Սիրելի եղբայր,
Առավոտյան 4:30-ից՝ ճապոնական բանակը սարսափելի ռմբակոծության ենթարկեց ռուսական պաշտպանական բնագծերը՝ մինչև 19:30: Գեներալ Նոգին վճռական է տրամադրված և գերվստահ է իր ուժերին:
16 տարի առաջ ես ուզում էի ԱՄՆ ռազմածովային ուժերի ակադեմիա ընդունվել: Բոլոր քննությունները բարեհաջող հանձնեցի, բայց մերժեցին՝ դու գիտես այդ պատմությունը: Իմ առողջությունը բավարար մակարդակի չէր:
Առայժմ այսքանը, ջերմորեն գրկում եմ, քո եղբայր՝ Չարլզ Ֆրանքլին:
6-ը օգոստոսի 1904 թվական:
Պորտ Արթուր
***
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի գլխավոր խմբագիր՝ Մայքլ Հենրի դե Յոնգին:
Պարոն դե Յոնգ
Դեպքերն այնքան արագ են զարգանում, որ ստիպված եմ նախորդ գրության հետևից միանգամից երկրորդը ուղարկել:
Գեներալ Նոգին սարսափելի համառ է և չի խնայում իր զինվորներին: Ռուսները հզոր ամրոցի են վերածել Պորտ Արթուրը, իսկ Նոգին ճակատային գրոհով կրծում է ռուսական դիրքերը:
Ժամը 20:00-ին ճապոնացիները գրավեցին Տակուշան բլուրը, իսկ օգոստոսի 9-ին՝ այսինքն այսօր՝ Հսուաոկուշանը: Որբերի բլուրները գրավված են:
Սպասեք հետագա հեռագրերի:
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի ռազմական թղթակիցը Պորտ Արթուրում՝ Չարլզ Ֆրանքլին:
9-ը օգոստոսի 1904 թվական:
Պորտ Արթուր
***
Սիրելի եղբայր,
Ճապոնացիները բավական նորարարական են գործում: Այսօր օդապարիկի միջոցով ֆոտոհետախուզություն են իրականացրել: Ռուսները փորձեցին խփել այն, բայց ապարդյուն: Կարծում եմ սա ճակատագրական նշանակություն կունենա պատերազմի հետագա ընթացքի վրա:
Երբ ինձ մերժեցին ընդունել ռազմածովային ակադեմիա՝ ես դարձա ռազմական լրագրող: Բայց սա այն գործը չի, որը ես կուզեի՝ դու գիտես: Լրագրողի գործը կարծես աղի լիճ լինի:
Սպասիր իմ հաջորդ նամակներին՝ թանկագին եղբայր:
Օգոստոսի 14, 1904 թվական:
Պորտ Արթուր
***
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի գլխավոր խմբագիր՝ Մայքլ Հենրի դե Յոնգին:
Պարոն դե Յոնգ
Օգոստոսի 19-ի արևածագին՝ գեներալ Նոգին դեռ համառում է: Հազարավոր զինվորների կյանքի գնով՝ նրան հաջողվում է մետր-մետր առաջ գնալ: Գնդապետ Տրետյակովը փորձեց պահել 174 Բլուրը, բայց չդիմացավ ճապոնացիների ճակատային և կողային գրոհներին: Բլուրն անցավ նրանց ձեռքը:
Նոգիի՝ մեծ զոհերի գնով առաջ գնալու տակտիկան, կայսերական ռազմական վերնախավին դուր չի եկել, և ռուսական հետախոզություն տվյալներով նրան փոխարինելու է մարշալ Օյամա Իվաոն: Առնվազն որոշակի հատվածներում:
Օգոստոի 19, Պորտ Արթուր:
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի ռազմական թղթակիցը Պորտ Արթուրում՝ Չարլզ Ֆրանքլին:
***
Սիրելի եղբայր,
Գիշերը սարսափելի հրետակոծության ենթարկվեցին ռուսական ամրակառույցները: Կայազորը մի փոքր խուճապի մատնվեց:
Սկսվել է Պորտ Արթուրի պաշարումը:
Ես դարձա ռազմական թղթակից: Արդեն 16 տարի է՝ փնտրում եմ թե ինչի համար կարելի է ապրել: Դեռ չեմ գտել պատասխանը: Իմ առողջությունը գնալով վատանում է: Երեկ կաթվածահար էի: Ռուս զինվորներին խնդրեցի մոտեցնել պատուհանին, որպեսզի տեսնեի մոտեցող ճապոնական ռազմանավերը: Ես տեսա դրանք:
Եթե ռուսները երկար դիմադրեն՝ կմեռնեմ պաշարված բազայում, հիվանդությունից: Եթե կարճ՝ նորից բազայում կմեռնեմ, բայց սամուրայի թրից: Չգիտեմ՝ ո՞րն է լավ:
Քեզ հավերժորեն սիրող ավագ եղբայր՝ Չարլզ Ֆրանքլին:
Սեպտեմբերի 19, 1904 թվական,
Պորտ Արթուր:
***
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի գլխավոր խմբագիր՝ Մայքլ Հենրի դե Յոնգին:
Պարոն դե Յոնգ
Ներեցեք, որ նախորդ հեռագրից հետո անցել է ավելի քան երկու ամիս: Ես ի վիճակի չէի ոչինչ գրելու: Ձեռքերս չէին շարժվում: Փառք Աստծո՝ այժմ նորից ոտքի վրա եմ՝ չնայած շատ թույլ:
Ճապոնացիները 227 կիլոգրամանոց հզոր ռումբեր են օգտագործում: Նրանք ձեռք են բերել հովիցերներ, որոնք 9 կիլոմետր հեռահարություն ունեն:
Պոլտավա, Ռետվիզան, Պերեսվետ, Պալլադա, Բայան, Սևաստոպոլ ռուսական ռազմանավերը խորտակված են: Ցարի խաղաղօվկիանոսյան նավատորմը այլևս գոյություն չունի: Ռուսների համար մեծ աղետն անխուսափելի է:
Դեկտեմբերի 10, 1904 թվական, Պորտ Արթուր:
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի ռազմական թղթակիցը Պորտ Արթուրում՝ Չարլզ Ֆրանքլին:
***
Սիերլի եղբայր,
Այստեղ ձյուն է և մահ: Չափազանց ցուրտ է: Ես դեռ չգիտեմ՝ կմեռնեմ հիվանդությունից, թե սամուրայի թրից, քանզի հիվանդությունս շատ արագ է խորանում, այնպես ինչպես ճապոնացիներն են մոտենում հաղթանակին:
Խնդրում եմ մեկ անգամ էլ անցիր Ժասմինի տան մոտով: Ես նրա համար ոչինչ եմ: Ընդամենը մեկ ամիս եմ հետը շփվել՝ 12 տարի առաջ: Միամտություն է այդ շփումին մեծ տեղ տալը: Բայց ինձ համար միակ սփոփանքը՝ աղջկա հետ մեկ ամսյա շփումն է: Նա անկասկած երեխաներ կունենա արդեն: Եթե տեսնես նրա ամուսնուն կամ երեխաներին՝ ինձ չասես դրա մասին: Ինձ համար աղջիկը դեռ ամուսնացած չէ և երբեք էլ չի ամուսնանալու: Իմանալ դրա մասին կամ չիմանալ՝ երկու դեպքում էլ ծանր է:
***
Ժասմին, հիշու՞մ ես այն կարմիր կակաչները: Իսկ նրանց բու՞յրը… հետո հասկացա` նրբագեղ աղջկա կարմիր բուրմունքն էին, որ կարելի էր զգալ` շրթունքները քո սպիտակ բազկին վտանգավորության չափ մոտեցնելուց հետո միայն։ Դրանք շրթունքներով զգալու բույր էին։
Ես երջանկանում եմ երբ տեսնում եմ քո արտասովոր գեղեցկությունը։ Եթե մեռած եմ լինում՝ վերակենդանանում եմ նորից, միայն քո տեսքից։
Շատ մանրամասն գիտեմ քո սիրունությունը։ Գիտեմ թե ինչպես է մաշկդ ծալվում երբ թեքում ես տաք պարանոցդ։ Ոչ մի ուրիշ աղջկա հետ չեմ շփոթի։ Գիտեմ ինչպես են շուրթերդ շարժվում խոսելիս` որքան վերև, որքան թեք։
Ճանաչել եմ հուզմունքդ` ամեն տատանումով։ Գիտեմ ինչից սիրտդ կթպրտա, երբ կուրախանա, երբ կվազի ու կնվազի։
Տեսել եմ՝ ոնց ես կարոտում, վախենում ու խուճապի մատնվում։ Ամեն ինչ էլ գիտեմ։
Ափսոս, չեմ կարող դրանց մասին պատմել քեզ։
Էլ չի լինելու ինչ-որ մեկը, որ կնկատի պարանոցիդ ծալքի գեղեցկությունը ու կտեսնի, որ չափազանց նրբորեն է այն մտնում մազերիդ հետևը։
Ես քեզ սիրում եմ դեռ: Դու չկաս էլ: Մնացել է արտաքին մի պատկեր, որ չի թողնում սերս մարի: Չգիտեմ ՝ քո էությու՞նն է ինձ դեռ կապած պահում, թե արտաքինն է անընդհատ հիշեցնում ինչ-որ բան: Մնացել եմ ճամփին մոլորված: Վստահ եմ՝ ուրիշների հանդեպ սերս իսկույն կմարի՝ հենց քեզ տեսնեմ նորից: Միայն քեզնից ավելի զորեղ աղջիկը կարող է տանել ինձ ու հիմնավոր մոռացնել տալ քեզ:
***
Իմ լավ եղբայր, մեր հյուպատոսի միջոցով, քեզ ուղարկում եմ սամուրայական թուրը, որը դեռ օգոստոսին՝ սպանված զինվորից էին խլել ռուսները:
Կնվիրես որդուդ՝ իմ կողմից:
Ես կարոտում եմ քեզ և Ժասմինին: Երկուսդ էլ ինձ համար այն եք՝ ինչ-որ կայիք 12 տարի առաջ: Իմ կյանքը կանգնել է այդ ժամանակ:
Քո եղբայր՝ Չարլզ Ֆրանքլին:
Դեկտեմբերի 10, 1904 թվական, Պորտ Արթուր:
***
Սան Ֆրանցիսկո Քրոնիքլի գլխագիր, հունվարի 4-ը, 1905 թվականի:
«Պորտ Արթուրի հինգամսյա պաշարումն ավարտված է: Նրանք հանձնվեցին:»
Հ. Գ.
«Մեր ռազմական թղթակից՝ Չարլզ Ֆրանքլինը, մահացել է հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը, ճիշտ այն օրը, երբ ռուսական հրամանատարությունը ստորագրեց հանձնվելու մասին փաստաթուղթը: Նա սպանվել է սամուրայի թրից՝ ռուս զինվորի ձեռքով, երբ հիվանդությունից մահամերձ՝ պառկած էր ամրոցի ձյունածածկ պատին:»