Գիշերը Ռադին ինձ մոտ էր: Նա խարտյաշ էր առաջվա պես, իսկ նուրբ ու կլորավուն դեմքին ժպիտ էր խաղում: Աչքերն էլ առաջվանն էին՝ փոքր-ինչ երկչոտ ու անորոշ: Նաև նկատելի մորուք ուներ:
Նա առաջվա նման էր:
-Դու ախր մեռած ես, Ռա՜դի,- ասացի:
-Հա՜,- պատասխանեց նա,- խնդրում եմ՝ միայն թե չծիծաղես:
-Բայց ինչո՞ւ պիտի ծիծաղեմ:
-Դուք միշտ ծիծաղում էիք ինձ վրա, դա գիտեմ: Որովհետև ես տարօրինակ կերպով էի քայլում և դպրոցի ճանապարհին շարունակ խոսում էի տարբեր աղջիկների մասին, որոնց ընդհանրապես չէի ճանաչում: Դրա համար դուք միշտ ծիծաղում էիք: Մի քիչ էլ վախենում էի միշտ, ես դա շատ լավ գիտեմ:
-Վաղո՞ւց է, ինչ մեռած ես,- հարցրի:
-Չէ՜, չէ՛, -պատասխանեց:- Ձմռանն եմ զոհվել: Նրանք չկարողացան ինձ, ըստ կարգի, հողին հանձնել: Ամեն ինչ սառած էր: Ամեն ինչ քարի պես պինդ էր:
-Ա՛խ, հա՛, դու Ռուսաստանում ես զոհվել, չէ՞:
-Հա՜, հենց առաջին ձմռանը: Չծիծաղես, հաճելի չէ Ռուսաստանում մեռնելը: Ամեն ինչ այնքան օտար է ինձ: Ծառերն այնքան օտար են: Այնքան տխուր, գիտե՞ս: Հիմնականում լաստենիներ են: Շուրջբոլորս միայն տխուր լաստենիներ են: Քարերն էլ երբեմն հառաչում են: Որովհետև ռուսական քարեր են: Եվ անտառները գիշերները բղավում են: Որովհետև ռուսական անտառներ են: Եվ ձյունը ճչում է: Որովհետև ռուսական ձյուն է: Հա՜, ամեն բան օտար է: Ամեն ինչ այնքան օտար է:
Ռադին նստեց մահճակալի եզրին ու լռեց:
-Հավանաբար դու ամեն բան ատում ես միայն նրա համար, որովհետև մեռած ես, – ասացի:
Նա նայեց ինձ.
-Կարծո՞ւմ ես: Ա՞խ, չէ՛, ամեն ինչ չափազանց օտար է: Ամեն բան,- նա աչքը գցեց ծնկներին,- ամենը այնքան օտար է: Ես ինքս էլ:
-Ի՞նքդ:
-Հա՜, խնդրում եմ՝ չծիծաղես: Հենց այդպես: Պարզապես սարսափելիորեն խորթ է ամենը: Խնդրում եմ՝ չծիծաղես, դրա համար եկա քեզ մոտ: Ուզում եմ խոսել քեզ հետ:
-Ինձ հե՞տ:
-Հա՜, խնդրում եմ՝ չծիծաղես, հենց քեզ հետ: Դու ինձ լավ ես ճանաչում, չէ՞:
-Ես միշտ այդպես եմ մտածել:
-Կապ չունի: Կարծում եմ՝ դու ինձ շատ լավ ես ճանաչում իմ այս տեսքով՝ ոչ ինձ նման: Ինձ թվում է՝ ես այնպիսի տեսք ունեմ, ինչպիսին դու ինձ ճանաչում ես, չէ՞:
-Հա՜, դու խարտյաշ ես: Կլորավուն դեմք ունես:
-Չէ՜, հանգի՜ստ ասա, ես նուրբ դեմք ունեմ: Ես գիտեմ դա: Եվ…
-Հա՜, դու նուրբ դեմք ունես, որ ժպտում է միշտ ու լայն է:
-Հա՜, հա՛, իսկ աչքե՞րս:
-Աչքերդ առաջվա նման են՝ փոքր-ինչ տխուր ու արտասովոր:
-Մի՜ ստիր: Ես շատ երկչոտ ու անվստահ աչքեր եմ ունեցել, որովհետև չգիտեի՝ նրանք հավատո՞ւմ են աղջիկների մասին իմ պատմածներին: Իսկ հետո՞: Դեմքս միշտ անմազ է եղել, չէ՞:
-Չէ՜, դու այդպիսին չես եղել: Միշտ մի քանի խարտյաշ մազիկ ունեիր կզակիդ վրա: Դու մտածում էիր, որ այդքան էլ չի երևում: Բայց նկատելի էր:
Եվ Ռադին ծիծաղեց:
Ծիծաղեց:
Ապա նստեց մահճակալիս եզրին ու ափերով շփեց ծնկները.
Հա՜,- շշնջաց նա,- ես այդպիսին եմ եղել: Հենց այդպիսին:- Եվ հանկարծ երկչոտ աչքերը հառեց ինձ վրա:-Դու ինձ սիրաշահո՞ւմ ես, հա՞: Բայց խնդրում եմ՝ չծիծաղես, խնդրում եմ: Կգա՞ս ինձ հետ:
-Ռուսաստա՞ն:
-Հա՜, դա շատ կարճ կտևի: Միայն մի ակնթարթ: Դու ինձ լավ գիտես, խնդրում եմ:
Նա բռնեց ձեռքս: Կարծես ձյուն լիներ: Ամբողջովին սառը: Ամբողջովին երերուն: Ամբողջովին թեթև:
Մենք կանգնեցինք մի քանի լաստենիների մեջտեղում: Ինչ-որ լուսավոր բան կար:
-Ե՜կ,- ասաց Ռադին,- այստեղ եմ ես:
Մի մարդկային կմախք տեսա, որին ճանաչում էի դեռ դպրոցից: Իսկ կողքին դարչնականաչավուն մետաղ էր:
-Սա իմ պողպատե սաղավարտն է,- ասաց Ռադին,- այն ամբողջովին ժանգոտված է ու մամռակալած:- Ապա ցույց տվեց կմախքը,- խնդրում եմ՝ չծիծաղես, սա ես եմ: Դու կարո՞ղ ես դա ըմբռնել: Դու գիտես ինձ: Ասա՜՝ կարո՞ղ եմ ես սա լինել: Ի՞նչ ես կարծում: Չափազանց օտա՞ր է քեզ: Սա ես եմ: Բայց չեմ կարող հասկանալ: Սա չափազանց օտար է: Ոչ մի կապ չունի իմ նախկին կերպարանքի հետ: Չէ՜, խնդրում եմ՝ չծիծաղես, ինձ այս ամենը սարսափելիորեն օտար է այնքան, այնքան անհասկանալի, այնքան հեռու:
Նա նստեց մութ հատակին ու տխուր զննեց ինքնիրեն:
-Սա որևէ կապ չունի առաջվա կերպարանքիս հետ,- ասաց նա,- ոչ մի կապ, ընդհանրապես ոչ մի, – ապա մատների ծայրով ինչ-որ բան վերցրեց մութ գետնից ու հոտոտեց,- օտար է, ամբողջովին օտար:
Նա ինձ տվեց ձեռքերով վերցրած հողը: Այն ձյան պես էր, ինչպես մատները, որով քիչ առաջ բռնել էր ձեռքս՝ ամբողջովին սառը, ամբողջովին երերուն, ամբողջովին թեթև:
-Հո՜տ քաշիր,- ասաց:
Ես շնչեցի հոտը:
-Դե՞:
-Հողի հոտ է,- ասացի:
-Ե՞վ:
-Մի փոքր թթու: Մի փոքր դառը: Ճիշտ հողի հոտ ունի:
-Բայց օտար, ամբողջովին օտար: Եվ նաև՝ զզվելի, չէ՞:
Ես շնչում էի հողի հոտը: Այն սառը հոտ ուներ, երերուն ու թեթև: Մի քիչ թթու: Մի քիչ դառը:
-Լավ հոտ ունի, – ասացի,- ինչպես հողը:
-Զզվելի՞ է, օտա՞ր,- Ռադին նայեց ինձ երկյուղած աչքերով:-Այն նողկալի հոտ ունի, ինչպես դու:
Կրկին հոտ քաշեցի:
-Չէ՜, հողը առհասարակ նման հոտ ունի:
-Կարծո՞ւմ ես:
-Հաստատ:
-Դու այն նողկալի չե՞ս համարում:
-Չէ՜, այն, իսկապես, լավ հոտ ունի, Ռա՜դի: Մի անգամ էլ հո՜տ քաշիր:
Նա մի քիչ վերցրեց մատների արանքն ու հոտ քաշեց:
-Հողը առհասարակ նման հո՞տ ունի,- հարցրեց:
-Հա՜, հողը նման հոտ ունի:
Նա խորը շունչ քաշեց: Քիթը մտցրել էր ձեռքերն առած հողի մեջ: Ապա նայեց ինձ.
-Դու իրավացի ես: Այն բավական լավ հոտ ունի: Բայց խորթ է, երբ մտածում եմ, որ դա ես եմ, սարսափելի օտար է, ինչպես դու:
Ռադին նստեց ու հոտոտեց, մոռացավ ինձ ու շարունակ հոտ էր քաշում, հոտ էր քաշում, ու կրկին հոտ էր քաշում: Եվ օտար բառը աստիճանաբար ավելի քիչ էր արտաբերում: Արդեն շշուկով: Նա հոտ էր քաշում, հոտ էր քաշում, հոտ էր քաշում:
Տուն մտա ոտնածայրերիս վրա: Առավոտյան վեցն անց կես էր: Այգին ամբողջովին ծածկված էր ձյունով: Սառն էր: Երերուն: Թեթև: Ու հոտ ուներ: Վեր կացա ու հոտ քաշեցի: Հա՜, հոտ ուներ:
-Հոտը լավն է, Ռա՜դի,- շշնջացի:-Իրոք, լավ հոտ ունի: Հողի հոտ ունի: Դու կարող ես հանգիստ լինել:
Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի