Երեկո էր: Մի ծառա Ռաշյոմոնի դարպասի ներքևում սպասում էր անձրևի դադարելուն:
Լայն դարպասի ներքևում բացի այս տղամարդուց ոչ ոք չկար: Միայն կարմիր ներկը տեղ-տեղ պոկված մեծ սյունի վրա մի ծղրիդ էր նստած: Քանի որ Ռաշյոմոնը Սուջյակու մեծ փողոցում էր, հավանաբար, նրանից բացի այստեղ անձրևից կպաշտպանվեին իչիմեգասա և մոմիեբոշի [1] կրող ևս մի քանի հոգի: Սակայն նրանից բացի ոչ ոք չկար:
Բանն այն է, որ այս երկու-երեք տարիների ընթացքում Կիոտոյում շարունակվում էին աղետները՝ երկրաշարժ, պտտահողմ, հրդեհ, սով: Եվ զարմանալի չէ, որ մայրաքաղաքը ամայացել էր: Ըստ հին տարեգրությունների՝ բանը հասել էր նրան, որ ջարդում էին բուդդաների արձանները և այլ սրբազան իրեր, և ոսկեջրված, արծաթաջրված այդ փայտերը շարելով փողոցում՝ վաճառում էին որպես վառելանյութ: Եվ քանզի մայրաքաղաքն այս վիճակում էր, Ռաշյոմոնի վերանորոգման մասին ոչ ոք չէր էլ մտածում: Ավիրվածությունից օգտվելով՝ այստեղ էին ապրում աղվեսներն ու ջրարջերը: Ապրում էին գողերը: Ի վերջո, որ այստեղ սկսեցին բերել և գցել անտեր մեռելներին: Երբ մթնում էր, այստեղ այնքան սարսափազդու էր լինում, որ ոչ ոք դարպասի մոտ ոտքը չէր դնում:
Դրա փոխարեն, չգիտես որտեղից, հավաքվել եկել էին բազմաթիվ ագռավներ: Ցերեկը, բարձր տանիքի թեքազարդերի վերևում շրջան գծելով, նրանք թռչում էին: Իսկ երբ դարպասի վերևի երկինքը մայրամուտից կարմրում էր, նրանք քունջութի հատիկների նման հստակ երևում էին: Ագռավները, բնականաբար, գալիս էին դարպասի դիակների միսը կրծոտելու: Բայց այսօր, միգուցե այն պատճառով, որ արդեն շատ ուշ է, ոչ մի ագռավ չի երևում: Միայն տեղ-տեղ ջարդված, և ջարդված տեղերում երկար խոտ աճած քարե աստիճանների վրա ագռավի սպիտակ, չորացած ծերտ է երևում: Ծառան, հնացած մուգ կապույտ շորը հագին, նստել է վերին՝ յոթերորդ աստիճանին, և աջ այտի վրա դուրս պրծած պզուկը քչփորելով՝ ցրված նայում է անձրևին:
Հեղինակը քիչ առաջ գրեց, «Ծառան սպասում էր անձրևի դադարելուն»: Բայց եթե նույնիսկ անձրևը դադարեր, ծառան, միևնույն է, առանձնապես գնալու տեղ չուներ: Սովորական ժամանակ, բնականաբար, կգնար տիրոջ տուն: Բայց տերը նրան չորս, հինգ օր առաջ աշխատանքից ազատել էր: Ինչպես արդեն գրել եմ, այդ ժամանակ Կիոտոն արտակարգ ամայացել էր: Եւ այն, որ երկար տարիներ ծառայելուց հետո տերը աշխատանքից հեռացրել էր այս ծառային, այդ ընդհանուր ամայացման հետևանքն էր: Այդ պատճառով ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե «ծառան սպասում էր անձրևի դադարելուն», այլ «անձրևից թրջված ծառան, գնալու տեղ չունենալով, նստած մտածում էր, թե իր հետ ինչ է լինելու»: Այսօրվա եղանակն էլ հեյանյան [2] այդ ծառայի սենտիմենտալության վրա պակաս ազդեցություն չէր թողնում: Կապիկի ժամից [3] սկսած անձրևը կտրվելու մտադրություն էլ չուներ: Եվ ծառան, ցրված մտածելով, թե ինչ անի, որ մի կերպ ծայրը ծայրին հասցնի, ինչպես ապրի վաղվա օրը, առանց լսելու ցանկություն ունենալու, լսում էր Սուջյակու փողոցի վրա թափվող անձրևի ձայնը:
Անձրևը, դարպասը պարուրած, հեռվից ֆշշալով գալիս է: Մթնշաղից երկինքը ցածրացել է, և երբ վերև ես նայում, թվում է, թե դարպասը ծանր և սև ամպերն է պահում իր թեք կղմինդրերով:
Անելանելի վիճակից մի կերպ դուրս գալու համար միջոցներ չեն ընտրում: Եթե ընտրես, ապա միայն մնում է սովից մեռնել ինչ-որ ցանկապատի տակ կամ ճանապարհի եզրին: Հետո դիակդ կբերեն և շան պես կգցեն այս դարպասի մոտ: Իսկ եթե միջոցներ չընտրես… ծառայի միտքը, մի քանի անգամ պտտվելով նույն ուղով, վերադառնում էր նույն կետին: Բայց այս «եթեն», ինչքան էլ ժամանակ անցներ, ի վերջո մնում էր «եթե»: Ծառան, հասկանալով, որ միջոցներ չպետք է ընտրել, այնքան քաջություն չուներ ընդունելու, որ «եթե»-ի հարցը լուծելու համար մնում է մի բան՝ գող դառնալ:
Ծառան բարձր փռշտաց և դժվարությամբ վեր կացավ: Երեկոյան զովից Կիոտոն այնքան էր ցրտել, որ մարդու սիրտը փայտի վառարան էր ուզում: Քամին մթնշաղի հետ միասին անհոգ փչում անցնում էր դարպասի սյուների միջով: Կարմիր սյանը նստած ծղրիդը ինչ-որ տեղ էր չքացել:
Ծառան, վիզը ճկելով, դեղին ներքնազգեստի վրայից հագած կապույտ կիմոնոյի ուսերը վեր ձգեց և շուրջը նայեց: Նա մտածեց՝ եթե տեղ գտնվի, որտեղ կարելի է անձրևից ու քամուց պաշտպանվել և առանց աչքի ընկնելու մի գիշեր հանգիստ քնել, ապա գիշերը կարելի է և այստեղ լուսացնել: Այդ պահին աչքով ընկավ կարմիր ներկած լայն սանդուխքը, որ տանում էր դարպասի աշտարակ: Եթե նույնիսկ վերևում մարդ լինի, մեկ է, բոլորը մեռելներ են: Ծառան, զգուշանալով, որ մեջքին կապած թուրը չընկնի պատյանից, ծղոտե ձորի [4] հագած ոտքը դրեց սանդուխքի ամենացածր աստիճանի վրա:
Դրանից մի քանի րոպե հետո էր: Ռաշյոմոնի աշտարակ տանող լայն սանդուխքի մեջտեղում մի տղամարդ, կատվի նման մեջքը կլորացրած, շունչը պահած, նայում է, թե ինչ է կատարվում վերևում: Աշտարակի վերևից իջնող լույսի ճառագայթը աղոտ լուսավորում է նրա աջ այտը: Այն այտը, որտեղ կարճ մորուքի մեջ կարմիր, թարախոտ պզուկ է դուրս եկել: Ծառան սկզբում մտածում էր, որ աշտարակի վերևում միայն դիակներ կլինեն: Սակայն երբ երկու-երեք աստիճան բարձրացավ, տեսավ, որ ինչ-որ մեկը լույս է վառել, և այդ լույսը այստեղ-այնտեղ է շարժվում: Այդ խավար, դեղին լույսը, ծայրից ծայր սարդոստայնով պատված առաստաղի վրա դողալով, արտացոլվում էր: Այս անձրևոտ գիշերով Ռաշյոմոնի վերևում այդ ո՞վ է կրակ վառել:
Ծառան, մողեսի նման անայն քայլելով, ի վերջո, սողալով բարձրացավ ուղղաձիգ սանդուխքի ամենավերին աստիճանը: Հետո ինչքան կարող էր մարմինը սեղմեց սանդուխքին, ինչքան կարող էր վիզը երկարացրեց և վախվորած նայեց աշտարակի ներսը:
Աշտարակի ներսում, ինչպես և լսել էր, մի քանի դիակ էր անփութորեն գցված, բայց քանի որ լուսավորված հատվածը փոքր էր, դրանց թիվը հնարավոր չէր իմանալ: Միայն մոտավորապես այն էր պարզ, որ կային մերկ դիակներ և կիմոնո հագած դիակներ: Դե իհարկե, դրանց մեջ կային և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Ու այդ բոլոր դիակները, կավից սարքած տիկնիկների նման, բերանները բաց, թևերը ձգված, ընկած էին գետնին: Մարդ նույնիսկ կասկածում էր, որ նրանք ժամանակին կենդանի են եղել: Նրանց ուսերը, կրծքերը և բարձր դիրքում գտնվող մարմնի այլ մասերը աղոտ լուսավորված էին, իսկ ցածր մասերը դրանից մութ էին երևում։ Նրանք համրերի նման ընդմիշտ լռել էին:
Դիակներից եկող գարշահոտությունից ծառան ակամայից քիթը փակեց: Սակայն հաջորդ վայրկյանին մոռացավ քիթը փակելու մասին: Մի ուժեղ հույզ նրանից խլել էր հոտառությունը:
Ծառայի աչքերը այդ ժամանակ նկատեցին դիակների մեջ պպզած մարդուն: Հինոկի ծառի կեղևի գույնի կիմոնո հագած ցածրահասակ, նիհար, ճերմակագլուխ, կապիկի նման մի պառավ էր: Պառավը, կրակ վառած սոճու լապտերը աջ ձեռքին, սևեռուն նայում էր դիակներից մեկի դեմքին: Երկար մազերից դատելով՝ դա, ամենայն հավանականությամբ, կնոջ դիակ էր:
Ծառան վախից և հետաքրքրասիրությունից մի պահ մոռացավ նույնիսկ շնչել: Ինչպես կասեին հին տարեգրությունների հեղինակները՝ նրա գլխի և մարմնի մազերը բիզ-բիզ էին կանգնել: Այդ ժամանակ պառավը, սոճու լապտերը դնելով հատակի տախտակների արանքում, ձեռքերը պարզեց դեպի այն դիակը, որին մինչև հիմա նայում էր, և մայր կապիկը ձագի ոջիլները մաքրելու նման սկսեց հատ-հատ պոկել այդ երկար մազերը: Մազերը հեշտ էին պոկվում:
Մազերի հատիկ-հատիկ պոկվելու հետ մեկտեղ ծառայի վախը սկսեց քիչ-քիչ անհետանալ: Միևնույն ժամանակ այդ պառավի հանդեպ կամաց-կամաց ատելություն արթնացավ: Չէ, բայց սխալ կլինի ասել այդ պառավի նկատմամբ: Ավելի շուտ, նրա սրտում րոպե առ րոպե ուժեղանում էր ամեն տեսակ չարիքի հանդեպ զզվանքը: Եթե այդ պահին ինչ-որ մեկը այդ ծառային, որ քիչ առաջ դարպասի ներքևում մտորում էր, որ սովից փրկվելու համար կարելի է և գողություն անել, կրկին այդ հարցը տար, նա անտարակույս կընտրեր սովամահությունը: Այդ աստիճան նրա ամեն չարիք ատող սիրտը, հատակին դրված սոճու լապտերի պես, կատաղի այրվում էր:
Ծառան, իհարկե, չգիտեր, թե ինչու է պառավը դիակի մազերը պոկում: Հետևաբար, տրամաբանական է, որ նա չգիտեր՝ դա բարիք է, թե՞ չարիք: Սակայն նրա համար այս անձրևոտ գիշերով Ռաշյոմոնի դարպասի վերևում մեռելի մազեր պոկելն արդեն իսկ աններելի չարիք էր: Ծառան, իհարկե, մոռացել էր, որ քիչ առաջ մտածում էր գող դառնալու մասին:
Այդ ժամանակ նա, երկու ոտքերին ուժ տալով, հանկարծ սանդուխքից ցատկեց վերև: Եվ թուրը բռնած՝ մեծ քայլերով գնաց պառավի առջև: Կարիք չկա ասել, որ պառավը վախեցավ:
Ծառային տեսնելով՝ պառավը աղեղից արձակված նետի նման վեր ցատկեց:
– Այ, դու՜, այդ ո՞ւր ես գնում։
Չթողնելով, որ դիակների մեջ սայթաքող պառավը փախչի՝ ծառան այդպես հայհոյեց: Պառավը, մեկ է, փորձում էր ծառային մի կողմ հրել և փախչել: Ծառան էլ, որ չթողնի փախչել, նրան հրեց: Նրանք դիակների մեջ որոշ ժամանակ լուռ իրար էին կառչել: Բայց սկզբից էլ պարզ էր, թե ով է հաղթելու: Ծառան ի վերջո բռնեց պառավի ոտքը և նրան գետնին տապալեց: Հավի ոտքի նման էր՝ միայն ոսկոր ու կաշի:
– Ի՞նչ ես անում: Ի՞նչ ես անում, է: Ասա, թե չէ տես քեզ ի՜նչ կանեմ:
Ծառան, պառավին հրելով, բաց թողեց, թուրը հանկարծ հանեց և դրա սպիտակ պողպատե պատյանը բերեց նրա աչքերի առաջ: Բայց պառավը լուռ էր: Երկու ձեռքը վախից դողդղացնելով, շնչակտուր, աչքերը կոպերից դուրծ պրծնելու չափ մեծացած բացել էր և համրի պես համառորեն լռում էր: Սա տեսնելով ծառան հասկացավ, որ պառավի կենդանի կամ մեռած լինելը լրիվ կախված է իր կամքից:Այդ գիտակցությունը նրա մեջ սառեցրեց մինչև հիմա այրվող զայրույթը: Միայն մնաց այն հանգստի ու բավարարվածության զգացումը, որ ունենում են ինչ-որ գործ ավարտին հասցնելուց հետո: Ծառան, պառավին վերևից նայելով, ավելի հանդարտ ասաց:
– Ես անօրեններին պատժող պաշտոնյա չեմ, մի ճամփորդ եմ, որ անցնում էի այս դարպասի տակով: Դրա համար քո ձեռքերը կապելու մտադրություն չունեմ: Բայց պիտի ասես, թե այս ժամին, այս դարպասի վրա դու ի՞նչ էիր անում:
Պառավը չռած աչքերն ավելի մեծացրեց և սևեռուն նայեց ծառայի դեմքին: Կարմրած բիբերով, գիշատիչ թռչնի նման սուր հայացքով նայեց նրան: Հետո կնճիռների և քթի հետ միացած շուրթերը ինչ-որ բան ծամելու նման շարժեց: Նրա կոկորդից ագռավի կռռոցի նման շնչակտուր ձայնը հասավ ծառայի ականջին:
– Մազերը պոկում էի, այս կնոջ մազերը պոկում էի, որ կեղծամ սարքեմ:
Պառավի պատասխանը այնքան սովորական էր, որ ծառան նույնիսկ հիասթափվեց: Միառժամանակ, քիչ առաջ ունեցած ատելությունը փոխվեց սառն արհամարհանքի: Պառավն էլ կարծես դա նկատեց: Նա, դիակի գլխից պոկած մազերը բռնած, գորտի կռկռոցի նման ձայնով մրթմրթաց:
– Իսկապես, միգուցե մեռելի մազերը պոկելը վատ բան է: Բայց այստեղի մեռելներն այնպիսի մարդիկ էին, որ արժանի են նման վերաբերմունքի: Օրինակ այս կինը, որի մազերը պոկում էի, չորս սուն չափի կտրած օձը չորացնում էր ու վաճառում արքունական պահակներին՝ որպես չորացրած ձուկ: Եթե ժանտախտից մահացած չլիներ, միգուցե հիմա էլ դա վաճառելիս լիներ: Դեռ ավելին՝ ասում էին, որ նրա չորացրած ձուկը համով է, ու արքունական պահակները՝ որպես խավարտ, միշտ դա առնում էին: Ես չեմ կարծում, թե նա վատ բան էր անում: Եթե չաներ, սովից կմեռներ, ստիպված էր անում: Դրա համար հիմա իմ արածն էլ վատ բան չեմ համարում: Եթե սա չանեմ, սովից կմեռնեմ, ստիպված եմ անում: Ստիպված եմ անում այս քայլը՝ մտածելով, որ ինձ լավ ճանաչած այս կինը անպայման կներեր իմ արարքը:
Պառավը մոտավորապես այսպիսի բաներ ասաց:
Ծառան, թուրը պատյանի մեջ դրած և ձախ ձեռքում թրի կոթը բռնած, հանգիստ լսում էր նրա պատմածը: Անշուշտ, լսում էր աջ ձեռքով այտին դուրս եկած կարմիր պզուկը քչփորելով: Լսելու ընթացքում ծառայի սրտում քաջություն ծագեց: Դա մի քաջություն էր, որ դարպասի ներքևում եղած տղամարդը չուներ: Այդ քաջությունը, քիչ առաջ դարպաս բարձրանալուց և պառավին բռնելուց հետո զգացած քաջության լրիվ հակառակն էր: Ծառան այլևս կասկած չուներ, որ սովից փրկվելու համար կարելի է և գող դառնալ: Այդ պահին սովից մեռնելը այնքան դուրս էր նրա գիտակցությունից, որ դրա մասին չէր էլ կարող մտածել:
– Պարզ է, – պառավի խոսքը վերջանալուց հետո ծաղրանքով ասաց ծառան: Հետո մի քայլ առաջ եկավ, հանկարծակի աջ ձեռքը հեռացրեց պզուկից և պառավի օձիքից բռնած՝ ասաց:
– Դե որ այդպես է, չնեղանաս, եթե քեզ թալանեմ: Եթե այդպես չանեմ, ես էլ սովից կմեռնեմ:
Ծառան պառավի վրայից արագ պոկեց կիմոնոն: Հետո իր ոտքերից կառչել փորձող պառավին կոպիտ աքացիով գցեց դիակների վրա: Մինչև սանդուխք հինգ քայլ էր: Ծառան, թալանած հինոկիի կեղևի գույնի կիմոնոն թևի տակ դրած, սանդուխքով արագորեն իջավ դեպի գիշերային մթություն :
Որոշ ժամանակ անց էր, որ մեռածի նման ընկած պառավը մերկ մարմնով բարձրացավ դիակների միջից: Նա, փնթփնթալով ու տնքտնքալով, դեռ վառվող լապտերը ձեռքին, սողաց մինչև սանդուխքը: Հետո սպիտակ, կարճ մազերը առաջ գցած նայեց դարպասից ներքև: Դրսում միայն սև գիշերն էր:
Ոչ ոք չգիտի, թե ծառան ուր գնաց:
[1] Իչիմեգասան կանացի ծղոտե գլխարկ է, իսկ մոմիեբոշին երկարավուն գլխարկ է, որ կրել են հիմնականում տղամարդիկ:
[2] Խոսքը Հեյանի ժամանակաշրջանի մասին է՝ 794 to 1185:
[3] Մոտավորապես ժամը չորսը։
[4] Ճապոնական սանդալներ։