Ես շարունակ այդ գրողի տարած կարմիր կատվի մասին եմ մտածում և չգիտեմ՝ արդյոք ճիշտ է այն, ինչ արել եմ: Ամեն ինչ սկսվեց այսպես. ես մեր պարտեզում՝ ռումբի խառնարանի կողքին՝ քարակույտի վրա էի նստած: Մեր տան մեծ հատվածը ռմբակոծության հետևանքով քարակույտի է վերածվել, փոքր հատվածը դեռևս կանգուն է: Եվ այդտեղ ապրում ենք մենք՝ ես, մայրիկը և Պետերն ու Լենին՝ իմ փոքր եղբայրն ու քույրը: Այսպես, ես նստած էի քարերի վրա, որոնց շուրջը արդեն ամենուր եղինջ ու տարբեր խոտեր էին աճել: Ձեռքումս մի կտոր հաց կար, որը արդեն չորացած էր, բայց մայրս ասում է, որ հին հացը ավելի օգտակար է, քան թարմը: Իրականում նա կարծում է՝ քանի որ հին հացը պետք է ավելի երկար ծամել, հոտևաբար ավելի քչով կարելի է կշտանալ: Իմ դեպքում սակայն դա ճիշտ չէ: Հանկարծ հացի մի փոքրիկ պատառ ընկավ ձեռքիցս: Կռացա, բայց հաջորդ վայրկյանին եղինջների միջից մի կարմիր թաթ դուրս թռավ և որսաց հացը: Ես միայն կարողացա հիմարի պես նայել՝ ինչքան արագ ամենը կատարվեց: Եղինջների մեջ մի կատու էր տնկված՝ աղվեսի նման կարմիր և ամբողջովին նիհար:
-Անիծվա՛ծ,- գոռացի ես՝ մի քար նետելով նրա վրա: Ես ընդհանրապես չէի ուզում վնասել կենդանուն, այլ միայն փորձում էի խրտնեցնել: Բայց նետածս քարը թեթևակի կպավ նրան, և նա երեխայի նման ճչաց միայն մի անգամ: Նա չփախավ: Ինձ ցավ պատճառեց այն, որ վնասեցի կենդանուն, և փորձեցի հետը լեզու գտնել: Բայց նա եղինջների միջից դուրս չէր գալիս: Շատ արագ էր շնչում: Նկատեցի՝ ինչպես էր նրա որովայնը կարմիր մորթու տակ հետ ու առաջ շարժվում: Նա շարունակ նայում էր ինձ իր կանաչ աչքերով: Քիչ անց հարցրի.
-Վերջապես ի՞նչ ես ուզում դու:
Դա պարզապես խելագարություն էր. չէ՞ որ նա մարդ չէր, որի հետ կարելի է զրուցել: Զայրացա նրա վրա, հետո՝ ինձ վրա և պարզապես այլևս նրա ուղղությամբ չէի նայում ու շարունակեցի ուտել իմ հացը: Վերջին պատառը, որը այնքան էլ փոքր չէր, նրա առաջ շպրտեցի և կատաղած հեռացա: Նախապարտեզում Պետերն ու Լենին լոբի էին կտրատում: Նրանք կանաչ լոբիները իրենց բերանն էին խցկում և ատամներով կրճտացնում: Լենին կամացուկ հարցրեց՝ արդյոք ինձ մոտ հացի մի փոքրիկ կտոր մնացե՞լ է:
-Չէ՛,- ասացի ես,- դու արդեն մի մեծ կտոր ստացել ես, ինչպես և ես: Դու ընդամենը ինը տարեկան ես, իսկ ես՝ տասներեք: Մեծերը պետք է ավելի շատ ուտեն:
– Հա՛,- ասաց նա,- բան չասացի:
Ապա Պետերը մեջ ընկավ.
– Դա այն պատճառով է, որ նա իր հացը կատվին է տվել:
– Ի՞նչ կատու,- հարցրի:
– Ա՜խ,-պատասխանեց Լենին,- մի կարմիր կատու կար այստեղ, կարծես փոքրիկ աղվես լիներ և սարսափելի նիհար էր: Նա անդադար ինձ էր նայում, երբ ուզում էի իմ հացը ուտել:
– Հիմա՛ր,- ասացի ես բարկացած,- ինչո՞ւ ինքդ չկերար:
Բայց նա միայն ուսերն էր թոթվում և հայացքը անընդհատ Պետերին ուղղում: Այն մեկն էլ կարմիր գույն ուներ, և համոզված էի՝ նա իր հացը նույն կատվին էր տվել: Ես, իսկապես, շատ բարկացա և արագ հեռացա: Երբ գլխավոր փողոց դուրս եկա, ամերիկյան մի մեքենա էր կանգնած՝ այնքան մեծ ու երկար մեքենա, կարծում եմ՝ Buick մակնիշի: Վարորդը ինձ հարցրեց քաղաքային խորհրդարանի շենքի գտնվելու տեղը: Նա անգլերեն հարցրեց: Ես էլ անգլերեն քիչ գիտեմ:
– The next street,- ասացի ես,- and then left and then:
Քանի որ անգլերեն լավ չգիտեմ, նաև ձեռքով ցույց տվեցի ճանապարհը: Դրանից հետո նա ինձ արդեն լիովին հասկացավ:
– And behind the church is the marketplace with the Rathaus.
Ինձ թվում է՝ այդ ամերիկացին լավն էր: Իսկ մեքենայում նստած կինը ինձ մի քանի կտոր սպիտակ հաց տվեց՝ ամբողջովին սպիտակ, և երբ ստուգեցի հացը, երշիկ տեսա՝ հաստ կտրած: Հացը ձեռքիս՝ անմիջապես տուն վազեցի: Երբ մտա խոհանոց, փոքրերը բազմոցի տակ ինչ-որ բան էին թաքցնում, բայց ես նկատեցի: Կարմիր կատուն էր: Իսկ հատակին մի քիչ կաթ էր թափված, և ես ամեն ինչ գլխի ընկա:
– Դուք հաստատ խելագարվել եք,- գոռացի ես,- առանց այն էլ չորս հոգու համար հազիվ ենք օրը կես լիտր անյուղ կաթ ճարում:
Կատվին բազմոցի տակից դուրս հանեցի ու պատուհանից շպրտեցի: Փոքրերը ձայն չհանեցին: Ապա ամերիկյան հացը չորս մասի բաժանեցի և մայրիկի բաժինը խոհանոցի դարակում դրեցի:
– Որտեղի՞ց սա քեզ,- հարցրին նրանք՝ վախեցած նայելով ինձ:
– Գողացել եմ,- ասացի և դուրս եկա: Ես ուզում էի արագ ստուգել՝ արդյոք փողոցում ածուխ կա՞, որովհետև ածուխ տեղափոխող մեքենա էր քիչ առաջ անցել այդտեղով. մեքենայից երբեմն ածխի կտորներ են ընկնում: Նախապարտեզում նստած էր կարմիր կատուն և իմ կողմն էր նայում:
-Գնա՛,- ասացի ես և ոտքով հրեցի նրան: Նա սակայն չհեռացավ: Միայն բացեց բերանը և մլավեց: Նա այլ կատուների նման չաղաղակեց, այլ այնպիսի ձայն հանեց, որ դժվար է բացատրել: Այդ պահին նա իր կանաչ աչքերը ինձ էր հառել: Ամերիկյան սպիտակ հացից մի կտոր զայրացած շպրտեցի նրան: Ապա զղջացի: Երբ փողոց դուրս եկա, արդեն երկու մեծահասակներ կային այնտեղ, որոնք թափված ածուխը հավաքում էին: Նրանց դույլը արդեն լիքն էր: Ես արագ անցա նրանց կողքով: Եթե կատուն չլիներ, ամբողջը ինքս կհավաքեի: Եվ մենք կարող էինք դրանով մի ամբողջ ընթրիք պատրաստել: Հիանալի կլիներ: Դրանից հետո հանդիպեցի մի սայլի՝ վաղահաս կարտոֆիլով բեռնված, մի քիչ մոտեցա: Կարտոֆիլներից մի քանիսը սայլից ցած էին գլորվել: Ես դրանք թաքցրի գրպանումս և գլխարկիս մեջ: Երբ սայլապանը շուրջը նայեց, ասացի.
– Դուք կորցրել եք Ձեր կարտոֆիլները:
Ապա արագ տուն վերադարձա: Մայրիկը տանը մենակ էր, իսկ նրա գոգին կարմիր կատուն էր:
– Գրողը տանի,- բացականչեցի ես,- այս չորքոտանի էլի այստե՞ղ է:
– Այդպես կոպիտ մի՛ խոսիր,- ասաց մայրիկը,- անտեր կատու է, և ով գիտի՝ ինչքան ժամանակ է՝ բան չի կերել: Միայն նայի՛ր՝ ինչքան նիհար է:
– Մենք էլ ենք նիհար,- հակադարձեցի ես:
– Ես նրան իմ հացից մի փոքր տվել եմ,- ասաց նա և հայացքը թեքեց դեպի իմ կողմը:
Ես մտածում էի մեր հացի մասին, կաթի, սպիտակ հացի, բայց ոչինչ չասացի: Ապա մենք կարտոֆիլ եփեցինք, և մայրիկը գոհ էր: Բայց որտեղից այն ինձ, նա չհարցրեց: Ամեն դեպքում կարող էր հարցնել: Քիչ անց մայրիկը խմեց իր սև սուրճը, և բոլորը նայում էին՝ ինչպես է կարմիր չորքոտանին խմում կաթը: Ապա նա վերջապես պատուհանից ցատկեց: Պատուհանը իսկույն փակեցի և հանգիստ շունչ քաշեցի: Առավոտյան՝ ժամը վեցին, ես արդեն բանջարեղենի համար հերթ էի կանգնել: Երբ ժամը ութին վերադարձա, փոքրերը նախաճաշում էին, իսկ աթոռի վրա՝ նրանց մեջտեղում, կքանստել էր չորքոտանին ու Լենիի բաժակակալից խժռում էր մանրացրած հացը: Մի քանի րոպե անց մայրիկը եկավ, նա վեցն անց կեսից մսագործի մոտ էր: Կատուն անմիջապես ցատկեց նրա մոտ, և մայրիկը մտածելով, թե ես ուշադրություն չեմ դարձնում, նրան մի կտոր երշիկ տվեց: Այն, իսկապես, ժամկետանց երշիկ էր՝ գորշավուն անպետք բան, բայց մենք ևս հաճույքով այն հացի հետ կուտեինք, մայրիկը պետք է դա հաշվի առներ: Ես մի հին հեծանիվ էի բերել նկուղից և քաղաքում քշում էի: Այնտեղ մի լճակ կա, որտեղ ձկներ կան: Ես կարթ չունեմ, բայց փոխարենը՝ մի ձող՝ վրան երկու սուր մեխ, որով ձուկ եմ բռնում: Բախտս հաճախ է բերում, այս անգամ ևս: Դեռ ժամը տասը չկար, արդեն երկուսը բռնել էի, որոնք կբավարարին նախաճաշին: Շտապեցի տուն և ձկները դրեցի խոհանոցի սեղանին: Արագ մտա նկուղ և հայտնեցի մայրիկին: Նա լվացք էր անում: Անմիջապես հետ եկանք միասին: Բայց սեղանին միայն մի ձուկն էր, այն էլ՝ ամենափոքրը: Իսկ պատուհանի գոգին նստած էր կարմիր սատանան և խժռում էր ձկան վերջին պատառը: Ես կատաղեցի և փորձեցի նրա հախից գալ՝ փայտի մի կտոր շպրտելով նրա ուղղությամբ: Կատուն գլորվեց պատուհանագոգից, և ես լսեցի՝ ինչպես պարտեզում պարկի պես շրմփաց:
– Այսպես,- ասացի ես,- բավական է արդեն:
Բայց մայրիկը մի ապտակ շրխկացրեց երեսիս: Ես արդեն տասներեք եմ, և հինգ տարի է՝ այլևս ծեծ չեմ ուտում:
– Կենդանասպա՜ն,- ճչաց մայրիկը և իմ հանդեպ զայրույթից ամբողջովին գունատվեց: Ինձ այլ բան չէր մնում անել, և ես հեռացա: Կեսօրին կերանք ձկան աղցան՝ ավելի շատ կարտոֆիլով, քան ձկով: Մենք կարմիր չորքոտանուն կորած էինք համարում: Բայց ոչ ոք չէր հավատում, որ այդպես ավելի լավ կլիներ: Փոքրերը պարտեզում վազվզում էին և անդադար կատվին էին կանչում, իսկ մայրիկը ամեն երեկո դռան առաջ անհամ կաթ էր դնում և հանդիմանական հայացքով նայում ինձ: Ինքս էլ սկսեցի բոլոր անկյուններում չորքոտանուն փնտրել: Հնարավոր է՝ նա ինչ-որ մի տեղ էր, հիվանդ էր կամ էլ սատկած: Բայց երեք օր անց կատուն կրկին հայտնվեց: Նա կաղում էր և առջևի աջ թաթին վերք ուներ. շպրտածս փայտի պատճառով էր: Մայրիկը սիրաշահեց նրան և ուտելու բան տվեց: Նա ամեն օր՝ ժամը երեքից, գալիս էր: Ուտելու ոչ մի ժամ չէր լինում առանց չորքոտանու, և մեզնից ոչ մեկը չէր կարողանում նրանից թաքուն ինչ-որ բան ուտել: Հազիվ էինք սկսում ուտել, նա արդեն, աչքերը չռած, նստած էր լինում: Եվ բոլորը նրան տալիս էին այն, ինչ ուզում էր, ես ևս, թեպետ կատաղած էի: Նա գնալով գիրանում էր, և ես կարծում եմ՝ նա սովորական սիրուն կատու էր: Ապա վրա հասավ 1946-47-ի ձմեռը: Մենք իսկապես հազիվ էինք ուտելու ինչ-որ բան ճարում: Արդեն մի քանի շաբաթ է՝ ոչ մի գրամ միս չէինք կերել, միայն՝ ցուրտը տարած կարտոֆիլ, շորերն էլ մեր հագով այնպես էին փոքրացել: Մի անգամ քաղցած Լենին հացթուխի մոտից մի կտոր հաց էր գողացել: Բայց դրա մասին միայն ես գիտեմ: Փետրվարի սկիզբն էր, երբ մայրիկին ասացի.
-Մորթենք չորքոտանուն:
-Ի՞նչ չորքոտանի,- հարցրեց նա՝ խստությամբ ինձ նայելով:
– Կատվին,- ասացի ես անտարբեր, բայց արդեն գիտեի՝ ինչ է սպասվում: Նրանք բոլորը հարձակվեցին ինձ վրա.
– Ի՞նչ, մեր կատվի՞ն, դու չե՞ս ամաչում:
– Չէ՛,-ասացի ես,- չեմ ամաչում: Մենք նրան մեր բաժին ուտելիքից ենք կերակրում, և նա արդեն խոճկորի նման ճարպակալել է: Դեռ մատղաշ է, այնպես որ…
Լենին իսկույն սկսեց լաց լինել, Պետերն էլ սեղանի տակ ոտքիս քացի տվեց: Իսկ մայրիկը տխուր ասաց.
– Ես չեմ հավատացել, որ դու չար սիրտ ունես:
Կատուն մեկնվել էր օջախի մոտ ու քնել էր: Նա իրոք կլորոցել էր և այնքան ծույլ էր, որ արդեն հազվադեպ էր տնից դուրս գալիս՝ մուկ բռնելու: Ապրիլին, երբ մենք արդեն կարտոֆիլ չունեինք, այլևս չգիտեինք, թե ինչ պետք է ուտենք: Մի օր, երբ ամբողջովին հունից դուրս էի եկել, որոշեցի և ասացի կատվին.
-Ուրեմն, լսի՛ր ինձ, մենք այլևս ոչինչ չունենք, գլուխդ չի՞ մտնում:
Եվ նրան ցույց տվեցի կարտոֆիլի դատարկ արկղն ու դատարկ հացամանը:
-Հեռացի՛ր,- ասացի ես,- դու տեսնում ես՝ մենք ինչ վիճակում ենք:
Նա սակայն միայն աչքերը թարթեց և օջախի շուրջը պտույտ տվեց: Զայրույթից լաց եղա և հարվածեցի խոհանոցի սեղանին: Բայց նա անգամ ուշադրություն չդարձրեց: Վերցրի նրան և առա թևիս տակ: Դրսում արդեն մի քիչ մութ էր, իսկ փոքրերը մայրիկի հետ հեռու էին. երկաթուղու թմբին միասին ածուխ էին փնտրում: Կարմիր չորքոտանին այնքան ծույլ էր, որ նրան պարզապես վերցրի ու տարա: Քայլերս ուղղեցի դեպի գետը: Այդ ընթացքում մի տղամարդու հանդիպեցի, որը հարցրեց՝ արդյոք վաճառո՞ւմ եմ կատվին:
-Հա՛,- ասացի ես և ուրախացա այդ մտքից: Բայց նա միայն ծիծաղեց և շարունակեց ճանապարհը:
Եվ ահա գետի ափին էի: Լողացող սառցաբեկորներ, մառախուղ ու ցուրտ: Կատուն ինձ մոտիկ եկավ, շոյեցի նրան ու ասացի.
– Այլևս չեմ կարող քեզ տեսնել, այսպես չի կարող շարունակվել. իմ քույրն ու եղբայրը քաղցած են, իսկ դու գնալով ավելի ես գիրանում, ես պարզապես այլևս չեմ կարող քեզ տեսնել:
Եվ շատ բարձր ճչացի, ապա բռնեցի կարմիր չորքոտանու հետևի ոտքերից ու նրան խփեցի մի ծառաբնի: Բայց նա միայն ճչաց: Դեռ երկար ժամանակ չէր սատկում: Սկսեցի նրան սառցաբեկորով ծեծել, բայց դրանից նա միայն գլխին պատռվածք ստացավ, և արյունը սկսեց հոսել, ու ձյան վրա ամենուր մուգ բծեր հայտնվեցին: Նա երեխայի պես սկսեց աղաղակել: Հաճույքով էի լսում, բայց հիմա արդեն պետք է գործը ավարտին հասցնեի: Ես նրան անդադար հարվածում էր սառցաբեկորով: Ճտճտոց էի լսում, բայց չգիտեի՝ նրա ոսկո՞րներն էին, թե՞ սառույցը, բայց նա դեռ չէր սատկում: ‹‹Մի կատուն յոթ կյանք ունի››,- ասում են մարդիկ, բայց նա ավելի շատ ուներ: Ամեն մի հարվածի ժամանակ նա բարձր ճիչ էր արձակում: Մի անգամ էլ ես բարձր աղաղակեցի: Ամբողջովին կորած էի սառը քրտինքի մեջ: Ու ահա վերջապես նա սատկած էր: Նրան գետը նետեցի և ձեռքերս ձյունով լվացի ու երբ մի անգամ էլ նայեցի չորքոտանուն, նա արդեն սառցաբեկորներիի մեջ լողալով հեռանում էր, ապա մշուշի մեջ անհետացավ: Մրսում էի, բայց դեռ չէի ուզում տուն վերադառնալ: Քաղաքում մի քիչ թրև գալուց հետո միայն տուն գնացի:
– Ի՞նչ է պատահել,- հարցրեց մայրիկը,- գունատ ես: Բաճկոնդ ինչո՞ւ է արյունոտ:
– Քթիցս է արյուն եկել,- ասացի: Նա, ինձ հայացքի չարժանացնելով, մոտեցավ օջախին և ինձ համար անանուխի թեյ պատրաստեց: Վատ էի զգում. անմիջապես անկողին մտա: Ավելի ուշ մայրիկը եկավ և շատ հանգիստ ասաց.
– Ես քեզ արդեն հասկանում եմ: Այլևս մի՛ մտածիր այդ մասին:
Բայց դրանից հետո ամբողջ գիշեր Պետերի ու Լենիի լացի ձայնն էի լսում: Ու հիմա չգիտեմ՝ ճի՞շտ էր արդյոք, որ ես սպանեցի կարմիր չորքոտանուն: Իրականում այդ կենդանիները այնքան էլ շատ չեն ուտում:
Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ Փարսադանյանը