Հարցազրույց Ումբերտո Էկոյի հետ

Հատված Ումբերտո Էկոյի` «The Paris review» պարբերականին տված հարցազրույցից, հարցազրույցը վարել  է Լիլա Ազամ Զանգանեհը                           

 

Երբ  առաջին անգամ զանգեցի Ումբերտո Էկոյին, նա նստած էր   գրասեղանի մոտ իր տասնիններորդ դարի կալվածքում, որ գտնվում էր Ուրբինոյից դուրս գտնվող բլուրներում,  Ադրիատիկի իտալական ափին  մոտ: Նա գովերգում էր իր  հրաշալի (հարցազրուցավարը գործածել է իտալերեն bellissima տարբերակը) լողավազանը, բայց կարծում էր, որ ես դժվարությամբ կհաղթահարեմ շրջանի ոլորապտույտ լեռնանցքները: Այսպիսով, մենք համաձայնեցինք դրա փոխարեն հանդիպել Միլանի իր բնակարանում: Ես հասա այնտեղ օգոստոսի վերջին` (հարցազրուցավարը կրկին գործածել է իտալերեն ferragosto տարբերակը) ամառվա ամենաթեժ շրջանում և այն օրը, երբ Կաթոլիկ եկեղեցին նշում էր Աստվածածնի վերափոխման տոնը: Միլանի մոխրագույն շենքերը առկայծում էին տոթից, և փոշու բարակ շերտը նստել էր մայթերին: Մեքենաների ձայներ գրեթե չէին լսվում: Երբ ոտք դրեցի Էկոյի շենք, նստեցի դարի հնություն ունեցող վերելակը  և լսեցի վերևի հարկի դռան ճռռոցը: Էկոյի ազդեցիկ կերպարանքը հայտնվեց կռած երկաթե ցանցի հետևից: «Ահ~»,- ասաց մի քիչ խոժոռությամբ:

Բնակարանը նման էր միջանցքների լաբիրինթոսի` եզերված գրապահարաններով, որոնք հասնում էին մինչև զարմանալիորեն  բարձր առաստաղ: Էկոյի խոսքով այստեղ կար երեսուն հազար հատոր,   քսան հազար հատորն էլ կալվածքում էր:   Տեսա Պտղոմեոսի  գիտական աշխատությունները  և Կալվինոյի վեպերը, Սոսյուրի ու Ջոյսի քննական ուսումնասիրությունները, միջնադարյան պատմությանը նվիրած ամբողջական բաժիններ և խորհրդավոր ձեռագիր մատյաններ:   Գրադարանը  կարծես ապրում էր, քանի որ գրքերը թվում էին շատ գործածվելուց մաշված: Էկոն  կարդում էր  չափազանց մեծ արագությամբ և ուներ արտասովոր հիշողություն:

Նրա աշխատասենյակի գրապահանների լաբիրինթոսը պարունակում էր Էկոյի ամբողջական գործերը թարգմանված արաբերեն, ֆիններեն, ճապոներեն…երեսուն լեզվից հետո ես կորցրի հաշիվս: Էկոն իր գրքերը հատոր առ հատոր ներկայացնում էր սիրահարին հատուկ ճշգրտությամբ, քննադատական տեսության մասին իր վաղ շրջանի բեկումնային գործից` «Բաց ստեղծագործություն»-ից մինչև վերջին երկը` «Այլանդակության պատմությունը»:    

Էկոն սկսել էր իր ճանապարհը որպես միջնադարագետ և նշանագետ, ապա 1980 թվականին 48 տարեկանում հրատարակել մի վեպ` «Վարդի անունը»: Այն դարձավ միջազգային հրատարակչական սենսացիա և վաճառվեց ավելի քան տասը միլիոն օրինակ: Պրոֆեսորը վերափոխվեց գրական աստղի:  Լրագրողները հետևում էին նրան, սիրաշահում էին մշակույթի մասին մեկնաբանություններ  ստանալու համար, մեծարում էին վիթխարի էրուդիցիան: Էկոն համարվում էր իր ժամանակի ամենանշանավոր  իտալացի  գրողը: Այդ տարիներից սկսած նա շարունակեց գրել արտասովոր էսսեներ, գիտական ուսումնասիրություններ և չորս բեսթսելլեր վեպեր` ներառյալ «Ֆուկոյի ճոճանակը» (1988) և «Թագուհի Լոանայի առեղծվածային կրակը» (2004):

Էկոյի` առաջ ընկած փորի և հատակին  քստքստացնող ոտքերի ուղեկցությամբ մենք մտանք նրա հյուրասենյակ: Պատուհաններից երևում էր միջնադարյան ամրոցը, որ վիթխարի ուրվապատկեր էր հատում Միլանի երկնքին հանդիման: Ես սպասում էի գոբելեններ և իտալական անտիկ իրեր տեսնել, փոխարենը հայտնաբերեցի ժամանակակից կահավորանք, ապակե արկղեր, որտեղ ցուցադրված էին ծովային խեցիներ և հազվագյուտ կոմիքսներ, ջնար,   ձայնագրիչների հավաքածու, վրձիններով կոլաժ. «Այս մեկը, որ տեսնում ես, Արմանի աշխատանքն է, նվիրված է հատուկ ինձ»:

Ես նստեցի սպիտակ մեծ բազմոցին,  Էկոն սիգարը ձեռքին ընկղմեց ցածր բազմաթոռի մեջ: Պատմեց, որ ժամանակին օրը մեջ մինչև վաթսուն սիգարետ է ծխել, բայց հիմա  չվառված սիգար է  ծխում: Երբ տվեցի առաջին հարցերս, Էկոյի աչքերը նեղացան` դառնալով փոքրիկ ճեղքեր և հանկարծակիորեն բացվեցին   նրա խոսելու հերթին. «Ես մեծ խանդավառությամբ էի վերաբերում միջնադարին, նման կերպ մարդիկ ոգեշնչվում են կոկոսի ընկույզից»:  Իտալիայում նա հայտնի է իր կատակաբանությամբ, (հարցազրուցավարը գործածել է  իտալերեն  battute տարբերակը) իր հումորային սրախոսություններով, որ ինքը նետում է  իր օձաձև նախադասության ամեն ոլորանին: Կարծես ինչքան երկար խոսում էր, ձայնն այդքան բարձրանում էր:  Շուտով նա ընդգծում էր մտքերի շարքը, ասես խոսում էր կլանված լսարանի առաջ: «Առաջին` երբ ես գրեցի Վարդի անունը, չգիտեի անշուշտ, ինչպես ոչ-ոք չգիտի, թե ինչ է գրված եղել Արիստոտելի «Պոետիկա»-ի կորած հատորում,  կատակերգության մասին նշանավոր հատորում: Բայց վեպը գրելու ինչ-որ հնարքով ընթացքում ես այն բացահայտեցի:  Եվ երկրորդ, դետեկտիվ վեպը տալիս է փիլիսոփայության կենտրոնական հարցը. ո՞վ է արել այն»: Երբ  համարում էր, որ իր զրուցակիցը բավականաչափ խելացի է, արագորեն տալիս էր իր պրոֆեսորական եզրակացությունները. «Այո, լավ, բայց պիտի ավելացնեմ նաև, որ…»:

Մեր երկուժամանոց նախնական հարցազրույցի փուլից հետո Մարիո Անդրեոսեն` Բոմպիանիի գրական գործակալը, Էկոյի իտալացի հրատարակիչը, եկավ մեզ ընթրիքի տանելու: Ռենատե Ռամգեն` Էկոյի քառասուն հինգ տարվա կինը, նստեց առջևում Անդրեոսեի հետ, իսկ Էկոն և ես զբաղեցրինք ետևի նստատեղերը:    Էկոն, ով  ընդամենը մի քանի  վայրկյան առաջ լցված էր սրամտությամբ, հիմա դարձել էր մռայլ ու անհաղորդ: Բայց նրա տրամադրությունը պայծառացավ, հենց մտանք ռեստորան, և հացով ափսեն  դրվեց մեր առջև: Նա աչքի անցկացրեց մենյուն, տատանվեց, և երբ մատուցողն եկավ, արագորեն պատվիրեց Կալցոնե պիցցա և մի բաժակ Սկոտչ. «Հա, հա, ես չպիտի…»: Երջանկությունից շողացող ընթերցողը մոտեցավ սեղանին. «Դուք Ումբերտո Էկո՞ն եք»: Պրոֆեսորը բարձրացրեց հոնքը, քմծիծաղեց և ձեռքը սեղմեց: Ապա զրույցը վերջապես վերսկսվեց, և  Էկոն հուզավառությամբ երկար ու սրամիտ պատմություններ  պատմեց Բենետիկ XVI պապի, Պարսկական կայսրության անկման և վերջապես Ջեյմս Բոնդի ֆիլմի մասին: «Նկատել եք,- ասաց նա` մտցնելով պատառաքաղը իր պիցցայի մեջ,- մի անգամ հրատարակել եմ կառուցվածքային վերլուծություն Յան Ֆլեմինգի սկզբնական սյուժեի մասն:

Լ.Ա.Զ

Որտե՞ղ եք ծնվել:

Ու.Է.

Ալեսանդրիա քաղաքում, այն հայտնի է Բորսալինո տեսակի գլխարկներով.

Լ.Ա.Զ

Ի ՞նչ տեսակի ընտանիքից եք սերում:

Ու.Է.

Հայրս հաշվապահ էր, իսկ նրա հայրը` տպագրիչ: Իմ հայրը տասներեք երեխաներից ամենամեծն էր, իսկ ես նրա առաջին տղան: Իմ տղան առաջին երեխաս է, իսկ նրա առաջին երեխան տղա է: Այսպես եթե ինչ-որ հրաշքով  որևէ մեկը բացահայտի, որ Էկոների ընտանիքը սերում է Բյուզանդական կայսրությունից, իմ թոռը թագաժառանգն է:

Պապս առանձնահատուկ ազդեցություն է ունեցել իմ կյանքում, չնայած հաճախ չեմ այցելել նրան, քանի որ նա քաղաքից մոտ հինգ կմ հեռու էր ապրում և մահացավ, երբ վեց տարեկան էի: Նա զարմանալիորեն հետաքրքրված էր աշխարհով  և շատ էր կարդում: Ամենահիասքանչն այն էր, որ երբ անցավ թոշակի, սկսեց կազմել գրքերը: Նա ուներ անկազմ գրքեր այստեղ և իր բնակարանում.  Թեոֆիլ Գյոթիեի, Դյումայի 19-րդ դարի հայտնի վեպերի հին, գեղեցիկ ձևավորումներով  հրատարակություններ էին: Դրանք տեսածս առաջին գրքերն էին: Երբ 1938 թվականին վախճանվեց, անկազմ գրքերի տերերից շատերը չպահանջեցին դրանք վերադարձնել, այսպես ընտանիքը դրանք տեղավորեց  մի մեծ արկղի  մեջ: Շատ պատահականորեն այդ արկղը  հայտնվեց իմ ծնողների նկուղում: Երբեմն-երբեմն ինձ ուղարկում էին նկուղ, որ բերեմ ածուխ կամ մի շիշ գինի, մի օր էլ բացեցի այն արկղը և հայտնաբերեցի գրքերի այդ գանձատուփը: Այդ օրվանից սկսած ես բավականին հաճախ էի նկուղում լինում: Պարզվեց, որ պապս նաև հավաքում էր հոյակապ ամսագիր ` «Giornale illustrato dei viaggi e delle avventure di terra e di mare» (բառացի թարգմանությամբ` «Պատկերազարդ ամսագիր ճամփորդությունների ու արկածների մասին ցամաքի վրա և ջրի մեջ»):   Սա մի պատկերազարդ ամսագիր էր ճամփորդությունների և արկածների մասին երկիր առ երկիր, և ծով առ ծով, նվիրված էկզոտիկ երկրներում տեղի ունեցող տարօրինակ ու դաժան պատմություններին: Դա իմ առաջին մեծ արշավանքն էր դեպի պատմությունների աշխարհ: Ցավոք, ես կորցրի այդ բոլոր գրքերն ու ամսագրերը, բայց տասնամյակների ընթացքում աստիճանաբար վերականգնեցի կրկնօրինակները  հին գրախանութներից և հին իրերի շուկաներից:

 Լ.Ա.Զ.

Եթե դուք չէիք տեսել գրքեր,  քանի դեռ չէիք այցելել ձեր պապիկին, արդյոք դա նշանակում է, որ ձեր ծնողները չունեին գրքեր:

Ու.Է.

Տարօրինակ է, հայրս երիտասարդ տարիքում անհագ ընթերցող է եղել: Քանի օր պապս ու տատս տասներեք երեխա են ունեցել, ապրուստ վաստակելու խնդիր են ունեցել, և հայրս չէր կարող իրեն թույլ տալ գիրք առնել: Ու նա գնում էր գրքի կրպակներ և կարդում փողոցում կանգնած: Երբ տերը հոգնում էր նրան այդտեղ անդադար տեսնելուց, նա շարժվում էր դեպի հաջորդ գրախանութ և կարդում գրքի երկրորդ հատորը և այսպես շարունակ: Սա այն պատկերն է, որ ես փայփայում  եմ: Աննկուն ձգտումը դեպի գիրքը: Հասուն տարիքում հայրս միայն երեկոյան ազատ ժամանակ ուներ և հիմնականում կարդում էր թերթեր, ամսագրեր: Մեր տանը կային մի քանի վեպեր, դրանք դարակների վրա չէին, այլ պահարանում էին դրված: Երբեմն հորս տեսնում էի կարդալիս գրքեր, որ վերցրել էր ընկերներից:

Լ.Ա.Զ.                                                                                 Ի՞նչ էր նա կարծում այդքան երիտասարդ տարիքում գիտնական դառնալու մասին:

Ու.Է.                                                                                                             Դե նա շուտ մահացավ` 1962 թվականին, բայց արդեն մի քանի գիրք հրատարակել էի: Ակադեմիական նյութեր էին, և հավանաբար հորս համար շփոթեցնող, բայց ես հայտնաբերեցի, որ ուշ երեկոյան նա փորձում էր կարդալ դրանք: «Բաց ստեղծագործությունը»  հրատարակվեց  նրա մահից ուղիղ երեք ամիս առաջ և գրախոսեց հրաշալի պոետ Էուջենիո Մոնտալեն «Կորիերե դելլա Սերա»  (Corriere della Sera) պարբերականում: Խառը գրախոսական էր` հետաքրքիր, ընկերական և տհաճ, բայց գրախոսական էր, որ այդուհանդերձ գրել էր Մոնտալեն, և կարծում եմ, որ հորս համար ավելին պատկերացնելը անհնար կլիներ: Այդ առումով ես պարտքս տվել եմ, ի վերջո ես նրա երազանքները իրականացրել էի, չնայած կարծում եմ, որ վեպերս մեծ հաճույքով կկարդար: Մայրս տասը տարի ավելի ապրեց,  ուստի գիտեր, որ շատ ուրիշ գրքեր եմ գրել և օտարերկրյա համալսարանները հրավիրել են ինձ դասախոսություններ կարդալու:  Նա ծանր հիվանդ էր, բայց երջանիկ էր, չնայած չեմ կարծում, թե ամբողջովին հասկանում էր, թե ինչ էր կատարվում: Գիտեք` մայրը հպարտ է իր որդիով, եթե անգամ նա  կատարյալ հիմար է:

Հ.Ց.    

Դուք երեխա  էիք, երբ ֆաշիզմը Իտալիայում ծաղկեց, և պատերազմը սկսվեց: Ինչպե՞ս էիք այդ ժամանակ ընկալում այն:

ՈՒ.Է.

Տարօրինակ ժամանակներ էին: Մուսսոլինին շատ խարիզմատիկ էր, և ինչպես ցանկացած իտալացի դպրոցական այդ ժամանակ, ես նույնպես անդամագրված էի Ֆաշիստական երիտասարդական շարժմանը: Մենք պարտավոր էինք հագնել զինվորական ոճի համազգեստներ և շաբաթ օրերին ներկա լինել ցույցերին, և մենք երջանիկ էինք, որ մասնակցում էինք: Այսօր այն նման կլինի նրան, երբ ամերիկացի տղան հագնվի որպես նավաստի. նրան դա զվարճալի կթվա: Ողջ շարժումը երեխաներիս համար բնական բան էր թվում, ինչպես ձյունը ձմռանը և շոգը` ամռանը: Չէինք էլ կարող պատկերացնել, որ կա ապրելու այլ եղանակ: Ես հիշում եմ այդ շրջանը նույն գորովանքով, ինչպես բոլորը հիշում են իրենց մանկությունը: Ես նույնիսկ ռմբակոծությունները և գիշերները, որ անցկացնում էինք ապաստարաններում, հիշում եմ ջերմությամբ: Երբ ամեն ինչ 1943 թվականին ավարտվեց, ֆաշիզմի առաջին անկումը եղավ, ես դեմոկրատական թերթերում բացահայտեցի, որ կան այլ քաղաքական կուսակցություններ ու հայացքներ: Ռմբահարումներից փախչելու համար 1943 սեպտեմբերից մինչև 1945 ապրիլ` մեր ժողովրդի պատմության ամենաբարդ շրջանում, մայրս, քույրս և ես գնացինք ապրելու Մոնֆերատոյում, Պիեդմոնտեզե գյուղում, որը դիմադրության էպիկենտրոնն էր:

Հ.Ց. 

Կռիվների ականատես եղե՞լ եք:

Ու.Է.

Հիշում եմ, որ նայում էի    ֆաշիստների և պարտիզանների միջև հրաձգությանը` համարյա երազելով, որ ինքս էլ միանամ թունդ կռվին: Այս առումով հիշում եմ  ինչպես խուսափեցի գնդակից` բարձրությունից ցատկելով հողին: Ապա հիշում  եմ` գյուղից ամեն շաբաթ տեսնում էինք, թե նրանք ինչպես են ռմբակոծում Ալեսանդրիան, որտեղ հայրս դեռ աշխատում էր: Երկինքը նարինջի պես պայթում էր: Հեռախոսագծերը չէին աշխատում, ուստի մենք ստիպված էինք սպասել մինչև շաբաթ-կիրակի նա տուն գար, որ իմանայինք` դեռ ողջ է, թե` ոչ: Այս ընթացքում գյուղում ապրելիս երիտասարդը ստիպված է սովորել  դիմակայել:

   Լ.Ա.Զ

Պատերազմը ինչ-որ ազդեցություն ունեցել է գրելու որոշման մեջ:

Ու.Է

Ոչ, ուղիղ կապ չկա: Սկսել էի գրել պատերազմից առաջ, պատերազմից անկախ: Որպես պատանի ես սկսել էի գրել կոմիքսներ, կարդում էի շատ, ֆանտաստիկ ժանրի վեպեր, որ տեղի էին ունենում Մալայզիայում և Կենտրոնական Ամերիկայում: Ես կատարելապաշտ էի և ցանկանում էին դրանք այնպես դարձնել ասես տպագրված են, ուստի գրում էի մեծատառերով և սարքում էի անվանաթերթեր, ամփոփագրեր, նկարազարդումներ: Այնքան հոգնեցուցիչ էր, որ դրանցից ոչ մեկը չավարտեցի: Այն ժամանակ ես անավարտ գլուխգործոցների հեղինակ էի: Անշուշտ ես սկսել եմ վեպեր գրել, պատերազմի մասին հիշողություններս կարևոր նշանակություն են ունեցել: Բայց ցանկացած մարդ համակված է իր երիտասարդության հուշերով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *