Վլադիմիր Լակշին | Պատմում է Ելենա Սերգեևնան

1963 թվականի առաջին կեսին ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ Ելենա Սերգեևնա Բուլգակովայի հետ: Ծանոթության առիթ հանդիսացավ այն, որ ես «Նովի միր» ամսագրում տպագրել էի Միխաիլ Բուլգակովի «Մոլիեր» գրքի մասին առաջին գրախոսություններից մեկը: Ելենա Սերգեևնան զանգեց ինձ, շնորհակալություն հայտնեց արձագանքի համար և տուն հրավիրեց:
Նույն ամիսներին ես նորից կարդացի Բուլգակովի «Հանգուցյալի նոթեր»-ի («Թատերական վեպ») ձեռագիրը և երաշխավորեցի Տվարդովսկուն, որն այն շատ բարձր գնահատեց, և սկսվեց այդ ստեղծագործությունը «Նովի միր»-ում տպագրելու երկամյա պայքարի պատմությունը, որի մասին արդեն պատմել եմ [1]: Քանի որ վեպը պատրաստվում էր հրատարակության, մեկ անգամ չէ, որ, այսպես ասած, գործի բերումով այցելել եմ Ելենա Սերգեևնա Բուլգակովային. նա նույնպես այցելում էր խմբագրություն:
Հասկանալի է՝ ես ագահորեն լսում էի Բուլգակովի մասին նրա պատմությունները, ինքս էի հարցեր տալիս, առավել ևս, որ հենց նրա երաշխավորությամբ պետք է նախաբան գրեի Միխաիլ Բուլգակովի առաջին՝ «Ընտիր արձակ» (1966) միհատորյակի համար. հետևաբար ասես ինձ վրա էի վերցրել նրա առաջին կենսագիրներից մեկը լինելու պարտականությունները. այդ ժամանակ դեռևս ոչ մի տեղ նրա մասին տեղեկություն չէր երևացել:
Աստիճանաբար մեր շփումները դարձան ավելի ու ավելի անմիջական ու ընկերական: Ես հաճախակի էի ընտանեվարի այցելում նրան. կնոջս հետ շատ անգամ ենք նրա հարկի տակ դիմավորել Նոր տարին, այդ թվում՝ նաև 1970 թվականը՝ նրա կյանքի վերջին տարին:
Ինքս ինձ մեղադրում եմ, որ Բուլգակովի մասին Ելենա Սեգեևնայի շատ պատմություններ չգրառվեցին, ինչ-որ բաներ էլ հավանաբար մոռացվեցին: Բարեկամական շփումը բացառում է հարցազրույց վարողի մասնագիտական պահվածքը: Այնուամենայնիվ, որոշ պարզ նշումներ (հատկապես այն ժամանակ, երբ աշխատում էի Բուլգակովի մասին հոդվածների վրա և հատուկ հարցրել եմ նրան), պահպանվել են (1963 թվականի հունիսի 14, 1965 թվականի մայիսի 19, 1967 թվականի հունիսի 2, 1968 թվականի փետրվարի 29, մարտի 25 և 1968 թվականի մայիսի 22): Դրանք ներկայացնում եմ այստեղ միայն թեթևակի խմբագրված, իսկ տեքստերը՝ ըստ Միխաիլ Բուլգակովի կյանքի դեպքերի հերթագայության:

*******
Բուլգակովը Ելենա Սերգեևնայի հետ ծանոթացել է սովի ծանր տարիներին: Կանխավճարը խլելով՝ նա Ելենա Սերգեևնային հրավիրում է մի բաժակ գարեջուր խմելու: Վրայից ուտում են պինդ եփած ձու: Նրա հետ, ինչպես միշտ, դա շատ տոնական էր, երջանկալից:
– Երիտասարդ տարիներիս,- պատմում է Ելենա Սերգեևնան,- Բուլգակովի հետ նոր ծանոթացած, երբ նրան ահավոր պախարակում էին «Սպիտակ գվարդիա»-ի և «Տուրբիններ»-ի համար, մի օր ասացի. «Դե մի՞թե չեք կարող պիես գրել Կարմիր բանակի մասին»: Նա նայեց ինձ խիստ հայացքով և վիրավորված պատասխանեց.
– Ինչպես չեք հասկանում, շատ կուզենայի նման պիես գրել: Բայց չեմ կարող գրել մի բանի մասին, որը չգիտեմ:

*****
…- 1929 թվականի մայիսին էր (իսկ նրանք ծանոթացել էին փետրվարին.-Վ.Լ.), – շարունակում է Ելենա Սերգեևնան «Վարպետ»-ի վրա աշխատանքի սկզբի մասին: – Երեկոյան կիսալուսին Պատրիարքական լճակի վրա…
Եվ Բուլգակովը Ելենա Սերգեևնային պատմում է ապագա գրքի սկիզբը.
– Պատկերացրու՝ նստարանին նստած են, ինչպես հիմա մենք, երկու գրող…
Իսկ հետո Բուլգակովը նրան տանում է հենց այդտեղ՝ Պատրիարքականի մոտերքում գտնվող ինչ-որ տարօրինակ բնակարան: Նրանց դիմավորում են մի ծերունի՝ թեթև վերնազգեստով, սպիտակ մորուքով (նոր վերադարձած աքսորից, եկել էր Աստրախանով) և մի երիտասարդ… Այն ժամանակների համար շքեղ ուտելիք՝ կարմիր ձուկ, խավիար: Բնակարանը փնտրելիս Ելենա Սերգեևնան հարցնում է.
-Մի՛շա, ինձ ո՞ւր ես տանում:
Նա, միայն մատը դնելով շրթունքներին, ասում է.
-Սըը՜ս…:
Նստում են բուխարու մոտ: Ծերունին հարցնում է.
– Կարելի՞ է ձեզ համբուրել:
Համբուրում է և նայելով նրա աչքերին՝ ասում.
-Վհուկ:
-Ինչպե՜ս նա կռահեց,-բացականչում է Բուլգակովը:
– Հետո, երբ արդեն միասին էինք ապրում, հաճախ փորձում էի Միշային հարցնել, թե դա ինչ բնակարան էր, ովքեր էին այդ մարդիկ: Նա միշտ միայն մատը դնում էր շրթունքներին.
– Սըը՜ս:
… 1930 թվականին, երբ Բուլգակովը նամակ է գրում Ստալինին, մտածում է, թե ինչպես վարվի: Ոչնչացնի՞ վեպի ձեռագիրը. չեն հավատա, որ վեպ է եղել, եթե թողնի, ուրեմն կնշանակի ստել է (նամակում եղել է մի արտահայտություն՝ թե Քրիստոսի և սատանայի մասին սկսած վեպը ո չ ն չ ա ց վ ա ծ է) : Ահա թե ինչու Բուլգակովը վերևից ներքև պատռում է վեպի ձեռագիրը, ամեն էջից պոկվում է կեսը կամ երկու երրորդը, բայց պահպանվում է կռնակը. այն հիմա էլ գրողի արխիվում է: 1932 թվականին նա որոշում է հիշողությամբ վերականգնել վեպը, բայց իհարկե գրում է ուրիշը: Առաջին տարբերակը ավելի մոտ էր օրվա խնդրին, ավելի մոտ «Սատանայականին»:

 

*******
1929 թվականին «կրակ ու ջրից զրկված» Բուլգակովը պատրաստ էր բանվոր, դռնապան աշխատել. նրան ոչ մի տեղ չէին ընդունում: Ստալինի հետ հեռախոսով խոսելուց հետո, երբ խոստացել էին աշխատանք Գեղարվեստական թատրոնում [2], նա ատրճանակը նետում է լճակը: Կարծես Նովոդևիչի վանքի մոտ գտնվող լճակը: Նովոդևիչն ու Պաշկովի տունը Մոսկվայում նրա ամենասիրած վայրերն էին:
Երբ Բուլգակովն ու Ելենա Սերգեևնան միանում են, նա կնոջն ասում է.
– Ողջ աշխարհն էր իմ դեմ, և ես մենակ էի: Հիմա միասին ենք, և ես ոչնչից չեմ վախենում:
…20-ականներին նրա մտերիմ շրջանակը՝ ազատական «Պերեչիստենկան», Բուլգակովին դրոշակ էր դարձրել:
-Նրանք ուզում էին նրանից խաչված Քրիստոս սարքել: Դրա համար ես նրանց ատում էի, կարող էի նրանց աչքերը հանել…. Եվ հանեցի,- ծիծաղելով ասում է Ելենա Սերգեևնան՝ մտածելով ու ինչ-որ բան հիշելով: Ըստ նրա՝ Բուլգակովն ուզում էր գրել «Պերեչիստենկա»-ի մասին. մտածում էր այդ թեմայով թե՛ դրամա, թե՛ կոմեդիա գրելու մասին:

 

*******
Ելենա Սերգեևնան պատմում էր, թե երիտասարդ Բուլգակովն ինչպես է առանց զգուշացնելու այցելել Վիկենտի Վերեսաևին: Տվել է դռան զանգը, ներս մտել, ինչ-որ իրարանցում շքամուտքում (դուռը մի կին է բացել): Բուլգակովը հանել է կրկնակոշիկները, բնակարանից մի ծերուկ է դուրս ելել: Բուլգակովը երկչոտ ու անվստահ ներկայացել է.
– Ես Բուլգակովն եմ:
– Ո՞վ:
– Բուլգակովը:
– Ներեցե՛ք, ես չեմ ընդունում:
Շփոթմունքից Բուլգակովը երկար փնտրել է իր կրկնակոշիկները և նորից հագել: Ամոթ, խայտառակություն: Նա դուրս է եկել և արդեն աստիճանների վրա էր, երբ Վերեսաևը, ինչ-որ բան հիշելով, ձայն է տվել.
-Ներեցե՛ք, ներեցե՛ք, արդյոք դո՞ւք չեք «Գրառում թևքածալերի վրա»-ի հեղինակը: – Այո՛, ես եմ…
– Իսկ ինչո՞ւ իսկույն չասացիք: Նե՛րս եկեք: Շնո՛րհ արեք:
Հետո՝ ծանր պահերին, Վերեսաևն օգնել է Բուլգակովին: Նրա պիեսները՝ «Տուրբինները», «Զոյկայի բնակարանը», ժամանակին լավ էին բեմադրվում: Այնուհետ բոլոր տեղերից դրանք հանվել են. տարեվերջին հայտարարությունների համար անհրաժեշտ էր հարկեր վճարել: Իսկ Միխաիլ Աֆանասևիչի ձեռքին փողը չէր մնում: Ի՞նչ էր անում: Ուտում-խմում և հայտնվում էր ֆինանսական փաստի առջև: Թերթերը նրա միսն ուտում էին, ոչ ոք տպագրել չէր ուզում:
Եվ նրա բնակարանում անսպասելի հայտնվել է Վերեսաևը: Դա բացառիկ երևույթ էր. ասես անցյալ դարի գրականությունն օգնության ձեռք էր մեկնել այդօրվա երիտասարդ հեղինակին:

 

*******
Ահա թե ինչպես է գրվել «Հանգուցյալի նոթերը»: Մի անգամ Բուլգակովը, խորամանկ տեսքով նստած բյուրոյի[3] առաջ, անդադար սկսում է տետրը լցնել: Այդպես գրում է երկու երեկո և առավոտյան կնոջն ասում է. «Ինչ-որ բան եմ գրել: Արի կանչենք Կալուժսկիներին: Ես նրանց կկարդամ, միայն թե կասեմ՝ դու ես գրել»: Նա, դեմքին կատարյալ լուրջ տեսք տալով, կարողանում էր խաղալ: Ըստ նրա սցենարի՝ Ելենա Սերգեևնան պետք է ժխտեր և շփոթվեր:
Կալուժսկիները գալիս են, ընթրում, թեյ խմելիս Բուլգակովն ասում է.
-Իսկ գիտե՞ք՝ ինչ զարմանալի բան է անում իմ Լյուսկան. վեպ է գրում: Ահա, այդ տետրը իրենից եմ խլել:
Հասկանալի է, նրան չեն հավատում, հռհռում են: Բայց նա այնքան ճշմարտանման է պատմում, թե ինչպես է կասկածել, որ տանը հայտնվել է ևս մեկ գրող, թե ինչպես է նրանից խլել գաղտնի տետրը, իսկ Ելենա Սերգեևնան այնքան բնական է բարկանում, կարմրում, ծիծաղում, որ հյուրերն ի վերջո հավատում են:
-Իսկ ինչի՞ մասին է վեպը:
-Հենց զավեշտն էլ այն է, որ մեր թատրոնի մասին է:
Կալուժսկիները կատակով ծաղրում են Ելենա Սերգեևնային, թե իբր նա ինչ կարող է գրած լինել: Բայց երբ սկսվում է ընթերցումը, շփոթմունքից քար են կտրում. գրված էր հրաշալի. ողջ թատրոնն ասես ափիդ մեջ էր: Իսկ Բուլգակովը շարունակում է կնոջ վրա բարկանալ, թե ինչպես է կարողացել ինչ-որ մեկին շահեկան ներկայացնել, իսկ մյուսի նկատմամբ էլ դատաստան տեսնել: Հավանաբար խելացի է, բայց դրա համար կարժանանա դերակատարների դատին:
Արդեն կեսգիշեր էր: Կալուժսկիները գնում են: Ելենա Սերգեևնան պատրաստվում է քնել. հանկարծ գիշերվա ժամը երկուսին հեռախոսազանգ: Ե. Վ. Կալուժսկին խնդրում է, որ Բուլգակովը մոտենա հեռախոսին:
-Մի՛շա, քնել չեմ կարողանում, խոստովանի՛ր, որ դո՛ւ ես գրել:
Հետո գալիս են Կաչալովը, Լիտովցևը, Յանշինը, Մարկովը և լսում են գրքի մյուս գլուխները: Բոլորը շատ ուրախանում են, իսկ ընթերցման վերջում Կաչալովը տխրում ու ասում է. «Ամենատխուրն այն է, որ դա, իսկապես, մեր թատրոնն է, և այդ ամենը ճշմարիտ է, ճշմարիտ…»:
Բուլգակովը կիսատ է թողնում, չի ավարտում այդ ստեղծագործությունը: Պատճառը Մեծ թատրոնի պատվիրած օպերային լիբրետոներն էին, որոնք շեղում էին նրան, և հետո՝ «Վարպետն ու Մարգարիտան»: Նա համոզված էր, որ 1939-ին մահանալու է և շտապում էր ավարտել «Վարպետը»: Դրանից հետո ուզում էր վերադառնալ «Հանգուցյալի նոթեր»-ին, եթե, իհարկե, հասցներ ավարտել:
Իմ խնդրանքով Ելենա Սերգեևնան պատմեց այդ գործի՝ Բուլգակովի ենթադրած վերջաբանը:
….Արիստարխ Պլատոնովիչի դասախոսությունը թատրոնում Հնդկաստան կատարած այցի մասին (դասախոսությունը Բուլգակովը պատկերել է շատ ծիծաղելի կերպարներով): Մակսուդովը հասկանում է, որ Արիստարխ Պլատոնովիչն իրեն ոչնչով չի օգնի, իսկ նա այնպես էր սպասում արտասահմանից նրա վերադարձին: Հետո թատրոնի բակում վազելիս հանդիպում է արտադրական ցեխի բուտաֆորին կամ նկարչուհուն, որը ցածր ձայն ուներ և դուր էր գալիս նրան. Բոմբարդովը Մակսուդովին համոզում է ամուսնանալ: Նրանք ամուսնանում են, բայց կինը շուտով մահանում է թոքախտից: Անվերջ պիեսն են փորձում: Առաջնախաղը Մակսուդովի համար ծանր է, լրատվության արդյունքները վիրավորական են: Նա ասես ինքնասպանության շեմին լինի: Գնում է Կիև՝ իր երիտասարդության քաղաքը (Բուլգակովն այստեղ ձեռքերը շփում է՝ հաճույք կանխավայելելով. այնպես ուզում էր մեկ անգամ ևս գրել Կիևի մասին): Եվ հերոսը գլխիվայր նետվում է Ցեպնոյ կամրջից:

 

*******
-Միխաիլ Աֆանասևիչի մահից առաջ ես մեկ անգամ չէ, որ խոսակցություն եմ բացել թատրոնի մասին,- ասում է Ելենա Սերգեևնան: – Նա պաշտում էր թատրոնը և միաժամանակ՝ ատում: Այդպես կարելի է վարվել սիրած կնոջ հետ, որը հեռացել է ձեզնից: Նեմիրովիչն ու Ստանիսլավսկին դավաճանեցին նրան: «Թատրոնը,- ասում էր նա,- իմ պիեսների գերեզմանոցը դարձավ: Ես լքում եմ այն»:

 

*******
1936 թվականի մարտի սկզբներին «Պրավդա»-ի վերջին էջում տեղեկություն է հայտնվում, որ անցկացվում է բաց մրցույթ միջնակարգ դպրոցի՝ Ռուսաստանի պատմության դասագրքերի համար: Ելենա Սերգեևնան տեսնում է, որ Բուլգակովը մանրամասն ուսումնասիրում է այդ հայտարարությունը:
-Ինչի՞դ է պետք, -հարցնում է նա:
-Այնպես, գուցե պետք գա:
Իսկ մարտի 9-ին էլ լույս է տեսնում «Արտաքին փայլն ու կեղծ բովանդակությունը» հոդվածը «Մոլիեր»-ի բեմադրության մասին:
Բուլգակովը թերթը ձեռքին մտնում է Ելենա Սերգեևնայի սենյակ.
-Դու հասկանո՞ւմ ես՝ սա ինչ է նշանակում: Սա վերջն է:
Փաստորեն «Մոլիերը» իսկույն հանում են խաղացանկից: Հանում են նաև «Իվան Վասիլևիչ» կատակերգությունը, որ բեմադրության էր պատրաստվում Սատիրայի թատրոնում, թեև ազդագրերն արդեն փակցված էին կարճասյուներին: Բուլգակովը կնոջն ասում է.
– Գնանք Կուզնեցկի փողոց:
Եվ ողջ առավոտ թափառում են խանութից խանութ, գնում պատմական գրքեր, Կլյուչևսկու կուրսը, քարտեզներ, ատլասներ: Տանը՝ ողջ հատակով մեկ, փռում է քարտեզները և սկսում 4-րդ դասարանի համար պատմության դասագիրք գրել: Նա այն կավարտեր, եթե չլինեին ամառվա սկզբի ուժեղ գլխացավերը. դրանք նրան ստիպում են մեկնել Սինոպ՝ հանգստանալու:

 

*******
Նաշոկինսկի նրբանցքում գտնվող տունը նա չէր սիրում: Միշտ նեղվում էր բնակարանի համար: Մի օր գնում է գրողների միություն՝ փայատերերի ժողովի: Ըստ ցուցակի՝ առաջինը նշված էր Բ-ի անունը: Բուլգակովը ձեռք է բարձրացնում:
-Ի՞նչ է արել ընկ. Բ-ն, ո՞րն է նրա ծառայությունը գրականությանը:
-Օ՜, նրա ծառայությունները մեծ են,- պատասխանում է նախագահողը: – Նա կոոպերատիվի համար 70 ունիտազ է ձեռք բերել:
Բուլգակովը նորից է ձեռք բարձրացնում.
– Ասացե՛ք, իսկ ինչպե՞ս է դա արել:
Նախագահողը չի համբերում.
– Նստե՛ք, ընկե՛ր Բուլգակով, ձեր բնակարանը 44 համարն է:
Հետո, երբ նա ու Ելենա Սերգեևնան փողոցում հանդիպում են այդ փոքրամարմին կլորիկ Բ-ին, Բուլգակովն ասում է.
-Նայի՛ր, ուշադիր նայի՛ր նրան, նրա մեջ հասունանո՜ւմ է «Պատերազմ և խաղաղությունը»:

 

*******
Մի անգամ գրողների ռեստորանի գոթական դահլիճում Բուլգակովը հանկարծ բռնում է Ելենա Սերգեևնայի ձեռքն ու կամաց ասում.
-Նայի՛ր, Կորովևը…
Դռների մեջ, իսկապես, կարծես կանգնած էր նա՝ իր վանդակավոր պիջակով, ծաղրական հայացքով:
Հենց այդտեղ՝ ռեստորանում հստակ նշմարվում էր Բուլգակովին ոխերիմ ատողի՝ դրամատուրգի «ցլային աչքերը»:

*******
Մահվանից առաջ՝ վերջին շաբաթներին, Ռիչարդի մասին պիեսի, իսկ ավելի վաղ «Վարպետ»-ում ինչ-որ բաներ ավելացնելու պլաններ կային: Բուլգակովն առանձնահատուկ հաճույքով էր թելադրում ուտելիքի նկարագրությունը: Վեպի վերջին ավելացումներից մեկը բժիշկ պրոֆեսոր Կուզմինի մասին էր, որը նյարդային խանգարում էր ստացել: Դա իրականության արձագանքն էր: Ելենա Սերգեևնան պատմում էր, որ 1939-ի սեպտեմբերին, երբ Բուլգակովի առողջությունը կտրուկ վատթարանում է, նրան զննող բժիշկներից մեկն ասում է.
-Դե Դուք, Մի՛խաիլ Աֆանասևիչ, որպես բժիշկ պետք է իմանաք, որ ձեր հիվանդությունն անբուժելի է:- Եվ միջանցք դուրս գալով՝ ասում է այնպես, որ հիվանդն իրեն լսել կարողանա.
-Օրերի հարց է…
Շուտով հայտնի է դառնում, որ Բուլգակովին այցելած բժիշկը ծանր հիվանդ է, և ինքն է հայտնվել մահվան եզրին այն ժամանակ, երբ Բուլգակովը դեռևս պայքարում էր հիվանդության դեմ: Կուզմինի հետ կապված հատվածում Բուլգակովը նկատի էր ունեցել այդ բժշկի ինքնագոհ կեցվածքը:

 

*******
Ինձ բախտ է վիճակվել ելույթ ունենալ Բուլգակովի հիշատակին նվիրված երեկոներին, որոնք կազմակերպում էր Ելենա Սերգեևնան Կապիցայի անվան ինստիտուտում, «Կրասնի պրոլետարի» տպագրատանը և այլ վայրերում: Ինքը ելույթ չէր ունենում և չէր սիրում, երբ ծափահարություններով իրեն տեղից բարձրացնում էին. լուռ նստում և լսում էր:
Նման մի երեկոյից հետո, երբ նրա տանն ընթրում էինք, պատմեց, որ արդեն վերջին հիվանդության ժամանակ Բուլգակովն ասել է. «Ահա, Լյուսյա, ես շուտով կմեռնեմ, ամենուրեք ինձ կտպագրեն, թատրոններն իրար ձեռքից կխլեն իմ պիեսները և քեզ կհրավիրեն ելութ ունենալու, հիշողություններ պատմելու իմ մասին: Դու բեմ կելնես սև գեղեցիկ զգեստի լանջաբացվածքով, ձեռքերդ ուժեղ դեպի հետ կտանես ու կասես. «Իմ հրեշտակը հեռու թռավ…», և մենք սկսեցինք ծիծաղել. այնպես ոչ ճշմարտանման էր թվում դա… Բայց ահա պատահեց… Երբ հիշում եմ, խոսել չեմ կարողանում…

 

*******
Բուլգակովի մահից հինգ օր առաջ Ելենա Սերգեևնան խոնարհվում է նրա վրա, հասկանում, որ նա ուզում է իրեն ինչ-որ բան ասել: «Վարպե՞տը», հա՞…»: Կինը խաչ է հանում երեսին և երդվում է, որ կտպագրի վեպը: Հետո, երբ ինքն է հիվանդանում, ահավոր անհանգստանում է՝ հանկարծ չմեռնի՝ չկատարած Բուլգակովին տված խոստումը:
1946 թվականին կառավարության կարի արհեստանոցում աշխատող ծանոթ դերձակուհու միջոցով Ելենա Սերգեևնային հաջողվում է նամակ փոխանցել Ա. Ն. Պոսկրեբիշևին՝ Ստալինին տալու համար: Մեկ ամսից Պոսկրեբիշևը զանգում է. «Ձեր նամակն ընթերցված է: Դուք բարյացակամ պատասխան կստանաք: 2-3 շաբաթ հետո զանգեք Չագինին [4] , նա տեղյակ կլինի»:
– Ես չէի քայլում, ես այդ օրերին թռչում էի,- հիշում է Ելենա Սերգեևնան:
Գնում է ամառանոց՝ սպասելով, որ այդ երկու-երեք շաբաթն անցնի և այդտեղ… հանկարծ օրաթերթը՝ Ախմատովայի և Զոշչենկոյի մասին որոշումով…
-Հասկացա, որ ամեն ինչ կորած է… Ձևի համար զանգեցի և պատասխան ստացա. «Ժամանակը չէ»:
Ելենա Սերգեևնայի՝ «Վարպետ»-ի տպագրման միայն վեցերորդ, թե յոթերորդ փորձը հաջողվեց: Ինչքա՜ն էր ուրախացել, ինչպե՜ս էր ձեռքով շոյում «Մոսկվա» ամսագրի յասամանագույն գրքույկները:

 

*******
Մինչև 50-ական թվականները Բուլգակովի գերեզմանի վրա ո՛չ խաչ կար, ո՛չ քար. միայն ուղղանկյունաձև խոտ էր՝ անմոռուկների թփերով և մատղաշ շիվերով, որ տնկված էին գերեզմանաթմբի չորս անկյուններում: Սալաքար կամ քար գտնելու փնտրտուքով Ելենա Սերգեևնան այցելում է քարտաշ վարպետների արհեստանոց (նա, ընդհանրապես, հեշտ էր լեզու գտնում հասարակ մարդկանց՝ ներկարանների, ծեփագործների հետ): Մի անգամ տեսնում է, որ խոր փոսում՝ մարմարի կտորների և հին հուշարձանների մեջ հսկա սև չեչոտ քար է փայլում:
-Իսկ դա ի՞նչ է,- հարցնում է:
-Դե, Գողգոթան է:
-Ի՞նչպես թե Գողգոթան:
Բացատրում են, որ այդ Գողգոթան՝ խաչով, դրված է եղել Դանիլովսկու վանքի բակում գտնվող Գոգոլի գերեզմանի վրա: Երբ 1952 թվականին Գոգոլի հոբելյանի առթիվ նոր հուշարձան է պատվիրվում, «Գողգոթան»՝ որպես անպետք քար, նետում են փոսը:
-Ես գնում եմ դա,-առանց մտածելու ասում է Ելենա Սերգեևնան:
-Կարելի է, -պատասխանում են,- բայց ինչպե՞ս տեղից շարժենք:
-Արե՛ք ինչ հարմար է, ամեն ինչի համար կվճարեմ… Եթե անհրաժեշտ են փայտե կամրջակներ, ուրեմն դրանք սարքեք այստեղից մինչև գերեզման: Տասը բանվոր է պետք, թող լինի տասը բանվոր…
Քարը տանում ու տեղադրում են. այն խորը մտնում է հողի մեջ՝ հասնում ընդհուպ Բուլգակովի աճյունին: Հարթ, ողորկ քար՝ առանց խաչի, Ավետարանից դաջված տողով, տգեղ տեսքով: Այդ ժամանակ ողջ մեծ բեկորը շրջում են՝ հիմքը վերև անելով: Քարտաշ վարպետները, չգիտես ինչու, քարն անվանում էին «սևծովյան գրանիտ»: Ըստ լուրերի՝ Ղրիմում ինչ-որ տեղից Ի. Ակսակովն [5] ինքն էր դա ընտրել և ձիերով երկար ու ձիգ բերել-հասցրել էին Մոսկվա, որ դնեն Գոգոլի շիրմին:
– Հիմա ատոմային պատերազմից բացի էլ ոչ մի ռումբ չի հասնի Միշային,- ասում է Ելենա Սերգեևնան:
Պ. Պոպովին [6] ուղղված նամակում Բուլգակովը, հիշելով Գոգոլին, գրել է. «Ուսուցի՛չ, ծածկի՛ր ինձ քո չուգունե շինելով»:
Բառ առ բառ կատարվեց Խոսքը: Գոգոլն իր խաչքարը զիջեց Բուլգակովին:

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մեսրոպյանի

[1] Տե՛ս «Ժամանակակից դրամատուրգիա», (ալմանախ), 1985 համար 1, էջ 252-256:

[2] ՄԽԱՏ:

[3] Բարձր սեղան իր բնակարանում:

[4] Պ.Ի.Չագինն այն տարիներին Գրպետհրատի տնօրեն էր:

[5] Ի.Ս. Ակսակով (1823-1886), ռուս բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ:

[6] Պ.Ս. Պոպով (1892-1964),  Մ.Ա. Բուլգակովի առաջին կենսագիրը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *