Անահիտ Ղազախեցյան | իմ տ․

неужели тебе это кажется столь далеким? ․․․
․․․․․․как отнимается постепенно то,
что не может быть отнято: люди, местность,
и как сердце бьется тогда, когда надо бы разорваться. ․․

(ei)

նավում աճող ծառ, հետո դու կիսատ-պռատ հիշողությունն ես կրելու նրանց ու իմ,
ծանր տարուբերումը ալիքների ու փոթորիկներից հետո տարածվող թաց փայտի բույրը,
զրույցը մեր, որ սկսվել է տարիներ առաջ ու պատմությունները, որոնցից խուսափում ենք ― (չնայած երկար ժամանակ է անցել
չնայած կատարվել է կատարվելիքը),
առաջին նախադասությունը երկարաշունչ լռությունից հետո եւ իրողությունը բառերի, որ այլեւս հեշտ է ընդունել,
դասագրքերի անիմաստ տողերը հասարակածի, կենգուրուների, ջրիմուռների մասին,
մի քանի անգամ կարդացվող պարբերությունների կրկնությունը,
ու կրկնությունը տարածությունների, որոնցից հեռուն երևում է մերկության պես պարզ ու խոցելի նույնքան,
մոռացումը քայլի նշանակության, որովհետև ձևը չի հիշվում արդեն (այս է սփոփանքը միակ),
հարկադիր անցկացումը ծեսի և երկար-բարակ արարողությունը՝ սիրելու մերձավորիդ՝
(թերի յուրացրած դաս), որին ներկայությունդ սխալ էր ի սկզբանե՝ տառերի, բառերի, շարադասության ու սխալ՝ առհասարակ։

ինչ էլ ուզում ես ասա, —
հոգնեցնող է ապրելը ուրիշի հիշողություններից ջնջվելու փորձերով,
նրանց, որոնց չփրկեց ծովն ու լայնությունը օվկիանոսի,
նրանց, որոնք հիշում են խալերի դասավորությունը բազմապատկման աղյուսակի պես,

որոնք ձախողել են գնալ։

եվ այս — ընդհարումը
բախումը երեկվա, այսօրվա, վաղվա իրերին ապացույց են եղածի,
(թեև պարզ է՝ վախեցնողը այս տեսանելին չէ բոլորովին)։
պատերը, որ որպես կանոն, դեմ են առնում շնչառությանը, և կանոնի շարունակություն՝ հոգնեցնում են վայրերը, ուր ապրվել է այսչափ երկար,

այս
այս պատրաստ չլինելը ոչնչի բացառապես և ուղիղ ձգվող վիճակն անհանգստության՝ որքան ինձ նման է – տեր աստված։

 

(is)

դե արի ու խոսիր այս մասին —

ինչ լավ անուն ունի նա՝ խեցու միջից եկող ալիքների ձայն,
ցեխաջրի մեջ թփթփացնող ոտքերի, ձեռքից ընկած-կոտրած բաժակի,
նա ժամանակն է դարի, ուր ապրել եմ հինգ օր, որ նման է ինձ ավելի, քան արտացոլանքը հայելու և ջրափոսի մեջ,
այս վեպը, որ ավելի է իմ մասին, քան ծննդականիս պատճենը՝ դարակում,
եւ տղամարդը, որ ես եմ՝ կորցրած ճանապարհը հետդարձի՝ միտք ու հոգով,
որ հերթով թափառում է կղզիներում և ճիշտը մի կենդանի դառնալն էր ամենասկզբից
(որքան բան է պահանջում վերադարձը),
եվ հետո ինչո՞ւ չլինեմ կինը նրա, եւ որդին հատկապես՝ ցամաք ծովի ափին, և բոլոր նրանք, ովքեր սպասում են մի ամբողջ կյանք,
ու առավել՝ բոլոր նրանք, ովքեր դժվարանում են հետ գալ, որովհետև ասելու ու պատմելու չէ այս
նոթագրած բառերից ու վերքերից, որոնք հա բաց են՝ չապաքինվող

այս է՝
նա խոսել է այս մասին, երբ դու չկայիր ու պատմությունները սկսվում էին զայրույթից մեծ,
թեւ հետո էլ պատասխանել մոռացավ՝ չորս հարյուր նավից՝ երկար-բարակ անվանումներով, քանի՞սը հետ դարձան ափերին, որ
դատարկված էին տարիներ։

 

(solum)

իսկ հողը չորանում է։
սա երկիրն է այդ, հոմանիշով՝ անծով։
այստեղ զրույցները անանձնական խաղաղության մասին են նախեւառաջ,
եվ մարդկանց, որ համբերատար շոյում են կատվի մեջքը՝ լույսն անջատելուց առաջ,
որոնց հետ կատակի ես տալիս ցավը, ան-նրանց ապրելու անփութությունն էլ,
մի քանի լեռան մեջտեղում հանգիստ նստելու դժվար-դժվար լինելը,

եւ — բույսերի մասին առավել, որոնք անուններն ունեն սիրվածների երբեմն,
որոնք հրաժարվում են ծաղկել արեւից հեռու, մոտ, ստվերում,
երբ ջրում ես մեկ անգամ, երկու, երեք,
որոնք կիսվում են խնամքի ու պարտադրանքի միջև, քաղաքի փոշոտ ու տոթ կեսօրներին,
որոնց ասում ես խոսքեր ու երեւի թե խոսքերն են այդ ճնշում ու դիմադրում
եւ հողը չորանում է,

այս է եղածը՝
ճաքճքած հող
ու պատմություն, որ դեռ ձգվելու է
բավականին, բավականին երկար

 

Ծանոթագրություն։ երկու բնաբանները հատվածներ են Չեսլավ Միլոշի «Էլեգիա Ն․Ն․» բանաստեղծություններից (թարգմանությամբ Իոսիֆ Բրոդսկու)։

Հետգրության փոխարեն։ Շնորհակալություն Արամին՝ չորս հարյուր նավի մասին հիշողության համար։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *