Սիրելի հայ ընթերցողներ
Ողջույն։ Ես ճապոնացի արձակագիր Սայակա Մուրատան եմ։ Անչափ ուրախ եմ, որ «Կոնբինիի մարդը» թարգմանվել է հայերեն։
«Կոնբինիի մարդը» Ճապոնիայի մի փոքրիկ կոնբինիի (շուրջօրյա աշխատող խանութի) մասին է։ Հերոսուհին ՝ Ֆուրուկուրա Կեյկոն, մանկուց դժվարացել է ադապտացվել խմբի (հասարակության) մեջ և չի հասկացել մարդկանց։ Ուսանող դառնալով, կոնբինիում աշխատել սկսելով և իդեալական աշխատակից դառնալով՝ նա սկսում է մտածել, թե ինքն էլ մարդ է դարձել։ Բայց Կեյկոն, որը մինչև 36 տարեկան դառնալը դեռ կոնբինիում էր աշխատում, շրջապատի կողմից սկսում է «ոչ սովորական» մարդ կոչվել։ Նրան պարուրում են տարատեսակն ճնշումներ ՝ դու պետք է ամուսնանաս, պետք է ծննդաբերես, պետք է ավելի կայուն աշխատանք գտնես։ Կեյկոն, խանութում ծանոթացած Շիրահա անունով տղամարդու հետ համագործակցություն սկսելով, տարօրինակ հարաբերության մեջ է հայտնվում։
Ես ինքս այս վիպակը կոնբինիում աշխատելիս եմ գրել։ Այս վիպակը գրելով ՝ մտորել եմ «սովորական» բառի սարսափելիության մասին։ Սովորական մարդկանց համար Կեյկոն տարօրինակ է, իսկ Կեյկոյի համար «սովորական մարդիկ» են տարօրինակ ու սարսափելի էակներ։
Ես ինքս, «սովորական մարդկանց» կողմը բռնելով, անսովոր բաներին երբեմն «տարօրինակ» պետակն եմ փակցնում։ Երբեմն էլ, ինքս ինձ համար աննկատելի, «տարօրինակների» կողմում եմ հայտնվում ու «սովորական» մարդիկ են սկսում ինձ ասել, որ այդքան տարօրինակ չի կարելի լինել, պետք է մի քիչ սովորական դառնաս։ Վիպակը գրելիս փորձել եմ երկու կողմերի հայացքով իրերին նայել։
Այս վիպակը չափազանց տարօրինակ վիպակ է։ Որոշ ընթերցողներ այն կարդալիս ծիծաղում են, մյուսները՝ վախ են զգում։ Կարծում եմ, գրական գործերը ընթերցողի մարմնում և երևակայության մեջ են վերջնական տեսք ստանում (ավարտվում)։ Չափազանց ուրախ կլինեմ, եթե հայ ընթերցողներն իրենց երևակայության մեջ վերջնական տեսք տան (ավարտեն) «Կոնբինիի մարդը» կոչվող վիպակին։
Շատ շնորհակալ եմ, որ այս վիպակը հայերեն է թարգմանվել և հայտնվել է հայ ընթերցողի սեղանին. այս փաստն ինձ նույնիսկ հրաշք է թվում։ Սուրբ ծննդյան այս օրը բոլոր հայերին երջանկություն եմ մաղթում։
Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի