N. N.
Եվ առաջին խոսքը քո մասին է նորից,
Քանզի, հեռու հեռվից իմ բարեկա´մ,
Նենգ է ժամանակը իբրև կայսր Մորիկ
Ու´ գեղեցիկ է նաև, ու´ բարեկազմ:
Մենք սիրում ենք նրան, ինչպես կին է սիրում
Տղայական երազն անփորձառու,
Ինչպես իրն է սիրում անմահությունը իրի,
և ափերը իր չոր` ցամաք առուն:
Եվ վերջապես, երբ դու մեն-մենակ ես, ես էլ
Միայնակ եմ այստեղ, ու չենք հասնում իրար,
Այն ջրհորի նման, որ երկինք էր տեսել,
բայց հատակի մամռոտ ջրերի մեջ մնաց:
Ես սիրում եմ հոգնած մեր նոստալջին,
Անտիկվարը, որին գին չի տալիս ոչ ոք,
Ու սիրում եմ լսել` ոնց է քաղաքն ի վեր
Ժամանակը դանդաղ-անվրեպ աճում:
Մենք դրսու´մ ենք վաղուց:
մենք դրսի´ց ենք ներկա:
Զարդատուփ է սերը կամ կրծքազարդ,
Քանզի հեռու հեռվից, իմ բարեկա´մ,
Երկրագունդը կարծեմ շեղվել է ձախ
Կամ` աջ- ի՞նչ կապ ունի, ինչևիցե, սակայն,-
Պատատուկն է այնտեղ կանաչում վեր`
Հուշերի մեջ վտիտ, ծիծաղներում սակավ,
Մեր սերերում անսեր ու անարվեստ:-
Ու դա նրանից է, որ հողերում չբեր,
Մեր սերմն անանձնակա´ն սերմանեցինք,
Իսկ երազին օտար մատներ էին դիպել,
Էլ չեմ խոում օտար, այլ բաների մասին:
… Մնաս բարո´վ, որ նույն բարի լույսն է հիմա:
Ցհանդիպում, որ նույն հրաժեշտն է կրկին:
Հայելու մեջ ճաքած ես քեզ շատ եմ նման.
Դու հայելու մեջ ճաքած- ես եմ`նախկին:
Dixi
Հայաստա´ն,
Ես քո ծեր բեռնաձին եմ,
Գնալով գնանք, տանելով տանենք,-
էս մի ձորից էլ մեզ մի կերպ հանենք,-
Ու հանգստանանք:
Ու հանգստանա՜նք…
***
Հեմենգուեյն,
Անշուշտ
Լավագույն ձկնորսը չէր,
Բայց լավագույն գրողներ էր
Բոլոր ձկնորսներից,
Ու նրան սպանող հրացանը
Պատմվածք էր կիսատ մնացած
Կամ էլ ողնաշարը
հայտնի թրաձկան…
Եվ այսքանից հետո
Մնում է միայն, որ հարցնեմ,
-Հաջորդն ու՞մ համար է ղողոնջելու զանգը:
Վերջի սկիզբը
Հինգ օր անձրև չէր,
Այլ ջրհեղեղի նախածանուցում,
Ու վեցերորդին,
Երբ Աստված կրկին
Արարեց ինչ-որ մարդանման իր,
Ես ինձ մոռացա:
(Թռչուններն ի՞նչ են պահանջում Աստծուց,
Երբ կտուցները պարզում են երկինք:
Ակնակլության պահերին մահն է
Նախորդում` սակավ արթնացումներով,
Ու ջերմախտավոր հիշողությունը
Ապաքինվում է փլվող ձյուներով):
Ու յոթերորդին,
Երբ Աստված, կարծեմ, հանգստանում էր
Իր արարածից պարտվելուց առաջ,
Ջարդված հայելու շրջանակի մեջ
Մահամերձ ձյուն էր
Ու տխրություն էր մի համատարած…
***
Օրերն արձակի ճշգրիտ օրենքից
Տենչում են փախչել դեպի չափածոն,
Մեզ հարցականի կուզն է կողակից
Ու բազմակետի ծիրը-հալածող:
Շրջանակներում սև ու այլագույն
Դիմանկարներ պաղ դիմակների:-
Ամեն անկյունից վախճանն է հսկում.
Թվում է`հիմա պսակ կբերեն:
Եվ նույնը`անգամ քնի մեջ խորունկ,
Եվ գույնը անգամ արյուն է մեռած,
Եվ հունը անգամ, որ գետ չի բերում,
Եվ տունը անգամ` դարանակալած:
Տխուր է, գիտեմ, պարոնա´յք, թեև,
Ուրախությունը ցավից է բուրում…
Բայց մոմն այս որքա՞ն կտևի, Տեր իմ,
Այս վտիտ մոմը տևող գիշերում…
***
Գուցե ինձ չփնտրես, բայց գտիր,
Երբ վերջին անձրևներն անցնեն.
Ես երգեր ունեի հատընտիր`
Երգիչը վաղուց էր մահացել:
Գուցե ինձ չգտնես, բայց հիշիր
(ես արդեն չեմ հիշում, թե որտեղ)`
Քեզ շոյեց ձեռքերով ուրիշի,
Ուրիշի մատներով հոտոտեց:
Ու վերջին գիշերվա թասի մեջ
Սև վարդը բացվում է անվրդով:-
Նորից հե՞տ: Եվ այնտե՞ղ: Հազի՜վ թե…
Անձրև է ու տխուր առիթով:
Աշուն է: Դեղինը չեմ սիրում:
Բայց կանչդ խփում է անվրեպ
Ճիշտ նրան, ով պառկեց լուսերում,
Ու նրան, ով մեռնել սովորեց:
Այլե´ւս: Բացվու´մ է վարդը սեւ:
Շարունա´կ: Ու հաղթու´մ:
Անձրևնե՜ր:
(Չսպասե՜ս,
չսպասե՜ս…):
Չենք դառնա մեկտեղ տուն…
Չարենցի փողոց,
Ապոլիներին
«Այգեստան» խանութի մոտով
Հոսում է սենան ու սերերը մեր,
Բայց տղերքն արդեն գինի չեն առնում.
Կյանքը պառավե՜ց:-
Եվ նրբանցքներում մութը ու քամին
Չարախոսում են լվացք փռելիս,
Ու շենքերն ի վար ահն է հեղեղվում
Ինքնասպանի անբերան ճիչով:
Անհիշողության ջրերի միջով
Տղերքն այդպես էլ չեն վերադառնում
և աղեկտուր արցունք են դառնում
շերեփուկների վտառները սև:-
Առնետաբնակ ակվեդուկներով
Հոսում է Սենան ու սերերը մեր,
Ու բետոնակապ խուփը`
զայրացած մեքենաներով
կարող է թվալ Արտասուքի պատ,
երբ կաթկթում են կարոտները դեռ
մեր անուներին անվերծանելի…
Սենան տանում է մեր սերերն ու մեզ
Դեպի ապրելու այն ժամանակը,
Որ ծերանում է զուգահեռ կյանքում,
Ու թաթախում է հացը գինու մեջ`
Քնելուց առաջ մի բան ծամելիս…
Վան Գոգի ականջը
Ես Վան Գոգի ականջն էի չտեսանող,
Ես չլսող աչքերն էի Լյուդվիգ վանի,
Ինձ թաղեցին Պանթեոնի մի անկյունում`
Որպես մաշված պահեստամաս…
Մայրամուտ էր`պոմիդորի և արյան գույն,
Խելագարի անկյունավոր շարժուձևով.-
Ինձ մոռացան Անմահների զբոսայգում`
Մարդանման թխկենու տակ…
Հետո բարակ անձրև էր`ըստ խաղացանկի,
Ու մի ջութակ մղկտոց էր նմանակում,
Դամբանականն անճարակ էր հանկարծակի,
Բայց սրտանց էր լալիս սերը երրորդ շարքում…
Ձմեռնուկ
-Վա՜յ,մայրիկ ջան,տես,
Բակն ու դուռը լի…
Հովհ.Թումանյան
Երևի կգա մեծ փաթիլներով
ու էլ չի հալվի,
կմնա վերջին
մանկության բակում
ու բազրիքներին.
իմ երազի մեջ
շուրջը ճերմակ էր
շուրթերդ`կարմիր.
իզուր արթնացա
(…աշուն ու անձրև,
դեղին ու քամի…)
իզուր արթնացա
շենքերից մեկում
բազմահարկանի…
***
Մենք այստեղ եղել ենք:
Հիշեցի´:-
Այստեղ բույրեր կան դեռ
Անցյալ օգոստոսից,
երբ ծորում էր ինչպես
դեղին մեղրը հացին
հետկեսօրը`թանձր ու թափանցիկ,
և բույրերից հստակ առանձնանում,
բարձրանում էր բույրը հասած դեղձի,
դռնապանը մայթին
մի պուտ ջուր էր ցանում
ու պրկվում էր նեղլիկ ծիածանով
անածական սիրուն եկեղեցին:
Քո արմունկից քիչ վեր
աղվամազ էր դեղձի,
քո արմունկից քիչ վար
կիսած դեղձի փոսիկ,
շոգն իսկապես շոգ էր,
ու թվաց ինձ
շոգած մայթը հիմա պիտի մայթով հոսի:
Անթափանցիկ շոգ էր,
Երբ հպվեցիր,
փշաքաղված դեղձի
աղվամազ էր,ու քեզ
կարոտեցի հեռվից սիրածի պես
ու սիրեցի ինչպես հեռացածին…
***
Գեղեցիկ է երկինքն առանց աստվածների
ու պաղ,ինչպես սերը քեզնից հետո,
ուր հետքերդ կարծես հացի փշրանքներ են,
որ քշում է կապույտ աստղաքամին,
փշրանքները հացի,որ ծեր աստվածները
ցրել էին ճամփին թռչունների համար,
իրենց համար նաև ու քեզ համար,
որ օրերից մի օր վերադառնաք:
Գեղեցիկ է երկինքն աստվածների,
աշնան օրվա չափ կարճ ու հառաչանք,
և փշրանքը հացի,որ մարմինն էր սիրո,
և արյան գույն գինին,-չխմեցի´նք,-
բնակվում են այնտեղ ամպե դղյակներում
որպես Աշուն երկրի պատվո քաղաքացի:-
Մենք առանց մեզ-այնտեղ-մեզնից հետո`
անդրադարձող ողորկ մթնշաղի ափից,
մենք կանչում ենք իրար թռչունների ձայնով,
ծովի ձայնով, ճորմակ աղուտների,
ճահիճներին իջած մշուշների ձայնով
և իրենց մեջ փակվո՜ղ,փակվո՜ղ թավուտների,-
ու չենք լսում իրար-մենք առանց մեզ-այստեղ-
աստվածների նման,որ հեռացան
ու շրջում են հիմա ցուրտ ջրերի վրա
իբրև սիրո վարդի ու աշնան ձայն:
***
Կիրակին չեմ սիրում…
Հանգիստ:
Հագիդ ընտանի շորեր:
Ու նարդու շխկոցը բակից
Հուշում է, որ կյանքը բնավ
Արկած չէ կամ պարգև Աստծո,-
Մի բան է, որ պետք է լցնես
Թեկուզև նարդու շխկոցով
Կամ սուրճով, որ շատ է խմվում,
Կամ,դիցուք, արաղով-նույնքան:
Այսպիսով գալիս ու կրկնվում,
Քնելիս ասում ենք, դեռ կանք:
Կիրակին քո կյանքն է ամեն օր`
կարիքի կարկատանը վրան-
և´ հացի,և´ սիրո,և´ կնոջ,
և´ խանդի,և´ ցավի,առանց
երկնքի,որ աստղ է երկնագույն,
և առանց երկնքի,որ առաջ
թվում էր ցնդելու՜ մի անկում:
Քեզ նորից մաս-մաս են հավաքում
Մատները ապարդյուն ժամերի.
Խոհանոց, տնակյաց հավաքույթ
Ու հոտը լվացք-ժավելի:
Կիրակին մտնում է անարգել,-
Դու փակի՜ր պատուհան ու դուռ,-
Անթարթ են աչքերը անագե
Հարկը տու´ր:
Եվ այսպես`քառասուն տարի,
Ստույգը` համարյա քառասուն.
Էն ո´վ էր պայծառ ու կատաղի,
Էն ու´մ էր երկինքը սպասում:
Ախ, ինչպես ավազե անապատ,
Կամ ինչպես ավազի ժամացույց`
Կիրակին քեզ շրջում է, ապա
Կիրակի օրերին մատուցում…
© Ներսես Աթաբեկյան
ԱՅՍՊԵՍ ՊԱՏԱՀԵՑ
Ծառափչակի փռչոտ ականջում
անթարգմանելի,- շշուկո՜վ,- բառեր,
որ թռչունները կտցեն, ու վերջում
արմատախնամ որդերը համրեն։
Քամուց պահպանող աղոթքի պես ինձ
աշխարհի երրորդ բևեռին մեխած՝
ստվերն է փռվել հմայախոսի՝
խաչաթևերի պատերին գիրկընդխառն։
Սկսվեց ինչպես ամենայն սկիզբ-
օվսաննա՝ մուտքի անվճար տոմսով,
հետո թրմեցին եռացող ոսկին
լիալուսինով ու արևակեսով։
Փոխատեղվեցին լուսին ու արև
գլխարկի եզրով ալքիմիկոսի,
ու մահաթղթին ծաղրանկարվեց
խնկաբույրերով զմռսած ոսկին։
Ու եղավ հսկա նզովահեղեղ,
ու կույրի գիշեր անաքլորականչ,
ու խառնակվեցին երկնա-հողեղեն՝
ադամաշորով դեմքերը փակած։
Մատռվակեցին վարժ ու ժրաջան
ոսկրափուշու հաց, խաղողի արյուն…
Վերջացավ ինչպես ամենայն վախճան.-
կույրերը կյանք են արտանկարում։
ՀԱՆԿԱՐԾ ՀԱՍԿԱՑԱ
Հայկանուշին
Մենք իրար պարզված
մատներ ենք կույրի
ու չենք հանդիպում
մենք իրար պարզված
մատներ ենք նույնիսկ
երբ արդեն չկանք
մենք ձայն ենք
վաղուց երկնաքարտեզից
ջնջված երկնքում
մենք ջրի ձայն ենք
անապատների
երկրում ճաքճքած
մենք աչք ենք
երկինք նայող ջրհորի
թափանցիկ կոպով
մենք կանչ ենք
երկինք նայող ջրհորին
աստղի հետ կապող
երես առ երես
միևնույն դեմքն ենք
դարով վրիպած
լուսնակածանով
քայլողի հետքեր
որ թափվում են ցած…
ԻՆՔՆԱՆԿԱՐ
Երկնքի խուփը՝ աստվածամետ
հայացքների վրա,- կապույտ եզրաշերտով,
և շարժումը կյանքի եզրով- միլիմետր,
և հատումն ինչ-որ կետում, որ դառնում է տոն։
Սպասի՛ր. ներսդ հոգնել է,
ներսդ սայթաքուն է, ինչպես ձմռան փողոց,
ներսդ վախենում է
իրեն ցույց տալ դրսին,
և ամեն ինչ ասված ու լսված է վաղուց։
Լուռ է մնացյալը ու- լռության մասին։
Չէ՛, ամեն ինչ ասված ու լսված է վաղուց,
ու երկրավոր կերպդ
ջանք է սնսնկ.-
լորդ Բայրոնը քեզնից հանճարեղ էր կարղում,
քեզնից հանճարեղ են սողում սրանք։
Եվ ամենը, ինչի սերմը վտիտ
ափերիդ մեջ քամուց պահվեց զգույշ,
սեղմ կապարի նման հիմա խփվում սրտիդ
ու կապարի նման խուփն է կնքում,-
Երկնախո՛ւփը՝ կապույտ երկնաբիբի վրա,
որ շրջված է տեսնում սկիզբ ու վերջ,
ու հոսում է ծովը գետերի մեջ՝
վտառի պես,- դեպի ձվադրում ու մահ։
ԴԻՄԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Երեկոյան մարդը վերնագիր է չկարդացած գրքի,
շենքերի շարքերը՝ կարկամախտ,
բառերը դիմակ են փոխում,
ու դեմքերն՝ անցողիկ հանգամանք…
Քամին բողոքում է
տերևաթափի սուտ լեգենդի դեմ։
Հոգնած ափերս իջնում են չքնաղ ծնկներիդ։-
Համենայնդե՛պս…
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
Անկյունադարձին՝
ուղիղ մի կյանք անց,
շարժումդ նույնն է՝
«Կհանդիպե՛նք»,
նույն մազափունջը,
ծունկդ կիսաբաց,
ճակատագիրը
բռնահանգի պես…
Կհանդիպե՜նք՝
նախ թե հետո
ապա թե բայց
երբ թե երբեք,-
ու կլինի
կիսաերկինք-երկինքակես՝
ապստամբած հրեշտակի
իզորությամբ,
պարտված, ինչպես
պարպված կրկես…
Կհանդիպենք՝
ու կնայենք
աչքերի մեջ ջրափոսի,
ու ձմեռը
կիթ է դնում ինքնամոռաց,
ու մեզ մեռած
լեզուներից մեկով կուզի
հեռավորաց բնակավայր
մի մոլորակ։-
Ես քո միջով
կմոտենամ իմ պատկերին,
դու իմ միջով
կհեռանաս անվերադարձ,
ու կդաջվեն
հիշողության մերկ պատերին
աստղաթափից հյուսված մի կին
և անանուն մի կիսաաստված…
ՎԵՐՆԱԳԻՐԸ ՆԱԽԱՎԵՐՋՈՒՄ
Շրթունքներդ մեղր են ու թույն,-
կյա՞նք ես, մա՞հ-
ինչպես լույսը ակնթարթում՝
կաս հիմա,-
չկաս հիմա՝
ակնթարթ ու լույսի պես.
այս մանրամաղ
անձրևներն են հիշում քեզ,-
ու պատռված
հարսնաքողի պես կանչող՝
առեղծված է
գաղտնատեսի ափերում
արևը սև՝
այլափոխիկ ականջօղ,
որ իմ լրումն
իրենով է չափելու,-
իմ լրումը իրենով է չափելու՝
ամփոփելով
ինձ շուրթերիդ նեղուցում,
ուր կպատկեմ
փարավոնի պես անկիրք,-
ում քույրերդ
մեղր ու թույն են մատուցում,
մինչև հոգին
վերադառնա պտույտից…
ԷՊԻՏԱՖԻԱ
… ու հիշում եմ ձեռքս ճերմակ թղթին՝
ուժեղ,
համարյա Աջը Հոր,
ու բառերը- դեպի՛-
ինքնառաջնորդ երամ,-
ի սկզբանե՝ էի՛ն
ու ց’վախճան՝ եղա՛ն…
… իսկ հիմա նստել է մի չար թզուկ
Չտոհմածառի մգլած փչակում
և իր սերմանած հողմերին ընդդեմ՝
անցնող-դարձողի թագ ու ճաղատին
անիմացության սերմեր է թքում,-
թվում էր՝ կանցնի,
պարզվեց՝ ողջ կյանքո՛ւմ…
ՓՈԽԱՏԵՂՄԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊ
Տիեզերքի եզրին
(չնեղանաք, որ անգրագետ եմ ասում)
մի տնակ կա՝
դուռ ու երդիկը բաց,
ինքը ճերմակ-ճերմակ,
ինչպես տենդը,
ոտքերը՝
առվի սառցաջրերում,
ձեռքերը խաչած,
աչքը՝ հեռուն…
Մի այսպիսի տնակ՝
ծնվելուց առաջ տեսած,
ուր իջնում է հոգիների հերթափոխը
ու մինչև լույս հսկա ալբոմներ է թերթում՝
կիսադեմ ու անֆաս
ֆոտոներով,
իրեր,
որ կունենան,
բառարաններ,
մի քիչ շարժուն վարժանք,
ամսագիր են կարդում՝ ոտը ոտին,
ու զրույցներ վարում բազմաժանր,-
մինչև X ժամ,
մինչև դուռը թակի Հերթական Ճամփորդը
և ուզի ջուր կամ աղ կամ ուղեցույց,
նայած ինչ է ասել Աստծո Որդին,
ու փոխատեղման բանաձևն ումն է
նրանից ընտրել ըստ Այս մարմնի
ու հիշողության- դեպի վերադարձ՝
Կենդանակերպով Չհանդիպումի։
ՔՄԱՀԱՃՈՒՅՔ
– Իմաստ ունի՞…
– Չունի՛, չունի՛…
(արձագանք)
Իմաստ ունի՞, երբ վաղուց են բացակա
Բանաստեղծը, Խեղկատակը և Արքան…
– Իմաստ ունի՞, գերապատիվ արքա Լի՛ր,
իմաստունի ճակատը՝ գոց որձաքար։
Ես, իհարկե, ոտից գլուխ հարգալից,
բաց գլխից ոտ՝ անարձագանք հարցական…
Խենթությունը խևությամբ է ավարտվում,
խևությունը՝ Ֆ. Նիցշեի երազով։
… Թումանյանին, որ գրեց «Շունն ու կատուն»,
ընթրել է մի երկտարեցի երիզորդ։
Ներսես Աթաբեկյանի պոեզիան այն քչերից է, որը կարդում եմ ոչ թե իմանալու՝ թե «ինչ կա չկա պոեզիայում», այլ կարդում եմ, երբ պարզապես պոեզիա եմ ուզում կարդալ։
Իմ ամենասիրելի բանաստղծներից մեկը ժամանակակից պոեզիայում. բարդ համադրական պոեզիա` խոհափիլիսոփայական ենթատեքստերով, սարկազմի, խաղի, հղումների ու լիրիզմի հրաշալի համակցումով:
Շնորհակալություն Հասմիկ Հակոբյանին` տեքստը թվայնացնելու համար : )
Of,de lav eli…es senc 4em xaxum.Bla-bla-bla…
ՉԱՐՔԱՊԱՏՈՒՄ
Ես էլ հյուր եղա սատանային:
Կարմիր պաստառներ: Սև բուխարի:
Ու լուսինն ինչպես ծուռ հմայիլ՝
երկնքի անվերջ ամենածայրին:
Ու լռություն էր խոսքը բերում,
ու խուսափում էր աչքը աչքից,
ու տաքանում էր մեր ափերում
կոնյակի թասը մատնաչափիկ:
Ճանապարհին էր բառը միակ:-
Մի ամբողջ կյանք եմ քեզ սպասել:-
Վերուվարել են երկնքի փեշով
արևը ոսկի, արեգակը սև:
Վերուվարել են մեջընդմիջելով,-
պայմանագրի գաղտնի հավելված,-
Կյանքի շարունակ նախավերջերով,
արվարձաններով սիրո: – Ավերա՜կ:
Ձիթապտուղ է, հոտոտելով տես:
Մի հատ էլ, դեմ չե՞ս: Լիմոնի շերտի՜կ:
Կեսգիշերային հյուր եմ պարզապես-
տասնոցի կետը՝ նշանաթղթին:
Պոչուսմբակը ներսից է աճում:-
Զգո՜ւյշ հայելու միջանցքից անծայր:-
Ճամփին է բառը:- Բայց դո՜ւ ես կանչում
մահապարտյալի ժամադրության-
Բա՛ռ ես լինելու հմայախոսող՝
փոխակերպումի կախարդածեսին:
Կնիքն՝ արյունո՜վ: Ամսաթիվն՝ այսօ՜ր…
Եվ ես ասացի. ՙԼսում եմ, սի՜ր՚:
ԱՂՈԹԱԳՐՔԻ ՎՐԻՊԱԾ ԷՋԻՑ
Տուր ինձի, Տե՜ր, դիցուք, ուրախությունն անանձնական,
նաև՝ համեստությունը ձկան,
որ լռեմ ասելին,
ինձ զնգուն դարձրու, ինչպես եզակի ածական,
տուր ինձի, Տե՜ր, Աստծունը,
իսկ մնացածը, ոչի՜նչ, կայսրին,
ճանապարհների սկիզբը, մեջտեղը, վերջը,- տո՜ւր,
մնացածը՝ ճամփորդներին,- ըստ Պոետի,
տե՜ս՝ ստեղծածն եմ քո՝
անսեր, անփող, անստույգ ու տրտում,
համարյա Ա. Շեկոյանի չափ անտիպոետիկ,-
և խաչմերուկներում՝ ոչ մի մարգարե,
ոչ մի Կանայի հարսանիք՝ հրաշքի խոստումով,
մինչև Սիրիուս աստղը սև այգին է թառել,
ու շեմին՝ սատանան՝ ՙՀյուգո Բոսս՚ կոստյումով,
և նույնն է վայրը բոլոր համբույրների,
և նույնն է մայրը բոլոր կանանց – Լիլիթ,
ու թե տեղ կա մի բուռ համբուրելի՝
տխրությունն է քո, Տե՜ր, երազների պարտված՝
ջրերից էլ առաջ անեզրական,
երբ դեռ Լույսը քոնն էր և ինքնին իր,
ու վեցերորդ օրվան հավատում էր Աստված…
Ասացի: Հետո՞: Ասենք թե՝ ասացի-
մի զիլ ծկլթոց գարնան առաջին օրը,-
էլի իրենց էշն են քշում փարիսեցիք,
փարիզեցիք սուտ են պաշտում Տիրամորը,
և բառերը բոլոր առ ոչինչ են նետվում
Քարահունջից մինչև Սթոուն Հենջ ու անդին,-
մի ծանոթ ջրահեղձ կար Մոռացումի գետում,
նա էր ասում ամեն նոր անցնողի առթիվ:-
Ես ետ դառա կեսից. կիսատ գործեր կային,
ծանոթ ջրահեղձն էլ ՙՏեղ ազատվի՚ ասաց,
ու ետ դառա կեսից ապագայի,
ու մնացի կիսատ…
Հիմա – տուր ինձի, Տե՜ր, մի թուղթ աստվածային,
որ գնալուց առաջ մի քիչ մնամ,
ու մնալս արա մարդավարի՝
լռության պես Որդուդ ու ծիծաղի նման,
խեցին փակիր՝ հանկարծ չպակասի
կոկիկ կլայեկած ներսատնից ողորկ
ուրախությունն էս խեղճ ճամփակեսի՝
անանձնական, անտես, ու անողորմ…
ՁԵԶ՝ ՋՐՀԵՂԵՂԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ
Լինե՞լ, թե չլինել,-
նորից այս է խնդիրը,-
արանքներում մի տեղ
պահ մտնել չստացվեց,
ու եթե նույնիսկ անհայտ է
նախորդ կյանքերիդ թիվը,
մահվան թիվը մեկն է – 666,-
ու մեկն է ծնունդն անանցյալի՝
նույն ամենալույսը ամեն անգամ,
երբ ծովը հեռանում է ափից,
և արանքում Նոյն է՝
ՙՆաիրի՚ կոնյակով հարբած,
մոռացած աղավնի ու ագռավ,
որ ճամփեց կյանքի շիվ գտնելու,-
աղավնուն,- ասացին,- երկինքն ի Տեր առավ,
ագռավն Էդգար Պոյի կարոտներն է կռռում,-
ու նեղացավ Նոյը Նոյի տարում՝
ինչպես կրտսեր որդուց – որդուց ավագ,
տխուր-տրտում իջավ Հայոց պարով
մինչև Նախիջևան
ու Ջուլֆայով-բանով գնաց հարավ,-
ու հիմա դարձյալ խնդիրն է նույն,
ու նայում է Նոյի Լեռը վերից,-
քանի՞ տեղ ես պահել քո տապանում,
թե՞ մենք նորից չկանք ցուցակներում վերին,
թե մենք նորից պիտի քեզ սպասենք
ու պահպանենք Լեռը մեծ ջրերից,
երբ ամպերը լինեն վիշապ ու սև
ու դատաստանն իջնի ձեր դռներին,-
ու հիշելով հուշի ճամփաները բանուկ՝
վերջին նավը կրկին օրորի ձեզ
դեպի Լեռը միակ և աղավնու
սպասումը, որ միշտ առասպել եք կարծել,
դեպի ավագ որդու տունն ապահով՝
վիշապաքաղ աջի հսկումի տակ,
որ միայնակ եղավ, ինչպես աղոթք
և աղոթքի նման – տերունակա՜ն…
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՂԱՆԱԿԸ
Փարիզում նորից գարուն է,
իսկ մեզ մոտ՝ տարվա եղանակը նույն,
որ Բանաստեղծի խնդրանքով եկավ
ու չի հեռանում,-
առավոտները շուտ են ծերանում,
տգեղ են սմքում թփերը գաճաճ,
ու սեր չի դառնում ոչ մի դերանուն՝
թյուրիմացաբար ճամփեքիդ աճած,-
տասնմեկերորդ անգամ դեղձենին
մեռնում է՝ գարնան ճամփան պահելով,
անեծքի պես է իջնում կածանի
ծամը՝ քո հերվա ձյունից պաղելով,-
խոտը – հիվանդի մկրատած մազեր,
տենդի պես – ջրի կաթնագույն հեռուն,
և այն, որ սիրտը մի գիշեր ուզեց-
խելապակասի վախ է սևեռուն,-
ներսերո՞ւմ եմ դեռ, թե դուրս են կանչում
ծառերը ծաղկած ու պայծառատես,-
ու սպասում ես ինձ տողավերջում
տարվա վեցերորդ եղանակի պես…
ԷՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ
Մալաթիայի փողոցներում հալվեց իմ առաջին սերը:
Անձրևներ էին-
Երևան-Վենետիկ տրանզիտ,
ու քաղաքը լողում էր տխրության դեղին ջրերում:
– Հալվում է,- ասաց Կոմայգու ծռված ստվերը
և անտուն շան աչքերով նայեց հեռուն…
Գարուն էր կարծեմ դեռ մի քիչ,
ու գոնդոլների երամը սև էր.
Երևանը հենել էր սանդուղքը երկնքին
ու մի փունջ թրջված սեր էր կրծքին սեղմել-
իր գժերի նման, որ շարվել էին շուրջը,
աչքերում՝ չասելիքը, որ հաստատ կսպաներ մեզ,
ու հեռվից հրաշք էր Ռիալտոյի կամուրջը-
հեռվից,
քեզ նման,
տառապանքի պես…
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Ծղոտե մարդը վառեց լուցկին…
Ինչ գեղեցիկ են,-
երբ ճթճթոցը խուլ է
ու ցավի աղաղակը՝ ներս,-
նայվում հեռավոր մայրամուտները:
ԹՈՎՄԱՍԻ ՆՄԱՆ ԵՎ՝ ՀԱԿԱՌԱԿԸ
Տարագիր օր է (… հասցե, ազգանուն…):
Մոլորվեցի ես իմ ու ձեր միջև,
երբ կյանքումահի ճամփաբաժանում
մաքսանանենգի մութ գիշերն էր իջել:
Փա՜կ եմ – խեցու մեջ ձայներ են աճում:-
Տիեզերական նվագախմբից
թռած գալիս է ջութակների չուն՝
տարագրության լացին ունկնդիր:
Բա՜ց եմ – և ահա մոտենում եք ցուրտ,-
հավիտենակա՜ն հանդիսատեսներ,
ու երակներից մի խուլ ցնծություն
ճչում է հանկարծ՝ հրաշքի պե՛ս էր:
………………………………………………………
Ա՛խ, անհավատնե՜ր, Թովմասի նման
ձե՛զ շոշափեք ու տեսեք հիրավի-
ջութակների չուն հասել ու արդեն
ձեր սրտերում է հյուրախաղերի…
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ, ԽՈՒՄՀԱՐ, ԱՐԹՆԱՑՈՒՄ
Դուռը բացվեց, ներս եկան երկու ուրվական՝
Քարե հյուրի second hand թիկնոցներ հագած,
եկան ու լուռ շարվեցին երրորդ անկյունում,
որտեղ Սարդը, Բեռնաձին ու Մուկն են կենում,
մեկը հանեց այցետոմսն ու լուռ պարզեց ինձ.
տեղում էին՝ ազգանուն, պորտրետ ու կնիք,-
և անկյունից, ուր երեկ անկում ունեցա,
չորրորդն իրենց հայտնվեց – ինչպես տոնածառ՝
վրան պարտքերը տալիք և այլն այլևայլ,
տակը մեղքերն են լալիս պարում եռաքայլ,-
ինչ ուրա՛խ են պտտվում – ինքնամոռացած,
ինչ արա՛գ է գլորվում հրեշտակը ցած,
ինչքան թեթև է տարին կապիտուլացվում
ու հաղթողի ցանկության կամքին հանձնվում,-
ժպիտն ինչպես ծնկածալ ողջույնը տիկնոջ,
ինչպես վեպում այն պայծառ՝ Մարգոն անթիկնոց,
մութը – վերջին հրավեր ու սերը – ցմահ,
մահն – ամեն օր, կյանքը – միշտ, մորմոքումը – մառ,
ու բուխարու բերանից,- կրակի ձայնով,-
ինչ-որ բան էր ասում մի աստված անծանոթ…
Կարծեմ ես էլ պարեցի հրեշտակի հետ,
նույնիսկ մի քիչ սիրեցի հմայքներն իր հեզ,
հետո մեկը հավաքեց գիշերը արագ ու
բոլորիս իր հսկա պարկի մեջ առավ:-
Լույսը բացվեց, ու եղավ մեծ ու մերկ մի օր.
ՙՇնորհավոր Նոր տարի՚՝ ասին Հ1-ով:
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՏՈ
Գարնան նրբանցքներում մոլորվածին
չի գտնելու ոչ մի հմայախոսք-
կյանքից հետո անգույն մի ծիածան
սեռափոխման անտիկ հնարքներ է հուշում,
քամին, աստղաքամին սկիհներներն է ջարդում,
որտեղ սիրտն է ցրտում սրտում թաքնվածի,
ու հետքեր է տեսնում լուսնակեսի վրա
աստղագիտաց ցեղի մի գայլաշուն,-
ափերիս մեջ, ինչպես տերևաթափ ոզնին,
կծկվում է սիրտս` մսի կտոր.
– Քեզ ոչ ոք չի տեսնի,- ասում եմ,-
ոչ ոք չի տեսնի,-
երբ որ լաց է լինում սրտակտուր,-
քեզ ոչ ոք չի տեսնի, մեզ ոչ ոք չի տեսնի.
աչքը սիրո տուն է, իսկ մենք չկանք,-
ու Շարոն Սթոունի չափ սեր է
տերևաթափ ոզնին,
ու ծեր, ու ավարտված, ու – կյանք…
Ներսես Աթաբեկյանից բանաստեղծությունից հիմա միայն այս պարոդիան է մնացել հիշողությանս մեջ,
Կարծեմ գործի վերնագիրն էր` “Ես ուզում եմ անհայտություն հոտոտել”
Բնակիչներ, անիվավոր տնակի
և ‘Ի’ դարու խառնափնթոր երկրորդ կես;
դեմ չեմ, իրոք, նեղ է կուպեն գնացքի,
հարկ կա, սակայն, հինգը անել երկու կես:
Կոտորակի գազտնիք` հինգը` երկուսի,
և հինգ հոգուց մեկն այդ գիշեր չքնեց;
օ, պոետի ճակատագիր մեկուսի,
Ինչու տոմսը ուրիշ տեղից չգնեց:
Բայց դե գինու շշերի շուրջ ինչ նեղվածք
և ինչ կասկած վստահության նեղ խնդրում,
ու մոռացած անցյալի դեմքը խեղված
պոետը մեր` միջանցքի վերջն էր փնտրում:
Հարազատներ, վերադարձի սպասող,
քիչ համբերեք գիշերվա զույգ ծայրերում;
ընթերցողին ‘եղբայրաբար’ սպանող
աշուղը ձեր նոր բայաթի է բերում:
Գիշերն անցավ, և կայարանը մոտ էր,
ուղեկիցներն հավաքվեցին մտացիր;
նա ուզում էր անհայտություն հոտոտել,
բայց սրտխառնուքն ու այս երգը մնացին:
Մեկն էլ կար Բռնապետության մասին, ավաղ լավ չեմ հիշում, կարծեմ սկսվում էր
“Տիկին Ղովտի պես դարձա աղարձան… և այլն; հետո որ գտնեմ կավելացնեմ
Շատ լավն ա է՜ ախր..♡