Առաջին տողը կգրեմ աշխարհի ամենակարմիր հրապարակում, շարունակությունը` տանը․ մատներս սառչում են։
Մոսկվա 21.01.2021
Երբեք մի՛ մոռացիր
N’oubliez Jamais
Բրիտանացի մի իմաստուն իր երգում հորը հարցնում է, թե ինչու է հայրը միշտ լսում հին երգեր, երգում նույն մեղեդին․․․ դրսում ինչ֊որ բան փոխվել է, այնտեղ նոր ռիթմ կա և նոր երգ։ Հայրը պատասխանում է, որ իր կյանքում բազմիցս տեղ է գտել չարությունը, իսկ նա երբեք չի ափսոսել և ըմբոստացել է՝ պարելով իրեն հատուկ երգի տակ, որը երբեք չի մոռացել։ Հայրը որդուն ասում է․ « Երբեք մի՛ մոռացիր՝ ամեն մի սերունդ ունի իր սեփական ուղին և ուրույն մեղեդին»։
Բրիտանացին երգում է հոր և իր նմանության մասին։ Երկուսն էլ սիրում են երգել, ավելին՝ սիրում են պարել, սակայն նրանց երգերը իրենց նմանության մեջ ինքնօրինակ տարբեր են։ Նրանց դիրիժորն է ժամանակի տարբերությունը։ Իսկ մեր բախտը երգերի զանազանության հարցում չի բանել, քանի որ մենք հայ ենք։ Այսպիսով, մեր հայրերին ու որդիներին վիճակված է արդիականորեն պարել նույն երգի տակ՝ կրելով միևնույն ժամանակը։ Այնուամենայնիվ, Հովիկ Աֆյանի գործի մասին խոսելիս ինձ ուղեկցում է Քոքերի երգացանկը, և ես հարկ եմ համարում ընդգծել, որ պատրաստվում եմ խոսել ոչ այնքան ԿԱՐՄԻՐԻ, որքան Աֆյանի առաջին վեպի մասին` նվիրված նրանց, ովքեր պարել ու նկարել են պատերազմի ժամանակ։
Թեման պատերազմն է։ Առաջին իսկ տողով գրողը նախամեծարում է արվեստը` այդկերպ փախչելով մարդ լինելու ցավից։ Հեղինակն ու հերոսը տարբեր առաքելություններ են։ Ուստի զարմանալի չէ, որ վեպում հերոսներն իրար վեպեր նվիրել չեն կարող. նրանք միմյանց նվիրում են սպանության գործիքներ։ Ղեկը հանձնելով հերոսներին` հեղինակն իր ուսից գցում է հերոսանալու բեռը, իսկ կերպարներին զրկում ամրագոտուց։ Գուցե դա հեղինակի ստիպված մեծահոգությունն է, որն ուղղված է և´ իրեն, և´ պատերազմի ու գրականության միջանցքում մարդկանց ազատություն ընձեռելուն։ Չէ՞ որ գիրքը վայր է, որում մարդիկ առավել կամ նվազ չափով հորինվում են ազատ լինելու համար, իսկ պատերազմը չի դատում`սպանում է՝ մահվան հարցում մարդկանց լիակատար ազատություն շնորհելով։ Պատերազմում Աստծո և մարդու օրենքները հավասարապես խախտելու իրավունք ես ստանում։ Պատերազմը կա, որպեսզի մարդիկ կարողանան օրինական կերպով սպանել և ինքնասպանվել։
Առաջին ազնիվ զգացումը, որը կարող է հետևել գիրքն ընթերցելուց հետո, այս է՝ իսկապես սա մեր մասին էր, գրված մեզնից մեկի կողմից։ Հեղինակը չի պոկվում մի իրականությունից, որը նախևառաջ տուժում է չկրելով կենսագրական էվոլյուցիա։ Ըստ էվոլյուցիայի, թե´ լավ, թե´ վատ առաջընթացը հարկադրում է «սպանել» սեփական հայրերին, թեպետ այն չի ստիպում օտարանալ հորից։ Պատերազմը ընդհատում է ցանկացած օրինաչափություն` միաժամանակ սպանելով երկուսին էլ, մինչև իսկ ստիպում որդուն սպանել հորը՝ ուրիշի զենքով։
Կոնֆլիկտների առանցքային թիրախը, իհարկե, ընտանիքն է։ Կերպարները մի տուն֊հայրենիքի զավակներ են, որոնք իրար գիտեն, բայց չեն ճանաչում։ Թվում է` պատերազմները գալիս են դրսից։ Այստեղ պատերազմի թատերգակը տունն է, որի ներսում միշտ կռիվ կա, իսկ դրսում՝ մահ և ազատություն։ Առօրյայում, նրանք նախապես տանուլ են տալիս կյանքը, հետո անցնում տանուլ տալուն պատերազմում մարդու կողմից հորինված ամենավուլգար բարոյախոսությամբ, այն է՝ հայրենիքը որդուց շատ սիրել։ Կորցնելով ապրելու եզակի ինքնությունը` մարդը դեմ է գնում կյանքին և ներսից վազում դուրս՝ պատրանքացրիվ մահվան։ Հայրենիքը պետք է ապրի, բայց որդիների մահվան պայմաններում դա կազմակերպելը անհնար է։ Գործում պարզ երևում է՝ մենք սովոր ենք սպանել որդիներին տանը, հետո ուղարկել նրանց զոհվելու պատերազմում։
Կերպարները զարմանալիորեն ձեռնարձակ են։ Նրանք կամային են, թե՛ իրենց չարության մեջ, և թե՛ համարյա՝ բարության։ Այստեղ լրիվ բարի մարդ չկա և դրանում էլ վեպի առավելությունն է։ Դա լավ է գրականության համար, բայց ոչ ընթերցողի, ով պետք է գործից հաճույք չակնկալի։ Այն դառն է։ Պատմությունները ծակում են գիտակցությունդ, մեխվում առանց այն էլ բջիջներիդ մեջ թարմ հիշողությունների վրա։ Մեկ անգամ կարդալն էլ բավական է գիրքը չմոռանալու համար։ Եղելությունը կուլ է տալիս գեղարվեստականությանը, սակայն գիրքը կարդալ պետք է։ Աֆյանի առաջին վեպը ահազանգ է արվեստի ու սիրո փրկության համար։ Պատկերների դինամիկան պատմում է մարդկային զգացումների սկզբի և եզրափակչի մասին` արհամարհելով պարզորակ ապրումները։ Կարելի է հասկանալ ու հարգել գրողի հայեցակետը, չմանրանալ հերոսների անցած ճանապարհների, երջանկությունների մեջ, այսինքն՝ չթարգմանել կանաչը։ Խաղաղության և պատերազմի ժամանակ սերը մեծագույն ըմբոստությունն է։ Վեպում սերը բացակա է, ինչը թույլ չի տալիս խորհրդածել դավաճանության մասին։ Սակայն սիրո բացակայության պայմաններում ալեգորիաները կենդանանում են, և ինչպես վկայում է սովորությունը՝ երկնային արքայությունը պատկանում է միայն մանուկներին։ Նրանք գիտեն` ինչ է սերը, և քանի որ այն կորսված է մեծ աշխարհում (կամ՝ մեծերի), նրանք սերը գտնում են միամտաբար, կարծես պատրաստ են անգամ վճարել դրա համար։ Անշուշտ, գինը թանկ արժե, և մեծ աշխարհը հիշեցնում է, որ հենց երկնային արքայությունն է պատկանում նրանց․․․․ ոչ ավել։ Մեծերն էլ իրենց հերթին ապրելու են կենցաղային ողբի նոպաներ։
Վեպը պատերազմի մասին է, սակայն նվիրված չէ պատերազմին, առավելևս նվիրված չէ նրանց, ովքեր նվերների կարիք այլևս չունեն։ Տարօրինակ կլիներ, եթե գրականությունը սկսեր մեդալներ բաժանել։ Աֆյանի առաջին վեպը այն արվեստի մասին է, որը կարելի է դեռ փրկել։ Տվյալ դեպքում դա ո´չ պարն է, ո´չ էլ նկարչությունը, այլ հենց «Կարմիր»֊ը, ավելի ճիշտ՝ «Կարմիր»-ից հետոն։ Հեղինակը ո´չ անցյալում է, ո´չ ներկայում, նա անգամ վեպում չկա, որտեղ պատերազմի հետևանքով արվեստը ինքնասպանվում է։ Գրքում պատկերված հիվանդ հասարակությանն արվեստը գալիս է ոչ այնքան սփոփելու, որքան անհատին օգնության հասնելու համար, որպեսզի նա ինչ֊որ կերպ մասնակիցը դառնա սեփական մահվան։ Իսկ ինչ է կատարվում գրականությունից դուրս։ Այսօր սեփական մահով մեռնելը գրեթե անհնար է, հատկապես ապրելու ընթացքում։ Այն պահից ի վեր, երբ տեսանկյունով քչփչալը սկսեց դիտվել որպես ազատության դեմո տարբերակ, ըստ էության` գերագույն ձև, արվեստագետը կամա֊ակամա դարձավ սովորական քաղաքացի, իսկ սովորական քաղաքացուն ազատության համար միայն կարծիք ունենալը արդեն հերիք է։
Մերօրյա քաղաքակրթությունն իր ձևը փոխ է առել ֆուտբոլից։ Թույլ կտամ ինձ տրվել մետաֆորայի դյութանքին և կասեմ, որ մենք լեփ-լեցուն ստադիոնում էինք։ Արնաքամ «ֆուտբոլային» մարտերի ընթացքում առավել քան հասկանալի դարձավ երկրպագուների վայրագ ու համառ կերպարանքը, նախևառաջ անբռնազբոսությունը` լիարժեքորեն տրվելու իրեն սահմանված ազատությանը, որը սկսվում է միահամուռ գոռոցներով և ավարտվում ոգու պարտությամբ։ Խաղի կանոները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նույնն են։ Բացատրելի է դառնում նաև պատերազմի ու ֆուտբոլի չքողարկված նմանությունը։ Երկու դեպքում էլ պարտությունը հիասթափեցնում է երկրպագուներին` նրանց, ովքեր առանց մեռնելու ռիսկի ողջ մնացին։ Այժմ նրանք մեռել են դատարկությունից, կամ էլ շարունակում են անել դա` չենթադրելով։
Ի վերջո, ի՞նչ կզգան նրանք, երբ մարտից հետո տեսնեն կարմրած կանաչի վրայով դեպի խաղադաշտի կենտրոնը քայլողին, ում ձեռքում սև կազմով գիրք կա։ Համատեքստում այդ մարդը հենց Աֆյանն է, ով հնարավոր է ընդունեց, որ գժվելու ժամանակներն արդեն ավարտվել են։ Հասնելով խաղադաշտի կենտրոն, ձեռքը հպեց սպիտակ շրջանին ու արյուն գտավ, որով ներկեց կազմն ու ցուցադրաբար պարզեց մարդկանց։ «Կարմիր» ֊ը տասներկուերորդ խաղացողի համար է, բայց նվիրված է պատերազմում պարողներին ու նկարողներին։
Ուրեմն խոսքն այն մասին է, որ նվերներն ինչ֊որ հրաշքով պետք է փրկեն հասցեատերերին։ Ափսոս, կյանքը մեզ չի տալիս այլընտրանք. գրել նրանց համար, ովքեր այլևս չկան։ Ի՞նչ է տալու այս գիրքը նախկին երկրպագուներին՝ հասարակությանը, որը թույլ չի տալիս մահվան մեջ ինքնուրույն մնալ։ Վերջապես, գուցե հարկ կա անդրադառնալ անհրաժեշտության խնդրին։ Թեթևսոլիկության ու կոչերի փոխարեն կա գրականություն և մի ուրիշ բան, ինչն իսկական արվեստագետին ուղղորդում է առաքելության՝ մարդուն ազատելու քարոզչության տառապանքներից ու վերադարձնելու սեփական մահով մեռնելու երանությանը։ Տոտալ իրարամերժման մեջ, այս գրականության վերևում գրված է նվեր բառը։ Արդյո՞ք կարդալուց հետո մարդկանց մեջ կարթնանա նորովի պարելու և նկարելու ցանկությունը, թե՞ կպատրաստի նրանց հաջորդ պատերազմին, երբ ժամանակները նորից գժվելու դառնան։
Տեսնես մարդիկ գրում են, որ պատերա՞զմ լինի, թե՞ գրականությունը կա, որ մարդիկ հիշեն սերը։ Իսկ սիրուց բացի ուրիշ ի՞նչ է նվիրում կյանքը մարդուն, երբ պատերազմը գալիս է հետ առնելու նվերները, կամ այսպես ասած՝ գնելու դրանք։
Մարդիկ։ Պատերազմի ժամանակ մարդիկ վճարում են, բայց պատերազմը վճարում է նույնպես` որպես ներդրում ապագային, այնտեղ ևս կրկնվելու համար։ Պե՞տք է արդյոք զբաղվել պատերազմի հետ առևտրով, թե՞ փակել պատերազմի առջև դուռը, որպեսզի նրանք, ովքեր սիրում են նկարել ՝ չայրեն իրենց գործերը, իսկ պարողները չմահանան հոգնությունից։ Աֆյանի սիրած բառը «առաջ»-ն է, իսկ անգլիացի իմաստունը սիրում էր ծնողներին հարցեր ուղղել․
Մայր, ինչու՞ ես պարում
այդ նույն հին երգի տակ
Ինչու՞ ես երգում լոկ ներդաշնակությունը
Դրսում ինչ֊որ բան է կատարվում
այնտեղ նոր ռիթմ կա
և նոր երգ
Մայրը պատասխանում է՝
In my heart there’s a young girl’s passion
For a life long duet
Someday soon
Someone’s smile will haunt you
So sing your own song and never forget
Աֆյանը սիրում է նաև, որ գիրքը սկսի Քոքերն ու պարող Ford֊ը և ավարտի մեկ այլ բալագույն ավտոբուսը, որը գնում է դանդաղ և կրկին պարում է։ Ես էլ եմ սիրում Քոքերին, և քո թույլտվությամբ, եղբայր, այս բառերի հետ նույն եղանակով կլսեմ նրան։ Տեքստերը պարելու կարողություն ունեն։
N’oubliez jamais
I heard my father say
Every generation has it’s way
A need to disobey
Սեփական ուղու մեջ իմաստ փնտրողները, լինեն նրանք Լոնդոնի սրճարաններում, Երևանի գիշերներում, Մոսկվայում մրսելիս, կամ երջանկահովիտի ավերակում թեյելիս, կհասկանան, որ գրագետ գժվելու միակ միջոցը հենց պարն է և պարտադիր չէ վերջում հաշիվը փակելու համար գրպանից հանել մահը, իսկ իմաստը կարելի է ամփոփել պարը չմոռանալով։ Ի վերջո մենք պարում ենք, որպեսզի չմոռանանք ապրել։
Նվիրվում է նրան, ով գրում էր պատերազմի ժամանակ։
Առաջին տողը կգրեմ աշխարհի ամենակարմիր հրապարակում, շարունակությունը` տանը․ մատներս սառչում են։
Մոսկվա 21.01.2021
Երբեք մի՛ մոռացիր
N’oubliez Jamais
Բրիտանացի մի իմաստուն իր երգում հորը հարցնում է, թե ինչու է հայրը միշտ լսում հին երգեր, երգում նույն մեղեդին․․․ դրսում ինչ֊որ բան փոխվել է, այնտեղ նոր ռիթմ կա և նոր երգ։ Հայրը պատասխանում է, որ իր կյանքում բազմիցս տեղ է գտել չարությունը, իսկ նա երբեք չի ափսոսել և ըմբոստացել է՝ պարելով իրեն հատուկ երգի տակ, որը երբեք չի մոռացել։ Հայրը որդուն ասում է․ «Երբեք մի՛ մոռացիր՝ ամեն մի սերունդ ունի իր սեփական ուղին և ուրույն մեղեդին»։ Բրիտանացին երգում է հոր և իր նմանության մասին։ Երկուսն էլ սիրում են երգել, ավելին՝ սիրում են պարել, սակայն նրանց երգերը իրենց նմանության մեջ ինքնօրինակ տարբեր են։ Նրանց դիրիժորն է ժամանակի տարբերությունը։ Իսկ մեր բախտը երգերի զանազանության հարցում չի բանել, քանի որ մենք հայ ենք։ Այսպիսով, մեր հայրերին ու որդիներին վիճակված է արդիականորեն պարել նույն երգի տակ՝ կրելով միևնույն ժամանակը։ Այնուամենայնիվ, Հովիկ Աֆյանի գործի մասին խոսելիս ինձ ուղեկցում է Քոքերի երգացանկը, և ես հարկ եմ համարում ընդգծել, որ պատրաստվում եմ խոսել ոչ այնքան ԿԱՐՄԻՐԻ, որքան Աֆյանի առաջին վեպի մասին` նվիրված նրանց, ովքեր պարել ու նկարել են պատերազմի ժամանակ։
Թեման պատերազմն է։ Առաջին իսկ տողով գրողը նախամեծարում է արվեստը` այդկերպ փախչելով մարդ լինելու ցավից։ Հեղինակն ու հերոսը տարբեր առաքելություններ են։ Ուստի զարմանալի չէ, որ վեպում հերոսներն իրար վեպեր նվիրել չեն կարող. նրանք միմյանց նվիրում են սպանության գործիքներ։ Ղեկը հանձնելով հերոսներին` հեղինակն իր ուսից գցում է հերոսանալու բեռը, իսկ կերպարներին զրկում ամրագոտուց ։Գուցե դա հեղինակի ստիպված մեծահոգությունն է, որն ուղղված է և´ իրեն, և´ պատերազմի ու գրականության միջանցքում մարդկանց ազատություն ընձեռելուն։ Չէ՞ որ գիրքը վայր է, որում մարդիկ առավել կամ նվազ չափով հորինվում են ազատ լինելու համար, իսկ պատերազմը չի դատում`սպանում է՝ մահվան հարցում մարդկանց լիակատար ազատություն շնորհելով։ Պատերազմում Աստծո և մարդու օրենքները հավասարապես խախտելու իրավունք ես ստանում։ Պատերազմը կա, որպեսզի մարդիկ կարողանան օրինական կերպով սպանել և ինքնասպանվել։