-Եկա՜ն, եկա՜ն ակվարիումի երեխեքն եկան։
Ու ամբողջ մեծ հյուրասենյակը՝ ցուրտ միջանցքից սկսած, թնդում է ծիծաղից, հումորներից, սուր կատակներից ու մի քիչ էլ կարոտից երևի։ Ակվարիումի երեխեքը մենք էինք, մենք՝ քաղաքում ապրող երկու աղջիկները, մի ամբողջ տղա գերդաստանի մեջ։ Իբր թե ծաղիկ։ Տոհմական էդ հավաքներում մեր գործառույթը խոհանոցից սպասքը տանել ու սեղանին դասավորելն էր, որովհետև տաք ուտեսների համար դեռ անվստահելի էինք, անփորձ։ Մի երկու հերթապահ հարց․ ոնց եք, ոնց չեք։ Հետո բոլորը ունեին իրենց զրույցի թեման ու որպես կանոն՝ աղջիկ երեխեքին միայն սուրճ դնելու արարողության ժամանակ են հիշում։ Հատկապես, երբ ճնշող մեծամասնությունը տղաներ են․ ընդհանուր հետաքրքրություննե՞ր․ ինչքան ուզեք․ գնդակ, համակարգչային խաղեր, ընդհանուր ընկերներ, հումորներ, որոնք աղջիկների մոտ անել չի կարելի, հատուկ կոդեր, որոնք խաղերում անհաղթելի են դարձնում ու նման այլ շատ «անհետաքրքիր», ոչ աղջկական թեմաներ։ Այ ուրիշ ու շատ հետաքրքիր էր տղամարդկանց զրույցները, ես միշտ փորձում էի էդտեղ հայտնվել։ Տղամարդիկ հիմնականում երևույթներ են քննարկում, դեպքեր, իրավիճակներ, էլ չեմ ասում կես լեգենդ դարձած պատերազմական դեպքերի ու հազարավոր ընկերների՝ իրար կյանք փրկած գայթակղիչ պատմությունների մասին։ Դրանք ժամերով կարելի է լսել, իսկ այ կանանց մոտ պատկերը լրիվ ուիրշ է։ Նրանք երբեք հանգիստ նստած չեն սրճում․ մեկը կանաչի է մաքրում, մեկը կարտոֆիլի հարցերն է լուծում, պարտադիր մի գործով զբաղված են․ կանայք հանգստանալ չգիտեն։ Այդ հանգստանալու զարմանալի կարողությունը հենց ծնվելուց ներարկիչով հանում ու դեն են նետում կամ առատաձեռնորեն ներարկում են տղամարդկանց մեջ․ որպես թե մեր հանգիստը ձե՜զ։ Բայց կանայք լիքը բամբասում են․ այ սա հաստատ։ Իրենք իրենց էլ չեն խոստովանում, եթե հարցնես, բամբասելը նրանց կողմից խիստ դատապարտելի է ու անընդունելի, իսկ նրանց արածը քննարկել է, հասկանո՞ւմ եք, բոլորովին տարբեր իրողություններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի շփոթել։ Այ սա մշտապես անհետաքրքիր է ինձ համար եղել, որովհետև ինչ-որ ձևով զգում էի, որ պահից ավարտվեց իրողությունն ու սկսեցին տվյալ հարցի շուրջ յուրաքանչյուրի կարծիքները, կարծիքի վրա կառուցած կարծիքը ու էդպես շարունակ․․․
Մեծ տներում մենք՝ պապիի կնքած ակվարիումի երեխեքս, մոլորվում էինք․ էդ տները երկու մուտք ու ելք ունեին, ու քո որոշելիքն էր՝ ելքը որն է, մուտքը որը։ Մեծագույն էդ տունը պալատի պես էր թվում, որովհետև երբ խոսում էինք արձագանքում էր, մեկս մյուսին չէինք գտնում։ Օրինակ եթե մեկը խոհանոցում ճաշ պատրաստեր, ու հյուր գար հանկարծակի, խոհանոցում չէին էլ նկատի։ Ասում եմ հյուր, ոչ թե գող, որովհետև էդ տները գող չեն տեսել, էդ պատերը միայն հյուրի, աննկատ, առանց աղմուկի, առանց զանգել-զգուշացնելու եկած հյուրերի են սովոր։ Խալին՝ նոր լվացած, կոշիկները չհանած հյուրերին են սովոր, առավոտ շուտ հարևանի հետ սրճելուն են սովոր, ցրտին են սովոր էդ պատերը, էդ պատերը երբեք էլ չտաքացան էն գերժամանակակից սալիկներով, որոնք մեր ակվարիումներն են «տաքացնում»։ Էդ տան միջանցքի հավերժ ճակատագիրն է ցուրտ լինել, կարծես՝ զգացեք ցուրտը, որ գնահատեք տաք հյուրասենյակը։ Մեծ-մեծ հյուրասենյակը, իմ աչքին էնքան էր մեծ, որ ես էնտեղ ֆուտբոլի մի ամբողջ թիմ էի տեղավորել, այ թե ինձ էլ խաղացնեին․ չէ՛ դու աղջիկ ես, քո հետ չենք խաղա։
Մի մեծ բակ էր, քեռիենք բաղչա էին ասում, իմ տեսած ամենամեծ բակը, որ ձգվում էր մինչև Լինդայի մեծ բունը, որտեղ ինքն ապրում էր արքայավայել, բայց ինքը չգիտեմ՝ համակարծի՞ք էր։ Ինչ ասես կար էդ բակում․ տուն մտնելու այլնտրանք, մի ահռելի նկուղ, որտեղ մի անգամ ինձ բախտ վիճակվեց մտնել, էն երկաթե ցանցը, որը մեզնից մեկի վրա էր ընկել, մերոնցից մյուսի թեթև ձեռքով ու էն արյան կաթիլները մինչև տուն՝ կաթ, կաթ, կաթ։ Կողքի տան բակը մերինի հետ համեմատ դրախտ էր թվում։ «Ուրիշի հարսը ավելի սիրուն է» սկզբունքը իհարկե գործում էր, բայց էնտեղ լողավազան կար, մի սիրուն ճոճարան (շատ էի փառասեր, որ ուրիշին բակը մերից գերադասեմ, բայց ճոճարա՜նը, ախ էդ ճոճարանը), խնամված բույսեր․ այ սա բաղչա չէր, այլ իսկական բակ։ Ավտոկայանից մինչև տուն մի երկար ճանապարհ է, որ անցնում է մի զորամասի, մի հացատան ու լիքը տների ու ավտոնակների կողքով, երկար ձգվող ճանապարհ է։ Մերոնք միշտ առաջարկում են, որ տաքսով գնանք էդքանը, որովհետև ձանձրալի ու միապաղաղ ճանապարհ է․ բայց վերջակետը հիշելով՝ միշտ հրաժարվում եմ մեքենա վերցնելու մտքից․ կարծես պատվավոր է քայլել էդ հազար տարի նույն խորդուբորդություններն ունեցող ճանապարհով, որտեղ խառնվել են ցեխ,ավազ, հող, փոշի ու այ թե մայթ կգտնես, որ քայլերդ շարես։ Էդ ճանապարհը ինքնակամ ոտքով անցնելիս մի անիմաստ տագնապ կա․ թե դարպասի գույնը փոխած չլինեն հանկարծ, վերանորոգած չլինեն հանկարծ էնպես, որ մաման չճանաչի տունը, իր տունը։ Էդպիսի բան երբեք չի լինի, որովհետև հենց տան կողքին մի մեծ քար կա՝ նստարան է հիշեցնում, մամայի պապիկինն է, մամայի ասած՝ պապուս քարը, որտեղ միշտ նստել է։ Ես իմ պապին չեմ տեսել կարգին, ուր մնաց մամայի պապին, էնպես որ էդ քարը հիմա իմ համար ավելի շատ երեխեքինն է, բայց հիշվող է ու վախենալու, որ քարով եմ հիշում քեռիենց տունը։
Պապս Երևանում է․ հիմա հյուրընկալի դերում ես եմ, հիմա պատասխանատվությունը իմն է, ես եմ պատասխանատվությունը ոտքից գլուխ։ Խեղճ հայրս անարդյունք փորձում է ինձ քնեցնել․ ցերեկային քնից կարևոր բա՞ն իմ կյանքում։ Ի՜նչ քուն․ ես արդեն գիտեմ, որ պապս եկել է Երևան, իմ սպիտակ մազերով պապը Երևանում է, ես հաստատ գիտեմ, որ իմ բարձրահասակ, նիհարակազմ ու սպիտա՜կ պապը Երևանում է, ես էդ փաստից Երևանը ավելի սիրուն եմ պատկերացնում, ավելի մեծ, ավելի հասուն։ Չէ, խաբում եմ, էդ օրը ես չգիտեի՝ Երևանն ինչ է, իսկ եթե գիտեի դա միայն մայրենիի տնային էր և ոչ փողոց, որտեղ քայլում էր իմ իսկական պապը, իմ ողջ պապը, իմ սպիտակ պապը։ Պապս եկել էր Երևան որովհետև մամայի վերարկուն վերանորոգել էր պետք, ու նրանք միասին պիտի վերադառնային մեր տուն, էն տունը, որտեղ հայրս անարդյունք փորձում է ինձ քնեցնել։ Հայրս արդեն զայրույթից կարմիր է․ ես հազվադեպ էի էդքան տանջում պապային, իմ թիրախը տանջելու համար միշտ էլ մաման է։ Մտովի գիտեմ, որ հատվածով են գալու պապս ու մաման ու հատկապես պապս, գիտեմ՝ դեղին մեծ տոպրակի մեջ, որ 50 դրամով էինք առնում մեծ իրերի համար, դրված կլինի մամայի վերարկուն, տոպրակը հաստատ պապիկը պահած կլինի։ Հաշվարկում եմ, որ փողոցը անցնելուց հետո անպայման աջ մասով կգան, որովհետև մեր հարևանն ասել է՝ էն շենքի շիֆրները քամու ժամանակ ընկնում են․ վտանգավոր է։ Վստահ եմ՝ մաման չի թողնի, որ պապի վրա ընկնեն շիֆրները, հանգիստ սպասում եմ․ պապիկին վստահել եմ մամային։ Ինձ քնեցնելու փորձերը անիմաստ էին․ չէի վստահում այլևս պապային․ մի անգամ քնել էի, պապին եկել-գնացել էր, երկրորդ անգամ նման սխալ բնական է՝ թույլ չէի տալու։ Պապան վերջին փորձերն է անում՝ արդեն ընդունելով իր պարտությունը, ու դուռը բացվեց․ ամենահաղթանդամ, ամենամեծ պապը դեղին մեծ տոպրակով մեր պստիկ լինոնյումապատ միջանցքում հազիվ էր տեղավորվում, մեծ, մեծ իմ պապը առանց առաջանալու նայեց միջանցքի վերջում կանգնած ինձ ու գլխիկոր հորս, որ խոստովանում էր՝ չքնեց ու պապս թնդաց ՝ բա՜ ճիշտ արեց, իմ աղջիկը գիտեր՝ ես գալու էի։ Կարգուկանոն սիրող իմ մայրը նույնիսկ ժպտաց ու քնքուշ էր էնքան, որ ներեց չքնելս էլ ու սիրեց հորը ավելի շատ՝ ամեն անգամվա պես ու երևի ինձ էլ սիրեց ավելի, որ չէի լսել ու չէի քնել։ Աշխարհը իմն էր, ես՝պապինս։ Բոլոր գիշերները չքնած լինեին, պապս միջանցքի ծայրին լիներ՝ դեղին մեծ տոպրակով։
Աղջիկների կյանքում մի տարիք է գալիս, որ պարտադիր որոշում են իրենց արտաքինում մի բան փոխել, ու դա որպես կանոն ճակատին ավելորդ մազափունջ առաջացնելու անտրամաբանված որոշումն է։ Քույրս գորգոռում էր ու բացատրում, որ ինքն էդպես ավելի սիրուն կլինի, որ ինքը հաստտատ որոշել է։ Մաման արդեն բացատրելուց հոգնած մի կողմ էր քաշվել ու թողել ինքնահոսի քրոջս մազերի ճակատագիրը։ Ես արդեն մեծ, արդեն էդ փուլն անցած, արդեն «իմ սխալներից հասկացած» մեծերի կողմից էի։ Քույրս անօգնական էր, բայց հաստատ իր որոշման մեջ, պապս՝ լուռ։ Պապի մազերը էնքան սպիտակ էին, որ ձյունը ինչքան էլ երկինք գնա-գա, էդքան չի սպիտակի, ամենասպիտակը պապիս մազերն էին, արդեն թափվում էին, քիչ էին, ու բացի ինձնից դա բոլորն էին հասկանում, հատկապես մաման։ Ես վստահ էի, որ քրոջս ներկայացումը ավարտվելու է պապի մի հաղթական որոշմամբ, էդպես միշտ է եղել ու լինում, պապը լուռ է, հույս ունի՝ առանց իր խառնվելու մոլորյալները կգտնեն ճամփան, բայց չէ,՜ ա՛յ պապ, դու չգիտե՞ս, որ մենք տոհմով մոլորված ենք․ ու՞ր ենք գնում, ինչի՞ ենք գնում, քանի՞ հոգով ենք գնում, ո՞վ պակասեց, մենք միայն տխուր առիթների ժամանակ ենք իրար մեջք մեջքի լինում, ուրախներին չկանք, հեռու ենք, Ռուսաստանում ենք, պապ դու հավաքիր, հա՞։ Մերոնք ուժեղ չեղան էնքան, որ քեզ հանգստանալ թույլ տային, մերոնք էնքան չուժեղացան, որ դու թուլանայիր, մերոնք ուժեղ են մենակ տխուր առիթներին, չենք լացում, պինդ ենք, թե զուսպ ենք, թե չենք խոսում, թե փախնում ենք սենյակից սենյակ․ տունը մեծ է՝ երկու ելումուտով, թաքնվելու տեղ՝ ինչքան ուզես։ Պապը՝ հաշտված մերոնց անփորձությանը, քրոջս կանչեց ու՝ տես, իմ մազերն էլ են երկարել, բայց ես «չոլկա» չեմ կտրում․ տենց մեզ չի սազում։ Շախ ու մատ։ Քուրիկը մոռացավ մազափունջն էլ, մամային էլ, լացուկոծն էլ։ Ես, ննջարանի աստիճանիկին նստած, ինձ հանգիստ էի զգում՝ նայելով պապի հաղթարշավին։ Աղջկական հերոսը, որ մեզ բոլորիս անհրաժեշտ է․ մեկի համար հայրն է, մեկի համար եղբայրը, մեկինը՝ սիրելին, մյուսինը՝ պապը։ Պաշտպանված լինելու էդ տաք զգացումը, որ չգիտես՝ ավելի շատ դրակա՞ն է, թե՞ ուղղակի հետաձգում է մի օր բացեիբաց ամենի առջև կանգնելու պահը։ Աղջիկներին պաշտպանելը տղաների սիրելի գործերից է երևի, իրենց հերոս են զգում։ Հերոսները շատ են, լռողը կա՞, առանց բարկանալու, շատախոսելու, անձի պաշտապունքը մի կողմ դրած հարցը իրոք լուծողը կա՞․ պապիս նման ժպիտով, հանգիստ, խաղաղ՝ մեզ համար ու փոթորիկ՝ մեր տոհմի եղբայրների համար։ Պապից խոսելիս մեր պատմածները տարբեր են․ իմ խաղաղասեր պապը ու մամայի խիստ հայրը, ում հայացքից հասկացել են՝ ինչ անեն կամ ինչ չանեն՝ ճիշտ բոլոր հայրերի պես։ Հայրերի մենաշնորհն է ուղղակի նայելով կարգավորել ամեն ինչ։ Մեկ-մեկ թվում է, թե մենք ենք հորինել էդ խիստ հայացքները ու առասպելներ հյուսել, թե ինչ կլինի էդ հայացքից հետո։ Դեռ ոչ մեկ էդ հայացքից հետոն չի տեսել։ Ասում են՝ դրախտ , դժոխք ու նման բաներ։
Անհարմար երեխա էի․ չար չէի, բայց խելոք էլ չէի․ նստած մի օրորեք, քայլեք, մենակ մի թողեք, խաղացեք հետս, նստեք, քայլեք, շնչեք։ Մաման մեկ-մեկ ուժասպառ էր լինում, մեր հին ծանոթները պատմում են, որ ինձ պահելը հեշտ գործ չէր, որ հատուկ արարողակարգեր էր մոգոնել մաման իմ սննդի, քնելու ու ամեն մանրուքի համար։Ես ինձ թաքուն լավ եմ զգում, որ դժվար ծնվել եմ, դժվար շարժվում եմ, ուրեմն պիտի տարբեր լինեմ, առանձնանամ, էսպես մտածելը իմ արդարացումն է մամային էդքան տանջելու, առաջնեկի բերած անհարմարությունների համար պատճառաբանություն գտնելու։ Բայց իմաստը ո՞րն էր շենքի մյուս բարուրավորներից այլ կերպ օրորվել, նույն երկոտանին չպիտի՞ լիներ վերջում։ Իհարկե։ Նույն ծույլը, նույն պատճառաբանություններ փնտրողը որևէ բան չանելու, նույն գիշերները չքնողը, արդարացումներ հորինողը, թե աշխատում է, թե ռեսուրսներ չկան, թե հնարավորությունները քիչ են։ Լո՞ւրջ։ Պապս լուցկու տուփը վերցրել ու իր հեռատեսությունը խաղի էր վերածել մի տուն լիքը երեխեքի համար, գիշերանոցներով, որը ենթադրում էր քնելու ժամանակը, խաղում էինք ինքնամոռաց, ի՞նչ պատկեր է, դե ասա, դե հեռվից ասա, դե մոտիկից ասա։ Զրնգ-զրնգ ծիծաղելը իմ բոլորի հավեսով ու սրտով էր․ հիվանդ էի եղել նախորդ օրը ու հիմա Մայրիկ ֆիլմի պես կանգնած հպարտ էինք իրարով ինձ բուժելու համար, երևի ես՝ ամենաքիչը։ Ինձ էդ պահին պապիս մոգոնած խաղում հաղթող լինելն էր հետաքրքրում։ Հաղթող լինելը։ Չնկատեի, որ պապս չէր խաղում, այլ իրոք չէր տեսնում լուցկու տուփի վրայի կարմիր կամ մուգ վարդագույն պատկերները։ Չնկատեի, չտեսնեի ու հաղթեի։
Ռեսուրս, ասում ենք, հնարավորություն, ասում ենք, մոտիվացիա՜, հայտնի բառը էս օրվա։ Անպատերազմ, անխնդիր էս օրերին ինչի՞ պակաս ունենք բացի ընկալումից, որ մենք իրոք ուրախ ենք ու թքած, որ պաթետիկ է հնչում։
Մեր իրականության մասին գրելը, իրականը «գրականության» վերածելը դժվար է, որովհետև ի՞նչ գրել հեռախոս-մարդկանց մասին, ի՞նչ գրել էն աշխարհի մասին որտեղ նամակները կարդացվում ու անպատասխան են մնում, մենք էլ նամականիշներ չենք հավաքում, փոստով նամակներ չենք ուղարկում, իրար հասցե չգիտենք, իրար տուն չենք գնում, բակերում նստարանին իրար հենված չենք նստում ժամերով, զբաղված ենք, խառն ենք․ չենք ճանապարհում միմյանց, մի աննշան բանի համար շնորհակալություն ենք ասում, ուրիշի անձնական տարածք չենք մտնում, դիստանիցիա ենք պահում, հաշվում ենք, հաշվում ենք, հաշվում։ Մեր երեխեքը չեն գտնելու բանակից գրած նամակները, ձեռագործ-ասեղնագործ թաշկինակները, մենք չենք ունենալու ջահելության մի կտոր հացի մասին հիշողությունը, որովհետև դրա մասին խոսելն ամոթ է։ Մենք շատ հեշտ ենք առանց իրար կարողանում, հանգիստ կորցնում ենք, հանգիստ թողնում ենք՝ հաջորդին սպասելով, արժանապատվությու՜ն, ըհը, մեծ բառ չի՞ sms-ներով զգացմունքներ խոստովանողների համար։ Մենք ակվարիումի երեխեք ենք։
Ու ինչպես ասված է վաղուց ու ի վերուստ․ «Այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առջև»։