Արթուր Բախտամյան | Փարա ջան ով. նա ասում էր, որ իր նախնիները դրամասեր են եղել

Սերգեյ Փարաջանով, Զավեն Սարգսյան Լուսանկարը՝ Արթուր Բախտամյանի անձնական արխիվից

 

Հունվարի 9 -ին Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:  2021-ը անսովոր ու դառն է, երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ հավաքվում ենք Պանթեոնում առանց Զավեն Սարգսյանի:  Սովորաբար այս օրը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր լինում, այսօր միայն թանգարանի աշխատողներն են ու մի բուռ նախկիններ:  Ամենամերժության մեր ժամանակաշրջանում ներկայացնում եմ`
1973 թվականին Սերգեյ Փարաջանովը 49 տարեկան էր:

Արդեն նկարահանված էր «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ., Դովժենկոյի անվան կինոստուդիա, Կիև) և «Նռան Գույնը» (1969թ., «Հայֆիլմ» կինոստուդիա, Երևան): 1973 թվականի դեկտեմբերի 17-ին Փարաջանովը ձերբակալվեց Կիևի իր բնակարանում:

Չորս ամիս անց Կիևի մարզային դատարանը նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Այդ օրվանից սկսվեց մեկուսացված արվեստագետի նոր առասպելը, փշալարի այն կողմից եկող նամակները, կոլաժները՝ լեցուն շատերի համար անհայտ կյանքով: Համաշխարհային նման մի օրինակ էր Մարքիզ դը Սադը, որի վեպերը գրվում էին բանտում և տարածվում հարյուրավոր տպաքանակներով, բայց Փարաջանովի նամակներն ու կոլաժները պետք է մնային ընկերների ու մտերիմների դարակներում՝ հաճախ թաքցված, քանի որ «օրգանների» տեսադաշտում հայտնվելը հղի էր աշխատանքի, կենսագրության և ապագայի կորստով: Քիչ չէին համարձակները, որոնք բարձրաձայն խոսում էին, բողոքում, գրում նամակներ:

Երբ ես 9-րդ դասարաններում էի, կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Հարություն Խաչատրյանը ընդունելության քննություններին պատրաստվելու համար ինձ կինոարվեստի վերաբերյալ գրքեր էր տալիս, որոնց մեջ «Հայկական կինո» վերնագրով  պատկերազարդ մի ալմանախ կար՝ «Նռան գույնից» մի կադրի լուսանկարով: Մի օր լուր տարածվեց, որ Կինոյի տան փոքր դահլիճում նկարիչ Ստեփան Անդրանիկյանի երեկոն է, որտեղ երկու մաս (քսան րոպե) «Նռան գույնից» է ցուցադրվելու: Այդ երեկոյից հետո, առաջին անգամ միայնակ  բռնեցի Բջնիի ճանապարհը, որտեղ  դրվագներ էին նկարահանվել, և այն ժամանակ դեռևս ողջ քահանային հարցուփորձ էի անում ֆիլմից, ռեժիսորից, իսկ նա վախեցած ու կարկամած չէր պատասխանում: Գեղարվեստա-թատերական ինստիտուտի առաջին կուրսում, մեր շրջապատում հայտնվեց Փարիզից Երևանում սովորելու եկած Ալենը: Նա պատմում էր «Հրե ձիերի» («Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի արտասահմանյան անունը)  մասին, ու թե ինչպես իրենք Փարիզում ցույցեր են արել խորհրդային դեսպանատան մոտ՝ ռեժիսորին բանտից ազատելու համար: Ութսունականների սկիզբն էր, Փարաջանովը վաղարժամ ազատվել էր բանտից ու  ապրում էր Թբիլիսիում: Ձմեռային արձակուրդին որոշեցինք գնալ  ծանոթանալու: Այդ օրերից մոտ քառասուն տարի անց կարդում եմ Զավեն Սարգսյանի աշխատասիրությամբ 2018 թվականին Փարաջանովի թանգարանի հրատարակած  Сергей Параджанов “Изоляция” նամակների համալրված ժողովածուն: Թեև Գարեգին Զաքոյանի խմբագրությամբ 2000 թվականին Ազգային ֆիլմադարանի հրատարակած “Письма из зоны” ժողովածուն կարդացել եմ, սակայն հիմա նոր ընկալումով եմ ընթերցում: Ապշում եմ. ինչպե՞ս կարելի էր այդ դժոխքից հետո դեռ ֆիլմեր նկարահանել, ուշադրությամբ ու սիրով շրջապատել անծանոթ և հաճախ կասկածելի մարդկանց, խորհուրդներ տալ և առօրյան տոնի վերածել:

Մեր հանդիպումների մասին գրառումներին զուգահեռ՝ թարգմանաբար ներկայացնում եմ պատառիկներ քառամյա մեկուսացումից ուղարկված նամակներից:

📩22 հունիսի 1974թ.

Սվետլանա Շերբատյուկին գրված նամակից

(հինգ տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել էին 1961-ին)

Կործանում` Գագարին, Ենգիբարով, Թամազ Մելիավա, Էդիթ Պիաֆ, Լես Կուրբաս, Ժերար Ֆիլիպ, Ցիբուլսկի. հաջորդաբար վախճանված ճերմակ երիցուկներ դարձած իմ քեռիներն ու մորաքույրերը:  Ամենը կարծես իմ մահն է գուժում, բայց ես ապրում եմ: Ապրում եմ վախեցած և ուրախ, որ ապրում եմ, տեսնում եմ ուրիշի վիշտը, կարեկցում եմ, տարալուծվում  նրա մեջ:  Այս եղելությունից հետո հասկանում եմ, որ դեպի արվեստ ճանապարհը փակ է: Երջանկություն էր, որ կարողացա լինել Հայաստանում, ստեղծել «Նռան գույնը», ինձ հետ տանել Սուրենչիկին (որդուն):  Ինձ թվում է՝ կուղարկեն հեռավոր գաղութ, այցելուների մխիթարանքներից անդին: Մի տարի հետո հնարավոր կլինի տեղափոխվել ազատ աքսոր:  Խիստ ռեժիմի գաղութում ես կարող եմ ամիսը երկու նամակ գրել, ստանալ առանց սահմանափակման: Ասա Միշա Բելիկովին, որ ուղարկի ծրարներ, գունավոր մատիտներ, մկրատ, սափրվելու պարագաներ, թուղթ: Կդիմանամ փորձությանը: Մեղքն իմն է: Ես ուզում եմ, որ Ռոման (Բալայան) իր որդու անունը Գուրգեն դնի: Կես տարվա ընթացքում արգելված է պարենային ծանրոց ուղարկել, ուղարկիր ինձ մեր ընկերների հասցեները: Ես հանգիստ եմ, քանի որ մաքուր եմ:  Եվ ծանր է, քանի որ հիմարաբար վստահել եմ:  Նատաշայից վերցրու «Սայաթ Նովայի» և «Հակոբ Հովնաթանյանի» մոնտաժային սցենարը:

 

Հայրս ծնվել է Թբիլիսիում: Երբ փոքր է եղել, ընտանիքով տեղափոխվել են Երևան: Հոր (պապիս)` Շուշիում ծնված հիդրոինժեներ, Երևան հէկի կառուցման ժամանակ զոհված Անդրանիկ Բախտամյանի մահից հետո ազգականների հետ կապը խզվել է: Եվ առաջին ուսանողական ձմեռային արձակուրդին միայնակ գնում եմ Թբիլիսի: Մի հասցե գիտեմ՝ Կոտե Մեսխի 7:  Չգիտեմ՝ որքան եմ թրև գալիս, բայց գտնում եմ:  Դուռը փակ է: Առաջին լուսանկարը: Երեկոյան գնացքով գալու է Ալենը: Արտասահմանցի ուսանողների հետ շփվել՝ երկրից դուրս գալ, բանտային կենսագրությամբ այլախոհի այցելելը այն ժամանակ անվտանգ չէր:  Հաջորդ օրը զբոսնում ենք Ռուսթավելիով, նկարում ենք կովկասյան տարազով ճեմող ծերունուն և… հակառակ կողմից ընդառաջ է գալիս ՆԱ:  Ծանոթանում ենք ու պայմանավորվում երեկոյան հանդիպել Կոտե Մեսխիում:

Լուսանկարը՝ Արթուր Բախտամյանի անձնական արխիվից

📩1974թ. հոկտեմբեր

Անդրեյ Նախակոչ (Տարկովսկի)

Բագրատ Հովհաննիսյանի ֆիլմը («Հնձան») ինձ շատ դուր եկավ:  Հայերը անտարբեր են:  Հայերին հուզում է ֆուտբոլը:  Երկու կադր «Հայելուց» բավական է, որ հասկանաս մնացածը:  «Սոլարիսը» գունավոր՞ է, ես սև-սպիտակ եմ տեսել:  Գույն չեմ ուզում: Ցավում եմ, որ չհանդիպեցինք Թբիլիսիում: «Մեկուսացմանը» ես հարմարվում եմ ինչպես տիեզերագնացը անծայրածիր տարածությանը: Իմ իրական տեղագրությունը քրեական պաթոլիգիան է:  Խիստ ռեժիմ, գրանիտի հանքավայր, չեմ տեսել «Կարմիր բռինչը», կարծում եմ՝ արաբանախշեր են իրականության հետ:  Կյանքը, որտեղ ես խաղում էի` փերիների առասպելը, պոետները, հեքիաթասացները, Կիևյան Ռուսիայի թագավորները, ծիծաղելի են տասը տարվա դատվածություն ունեցող, ամբողջ մարմինը դաջվածքով ծածակված պատանու համեմատ:  Ի՞նչ եմ անում` սկզբում կառուցում էի, հետո՝ պարկեր կարկատում, հիմա լվացքատանն եմ:  Խորհուրդ են տալիս ներում խնդրել. ինչո՞ւ: Ինձ նստեցրել են չներելու պայմանով:

 

1981թ. Կոտե Մեսխի

Երեկո:

Բաց պատշգամբի երկայնքով առատ լույսեր, ձայներ:

Ներս ենք մտնում:

– Ահա իմ հայրենակիցները Փարիզից ու Երևանից: Ինչպե՞ս է մեր փակուղի Երևանը:  Ինչպե՞ս է Լարիկը, դեռ մանկական ԿԳԲ չի՞ բացել:  Դուք ճանաչո՞ւմ եք այս դերասանին, դուք չե՞ք տեսել «Կովկասյան կավճե շրջանը», հենց վաղը կգնաք նայելու և հետո Ելենա Ախվլեդանիի տուն կանցնեք, Ռուսթավելի թատրոնից հեռու չէ, չմոռանաք մանուշակներ տանել: Հիմա նստեք՝ սացիվի ուտելու, հայտնի պրոֆեսորի տիկին է պատրատել ինձ համար: Դուք շփվեք, իսկ ես գնացի:

Գիշերով քայլում ենք դեղին լուսարձակների լույսով թաթախված Քռի ափով ու բարձրաձայն երգում Պիաֆի երգերից:

 

📩1974թ. դեկտեմբեր

Տամարային

Այժմ ես տարօրինակ առաքելություն ունեմ: Ես Մեծ Մխիթարող եմ: Իմ գործընկերները 9 կամ 12 տարվա դատվածություն ունեն, և յուրաքանչյուրը կինո է:  Ուղիղ ժամը մեկին՝ ճաշից առաջ, հորիզոնով գնացք է անցնում:  Արդեն հինգ տարի է վագոն-ռեստորանի կինը փեշը բարձրացնում է ցուցադրելով բարեմասնությունները:  Բոլորը նրան են սպասում:  Ամեն օր`ձմռանը, ամռանը, անձրևին:

 

 

 

Դուրս եկանք Բերթոլթ Բրեխտի «Կովկասյան կավճե շրջանից»:  Ապշած, հիացած, խառնված:  Դռան մոտ երկու կարմրաթուշիկ աղջիկներ էին կանգնած, վառ շրջազգեստով, գլխներին՝ փաթաթոցներ:

– Դուք չգիտե՞ք որտեղ կարելի է սուրճ խմել:

Իրար են նայում:  Հետո ինչ-որ փողոցների անուններ են տալիս:

– Մենք տեղացի չենք և առաջին անգամ ենք այստեղ:  Գուցե միասի՞ն գնանք:

Նստում ենք տրամվայ: Առաջարկում եմ միակ ազատ նստարանը: Նա`Էկան, ասում է՝ դու նստիր, իսկ ես քո ծնկներին: Թբիլիսին արբեցնում է:  Ինչ-որ տեղ իջնում ենք, հետո անցնում նեղ ու ծուռ փողոցներով, նրանք աջ ու ձախ խաչակնքվում են: Մի ամայի փողոցով անցնելիս շենքի վրա ռուսերեն կարդում եմ՝ «Մանթաշովի առևտրի տուն»:  Գրեթե գետի ափին փակ սրճարան կա:  Բաժակով շամպայն, վատ սուրճ, Երևանում մենք ավելի լավին ենք սովոր: Աղջիկները  սիգարետ են խնդրում, մենք չենք ծխում: Հետո խոսում ենք կինոյից, ասում եմ, որ հիացած եմ Աբուլաձեի «Ցանկության ծառը» ֆիլմով ու դերասանուհով, որին Էկան նման է, նա ժպտում է: Հետո ասում ենք, որ ուզում ենք ծովափ գնալ, նրանք ինչ-որ ծանոթի հասցե են տալիս:

Երբ դուրս եկանք` մտածելով, որ երեկոն այլ շարունակություն կունենա, միանգամից ասացին որ ուղեկցել պետք չէ, ամուր համբուրեցին ու անհետացան:

 

📩2 փետրվարի 1975թ.

Թանկագին Միշա (Վարտանով)

Ստացա քո թախծոտ, բարի, հուսահատ, վերլուծական նամակը:  Երբեք դու այդքան հստակ գնահատականներ չես տվել շրջապատին և զգացմունքներին:  Երևի աշխարհում դեռ շատ են տգիտությունն ու դաժանությունը:  Հուսով եմ, որ Արթուրի (Փելեշյան) հետ աշխատանքը  մեծ բերկրանք կպատճառի, այլապես չի կարող լինել:  Արթուրը սկզբունքային ու խորապես մեծ վարպետ է: Դու ունես այն էականը, ինչը հարկավոր է ստեղծագործողին և տղամարդուն: Խելք, բարություն, սկզբունք, ազատություն:  Դա քո առաքելությունն է:  Ցավում եմ, որ չեմ կարող երկար գրել, շատ պարտական եմ քեզ, բայց առիթ չի եղել ո՛չ խոսքով, ո՛չ գործով արտահայտելու:  Ներողություն խնդրիր Ստյոպային (Անդրանիկյան) և Գրիշային (Մելիք-Ավագյան), որ չեմ պատասխանել, հնարավորության դեպքում կգրեմ:

 

Գնում ենք Հավլաբար:    Հանդիպում ենք Երևանում սովորող թիֆլիսեցի Էդիկին:  Որոշում ենք գնալ Հայկական պանթեոն, այնտեղից՝ կայարան, ծովափ գնացող գիշերային գնացքի տոմս գնելու: Էդոն հրավիրում է ճաշարան, որտեղ հայրը շեֆ խոհարար է: Համեմունքների հրավառություն, գինիներ, երկար ճառեր:  Լավ է:  Կայարանը հեռու չէ:

Լուսանկարը՝ Արթուր Բախտամյանի անձնական արխիվից (Սերգեյ Փարաջանով, Արթուր Բախտամյան)

📩18 մարտի 1975թ.

Հիասքանչ Լիլյա Յուրևնա (Բրիկ) և Վասիլի Աբգարովիչ (Քաթանյան)

Ինչպե՞ս արտահայտեմ ձեր բարության և քնքշանքի հանդեպ շնորհակալությունս և բերկրանքս: Ձեր սոնետանման նամակները ի պահ եմ ուղարկում  Կիև:  Դիտե՞լ եք արդյոք Տարկովսկու «Հայելին», կարծում եմ իսկական տոն է: Չորս ամսվա լռությունից հետո ՈՒԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը մերժեց ներման դիմումը: Առղջությունս լավ չէ, սրսկվում եմ: Ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ դատարանում ինձ չեն հավատացել, և մնում է միայն դիմանալ երեք տարի ինը ամիս: Երևի արժեր ապրել, որ այս մեկուսացման մեջ զգայիր ընկերներիդ ներկայությունը, շնչառությունը, ջերմությունն ու բույրը:

Սերգեյ

Կիսակայարանը հենց ծովափին է:  Լուսանում է:  Շշից գինի ենք խմում:  Ձմեռ է ու տաք:  Չգնա՞նք լողալու… Գնացի՛նք:  Հանվելով՝ մոտենում ենք ափին, վերջում մերկ ալիքները գալարում են մեզ: Ազատության ուրվականը ճախրում է մեր գլխավերևում:

 

📩1975թ. հոկտեմբեր

Թանկագին Սվետլանա և Սուրեն

Առողջությունս գերազանց է:  Հարմարվում եմ, նույնիսկ հաճելի է:  Ազատության մեջ ոչինչ չկա, միայն սպառնալիք, հատապնդում, նվաստացում ու անլիարժեքություն:  Հիմա ամեն ինչ պարզ է:  Ինձ պետք էր վերացնել՝ ամեն գնով:  Երկար էին սպասում, ու ստացվեց:  Շուտով Սուրենի ծննդյան օրն է, պատրաստել եմ նոր աշխատանքներ, կուղարկեմ: Սվետլանա՛, ազատության ժամանակ վարկած կար, որ ես ԿԳԲ-ի գնդապետ եմ, չգիտեմ ինչպես՝ այդ վարկածը այստեղ է թևածում:  Բայց ես գեներալ եմ, չէ՞որ դու ինձ նվիրել ես 19-րդ դարի ուսադիրներ:  Ապրում եմ Ստանիսլավսկու սիստեմով` տարալուծվում եմ իրականության մեջ:

 

1982թ. Թբիլիսի, Կոտե Մեսխի 7

Պատշգամբը մռայլ է, սենյակը՝ մութ: Պատերից դատարկ շրջանակների խոռոչներ:

Երևանի դրամատիկական թատրոնի բեմում Թբիլիսիի կինոդերասանի թատրոնի ներկայացումն է՝ «Շուշանիկի չարչարանքները»:  Շուշանիկը ցնցող է, բոկոտն՝ Դոննա Աննայի նման հուզիչ կրունկներով: Ծափերից հետո գնում եմ կուլիսներ դերասաններին շնորհավորելու, «Շուշանիկը» աստիճաններին նստած ծխում է:  Ես արագ վրա են տալիս:

– Դուք հրաշալի եք Աբուլաձեի ֆիլմում և այստեղ, դուք իմ կումիրն եք, մենք հանդիպել ենք, Փարաջանովի տանը:

Նա հոգնած նայում է, ժպտում ու ինձ թվում է միայն նա կարող է այդպես ժպտալ:

– Նրան ձերբակալել են, Օրթաճալայի բանտում է:  Փարաջանովի տանը ես երբեք չեմ եղել:

Նա`Լիկա Կավջարաձեն կանգնում է, նայում շուրջ կողմը, կիսատ սիգարետը ցցած դեմքիս առջև:

-Որտեղ կարելի է գցել:

Ես վերցնում եմ սիգարետը, նա հեռանում է:

 

📩1976թ. հոկտեմբեր

Ռոմա (Բալայան)

Երբ անցնում էի Դնեպրոպետրովսկով, կարծում էի տանում են գժանոց. այստեղ հայտնի «Դնեպր» իզոլյատորն է: Բերեցին Պերևալսկ:  Նոր կրքեր, նոր ռեժիմ, նոր սովորույթներ:  Ուրախ եմ, որ ֆիլմի արտադրական փուլում ես:  Այս գաղութը մեծ է ու դաժան:  Վրացիներ կան, ճանաչում են Ամիրանին:  Այստեղի դպրոցի տնօրենը ուզում է, որ ֆիլմ նկարվի «Դպրոցի» մասին, դիմել եմ Կիևի ընկերներին, որ օգնեն:  Սերգեյ Կազանցևը կարագ էր ուղարկել, շնորհակալություն, եթե ողջ մնամ, հաշվի կառնեմ:  Այստեղ ես հրշեջ-պահակ եմ:  Երգում եմ «Ես այրվում եմ, չեմ հասկանում, թե ինչու»:  Տեսակցության գալ իմաստ չունի, եթե վարչությունում ծանոթ կա, լավագույնը ազատ աքսորի տարբերակն է, այստեղից լավ բնութագիր են ուղարկել:  Շուտով կլինի երեք տարի. ով կմտածեր, որ հնարավոր է երեք տարի  ապրել, մեկ օրն է անհնար:  Իմ գոյության համար անհրաժեշտ է ամսական 15 ռուբլի և իմ հասանելիք 7 ռուբլին՝ կրպակից օգտվելու համար: Նկատողության պատճառով զրկվել եմ լրացուցիչ տեսակցությունից և 2 ռուբլուց:  Թանկագի՛ն Ռոմա, մի՛ կենտրոնացիր ինձ վրա, ֆիլմ նկարիր, մի՛ գիրացիր՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես:  Նկարիր նուրբ, միստիկ ու ճաշակով:

 

Աղասի Այվազյանի «Վառած լապետր» ֆիլմի նկարահանման հրապարակում

1982թ. Թբիլիսի

Կայարանից նստում եմ մետրո: Հանդիպում եմ դերասան Վլադիրմիր Քոչարյանին:  Նա Վանո Խոջաբեկովի դերակատարն է Աղասի Այվազյանի ֆիլմում:  Եկել եմ ռեպորտաժ գրելու:

-Որտե՞ղ է նկարահանման բազան:

-Մանթաշովի առևտրատունը գիտե՞ս…

-Գիտեմ:

«Հայֆիլմը» վերակենդանացրել է Արծրունիների քարվանատունը, Աղասի Այվազյանը՝ Թիֆլիսի սիրահարն ու պատմիչը, կերտում է իր և նկարիչ Խոջաբեկովի հեքիաթը:  Կինոստուդիայի ընկերներս միանգամից ամեն ինչ պատմում են: Օպերատոր Կոստաս Կալաֆատիսը կանչում է սուրճ խմելու ճիշտ այն սրճարանում, ուր մեկ տարի առաջ եղել եմ Ալենի, Էկայի, մյուսի անունը բարդ էր, կարծես՝ Թինաթիի, հետ:  Կոստասը հույն է, մի իսկական հրավառություն ու անընդհատ պատմում է պատերազմի ժամանակվա Հունաստանից, պարտիզանական ջոկատից, Սովետ գալուց ու աքսորվելուց: Որոշում եմ այդ մասին էլ գրել, հետո ասում է, որ Փարաջանովին ազատել են: Նկարահանումներից հետո որոշում ենք միասին գնալ Կոտե Մեսխի:

-Ով ասես կինո է նկարում, ինձանից ամեն ինչ գողանում են`մտքեր, պատմություններ,- չարացած վրա տվեց Փարաջանովը հետո նամակ գրեց՝ Միշա Վարտանովին համար և քանի որ մեկ շաբաթից վերադառնալու էի, մի տասանոց տվեց՝ խնդրելով հայկական ռոկֆոր բերել:  Ուրիշ ոչինչ չեմ հիշում:  Տարված էի «Վառած լապտերի» նկարահանումներով:  Աղասի Այվազյանին իր առաջին`«Լիրիկական երթից» էի ծանոթ, նկարահանման հրապարակում ասաց, որ ինձ դերվիշի դերում է ուզում նկարել: Լավ առիթ էր գործուղումը երկարեցնելու և օրավարձ ստանալու համար:

 

📩19 մարտի 1977թ.

Ռոզի

Ինձ կանչեցին հատուկ բաժին և հայտարարեցին Կիևի մերժումը:  Ռուզաննա՛, դուք բոլորդ պետք է հասկանաք, որ իմ մեկուսացումը շատ լուրջ է, իսկ մեղադրանքը շինծու:  Ինձ ճաղերի հետևում են դրել, կործանել են, ոչ թե, որ հետո ներեն:  Կարծում եմ, որ այս ողբերգության հանգուցալուծումը տեղի կունենա հնգամյա ժամկետից հետո, երբ նոր մեղադրանք առաջադրեն: 1973-ի դեկտեմբերի 17-ին  ես տեսա մահը՝ ի դեմս Մակաշովի, այդ օրը իմ մահվան օրն է, իսկ նախորդող գոյակերպը`քավարան:  Մնացել է 1 տարի 9 ամիս, սարսափելի չէ՝ հաշվի առնելով անցածը:  55 տարեկանում ես կվերադառնամ օտար ու տխուր ազատություն:  Ծիծաղելի է:  Ջարդված եմ, ծեր եմ, քանդվում եմ: Աղքատ եմ, անօգնական, հիասթափված: Ապրում եմ հանդերձյալ կյանքով, ինչ-որ բանի մասին մտածում եմ, հավատում, ինչ որ բան ստեղծում:

1988 թվականի հունվարին Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում բացված «Պարահանդես ռեժիսորի արվեստանոցում» ցուցահանդեսը իսկական մշակութային հրաբուխ էր: Երկար տարիների մեկուսացումից ու լռությունից հետո Փարաջանովը կրկին Երևանում էր: Վրաստանում արդեն նկարահանվել էր «Սուրամի ամրոցի լեգենդը», ընթացքի մեջ էր «Աշուղ Ղարիբը»:  Թանգարանի միջանցքները լեցուն էին միջնադարյան ավազակների պահեստ հիշեցնող տարաբնույթ իրերով:  Այդ ամենի կենտրոնում նա էր:  Տեղում նորոգում էր, ինչ որ բան ավելացնում, որոշում կախելու տեղը, վերնագիրը:  Շարունակ ներսուդուրս էին անում ծանոթներ, անծանոթներ, նկարահանման խմբեր, երկրպագուներ:  Յուրաքանչյուրին երկար րոպեներ էր տրամադրում, թանգարանի տնօրեն և ցուցահանդեսի համադրող-նախաձեռնող Զավեն Սարգսյանը սրտնեղում էր:  Բացման արարողությունը անպատմելի մարդաշատ էր, դրանից հետո նման բան Երևանում չեմ հիշում: Հենց այդ ժամանակ հանդիպեցի ուսանողական ընկերոջս`Սլավիկին, որը աշխատում էր Թբիլիսիի թատրոնում, նա հրավիրեց հյուընկալվել ու մասնակցել «Աշուղ Ղարիբի» նկարահանումներին:

 

📩1977թ. ապրիլ

Սուրե՛ն, որդի՛ս,

Ստացա միանգամից 32 նամակ: Ճամբարը նամակներ հանձնելու նոր եղանակ է մշակել, երևի կուտակում են, զննում և հետո տալիս:  Ես ողջ-առողջ եմ:  Ստացա քո լուսանկարը և ճարպը, առայժմ ոչինչ հարկավոր չէ:

Ես անհանգստանում եմ քո առողջության համար:  Բանն այն է, որ իմ կյանքում երկու երջանիկ օր է եղել:

Երբ ծնվել ես դու:

Երբ ընդունվել ես ինստիտուտ:

Սակայն երևի մոռացել ես, թէ ինչ գնով ես հասել դրան:  Դու ապագա ճարտարապետ ես: Հասունացիր, ամեն ինչ կարող է ցնդել`մարդիկ մեռնում են, չքվում, խճճվում են և նստում: Դու քսաներորդ դարի զավակ ես, կարող ես հիասթափվել, վիճել, նեղանալ և կոպտել: Թող այդպես լինի: Այստեղ քարավաններով գալիս են պատանիներ`ջեբկիրներ, լակողներ, ուռողներ, թալանչիներ՝ 10, 15, 8, 6 տարվա դատապարտված:  Այստեղ նրանք ոչ մի իրավունք չունեն, միայն սրա-նրա մատակարարն են:  Ո՞րն է քո ընտրությունը, ինչո՞ւ ես պղտորվում, երբ քո շուրջը թթվածին է, հալվա և բլիթ:  Ուղարկում եմ արդեն վեց տարի բանտում գտնվող մի տղայի նամակ. ուշադիր կարդա, դու կհասկանաս, թե ինչ պարգև է ազատությունը, ինչ է սահմանափակված տարածությունը և հարկադիր աշխատանքը:  Մի՞թե կարող էի երազել, որ վաթսուն ռուբլի աշխատավարձով ես կրտսեր հրշեջ եմ աշխատելու: Սուրե՛ն, մնաց մեկ տարի ութ ամիս: Սովորիր, սիրահարվիր, ապրիր, այցելիր ցուցահանդեսներ, տխրիր և սպասիր գեղեցիկի ու նորի:  Այդ ամենը քոնն է ու քոնը չէ:  Կարծո՞ւմ ես իմ փառքն ու անփառունակությունը հենց այնպես եմ ձեռք բերել:  Ապրել այստեղ և մտածել, որ դեռ կապրեմ`հերոսություն չէ: Վերջ:  Համբուրում եմ:

1988թ. հունվար

Ամուսնացել եմ,  երեխայի ենք սպասում: Որոշեցինք գնացքով մեկնել Թբիլիսի:  Վրաստանի մուտքի մոտ գնացքը կանգնեց, գծերի հետ ինչ-որ վթար էր, կայարանում ավտոբուսներ էին կանգնած, այստեղ հանդիպեցինք Հայֆիլմի հայտնի բեմադրող-օպերատոր Ալբերտ Յավուրյանին, որը հրավիրվել էր  Փարաջանովի նոր`«Աշուղ Ղարիբ» ֆիլմի օպերատոր: Ասաց, որ խումբը մեկնել է Ադրբեջան, Շեքի քաղաք:  Մի քանի օր Թբիլիսիում զբոսնելուց հետո որոշեցինք չհրաժարվել Փարաջանովին այցելելու մտքից և ավտոբուս նստելով՝ մեկնեցինք: Հիմա զարմանում եմ՝ ինչպե՞ս էինք այդ անինտերնետ, անհեռախոս ժամանակներում ապրում՝ չհասկանալով ուր ենք գնում, որտեղ ենք մնալու: Շեքի հասանք արդեն երեկոյան: Բարձրահարկ հյուրանոցի դռանը կինոնկարահանման ավտոբուսներ են, այստեղ հանդիպեցինք ֆիլմի նկարիչ Կարեն Դավիդովին, որի հետ բարձրացանք Փարաջանովի համարը:  Սենյակը լի էր մարդկանցով, մտնում, դուրս էին գալիս, գույնզգույն իրեր բերում, սիրամարգի փետուրներ, այդ ամենով նա հիանում էր:  Մեզ տեսնելով՝ ուրախ բացականչեց, որ Հայաստանից վեց հարյուր կիլոմետր կտրել-եկել են իր հայրենակիցները և մեկին խնդրեց մեզ հարմար գիշերատեղ գտնել:  Մի քանի ժամից մեր սենյակն էլ լցվեց հին ու նոր ծանոթներով, Ալբերտ Յավուրյանը փառահեղ կենացներ էր ասում, պատմում Շեքի անվանափոխված հայկական Նուխիի առևտրական անցյալից, շինություններից: Կեսօրին դուրս եկանք դարասկզբին կառուցված հյուրանոցից և ինչպես բացատրել էին, քայլեցինք դեպի երբեմնի խանի պալատ:

Արդեն հասկանալի դարձավ, թե որտեղ ենք գտնվում, իսկ խանի պալատը իմ տեսած՝ արևելյան ճոխությամբ առաջին կառույցն էր:  Նկարահանվում էր դրվագ, երբ հարուստ հայրը (Ռամազ Չխիկվաձե) մերժում է աղքատ աշուղին կնության տալ դստերը:  Փորձի ժամանակ Թբիլիսիից գալիս է Սոֆիկո Ճեաուրելին, Երևանից` Զավեն Սարգսյանը, Լևոն Աբրահամյանը, Արտաշես Սամուելյանը:  Փարաջանովը թողնում էր նկարահանումը, յուրաքանչյուրին ուղեկցում պալատի որմնանկարները նայելու կամ հայկական եկեղեցի ուղարկում:  Բայց շատերը մնում են հրապարակում, քանի որ ամենահետաքրքիրը շարունակ կրկնվող դուբլերն են՝ մեկը մյուսից տարբեր, հրավառության նման անսպասելի: Տեսնես ինչպե՞ս է այս ամենից ընտրելու մեկը:

 

Լուսանկարը՝ Արթուր Բախտամյանի անձնական արխիվից

📩1977թ. հուլիս

Լյուբա

 Դուք երազում եք դերասանուհի դառնալ: Ձեր արտաքին նկարագիրը հետաքրքիր է: Կարևորը ներքինն է: Այն պետք զարգացնել՝ կարողանալ ներկայացնել և՛ տխրություն, և՛ հիստերիա, և՛ ցասում:  Պետք է պատրաստվել:  Մեկնեք իմ լավ բարեկամ Դարյա Պրիստավկոյի մոտ, նա ձեզ կօգնի:  Ձեզ պետք է հղկել:  Փոխեք Ձեր ասմունքի ծրագիրը. ընտրեք Եվտուշենկո, Լաֆոնտեն, Դեմյան Բեդնի, Միկիվչուկի «Պղպեղից»:  Դուք պետք է նաև համապատասխան հագուստ կրեք, հիշեք, որ ունեք հազարավոր մրցակիցներ, բոլորը ցանկանում են իրենց տեղը գտնել բեմում, լուսարձակների տակ, նրանք դաժան են ու արյունարբու: Պետք է կերտեք ձեր երանգը, նազանքը, ուրվանկարը, տիրապետեք մարմնին:

Ուրիշ ի՞նչ խորհուրդ տամ.

Հասարակ սանրվածք:                                                              

Պարզ հագուստ (սև սվիտեր, սև-սպիտակ վանդակավոր բրդյա փեշ):

Համեստ կոշիկներ:

Գլխավորը`ինքնատիրապետում:

Աստված և Ձեր ամուսինը Ձեզ օգնական:

1989թ., Բորժոմ

Զավեն Սարգսյանը առաջարկեց մեկնել Բորժոմ, որտեղ հետվիրահատական բուժում էր ստանում Փարաջանովը: Միացավ Գարեգին Զաքոյանը, ծնունդով պոլսեցի՝ փարիզաբնակ ժուռնալիստ Րաֆֆի Հերմոն-Արաքսը, որը տեսագրելու էր: Բորժոմի մոտ գտնվող Լիկանի առողջարանը նախկինում Ռոմանովների կովկասյան ամառանոցն էր, որը կառուցել էր Լեո Բենուան, խորհրդային շրջանում անցել էր Ստալինին և հիմա Վրաստանի պաշտոնատար անձանց համար նախատեսված առողջարան էր:  Հանդիպման առաջին պահից Փարաջանովը սկսեց մեզ ցուցադրել այգին, անտառի մեջ գտնվող դղյակը, ծանոթացնել հանգստացողների հետ՝ հատուկ շեշտելով, որ Հայաստանից նշանավոր հյուրեր ունի: Խոսում էին նոր ցուցահանդեսի, Երևանում կառուցվող տան նախագծի,  Հայաստան տեղափոխելու մասին:

📩9 դեկտեմբերի 1977թ.

Սվետլանա

 

Տոնակատարությանը մնաց 9 օր:  Լրանում է իմ խիստ մեկուսացման, հոգեկան և ֆիզիկական վերաձևման քառամյակը: Դժվար է պատկերացնել այս անցած տարիները: Որքան վիշտ, որքան քնքշանք և ցավ: Անթիվ տագնապներ Ձեզ համար, քույրերիս, հանգուցյալ մորս համար:  Մնաց մեկ տարի, այն ավելի բարդ է, լի սադրանքներով:

Գալիս է Նոր տարին:  365 դաժան և երկար օր ու գիշեր:  Ժարգոնով ասած՝ «խուրդում եմ վերջին տարին»:

1978 թվականը Փարաջանովը դիմավորեց Թբիլիսիում:  Լուի Արագոնի շնորհիվ նրան վաղաժամկետ ազատեցին:

 

Վերջին շքահանդեսը

1990թ. հուլիսի 25, Երևան

Շոգ է:  Հայաստանը փոթորկվում է:  Կենտկոմի քարտուղարները ձեռնոցի նման փոխվում են ու «մարաղն են մտել»: Հեղափոխականների, ազատամարտիկների, լիբերալ-մտավորականների ու կոմիտեների ժամանակն է: Արդեն անկենդան Փարաջանովը բոլորին համախմբեց իրեն ճանապարհելու դեպի Պանթեոն, ողջ Երևանով, հետիոտն, առանց մեքենաների ու ազդանշանների:  Մահը նրան չտարավ, այլ թողեց հավերժ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *