Կիկոսականության փիլիսոփայության դրսևորումը որպես ազգային դիմագծի բացահայտման միջոց Արմեն Հայաստանցու «Կիկոսի վերադարձը» պատմվածքում
Ա․ Հայաստանցու «Կիկոսի վերադարձը» պատմվածքին անդրադառնալու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ այն ժամանակակից մտածողությանը բնորոշ իրողություն է և ժամանակակից արձակի կենդանի նմուշ, որը, կարելի է ասել, քննարկվել է բազմիցս, սակայն այդպես էլ չի արժանացել ամբողջական, համակողմանիորեն վերլուծության և ուսումնասիրման։
Ա․Հայաստանցու «Կիկոսի վերադարձը» ստեղծագործության հիմքում ազգային ճակատագրի անդրադարձն է, պատմության վերանայման խնդիրը։ Արդեն պատմվածքի սկզբում հեղինակը խոսում է անցյալի վերաիմաստավորման, ներկայի անորոշության մասին՝ ակնարկելով ապագայի հարցը․ «Հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. «Ձախորդ Փանոսը» հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, «Քաջ Նազարը»` ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ «Կիկոսի մահը»` վախն ապագայի նկատմամբ: Ու որոշեց սկսել վերջից» ։ Ապագան ամենաշատն է անհանգստացնում Ա․ Հայաստանցուն, և որին անդրադառնալն էլ դառնում է պատմվածքի բուն նպատակներից մեկը։
Ամբողջ պատմվածքը միտված է բացահայտելու ազգային հոգեբանությունը, բնավորությունը, բարդույթները, ճակատագրիը և դրանց ձևավորման, առաջացման, զարգացման պատճառները։
Արդեն պատմվածքի սկզբում հեղինակը կիրառում է Հ․ Թումանյանի «Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…» միջտեքստային բացականչությունը, որը՝ որպես որոշակի տրամադրություն, մեզ ուղեկցելու է ողջ պատմության ընթացքում։ Սա ազգային ողբի ձևակերտման յուօրինակ դրսևորում է։
Ստեղծագործության վերնագիրն առանցքային նշանակություն ունի և ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք դեռևս լուծված չեն, կան խնդիրներ, որոնք պարզաբանման կարիք ունեն, կան բացեր, որոնք պետք է լրացվեն։ Ահա վերնագիրը Թումանյանի՝ «Կիկոսի մահը» ստեղծագործության առաջին հակադրությունն է։ Վերադարձը՝ որպես մահվան հակադրվող երևույթ, նորություն չէ գրականության մեջ (սպասումը և վերադարձը հաճախակի հանդիպող երևույթներ են մեր գրականության մեջ, օրինակ՝ Փոքր Մհերի կերպարը, որը չնայած դեռ չի վերադարձել, բայց վերադարձի կարևոր գաղափար է կրում իր մեջ)։ Ահա Կիկոսը վերադառնում է և պարզաբանում վերադարձի պատճառները։ Նախ՝ հեղինակը համարում է, որ Թումանյանը ոչ թե «մահացրել» է Կիկոսին, այլ սկիզբ է դրել կիկոսականության թեմային՝ մասնավորապես ցույց տալով անիրական, անհեթեթ, մտացածին, աբսուրդ իրականության առկայությունը, որը Ա․ Հայաստանցին ներկայացնում է ազգային կյանքի շրջանակում։ Մեզ հայտնի է, որ Հ․ Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթ է, որը նաև բնորոշվում է որպես հակահեքիաթ, ընդհուպ մինչև աբսուրդ պատումի բացառիկ նմուշ։ Ա․ Հայաստանցու մոտ «Կիկոսի վերադարձը» ձևավորվել է որպես պատմվածք և Կիկոսի միֆին հաղորդել իրականության երանգներ։
Կիկոսի կերպարը Հայաստանցու մոտ ազգային բնավորության, բարդույթների, մեր տեսակի, սովորությունների խտացումն է։ Ստեղծագործությունն ունի մեր պատմությանը վերաբերող մի քանի շերտեր, որոնց արդյունքի ծնունդն է Կիկոսը։ «Դեռատի մորս ուղարկեցին ջրի, ու նա կանաչ, վիթխարի ընկուզենու տակ (այսուհետ` Հաստաբուն) տեսիլք ունեցավ» ։ Մեջբերված տողում տեսնում ենք «դեռատի մայր» և «տեսիլք» արտահայտությունները, որոնք եթե փորձենք մեկնաբանել, ապա կտեսնենք մեր պատմության դրվագներից մեկը՝ պետականություն ունենալու փափագը, որը տեսիլքի պես ուղեկցել է մեզ պատմության ընթացքում։ Ահա այդ մտացածին երազանքը, այն է՝ պետականություն ունենալը, շուտով դառնում է իրական․ «Ես իրականում ծնվեցի իմ հայտնի մահից երեք տարի անց: Հենց որ ծնվեցի, մայրս միանգամից ճանաչեց ինձ. «Վա՜յ, քոռանամ ես, էս իմ տեսած Կիկոսն ա. աչքերը, բերանը, ճակատը, քիթը… Վա՜յ, Կիկոս ջան»: Մորքուրներս ու տատս լուռ համաձայնեցին, որովհետև իրենք էլ էին ինձ տեսել ու համոզված էին, որ ես եմ` Կիկոսը»։
Պատմվածքի մեջ տեսնում ենք նաև ցեղասպանության դրվագը․ «Արդեն դպրոցական էի: Իմ մահն էին հանձնարարել, որ սովորենք, բայց ես վաղուց անգիր գիտեի»։ Տեսնում ենք ցեղասպանության նկատմամբ օտարի կողմից ծաղրը, պատմության այն դասը, որ մենք այդպես էլ սրտացավ դաշնակից չունեցանք․ «Հատկապես ազդվում էի, որ մոտիկ ընկերներս էին ինձ վրա ծիծաղում: Խաղում էինք իրար հետ, սիրում էինք իրար, չարություն չկար, բայց մեկ էլ տեսար` մեկը հիշում էր. «Վա՜յ, Կիկոս ջան…», ու բոլորն անխտիր սկսում էին կչկչալ:», «Արտասուքս կուլ եմ տալիս, կուլ չի գնում, զռոցս կապեցի: Երեխեքը հռհռում են, վարժապետս էլ չի դիմանում, հետներն ընկած` ծիծաղից թուլացել է: Ու սկսվեց: Էդ օրվանից օրուարև չտեսա. գյուղի բոլոր երեխեքը հետևիցս ձեն էին տալիս, ավելի համարձակները` առաջս կտրում, կնկա ձև տված` խփում էին ծունկ ու գլխի, տնազ անում. «Վա՜յ, բալա ջան…»։ Սրա արդյունքում ի հայտ է գալիս ազգային բարդույթը․ «Ինձ մի կերպ զսպելով` գցում էի տատիս գիրկն ու սկսում լաց լինել, թաքուն, որ պապս չտեսներ, որովհետև չէր սիրում երեխու լաց տան մեջ» ։
Ազգային խնդրի իմաստավորման համար հեղինակը կիրառում է գեղարվեստական տարբեր հնարքներ, օրինակ՝ ստեղծում է սիմվոլներ, պատկերում է սիմվոլիկ տեսարաններ։ Ունենք ծառի սիմվոլը, որը ստեղծագործության մեջ այնքան կարևոր նշանակություն ունի, որ նույնիսկ հանդես է գալիս որպես հիմնաքարային կերպար, գրվում է մեծատառով (Հաստաբուն) և պատումի մեկնաբանման համար կարևոր դեր է ստանձնում։ Ծառը երբեմն հանդես է գալիս որպես հայ ժողովրդի պատմության խորհրդապատկեր, որպես հիշողություն («բայց մեկ-մեկ լուսնյակ գիշերներին էլի Հաստաբունը կանչում է»), որպես անցյալի, «էրգրի» կանչող կարոտ. «Ինքնամփոփ եմ դարձել ու ձայներ եմ լսում` լուսնյակ գիշերներին: Չեմ քնում, որ տակս չանեմ: Հաստաբունը կանչում է իր մոտ: Վախենում եմ: Չի կարելի. մերս կիմանա, տատս, մորքուրներս կիմանան, պապս կիմանա, ու բոլորը դարդից կկոտորվեն: Բայց չեմ դիմանում: Թաքուն-թաքուն վազում եմ աղբրի մոտ: Կանգնել եմ դիմացը ու դողում եմ: Լվացվում եմ աղբրի ջրով` իբր քունս փախչի, բայց քունս չի էլ տանում, որ փախչի: Ձեռքս դնում եմ կեղևին, մարմինս փշաքաղվում է: Երկու ցատկով ելա վրան, ձեռքս գցեցի առաջին ճյուղին, էնպես հմտորեն, ասես ամբողջ կյանքս ծառից չեմ իջել» ։
Ծառը հանդես է գալիս որպես մշակութային կյանքի անսասան վկա, որին կենսական ուժով կապված է մեր ժողովուրդը։ Հաստաբունը նաև մեր ժողովրդի երազանքն է. «Մեկ-մեկ գիշերները թաքուն գնում եմ Հաստաբնի մոտ, իրար գրկում, քնում ենք, բայց` գաղտնի»: Ծառը հանդես է գալիս որպես ակունք, որոշիչ մի կետ, որին անդադար պիտի վերադառնանք։ Հաստաբունը նաև մեր գոյության վկան է, մեր փրկօղակն է, ինչ-որ տեղ՝ հավատը. «Ջուրը հասավ վզիս, մի քիչ էլ, ու կլցվի բերանս, կխեղդվեմ: Ձեռքերս ջրից հանում եմ վեր, ասես օգնություն եմ աղերսում: Մեկ էլ Հաստաբնի ճյուղերն իջնում են վրաս, բռնում բազուկներիցս ու տանում-բերում, շպրտում վերև: Թռչում եմ վեր, հասնում լուսնին, իջնում եմ ցած, ճղները գրկում են ինձ ու նորից թռցնում օդ»:
Տեղ-տեղ ծառը խորհրդանշում է ելքը, որի հանգուցալուծումը անորոշ է, կամ պատերազմն է․ «Աչքերս բացել ու նայում եմ Հաստաբնին: Սաղարթը քամուց խշշում է, ոնց որ ասի` թե տղա ես, վեր ել: Նայում եմ ձեռքերիս` արյուն, դոշս, փորս, ոտքերս` լրիվ արյուն: Ջրի տեղ արյուն է հոսում, աղբրի քարը դարձել է մի մեծ բաբախող սիրտ, Հաստաբնի՝ հողից դուրս եկած արմատները երակ են դարձել ու խմում են տաք կարմիր հեղուկը» ։
Հաստաբունը մեր անցյալի պատմությունն է, մղված ու մղվելիք պայքարների սյունը, որն անհնար է վերացնել․ «Պապս կատաղել, փրփրել ու չի հանգստանում. «Կտրելու եմ, քոքից կտրելու եմ…», բայց տատս համոզում է. «Պետք չի, սաղ գյուղը հետներս կթշնամանա, քանի հարյուր տարվա ծառ ա: Խեղճ ծառն ի՞նչ մեղք ունի, իրա համար կանգնած ա, մեր երեխեն ա ուզում վրեն ելնի…»: Չկտրեց, բայց ինձ կապում են, ահագին ժամանակ շան պես կապած եմ քնում:», «Վերջը պապս հևիհև հասավ, կանգնել է իմ ու Հաստաբնի արանքը, կացինը բարձրացրել գլխից վերև, ոնց որ Հրաչյա Ներսիսյանը լինի զայրույթ խաղալիս: Մեկ էլ աչքերը լցվում են, կյանքումս առաջին անգամ եմ տեսնում պապիս աչքը խոնավ, կացինը խրում է հողի մեջ, ձեռը թափ տալիս ու սուս-փուս հեռանում»։
Հետաքրքիր խորհրդապատկեր է նաև գդակը։ Սա ունի արժանապատվության նշանակություն։ Սկզբում տեսնում ենք պոպոզ գդակը, որը հետո փոխարինվում է ավելի գեղեցիկ, նորաոճ, մրցունակ գդակով, որը չնայած վաստակել ենք, բայց անփութորեն կորցրել ենք և հիմա ամենակարևորն է վերադարձնել կորցրածը․ «Գդակս չկա: Ման եմ գալիս հանդուչոլում: Խաբարն եկավ, որ, իրոք, ինչ-որ մեկը չար կատակ է արել ու տարել է, ծառի վերի ճյուղից կախել: Տանը` էլի կռիվ-ղալմաղալ: Առաջին անգամ մորս վրա գոռում եմ, թե՝ ինձ սիրում ես, թող գնամ, վեր ելնեմ ծառը, գդակս իջեցնեմ, ո՞նց պիտի ամբողջ կյանքս ապրեմ էսպես»։ Հենց սա էլ դրդում է Կիկոսին, անկախ մահվան վտանգից, գնալ դեպի գլխարկը, գնալ մեր արժանապատվության հետևից, որը մեր դեմքն է, և որին հասնելու համար մեզ ոչ ոք չի օգնելու․ «Ամբողջ գյուղը թաքուն մեզ է նայում, բայց ոչ մեկը մոտ չի գալիս» ։ Մեջբերված նախադասությամբ ամփոփվում է անտարբեր աշխարհի դիրքորոշումը։
Արժանապատվությունը մեզ առաջ մղող ուժն է, մեր գոյության երաշխիքը։ Արժանապատվությունը վերականգնելու միակ ճանապարհը Հաստաբնով անցնելն է (հիշենք Հաստաբնի սմվոլիկ նշանակությունը)։ Պետք է առերեսվել պատմությանը, դասեր քաղել, ճանաչել մեր ազգային էությունը, տարբերակել արժեքավորը, ճիշտ դաստիարակվել՝ հիշել, բայց չապրել լացով, չհամակերպվել ցեղասպանվածի ճակատագրին։ Հատկապես կարևոր է դաստիարակության խնդիրը․ պատմվածքում Կիկոսին փոքրուց սնել են այն գաղափարով, որ ինքը պիտի բարձրանա ծառը և ընկնի քարին, որ սա անխուսափելի է, և Կիկոսը դատապարտված է։
Կիկոսին ճակատագրի անխուսափելիության գաղափարով սնողը տատն էր, որը ևս սիմվոլիկ կերպար է և պատմվածքում կատարում է հենց այդ գործառույթը։ Տատի հակադրական կերպարը պապն է, որը պատմության հենց սկզբից ժխտում է կարծրացած գաղափարները, հեգնում է ճակատագրին՝ անընդհատ ծառը կտրելու պահանջ ունենալով։ Լաց չսիրող, համարձակ, գործողություններ պլանավորող, ճակատագրին չենթարկվող այս կերպարը, չնայած ծառը չի կտրում, բայց դարձյալ չի սպասում Կիկոսի մահվանը՝ ի տարբերություն մյուս կերպարների։ Նա հասկանում է, որ լուծումը ծառը կտրելու մեջ չէ, խնդրի լուծմումը Կիկոսի ձեռքերում է։
Պատմվածքում ակնհայտորեն տեսանելի են էպոսին հատուկ մոտիվներ՝ աղբյուրի և մոր կապը, Կիկոսի աննյութեղեն ծնունդը։ Մայրը գնում է ջրի և հղիանում, սակայն հետո այս գաղափարական ծնունդը դառնում է կենսաբանական։ Մայրը ակունքն է, և պատահական չէ, որ մորը պատկերող տեսարանները հաճախ զուգահեռվում են աղբյուրի տեսարանով։ Չնայած նրան, որ հեղինակը հենց պատմվածքում փաստում է, որ հոր կերպարը ավելորդ էր, այնուամենայնիվ, այն կարելի է ասոցացնել Խորհրդային միության և դրա փլուզման հետ։
Ինչ վերաբերում է առանցքային կերպարին՝ Կիկոսին, ապա նա հայի հավաքական բնույթի, Հայաստանի խտացումն է, որի վրա ներգործուն ազդեցություն ունեն վերը թվարկած կերպարները, ինչպես նաև հավաքական մի շարք այլ կերպարներ՝ գյուղը՝ որպես աշխարհ, դասընկերները՝ որպես այլ պետություններ։
Հեղինակը մի շարք հարցերի պարզաբանման համար դիմում է գեղարվեստական մեկ այլ հնարքի ևս՝ երազատեսությանը։ Որպես պատումը կառուցող յուրօրինակ հնարք՝ երազը ծառայում է պատմվածքի ենթաշերտերը հասկանալու գործին։ Ստեղծագործության մեջ կա երեք երազ, որոնք ամփոփում են մեր վախերը, բարդույթները, արտագաղթի մշտամնա խնդիրը, բայց պորտալարով կապը ակունքի, մեր բնույթի (մոր) հետ։
Կառուցվածքի, բովանդակության, գաղափարի շրջանակները սերտորեն կապված են և ծառայում են համատեքստի ամբողջական ընկալմանը։ Հեղինակը տալիս է կառուցվածքային այնպիսի լուծումներ, որոնք օգնում են բացահայտել չասվածը, օրինակ՝ պատումը շարադրված է Կիկոսի կողմից, ինչը ապացուցում է, որ Կիկոսը ողջ է։ Պատմվածքում նշվում է, որ այն համահեղինակային մտածողության արդյունք է (հողինակը հղում է տալիս Հ․Թումանյանին՝ նրան համարելով պատմության սկիզբը դնողը, պատճառ հանդիսացողը), ինչը ցույց է տալիս, որ հեղինակը հաշվի է նստում նախահեղինակի առաջ քաշած դրույթների հետ։ Պատմվածքի սկզբում Ա․Հայաստանցին տալիս է ստեղծագործությունը ընկալելու բանաձևեր՝ դարձյալ միջտեքստային հղում անելով Հ․Թումանյանին։ Կիրառելով Հ․Թումանյանի ստեղծած սիմվոլները, դրանց հաղորդելով իմաստային նոր երանգներ՝ Ա․Հայաստանցին կարողանում է զարգացնել կերպարները և ծառայեցնել պատմվածքի նպատակներին։ Հեղինակն ի վերջո հասունացնում է առերեսման գաղափարը, բայց այնուամենայնիվ չի գտնում հանգուցալուծումը՝ ցույց տալով ոչ թե պատմվածքի, այլ թեմայի անավարտվածությունը։ Անմիջական շարադրմամբ ավարտելով պատմվածքը (իրականում չավարտելով)՝ հեղինակը ստեղծում է համակողմանիորեն հաջողված գրական երկ։
Պատմվածքը հետմոդեռնիստական գրականության նմուշ է, և այն, անշուշտ, նոր երևույթ է հայ արձակի մեջ։ Հաշվի առնելով պատմվածքի ձևաբովանդակային կողմը՝ կարելի է եզրակացնել, որ այն իսկապես ինտերակտիվ արձակ է, որը նախ՝ հեքիաթը վերածում է պատմվածքի, առաջ քաշում մի շարք հարցեր, ի վերջո չավարտելով պատմվածքը՝ թողնում է ընթերցողի դատին՝ ասես պահանջելով յուրաքանչյուրի մասնակցությունը ավարտի ձևավորման գործում։