույն ճաշասենյակը: Ախմատովան թեյ է լցնում այդ նույն բաժակների մեջ և մեկնում այդ նույն հյուրերին: Բայց դեմքերն ասես դեղնած են, իսկապես, երկու տարվա ընթացքում ծերացել են. խոսում են ցածրաձայն: Ու բոլորի՝ թե՛դեմքերի, թե՛խոսակցությունների վրա ինչ-որ ստվեր է ընկել:
Եվ տանտիրուհին այլևս նման չէ ո՛չ ալտմանովյան դիմանկարի դեկադենտ տիկնոջը, ո՛չ աղջկան, որ հպարտանում էր «ձկան պես» լողալու համար: Հիմա նա ավելի շատ միանձնուհու է հիշեցնում…
…Ավգուստյան անտառներում երկու զորամիավորում է զոհվել…
– Ո՛չ զենք կա, ո՛չ զինամթերք;
– Սպանել են Z-ի երկու որդիներին:
– Ասում են՝շուտով հաց էլ չի լինելու…
Գումիլյովը չկա. ճակատում է:
– Ա՛ննա Անդրեևնա, բանաստեղծություն կարդացե՛ք:
– Հիմա իմ բանաստեղծությունները տխուր են:
Եվ նա կարդում է «Օրորոցայինը».
«… Քնի՛ր, ի՛մ խաղաղ, քնի՛ր, ի՛մ տղա,
Ես մայր եմ անմիտ…
Ուշ-ուշ են հասնում լուրերը
Մեր տան առմուտքին:
Սպիտակ փոքրիկ խաչ ենք նվիրել
Քո հայրիկին:
Վիշտը եղել է, վիշտը կլինի,
Վերջ չկա վշտին,
Սուրբ Եգորը թո՛ղ պահպանի
Քո հայրիկին[14]»:
… Էլի երկու տարի: Երկու-երեք պատահական հանդիպում Ախմատովայի հետ: Նա ավելի քիչ է նման այն նախկինին: Ավելի շատ նման է միանձնուհու: Միայն ուսերին նախկին շալն է՝ մուգ, կարմիր վարդերով: «Կեղծ-դասական շալ»: Ի՜նչ կեղծ-դասական շալ, կնոջ հասարակ գլխաշոր է, գցել է, որ ուսերը չմրսեն:
…Էլի մեկ տարի: Պուշկինին նվիրված երեկո[15]: Տարօրինակ հանդիսություն էր ցուրտ դահլիճում. մեկը՝ ֆրակով, մյուսը՝ քուրքով: Բլոկը բեմից հուզված ու ոչ հասկանալի խոսում է Պուշկինի մասին: Ախմատովան կանգնած է անկյունում: Հագին հնաոճ մետաքսե զգեստ է՝ բարձր իրանով: Նիհար, կարեկից, գեղեցիկ դեմք: Կանգնած է մենակ: Մոտենում են, ձեռքը համբուրում: Հիմնականում՝ լուռ: Ի՞նչ ասեն: Հո չեն հարցնի՝ ինչպես եք ապրում:
…Էլի կես տարի: Սմոլենսկի գերերեզմանոց:[16] Բլոկի դագաղը ծաղիկների մեջ է:
…Էլի երկու շաբաթ. Կազանի տաճարում հենց նոր գնդակահարված Գումիլյովի հոգեհանգիստն է:
«… Այո՛, սիրել եմ այդ գիշերային հավաքները,
Ցածրիկ սեղաններին սառը բաժակները»…
Խունկ: Լաց եղած դեմքեր: Երգիչներ:
«Ուրախությունը գրական կծու կատակների …
Եվ ընկերոջդ առաջին հայացքը….»
Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մեսրոպյանի
[1]Օ. Ա. Գլեբովա-Սուդեյկինա (1885-1945), դերասանուհի, նկարչուհի: Մինչև Ռուսաստանից մեկնելը Ախմատովայի հետ ապրել է նույն բնակարանում:
[2] Միխայլովյան (ինժեներական) ամրոց. այդպես է անվանվել Ռոմանովների Տան հովանավոր Միխայիլ Հրեշտակապետի պատվին: Կառուցվել է 1797-1801 թթ. ճարտարապետներ Վ. Բաժենովի և Վ. Բրեննիի նախագծով:
[3]Ոչ ճիշտ մեջբերում Օսիպ Մանդելշտամի «Օ՜, տխրություն, կիսադեմ…» բանաստեղծությունից, տպագրվել է նաև «Ախմատովա» վերնագրով: (Տեքստում հանդիպող բանաստեղծությունների թարգմանությունները՝ տողացի):
[4]«Մի անգամ ինձ ցույց տվեց կոպեկը, որը պահում էր… փողոցում մի ծեր կին էր տվել՝ նրան աղքատի տեղ դնելով», Վ. Վեյդլե, «Բանաստեղծների և պոեզիայի մասին», Փարիզ, 1973:
[5]Աննա Ախմատովայի առաջին ելույթը Վյաչեսլավ Իվանովի «Աշտարակ»-ում տեղի է ունեցել 1910 թվականի հունիսի 13-ին: «Վյաչեսլավը շատ խստությամբ լսեց նրա բանաստեղծությունները, մի քանիսը գովաբանեց, մնացածների մասին լռեց, մեկը քննադատեց», «Վյաչեսլավ Իվանովն անտարբեր ու հեգնալից ասաց. «Ինչ մաքուր ռոմանտիզմ է»»: Լ.Կ. Չուկովսկայա, «Գրառումներ Աննա Ախմատովայի մասին», Փարիզ, 1976:
[6]Ոչ ճիշտ մեջբերում Ա.Ախմատովայի «Հին դիմանկար» բանաստեղծությունից;
[7]Ըստ Լ. Չուկովսկայի գրառման՝ 1940 թվականին նրա հարցին՝ սիրե՞լ է արդյոք Նիկոլայ Ստեպանովիչը նրա բանաստեղծությունները, Աննա Ախմատովան պատասխանել է. «Սկզբում տանել չէր կարողանում: Ուշադիր լսում էր դրանք, որովհետև դա ես էի, բայց շատ էր դատապարտում… Սեպտեմբերին (1910 թվական ) նա մեկնեց Աֆրիկա և մի քանի ամիս մնաց այնտեղ: Այդ ընթացքում ես շատ էի գրում և վայելում էի իմ առաջին փառքը… Նա վերադարձավ (1911 թվականի մարտի 25-ին): Ես նրան ոչինչ չասացի: Հետո նա հարցրեց. «Գրե՞լ ես բանաստեղծություններ»: «Գրել եմ»: Եվ կարդացի: Այդ բանաստեղծությունները «Երեկո» գրքից էին: Նա հառաչեց: Դրանից հետո նա իմ բանաստեղծությունները միշտ շատ է սիրել»: Լ.Կ. Չուկովսկայա, «Գրառումներ Աննա Ախմատովայի մասին», հատոր 1-ին:
[8]Արկադի Ռումանով (1878-1960), 1911 թվականից ղեկավարել է «Ռուսսկոե սլովո» թերթի պետերբուրգյան բաժանմունքը:
[9]Ոչ ճիշտ մեջբերում Նիկոլայ Գումիլյովի «Հիվանդը» բանաստեղծությունից:
[10]Դերասանական կաբարե. պաշտոնական անվանումը՝ Պետերբուրգի գեղարվեստական ընկերություն:
[11]Մ.Կուզմինի բանաստեղծությունից այս չորս տողերը տպագրված էին «Թափառող շուն» կաբարեի ծրագրերի վրա:
[12]Ա. Ախմատովայի բանաստեղծությունից:
[13]Աննա Ախմատովան ու Նիկոլայ Գումիլյովը Փարիզում եղել են 1910 և 1911 թվականների գարնանը:
[14] Բանաստեղծության ոչ ճիշտ մեջբերում:
[15]1921 թ. փետրվարի 13-ին Գրողների տանը Ա. Բլոկի ելույթը. «Գրողի դերի մասին»:
[16]Ա.Բլոկի թաղումը տեղի է ունեցել 1921 թ. օգոստոսի 10-ին Պետրոգրադի Սմոլենսկի գերեզմանատանը: «Ինձնից հեռու՝ ամբոխի մեջ, ես հանկարծ տեսա դառը լաց լինող և աղոթող երիտասարդ մի կնոջ: Նրա դեմքն այնքան անսովոր ու ձգող էր, որ չկարողացա հայացքս կտրել նրանից: Դեմքը գեղեցիկ էր, շատ գեղեցիկ, բայց բոլորովին ոչ սովորական, ոչ ազնվական գեղեցկությամբ, և ես գլխի ընկա, թե ով է նա, ում երբեք չէի տեսել. Աննա Ախմատովան էր»: Վ.Լյուբինսկայան՝ Թ. Լյուբիսկայային, «Գրական ժառանգություն», հատոր 92, Մոսկվա 1983: