Ես երեկ առաջին անգամ մարդ եմ սպանել: Այդպես էլ գիտեի՝ աշխատեց: Պատկերացնում եք տեքստը սկսեի՝ ես ֆրանսուհի եմ, կամ ես էլֆ եմ, կամ Մերիլին Մոնրոն հայ էր: Առաջին երկուսը, որքան էլ ինձ համար հավաստի են, ուշադրության չէին արժանանա ձեր կողմից, իսկ երրորդի նման լուրերի նկատմամբ բոլորիս ականջներն էլ դիմադրողականություն են ձեռք բերել: Բայց ոստիկանության համարը մի փորձեք հավաքել. ես նրանց կաշառել եմ:
Իրականում ես երեկ առաջին անգամ մտածեցի ֆիլմի սցենար գրելու մասին, ինչպես անում են բոլոր կինովերլուծաբանները, կինոլրագրողները, կինոքննադատները և մարդիկ, որոնք, պատմում են շատ սովորական պատմություններ, բայց հավաստիացնում են՝ «էսպիսի բան մենակ ինձ հետ կարող էր պատահել, արժի սցենար դարձնել»: Ես առաջիններից էի: Գիշերը, երբ աղմկոտ հարևաններս ավարտում են իրենց բոլոր գործերը՝ սոխառածը վառելը, երեխաներին քնեցնելը, ջուր թափելը, թափելը, և ես վերջապես ունենում եմ ժամանակ՝ մտածելու երկրագնդի փրկության և կոնֆետի թուղթն առանց ճռճռացնելու բացելու մասին, հանկարծ հիշեցի, որ տարիներ առաջ Երևանում գործող կինոդպրոցներից մեկն ընդունվելու համար անհրաժեշտ էր պատասխանել մի հարցի, թե ո՞ր ֆիլմն է ձեզ բերել կինեմատոգրաֆ: Իմ պատասխանը ՝ ես նախորդ կյանքում եղել եմ հաստ կոնքերով կին և այնպիսի զզվանք եմ առաջացրել Լյուիս Բունյուելի մոտ, որ նա ինձ սպանելուց հետո սկսել է ֆիլմեր նկարել՝ այդպիսով ապաշխահելով Աստծուն, որի գոյությանը խիստ կասկածանքով էր մոտենում, կտրեց ինձ քննությունից և ես որոշեցի անցնել Դալիի կողմն ու նկարել որքան հնարավոր է անտրամաբանական նկարներ և ներկայացնել դրանք որպես գլուխգործոցներ՝ անհասու մարդկային մտքին: Ու թեև կտավներս վատ չէին վաճառվում, գումարն էլ բավարար էր սուրճ և ծխախոտ գնելու համար, այնուամենայնիվ, կինոն շարունակում էր մնալ իմ՝ Պոլետ դը Անտանելիիս գլխավոր կիրքը, և ես մտածեցի. «Այս ձեռքերը, Պոլետի ձեռքերը, ստեղծված են գրչի համար»: Ես ոտքերս դուրս հանեցի անկողնուցս, որի տակ բնակվող հրեշները վաղուց է՝ ընկերացել են իմ մեջ բնակվող գազանների հետ, նստեցի առանց բռնակների բազկաթոռիս վրա և վերցրի նկարիչ պապիցս ժառանգություն անցած նոթատետերս:
Առավոտյան, երբ երկնքի մի հատվածը դուրս էր եկել խավարից, իսկ իմ աչքերը տիեզերական սև խոռոչների էին վերածվել, գրիչը ձեռքումս էր, իսկ նոթատետրի մեջ ոչինչ գրված չէր, բացի «Այո»-ից: Սպիտակ էջ ու կենտրոնում փոքրիկ տառերով՝ այո: Բայց ես Յոկոն չեմ ու Ջոն Լենոններ այլևս չեն ծնվում: Եվ այդ մեկ «Այո»-ն բավարար էր հասկանալու համար, որ ես կյանք չունեմ. այսպիսի բան միայն ինձ հետ կարող էր տեղի ունենալ:
Ես ստիպված էի հերթական ոճրագործույթունը անել՝ գողանալ: Գողանալ պատմություններ, կյանքեր, հույզեր, փոփոխել դրանք՝ Արմանը դարձնել Թոմազո, Երևանը՝ Դուբլին, իջեցնել օդի ջերմաստիճանը, կայունացնել աշխարհընկալումները և գրել անհավանական պատմություն իմ կատվի, քաղաքի, այնտեղ ապրող մարդկանց կամ իրենց սիրո մասին, որը թռչունների ընթացքին է նման՝ անհասկանալի թրթիռով և նուրբ անորոշությամբ:
– Պոլետ, դու շատ ավելի հետաքրքիր բան կարող ես գրել, քո պատմությունը: Վերջապես Իտալիա գնա, գուցե մի խոհարարի հանդիպես, ինչպես միշտ երևակայել ես: Գնա և գտիր քո Ումբերտոյին, այ թե պատմություն կլինի,- ես որոշել էի գրել իմ լավագույն ընկերուհու՝ Ժերալդին դե Վատաֆակի սիրո պատմությունը, որը երկար ժամանակ է ինչ հանդիպում է Թոմի հետ, ուղիղ երկու շաբաթ: Միտքս, սակայն, ոգևորությամբ չընդունվեց:
– Միայն ոչ Ումբերտո: Ժերալդին, քո ու Թոմի պատմությունն անհավնական է,- արտասանեցի ես, բայց մտածում էի՝ Ժերալդին, ես պատմություն չունեմ:
– Պոլ, երբ առաջին տղամարդը գրանցվեց Ֆեյսբուքում և մեկնարկեց օնլայն ֆլիրտի մարաթոնը, այդ օրվանից օնլայն ծանոթությունները անհավնական չեն: Անգամ վիճակագրություն կա. ներկայիս զույգերի 20 տոկոսը համացանցի միջոցով են ծանոթացել:
– Ռոմանտիզմ եթե եղել է մեջդ, իսպառ վերացել է. բա անձրևը առաջին ժամադրության ժամանակ:
– Ըհը, լավ սառել էինք, որովհետև իմ ճանաչած միակ մարդը, ով միշտ տեղյակ է եղանակի տեսությունից, տնից դուրս գալուց առաջ իմ հարցին՝ ի՞նչ եղանակ է լինելու այսօր, պատասխանեց՝ արևային, ինչպես քո հոգին:
– Լավ էլ միտք է, սպասիր գրեմ նոթատետրումս:
– Չանես նման բան: Յոկոն աչքիս լույսը չէ, բայց սպիտակ թղթի վրա գրված «Այո»-ն ավելի բովանդակալից է, քան իմ «արևոտ հոգին»,- ասաց Ժերալդինը՝ ծնկերիս վրա բացված նոթատետրն իր փոքր ու նուրբ ձեռքերով մի կողմ դնելով,- Պոլ, երևի եկել է սիրահարվելու ժամանակը:
Իմ միակ սերը եղել է իմ առաջին սերը՝ Արտուշը, ում անունի անմխիթար հակաէսթետիզմից էլ ի հայտ եկավ մարդկանց անունները փոխելու մոլուցքը:
Ժերալդինն իմ ընկերուհին է, բայց ես վստահ չէի, որ ռոմանտիկ ֆիլմի սցենար գրելու համար ինձ անձնական փորձառություն է պետք: «Ես հրաշալի խաբում եմ, երևակայություն ունեմ, որի մասին երազել կարելի է, կտավներս դա կփաստեն», մտածում էի՝ կարծելով, որ այդքանը բավարար է: Բայց օրերը գնում էին, կտավների վրա անընդհատ գույներ էի ավելացնում, բայց «Այո»-ն մեն մենակ էր սպիտակ դաշտում, որին արյուն էր հարկավոր:
Վերջին գործը պատրաստ էր, կիրակի պետք է տանեի Վերնիսաժ, կախեի այն ծառից, որին ժամանակին պապս էր իր կտավները հարմարեցնում:
– Էս անգամ ավելի լավ է ստացվել, ստվերները լավ բռնացրել ես պապիկի թոռնիկ,- նկարս մոտ 30 րոպե զննելուց հետո հայտարարեց Վանիկը, գեր և մերկ կանանց սիրահար նկարիչը, ով իր նկարները հարմարեցնում էր իմոնց կողքին:
– Իսկ իմ կարծիքով այս նկարի տրամադրությանը ընտրածդ գույները համապատասխան չեն,- վստահ էր Գալուստը, ով անգամ չէր էլ նայում կտավին, պարզապես առիթ էր փնտրում Վանիկի հետ վիճելու, որովհետև վստահ էր՝ Վանիկն իրենից վատ նկարիչ է, բայց ավելի թանկ է նկարները վաճառում (հետաքրքիր է՝ ինչու նրանց անունները չեմ փոխել):
Նրանց միայնակ եմ թողնում նկարիս առաջ վիճելիս և որոշում եմ քայլելով անցնել ամբոջ պուրակը և ընթացքում ուտել Քրամբսից նախորդ օրը գնած սենդվիչս: Կանգնում եմ Մարտիրոս Սարյանի արձանի կողքին, սենդվիչս բարձրացնում եմ դեպի բերանս, երբ նույն վայրկյանին մի ածխափետուր ագռավը ճանկում է նախաճաշս և թռնում է, նստում Սարյանի գլխին:
– Հորդ տարիքի մարդ է, իջիր գլխից,- բղավում եմ սևափետուրին և արժանանում անտարբերության: «Վերջը ագռավների մասին անիմացիոն ֆիլի սցենար եմ գրելու»,- մտածում եմ, ձանձրույթից հուզվում և պատրաստվում տեսախցիկս՝ թռչունի ճաշկերույթը նկարելու համար: Ու հանկարծ սկսվում է այն, ինչն ամեն օր չի լինում. օդի ջերմաստիճանը վայրկյանապես բարձրանում է, ձայները խլանում են, բույրերը սկսում են առանձնանալ իրարից և կրկին միավորվել: Ես չափազանց անկաշկանդ էի, թռչունն այլևս չկար, կամ գուցե չէր էլ եղել: Վզիս շրջանում անհարթ շնչառություն եմ զգում, ու եթե ուղղությունը ճիշտ ընտրված լիներ, ես անգամ կարող էի բղավել: Ուսիս հպում եմ զգում, դանակ է, թե ձեռք, չեմ տարբերակում, իջեցնում եմ տեսախցիկս, պատրաստվում եմ պտտվել և այդ ընթացքում սկսում եմ պատկերացնել՝ ինչպես եմ գրելու իմ սցենարը, ինչպես եմ իրար հետևից շարելու անծանոթ տղամարդու հետ իմ վայրկյանական սիրավեպի պատմությունը, թե ինչպես էր մի հպումը բավարար սիրելու համար, թե ողբերգությունը ինչպես կարող է փրկյալ լինել, զի նրանն է զորությունը, և թե որքան շնորհակալ եմ ես՝ «Լավագույն սցենար» անվանակարգում Օսկար մրցանակը ստանալու համար: Բայց մենք ֆիլմերի ժապավենների վրա չենք ապրում, մեր ունեցածը Երևանն է ու Վանիկը, որ ուսիս հպվեց՝ գնորդի մասին լուրը հայտնելու համար:
– Ես եմ գնում նկարդ,- թեքվելուցս անմիջապես հետո անվտանգության աշխատակիցների պատնեշը ճեղքած և Պուտինին հարց տված լրագրողի խիզախությամբ բղավեց դեմքիս Վանիկը:
– Ձյաձ Վանիկ, ես գնորդ կճարեմ, մի անհանգստացիր,- անհասկանալի էր Վանիկի նախաձեռնողականությունը:
– Գիտեմ: Մի քանի քայլ էլ անես, Գալուստը կգնի: Հանուն մեր դարավոր հակամարտության՝ ես դա թույլ չեմ տա,- ձեռքերով փակում է ճանապարհս, աչքերը՝ չռում վրաս՝ մինչև համաձայնություն չտամ:
– Ոչ քեզ է բաժին հասնելու նկարս, ոչ էլ Գալուստին: Այն իր գնորդին կգտնի, հեչ մի մտածիր: Փողից չեմ նեղվում, մի մշակութային կայքի եմ թղթակցում, ֆիլմերի վերլուծություններ եմ գրում,- ձեռքերը մի կողմ եմ տանում, քայլում ենք դեպի նկարս:
– Իսկը պապիդ կտորն ես՝ անտանելի: Հեչ կարդո՞ւմ են:
– Իրար հերթ չտալով: Ի դեպ, քեզ բարևում էր: Խնդրեց՝ փոխանցեմ, որ շագանակագույնը չչարաշահես, կոնֆետի թղթի են նմանվում կտավներդ:
– Լուսահոգի պապիդ անունից ինձ խրատներ մի տուր, լակոտ:
– Գնացի, ջահելներ, ձեզ խելոք կպահեք,- արդեն նկարս թևանցուկ էի արել, քայլում էի պուրակից դուրս, երբ հազիվ լսեցի երկմտած Վանիկի հարցը,- Գալուստ, այ տա, նկարներս կոնֆետի թղթի են նմա՞ն:
Վերնիսաժից դուրս գալուց հետո միշտ սրճարան եմ գնում՝ մի բաժակ Ամերիկանո խմելու և ընթրիքի համար բագետ գնելու համար: Այս անգամ դրսում՝ պատշգամբում նստեցի. ոսկե ժամ էր, ամպեր էլ չկային, ինչն ինձ թույլ տվեց նկարս հենել աթոռի ոտքին այնպես, որ արևի լույսի ներքո գույներն էլ ավելի գրավիչ լինեին: Հույս ունեի այդպես վաճառել նկարս. մտածում եմ նոր տեսախցիկ գնել, հինս լավ զում չի անում:
– Ես կերպարվեստից բան չեմ հասկանում, բայց ոտքերդ գեղեցիկ են,- նման կատարյալ հիմարություն կարող էր միայն Թոմազոն ասել: Բարձրահասակ, գեղեցիկ դարչնագույն աչքերով, կլորավուն հետույքով և միշտ գծավոր վերնաշապիկներով Թոմազոն իմ սիրեկանն էր:
– Դու ոտքերից էլ բան չես հասկանում:
– Ինձ ձեռք է տալիս:
– Բագետով սենդվիչ ուտո՞ւմ ես:
– Պատվիրիր, մինչև սիգարետիս հախից գամ:
Սեքսից հետո բագետով սենդվիչները իմ և Թոմազոյի համատեղ, ընդհատումներով և անբովանդակալից կյանքի երկրորդ համեղ պատառն էին: Բագետները Ֆիլիբերն էր թխում, ում սրճարանում էլ Ամերիկայից 9.117 կմ հեռավորության վրա գտնվող մի բուռ քաղաքի ամենահամեղ Ամերիկանո սուրճն էին պատրաստում:
– Անուշ արեք,- սենդվիչներով ափսեները սեղանին դնելով՝ ասաց Ֆիլիբերը:
– Գծավոր վերնաշապիկով միաեղջյո՞ւր: Հո դաջվածքներ ընտրել չգիտես, Ֆիլիբեր,- չեմ կարողանում թաքցնել հիացմունքս՝ նկատելով Ֆիլիբերի նոր դաջվածքը,- Այսպիսի երևակայությամբ արժեր գրող դառնալ:
– Իմ գործը բագետներ թխելն է, սիրելիս:
– Ինչին մենք երկու ստամոքսով կողմ ենք, այնպես չէ՞,- ասում եմ ու նայում Ֆիլիբերի ձեռքերին աչքերով սևեռված Թոմազոյին:
Ֆիլիբերը Թոմազոյի հայացքի ներքո հեռանում է դեպի սրճարանի ներսը, իսկ ես մտածում եմ միայն իմ սենդվիչի մասին:
– Պետք է միաեղջյուր նկարեի, Ֆիլիբերին դուր կգար: Եթե ցանկանար գնել, գործարք կառաջարկեի՝ գումարի փոխարեն մեկ տարի անվճար սենդվիչներ:
– Լավ էլ թանկ ես գնահատում նկարդ:
– Դու կերպարվեստից բան չես հասկանում:
– Ֆիլիբերին կարող ես նկարել, գեղեցիկ ձեռքեր ունի:
– Դարի գործարքը կլիներ:
Սենդվիչի հարցերը լուծված են, երջանկության նշույլներ զգում եմ, բայց նկարս դեռ չի վաճառվել, հոդվածս անավարտ է, ու ես դեռ ոչ մեկին չեմ սիրահարվել:
Վերցրի բագետը, համբուրեցի Թոմազոյի` թեթևակիորեն մազերով ծածկված ճակատը և հեռացա՝ դատարկ սրճարանում նրան թողնելով իր սրտի արագ ռիթմը լսելու ու ականաջակալներս մտցրի ականջս:
– Թոմ, քոոոո աչքե՜րը,- բղավեցի ինձ հայացքով ճանապարհող սիրեկանիս:
– Քեզ դարձրել են խելագա՞ր:
«Քո աչքերը միակն են, որ ազատում են ինձ խելագարությունից». մտածեցի, ժպտացի տղամարդուն, ում հետ այսօրվանից հետո անպատկերացնելի կլիներ սեքսով զբաղվելը և լսեցի ֆրանսիական հմայքով և բրիտանական զսպվածությամբ հմայող մորս ձայնը:
– Ա՜ն:
– Մա՜մ: Ես էլ ձեզ մոտ էի գալիս, թարմ բագետ եմ գնել, գնանք հաց ուտենք:
– Վրադ լրիվ կատվի մազ է: Ով գիտի՝ ինչքանն էլ կուլ ես տալիս:
– Ուրիշ բան պետք չի՞, գնալուց գնենք խանութից:
– Պատկերացնում եմ՝ տնիցդ ինչ գարշահոտ է գալիս, բազմոցն էլ՝ ամբողջը կատվի մազ:
– Մածուն էլ գնենք, դոշաբով կուտենք:
Արդեն մեկ ամիս է՝ ես եմ ծնողներիս այցելում. արդեն մեկ ամիս է՝ նոր սենյակակից ունեմ՝ Բոնզոն, իմ կատուն: Նրա արիստոկրատ քայլվածքի հետ չէր համեմատվի անգամ Եղիսաբեթ II-ը՝ իր լավ ժամանակներում: Մայրս կատուների չէր սիրում, ու իր միակ խնդիրն այն էր, որ ինձ էր շատ սիրում:
Մամայի պատրաստած ուտեստները օբյեկտիվորեն լավագույնն էին, աղը՝ ճիշտ քանակությամբ, առանց այլ համեմունքների, միշտ լավ ջերմաստիճանի, երբեք չէր շեղվում բաղադրատոմսից:
– Պապ, ընտիր ուզբեկական փլավ է, գնալով կատարելագործվում ես,- պապան ընտիր փլավ էր պատրաստում տարին չորս անգամ, ճիշտ նույնքան, որքան մաման գնում էր վարսավիրանոց:
– Նան, նոր հոդված չես գրե՞լ,- պապան միշտ վստահ է եղել, որ ես պետք է գրող դառնամ, բայց հիմա մխիթարվում է կինովերլուծական իմ գրվածքներով:
– Մեկը շուտով կհրապարակվի, մի ուրիշն եմ ուզում սկսել, թե «Ինչո՞ւ ոչ մի ժամանակներում հայ կինոռեժիսորները սարսափ ֆիլմեր չեն նկարել»:
– Ու ինչո՞ւ:
– Վախեցել են:
– Մյուս գալուց ձեզ մոտ կգիշերեմ, բայց այսօր չեմ կարող. վաղը ֆեմինիստական խմբակի հավաքն է,- համբուրում եմ ծնողներիս, որ արժանի էին ավելի լավ դստեր, և հեռանում եմ՝ մի աման ուզբեկական փլավ՝ պայուսակիս մեջ:
Ֆեմինիստական հավաքներին վաղուց է, ինչ մարդ չէր այցելում. երևի բոլորը սիահարվել են: Բայց դա ինձ չէր խանգարում տանս մի հատվածում ֆեմինստական պաստառներ կպցնել և Բոնզոյին խնդրել՝ քննարկումների ժամանակ շատ չաղմկել:
Գինու երկրորդ գավաթին միշտ դռան թակոց էր լսվում. Ժերալդինն էր՝ ձեռքին իր թխած իդեալական էկլներները:
– Ժերալդին, սիրելիս:
– Պոլետ, թանկագինս:
– Չեմ գրում քո ու Թոմի մասին:
– Սիրահարվե՞լ ես:
– Օ՜, Ժերալդին: Բոնզոն տիրել է իմ սրտի բոլոր գաղտնարաններին:
– Բոնզոներից մեկը մահացած է, մյուսը կատու է: Պոլետ, ես հիանում եմ քեզնով: Ինչպես նաև Թոմը:
– Ի դեպ, հրաշալի հետույք ունի:
– Հա, չէ՞:
– Թոմազոն գեյ է:
– Կարիք կա՞ քեզ գրկել, մխիթարել:
– Վաղուց էի գլխի ընկել:
– Բա ինչո՞ւ բաց չէիր թողնում:
– Հրաշալի հետույք ուներ:
– Ցինիկ:
– Լսում եմ:
– Պետք է գնամ Պոլ, առավոտյան նկարահնման եմ:
– Մասովկայի համար ցինիկ պետք չէ՞:
– Առավոտյան՝ ժամը 10-ին, մատոռը տալիս ենք, չուշանաս:
– Թե չէ ես այլ կերպ կարող եմ:
«Եվ այդ գիշեր Պոլետ դը Անտանելին չքնեց, բայց և չէին բացվելու նրա աչքերը այն ժամ, երբ Թրամփը վերմակի տակ կանցներ: Բոնզոն կանգնել էր նրա կախված դիակի առջև և մլավում էր այնպիսի անտաբերությամբ, ինչիսին Պոլետն էր ինքն իր նկատմամբ ամբողջ կյանքի՝ 33 տարիների: Պոլետի գրասեղանին Ժերալդինն առավոտյան թղթի կտոր գտավ, որի վրա գրված էր. «Իմ Ժերալդին, Բոնզոն ձուկ չի սիրում, իսկ մաշկը շատ զգայուն է, մանկական օճառով կլողացնես: Այլ խնդրանք չունեմ: Հա, մեկ էլ. բացիր համակարգիչս, այնտեղ իմ սցենարն է, գիշերը ես այն ավարտին հասցրի, այն էլ՝ ինձ: Հրապարակիր խնդրում եմ, բայց գրքի շնորհանդեսի ժամանակ արցունքները աչքերիդ կվստահեցնես բոլորին, որ ես խնդրել եմ կարդալ այն և ջնջել ֆայլը՝ մեկընդմիշտ ջնջելով իմ հետքը այն աշխարհից, ուր ոչ մի լավ Բոնզո երկար չի դիմանում»:
Ժերալդինը նստել էր սեղանի շուրջ, որի վերևում Պոլետի սառը մարմինն էր ամբողջ գիշեր օրորվել: Ժերալդինը ծիծաղելով սկսում է կարդալ պատմությունը, լացելով ավարտում է այն, դուրս է գալիս տնից և մեկ ամիս անց կրկին արտասվում է գրքի շնորհանդեսին՝ ելույթի խոսքի ժամանակ, հետո դադար է տալիս, նայում է կավե տարային, որի մեջ Պոլետի մոխրացած մարմինն է, ու ծիծաղելով ավարտում է ելույթը»:
– ՊՈԼԵ՜Տ, ՊՈԼԵ՜Տ,- լոգարանից վազում եմ դեպի դուռը, որը Ժերալդինի թակոցից խեղճացել, մեր քաղաքի նման մի բուռ էր դարձել:
– Ժերալդին, ես ժամը 10-ին պետք է լինեմ նակրահանման հրապարակում, չփորձես ինձ ուշացնել:
– Ողջ ես,- բարկացած հևում է Ժերալդինը:
– Կարդացե՞լ ես պատմությունը:
– Սպանելու եմ քեզ, Պոլետ:
– Դեմքիցդ չեմ հասկանում, ուրա՞խ ես, որ, ամեն քեպքում, մեռած չեմ, թե՞ հիասթափված ես:
– Սպանելու եմ:
Ֆիլմի նկարահանումները, որում Ժերալդին դը Վատաֆակը մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ 35 տարեկանում թունավորմամբ ինքնասպանություն գործած դերասանուհի Ֆրեսնինին, անցան ավելի հարթ, քան թույնն է կուլ գնում. մահը, նույնիսկ երբ կեղծ է, ամեն ինչ իր տեղն է գցում:
– Մնա, նշենք:
– Ուզում եմ հրատարակչություն գնալ, Ժերալդին, փորձեմ տպագրել, հետո կգնամ մերոնց, երեկոյան էլ ժամադրության եմ:
– Ի՞նչ է ասում: Եվ ո՞ւմ հետ, եթե գաղտնիք չէ:
– Գաղտնիք է, Ժերլ, որովհետև ինքս էլ չգիտեմ, բայց բանաձևն այսպիսին է՝ առաջինը, ում նկարելու ցանկություն կունենամ սրճարանում:
– Հրաշալի է, Պոլ:
Հա, ի դեպ, էլ ինձ արևածագին էլեկտրոնային փոստով ոչինչ չուղարկես, խնդրում եմ:
– Ուրիշ բան դժվար էլ գրեմ:
– Սա էլ չէիր գրում, տեսար մի մինուճար «Այո»-ից ինչի վերածվեց:
– Սա ես չեմ գրել:
– Բա ո՞վ:
– Բոնզոն:
«Սիրելի Պոլետ, հրատարակչությունը սցենարներ չի տպագրում: Խորհուրդ ենք տալիս աշխատանքը ցույց տալ կինեմատոգրաֆիական շրջանակներում և փորձել պրոդյուսեր գտնել:
Հարգանքներով,
«Մենք ամեն ախմախություն չի, որ տպագրում ենք» հրատարակչություն»,- առավոտյան ստացա այս նամակը էլեկտրոնային հասցեիս:
Իսկ ես երեկ առաջին անգամ մարդ եմ սպանել: Այդպես էլ գիտեի՝ աշխատեց: Պատկերացնում եք տեքստն ավարտեի՝ ես ֆրանսուհի եմ, կամ ես էլֆ եմ, կամ Մերիլին Մոնրոն հայ էր: Առաջին երկուսը, որքան էլ ինձ համար հավաստի են, ուշադրության չէին արժանանա ձեր կողմից, իսկ երրորդի նման լուրերի նկատմամբ բոլորիս ականջներն էլ դիմադրողականություն են ձեռք բերել: Բայց ոստիկանության համարը մի փորձեք հավաքել. ես նրանց կաշառել եմ:
Իրականում ես խաբեբա եմ: Վերնիսաժում վրձնածս կտավները շաբաթ և կիրակի օրերին վաճառելիս հաճախորդներին ներկայանում եմ որպես իտալացի Անտանելլի: Բայց ես իրոք անտանելի եմ: Որովհետև նկարիչ չեմ ու չեմ սիրում մորս կատվին: Իսկ նա ճաշելուց առաջ միշտ աղոթում է իր կույր կատվի տեսողության վերականգնման համար, իսկ հայրս իր աղոթքներում Արիստոկատվին (դա նրա անունն է) ազատություն է մաղթում՝ մորս անիմաստ աղոթքներից: Ես աթեիստ եմ և նրանցից մի քանի րոպե շուտ եմ սկսում ճաշել և Աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ Փարիզի արվարձաններում մեր շենքի հարևանությամբ գործող բագետների խանութի հացթուխի հոգին կենտրոնացրել է ձեռքերի մեջ:
Ես 33 տարեկան եմ: Կինովերլուծաբան եմ: Ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ Լեոնարդո ԴիԿապրիոյին «Լավագույն դերասան» անվանակարգում Օսկար մրցանակը շնորհեցին, որովհետև ես դրական տեսակետ էի հայտնել «Փրկվածը» ֆիլմում նրա կատարած աշխատանքի մասին, և իմ նյութի 33 դիտումների մեջ գուցե և կային հանձնաժողովի անդամներ:
Սիրեկանս վստահ է, որ ես անհաջողակ եմ, որովհետև կյանքում չեմ սիրահարվել, անգամ իրեն սիրահարված չեմ: Մի օր Թոմազոն ինձ սրճարան հրավիրեց: Ես սիրով ընդունեցի հրավերը, բայց խնդրեցի, որ նա չգա: Նա չմերժեց խնդրանքս: Ես թեյ էի պատվիրել: Միշտ այդպես եմ անում. սրճարաններում թեյ եմ վերցնում, թեյարաններում՝ սուրճ, չնայած որ թեյ չեմ սիրում, իսկ թեյարաններ չեմ հաճախում: Թոմազոյի հետ բաժանվեցինք. նա Ֆիլիբերին սիրահարվեց:
Իմ կյանքի միակ ուրախությունը ֆեմինստական խմբակն է, որի հիմնադիրն ու միակ անդամը ես եմ՝ ոչ մեկին չպատկանող: Կանայք իմ խմբակին չեն անդամագրվում դրա կարգախոսի պատճառով՝ «Մեկ ամուսին՝ մեկ տարվա համար»: Իսկ սրա ներքևում ավելի փոքր տառերով գրված է՝ «Հավաքին ներկայանալ կրուասաններով, էկլերներով և լիմոնի տարտով»: Իրոք վստահ չեմ, թե որն է նրանց ավելի վախեցնում:
Ընկերուհիս՝ Ժերալդինը, ասում է, որ իմ աստղային ժամը դեռ նոր է գալու, որ ես կդառնամ իրապես հաջողակ կինովերլուծաբան, և կամուսնանամ Ջիովաննիի հետ, ով Ֆլորենցիայում մի փոքրիկ սրճարան ունի, որի նաև գլխավոր խոհարարն է. որովհետև իմաստ չունի ապրել մեկի հետ, ով պաստա ու պիցցա ինձնից վատ է պատրաստելու:
Բայց այսօր ես հանդիսանում եմ Թոմազոյի և Ֆիլիբերի հարսանիքի թամադան, որի ընթացքում հնչեցնելու եմ իռլանդական կենացներ, խմելու եմ երկու գավաթ գինի և բոլորից մի փոքր շուտ եմ գնալու տուն՝ գրելու պատմություն այն գիշերվա մասին, երբ Պոլետ դը Անտանելին չքնեց, բայց և չէին բացվելու նրա աչքերը այն ժամ, երբ Թրամփը վերմակի տակ կանցներ: Բոնզոն կանգնել էր նրա կախված դիակի առջև և մլավում էր այնպիսի անտաբերությամբ, ինչիսին Պոլետն էր ինքն իր նկատմամբ ամբողջ կյանքի՝ 33 տարիների ընթացքում: Պոլետի գրասեղանին Ժերալդինն առավոտյան թղթի կտոր գտավ, որի վրա գրված էր. «Իմ Ժերալդին, Բոնզոն ձուկ չի սիրում, իսկ մաշկը շատ զգայուն է, մանկական օճառով կլողացնես: Այլ խնդրանք չունեմ: Հա, մեկ էլ. բացիր համակարգիչս, այնտեղ իմ պատմությունն է, գիշերը ես այն ավարտին հասցրի, ինքն էլ՝ ինձ: Հրապարակիր խնդրում եմ, բայց գրքի շնորհանդեսի ժամանակ արցունքները աչքերիդ կվստահեցնես բոլորին, որ ես խնդրել եմ կարդալ այն և ջնջել ֆայլը՝ մեկընդմիշտ ջնջելով իմ հետքը այն աշխարհից, ուր ոչ մի լավ Բոնզո երկար չի դիմանում»:
Ժերալդինը նստել էր սեղանի շուրջ, որի վերևում Պոլետի սառը մարմինն էր ամբողջ գիշեր օրորվել: Ժերալդինը ծիծաղելով սկսում է կարդալ պատմությունը, լացելով ավարտում է այն, դուրս է գալիս տնից և մեկ ամիս անց կրկին արտասվում է գրքի շնորհանդեսին՝ ելույթի խոսքի ժամանակ, հետո դադար է տալիս, նայում է կավե տարային, որի մեջ Պոլետի միխրացած մարմինն է, ու ծիծաղելով ավարտում է ելույթը:
***
– Դեմ չե՞ք լինի, եթե Ձեզ նկարեմ: