Էնհեդուաննա | Ի փառաբանումն Ինաննայի

ԷՆՀԵԴՈՒԱՆՆԱՆ (շում․𒂗𒃶𒌌𒀭𒈾 – Էն-Հեդու-Աննա – «երկնքի աստծո ազնվագույն զարդ» կամ «Երկնքի առատության քրմուհի», մոտ 2285-2250 թթ․) աշխարհում թե՛ առաջին կին բանաստեղծուհին է, թե՛ առաջինը, ում ստեղծագործությունները հայտնի են անվանականորեն (թեպետ չի բացառվում, որ դա նրա մականունն է, որով այժմ հայտնի է)։ Ենթադրվում է, որ Էնհեդուաննան Սարգոն Աքքադացու (մ․թ․ա․ մոտ 2316-2261) և Թաշլուլթու թագուհու դուստրն է, Ուր քաղաքի Ինաննա աստվածուհու և Նաննա աստծո քրմուհին։ Հատկապես հայտնի է նրա «Ի փառաբանումն Ինաննայի (nin me šara)» տեքստը (հայտնի են նաև Էնհեդուաննայի հիմները)։
Տեքստը թարգմանել եմ Ա․ Բարնսթոնի և ՈՒ․ Բարնսթոնի կազմած ժողովածուից՝ պահպանելով նաև տեքստի նրանց ենթաբաժանումները՝ փոքրիկ շտկումներով (Aliki Barnstone & Willis Barnstone (Eds.), Women Poets from Antiquity to Now: Selections from the World Over, 2 nd ed., New York: Schoken Books, 1992. 1-7.)

 

Ինաննան և Աստվածային ՄԵ-երը

Տիրուհի՛ բոլոր ՄԵ-երի, լո՛ւյս համակ,
Շողշողանքով զուգված արդարադատ Տիկի՛ն,
Երկնքի ու երկրի սիրելի,
Անի տաճարային զուգընկեր։
Դու կրում ես զարդեր սքանչելի,
Գերագույն քրմի տիարան ես ցանկանում Դու,
Որի ձեռքում են են յոթ ՄԵ-երը։
Օ՜, Տիրուհի՛, պահապան բոլոր սքանչելի ՄԵ-երի,
Որոնք ժողովել և կախ ես տվել ձեռքերիցդ։
Սուրբ ՄԵ-երն ես Դու հավաքել և
Ամրացրել քո կրծքին։

 

Ինաննան ու Անը

Հանց վիշապ՝ թույնով ես լցրել երկիրը
Հանց ամպրոպ, երբ որոտում ես աշխարհի վրա,
Ծառ ու ծաղկունք թափվում են Քո առաջ։
Դու հեղեղ՝ լեռներից գահավիժող․-
Օ՜, Նախաստեղծ։
Լուսնի աստվածուհի Ինաննա՝ երկնային և երկրային,
Քո հուրը սփռվում և թափվում է մեր ժողովրդի վրա,
[Օ՜], գազանին հեծած Տիրուհի՛։
Անը քեզ որակներ է տալիս, հրամաններ սրբազան,
և վճռում ես դու։
Դու մասնակցում ես մեր բոլոր սքանչելի ծեսերին։
Ո՞վ կարող է հասկանալ Քեզ։

 

Ինաննան և Էնլիլը

Փոթորիկները քեզ թևեր են փոխ տալիս, երկրների՛ կործանիչ։
Դու Էնլիլի սիրելի, որ թևում ես մեր ժողովրդի վերևում։
Դու, որ Անի վճիռներին ես ծառայում։
Օ՜, իմ Տիրուհի, լսելով ձայնը Քո՝
Խոնարհվում են բլուրներն ու դաշտավայրերը։
Երբ Քեզ մոտ ենք գալիս՝
Սարսափով, սարսռալով Քո բուռն պայծառ լույսից,
Արդարություն ենք մենք ստանում։
Մենք երգում ենք, ողբում և կոծում ենք Քո առջև,
Եվ Քեզ գալիս կածանով
Հառաչանքների վիթխարի տնից։

 

Ինաննան և Իշկուրը

Դու ամեն ինչ ցած ես տապալում կռվում։
Օ՜, իմ Տիրուհի, քո թևերին
Դու հատում ես երկիրը և գրոհում ծպտված
Հանց գրոհող փոթորիկ։
Որոտում և շարունակ թնդում ես և
փռնչում չար քամիներով։
Քո ոտքերը լեցուն են անհանգստությամբ։

Քո հառաչների քնարին
Ես քո հոգեհանգիստն եմ կրում։

 

Ինաննան ու Անուննան

Օ՜, իմ Տիրուհի՝ Անուննա, սքանչելի աստվածներ,
Հանց չղջիկներ՝ թպրտում են Քո առջև՝
Թռչում են ժայռերի մեջ։
Քաջություն չունեն նրանք քայլելու
Քո սարսափազդու հայացքի ներքո․
Ո՞վ կարող է սանձել Քո անզուսպ սիրտը,
Եթե ոչ աստված։
Քո չարակամ սիրտը չափ չունի,
Տիրուհի, քաշում ես սանձը գազանների,
Երջանիկ ես մեզ դարձնում։
Քո ցասումը չափազանց է,
Օ՜, ավագ դուստր Սուենի։
Ո՞վ է երբևէ ժխտել մեծարումը Քո,
Տիրուհի, գերագույնիդ երկրի վրա։

 

Ինաննան և Էբիհը

Լեռան վրա, ուր չես խոնարհվում,
Անիծված է բուսականությունը։
Դու դրա վիթխարի մուտքը մոխիր ես դարձրել։
Քեզ համար գետերով արյուն է բարձրանում,
Եվ մարդիկ խմելու ոչինչ չունեն։
Լեռների զորքը Քեզ գերի է հանձնվում ինքնակամ,
Առողջ երիտասարդները շքերթ են անում քո առջև կամավոր,
Պարող քաղաքը լեցուն է փոթորկով․
Երիտասարդներին գերի է քշում դեպի Քեզ։

 

Ինաննան և Ուրուկ քաղաքը

Դու ասացիր քո սրբազան հրամանը քաղաքի մասին,
Որը չհայտարարեց․ «Քոնն է այս երկիրը»,
Որը չհայտարարեց․ «Սա քո հայրն է և ծնողը քո»,
Եվ փակեցիր Դու ճամփան դեպի քեզ․
Դու ոտքդ բարձրացրեցիր և թողեցիր նրանց
Ամբարները պտղաբերության։
Քաղաքի կանայք իրենց տղամարդկանց հետ
Էլ չեն խոսում սիրո մասին,
Գիշերը սիրով չեն զբաղվում նրանք։
Նրանք էլ մերկ չեն նրանց առջև.
Բացահայտելով գանձերը մտերմիկ՝ Սուենի սքանչելի աղջիկը,
Պոռթկուն վայրի կով, գերագույն Տիրուհի, որ հմայում է Անին,
Ո՞վ չի համարձակվի երկրպագել Քեզ։

 

Արտաքսում Ուրից

Դու խնդրեցիր մտնել տաճար՝ Գիպարու,
Եվ ներս մտա ես՝ Էնհիդուաննան՝ գերագույն քրմուհիս։
Ծիսական զամբյուղն էի կրում և երգում Քո գովքը,
Իսկ այժմ բորոտների մեջ եմ վտարված․
Ես անգամ չեմ կարող ապրել Քեզ հետ։
Ստվերներն են մոտենում օրվա լույսին,
և խավարում է շուրջբոլորս լույսը։
Ստվերներն են մոտենում օրալույսին՝
Ծածկելով օրն ավազամրրիկով։
Իմ մեղրաբերանը հանկարծ շփոթվեց,
Իմ գեղեցիկ դեմքը փոշիացավ։

 

Դիմում Լուսնի աստված Նաննա-Սուենին

Օ՜, Սուեն, ինձ համար ոչինչ է նվաճող Լուգալաննը։
Այսպես ասա Անին ․ «Թող ազատի ինձ Անը»։
Եթե դու միայն ասես Անին․
«ՀԻՄԱ՛»,
կազատի ինձ Անը։
Այս կինը՝ Ինաննան, կխլի տղամարդկությունը
Լուգալաննի։
Լեռ ու վեղար փռված են նրա ոտքերի առջև։
Հզոր է կինն այս, ինչպես և նա։
Նա քաղաքին կստիպի վտարել նրան,
Անշուշտ, նա կմոռանա իր ցասումն առ ինձ։
Թո՛ւյլ տուր, Էնհիդուա՛ննա, աղոթեմ նրան․
Հանց քաղցր ըմպելիք, թո՛ւյլ տուր ազատորեն ողբալ սուրբ Ինաննային,
Թո՛ւյլ տուր կանչել նրան։

 

Լուգալաննի հանցանքները

Ես չեմ կարողանում խաղաղեցնել Աշիմբաբարրին, Լուսնի աստված Անին,
Զի Լուգալաննը ներս մտավ և փոխեց ծեսերը սուրբ Անի։
Նա զրկեց Անին իր Էաննայի տաճարից։
Նա երեբք երկյուղածությամբ չի քայլել Ան արքայի առջև։
Այս սրբավայրը անհաղթահարելիորեն գրավիչ է։
Նա կործանեց այդ տաճարը։
Նա քեզ մոտ եկավ, Ինաննա, իբրև ընկեր, որ գայթակղի քեզ,
Ինչպես գայթակղեց իր եղբոր կնոջը։
Օ՜, իմ սուրբ, բուռն, վայրի կով և Լուսնի աստվածուհի,
Դո՛ւրս նետիր այս միանձնուհուն քաղաքից և գրերեվարի՛ր Լուգալաննին։

 

Ուրուկի անիծումը

Ի՞նչ եմ ես ճաշասենյակում
և ննջարանում։
Ի՞նչ եմ ես այժմ։
Այդ Ուրուկ քաղաքը նենգ խռովարար է դարձել
Ընդդեմ քո աստծո։
Ա՛ն, ստիպի՛ր հանձնվել։ Կիսի՛ր այն երկու մասի։
Թո՛ղ Էնլիլն անիծի այն։
Թո՛ղ նրա նվնվացող երեխան գնա առանց
փայփայող մոր։
Օ՜, Տիրուհի՛, ողբի տավիղը թշնամական ափին է՝
Ժայռերի վրայով քարշ եկած։
Երբ քաղաքի մարդիկ լսեն իմ երգը սրբազան,
Նրանք պատրաստ կլինեն մեռնելու։

 

Լուսնի աստված Նաննայի դատապարտումը

Ինչ վերաբերում է ինձ, իմ Նաննան անտեսում է ինձ։
Նա ինձ կործանման հասցրեց՝
Սպանության ծառուղիներ։
Աշիմբաբբորն ինձ սխալ չի դատել։
Թեկուզ դատել է, ի՞նձ ինչ։
Թեկուզ դատել է, ի՞նձ ինչ։
Ես Էնհեդուաննան եմ։
Հաղթական էի ես, փառավոր,
Բայց նա վտարեց ինձ իմ տաճարից։
Նա ստիպեց ինձ փախչել, հանց ծիծեռնակը պատուհանից։
Իմ կյանքը բոցերի մեջ է։
Նա ստիպեց ինձ անցնել քարամոշերի միջով։
Նա զրկեց ինձ թագից գերագույն քրմուհու։
Նա ինձ դաշույն և սուր տվեց ու ասաց․
«Ուղղի՛ր դրանք քո մարմնին․
Քեզ համար են ստեղծված»։

 

Էնհիդուաննայի վերականգնում

Գահասենյակի առաջին Տիկինը
Ընդունեց Էնհեդուաննայի երգը։
Ինաննան նրան սիրում է կրկին։
Օրն Էնհեդուաննայի համար բարի էր,
Զի նա զգեստավորված էր թանկարժեք քարերով։
Նա կանացի գեղեցկությամբ էր զգեստավորված։
Հանց Լուսնի առաջին շողերը հորիզոնում՝
Այդպես շքեղաշուք էր նա հագնված։
Երբ Նաննան՝ Ինաննայի հայրը,
Իր մուտքն էր նախապատրաստում,
Պալատն օրհնեց Նինգալին՝ Ինաննայի մորը։
Երկնքի շեմից եկավ խոսքը․
«Բարի գալուստ»։

 

Ինաննայի փառաբանմը

Ոչ ոք չի երգել Նաննային․ «Թո՛ղ աշխարհն իմանա»,
Բացի իր աղջկանից, Դու՝ Ինաննա։
Դու՝ հանց Երկինքը վեհ։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դու՝ հանց աշխարհը լայնահուն։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դու՝ կործանիչ խռովարար երկրի։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դո՛ւ մռնչում ես երկրների վրա։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դու նրանց գլուխն ես ջարդում։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դու՝ հանց շունը՝ կուլ ես տալիս դիակները նրանց։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Ահազդու է հայացքը Քո։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դու բարձրացնում ես հայացքը Քո սարսափելի։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Փայլատակում է հայացքը Քո։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Դու հաղթեցի՛ր։ Թո՛ղ աշխարհն իմանա։
Ոչ ոք չի երգել Նաննային․ «Թո՛ղ աշխարհն իմանա»,
Բացի իր աղջկանից, Դու՝ Ինաննա։
Օ՜, իմ Տիրուհի, այս երգը Քեզ վեհացրեց և
Փառաբանեց։
Օ՜, իմ Տիրուհի, Անի կին։ Ես պատմեցի Քո զայրույթը։

 

Վերջին աղոթք

Ծիսակատարության բոցն է
Բարձրանում բուրվառի ածխից։
Հարսանյաց սրահը Քեզ է սպասում․
Նե՛րս մտիր և սի՛րտդ լցրու։
Ես արեցի՝ ինչ կարող էի։ Քեզ երգեցի,
Օ՜, գերապատիվ Տիրուհի։
Այն, ինչ երգեցի կեսգիշերին,
Թո՛ղ արձագանքի երգիչը կեսօրին։
Քանի որ գերի է Քո ամուսինը,
Ուժգնանում է զայրույթը Քո,
Հանգիստ չի գտնի երբեք Քո հոգին։

© Թարգմանությունն անգլերենից և առաջաբանը՝ Թոնդրակի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *