Բանաստեղծություն գրելու հաճույքը ես գիտեմ, բայց ո՞րն է բանաստեղծություն կարդալու հաճույքը։ Ահա տարբերակներ, որ գալիս են մտքիս․
— բանաստեղծական տեքստի բերած աբստրակտ թախիծը մեղմորեն տառապելուց մեղմորեն կայֆոտելու զգացողություն է բերում, շատերը այլ բան քան այդ վերացական, անմարմին, անդեմ թախիծն է՝ չեն էլ հասկանում պոետիկա ասելով,
— բանաստեղծական տեքստի ռիթմը մոգական տրանսի մեջ գցելու հատկություն ունի, ինչպես ցանկացած փակ շրջանով կրկնվող պարբերականություն և այդ ռիթմի հետ քո ներքին համակարգի համադրման հաճույքը անասելի գրավիչ է ու ինքնաբուխ,
— բանաստեղծության պատումը սեփական հուզական փորձառությունը վերապրելու առիթ է դառնում՝ հաճախ մատուցելով ճիշտ բառեր ու ճիշտ պատկերներ՝ քո հետ պատահածը վերհիշելու, վերանվանելու, վերանայելու համար և սա ինչպես՝ պարզապես անանվանելին անվանած լինելու, անորսալին որսալու, բառակերպելու հաճույքն է պարգևում, այնպես էլ բազմաթիվ հպանցիկ, կորած փորձառություններ բերում է գիտկացականության տեսադաշտ և բերում իբր ավելին տեսնելու կարողության հաճելի զգացում,
— բանաստեղծությունն իբրև սեռականության գործիք, սիրախաղի, էրոտիկ ապրումներ հրահրելու խլվլիկ, բանաստեղծությունն իբրև սեքսի նախերգանք, կրքերի կոդավորման և ապակոդավորման հեռարձակում և այն որսալու տարփանք,
— բանաստեղծական տեքստն իբրև իմաստային և զգայական քվանտների աներևակայելի ու անսպասելի համադրություն, ինքն իրենով, ինքն իր մեջ, ինքն իր չափով, առանձին, բանը բանին կապած լինելու, շարահյուսելու, բանաստեղծի անսպասելի գյուտերով հիանալու առիթ, բանաստեղծությունն իբրև արտեֆակտ, արարք, սուբյեկտ, նրա ուրիշության հետ առերեսվելու հաճույքը․ ինչպես ընկալունակության եզրերն ընդլայնող ամենայն նշանի վերծանության ուրախությունն է լինում,
— բանաստեղծությունն իբրև համայնքի, խմբի, մշակույթի, ենթամշակույթի, ինքնության բացառիկ տեղայնացում, հասկանալիության խիստ նեղ ենթատեքստ, բարբառ, ինչորպիսին կամ ինչորմեկը լինելու տարազ, քեզ հետ նույն կերպ տարազավորվածների հանրահռչակված կամ չսահմանված պայմանագիր, քո լեզվով, քո ոհմակի լեզվով լինելու, քեզ հետ նույնական լինելու հպարտության զգացում, պատկանելության զգացումից միջույքդ ուռացնելու ֆերմենտ,
— բանաստեղծությունն իբրև թաքուն, արգելված, չխոսվող, չձևակերպված բաների մասին լսելու հնարավորություն, իբրև սրտհովանք, կապված լեզուների բանալի, բողոք անարդարության դեմ, արդարության վերականգման հաճելի պատրանք և ինչ-որ կարևոր բանին աջակցած լինելու սեփական խոհեմությամբ հիանալու զգացում,
— բանաստեղծությունն իբրև այլասացություն, կոդ, գաղնագիր վերծանելու մարտահրավեր, իբրև փորձություն մտքի համար, կապեր գտնելու, ենթաիմստներ հասկանալու, երևակայելու, գլխի ընկնելու առիթ,
— բանաստեղծությունն իբրև ուրիշի նրբին, ինտիմ, ծածուկ պահվող տեղերը սողոսկելու հանրամատչելի խորշ, բաց ցուցափեղկ մարդկային հետաքրքրասիրության համար, որ սահմանել է հեղինակը,
— բանաստեղծությունն իբրև անեկդոտ, կատակ, մեմ, հռհռիկ, մանրապատում, խնդմնդիկ, տնազ, ծիծաղելու պատեհություն,
— բանաստեղծությունն իբրև սրբագործված տարածք, զտված, օրհնված տեղ, ուր մտնում են պայմանականորեն խաչակնքելով, միստիկ ապրումների և բարձր բաների հետ հաղորդակցման զգացողությամբ, իբր վեհանալու, մաքրվելու, իբր ավելի բարձր չափումների հետ շփված լինելու էֆեկտով,
— կոնկրետ բանաստեղծությունն իբրև կոնկրետ իրավիճակի վերապրման ֆետիշ-իր, նոստալգիայի գրգռման հնոց։
Ուրախ կլինեմ, եթ եկիսվեք պոեզիայի ընթերցման ձեր հաճույքներով։
Համաձայն չեմ ,որ հայ պոէզիան չի կարող դառնալ միջազգային։ Բավական է մեկ,երկու լավ ֆիլմ -որտեղ դերասանը կկարդա հայ մի պոէտի։ Վերջապես մենք ել այս մոլորակից ենք)))) Պրոդյուսերա պետք: Ռուսական բալետը ,Դյագիլեվի շնորհիվ ճանաչեցին: Ձեր «Ռենտգեն» հաղորդման քոմմենտն է. Շնորհակալ եմ