Արդի հայ գրականությունը՝ գերմաներեն

«ԲԱՎՅՈՒԼՈՆ» գրականության եւ արվեստի գերմանական հեղինակավոր հանդեսը (Լուդվիգսբուրգի «ՊՈՊ-Ֆերլագ» հրատարակչություն) անցյալ տարվա իր վերջին համարում ընդարձակ տեղ է հատկացրել արդի հայ գրականությանը: Հանդեսը բացվում է Սեւակ Արամազդի ներածական հոդվածով, որտեղ նա ամփոփ կերպով գերմանացի ընթերցողին է ներկայացնում հայ գրականության վերջին հարյուր տարվա ընթացքի ընդհանուր պատկերը՝ 20-րդ դարի սկզբից մինչեւ մեր օրերը: Պատմաքաղաքական խորապատկերին համահունչ (Ցեղասպանություն, Հայաստանի խորհրդայնացում, Անկախություն, Արցախյան պատերազմ եւ Թավշյա հեղափոխություն), հոդվածում փորձ է արվել բնութագրելու հայ գրականության զարգացման փուլերը՝ ըստ դրանց հավաքական կամ անհատական արտահայտության (20-րդ դարասկիզբ, Եղիշէ Չարենց, Պարյուր Սեւակ, Հրանտ Մաթեւոսյան եւ հայկական հետարդիականություն (պոստմոդեռնիզմ)): «Ինչպիսին մի ժողովրդի ճակատագիրն է, այնպիսին էլ նրա գրականության ճակատագիրն է»,- շեշտում է հոդվածի հեղինակը:
Հանդեսը հրապարակել է Վաչե Պետրոսյանի, Մանվել Միկոյանի, Հարություն Հովակիմյանի եւ Սեւակ Արամազդի բանաստեղծություններից մի փունջ, ինչպես նաեւ Աննա Քոչարյանի Մեծ եղեռնի թեմաներով գրված պատմվածքը: Հեղինակների եւ նյութերի ընտրությունը, ինչպես նաեւ ստեղծագործությունների թարգմանությունը կատարել է գերմանացի բանաստեղծ, թարգմանիչ, սլավոնական բանասիրության դոկտոր տիկին Բեթինա Վյորմանը: Մինչ այդ հայ գրողների գործերը հնչել են նաեւ գերմանական «Ռադիո-Բլաու» ռադիոյի՝ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հաղորդման ժամանակ եւ վերասփռվել Բանաստեղծության համաշխարհային օրվա առթիվ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *