«Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…»
Մի խումբ հարազատ կանայք
Քեզ համար ես ընդամենը հորինովի մոր մտացածին զավակ եմ: Մենք հաստատ ծանոթ ենք. անունս Կիրակոս է, բայց բոլորն ինձ կարճ ասում են Կիկոս: Մեր տան աստված Հովհաննեսը մահվանս լուրը հասցրել է ամբողջ ժողովրդին: Բայց մեր բարի, իմաստուն արարիչն ինձ այդպես էլ ողորմի չտվեց. թե հոգեհացիս գար, հոգիս հանգիստ կլիներ ու չէր ձգտի վերածնվել: Թե ողորմաթաս բարձրացներ ու ասեր` ափսոս Կիկոս, մարդիկ հետևից կասեին` հազար ափսոս: Բայց էդպես չեղավ, ու գուցե բարին էլ դա էր:
Իրենից հետո, երկար, շատ երկար ման էի գալիս մեկին, որ պատմեմ իրական կյանքիս պատմությունը, ու վերջը գտա: Անունն Արմեն է, էս տողերի հեղինակն է: Բարդ ենք հարաբերվում, լեզու չենք գտնում: Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով` հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը»` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը»` վախն ապագայի նկատմամբ: Ու որոշեց սկսել վերջից: Ես նրա ասածները չէի հասկանում ու երբեք էլ չեմ հասկանա, բայց օգտվեցի գրառումներ անելու իր սովորույթից ու պատմեցի` ինչ հիշում էի ու ինչ որ կարևոր էր ինձ համար` սկզբից մինչև վերջ:
Դեռատի մորս ուղարկեցին ջրի, ու նա կանաչ, վիթխարի ընկուզենու տակ (այսուհետ` Հաստաբուն) տեսիլք ունեցավ: Օրիորդ մայրս ուժեղ վախ ապրեց` տեսնելով մեկի մահը, որ դեռ չէր ծնվել. և այդ մեկը ես էի: Մորքուրներս ու տատս վրա-վրա վրա հասան, բաժանեցին մորս չեղած զավակին կորցնելու վախը ու քանի որ պարզ գյուղացի կինարմատ էին, լաց եղան, որ անցնի: Պապս անթաղում քելեխ տվեց, որ իր կույս աղջիկների մեջ մտած սարսափը դուրս գա ու չբերություն չբերի: Ու չբերեց…
Ես իրականում ծնվեցի իմ հայտնի մահից երեք տարի անց: Հենց որ ծնվեցի, մայրս միանգամից ճանաչեց ինձ. «Վա՜յ, քոռանամ ես, էս իմ տեսած Կիկոսն ա. աչքերը, բերանը, ճակատը, քիթը… Վա՜յ, Կիկոս ջան »: Մորքուրներս ու տատս լուռ համաձայնեցին, որովհետև իրենք էլ էին ինձ տեսել ու համոզված էին, որ ես եմ` Կիկոսը: Սրա մասին հետագայում տատս ինձ պատմեց, ասեց` պապդ կռիվ- ղալմաղալ արեց, թե նորածնի վրա մեռածի անուն եք դնում, համոզում էր, որ ես ես չեմ, ուղղակի ախպեր ենք, նման ենք, բայց կնանիք մնացին անսասան:
Իմ մահը մեր գյուղում իրական դեպք էր. բոլորը գիտեին, հիշում էին` ոնց մերոնք անմեռել ու անգերեզման սուգուշիվան արեցին, բայց քանի որ պապս քյասիբ աշխատավոր ու արդար մարդ էր, երեսներիս չէին խնդում, քելեխիս էլ ողջ գեղը մի մարդու պես եկել էր: Ասում են` էս պատմությունը հետո մեր գյուղից մի մարդ քաղաքի բազարում պատմել էր ու տենց գնացել հասել էր Թումանյանի ականջին:
Ես շատ փոքր երեխա էի, որ տատս առաջին անգամ մահվանս պատմությունն ինձ արեց: Ոչ վախեցա, ոչ լաց եղա, ուղղակի չհավատացի, մտածեցի` չարություն եմ արել, պատժում են: Բայց տատիս խոսքերն ընդմիշտ մնացին հիշողությանս մեջ.
– Դրա համար էլ, Կիկոս ջան, քեզ ծառ ելնել չի կարելի. որ վեր ելնես, ցած ընկնես` սաղս դարդից կկոտորվենք:
Չեմ հիշում` առաջին անգամ ոնց հայտնվեցի աղբրի մոտ, բայց հիշում եմ, որ պապս ինձ ջրի չէր ուղարկում. արգելված վայր էր: Ուրեմն, աղբյուր գնալս չեմ հիշում, բայց երեխեքի հետ հաստատ գնացել էի: Երևի Հաստաբունն էնքան բարձր ու անհասանելի էր, որ բարձրանալու փորձ էլ չէի արել: Լավ հիշում եմ մենակ, թե ոնց տանն իմացան ու ինձ մի լավ քոթակեցին:
Արդեն դպրոցական էի: Իմ մահն էին հանձնարարել, որ սովորենք, բայց ես վաղուց անգիր գիտեի: Վարժապետս հարցրեց.
– Կիկոս, մահդ սովորե՞լ ես:
-Հա:
-Դե՛, ասա:
Ուրախ-ուրախ արտասանում եմ: Ասում եմ` գդակը պոպոզ ու ձեռքով ցույց եմ տալիս դիմացս դրած գդակս, իբր էս էլ` ապացույց: Հասա մորս ողբին` «Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ…», ու լացը չոքեց բկիս: Արտասուքս կուլ եմ տալիս, կուլ չի գնում, զռոցս կապեցի: Երեխեքը հռհռում են, վարժապետս էլ չի դիմանում, հետներն ընկած` ծիծաղից թուլացել է: Ու սկսվեց: Էդ օրվանից օրուարև չտեսա. գյուղի բոլոր երեխեքը հետևիցս ձեն էին տալիս, ավելի համարձակները` առաջս կտրում, կնկա ձև տված` խփում էին ծունկ ու գլխի, տնազ անում. «Վա՜յ, բալա ջան…»: Կռիվ էի անում, շորերս պատռտած` տուն գալիս: Տատս լուռ հանվացնում էր, մածուն տալիս, որ ուտեմ, ինքն էլ` հազար կարկատան արած շոր-շիրթս նորից կարկատում: Հատկապես ազդվում էի, որ մոտիկ ընկերներս էին ինձ վրա ծիծաղում: Խաղում էինք իրար հետ, սիրում էինք իրար, չարություն չկար, բայց մեկ էլ տեսար` մեկը հիշում էր. «Վա՜յ, Կիկոս ջան…», ու բոլորն անխտիր սկսում էին կչկչալ: Ինձ մի կերպ զսպելով` գցում էի տատիս գիրկն ու սկսում լաց լինել, թաքուն, որ պապս չտեսներ, որովհետև չէր սիրում երեխու լաց տան մեջ: Էդ ժամանակ տատս ասում էր. «Մի գերանն ինչ էր` չթաղեցինք, որ երեխես էս տեսակ չմղկտա»: Դա էլ պատմություն ուներ. հարևան գյուղից մի նորահարս երազին հա երեխա էր կորցնում, մինչև որ մարդը մի գերանից տիկնիկ սարքեց, շոր-մոր հագցրին, դրին պստիկ դագաղի մեջ ու տարան թաղեցին: Դրանից հետո էդ կինը յոթ տղա, հինգ աղջիկ էր բերել: Տատս մեկ էլ ասում էր. «Տեսնես աշխարհքում էլ սենց խոխա կա՞, որ ինքն իրա վրա էսքան լաց եղած լինի»:
Էդ տարին, որ դպրոցում իմ մահն էինք անցնում, մի իրական մահ եկավ մեր տուն. հերս մեռավ: Չոբան տնփեսա, բայց շատ սիրուն մարդ էր, շվի էր սարքում ինձ համար, մեկ-մեկ էլ հետը տանում սար: Հենց սարում էլ մի մոլորված գառան խաթեր գնաց դառավ գելի բաժին (կներեք, ավելի սիրուն բան մտքովս չանցավ. էս կերպարն ավելորդ էր. հեղ.` Ա. Օ.):
Հիշում եմ հորս իրական մահն ու իմ անիրական մահը գումարվել էին իրար, շատ ծանր էի տանում:
Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, մի մատ երեխա: Ոտքիս վրայով չիշիկի տաք շիթը հոսում թափվում է աղբրի մեջ: Գիտեմ, որ վատ բան եմ անում, դրանից համ վախում եմ, համ էլ մի տեսակ լավ եմ լինում: Չիշիկս չի վերջանում. հա գալիս ու գալիս է: Տաք ջրերս աղբրի սառը ջրի հետ խառնվել, բարձրացել են մինչև գոտկատեղս ու շարունակում են արագ բարձրանալ: Ջուրը հասավ վզիս, մի քիչ էլ, ու կլցվի բերանս, կխեղդվեմ: Ձեռքերս ջրից հանում եմ վեր, ասես օգնություն եմ աղերսում: Մեկ էլ Հաստաբնի ճյուղերն իջնում են վրաս, բռնում բազուկներիցս ու տանում-բերում, շպրտում վերև: Թռչում եմ վեր, հասնում լուսնին, իջնում եմ ցած, ճղները գրկում են ինձ ու նորից թռցնում օդ: Մեկ էլ` ճը՜ռռռռռռռթ…
Արթնացա, տակս թաց էր: Սկսեցի տակս թրջել ու գիշերները վեր թռչել:
Մեծացել եմ, կլինեմ տասներկու-տասներեք տարեկան, բայց դեռ տակս թրջում եմ: Գյուղում գաղտնիք պահել չի լինի. մարդիկ գիտեն, բայց ձեն չեն հանում: Մերոնք էլ բան չեն ասում, տակս բան-ման են գցում, որ դոշակս չթրջվի: Համոզված եմ, որ գիժ եմ, հիվանդ եմ, ու ինձ նման ոչ մեկը չկա ամբողջ աշխարհում: Ինքնամփոփ եմ դարձել ու ձայներ եմ լսում` լուսնյակ գիշերներին: Չեմ քնում, որ տակս չանեմ: Հաստաբունը կանչում է իր մոտ: Վախենում եմ: Չի կարելի. մերս կիմանա, տատս, մորքուրներս կիմանան, պապս կիմանա, ու բոլորը դարդից կկոտորվեն: Բայց չեմ դիմանում: Թաքուն-թաքուն վազում եմ աղբրի մոտ: Կանգնել եմ դիմացը ու դողում եմ: Լվացվում եմ աղբրի ջրով` իբր քունս փախչի, բայց քունս չի էլ տանում, որ փախչի: Ձեռքս դնում եմ կեղևին, մարմինս փշաքաղվում է: Երկու ցատկով ելա վրան, ձեռքս գցեցի առաջին ճյուղին, էնպես հմտորեն, ասես ամբողջ կյանքս ծառից չեմ իջել: Նստել եմ հարմար սաղարթի մեջ, թիկն եմ տվել՝ ինձանից գոհ, ու էդպես էլ քնել:
Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, զով քամի կա, բայց վառվում եմ: Սիրտս պայթում է, ջանս` վառվում, ոնց որ տենդի մեջ: Մի կերպ ինձ գցում եմ աղբրի բերան: Աչքերս փակել եմ ու լվացվում եմ: Ջուրը շփում եմ դեմքիս, դոշերիս, փորիս, ոտքերիս: Հովացա: Աչքերս բացել ու նայում եմ Հաստաբնին: Սաղարթը քամուց խշշում է, ոնց որ ասի` թե տղա ես, վեր ել: Նայում եմ ձեռքերիս` արյուն, դոշս, փորս, ոտքերս` լրիվ արյուն: Ջրի տեղ արյուն է հոսում, աղբրի քարը դարձել է մի մեծ բաբախող սիրտ, Հաստաբնի՝ հողից դուրս եկած արմատները երակ են դարձել ու խմում են տաք կարմիր հեղուկը: Ճը՜ռռռռռռռթ…
Արթնացա, ստուգում եմ` տակս թաց չի: Քթիցս արյուն է ֆշշում:
Ծառից իջա, շատ բարեհաջող, շուտով լույսը կբացվի: Վազում եմ տուն: Մտել եմ տեղերս, սուտմեռնուկի տվել` իբր խոր քնած եմ: Մերս եկավ, տեսավ` տակս չոր: Ուրախացել են, աշխարհով մեկ եղել: Էդ օրվանից էլ տակս չեմ թրջում: Մեկ-մեկ գիշերները թաքուն գնում եմ Հաստաբնի մոտ, իրար գրկում, քնում ենք, բայց` գաղտնի: Մինչև որ հարևան բիձեն գիշերով տեսնում, գալիս, մերոնց ասում է. «Ձեր Կիկոսը լուսնոտ ա»: Կռիվ-ղալմաղալ, ծեծ ու ջարդ: Պապս կատաղել, փրփրել ու չի հանգստանում. «Կտրելու եմ, քոքից կտրելու եմ… », բայց տատս համոզում է. «Պետք չի, սաղ գյուղը հետներս կթշնամանա, քանի հարյուր տարվա ծառ ա: Խեղճ ծառն ի՞նչ մեղք ունի, իրա համար կանգնած ա, մեր երեխեն ա ուզում վրեն ելնի…»: Չկտրեց, բայց ինձ կապում են, ահագին ժամանակ շան պես կապած եմ քնում: Մորս աչքը հա վրես է, որ հանկարծ ծառ չբարձրանամ: Մոռացել եմ, բայց մեկ-մեկ լուսնյակ գիշերներին էլի Հաստաբունը կանչում է:
Տասնհինգ տարեկան եմ, արդեն բեղ ունեմ: Տատս ասում է` պսակվելուդ վախտն է: Նոփ-նոր գդակ են նվիրել` առանց պոպոզի, ծուռ դնում եմ, շատ է սազում, ամենաթանկ բանն է, որ ունեմ: Գնացել եմ հանդ ու չգիտեմ էլ` որտեղ եմ գդակս կորցրել: Ամբողջ օրը ման եմ եկել, ու թե ամոթ չլինի, լաց կլինեմ, բայց արդեն մեծ եմ:
Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, բայց ես չկամ, անմարմին թևածում եմ, ոգի եմ երևի, թևածում եմ ջահել մորս շուրջը: Մայրս հմայված նայում է Հաստաբնին` ներքևից վերև, աչքով ման է գալիս ամենավերևի ճյուղը: Ես զգում եմ մորս, զգում եմ, որ ծարավը խեղդում է իրեն, շրթունքները չորացել են, ծնկներն իրենք իրենց ծալվում են, ու չոքում է աղբրի պռնկին, մի ձեռքով հենվում քարին, մյուսով մի բուռ ջուր կում-կում անում: Մտնում եմ մորս փորը. մութ է, խոնավ: Կլորանում եմ, միսուարյուն եմ դառնում, զգում եմ արդեն իմ մարմինն ու շատ արագ մեծանում եմ: Արդեն տեղս նեղ է, հասունացել եմ, պիտի դուրս գամ, շուրջս ինչ-որ ջրեր են, ինչ-որ ձայներ, բայց` մշուշում: Մի կերպ դուրս եմ գալիս լույս աշխարհ: Մորիցս հեռու եմ, ինքը գրկել է Հաստաբունն ու երկունքի ցավերի մնացորդներն է քշում խոր արտաշնչելով, նայում է ինձ ու ժպտում: Ես աղբրի քարին ընկած եմ, բայց շարունակում եմ մեծանալ: Քիչ առաջ նորածին էի, հիմա արդեն կլինեմ մի տասը տարեկան: Պորտալարը ձգվում է մորիցս ինձ ու չի պոկվում: Արդեն ջահել տղա եմ, ամոթատեղիս գանգուրներ են աճում: Աչքս ընկնում է Հաստաբնի ճյուղին, տեսնեմ` կորած գդակս կախված: Վեր եմ կենում, մորս թողած` կապիկի պես մագլցում եմ ծառն ի վեր: Պորտալարը երկարել, ձգվել ու խանգարում է, որ գդակիս հասնեմ: Մի հատ էլ եմ ձգվում, ու պարտալարը պոկվում է, սվվոցով ճլմփում աղբրի մեջ: Նայում եմ գդակիս ու Ճը՜ռռռռռռռթ…
Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր:
Գդակս չկա: Ման եմ գալիս հանդուչոլում: Խաբարն եկավ, որ, իրոք, ինչ-որ մեկը չար կատակ է արել ու տարել է, ծառի վերի ճյուղից կախել: Տանը` էլի կռիվ-ղալմաղալ: Առաջին անգամ մորս վրա գոռում եմ, թե՝ ինձ սիրում ես, թող գնամ, վեր ելնեմ ծառը, գդակս իջեցնեմ, ո՞նց պիտի ամբողջ կյանքս ապրեմ էսպես: Ողբը կապել է, մորքուրներս ձայնակցում են, տատս անարցունք հեծկլտում է: Վեր եմ կենում ու գնում: Կնանիք լացուկոծով, հետևիցս ընկած, գալիս են: Մորս ուշքը մի պահ գնում է, բայց չեմ մոտենում, հեռվից, կանգնած, նայում եմ, որ ուշքի բերեն, ու նորից միասին շարժվենք. մեր մեջ մի քսան քայլ տարբերություն ենք պահում: Ամբողջ գյուղը թաքուն մեզ է նայում, բայց ոչ մեկը մոտ չի գալիս: Հասել եմ Հաստաբնին, նայում ենք իրար: Ատամներս կրճտացնում եմ, ջանս դողում է, գդակս թռցրել են ամենավերի ծերը: Կաշկանդվում եմ օրը ցերեկով, մերոնց աչքի առաջ ծառ բարձրանամ: Ականջներիս մեջ հա տատիս խոսքերն են. «Կիկոս ջան, քեզ ծառ ելնել չի կարելի. որ վեր ելնես, ցած ընկնես` սաղս դարդից կկոտորվենք»: Պապս, կացինն առած, հարայ տալով, գալիս է. դու էիր պակաս, քոփակ: Տատս, կայծակ կտրած, ընկել է պապիս հետևից: Վերջը պապս հևիհև հասավ, կանգնել է իմ ու Հաստաբնի արանքը, կացինը բարձրացրել գլխից վերև, ոնց որ Հրաչյա Ներսիսյանը լինի զայրույթ խաղալիս: Մեկ էլ աչքերը լցվում են, կյանքումս առաջին անգամ եմ տեսնում պապիս աչքը խոնավ, կացինը խրում է հողի մեջ, ձեռը թափ տալիս ու սուս-փուս հեռանում: Մերս, մորքուրներս հասան, մոտ չեն գալիս, մերս նստել է քարին, մորքուրներս, թիկնապահի պես մեջքի հետևը կանգնած, լացում են, տատս չոքել է մի կողմի վրա ու ոնց որ թե աղոթք է անում:
Վերջ: Գլուխս դրել եմ Հաստաբնին, ափերով շոշափում եմ կեղևը: Լացը կտրել են, շունչները պահած` հետևում են: Բարձրանում եմ. համարձակությունս տեղն եկավ, արդեն կեսը բարձրացել եմ: Նայում եմ ներքև, մորս դեմքին գույն չկա, մորքուրներիս աչքերից գետեր են հոսում անձայն, տատս` գլուխը դեռ կախ: Պապս էլ չի երևում, հաստատ մի թաքուն տեղից նայում է: Մեկ էլ տեսնեմ ի՞նչ: Գալիս են, չորս կողմից գալիս են ու գալիս` մեծ ու փոքր, ահել-ջահել ու բոլորն աչքիս Կիկոս են երևում. թե՞ բոլորն իրոք Կիկոս են, չեմ հասկանում: Լիքն են: Բոլորը` գդակավոր, բոլորը` պոպոզավոր, մրջյունների նման վրա են տվել Հաստաբնին ու բարձրանում են: Շատ-շատ են, կիկոսների մի ամբողջ անկանոն բանակ: Ճղները ճկռել են, Հաստաբունը կիկոսների տակ կքել է, սրանցից մի քանիսն ընկնում են ցած` հասած պոպոքի նման, վեր են կենում, իրենց թափ տալիս ու նորից` ծառն ի վեր: Հազար Կիկոս ելել են ծառի շալակն ու գդակները վերևից շպրտում են ներքև: Բայց ոնց որ թե աչքիս չի երևում. մերս, մորքուրներս, տատս էլ են տեսնում: Պոպոզավոր գդակների անձրևը թափվում է նրանց վրա, ու մորս դեմքի գույնը հետ է եկել, մորքուրներիս գետերն ուրախությունից վարարել են, տատիս աղոթքը կիսատ է մնացել: Ձեռքով են անում, երևի չգիտեն` էսքան Կիկոսից որ մեկն է իրենցը: Հասա գդակիս, վերցրել եմ ու գոռում եմ.
– Մա՜մ…
– Հա՛, բալա ջա՜ն…
– Գդակս բռնի, գցում եմ:
– Գցի՛:
Գցեցի, բայց չտեսա` բռնեց, թե չէ: Ձեն է տալիս.
-Կիկո՜ս, որդի՜…
-Հա՛, մամ…
-Զգո՛ւյշ, բալես, չընկնես, – ու լաց է լինում:
Իմ լացն էլ է գալիս, Հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում` հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե՞ գրականություն… Մտածում եմ` տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, ես իմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ, ու կլինի Կիկոսի երկրորդ մահը: Բա դա՞ ով կգրի:
Պատմվածքն արժանացել է «Արձակ 2011» մրցանակաբաշխության երկրորդ մրցանակին, տպագրվել է «Ինքնագիր 6» հանդեսում, ինչպես նաև հեղինակի համանուն պատմվածքների անդրանիկ ժողովածուում։
Թարգմանաբար հրատարակվել է ռուսերեն, վրացերեն, անգլերեն