Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպը թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն

Մոսկվայի «Վրեմյա» հրատարակչությունը լույս է ընծայել Սևակ Արամազդի «Արևի լեռը» վեպը՝ Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և Վան Սողոմոնյանի ձևավորմամբ:
Ինչպես իր խոսքում նշում է ռուս նշանավոր բանաստեղծուհի Յուննա Մորիցը՝ վեպը խորաթափանց ու նուրբ պատմություն է մանկական սիրո մասին: «Հայաստանի բնությունը՝ գաղտնի իմացությունների այդ գանձը, խոսում է երկնքի և երկրի կենդանի լեզվով: Ընթերցողն այս գրքում կանցնի սիրո իր ճանապարհը՝ հույզերի ու ուրախությունների թրթիռների և հոգեկան ցնցող ապրումների սարսուռների միջով: Դա կյանքի արևային լեռն է, որտեղ փոքրիկ մարդու սերը դառնում է մարդկային հասուն ճակատագիր»,-ընդգծում է բանաստեղծուհին:Վեպն արդեն իսկ հասցրել է գրավել ռուս ընթերցողի ուշադրությունը:
«Արևի լեռը» հայերեն լույս է տեսել 2014 թվականին: Գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակն ասել է. «Հերոսը՝ Արեգը, անորոշ տարիքի մի երեխա է: Ես հարցազրույցներից մեկում նշել էի, որ մանկությունը միակ ճշմարիտ իրականությունն է: Երբ մանուկ ես, աշխարհն ընկալում ես իբրև երազ, հետո աշխարհը դառնում է իրականություն, իսկ մանկությունը՝ երազ…»:
«Արևի լեռը» հեղինակի երրորդ ռուսերեն գիրքն է (նախորդներն են՝ Севак Арамазд, «Разомкнутый круг», стихи, «Олма-Пресс», Москва 2003; Севак Арамазд, «Армен», роман, «Время», Москва 2011):

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *