Արմեն Հայաստանցի | Գերաստղ Մարիոն

Հարություն Թումաղյանի համահեղինակությամբ

sol ma caro sol feri
o Mario, Mario
ero ero cip cip cip,
ero ero cip cip cip,
one, two, three



Հայ մանուկների սիրած համրանքախաղ

Քո կյանքն էլ կյանք չի. ուզում ես դուրս գալ ու չես կարող, լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա: Կոյուղին խցանվել է, կպայթի, ու ջրերը կլցվեն տնով մեկ: Եթե իրականում չկա միակ ու վերջին հերոսը` ջրմուղի վարպետը, եթե դու ես իրեն հորինել, ուրեմն չես փրկվի. խեղդվելու ես` տանդ մեջ փակված, սեփական կեղտաջրերում, ու հենց դա էլ կլինի աշխարհի վերջը, որի մասին ուրիշների պատմելով գիտես, որովհետև դու փոքր էիր ու չես հիշում, որ ամեն ինչ վերջացել է վաղուց, ու հիմա կարող ես դուրս գալ, բայց չես ուզում, դրա համար էլ լռվել, սպասում ես ջրմուղագործին, իսկ նա չկա ու չկա:

Օ՜, Մարի՜ո, Մարի՜ո, ես չեմ քեզ հնարել, դու իրականում կաս: Չնայած դա վաղուց էր, երբ ես փոքր էի, ու մենք մեկ էինք, իրար գումարված մեկեր, բայց արի ու տես, որ ամեն ինչ հստակ հիշում եմ: Դու հայ չէիր, իտալական ծագումով ամերիկացի ջրմուղագործ էիր: Միասին պայքարում էինք օրուգիշեր և վստահ էինք, որ հաղթելու ենք: Ինձ պես մի կյանք չունեիր, քոնոնք շատ էին, իմ միակը գումարվել էր քո համարակալված կյանքերին, ու թռվռալով առաջ էինք գնում:

Սկզբում հեշտ աշխարհներ էին, ասես մի ցատկով հասնում էինք երրորդ աշխարհ ու թե հմուտ լինեինք` մեր կյանքերը կարող էինք ավելացնել ու չպակասեցնել: Լավ հիշում եմ անտեսանելի աղյուսների տեղերն ու ստորգետնյա պահոցները, ուր ոսկեդրամներ կային, հարյուրը` մի կյանք: Հիմա, աչքիս առաջ գալիս են Գումբա սնկերը, արի թռչենք դրանց գլխին, թող պայթեն: Շատ հիմարն էին, գնում ընկնում էին անդունդը, բայց թե քեզ դիպչեին` մի կյանք կկորցնեինք: Հետո հայտնվում էին Կուպա կրիաները, ցատկում իջնում էինք ուղիղ նրանցից մեկի մեջքին: Խուճապահար Կուպան թաքնվում էր պատյանում, որը հենց տշեինք, սլանում էր առաջ, ճամփին սրբում վերացնում մի քանի Գումբա սնկերի ու իր նմանների, զարնվում գետնից ցցված կանաչ խողովակներից մեկին ու արագորեն հետ գալիս մեզ վրա:

Մենք հիմնականում հակառակորդներին չեզոքացնում էինք` նրանց գլխին ցատկելով: էդպես վերացնում էինք Գումբա սնկերին, իսկ Կուպա կրիաները միառժամանակ սառչում էին իրենց պատյաններում, բայց կային և էնպիսիք, որոնց գլխին թռչել չէր կարելի, ասենք, Սփինի վայրենակերպերը կամ ջրաշխարհում հանդիպող Ծիպ-ծիպ ձկները, ու հատկապես անդուր էին Համեր ախպերները, որ մուրճեր էին նետում մեզ վրա: Գրոհի մի ուրիշ սիրված ձև էլ ունեինք. ներքևից գլխով խփում էինք հարթակին:

Մարիո, ո՞նց չհիշեմ քեզ պես ընկերոջը. դու անմոռանալի ես, որովհետև քեզ հետ հեշտ էր կորցնել կյանքը, որը վերջինը չէր, ու ցանկալի էր աշխարհի վերջը:

Դե արի նորից անցնենք անցած-գնացած աշխարհներով: Էս կողմերում «մեկ վեր» (անգլ.` one-up) կանաչ սունկ կար, կուլ կտանք ու մի կյանք կշահենք: Նա աճում էր աղյուսից, բայց հետո շարժվում էր, ու բռնել միշտ չէր հաջողվում, պետք էր ճարպկություն բանեցնել: Հենց հիմա վեր թռի, բռունցքի հարվածով ակտիվացրու անտեսանելի աղյուսն ու մեջից դուրս կգա ցանկալի «մեկ վեր»-ը: Դե, հուպ տուր, կուլ տուր.

Ինձ առևանգել են օրը ցերեկով, մանկապարտեզի բակից, բոլորի, այսինքն՝ դայակի ու մյուս երեխաների աչքի առաջ: Երեսունն անց, միջահասակ, ակնոցավոր մի մարդ մտել է դարպասից ներս, ես վազել ընկել եմ նրա վզով, ականջին բան եմ ասել, հետո համբուրվել ենք, ապա գրկից իջել, հետ եմ դարձել, նստարանից վերցրել եմ անբաժան ընկերոջս` խաղալիք թզուկիս, մնացողներին ասել ցտեսություն, ցատկոտելով գնացել բռնել եմ նրա ձեռքն ու փաստորեն առևանգվել եմ օրը ցերեկով, մանկապարտեզի բակից, բոլորի, այսինքն՝ դայակի ու մյուս երեխաների աչքի առաջ:

Ինձ փնտրել են օրուգիշեր ու չեն գտել, բոլորը` ծնողներս, ոստիկանները, բարեկամ, հարևան, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որ տեսել են նկարս թերթերում, հեռուստաէկրանից, մտածել են` հավատալու չի, բայց իրական պատմություն է, որ ինձ հետ է կատարվել, չնայած հիմա իմ հավատն էլ չի գալիս, երբ բոլորն ինձ պատմում են, թե ոնց են ինձ փնտրել օրուգիշեր ու չեն գտել:

Ինձ բաց են թողել առանց փրկագին ուզելու, մի շաբաթից, մեր բակում: Իջեցրել են մեքենայից ու քշել գնացել: Ես փոքր էի ու շատ բան չեմ հիշում, բայց հիշում եմ, որ լալիս էի, որովհետև բոլորը լալիս էին` ծնողներս, ոստիկանները, բարեկամ, հարևան, ծանոթ ու անծանոթ մարդիկ, որ տեսել էին նկարս թերթերում, հեռուստաէկրանից, մտածել` շշմելու պատմություն է: Իմ նկատմամբ բռնություն չեն կիրառել, ինձ հետ խաղացել են, փաստորեն ուղղակի խաղացել են ու բաց թողել` առանց փրկագին ուզելու, մի շաբաթից, բոլորի աչքի առաջ:

Քո կյանքը էլ կյանք չի` պայքար է, ազատագրական պայքար, որ ընթանում է օդում, ջրում, ցամաքում ու գետնի տակ, ավելի ստույգ` ութ աշխարհում, որոնցից ամեն մեկը, իր հերթին, չորս մակարդակ ունի: Բացի երրորդ և վեցերորդ աշխարհներից, ամենուրեք դու պայքարում ես ցերեկը: Բոլոր աշխարհների առաջին մակարդակները երկրային են, երկրորդները՝ հիմնականում ստորգետնյա, ուր պայքարը շարունակվում է կոյուղում կամ ջրաշխարհում: Երրորդ մակարդակները երկնային են, ուր առաջ ես շարժվում ամպերի մեջ, հսկա սնկերի վրա ու երկնքից կախված հարթակներին թռչելով:

Բոլոր մակարդակների վերջում հասնում ես ամրոցի, որի դրոշը խոնարհվում է քո առաջ, բացի չորրորդ մակարդակներից: Չորրորդներում մշտապես հայտնվում ես գլխավոր հակառակորդի` հետնաթաթերի վրա կանգնած վիշապանման, եղջյուրավոր հրեշ-կրիայի ամրոցի ներսում: Հենց նա էլ առևանգել է ոսկեմազ արքայադուստր Փիչին, որին և պետք է փրկես: Հրեշավոր կրիան կրակ է շնչում ու սկսած վեցերորդ աշխարհից` նաև մանգաղներ շպրտում քեզ վրա: Բոլոր աշխարհների վերջում դու հանդիպում ես նրան կամրջին, որի տակով լավա է հոսում: Այրել կամուրջները չի հաջողվում, բայց կարելի է քանդել: Հրեշին հաղթելու երկու ձև կա. հասնել իր հետևում դրված կացնին, որը կտրում է կամուրջը պահող երկաթե ձողը, ու նա ընկնում է լավան, կամ անվտանգ հեռավորությունից հրեգնդերով ռմբակոծել: Առաջին յոթ աշխարհներում, թե հաջողվում է նրան ոչնչացնել, պարզվում է, որ դա ընդամենը կեղծ Կուպա էր: Հետո հանդիպում ես Փիչի հավատարիմ ընկերոջը` սնկային թագավորության բնակիչ, թզուկ Թոադին: Նա շնորհակալություն է հայտնում ու ասում, որ արքայադուստրը մեկ ուրիշ ամրոցում է, և դու անմիջապես անցնում ես հաջորդ աշխարհ, որտեղ էլ շարունակվում է պայքարդ:

Եթե հակառակորդը դիպչում է քեզ, կամ տվյալ աշխարհն անցնելու համար հատկացված ժամանակը սպառվում է, ապա դու կորցնում ես մի կյանք, և ամեն ինչ սկսվում է տվյալ մակարդակի սկզբից: Թե կյանքդ կորցնում ես ամրոցների չորրորդ մակարդակում` միշտ ստիպված ես անցնել նույն աշխարհը ամենասկզբից:

Պարտադիր չի բոլոր աշխարհները հաջորդաբար անցնել, ճանապարհը կրճատելու տարբերակներ կան, պետք է պարզապես հայտնվես բեկման գոտիներից մեկում, որտեղից հնարավոր է թռիչքաձև անցնել աշխարհից աշխարհ: Դրանք երեքն են: Էկրանին անգլերեն գրվում է «Welcome to warp zone!» (հայ. թարգմ.` «Բարի գալուստ բեկման գոտի») և այն աշխարհների համարները, ուր կարելի է տեղափոխվել: Առաջին անցումը գտնվում է առաջին աշխարհի երկրորդ մակարդակում՝ ստորգետնյա աշխարհից դուրս եկող խողովակներից մեկի հետևում: Այնտեղ հասնելու համար պետք է թռչես խողովակի հետևի պատին, ու կարող ես անցնել երկրորդ, երրորդ և չորրորդ աշխարհներ: Երկրորդ անցումը գտնվում է չորրորդ աշխարհի երկրորդ մակարդակում: Առաջին կամրջից հետո պատի տակ անտեսանելի աղյուսներ կան: Բարձրանալով դրանց վրա` պետք է գլխով ջարդել ծայրի ձախ աղյուսը, և կաճի ծիլը, որով կարելի է բարձրանալ: Վերևում անցումներ են դեպի վեցերորդ, յոթերորդ ու ութերորդ աշխարհներ: Երրորդ անցումը չորրորդ աշխարհի երկրորդ մակարդակում է. պետք է գնալ վերևով, ինչպես առաջին աշխարհի երկրորդ մակարդակում, ու կհասնես հինգերորդ աշխարհի մուտքին:

Ամեն մեկը ինքն է ընտրում քո ուղին կարճացնելու իր ճանապարհը: Բայց հիշիր. երբ փոքր ես, խոցելի ես, թե մեծանաս` կարող ես ավելի բարձր ու հեռու ցատկել, գլխով աղյուսներ ջարդել ու հարթակներ քանդել: Դրա համար պետք է գտնես նարնջագույն սունկ, որ, սովորաբար, լինում է հարցականով աղյուսի տակ, ու կուլ տաս: Հենց էստեղ մեկը կա.

Առանց քեզ` ինձ փրկել չէի կարող, դրա համար էլ առևանգեցի: Այժմ դու պայքարող աստղ ես դարձել, մարդիկ հաճախ տեսնում են պատկերդ հեռուստաէկրանից, թերթերում  հարցազրույցներդ կարդում, իսկ ես մնացել եմ նույն երեսունն անց, միջահասակ, ակնոցավոր գրողը, որ մի օր մտել է քո մանկական աշխարհի դարպասից ներս ու առևանգել քեզ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Չեմ ուզում արդարանալ, բայց դու ես ընտրել ինձ. վազելով եկել ես ընդառաջ, ընկել վզովս, ականջիս ասել մոռացված բառեր ու անգամ համբուրել, այսինքն` իրականում դու ես ինձ ընտրել, բայց քանի որ փոքր էիր, գուցե` անգիտակցաբար:

Հիմա մեծացել ես, ոսկե մազդ կարճացել ու մգացել է, այդ պատճառով էլ հիմա եմ գրում էս պատմվածքը` ոչ թե քեզ հիշեցնելու անփրկագին առևանգման մասին, այլ որովհետև ուզում եմ, որ վերաիմաստավորես անցածգնացածը: Իրականում ես առևանգողը չէի, ազատագրողն էի: Ես խնդրում եմ, որ դու համակվես այս գիտակցությամբ:

Այստեղ հանդիսատես չկա: Մենք մասնակից ենք: Սա միաժամանակ մեր համատեղ ընդհանուր գործն է, բայց նույն պահին` նաև մեզնից մեկինը:

Կարդացի գրածդ, որ իբր ոչինչ չես հիշում, բացի լացից, որովհետև լալիս էին բոլորը, բայց արի ու տես, որ ընտրությունը քոնն էր, երբ դու փոքր էիր, և շարունակում է մնալ քոնը, երբ արդեն մեծ ես, չնայած չեմ վիճի, ես, իրոք, քեզ հետ խաղացել եմ, բռնություն չեմ գործադրել, պարզապես խաղացել ու բաց եմ թողել, որովհետև առանց քեզ` ինձ փրկել չէի կարող:

Նախավերջին աշխարհի վերջում դու ընկնում ես փակ շրջանի մեջ: Դրանք երեքն են՝ սենյակները, որոնցով վազում անցնում ես ու կրկին հայտնվում նույն տեղում: Ուզում ես դուրս գալ, բայց չես կարող, ելքը չես գտնում, չկա ու չկա, իսկ ժամանակդ սպառվում է:

Կանգ առ, վերջն է. եթե իրականում ելք չկա, ուրեմն քո վազվզոցն իմաստ չունի: Հասկացիր՝ փակ շրջան է, այսինքն` անելանելի: Քեզ միայն թվում է, որ ամեն ինչ դեռ առջևում է: Հետ նայիր ու տես, որ մեծ սխալ ես գործել, ամենամեծ սխալը. տարվել ես փորձանքի մեջ հայտնված արքայադստերը փրկելու գաղափարով, բայց դու ասպետ չես, դու ընդամենը ջրմուղագործ ես:

Արքայադուստրերը՝ նրանք են քո կյանքերի իրական փակուղին, անուններն են տարբեր, բայց նրանք նույնն են, բոլորը՝ մի սանրի կտավ: Երևի լավն են, արժանի են սիրո, բայց քեզ չեն սիրել, շահագործել են իրենց փրկելու քո խիզախումը, ինքնուրույն ազատագրվելու անկարողությունն արդարացնող քո պայքարը: Երևի հիացել են քեզնով, կամ աշխատավոր միջավայրդ իրենց ձգել է, բայց ոչ ավելին: Ու Փիչն էլ է նրանցից մեկը՝ ոսկեմազ, կապուտաչյա, վարդագույն թավշով պատված մի դեղձ, մեջը՝ դառը կորիզ: Մոռացիր վերջին աշխարհի մասին, մտքիցդ հանիր արքայադուստր Փիչին. նա քեզ չի սիրում: Մի համբույրի երազդ խաբկանք է, նա քնած դշխուհի չի, վզովդ չի ընկնի, չի ասի մոռացված բառեր: Հիշիր` ոնց էիր հիասթափվում, երբ անցած աշխարհների վերջում ամեն անգամ նրա փոխարեն հայտնվում էր թզուկ Թոադն ու ապուշավարի ասում. «Thank you Mario! But our princess is in another castle!» ( հայ. թարգ.` «Ապրես, Մարիո, բայց մեր արքայադուստրն ուրիշ ամրոցում է»):

Մի՞թե չես տեսնում, որ խաղում են քեզ հետ, շահագործում են սերդ ու անմնացորդ նվիրումդ պայքարին: Ինքը չի, հենց դու ես փորձանքի մեջ, որ գործդ թողած` պիտի ազատագրես մեկին, ով պարզապես խաղալու է հետդ ու բաց թողնի: Վատնելու ես ունեցվածքդ իր համար` ձև տալով քեզ՝ իբր շատ ունես, բայց ամեն ոսկեդրամի համար գլուխդ քարով ես տվել: Ինքն ապրում է քո կյանքերի հաշվին ու մինչև վերջին պահն էլ մնալու է մի քիչ արտասովոր ու անհասանելի` իբր իր սնկային թագավորության դարդուցավով տարված, իբր իրեն ազատելու քո նվիրումը հանգիստ ընդունող, անհողդողդ, սնկերի տիրուհի, անլվա դեղձի մեկը:

Չարժի, Մարիո, մի վազվզիր, փակուղի չի, յոթերորդ աշխարհի վերջն է՝ քեզ ազատող շրջապտույտ, հանգիստ պտտվիր-պտտվիր, մինչև ժամանակդ կսպառվի:

Մի լար, փոքրիկ, սրբիր աչուկներդ, իմ արքայադուստր, իմ ոսկեմազ գեղեցկուհի: Ես գիտեմ` դու ուզում ես դուրս գալ, բայց չես կարող, որովհետև փակված ես էդ անշուք ամրոցում, և քեզ ոչինչ չի մնում անել, բացի հեծկլտալուց ու սպասելուց, հոնգուր-հոնգուր արտասուք թափելուց ու անվերջ-անվերջ սպասելուց: Լաց մի լինի, հրեշտակս, կարիք չկա էլ սպասելու, քեզ միայն թվում է, որ ամեն ինչ դեռ առջևում է, ճիշտ հակառակը` ամեն ինչ վաղուց վերջացած է: Հետ նայիր ու տես, որ մեծ սխալ ես գործել, ամենամեծ սխալը. քո փրկությունը կապել ես ասպետի գալստյան հետ, հերոսացրել նրան, որ քո մի կաթիլ արցունքին, քո մի հատիկ ոսկե մազին անգամ արժանի չի:

Ասպետները՝ նրանք են քեզ իրականում փակի տակ պահողները, անուններն են տարբեր, բայց նրանք նույնն են, բոլորը` մի սանրի կտավ: Քեզ առևանգող հրեշները գոնե քեզ սիրել են յուրովի, իսկ ասպետները միշտ բացահայտորեն օգտվել են քո թուլությունից, անպաշտպանությունից, ինքնուրույն ազատագրվելու քո անկարողությունից, որ պարզապես հերոսանան, հաղթեն հրեշին ու նրա փոխարեն, իրենք քեզ տիրեն: Երևի հիացել են քո գեղեցկությամբ, կամ արքայական միջավայրդ ու հարստությունդ իրենց ձգել է, բայց ոչ ավելին: Ու Մարիոն էլ նրանցից մեկն է՝ իրեն հերոսի տեղ դրած ճարպիկ, աչքաբաց ռամիկ: Կեպին գլխին քաշած, կոմբինեզոնը հագից ընկնում է, մենակ փողի մասին է մտածում, իբր չգիտենք, որ մի կյանքը հարյուր ոսկեդրամ է, իբր չգիտենք, որ ոչ մի ազատագրական պայքար էլ չի առաջնորդում, իրեն հուզում է միայն ստանալիք փրկագինը, մեկ էլ` հերոսի կոչումը: Մոռացիր, մտքիցդ հանիր ջրմուղագործ Մարիոյին. նա քեզ չի սիրում:

Մի՞թե չես տեսնում, որ նա իր խաղն է խաղում: Իջեցրու գլուխդ փափուկ թավշյա բարձին, փակիր հոգնած կոպերդ ու մուշ-մուշ քնիր: Դարձիր քնած դշխուհի, թող գոնե նիրհի մեջ քեզ այցելի իսկական սերդ` սպիտակ նժույգին հեծած, քեզ արժանի ոսկեմազ արքայազնը, գոնե երազում տրվիր մի համբույրի խաբկանքին ու լսիր բառեր, որ երբեք չեն հիշվում, երբ արթնանում ես: Լավ է, որ Մարիոն լռվել մնացել է յոթերորդ աշխարհի փակուղում. պատկերացրու՝ ինչքան կհիասթափվեիր, եթե արթնանայիր ու տեսնեիր, որ փրկիչդ ճապոնացուց ծնված բեղավոր իտալացի գաղթական է, գարշահոտ կոյուղիներում քարշ եկող, անլվա, խառնածին պրոլետար:

Չարժի, Փիչ, մի լա, եթե արքայադուստրը մնացել է ջրմուղագործի հույսին, ուրեմն աշխարհի վերջն է. փակիր աչքերդ ու սպասիր վերջին:

Չլռվե՛ս, Մարիո՛, մենք հաղթել ենք մի անգամ` վաղուց, ու հիմա կրկին հաղթելու ենք: Ինքնամոռաց պայքարողը չէր կարող մոռանալ հաղթանակի բերկրանքը: Կանգ առ ու հիշիր:

Չքնե՛ս, Փի՛չ, մենք քեզ ազատագրել ենք մի անգամ` վաղուց, ու հիմա վերանվաճելու ենք քո ազատությունը նորից: Ինքնամոռաց սիրողը չէր կարող մոռանալ ազատության բերկրանքը: Արթնացիր ու հիշիր:

Վստահ եմ` դուք չեք մոռացել ինքնափրկության ուղին: Ելք միշտ էլ կա, եթե դուք միասին եք` նա, ով կարող է հաղթել, և նա, ով ուզում է ազատվել. պարզապես պետք է առաջին սենյակն անցնել ներքևով, երկրորդը` մեջտեղով, իսկ երրորդը՝ վերևով: Ու գնալ առաջ, դեպի վերջին` ութերորդ աշխարհ, դեպի վերջնական և գերագույն հաղթանակ:

Գիտեմ, հակառակորդները սնկի նման աճում են ամենուրեք, բոլորից խուսափելը շատ բարդ է, բայց եթե գերՄարիոն դառնա հրեՄարիո, կստանա հրեգնդերով կրակելու, այսինքն՝ հակառակորդին հեռավորության վրա չեզոքացնելու հնարավորություն: ՀրեՄարիոյի վերածվելու համար պետք է կուլ տաս այ, հենց այս ալ ծաղիկը.

Ինձ հետ խաղացել են, փաստորեն ուղղակի խաղացել են բոլորը, այսինքն՝ մարդկանց մեծ մասը, ովքեր երբևէ համակարգչային խաղ են խաղացել: Դա ինձ համար ամենամեծ պատիվն է, և ես հպարտ եմ դրա համար ու շնորհակալ:

Շնորհակալ եմ իմ պայքարի ուղին թեկուզ կիսով չափ անցած բոլոր մարդկանց և հատկապես մանուկներին, որ ոգեշնչվել են ինձնով: Շնորհակալ եմ միակ ծնողիս` Սիգերու Միյամոտոյին, ինձ ստեղծելու համար, «Նինթենդո» ընկերությանը երկու հարյուր միլիոնից ավելի օրինակով ինձ տարածելու և համաշխարհային աստղ դարձնելու համար, զույգ եղբորս` Լուիջիին, որ երբեք չտրվեց առաջինը լինելու մոլուցքին ու միշտ մնաց կողքիս` իբրև երկրորդ խաղացող, Սարագոսայի բնակիչներին` իմ պատվին փողոց կոչելու համար, իմ երեք հայ սփիչմեյքերներին` այս բոցաշունչ ելույթը գրելու համար, մի խոսքով, բոլորբոլորին. հաստատ ինչոր մեկին մոռացա, անչափ շնորհակալ եմ, և հատկապես շնորհակալ եմ քեզ, որ պայքարել ես մինչև վերջ և փաստորեն ուղղակի չես խաղացել ու մոռացել:

Դու իրականում կաս, ես քեզ չեմ հորինել: Ես սիրում էի քեզ, երբ փոքր էիր, և հիմա սիրում եմ ավելի: Ես քոնն էի և հիմա քոնն եմ ավելի: Ես հպարտ էի քեզնով և հիմա հպարտ եմ ավելի: Ես ուժեղ էի քեզնով և հիմա ուժեղ եմ ավելի: Ես պատասխանատու էի քո առաջ և հիմա պատասխանատու եմ ավելի: Դու հերոս էիր և հիմա հերոս ես ավելի, դու արդար էիր և հիմա արդար ես ավելի: Մեր պայքարն անկասելի էր, և հիմա անկասելի է ավելի: Մեր հաղթանակն անխուսափելի էր և հիմա անխուսափելի է ավելի: Ուրեմն իրական դարձրու իմ պայքարն ու մի մոռացիր, որ սիրում էի քեզ, երբ դու փոքր էիր, և հիմա սիրում եմ ավելի:

Եվ հիմա, երբ ողջ աշխարհն է միացել իմ պայքարին, դու չես դադարում լինել միակը, ում համար ես վերջին հերոսն եմ: Մենք քեզ հետ միասին մեծ գործ ենք կերտում: Գուցե մի մարդու մեջ պայքարի մարած կրակն ենք նորից բոցավառում կամ գուցե ազատագրում ենք ինքներս մեզ: Ես խնդրում եմ, որ դու համակվես այս գիտակցությամբ:

Այստեղ հանդիսատես չկա: Մենք մասնակից ենք: Սա միաժամանակ մեր համատեղ ընդհանուր պայքարն է, բայց նույն պահին` նաև մեզանից մեկինը: Եթե այս ներդաշնակությունը չլինի, մեր պայքարը հաջողություն չի ունենա: Մեր ուժը մեր ինքնավստահությունն է, մեր զսպվածությունը: Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը և ոչ թե հախուռնը կամ խելագարը, իսկ դու հենց էդպիսին ես:

Դու` հուսավառ ու քաջ, գիտուն ու ոգևորված, լուսավոր ու սրտաբաց, զինվորագրվել ես իմ պայքարին, գումարվել նրանց, որ երբեք չեն եղել ամբոխ, որ մշտապես եղել են մեկ գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ և այդպես` հարյուր հազար, հինգ հարյուր հազար, մեկ միլիոն, տասը միլիոն, հարյուր միլիոն, ու հիմա` քարորդ դար անց, երբ ողջ աշխարհն է միացել իմ պայքարին, դու չես դադարում լինել ինձ համար միակը, վերջին իրական հերոսը:

Իմ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկը դու ես, և այդ մեկը դու ես, և այդ մեկը դու ես, որովհետև ես պարզապես համակարգչային խաղի հերոս եմ: Իմ պայքարի վերջնական նպատակը հաղթական ավարտն է, այնպիսի ավարտը, որտեղ հաստատված իրականությունը ճշգրտորեն համապատասխանում է իր նկարագրությանը: Ամեն անգամ, սակայն, «պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսը վանկարկելիս ես նկատի եմ ունենում ոչ միայն այդ վերջնական նպատակը, այլև այն հանգրվանային կետերը, մարտավարական նպատակները, որոնց նվաճումով մոտենում ենք վերջնական և գերագույն հաղթանակին:

Չլռվե՛ս ու չսպասե՛ս: Ճակատագրական այս շրջափուլում, երբ կոյուղիդ պայթել է, և օրհասական է տանդ մեջ փակված, սեփական կեղտաջրերում խեղդվելու վտանգը, հիշիր, որ իրականում ես կամ ու չկամ, ես կամ` իբրև գործիք ու պատմություն, և չկամ` իբրև իրական ջրմուղագործ, որովհետև ինձ հնարել են, որ եթե մեկն ուզենա պայքարել, կարողանա նաև հաղթել: Իմ հաղթանակը կախված է մեկ մարդուց, և այդ մեկը ես եմ, և այդ մեկը դու ես, և այդ մեկը նա է 

Վերջին, ամենաբարդ աշխարհում իսկական գոյամարտ է սկսվում: Սավառնող աչուկավոր պարկերից Սփինի վայրենակերպեր են թափվում գլխիդ, ամեն քայլափոխի հրանոթները կրակում են վրադ, Ծիպ-ծիպ ձկներն անսպասելիորեն դուրս են ցատկում ջրերից, բոլոր խողովակներից գիշատիչ պիրանյա բույսեր են դուրս գալիս` սուր ատամներով լի երախները բացած, պատրաստ ամեն վայրկյան քեզ կուլ տալու. էլ չասած Համեր ախպերների մուրճերի տեղատարափի ու հրեշ Կուպայի մանգաղների ռմբակոծության մասին, իսկ դու, թեև փոքրացել ես առաջվա պես, բայց արի ու տես, որ անխոցելի ես դարձել. հակառակորդները քեզ հպվելով` չեզոքացվում են, որովհետև հենց նոր կուլ տվեցիր թռչող աստղը.

Ջրմուղի վարպետն ինձ իսկապես ոգևորեց: Չնայած ուշացած, բայց եկավ իր գործն անթերի արեց ու ձեռքի հետ էլ պատմեց կյանքի ողջ պատմությունը:

Կարճահասակ, բեղավոր, կեպիով, անմիջական ու շփվող մարդ էր: Հավատալու չի՝ ինչքան փորձությունների միջով էր անցել և մնացել ինքնավստահ ու զուսպ, բարի ու ժպտադեմ: Պարզվեց` շարժման մասնակից է, մեր համախոհներից, իրենց թաղամասում ակտիվիստ է: Ինձ էլ մի լավ կարմրացրեց, ասաց, որ շատ բարձր է գնահատում պայքարող կանանց, ու հատկապես ինձ համարում է մեր ժողովրդի ամենաարժանավոր դուստրը: Մեկ էլ ասաց, որ սրանք հրեշ են, զավթել են երկիրն ու պետք է օր առաջ հեռանան:

Ո՞նց չսիրես էդ տեսակ մարդուն, որ կարողացել է մնալ հուսավառ ու քաջ, գիտուն ու ոգևորված, լուսավոր ու սրտաբաց և շարունակում է պայքարել: Չգիտեմ` քեզ ոնց, բայց ինձ, իսկապես, շատ ոգևորեց ջրմուղի վարպետը, որ չնայած ուշացած, բայց եկավ ու իր գործն անթերի արեց:

Չմոռանամ ասել, որ ինչքան էլ պնդեցի, փող չվերցրեց։ Պետք է դուրս գայի, առաջարկեցի ուղեկցել, համաձայնեց․ մեքենայով տարա, բակում իջեցրի ու մոռացա ասել․․

Պատմվածքն արժանացել է «Արձակ 2012» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի, ինչպես նաև ներկայացվել ՆՓԱԿԻ «9 արտիստ +20 տարի» ցուցահանեսին։ Թարգմանաբար հրատարակվել է անգլերեն։

Հարություն Թումաղյանի համահեղինակությամբ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *