«Քո արվեստը դպրոցում» ծրագիր շրջանակում այս անգամ հյուրընկալվել եմ Երևան քաղաքի թիվ 100 հիմնական դպրոցում: Քաղաքային բարեկեցիկ դպրոց է, բոլոր պայմանները ստեղծված են աշակերտներ կրթություն ապահովելու համար. նորոգված դասասենյակներ, համակարգչային դահլիճ, ընթերցանության համար նախատեսված անկյուն: Տնօրեն Անուշ Աբելյանն ամեն ինչ անում է դպրոցին նոր շունչ հաղորդելու, կրթական ծրագրերը նոր գաղափարախոսությամբ ներկայացնելու համար:
Ժամանակակից հայ գրողներից դպրոցում ճանաչում են Հովհաննես Գրիգորյանին ու Հուսիկ Արային: Աղջիկներից մեկն անգամ նախապես պատրաստել է Հովհաննես Գրկգորյանի «Նամակ, որ քեզ երբեք չի հասնելու» բանաստեղծությունը: Իմ այցելած դպրոցներից, Երևան քաղաքի թիվ 100 դպրոցը միակ է, որ համակարգչային սենյակ ունի, պրոյեկտոր և համապաստախան էկրան միաժամանակ 🙂 Օգտվելով ինձ ընձեռնած առիթից՝ երեխաներին ցույց եմ տալիս «Գրանիշ» կայքը, մասնավորապես այն շարքերը, որոնցից ընտրված են կրթական իմ ծրագրում ներկայացվող բանաստեղծությունները:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից:
Առաջարկում եմ՝ մեր հանդիպումից հետո ընթերցել այս շարքերում տեղ գտած հատընտիր գործերը, հետևել Գրանիշին՝ նոր ստեղծագործողների հետ կապը պահպանելու համար:
Դպրոցում 9-րդ դասարանցիները բաց դաս ունեն «Ապրելու ապրիլ» խորագրով: Ինձ նույնպես հրավիրում են լսել: Մեծ սիրով համաձայնում եմ. հրաշալի առիթ է դպրոցի ներքին շնչառությունը զգալու համար: Ակնհայտ է, որ դասաժամի նյութն ընտրված է ամենայն խնամքով, երկար աշխատանքի արդյունք է, ուշադրություն են հատկացրել առանձին դետալներին՝ համադրելով արվեստի բոլոր ճյուղերը՝ խոսք, պար, երաժշտություն: Դասաժամի տրամբանությունը զարգանում է Մեծ եղեռն-կորցրած հայրենիք-արցախյան պատերազմ ու հերոսներ շղթայով:
Առհասարակ, հայերանասիրական թեմայով միջոցառումները դպրոցներում ամենահաճախ հանդիպողների թվում է: Թեման անչափ նուրբ է, զգայուն: Մի կողմում անհարկի պաթետիզմն է, բարձրագոչ, իրականությունից կտրված կարծրատիպային պատկերները, որոնք ոչ մի կապ չունեն նույն երեխաների ապրած ժամանակի հրամայակնների, գաղափարախոսության հետ: Պաթետիկ բառերով միջոցառումներից հետո երեխան փակելու է դպրոցի դուռն ու անպաշտպան հայտնվի մի իրականության մեջ, որտեղ ընթացող գործընթացներն ու շարժառիթները իրականում ոչ մի կապ չունեն իրեն մատուցված խոսքի հետ: Ծայրահեղության մյուս նժարին անձև, հարմարվողականության, ամորֆության միտող գաղափարներն են, որոնք անտարբեր, անհայրենիք հասարակության կերտման հիմք կարող են դառնալ: Եվ անչափ կարևորէ՝ այս բարդ թեմայի ներկայացման ժամանակ գտնել այն նուրբ սահմանը, որտեղ սեփական հողի, ինքնության արմատների զգացողությունը պահպանում է իրականության հետ առերեսվելու ազդակները, չի կտրվում այդ իրականությունից, բարձրագոչ արտահայտությունների ու կեղծ պաթետզմի չի միտում:
Թիվ 100 դպրոցում հատկապես տպավորիչ է հայրենասիրական գաղափարախոսության մասին տնօրենի ամփոփ խոսքը, ով աշակերտներին առաջարկում էր լավ սովորել, դառնալ հմուտ դիվանագետներ ու երկիրը պաշտպանել օրենքի, գիտելիքի, ճկունության շնորհիվ՝ հերթ չտալով, որ խնդիրը ռազմական ճանապարհով լուծման հասնի: Կարծում եմ՝ հայրենասիրության հենց նման որակներ են պետք ներմուծել դպրոց՝ գործնական, իրատեսական, գիտելիքի խրախուսման մղումներով հագեցած: