«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Լոռու գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Հաղպատի միջնակարգ դպրոց: Հաղպատը միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական և գրչության կենտրոններից մեկն է եղել: Այստեղ դպրոց է հիմնադրվել դեռ X դարում՝ վանքի առաջին վանահոր, նշանավոր գրիչ Սիմեոն վարդապետի կողմից: Ներկայիս միջնակարգ դպրոցը լուսավոր, նոր վերանորոգված շինություն է: Ինձ դպրոց ուղեկցող ուսուցիչը հպարտորեն ու սիրով նշում է, որ իրենց դպրոցը հանրապետության ամենասիրուն դպրոցն է: Մի պահ մտածում եմ, որ երևի չափազանցնում է, բայց հաջորդ քայլին դպրոցի բակից բացվող տեսարանը ինձ հուշում է, որ զրուցակիցս լիովին ճիշտ է: Դպրոցն անչափ գեղատեսիլ վայրում է տեղակայված, շուրջբոլորը աչք շոյող կանաչով ծածկված բլուրներ են, հայացքդ երկաթբետոն արգելքների չի հանդիպում, այլ թափառում է անեզր կանաչ տարածության մեջ: «Իսկ ձմռանն այս նույն դաշտերը սպիտակ ու անծայրածիր ձյունով են ծածկված»,- շարունակում է պատմել ուսուցիչը, և ես հասկանում եմ, որ երջանիկ են այն մարդիկ, ովքեր ծնվել ու ապրում են այս գեղատեսիլ վայրում, իսկ ամենակարևորը՝ այսքան սիրով են արտահայտվում իրենց բնակավայրի մասին: Ներս եմ մտնում դպրոց. նոր վերանորոգված, խնամված դպրոց է, ամեն քայլափոխի նախանձելի փարթամությամբ աճեցված բույսեր են: Դպրոցի տնօրեն Հասմիկ Ադամյանի նախասիրությունն է, որով վարակել է մյուս ուսուցիչներին, աշակերտներին: Տնօրենը հպարտորեն նշում է, որ աշակերտները իրենց հավասար խնամում եմ ծաղիկները և ոչ մի թուփ չեն վնասում: Ծնված օրվանից այս մարդկանց մեջ բնության հանդեպ սերն ու հարգանք է դաստիարակվում:
Հաղպատի դպրոցն ինչ-որ մոգական ուժ ունի և ծրագրի մի շարք մասնակիցների ցանկում է հայտնվել: Ինձնից առաջ այստեղ են եղել արձակագիրներ Սուսաննա Հարությունյանն ու Վահե Ղուկասյանը, վերջինս՝ ֆանտաստիկ գրականության մասին դասընթացով: Բնականաբար իմ կրկնվող հարցը, թե ո՞ւմ են ճանաչում ժամանակակիցներից, արդեն ակնկալվող պատասխան ունի: Դասընթացն անցկացնում ենք գեղեցիկ կահավորված գրադարան անկյունում, երեխաները շատ չեն, բայց հանդիպմանը ներկա են նաև ուսուցիչները, տնօրենը և բոլորը ինչ-որ նոր բան լսելու և սովորելու մտադրությամբ են լցված:
Դասընթացից հետո զրուցում եմ տնօրենի հետ. ասում է, որ ծրագիրն իրեն շատ է դուր եկել, դպրոց այցելած ամեն մասնակցից փորձում է նոր բան սովորել, հետևություն անել, լրացնել բացերը՝ դպրոցի առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելու համար: Խոստովանում է, որ ժամանակակից գրականությամբ առանձնապես չեն հետաքրքրվել, սակայն խոստանում է, այսուհետ հատուկ հոգածություն ցուցաբերել, գրքեր գնել և այլն: Չեմ կասկածում, խանդավառությունից, խոսելու ոգևրությունից ակնհայտ է, որ խոսքի տերն է լինելու:
Մեծ բավականությամբ ու մի քիչ տխրությամբ, որ այսքան շուտ հեռանում եմ Հաղպատից, ցտեսություն եմ ասում տնօրենին ու դուրս գալիս դպրոցից: Դեռ չգիտեմ, որ երկու օր հետո, տնօրենի նախաձեռնությամբ «Գրանիշ» կայքից ընտրելու են մի շարք ստեղծագործողների գրական տեքստեր, տպագրեն, լուսանկարվեն և «Հասկացանք, որ տպագիր գրքեր չունենալը պատճառ չէ, այլ պատճառաբանություն: Մաս-մաս կտպենք ու կկարդանք» վերտառությամբ տեքստի հետ տեղադրեն ֆեյսբուքում: Անկեղծորեն խոսոտվանեմ, ծրագրի երևի ամենահուզիչ պահն էր ինձ համար. երբ կատարածդ աշխատանքը նման ազդեցություն է թողնում, երբ մարդիկ արագ նախաձեռնողականությամբ հետադարձ կապ են հաստատում գրականության հետ:
Հաղպատի դպրոցը սովորական հանրակրթական դպրոց է, այստեղ ապրող և սովորող մարդիկ էլ բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունեն, բայց իրենց մտադրություններից լուսավոր ջերմություն և թարմ օդ է տարածվում և փոխանցվում իրենց այցելողներին:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: