Պարտադիր չի ինքդ մեռնես, կարևորը մեռնելու որոշում կայացնելն է:
Ժան Ռիգո
Սպանել ընթերցողին: Նրա ներսում չկա ըմբռնում, նա հավերժ ցուցամոլ է ու բոզ: Երբ դրսում ընթերցող եմ տեսնում, ներսումս ցանկություն է առաջանում թքել նրա վրա, արյունլվիկ անել նրան ու նրա պզուկոտ դեմքով սրբել ասֆալտը: Ես ինքս, երբ դրսում կարդում եմ, չափազանց մոտ եմ կանգնում ինքնասպանությանը, ես դա անում եմ հանուն տագնապի, ինչպես հարբած սերֆինգիստն է մտնում մահացու ալիքի մեջ: Ընթերցանությունը ծայրահեղականության ծայրահեղ դրսևորում է։ Այսօր, երբ ինչ-որ մի պզուկոտ լակոտ Google-ի օգնությամբ կարող է ինձ ծալել Բեկոնի (բեկոնի) մասին իր գիտելիքներով, մանավանդ եթե քիչ թե շատ անգլերեն գիտի, ընթերցանությունը մնում է միակ ապաստանը, ուր ես (կամ դու) հավակնում եմ մնալ աննկատելի: Ամեն մի նոր վերապրում մի նոր քար է դառնում այդ ապաստանի համար, և ամեն մի մոռացում գլորում է այդ քարերը քո ուղությամբ, դու դեսուդեն ես վազում` ի վերջո մոռանալով ընթերցմանը ենթակա ամեն բան, մարմինդ հանձնում քարերի հոսքին, արունլվիկ, ճխլված ամորձիներով դու քարշ ես գալիս ցեխերի միջով ինչպես բեքեթյան մի հերոս, ու ժամանակ առ ժամանակ քո աչքերին են ընկնում այս կամ այն ընթերցումը գովազդող պաստառներ, որոնք անհատակ դագաղների պես իրենց մեջ են ներծծում փոքրիկ վազվզող երեխաների: Դաժանության թատրոնը հանդիսատեսին տեղավորում էր դահլիճի կենտրոնում և նրանց շուրջ կառուցում իր խաղը, իսկ այժմ հանդիսատեսին, որը այս դեպքում կարող է ընթերցողը լինել, պետք է տեղադրել փլատակների մեջ՝ մի կամայական վայրում, ու անընդմեջ կրակել նրա ուղղությամբ, կարևոր չէ, թե դրանք ինչի փլատակներ կլինեն, կարևորը դրանց առերևույթ անսահմանությունն ու անընդհատ կրակոցներն են, որոնք նրան պետք է հիշեցնեն, որ պետք է թաքնվի, գլուխը խցկի մի ապահով տեղ, այլապես շուտով վարի կգնա: Դուք մտածում եք, որ ոչ ոք չի վտանգի իր կյանքը հանուն այդ տարօրինակ թատրոնի, ուրեմն ոչ ոք երբեք իրականում չի ընթերցի, քանզի ցանկացած իրական ընթերցում հավասար է սպանության. դու կա՛մ սպանում ես հեղինակին, կա՛մ տեքստը, կա՛մ ինքդ քեզ, կա՛մ էլ(շատ հազվադեպ է պատահում)՝ երեքին միանգամից: Հույն պոետ Կոստաս Կարիոստակիսը, լինելով լավ լողորդ, նետվելով ծովը, ապարդյուն ցանկանում էր ինքնասպան լինել, հաջորդ օրը փողոցով քայլելիս նա կանգ առավ մի ծառի տակ ու կրակեց գլխին, իսկ Ֆրանսիացի Ժան Ռիգոն, որը նույնիսկ ինքնասպանության գործակալություն էր ստեղծել, որպեսզի օգնի ինքնասպաններին կյանքին հրաժեշտ տալ ժամանակակից եղանակներով `ասենք օծանելիքային թունավորմամբ, հազար ու մի եղանակ փորձելուց հետո, երևի գիտակցելով, որ ավանգարդն արդեն մեռել է, խփում է իրեն գլխից: Ինչպես տեսնում եք՝ ամենից հեշտ ու աշխատող տարբերակը գլխից խփելն է, երբ դու ընթեցում ես (ընթերցել ու ընթրիք բառերն իմ ներսում նույն խլրտոցն են առաջացնում) դու ինքդ քեզ սպանելու հազար ու մի փորձ ես անում. երբեմն ձեռնաշարժությամբ ես զբաղվում, երբեմն կրծում եղունգներդ, պոկում մազերդ, մատ ծծում, դու կախարդված ես, մի քիչ էլ ու կսպանես քեզ, կկտրվես, կհասնես գլխիդ, բայց ինչ- որ մի բան խանգարում է, դու վախենում ես կորչելուց, դու վախկոտ ես ինչպես Կոստասը, որը լինելով լողորդ, ուզում էր խեղդվել: Ո՞րն է գլխից խփվելու գաղտնիքը և արդյոք պետք է գնալ այդ քայլին, կգտնվի՞ ընթերցող, որը ինքնասպանների ֆաբրիկա ստեղծող Պիեր Բորելի պես այնպես կհիասթափվի ընթերցանությունից, որ մարմինը կթաղի Ալժիրի ավազներում` գլուխն այնքան երկար թողնելով արևի կրակոցների տակ, մինչև աչքերից դուրս թափվի ընթերցված ողջ կյանքը: Եթե դու կարդում ես, որովհետև լսել ես, որ բոլոր խելացի մարդիկ կարդում են, կամ, որ բոլորը խոսում են այս կամ այն գործի մասին, կամ չկարդալը ամոթ է, կամ որ ամառանոցում ձանձրույթի կծկումների ընթացքում պատուհանագոգին պատահմամբ գիրք ես տեսել, ուրեմն դու երբեք չես կարող քեզ գլխից խփել, ամենամեծ բանը, որ կարող ես անել պեդոֆիլ դառնալն է, որովհետև դուք երկուսդ էլ սիրում եք փոքրիկ, անպաշտպան երեխաների, մանավանդ, երբ նրանք չգիտես թե որտեղից հայտնվում են ձեր կորած ամառանոցներում:
Ընթերցողն այն մարդն է, որը, կարդալով Անանունը, հասկանում է, որ ինքն էլ կարող է ու պետք է այդպես գրի, պարզապես հավես չունի, տրամադրություն չունի, փող չունի, գրիչ չունի, ոչինչ չունի: Երբ հեղինակը ցանկանում է գերազանցել ինքն իր տեքստը, նա դառնում է ընթերցող. դառնալով ընթերցող` հասկանում, որ ինքն էլ կարող էր այդպես գրել ու գիտակցելով, որ հենց ինքն էլ գրել է, գլխից խփվում է(կամ սրտից): Դուք կարող եք հարցնել, թե ինչո՞ւ ամեն ինչ այդքան բարդացնել, չէ որ կյանքը հրաշալի է, իսկ դուք հաջողակ, իսկ ես( կամ դու)կպատասխանեմ, որ դուք ճիշտ եք, ամեն ինչ հրաշալի է, հիասքանչ է, ես ձեզ կհրավիրեմ ընթրիքի, և եթե ձեր մեջ քիչ թե շատ համակրելի կին լինի, կհամբուրվեմ նրա հետ, կլսեմ նրա հիմար պատմությունները, կձևացնեմ, որ ինձ հետաքրքրում է աշխարհի ճակատագիրը, նրա հետ սիրո մասին կինո կնայեմ, կհուզվեմ, գիրք կնվիրեմ (այն, որ երբեք չեմ կարդալու), ու մի օր էլ, երբ նա կցանկանա տեսնել ինձ իր կողքին, նրանից պարտքով գումար կվերցնեմ ու կանհետանամ: Դուք կարող եք պնդել, որ իմ արածը սրիկայություն կլինի, բայց ես ընդամենը կապացուցեմ, որ ամեն ինչ հիասքանչ է միայն ինձ(կամ քո) համար, այլ ոչ նրա, ով խոսում է այդ մասին` չգիտակցելով, որ գլխից խփվածները արդեն վաղուց անցել են հիասքանչի սահմանները, նրանց համար հիմա ամեն ինչ ավելի պարզ է ու սառը: Հիմա, երբ փողոցում այսքան ձայներ կան, այսքան գույներ, աչքեր, ֆուտուրիզմ, տուրիզմ, ալտրուիզմ, արժի արդյոք գլխի՞ց խփվել: Ես դրա փոխարեն կառաջարկեի մի քանի կոճակ ուժեղ քնաբեր ընդունել ու մի լավ քնել. արթնանալուց հետո թվում է, թե ինչ- որ մի գերբնական ուժ է քեզ հարություն տվել, դու դառնում ես մոլի հավատացյալ ու փրկվում: Հեռու մնացեք սառը երկաթե իրերից, մանավանդ, եթե դրանք հնարավոր է ընթերցել, դրանցով ամառանոցներում բռնաբարված երերեխաները միլիոնավոր գանգեր են փշրել, և եթե ինչ -որ մեկը ձեզ հրավիրի ընթրիքի, նախապես ճշտեք՝ ընթրիքը մերկ է լինելու, թե հագնված, այս կյանքը, ինչքան էլ որ ցավալի է, մանրուքները ճշտելու արդյունք է: Այս տեքստի տարատեսակ ընթերցումները կանխելու համար ես վաճառում եմ իմ գրադարանը, Kindle-ը, համակարգիչս և ինքս ինձ հրավիրում եմ ընթրիքի, ուտելու ընթացքում հիշում եմ, որ ընթրիք ու ընթերցել բառերն իմ ներսում նույն խլրտոցն էին առաջացնում, և քանի որ ես դեռ չեմ որոշել սրբանալ` հրաժարվելով սնվելուց, վերջացնելով ընթրիքս սկսում եմ աշխատանք ման գալ, որ ինքս ինձնից ժամանակի ընթացքում գոնե գնեմ գրադարանիս մի մասը, kindl-ը, համակարգիչը, մի գեղեցիկ ատրճանակ և եթե հաջողվի վերադարձնեմ այն կնոջ պարտքը, որը արդենք քանի տարի է հանգիստ չի տալիս ինձ: