Արմեն Սարգսյան | Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպը

Հոմերոսը, Բերիան և Թովմա Աքվինացին

Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպը բացվում է Հոմերոսի «Ոդիսական» պոեմից առնված հատվածով․

Պատասխանեց նրան այնժամ և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Իշխանազոր դու Ալկինոոս, որ գերհռչակ ես մարդկանց մեջ և անվանի,
Որքա՜ն, այո, հաճելի է այժմ ինձ համար երգը լսել վեհ երգիչի,
Որպիսին է սա իսկապես, որն իր ձայնով աստվածներին է նմանվում։

Սա միանգամից հասկանալ է տալիս, որ հեղինակի պերֆորմատիստական* վեպը, որ փորձ է հաղթահարելու ոչ միայն պոստմոդեռնիստական գրականությանը բնորոշ հարցերը, այլև իննսունականներից հետոյի քաոտիկ ժամանակները, որքան էլ ազգային-տեղային, այնուհանդերձ ուսումնասիրելու է ընդհանուր խնդիրներ։ Այսինքն՝ Ոդիսևոսը և այս գիրքն ունեն պատմության իմաստի որոնման, կյանքի մարտահրավերները քննելու, մարդկային ոգու պարտությունն ու հաղթանակը դիտարկելու զուգահեռներ: Դրանք կապող ձայներ են մշակույթների և սերունդների միջև:

Այս արձագանքները կարող ենք գտնել ամբողջ համաշխարհային գրականության մեջ, այդ թվում՝ Ջոյսի «Ուլիսես», Աթվուդի «Պենելոպեական», Կազանձակիսի «Ոդիսականի մերօրյա շարունակությունը», Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում», Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի», Տերյանի «Որպես Լաերտի որդին․․․» և հարյուրավոր այլ գործեր։

Թվածս բոլոր գործերն ունեն հղումների և ինտերտեքստի ընդհանրություններ։ Իսկ ի՞նչ պատմական երես ունի Նորայրի ընտրած բնաբանը։

«Ոդիսական»-ը ոչ միայն գրական գլուխգործոց է, այլև դիախրոնիկ-համեմատական փորձաքար: «Հանրապետություններից երրորդը» գրքում կիսաիրական շատ կերպարներ մշակութային-սոցիալական մեկնաբանություններ են, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են միֆերը շարունակում ձևավորել ժամանակակից հասարակությունն ու գրականությունը: Գրքում կան ֆանտաստիկ արարածներ, էպիկական որոնումներ և բարդ կերպարներ, որոնք ցատկահարթակ-գրատախտակ են Հայաստանի ժամանակակից պատմությունը արձանագրելու։

«Ոդիսական»-ի և Նորայրի տեքստի կերպարներն ունեն նաև մեկնողական ճկունություն։ Առաջինը բազմապրոֆիլ տեքստ է՝ ուզածդ տողատակերով և իմաստային շերտերով, մյուսը՝ դրանց երևակումների ցուցադրություն է մեր ժամանակներում։

«Վերադառնամ սկզբին, գնամ դեպի արմատներս, կենտրոնանամ գոնե․․․»,- գրում է հեղինակը՝ փորձելով հասկանալ՝ որտեղից է սկիզբ առնում այն ամենը, ինչի հանգույցը գուցե երևում է, բայց թելերը՝ ոչ երբեք։ Հոմերոսի մասին մենք ստույգ ոչինչ չգիտենք։ Նա եղե՞լ է, չի՞ եղել, կո՞ւյր էր․․․ Ինչպես և մեր ժամանակներն ու մարդիկ․ ունե՞նք տեսողունակություն, իրականության զգացողությունը բնորո՞շ է ժամանակակից մարդուն։

Եթե Ոդիսևոսը «վերագրվում է» Հոմերոսին, ապա Պետրոսը, Թովմա Մեծոփեցին, Գնդապետը և մյուսները որքանո՞վ կապ ունեն մեր ժամանակների, հետևաբար և վավերագրողի՝ Նորայրի հետ։ Եթե մեր կյանքը կոլեկտիվ գրականություն է, գուցե այս մարդիկ էլ հենց ժամանակակից պատմիչնե՞րն են։ Թե՞ պատմիչ չի կարելի ասել հիմա։ Իսկ գրառողնե՞ր, վավերագրողնե՞ր, արձանագրողնե՞ր։

Վեպը գրված է Լավրենտի Բերիայի՝ Ստալինի օրոք Խորհրդային Միության առանցքային դեմքի «պատվերով»։ Ի՞նչ կապ և զուգահեռներ ունեն հին հույն բանաստեղծ Հոմերոսը և Բերիան։ Առաջին հայացքից ոչ մի։ Այնուամենայնիվ, կարելի է գտնել մեկ հնարավոր առնչություն, թե ինչպես են նրանք հիշատակվում կամ ակնարկվում իշխանության, մարդկանց կառավարելու թեմաներն ուսումնասիրող գրականության մեջ: Իսկ ի՞նչ է Նորայրի վեպը այդ շարքում, եթե ոչ հետխորհրդային իրականության քարտեզագրում, որտեղ կան իշխանությունները և մարդիկ, գնդապետներն ու զինվորները, պատմիչներն ու պատմողները։ Եվ, իհարկե, Թովմա Մեծոփեցին, որը գրքում հայ եկեղեցու ալեգորիան է։

Նորայրը գրքում ֆլեշբեքերի միջոցով հայացք է գցում Խորհրդային Միությանը՝ որպես տոտալիտար ռեժիմի, գնում Բերիայի ժամանակներ, ցույց տալիս ապրելու անհնարինությունը թոշակառու պաշտոնյայի կերպարով, մահապատժի դատապարտված Բակունցի մաշկով, հետո հասնում իր ապրած ժամանակներին, որ ոչ հեռավոր երկուհազարականներն են՝ չարաշահումներ, քաոս, նոր դերաբաշխումներ։

Բերիա և Հոմերոս։ Պատմություն և առասպելականություն։ Խորհրդային Հայաստան և Հին Հունաստան։ Եվ հետո միայն՝ նորօրյա Հայաստան։ Պաթոսազերծում։ «Հանրապետություններից երրորդը» վեպում հեղինակը ավտորիտար հակումներ ունեցող անողոք կերպարի՝ Բերիայի «խաղը» օգտագործում է՝ ընդգծելու համար իրական աշխարհի բռնակալությունը։ Միաժամանակ հենվելով Հոմերոսի էպոսների թեմաների և կերպարների վրա՝ վերհանում է հասարակության պայքարները գոյի իրավունքի համար։ Մարդը մարդու դեմ։ Մարդը բնության դեմ։ Մարդը՝ միշտ ընդդեմ։

Ե՛վ մեր ժամանակները, և՛ Հոմերոսի հերոսները, և՛ Բերիան դիմում են դաժանության, բռնության, ներգործումների։ Մանիպուլացնում են բոլորը՝ աստվածները, կիսաստվածները, առասպելական հերոսները, բռնակալները, իշխանությունները։ Մանիպուլացնողները փոխվում են։ Մանիպուլացվողները՝ երբեք։ Միշտ մենք ենք՝ մարդիկ։ Եվ այս բոլոր կերպարները, որ բռնել են իրականության և բարոյականության ծայրերից, քաշքշում են, խարխլում ամեն բան՝ գցելով Նորայրի հերոսներին դավաճանության, խաբեության և քաղաքական ինտրիգների անխուսափելի ոլորանների մեջ։

Ահա հսկող և հսկվող, ծառայեցնող և ծառայող։ Մենք և Հոմերոսի կերպարները խաբեության ենք դիմում անձնական կամ քաղաքական շահի համար: Նորայրը մերկացնում է քաղաքական ինտրիգների հավերժական բնույթը և այն ուղիները, որոնցով իշխանությունը կառավարման ընթացքում ապականում է անհատներին և հասարակություններին, նա պատկերացումներ է տալիս հնագույն առասպելների հարատև արդիականության, աստվածաշնչյան անուններ ունեցող հերոսների վերաբերյալ՝ օգնելով հասկանալ ժամանակակից սոցիալական և քաղաքական շատ իրողություններ:

Կրկին հետադարձ անդրադարձումների տեխնիկա։ Այս անգամ հետ ցատկ դեպի 13-րդ դար: Մեզ սպասում է Թովմա Աքվինացին։ Այստեղ նա եկեղեցու կերպարն է պատմության ընթացքում։ Բայց Աքվինացին հասարակ եկեղեցական չէ. աստվածաբան է, որը մշակել է իշխանության երեք տեսություն։ Առաջինն «էություն»-ն է՝ գերիշխելու և ենթարկվելու հարաբերությունները, որոնք անփոփոխ հաստատել է Աստված։ Մյուսը «ձևը կամ ծագում»-ն է, որը սահմանում է իշխանության կառուցվածքը: Եվ երրորդը «կիրարկում»-ն է, որը քննում է իշխանության կենսագործման եղանակները։

Աքվինացու պայքարը իշխանության օգտագործման դեմ է, ոչ թե էության, որովհետև «էությունը միշտ աստվածային է»։ Աքվինացին կարդացել է Հոմերոսին, բնականաբար չի հանդիպել Բերիային, չի տեսել հայկական երրորդ հանրապետությունը, բայց առաջ է քաշում դիմադրություն ցույց տալու վաղնջական իրավունքը, եթե իշխանությունները վերազանցում են իրենց դիրքը։

Նորայրը արձանագրում է, որ հնում և՛ լավ էր, և՛ վատ։ Բայց կար մի ժամանակ, երբ հզոր երկիր ունեինք։ Այս մասին գրքում փաստում են պատմության ուսուցիչ ընկեր Օհանյանի ոչ հաջող դասերը։ Այն Օհանյանի, որը Լենինգրադ էր գնում տարին մեկ անգամ՝ վերապատրաստման։ Հայոց պատմության ուսուցչի լենինգրադյան վերապատրաստումները ևս հղումներ են, որոնց մասին կարող եք գլխի ընկնել։ Հայաստանի հաղթական, բայց անհետ կորսված անցյալի ծանոթագրումը Նորայրը ընդգծում Տերյանի տողերով․

Որպես Լաերտի որդին, որպես
Ուլիս մի, թողած և հող, և տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

Պատմության սլացքը հեղինակը համեմատում է կլիմայի գլոբալ փոփոխության հետ, թվում է՝ չենք կարողանում հարմարվել դրանց՝ «ձնհալի՞ն» գուցե։ Չգիտե՞նք՝ ինչ անել մեր ազատությունը․․․ Շարունակում է գրողը․ «Համաշխարհային օվկիանոսի ջրերը բարձրացան»։ Պատմությա՞ն ջրերը բարձրացան։

Վեպի «Գնդապետը» մասը սկսում է Հուրայի «Լաց մի՛ եղիր կնոջ նման այն բանի համար, ինչը չես կարողացել պաշտպանել տղամարդու նման» բնաբանով։ Շատ բազմիմաստ երկտող։ Այնուհանդերձ, ո՛չ այստեղ: Որովհետև ակնհայտ է՝ պատմությունը ներկայացված է որպես բաց թողնված հնարավորություն։ Անկախության տարիները՝ բաց թողնված հնարավորություն: Վախ անկախության կորստի։ Հիշեցի Խաչատուր Աբովյանի մի քառատող, որ դարձյալ նույն հղումն ունի․

Անի՛, Անի՛, ա՜խ՝ Անի,
Քանդողիդ տունն քանդվի,
Քեզ որ ազգը չպահեց,
Մեկ լաց ընող ի՞նչ անի:

Պերֆորմատիզմը տարժամանակյա մոտեցմամբ հնարավոր է դարձնում մշակութային ֆորմացիաների հերթափոխի և պատմությունը դարաշրջանների բաժանելու իմաստավորումը։ Նորայրը բաժանում է այդ ժամանակները և միավորում։ Ամեն դեպքում արդյունքը «Հանրապետություններից երրորդը» վեպն է։

Ի դեպ, գրքում հեղինակի խորհրդատուն Երվանդն է, որը հորդորում է վեպը «ճամփել» հրատարակության։ Իսկ ո՞վ է Երվանդը։ Գուցե Հոմերո՞սը։

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *