Հերմինե Ավագյան | Թրաշուշանները գարուն են ուզում

Դեպի հայրենի գյուղ տանող ճանապարհն անցնում է սրտիս միջով: Արյունս հիշողության գետ է դառնում, եւ հուշերս պարզում են ճերմակ առագաստները…
Թթենիների միջով ձգվող ճամփան ցեխոտ է. տեղ-տեղ կուտակված անձրևաջրերը փոսեր են առաջացրել: Մեքենան կռիվ է տալիս ցեխաջրերի հետ, բայց համառ է, ավելի ճիշտ՝ վարորդն է փորձառու, կամ էլ, ինչպես ինքն է իր մասին կատակում, «գյուղերի ճանապարհների գիտությունների թեկնածու է»:
– Հազիվ թե իմ կենսագրությունն էս ճանապարհներից ավելի լավ իմանամ,- մե՛կ ինձ հետ է զրուցում, մե՛կ փոսերի…
Թթենիները նույնն են մնացել, միայն մի բան է փոխվել՝ այստեղ այլեւս չեն լինում սիրահարների թաքուն հանդիպումներ: Սիրահարնե՞րն են գյուղում քչացել,թե՞ ուրիշ ավելի գեղեցիկ վայրեր կան հանդիպման համար: Խեղճ թթենինե՜ր, երևի նրանք էլ են կարոտում հին ու լավ օրերը, երբ ականջ ականջի լսում էին սիրո խոստովանություններ եւ մի քիչ ամաչկոտ, մի քիչ պարծենկոտ սվսվում…
-Բարև, թթենինե՜ր, – ասում եմ:
Վարորդը շվարած ետ է նայում, եւ զարմացած ժպիտը կանգ է առնում թավ բեղերի վրա. համարյա թե ասում է՝ ա՛յ քեզ գիժ:
Լռությունը խառնվում է ցեխաջրերին, եւ չը՜մփ ցեխաջուրը ողողում է մեքենայի ապակիները:
-Թու՜,- ասում է ու վառում ծխախոտը: Մեքենայի դիմացի հայելու մեջ նա գտնում է իմ ժպիտը, իսկ ես նրա՝ զայրույթով լի աչքերը: Ես փախչում եմ նրա աչքերից, որ թաքուն ժպտամ…
Այս վայրերով երկու պատերազմ է անցել, ու հողը դեռ վիրավոր է: Ահա երևաց վայրի թրաշուշանների անծայրածիր փունջը՝ գարնան աձրևով ողողված: Փունջը մեկընդմեջ ընդհատվում է. մոտեցողը կտեսնի՝ ընդհատված տեղերում պատերազմի հետքերն են: Ծաղիկներն ասես խորշում են դրանցից…
Թրաշուշանների բույրը ներս է մտնում մեքենայի պատուհանից եւ խառնվում հիշողություններիս:
-Կարո՞ղ եք մի քանի րոպե կանգ առնել:
Պատասխանի փոխարեն վարորդը արգելակում է մեքենան:
Ագահորեն պոկում եմ ծաղիկները՝ մոռանալով, որ ցեխաջուրը լցվում է կոշիկներիս մեջ:
Ծաղիկների փունջը սեղմում եմ կրծքին. սիրտս ու ծաղիկները ջերմանում են: Քայլում եմ առաջ: Ծանոթ հուշաքարին մի փոքրիկ թռչուն է նստել: Թռչունը չի թռչում մոտեցող քայլերիցս: Թրաշուշաներն ինձ հետ խոնարհվում ենք սառը քարին: Հուշաքարի վրա գրված անունները կարոտներ են. նրանք միշտ համբույրի են սպասում: Շուրթերս գտնում են բոլորի անունները:
– Առաջինը հորս անունն է. նա կռվի էր տանում տղաներին,- ուզում եմ շրջվել ու ասել վարորդին, բայց նա փնթփնթալով մեքենայի ապակիներն է մաքրում:
Մի պահ մտածում եմ անցյալի ու ներկայի մասին. այսօր, առավել քան երբեւ, նրանք նման են՝ այդ ներկան ու անցյալը: Ներկայի գույները մտահոգում են, նրանցում շատ են անցյալի երանգները: Ես ուզում եմ, որ ջնջվեն այդ երանգները, բայց վայրի թրաշուշանների մեջ երևացող «հետքերը» հուշում են նրանց գոյության մասին…
Թռչունը թռչում է: Երկնքում ամպեր կան, բայց թռչունը երևում է, թեեւ փոքրիկ է: Հետո թռչունը խառնվում է ամպերին: Ամպերի միջից մի վառ ճառագայթ գրկում է հուշաքարը: Ձեռքըս դնում եմ ջերմացող քարին, մատներս արևանում են: Գուցե թռչունը ապագայից էր եկել, այդպես կարո՞ղ է պատահել, գուցե նա ուզում էր ասել, որ խաղաղությունը կապույտ գույն ունի ու այդ գույնը մոտ է…
Հեռվից՝ դիմացի բլրից այն կողմ, կրակոցներ են երբեմն-երբեմն լսվում…
Վեր եմ կենում ու նայում հեռուն: Այնտեղ, ուր դեռ չեն վերջանում թրաշուշանները, զինվորական տասնյակ վրաններ են երևում. պատերազմը դեռ շրջում է այս կողմերում: Ձեռքով եմ անում չգիտեմ թե ում: Չգիտես թե ով՝ զինվորական շորերով, հեռվից բարևիս պատասխանում է՝ ձեռքը թափահարելով: Երկու ձեռքս բարձրացնում եմ եւ նորից բարևում՝ այս անգամ ներքին անբացատրելի ոգեւորությամբ:
Թրաշուշանները գարուն են ուզում, իսկ պատերազմը եղանակ չունի, այն գալիս է, երբ ուզում է եւ ինչպես ուզում է…
– Դուք հավատու՞մ եք,որ պատերազմը մի օր կավարտվի,- մոտենում եմ մեքենային:

– Երեք տղաներս սահմանին են,- նայում է աչքերիս մեջ,- երբ տուն են գալիս,ասում են՝ պա՛պ, ի՞նչ ես դարդոտվել, ամեն բան լավ է լինելու, մեծ մարդ ես, դուխդ տեղը պահի: Իսկ ես ասում եմ՝ երբ որդի ունենաք, էն ժամանակ կհասկանաք ինձ:
Նստում է մեքենայի ղեկին:
-Ես մի քիչ անհավատ մարդ եմ, դու ջահել ես, դու պիտի հավատաս: Հավատալը շատ կարևոր է, բայց միայն հավատալով տուն չես պահի:
Ցեխաջուրը խլում է նրա ձայնի հնչյունները, եւ ականջներս լցվում են անսովոր աղմուկով:
-Պա-տե-րազմ…
Թրաշուշանների բույրը նորից թափանցում է ներս:
-Գա-րու՜ն…
Ճանապարհին մարդիկ են կանգնած: Գյուղի ավտոբուսը մնացել է ցեխի մեջ եւ առաջ շարժվել չի կարողանում: Տղամարդիկ փորձում են հրել, չի ստացվում:
– Բարև, ժողովո՛ւրդ, ինչո՞վ կարող եմ օգնել,- վարորդը մոտենում է ավտոբուսին:
«Բարև»-ի հետ բոլորը ժպտում են: Բոլորը ծանոթ դեմքեր են:
– Մենակ թե ավտոբուսի մասին չգրես,- ինձ նկատելով՝ ասում է գյուղացիներից մեկը: Ծիծաղում են:
-Չէ՛, չէ՛, թող գրի, բա էսպիսի բան կլինի՞, 100 տարի է էս ավտոբուսը մնում է էս նույն ցեխի մեջ:
-Դու ավտոբուսից խի՞ ես բողոքում, ճանապարհներից բողոքիր, ճանապարհս ո՞րն է, մի «ճ»- ը է մնացել,- ասում է մեկ ուրիշը:
-Որ հարստանաս մի կարգին ավտոբուս կգնես էս գյուղի համար:
-Չէ՛, որ հարստանա ճանապարհը կսարքի…
-Անպայման կհարստանամ,- միանում են ծիծաղին:
-Մեքենայում տեղ կա, կարող ենք մի քանի հոգու տեղավորել մեզ հետ,-ասում է վարորդը:
-Չէ՛,չէ՛,- ասում են ամեն կողմից, բա մեր վարորդին ավտոբուսի հետ մենա՞կ թողնենք, միասին եկել ենք, միասին էլ կգնանք, դուք հանգիստ գնացեք:
Ավտոբու՜սս…Ուսանողական տարիներիս վկան…
Վարորդը երկար «սիգնալ» է տալիս, որ հաջողություն ասելու նշան է:
Ծանոթ դեմքերը պահում եմ սրտիս մեջ, ու սիրտս լցվում է այնպիսի զգացումով, որ ավելի վեր է, քան բարությունը: Դա մի այնպիսի զգացում է, որպիսին ունենում ես կուսական բնության գրկում:
-Այս մարդիկ բնություն են,- ասում եմ մտքիս մեջ…
Գյուղի սկզբում երկու թոնիր կա, երկուսի դռներն էլ փակ են, մետաղալարով ամուր կապված: Հիմա ո՞վ է գյուղում թոնիր վառում, հազիվ մեկ-երկու հոգի, ջահել հարսներն արդեն չեն օգտագործում թոնիրները: Գյուղի խանութն ամեն օր թարմ հաց է ստանում, բոլորն այնտեղից են հաց գնում կամ էլ տանը՝ ջեռոցում են թխում:
Թոնրահացի բույրը կախվել է մետաղալարով կապկպված դռներից: Դուռը ճռռոցի է կարոտ, բույրը՝ հացի…
Խեղճ թոնիրնե՜ր…
Մայրս մեզ դիմավորում է նույն բարի ժպիտով: Այդ ժպիտը միակ բանն է, որ պատերազմն այդպես էլ չկարողացավ փոխել:
-Սեղանը պատրաստ է, եկե՛ք,եկե՛ք:
-Չէ՛, ես գնում եմ,- ասում է վարորդը,- օրը մթնում է:
– Ի՞նչ եք ասում,առանց հաց ուտելու տղամարդը ճանապարհ կգնա՞: Ամոթ է, ներս եկեք:
Չի համառում, մտնում է:
Տաք վառարանը հիշեցնում է դպրոցական տարիներս: Վառարանի կողքին փոքրիկ խալի էի փռում ու դասերս էնտեղ սովորում:
– Գետնին մի նստիր, կմրսես,- թախանձում էր մայրս:
– Չէ՛, էստեղ հեշտ եմ սովորում:
Հետո չորացրած մրգերով լի ամանը հայտնվում էր կողքիս:
– Հա՛մ սովորի, հա՛մ կեր:
Իմ սիրելի վառարա՜ն…
– Դե նստե՜ք, քաղցած կլինեք, ճանապարհ եք եկել:
….Արևը ճանապարհվում է դեպի մայրամուտ: Ամենագեղեցիկ մայրամուտը մեր գյուղի մայրամուտն է: Այն միայն տեսնել է պետք:
-Դե, ես գնացի, արդեն ուշ է, շե՛ն կացեք, շնորհակալ եմ հյուրասիրության համար,- վարորդը վեր է կենում:
-Սպասե՛ք, սպասե՛ք,- վազում եմ դեպի պայուսակս՝ հիշելով որ չեմ վճարել ճանապարհածախսը:
– Հարկավոր չէ, հաջորդ անգամ…Ես առաջին անգամ միշտ անվճար եմ տանում:
– Ի՞նչ եք ասում, կանգնե՛ք:
– Մի օր էլ դուք ինձ լավություն կանեք, երբ շատ հարստանաք,-խորհրդավոր ժպտում է ու արագ դուրս գալիս:
-Ինչ տարօրինակ մարդ է,- ասում է մայրս,- որտեղի՞ց ես գտել:
– Ծանոթս է խորհուրդ տվել:
Գիշերը թանձրանում է գյուղի վրա, բայց ոչ ոք չի վառում լույսերը:
Մայրս բերում է հին լամպը:
– Մա՛մ, ինչու՞ ոչ մի տան վառ լույս չկա:
-Գյուղապետն է էդպես հրահանգել,ասաց՝ եկեք մի քիչ զգույշ լինենք ,աշխատեք լույսերը չվառել՝ թշնամու անօդաչու սարքերի աչքից հեռու մնալու համար:
Լամպի աղոտ լույսը նկարում է մորս բարակ մատները: Երանի կարողանայի նկարել նրա մատները:
– Հնարավոր է՝ հեռվից կրակոցներ լսվեն:
Գլուխս խոնարհում եմ նրա մատներին:
– Աշխարհի ամենաապահով տեղն այստեղ է՝ լամպի լույսի տակ, քո մատների վրա…

Արցախ,
2016թ. ապրիլ-մայիս

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *