(Մի քանի նկատառում)
Դարասկզբի արևմտահայ գրական-մշակութային կյանքին անդրադարձող տարաբնույթ ուսումնասիրություններում ու հոդվածներում Հակոբ Քյուֆեճյան անունը հաճախ է հանդիպում (Օշական նա սկսել է ստորագրել 1920 թվականից), սակայն մի տեսակ լուսանցքային վերաբերմունքով, նշում, վերլուծում, նաև քննադատում են իբրև սովորական մի անուն, այնքան սովորական, որ անտեղյակության դեպքում Հակոբ Քյուֆեճյան և Հակոբ Օշական անունները բացարձակապես զուգադրել հնարավոր չէ։ Մյուս կողմից` Օշականի պատկառելի ժառանգության այդ հատվածն ուսումնասիրելիս բախվում ես այն աղաղակող փաստին, որ նրա մեծությունն ի սկզբանե է, ու սովորականության հետք անգամ չկա, ու որ դարակազմիկ ու հանճարեղ «Համապատկերի» հիմքերը, նախնական նշումների, երբեմն առանձին մեծ ու փոքր հատվածների տեսքով, հենց այդ շրջանում են դրվել, ավելին` «Համապատկերի» շատուշատ գլուխների զգացողությունները այդ շրջանին են վերաբերում։
Հատկանշական է թումանյանագիտության մեջ պարբերաբար շրջանառված այն տվյալը, թե Թումանյանը 1921 թվականին Կ. Պոլսից վերադարձավ մի տեսակ հուսահատ, որովհետև այնտեղ ոմն մեկը կամ ոմն Հակոբ Քյուֆեճյան քննադատաբար էր վերլուծել նրա ստեղծագործությունը։ Հարցն այս պահին այն չէ` սխա՞լ է եղել Օշականը, թե՞ ճիշտ, այլ այն, որ ձևավորված կարծրատիպի համաձայն` եթե Թումանյանին բարձր չեն գնահատել, ուրեմն` ոմն են։ Այնինչ` դա երկու մեծությունների հանդիպադրում էր, որը պետք է վերլուծվեր ըստ պատշաճի` գեղագիտական-ստեղծաբանական-մշակութաբանական պարագրկումներով։ Ես հակված եմ մտածելու, որ Թումանյանի հանդեպ Օշականի վերաբերմունքն է շատ առումներով պայմանավորել նրա լուսանցքային ներկայությունը կամ իսպառ բացակայությունը խորհրդահայ գրականագիտական աշխատություններում, նույնիսկ այն դեպքերում, երբ թվում է, թե առանց Օշականին հղվելու անհնար էր որևէ կարգի վերլուծություն[1]։
Օշականին գուցե կարդում էին, բայց հղում չէին տալիս` նույնիսկ քննադատելու միտումով։ Անտեսումի, երբեմն` անթաքույց արհամարհանքի ու դիտավորյալ շրջանցման այդ «մեղքը» այսօր հեշտությամբ կարելի է բարդել սովետական գաղափարախոսության արգելապատնեշների վրա։ Բայց դա թերևս պատրվակ էր` թաքցնելու Օշականին չընկալելու, հետևաբար` դիտավորյալ անտեսելու միտումը, որովհետև հակառակ դեպքում ստացվելու էր ակամա զուգադրում օշականյան «հաղթաբան հերքումի» (Գրիգոր Հակոբյանի բնորոշումն է) և հայրենի գրականագիտության միջև, ինչը նույնիսկ Օշականի սխալ ու վիճելի ձևակերպումների ու դատողությունների առկայության պարագային երևանում էր գրականագիտական մակարդակների մեծ տարբերություն, բնականաբար, Օշականի օգտին։
Այն, որ խորհրդահայ իրականության արգելապատնեշները սոսկ պատրվակ էին Օշականին անտեսելու համար, հեշտորեն հերքվում է հետևյալ իրողություններով։ Նախ` արդեն 1966 թվականին Սերգեյ Սարինյանն իր «Հայկական ռոմանտիզմ» մենագրության մեջ և, մասնավորապես, Պետրոս Դուրյանի ռոմանտիզմին նվիրված գլխում, չնայած օշականյան գրեթե յուրաքանչյուր մտքի ժխտման տրամաբանությանը, վերջապես խորհրդահայ իրականության մեջ շրջանառում էր Օշական-քննադատի պատկառելի ժառանգությունը։ Այնուհետև` Սարինյանի գրքին նվիրված Պարույր Սևակի «Հայկական ռոմանտիզմը և իր մեկնաբանը» գրախոսության մեջ էլ առաջին անգամ խորհրդահայ իրականության մեջ գնահատվում է Օշական-քննադատի մեծությունն ըստ պատշաճի։ Սևակը կիրառում է Օշական-քննադատի տեսակը բնորոշող այնպիսի տպավորիչ ձևակերպումներ, որոնք վկայում են նրա` Օշականի քննադատության եթե ոչ համապարփակ, ապա գոնե փայլուն իմացության մասին։ Ընդ որում` Սևակի այդ գնահատականը իր պարագրկումների մակարդակով ու սահմանումների ճշգրտությամբ առ այսօր, իմ կարծիքով, մնում է լավագույններից մեկն ընդհանրապես. «Հ. Օշականը գրականության պատմությունը դիտում է ոչ այնքան ակնոցով (այսինքն` պատմականության բարձունքներից), որքան աչքով (այսինքն` արդիականության դիրքերից)։ Այլ կերպ ասած` Օշականը իր նյութին չի նայում իբրև գրականության տեսաբան ու պատմաբան` բառիս զուտ գրականագիտական իմաստով, այլ իբրև գրական քննադատ ու գրադատ` այս բառերի չհնացած իմաստով։ Նա բանեցնում է ոչ այնքան հեռադիտակ, որքան մանրադիտակ, ոչ այնքան կոտ (հիշենք մեր մոտանցյալ կալերը), որքան մաղ։ Այս պատճառով էլ նա շատ հաճախ սայթաքում է պատմական ու տեսական սալահատակի վրա, բայց առավել հաճախ շահում գրականության ներզգացողության և արդիական գնահատականների մեջ»[2]։
Այսինքն` ցանկության դեպքում կարելի էր հաղորդակցվել Օշականին, մեջբերել ու քննարկել, ինչը, այնուամենայնիվ, չարվեց։ Այս առումով Սերգեյ Սարինյանի ու Պարույր Սևակի արարքները մնում են իբրև բացառիկ խիզախումներ, որոնք չվերածվեցին ընդհանուր միտումի։ Ավելին` Սարինյանն ինքն էլ իր հետագա մենագրություններում, ընդհուպ մինչև 1991 թվականին լույս տեսած «Լևոն Շանթ» գիրքը[3], չանդրադարձավ Օշականին։ Գուցե պատճառը նաև Սևակի այն դիտողությունն էր, թե Օշականին քննադատելուն զուգահեռ պետք է նախևառաջ հասկանալ այն «դիվային զորեղության գաղտնիքը, որ սխալաշատ ու երերուն Օշականին դարձնում է հայ գրականության մեծագույն քննադատը»[4]։ Հիրավի, մի գաղտնիք, որ մի շարք կողմերով առեղծվածային ու անբացատրելի է թվում նաև այսօր։ Ուստի` տրամաբանական է մտածել, որ Օշականը բարդույթ էր խորհրդահայ գրականագիտության համար, որը անհրաժեշտ էր հաղթահարել։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը, երբ գրվել էին տասնյակ մենագրություններ արևմտահայ հեղինակների մասին, համարյա չի օգտագործվում Օշականի «Համապատկերը», այն դեպքում, երբ 1980 թվականին արդեն լույս էին տեսել այդ աշխատության բոլոր 10 հատորները։
Հետանկախության շրջանում Հակոբ Օշականի անունը սկսեց ավելի հաճախակի շրջանառվել Հայաստանում։ Առանձին իմաստավոր ջանքեր չհաշված[5], կարելի է ասել, որ Օշականը պարզապես շահարկվում էր իբրև այսպես ասած` «մոդա», իրենց իբր արդիականությունն ու նորարարությունը, տիրապետող գրականագիտական այսպես կոչված` «շկոլաների» հանդեպ իրենց իբր այլախոհությունը, «իմացական» մեծ պաշարը ի ցույց դնելու համար։ Այս պարագային, սակայն, ոչինչ չէր փոխվում, ըստ էության, քանզի այդպես էլ ի ցույց չէր դրվում, ավելի ստույգ` չէր ընկալվում Օշականի «դիվային զորեղության գաղտնիքը»։
Նախկին լռությանն ու անտեսումին փոխարինելու էին եկել կամ անքննադատ ոգևորությունը, որն իբրև ավետարանական ճշմարտություն էր ընդունում ու ներկայացնում Օշականի յուրաքանչյուր տող[6], կամ` այսպես կոչված` «ցիտելու» տրամաբանությունը, որը շատ հաճախ «Օգտագործած գրականության ցանկն» հարստացնելու նպատակ ուներ լոկ։ Դրանք, ըստ էության, նույնն երևույթներն են, որոնցից Օշականը, ցավոք, չի շահում։ Առ այսօր էլ կարելի է հանդիպել մենագրություններ ու տարաբնույթ աշխատություններ` Օշականի տեսական հզոր մտքի պարզունակ, զգացական կիրառություններով, մեկնաբանություններով, հղումներով, և որ ավելի զարհուրելի ու ծիծաղելի է` բանավիճումներով։
Հայ գրականության մեծագույն քննադատի պատկառելի ժառանգության համակարգային կիրառումը, որը նրա մեծության ընկալման հայտանիշ է, մեծ հաշվով, հայաստանյան գրականագիտության մեջ բացակայում է[7]. Սերգեյ Սարինյանի` Հակոբ Օշականի առեղծվածի մեկնաբանությանը միտված քննաբանությունները, Գրիգոր Հակոբյանի «Արևմտահայ նորավեպը. ժանրի տեսություն և պատմություն», «Թերթոն վեպի տեսությունը. Երվանդ Օտյան» մենագրություններն ու մի շարք ուսումնասիրություններ, Ալբերտ Կոստանյանի խոհուն վերլուծումները, Սուրեն Աբրահամյանի որոշ հոդվածներ, Սիրանուշ Դվոյանի գրականագիտական հայացքի ուղղությունն ու գրականության ընկալումների յուրահատկությունը, սակավաթիվ բացառություններ են, որոնք գալիս են հաստատելու օրինաչափությունը, այն, որ մենք Օշական-քննադատին չենք ճանաչում, այն դեպքում, երբ բացառիկ հնարավորություն ունենք նրա «սխալաշատ ու երերուն դիվային զորության» օգնությամբ նոր ճանապարհներ բացել մեր գրականագիտության համար։
2011
[1] Ընդհանրապես` Օշականի հանդեպ վերաբերմունք թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում առավել հաճախ ձևավորվել ու ձևավորվում է ըստ այն համատեքստի, թե Օշականն ինչ վերաբերմունք է ունեցել որևէ գրողի նկատմամբ: Ըստ այդմ` այդ գրողի ստեղծագործությամբ զբաղվող գրագետները կա՛մ երկինք են հանում Օշականին, կա՛մ պարսավում նրան: Իբրև թարմ օրինակ` կարելի է հիշել թեկուզ գրականագետ Յուրի Խաչատրյանի վերաբերմունքը (տե՛ս Հրանտ Նազարեանց, Աստեղահեւ մենութիւն (Երևան, 2008) գրքի առաջաբանը): Բնավ միտում չունենալով արդարացնել կամ մեկնաբանել Օշականի` Հրանտ Նազարյանցին տված գնահատականները, ուզում եմ պարզապես արձանագրել, որ հերթական անգամ դիտվում-քննվում-քննաբանվում ու ըստ այդմ էլ` փառաբանվում կամ պարսավվում է Օշականի քննադատության ոչ թե համակարգը, այլ` որևէ առանձին մասնավորություն:
[2] Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Երևան, 1974, էջ 312-313:
[3] Խոսուն է այն հանգամանքը, որ Լևոն Շանթին նվիրված մենագրության մեջ Սարինյանը տասնյակ` վերլուծականության ու մտքի ներթափանցման առումով շահեկան էջեր է նվիրել հենց Օշականին, որոնք միտված են հնարավորինս մերձենալու նրա քննադատական մտքի հակասությունների առեղծվածին:
[4] Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, էջ 313:
[5] Առաջին հերթին պետք է հիշատակել Գրիգոր Հակոբյանի բազմաթիվ անդրադարձները (դրանց որոշ մասը տե՛ս Գրիգոր Հակոբյան, Ուսումնասիրություններ և հոդվածներ (Ս. Էջմիածին, 2007) գրքում), Ալբերտ Կոստանյանի «Հակոբ Օշական» փայլուն ուսումնասիրությունը (տե՛ս նրա «Բացարձակի որոնումը» (Երևան, 2004) գրքում): Գնահատանքի են արժանի նաև Կիմ Աղաբեկյանի հրապարակումները, որոնք հետագայում ամբողջացվեցին նրա «Հակոբ Օշական» աշխատության մեջ (Երևան, 2007):
[6] Երջանկահիշատակ Գրիգոր Հակոբյանը, ում շնորհիվ Հակոբ Օշականը բազմիցս ներկայացվեց Հայաստանում ու լայն ճանաչման արժանացավ, ոգևորության մի պահի գրել է, թե ինքը բացարձակապես համաձայն է և ընդունում է Օշականի գրած յուրաքանչյուր միտք` վերապահում անելով Չարենցի «Երկիր Նաիրի» հանդեպ քննադատի չափազանց անբարենպաստ կարծիքը (տե՛ս Յակոբ Օշական, Գրականութեան համար, Երևան, 1997, էջ 7, Գրիգոր Հակոբյանի «Յաղթաբան հերքում» վերջաբանը):
[7] Սփյուռքյան պարագծում Մարկ Նշանյանի, Գրիգոր Պըլտյանի, նաև` Պողոս Սնապյանի աշխատությունները միայն բավական են, որպեսզի այդպիսի խնդրադրություն չքննարկվի: