Գուրգեն Խանջյանի՝ օրերս լույս տեսած նոր վեպը՝ «Ներսուդուրս»-ը, հետաքրքիր կառուցվածքով, նոր կոնցեպտուալ մտածողության դրսևորում է, ինչ-որ տեղ, անգամ, փորձարարական վեպի նմուշ:
Գրականությանը քաջ հայտնի են զուգահեռ պատմություններ ներկայացնող, զուգահեռ բովանդակություններ ունեցող վեպեր, որոնք, վիպական իրադարձությունների զարգացման որևէ փուլում խաչաձևվում են, հատվում իրար հետ, և, որ ամենահաճախն է հանդիպում, վիպական իրադարձության հանգուցալուծման ժամանակ գումարվում իրար՝ ընթերցողի համար առավել հասկանալի դարձնելով երկու սյուժեների զուգահեռ նկարագրությունների դրդապատճառները:
Դառնալով Խանջյանի վեպին՝ անհրաժեշտ է նշել, որ, ըստ էության, մենք այստեղ ականտես ենք լինում հնարանքային նոր իրացման. վեպ, որը այնքան էլ մեկ ամբողջություն չէ: Կառուցվածքային առումով այն բաղկացած է իրար հաջորդող գլուխներից, սակայն այս զուգահեռ իրականությունները (ներսը և դուրսը), իրարից անջատ, իրարից տարբեր, իրար զուգահեռ զարգացող և առանձնապես կենսունակ պատմություններ են: Եթե փորձենք տրվել հետաքրքրասիրությանը և ընթերցենք վեպի կա՛մ յուրաքանչյուր կենտ գլուխները՝ 1-3-5…, կա՛մ յուրաքանչյուր զույգ գլուխները՝ 2-4-6…, ապա կտեսնենք, որ, իրապես, սրանք իրարից անջատ երկու վեպեր են, որոնք լիովին կենսունակ են առանց իրար: Գրողական խարդախությո՞ւն… չեմ կարծում:
Հետաքրքրական մի երևույթ ևս. բոլոր այն հերոսները, որոնք հանդիպում են կենտ գլուխներում, գրեթե չեն հանդիպում զույգերում, իսկ եթե, այնուամենայնիվ, հանդիպում են, ապա այնքան հպանցիկ կերպով, որ անգամ կարող ենք չնկատել: Դիցուք՝ ձորի կնոջ կերպարը, որ անընդհատ մեզ է հանդիպում կենտ գլուխներում, գրեթե չի հիշատակվում զույգերում, իսկ այն ժամանակ, երբ գլխավոր հերոսը այցելում է գերեզմաններ, այդպես էլ չի բացում մեզ համար, թե ով էր այն ծանոթ կինը, ում գերեզմանին նա եկել է, այնինչ նախորդող զույգ գլխում հեղինակն արդեն պատմել էր, որ ձորի կինը մահացել է:
Այսինքն տեսնում ենք, որ Խանջյանը, կարծես, միտումնավոր կերպով թողել է այդ բացը երկու զուգահեռ պատմությունների մեջ, պահպանել է դրանց կենսունակության հնարավորությունը, վերջնականապես չի կապել ներսը և դուրսը՝ յուրաքանչյուրին թողնելով ինքնաիրացման որևէ տարածություն:
Դառնալով առհասարակ վեպի կառուցվածքին և այս անընդհատական հերթագայությանը՝ ներս-դուրս-ներս-դուրս՝ պետք է նկատենք, որ ներսը, ըստ էության, աընդհատ կապվում է գլխավոր հերոսի հիշողության հետ, վերհուշի հետ, մանկության հետ, հայրական կերպարի տեսիլքների հետ, իսկ այն, ինչ երևում է դրսում՝ հերոսի շուրջը տեղի ունեցող գործողություններն են, առօրյան, առօրեկանը:
Խոշոր հաշվով, եթե ընդհանրացնենք, ներսն անցյալն է, դուրսը՝ ներկան: Եվ ներկայի ու անցյալի այս անընդհատ հաջորդականության մեջ հերոսը, որ տարբեր ապրումներ ու զգացողություններ է որսում, տարբեր մարդկանց հետ է առնչվում, այդպես էլ չի գտնում իր տեղը:
Սա, խոշոր հաշվով, ժամանակակից, ինչու ոչ, նաև ժամանակավրե՛պ հերոսի անընդհատ փնտրտուքն է, նրա ապրելու, կյանքը շարունակելու ձգտման արտացոլումը:
Վեպում ներկայացվում են հեղափոխոխական տեսարաններ, երբ հերոսը, ինքն իրեն պոկելով վերհուշներից, մտնում է իրադարձությունների էպիկենտրոն, սակայն ոչ և ո՛չ ընդհանուր արժեքների, հեղափոխության հաջողության համար, այլ ի՛ր համար, կյանքի հետաքրքրությա՛ն համար, աղջիկներին հպվելո՛ւ համար, անկողին մտնելո՛ւ համար: Էգոցենտրիկ այս հերոսը, որը թքած ունի և չի էլ հավատում որևէ հեղափոխության, ասում է, որ ինքը պղտոր ջրում ձուկ պիտի որսա: Հենց սա՛ է հերոսի տիպը. անտարբեր, եսակենտրոն, իր ժամանակի հետ անընդհատ կռվի մեջ, անհամերաշխ հերոս, որն իրեն անընդհատ տանում է բազում փորձությունների՝ հաստատելու սեփական ընտրյալությունը, ապացուցելու ինքն իրեն, որ դեռ ողջ է, դեռ ամուր է, դեռ երիտասարդ է:
Խանջյանին արդեն բնորոշ, անընդհատ շարժման մեջ գտնվող հերոսը, որը հեղինակի տարբեր վեպերում ու պատմվածքներում կարծես երևում է, այս դեպքում արդեն գնում է ոչ թե դեպի տարածության տարբեր կետեր՝ բացահայտելու որևէ նոր բան, այլ դեպի ներս, անընդհատ՝ դեպի ներս, անխոնջ՝ դեպի ներս: Ներսի այս փնտրտուքը, ներսը բացահայտելու անհագ ծարավը թույլ է տալիս կարծել, որ ժամանակակից հայ հեղինակը կարծես գնում է էքզիստենցիալ ուղիներով, բազում ներտեքստային հղումներով աստվածաշնչին, աստծո գոյությանը, նրա հանդեպ մեկ-մեկ հեգնանքով, մեկ-մեկ հարգանքի խոսքերով, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ լոկալ, տեղայնացված. միայն հային հասկանալի կերպարներով, հղումներով՝ Արտավազդ շիդարից մինչև հողափոխական մեծամիտ դեռատի տղայիկներ:
Ոչինչ չփոխող, որևէ բան փոխելու ձգտում իսկ չունեցող այս հերոսը թույլ է տալիս հասկանալ հայ հասարակության տիպը, դրանում տեղ գտած ռոքային մարդուն, ով մարտահրավեր է նետում ժամանակին՝ համարելով դրանք զուտ թվեր, դատարկ թվեր, որոնք ոչինչ չեն նշանակում:
Փաստորեն, Գուրգեն Խանջյան, Ներսուդուրս, անցյալ ու ներկա, անհամերաշխություն, ծաղրի վերածվող հեղափոխություն, դրսում ապրող, բայց միշտ դեպի ներս հոսող հերոս, զուգադրավեպ՝ զուգահեռ սյուժեներով, առանձնապես կենսունակ բաժիններով: