Լիլիթ Երանյան | Կորստից ազատվելու հզոր ձգտումը ըստ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի

«Մենք բոլորս դուրս ենք եկել «Երկիր Նաիրիից»

Գ. Մահարի

Ինչու՞ և ինչպե՞ս սկսել խոսել «Երկիր Նաիրի» վեպի մասին, երբ Չարենցը   վեպում բնութագրում է թե՛ հենց վեպը, թե՛ Նաիրին և թե՛ իր վեպի  կերպարներին՝ նաիրցիներին: Վեպը  «պոեմանման, այլակերպ մի բան» է, Նաիրին՝ «ուղեղի մորմոք, սրտի հիվանդություն, միֆ, ֆիկցիա, հուշ, ծուխ»: Այս փոքրածավալ, բայց վիթխարի գործի մասին գրելը դժվար է,  սակայն ստեղծման առաջին շրջանից մինչև այսօր Չարենցի  վեպը չի դադարում քննության առարկա մնալ:

Չարենցը  հարցնում է, թե ինչո՞ւ ընկավ Կարսը:  Կարսն ընկավ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին: Իսկ արդեն 1921 թվականին ինչ-որ ֆանտաստիկական մղումով Եղիշե Չարենցը սկսեց գրել իր արձակ գործը, և 1922-1925 թվականներին Մոսկվա և Երևան քաղաքներում ամբողջացրեց:  «Չարենց-նամե»  հուշագրությունում Մահարին պատմում է, որ բանաստեղծը սկսել է գրել իր վեպը 1919 թվականին, երբ դաստիարակ էր աշխատում որբանոցում: Այդ օրերին նա Մահարու համար կարդացել է վերջին էջերից  մի հատված, որ պարունակել է հետևյալ նախադասությունը. «Դուրսը մշուշ էր, չարկամ  մառախուղ»: Այս տողը վեպում չկա, բայց սա ենթադրաբար Չարենցի մարգարեական կանխազգացումն էր` Կարսի անկման  կռահումը:

«Երկիր Նաիրին»  ճիշտ է քննել  երեք գլուխների վերնագրերի ու բնաբանների միջոցով, որոնք  Չարենցը ընտրել էր հենց իր ու Տերյանի պոեզիայից (այդ երեք գլուխներին  նախորդող Առաջաբանը բուն վեպից անկախ  է դիտարկվել ու քննվել).

«Այստեղ նաիրյանն է նազում» (Քաղաքը և բնակիչները)

 «Հնամյա, հին մի երազ,            (Դեպի Նաիրի)

Երկիր մի, դարերի ուրու»

«Մ՞իթե սա է երկիրը Նաիրի»  (Երկիրը Նաիրի)

Սա վեպի ընթացքի գիծն է, որը նախ հանդարտ  է ընթանում հորիզոնական ուղղությամբ,  ապա կտրուկ բարձրանում վեր  ու հանկարծ նույնքան կտրուկ վար իջնում ուղղահայաց գծով:   Վեպը սկսում է պատմվել  նաիրյան կյանքի  առօրյայի ծուլությունից, նաիրյան հրաշքների գեղեցկությունից և հասնում Նաիրի երևույթի ապաերազայնացում,  երբ ցնդում է Նաիրի միրաժը, ու Կարսից վերջին գնացքներն են հեռանում:

«Այստեղ նաիրյանն է նազում»

Վահան Տերյանը «Երկիր Նաիրի»  բանաստեղծական շարքում Հայաստան բառի փոխարեն կիրառեց Նաիրի անունը (թարգմանաբար՝  գետեր),   որ մ.թ.ա. 13-11-րդ դարերում  Վանա լճի  մերձակա տարածքներում ապրող հայկական ցեղերի ասորերեն անվանումն էր: Տերյանը իր շարքը գրում էր  19131916 թվականներին,  երբ Արևմտյան Հայաստանին պատուհասեց մեծագույն ողբերգությունը, այն ամբողջովին հայաթափվեց: Նրա Նաիրին երազային էր,  ցնորային ու անբռնելի: Չարենցի ողջ կյանքը բաժանվում է շրջափուլերի՝ տերյանական պոեզիայի հանդեպ խորը ակնածանքից մինչև կտրական մերժում[1] ու ապա նորից ընդունում:  Եվ հայ գրականագիտությունը[2]  հաստատել է, որ  Հայաստան անունով երկրին այս անունը տալու ավանդույթը կիրառելով՝ Չարենցը քանդում էր այդ երևույթի հոգևոր ընկալումը ու ցույց տալիս բռնվող իրական Նաիրին: Գրողի նամակները փաստում են, որ Չարենցը այս անունը կիրառում էր նաև գրականության տիրույթից դուրս և առօրեականացնում էր այն Հայաստան գոյականի փոխարեն:

Նաիրին հայրենիք է ու միաժամանակ դրա կոնկրետ մի հատվածը: Չարենցը չի տալիս իր ծննդավայր Կարսի անունը, որովհետև այս քաղաքի ճակատագիրը կրկնվել է կամ կկրկնվի   հայկական ուրիշ քաղաքների պարագայում:  Չարենցի Նաիրին  միֆ  է ու  միևնույն ժամանակ` շոշափելի իրականություն: Այն իրական է, որքան իրական է  Կարսն իր ճարտարապետությամբ, ու միրաժային է, քանի որ որպես մորմոք գոյություն ունի Մազութի Համոյի կամ Չարենցի ուղեղում: Ե´վ հայ, և´ համաշխարհային գրականության պատմությունից հայտնի են աշխարհներ, որոնք հենց գրողներն են ստեղծել, և այդ աշխարհները կա´մ իրականության մեջ հիմք են ունեցել, կա´մ իրականություն են ծնել (Գ. Գ. Մարկես. Մակոնդո-Կոլումբիա): Իսկ ահա Նաիրին  անչափ փխրուն է, հենց բուն իրականության մեջ էլ անիրական հիմքի վրա է կառուցված, ուստի Չարենցը պիտի ձգտեր տեսնել այն մարմնավոր:

Իրական Նաիրին  շոշափելի է ու աչքի համար հասանելի  այնքան, որ կարելի է տեսնել ու ըստ Չարենցի՝ զարմանալ: Հինավուրց քաղաքի նորօրյա բնակիչները մինչև շրջադարձային դեպքերը (Առաջին աշխարհամարտի սկիզբը) մի փոքր ծույլ ռիթմով, բայց ապրում են, ուրեմն կա Նաիրին և միֆ չէ: Նաիրցիները, որոնց այդպես է կոչում միայն Չարենցը, անհատական ու եզակի են, միաժամանակ մարդկային որոշակի տեսակի տիպականացում: Նրանցից Գեներալ Ալոշը՝  հասակավոր   «պատկառելի» այս կարսեցին, գեներալի տիտղոսը վաստակել է իր հարստության ու հեղինակության շնորհիվ,  իսկ անտուն  Մեռելի Ենոքը քնում է իր պատրաստած դագաղների մեջ, դրա համար էլ երեխաները խուսափում են նրանից: Եվ, իհարկե, նաիրցիների առաջնորդն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ, «նաիրյան գործերի կառավարչի» պարտականությունները ստանձնած Մազութի Համոն:  Նաիրցիներն առավոտյան արթնանում են, գնում  Լորիս Մելիքյան փողոցի վրա գտնվող իրենց խանութները, հորանջելով սպասում գնորդների  ու միգուցե քաղաքի  «զարմանալի զարմանքները»  առօրեական են ընդունում: Ու  հին քաղաքի կախարդանքներն ու հրաշալիքները՝ Բերդը, Առաքելոցը, Վարդանի կամուրջը, Սլլան քարը, երբեմն այնքան առօրեական են, երբեմն էլ միֆական ու առասպելածին:                                                      Չարենցը, որի տունն ըստ երևույթին Բերդի տակ է եղել,  իր գիտակցության մեջ կրում է ու հավերժացնում է Կարսի ճարտարապետությունը: Կարելի է ճանաչել այս հրաշալիքներն ըստ Չարենցի, առանց դրանք իրականում տեսնելու: Բերդը «խիստ, խոժոռ, որպես արևելյան քարե մի բռնակալ, քարե մի վիթխարի արկղ է» , Առաքելոց եկեղեցին էլ` «որպես քարից շինված մոխրագույն մի թռչուն է կամ նստած մի վարդապետ»: Չարենցը նկատում է իրականության պարադոքսային լինելը. բերդը, որ կատարում էր նաիրցիներին ոսոխից պաշտպանելու ֆունկցիա, հետագայում որոշ բախտորոշ իրադարձություններից  հետո  անառիկ պատնեշ պիտի դառնար Կարսի և այդ  նույն նաիրցիների միջև:

      Գրականագետ Վահրամ Դանիելյանն  իր հոդվածում այսպես է մեկնաբանում քաղաքի ճարտարապետության անդրադարձը «Երկիր Նաիրի»-ի վիպական տարածության մեջ. «Փաստորեն, եթե հին քաղաքի պատմությունը քարի պատմություն է, ապա նորինը քարացման պատմություն է դառնում: Քարե ձանձրույթը նյութականանում է` խորհրդանիշից վերստին հառնելով ու վերածվելով անշարժ կեցության ախտանիշի: Քարի դեմ միակ պայքարողը, թվում է, վեպի գլխավոր գործող անձը` Մազութի Համոն է, իսկ մազութն, ինչպես հայտնի է, քարի քայքայման համար չի նախատեսված, այն պարզապես ընդունակ է ավելի սևացնել քարե ձանձրույթը, սակրալացնել դարերի անշարժությունը»[3]:

Չարենցը, բացի հին ու նոր քաղաքներ տարանջատումից, տանում է  երկու այլ զուգահեռ ու իրար չհատվող գծեր. մի կողմում Հայաստանն է՝ անպաշտպան ու լքվող, մյուս կողմում էլ Նաիրին է՝  հայ ժողովրդի ցնորային երազանքը, Նաիրի երկիրը, որը «փյունիկի» պես պիտի հառնի:  Այսպես՝ կոտորածների հետևանքով իր երկրից գաղթած մշեցի գաղթականն ու ընկերը օղու ազդեցության տակ խոսում են օրերից մի օր հառնող երկրի ու թշնամու գլխին իջնող ուժգին հարվածի մասին:  Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և օդում տարածվում է երազանքների` իրականություն դառնալու հավատը՝ Արևմտահայաստանի ազատագրումը: Բոլորի հայացքն ուղղվում է դեպի երկիր:

 

 «Դեպի Նաիրի»

Չարենցն ինքը գնացել է «դեպի Նաիրի»: Առաջին համաշխարհային պատերազմի օրերին նա զինվորագրվել էր հայկական կամավորական ջոկատներում որպես սանիտար, ապա` որպես զինվոր: Եղել էր Արևմտյան Հայաստանում, մասնավորապես Վանում, երբ արդեն  վանեցիները, այդ թվում Աճեմյանները, գաղթել էին.

 «Ես ինքս էլ լավ միտ չբերի

Թե ո՞նց ՝ Կարսի այգուց-

Տասնըհինգ թվի վերջերին-

Արթնացա…զորքերի շարքում:

Կամավոր:

Հայկական բանակ:

Հրացան։ Թնդանոթ։ Ռումբեր։

  Եվ ահա— Այգեստանը Վանա»։

( հատված «Չարենցնամե» պոեմից)

Խորհրդային գրականագիտությունը «Երկիր Նաիրի»-ին մի քանի ուրիշ բնութագրումների հետ հաճախ տվել է  երգիծական վեպ բնորոշումը:  Վեպում խորը ցավից ծնված  ուժեղ հեգնանք կա,  քանի որ չափից դուրս մեծ է սերը կորսվածի հանդեպ: Ցավն այնքան անտանելի է, որ թվում է՝ բթացել է:  Եվ եթե Չարենցը ծաղրում է, ապա միայն մի երազանք, որ նաև իրենն է եղել: Ուրեմն  կարելի է ենթադրել, որ զինվորագրվելիս Չարենցն ունեցել է այն նույն հավատը, որն ուներ Մազութի Համոն՝ տեսնել «հառնող Նաիրին»: Եվ հաստատապես, «Երկիր Նաիրի» վեպը ամենևին երգիծական չէ այն իմաստով, ինչպիսին է օրինակ՝  Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն: Գրականագետ Սուրեն Աղաբաբյանը, որն իր ուսումնասիրության մեջ նույնպես շեշտում է վեպի երգիծական բնույթը, տալիս է հավանաբար ամենաճիշտ բնութագրումներից մեկը: Նա Չարենցի երկատված էությանը տալիս է «երկու հոսանք» բնորոշումը. «մեկը անողոք, դառն սարկազմի հասնող, մոլեգնած ատելություն, մյուսը՝ իր ափերից դուրս եկող, խոնարհության ու ծնրադրման հասնող սերը»[4]: Չարենցի կարոտն ու սերը չափազանց մեծ են եղել, և  հուշագրությունները ու նամակները լիքն են վկայություններով, որ նա  պարզապես  կարոտում  էր  Կարսն ու անգամ իր  վեպում «աննշան»  համարվող կարսեցի Մեռելի Ենոքին:

Չարենցը վեպում զգուշացնում է, որ եվրոպական անվանի հեղինակների պես  կերպարների հոգեբանությունը չի վերլուծելու,  դրանով մեկնաբանում է կարծես, թե իր վեպն ինչու է «այլակերպ ու պոեմանման»: «Երկիր Նաիրի»-ն ամենից առաջ Կարսի, նրա պատմության վերջին էջերի ու Չարենցի՝ այդ իրադարձություններին տված արձագանքն է, թեպետ տասնյակ կերպարներ են հայտնվում ու հեռանում:  Ու այդ կերպարներից շատերն են Չարենցի հեգնանքի շրջանակում, բայց հիմնական թիրախում հենց Մազութի Համոն է` քաղաքի ոգին  ու շունչը: Ուստի հենց նա էլ պիտի հայտարարի աշխարահացունց նորությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը:

 Բայց կարելի է կարծել՝  Մազութի Համոն Չարենցի էությանը որոշակիորեն հարազատ կերպար է, այնքանով որ ուղեղում կրում է Նաիրին, բայց և հակադիր է նրան: Եվ ահա հռետոր Չարենցն է խոսում որպես Մազութի Համո, բայց քննության արժանի հարց է, թե Չարենցը նրա արտահայտած գաղափարների որ մասն է  ընդունում, որ մասը՝ հերքում: Ժամանակին կարծես զանցանք է համարվել Համոյի բերանում Խաչատուր Աբովյանի մտքերը դնելը:  Իր  ճառում Մազութի Համոն սահմանում է ու ամփոփում ազգային գաղափարախոսության կուտակած մտքերը հայրենիք, ազգ և  լեզու հասկացությունների մասին: Բայց տեսնում ենք, որ այս յուրատեսակ գաղափարախոսության հիմքում կատարելապես բացակայում է պետականության զգացողությունը: Դրա անհրաժեշտությունն անգամ կարծես չի զգացվում, Մազութի Համոյի  ճառում սահմանվում են ազգ, հայրենիք, լեզու  հասկացությունները, բայց ոչ` պետությունը: Ու երբ վերջապես  ինչ-որ հրաշքով, կարծես միամտորեն հառնում է «նաիրապետությունը», որ կոչում ենք Հայաստանի առաջին հանրապետություն, բոլորը կարծես չեն նկատում դրա գոյությունը:

Խորհրդահայ գրականագիտությունը հավասարության նշան է դրել                 «մազութիհամոյականություն» արտահայտության և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գաղափարախոսության միջև և առիթ դարձրել մի անգամ ևս շեշտելու հայ ժողովրդի կյանքում այդ կուսակցության ունեցած իբր կործանարար դերը: Պիտի նշել սակայն,  որ «մազութիհամոյականություն» ասելով Չարենցը մի կողմից նկատի ունի հայրենիքի կրումը սեփական անձի մեջ, երբ  տեղ չի մնում քեզ համար, և մյուս կողմից՝ անհիմք, անհող ու իրականությունից կտրված երազանքները ապագայում վեր հառնող պանծալի Հայաստանի մասին: Մազութի Համոյի անձնական կյանքը փլվում է այն նույն պահին, երբ նրա ուղեղում եռում է Նաիրին ու սկսում ցնդել:   Նրա գլխին պոզեր են աճում այն պահին (բացահայտում է կնոջ անհավատարմությունը) , երբ դա նրան ամենաքիչն է հետաքրքրում: Մազութի Համոն ճանապարհում է «նաիրյան ուժերով» բեռնավոր գնացքները սահմանից այն կողմ (Արևմտյան Հայաստան կամ Օսմանյան կայսրության գավառներ)` հավատալով պատերազմի բերելիք հաղթանակին: Եվ նրա խոսքից ոգեշնչվածների թվում կան  նաիրցիներ (կարսեցիներ), ովքեր  վտանգի հենց առաջին օրերին պիտի լքեին Կարսը:

«Մ՞իթե սա է երկիրը Նաիրի»

Կարսից հեռացող վերջին գնացքն անցնում է ոչնչով աչքի չընկնող երկու կարսեցիների՝ Մեռելի Ենոքի ու Քոռ Արութի դիակների վրայով, իսկ  թշնամին   կախաղան է հանում Մազութի Համոյին ու  գլխավերևում ցուցանակ փակցնում. « Մազութի Համո՝ Արքա Նաիրի»:  Կարսի նոր հրաշալիք  համարված գնացքի մասին Չարենցը պատմում է վեպի առաջին էջերում, երբ Մեռելի Ենոքը զարմանում է, թե ինչպես է «անձի-անգոմեշ» աշխատում այս զարմանալի երևույթը: Եվ ապա վերջին էջերում նույն Մեռելի Ենոքը առաջին անգամ գնացք է նստում Կարսից վերջնականապես հեռանալու համար: Դա Կարսից հեռացող վերջին գնացքն էր:

Երկու պատկերների՝ Մազութի Համոյի դեպի Նաիրին նայող հուսավառ հայացքի և  նաիրյան քաղաքից հեռացող վերջին գնացքի, միջակայքում տեղի էին ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք հանգեցրել էին նման վախճանի: Չարենցը վեպի երրորդ գլխում խոսում է ժամանակային մի երկար շրջանի մասին, երբ Կարսը պիտի ահռելի ու ճակատագրական շրջադարձեր ապրեր:

Չարենցի համար պիտի անասելի դժվար լիներ Կարսի վերջին օրերի մասին գրելը: Եվ սա է վկայում ոչ միայն վեպի երրորդ գլխի ստեղծման երկարատև  ընդմիջումը, այլ հենց  հեղինակի խոստովանությունը վեպի էջերում: Եվ որքան էլ դժվար էր, բայց պիտի աներ դա. «չէ որ, այո´, թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի և հարազատ լինեն…»  [5]։

Հրանտ Թամրազյանը, փորձելով վեպի բազմաթիվ արժանիքների կողքին առանձնացնել թույլ կողմեր,  գրում է, թե նկատվում է  որոշ զգուշավորություն թուրք ժողովրդի ու նրա գործողությունների մասին արտահայտություններում:  Արդյո՞ք զգուշավորություն կբանեցներ Չարենցը, երբ էությամբ հակված էր նահատակության: Նրա ամենասիրելի արևմտահայ պոետներից մեկը՝ Սիամանթոն, որ զոհ պիտի  գնար Ցեղասպանությանը, իր «Մահվան տեսիլք» բանաստեղծությունը այսպես է սկսում ու ավարտում.

«Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…
Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս.

Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…»:

Չարենցն էլ Արևմտահայաստանին պատուհասած ողբերգության մասին խոսելիս նախ առանձնացնում է պատմական որոշակի շրջան՝ 1914,15,16 թվականները, և    երեք անգամ կրկնում է դիեր բառը.  «Իրականացան այս տարիները դաժան ու անկարելի, այնտեղ-Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում-այնտեղ-Էրզրումում, Սվազում, Երզնկայում-այնտեղ Գարահիսարում…Անապատում ելած միրաժի նման՝ ելավ-գետնահարվեց վերջին պատրանքով շնչավորված հնամյա երազը, գետնահարվեց արդյո՞ք ընդմիշտ…Ու մնացին-դիեր, դիեր, դիեր (ընդգծումը` Լ. Ե. ),- առտնին զառանցանք» [6]: «Երկիր Նաիրի» վեպում Չարենցն այս պարբերությամբ խտացնում է Արևմտյան Հայաստանում նրա նշած թվականներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այսօր կոչում ենք Ցեղասպանություն:

 Ուրեմն կարելի եզրակացնել, որ Չարենցը չէր զգուշանում,  պարզապես ոչ թե հստակ ձևակերպումներով էր խոսում, այլ բանաձևումներով ու կոդերով: «Կհառնե Նաիրին» –  երբեմնի աշխարհակալ տերություն ունեցող և հիմա ուրիշի կայսրության հետամնաց գավառում ապրող ժողովրդի ցնորային թվացող երազանքն է: Հայ ազգային քաղաքական կուսակցությունները, ինչպես շատ ուրիշ երևույթներ,  այս վեպում ակնարկվում են  ու ներկայանում որոշակի խորհրդանիշի տեսքով: «Դրոշակ» թերթը՝  Հայ հեղափոխական դաշնակցության պարբերականը, այս կուսակցությանն է ակնարկում, և Չարենցը  համառորեն խուսափում է տալ կուսակցության անունը. դա անում է ընդամենը մեկ անգամ: Իսկ ահա «հավիտենական հիվանդ» է կոչում թուրք  ժողովրդին՝ արտահայտելով այսօր էլ մեր ազգային գիտակցության մեջ` այդ ժողովրդի որպես հավերժական թշնամու ընկալումը: «Մահամերձի թափթփուկներ» է կոչում թուրք բանակն ու զինվորական ուժը: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունը կատարյալ պարտություն էր կրել Առաջին համաշխարհային պատերազմում և հայտնվել էր կործանման, փլուզման իրական հեռանկարի առջև, բայց աշխարհաքաղաքական որոշ զարգացումների հետևանքով այնուամենայնիվ կանգուն մնաց: Ուրեմն առանց պատմագիտական որոշակի տեղեկությունների իմացության անհնար կլինի լիովին հասկանալ վեպը:

Չարենցի իրական վերաբերմունքը պատմվելիք նյութին չափազանց  դժվար է կռահել. արտաքուստ երևացող առաջին շղարշում նա ծաղրում է ու մեղադրում է Մազութի Համոյին, բայց երբ ասում է, որ որոշ նաիրցիներ պատմական իրադարձությունների հետևանքով «կդժբախտանան ու կհերոսանան», առաջին հերթին հենց նույն Մազութի Համոյին նկատի ունի: Եվ ահա  և´ նրա, և´ Չարենցի Կարսից հեռանալուց հետո,  քաղաքն ընկնում է ու հանձնվում թշնամուն: Մազութի Համոն գնացել էր Արևմտյան Հայաստան զինվորական խառնաշփոթ գործերը կարգավորելու համար, իսկ Չարենցը` իր գրական գործունությունը:

Ուշագրավ է Մամիկոն Գևորգյանին ուղղված Չարենցի նամակը, որ գրել է 1924թ. փետրվարի 8-ին. «Անցյալ ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է` արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, տեղական: Ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրաԵվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռու տեղը թողեցբաց տարածություն»[7]:   Չարենցը վեպում բաց տարածություն է տեսնում նաև Մազութի Համոյի ուղեղում. Չարենցի ուղեղում բաց տարածություն էր մնացել մեծ ցնցումից հետո, երբ կորսվել էր հարազատ տիրույթը, այդպիսով ազատ էր մնացել դրա տեղը: Իսկ Մազութի Համոն կորցրել էր իրավիճակն իր ձեռքում պահելու կարողությունը, իշխանությունը:

Եվ Մազութի Համոն, որ դեպի Նաիրի էր ճանապարհել  հայկական կամավորական զորքերը,  իր երազանքի կամ պատրանքի դիմաց տեսնում է իրականությունը. բասենցի գաղթականները շրջապատում են նրա կառքն ու հաց խնդրում. «Աղա~ա~, մզի տե~-ե~ղ, մզի խա~-ա~-ա~ց, մզի խա~-ա~-ա~ց, մը~-զի~-խա~-ա-~-ա~-ա~-ա~ց…»:

Այսպես Կարսից հեռանում են նաիրցիներով լցված վերջին գնացքները Մեռելի Ենոքի և Քոռ Արութի դիակների վրայով: Եվ Չարենցը վերջնամասում ստեղծում է մի անսովոր պատկեր. Մազութի Համոն, որ պիտի լիներ Կարսի փրկիչը, կախաղան է բարձրացվում Քրիստոսի պես: Ոսոխի հրոսակները կախաղան են բարձրացնում Կարսը չլքած և կորստի ցավից կաթվածահար եղած Մազութի Համոյին` գլխավերևում փակցնելով «Մազութի Համո, Արքա Նաիրի» ցուցանակը:

Նաիրին մնաց մենակ ու անպաշտպան:

Նաիրին՝ մենակ ու անպաշտպան

 Գլխավոր հատկությունը, որ բնորոշ է այդպես էլ անմեկնելի մնացած Նաիրի երևույթին, որ փորձում է հասկանալ նաև ինքը` Չարենցը, անպաշտպան լինելն է:   Նաիրին ունակ չէ պաշտպանելու նաիրցիներին, իսկ նրանք էլ իրենց հերթին կարող են հեշտությամբ լքել օգնություն սպասող Նաիրին. այսպիսով  նրա միակ ապաստանը կմնա Մազութի Համոյի ուղեղը:  Չարենցն ինքն է բարձրացնում «Ո՞րն  է ի վերջո Նաիրին» հարցը՝ ընկալելով դրան պատասխանելու անհրաժեշտությունը, կարծես որպես անդրադարձ  ընթերցողների ենթադրյալ պահանջի: Սուրեն Աղաբաբյանը գրել է. «Ճշմարտության դիալոգային որոնման սկզբունքներով կառուցելով «Երկիր Նաիրին», Չարենցը մտնում է  հազար ու մի դերի մեջ՝ պատմողի, տարեգրողի, մեկնաբանողի, հարցնողի, պատասխանողի, մտրակողի, հեգնողի, սփոփողի, կասկածողի և այլն պարզելու երկիր Նաիրիի գոյականությունն ու նրա ստույգ, իսկական ու վերջնական հասցեն»[8]:

Նաիրի երևույթի փրկության ելքը նրա անբռնելի լինելն էր Չարենցի հոր՝   Աբգար աղայի դեղնափայլ մազերի մեջ ու  փայտ ծախող  գյուղացու աչքերի մշուշում. հենց սա կարող էր լինել  նրա վերջնական հասցեն:  Բայց  Չարենցը ուզում է գտնել իրական, շոշափելի ու մարմնավոր Նաիրին, որ ավելի ճիշտ ոչ թե Նաիրի, այլ Հայաստան է կոչվում: Չարենցի օրերում՝ Խորհրդային Հայաստան: Եվ ըստ էության Չարենցը հրաժեշտ է տալիս Նաիրիին, դրանով նաև` Կարսին: Աշոտ Ոսկանյանն իր «Պատմությունը որպես ինքնահաղթահարում. Չարենցի ժամանակը» ուսումնասիրության մեջ ուշագրավ դիտարկում է անում, ըստ որի  Չարենցի հեռացումը անխուսափելի էր, բայց իր բառով պարտամուրհակը ենթակա էր վճարման. «Հետևողականությունը, որով Չարենցը հետամուտ է եղել երբևէ պատմական դեր խաղացած, բայց այժմ իրեն սպառած ֆենոմենի նկարագրությանը, որի շտկումը հնարավոր չէ այլեւս, բացատրվում է նրանով, որ Երկիր Նաիրին ոչ միայն քննադատություն էր, այլեւ հասունության հասած զավակի վերջնական հրաժեշտԻր «այլակերպ» վեպի  միջոցով Չարենցը վերադառնում է Կարս` նորից հեռանալու համար, բայց այս անգամ` հետեւողականորեն ցուցադրելով անցյալում մնալու անհնարինությունը եւ քայլ առ քայլ անցնելով  դեպի դուրս առաջնորդող ճանապարհը»[9]:

Կորստից  ազատվելու  ձգտումը

Ո՞րն է ելքը, այդ դուրս առաջնորդող ճանապարհը. չէ՞ որ բանաստեղծն ուզում էր ազատվել կորստի անտանելի զգացումից: Եվ Չարենցը  ցույց  է տալիս Հայաստան դարձած Նաիրիի հասցեն՝ աշխատանք ու հող: Մազութի Համոն Կարսում Արևմտահայաստանի փրկության ծրագրեր էր մտմտում և չէր նկատում, որ փրկվելու կարիք ունի հենց Կարսը: Այդպես էլ Չարենցը «անցյալում մնալու անհնարինությունը» հակադրում է ապագային: Նա տեսնում էր պետություն, որ թեկուզ իր օրերում խորհրդային բառը կցված ուներ,  բայց զառանցանք չէր, այլ` մարմնավոր:

Վեպ-ցնցում

«Երկիր Նաիրի»-ն վեպ ցնցում է: Չարենցը  արթնացնում է, թե տե՛ս՝ ես ու դու պարտված ենք, պատրանքներ մի ունեցիր: Չարենցը մահը մարդու ամենամեծ պարտությունն էր համարում, ուրեմն իր սիրելի Կարսի մահը՝ անկումը, հայ ժողովրդի պատմության ամենամեծ պարտություններից մեկը պիտի համարեր: Եվ երկվությունը ծնվում է հենց այստեղ, քանի որ  Չարենցն  էությամբ հաղթող էր,  բայց երակներում կրում էր պարտության պատմությունը:

Չարենցը թեպետ գրել է դեպքերի անմիջական ազդեցության տակ, բայց կա այն խորը հեռացումը, որ անհրաժեշտ է ցանկացած եղելություն օբյեկտիվ գնահատելու  համար: Ուրիշ հեղինակների դրա համար միգուցե պետք կլինեին տասնամյակներ: Պատմաբաններին տևական ժամանակ է անհրաժեշտ եղել խորապես ուսումնասիրելու համար Կարսի անկման հիմնական պատճառները: Իսկ Չարենցը վեպով անուղղակիորեն այդ հարցի պատասխանները տվել էր, գրեթե պատմագիտորեն ճշգրիտ առանձնացրել էր Կարսի անկման իրական պատճառները: Այստեղ պիտի հիշել զորավար Գարեգին Նժդեհին, ում այսօր երբեմն մեջբերում են իրար հակադիր գաղափարախոսության կրող խմբեր: Նժդեհը «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատություն մեջ, խոսելով Հայաստանի առաջին հանրապետության ու Կարսի անկումների մասին, նշում է . «Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները՝ կրկնեց հիմարություններ միայն… Կարսի ամոթը Հ. Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ՝ ողջ հայ ժողովրդի: Չափվում են, բախվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ՝ բովանդակ հայությունը, հայ ժողովրդի՝ իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին»[10]:

    Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում իրենից դուրս չի փնտրում պարտության  պատճառները, Մազութի Համոյից ու Մեռելի Ենոքից դուրս չի փնտրում: Ընդհանուր առմամբ Չարենցի ստեղծած նաիրցիների կերպարների մեջ կտեսնենք  այն անարի ու անմարտունակ ոգին, որ մասին գրում էր Նժդեհը: Ուստի բանաստեղծը Կարսի գաղթի առաջին շրջանի մասին կոպտորեն «նախիրների պես պուկ տալ» արտահայտությունն է անում:

Ֆենոմենը

Վեպի գլխավոր ֆենոմենը հայերենն է՝  կատարելության հասնող ուժեղ թափի: Նախորդ դարի երկրորդ տասնամյակում ստեղծված այս վեպը ոչ միայն իր այդ ցնցումով, այլ իր լեզվով չգերազանցված է մնացել: Պարզ ու հայտնի ճշմարտություն է, որ լեզուն կենդանի օրգանիզմ է և օր առ օր ապրում է, նորանում: Բայց ֆանտաստիկ է, որ Չարենցի թե՛ վեպի, և թե՛ բնականաբար պոեզիայի լեզուն չի հաղթահարվել ու մնում է բարձունքում: Այնքան հեշտորեն են վեպում փայլուն հայերենի հետ գոյակցում օտար բառերն ու տերմինները, («պերպետիում մոբիլիե, դե ֆակտո ու դե յուրե, նու, իդիոտ» և այլն) որոնց հայտնվելը գրականության տիրույթում առնվազն արտասովոր պիտի թվար: Վեպում հեղինակի ու կերպարների խոսքում հանդիպում են թե՛ բարբառաբանության, թե՛ ռուսաբանության ձևեր, բայց այդ բոլոր հոսքերով հանդերձ «Երկիր Նաիրի» վեպը  ինքը մշակել է գրական հայերեն:

Վեպի ստեղծման պատմությունից անտեղյակ ընթերցողը կկարծի,  թե կարդում է հեռավոր, մշուշում մնացած իրականության մասին, իսկ  Չարենցն էլ  միջնադարյան մի գրիչ է: Հենց այդ առավելության շնորհիվ Չարենցի վեպը նաև այսօրվա շունչը ունի:

Համաձայն ժամանակակիցների վկայությունների Չարենցը հրաշալի հռետոր էր, և ահա տեսնում ենք, որ «Երկիր Նաիրի» վեպն ունի հեղինակի հռետորական շունչը: Երբեմն թվում է, թե սա առանձին ընթերցանության համար նախատեսված վեպ չէ, այն  պիտի բարձրաձայն կարդալ դահլիճներում հավաքված եռացող ամբոխի համար, որ խոսքի է սպասում: Եվ  Չարենցը վեպի էջերում հաճախ է դիմում երկխոսության ընթերցողի հետ ու երբեմն էլ այդ իր ենթադրյալ խոսակցին՝ ընթերցողին, մի քիչ հեգնանքով կոչում է սիրելի: Սա պոետական վեպ է,  քսաներորդ դարի հանճարեղ պոետներից մեկի վեպը:

Ինչպե՞ս փրկել Կարսը, երբ այլևս անհնար է փրկել

            Չարենցն անկարող էր փրկել Կարսը, ինչպես Մազութի Համոն էր հանկարծ զգալու, որ իրավիճակն իրենից դուրս է արդեն կառավարվում, ու ինքն արդեն անկարող է ինչ-որ բան շրջել: Նա պիտի ճանաչեր պարտությունը, ազատվեր կորստի զգացողությունից, որպեսզի կարողանար նորը ստեղծել:  Կարսն անկում է ապրել,  արդեն գրեթե հարյուր տարի այնտեղ «նաիրցիներ» չեն ապրում, բայց Չարենցը կարողացավ գոնե գրականության անխլելի տիրույթում փրկել իր քաղաքը: Փաստորեն այս  առումով Չարենցը փրկել է Կարսը:

[1] Այս շրջանը կոչվել է «ձախ մոլորությունների շրջան». չափազանց ընթերցասեր Չարենցի վրա պատանի տարիքում մեծ ազդեցություն է թողել Տերյանի պոեզիան, սակայն հետագայում  «Ռոմանս անսեր»  պոեմի մեջ պիտի գրեր. «Հաճելի՞ է, չէ՞,
էլի ձեզ
Տերյանի երգը թքոտ:»

Ապա պիտի գար վերարժևորման շրջանը, ու Չարենցը կյանքի վերջին տարում պիտի գրեր.

«Մի՜շտ, երբ կարդում եմ Տերյանը,- Կարսն է հիշում իմ հոգին:
Իմ մանկությունն ու այգին հին,- իմ հայրենին ու նաիրյանը»…

[2] Հրանտ Թամրազյանն իր «Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը» ուսումնասիրության մեջ  քննում է այդ խնդիրը, Պատմա-բանասիրական հանդես, 1977, № 4, էջ 23-42, տես` http://hpj.asj-oa.am/2944/1/1977-4(23).pdf :

[3] Դանիելյան Վ, «Ձանձրույթը որպես կարսյան կեցության մետաֆոր ըստ Եղիշե Չարենցի եւ Օրհան Փամուկի վեպերի», տես` http://www.arteria.am/hy/1351856434

[4] Աղաբաբյան Ս., Եղիշե Չարենց. Գիրք առաջին, Երևան, 1973, էջ 407

[5]  Չարենց Ե., Երկերի ժողովածու չորս հատորով, Հատոր չորրորդ, Երևան, 1987, էջ  57:

[6]  Նույն տեղում, էջ 141

[7] Չարենց Ե., Երկերի ժողովածու վեց հատորով, Հատոր վեցերորդ, Երևան, 1967, էջ 404:

[8] Աղաբաբյան Ս. Բ., նշվ. աշխ., էջ 402:

[9] Աշոտ Ոսկանյան. «Պատմությունը որպես ինքնահաղթահարում. Չարենցի ժամանակը» էսսե, տես` http://www.arteria.am/hy/1328535111 :

[10] Նժդեհ Գ., Հատընտիր, Երևան, 2006, էջ 83-85

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *