Աշոտ Ստեփանյան | Խանդ

Սերը ուժեղ է մահվան պես, խանդը գերեզմանի պես դաժան է:
(Սողոմոն)

Արդեն քանի շաբաթ ա՝ չեմ քնում, որոշել եմ երբեք կյանքում չքնել…

Չքնել ինքդ քեզ հետ, որովհետև բարդ ա, երբ մարմինդ, հոգիդ ու մտածմունքներդ խառնվում են իրար: Ավելի հաճելի ա, ավելի ապրեցնող ուղղակի պառկել ու նայել առաստաղին, քան տրվել էս ամբողջ մտածմունքներից ու օրվա ժամանակահատվածից առաջացած ենթագիտակցական հոսքով եկող երազներին, որոնք էլ իրենց հերթին հարցեր են առաջացնում ու ստիպում, որ մեկ-մեկ մտածես արթմնի ժամանակ, բայց մտածելդ քեզ չի բերում էն կետին, որտեղից սկսեցիր ու որոշեցիր մի բան փոխել, փոփոխել սեփական գիտակացական մակարդակը, որպեսզի դիվային երազները քեզ էլ չանհանգստացնեն։

Արդեն քանի շաբաթ ա՝ չեմ քնում…

«Շիզոֆրենիկ լինելը գենային ա»,- ասում էր պապս, երբ մորթեց տատուս կացնի մի քանի հարվածով, կարծես փայտին էր հարվածում… կտրտեց, լցրեց գյուղից բերած կարտոֆիլի տուփի մեջ ու տարավ աղբարկղի կողքին դրեց, ասում են` երեխաներ են գտել, գոռացել են, հետո ոստիկաններ, հետո ամբողջ բակով մեկ փսփսոցներ…խանդից դրդված էր՝ ասում են, բայց ես ավելի խորը գիտեմ, թե ինչի, բայց նաև կասկածում եմ, որովհետև նույն ախտորոշումները ինքս ունեմ հիմա, ինչ ժամանակին պապս…

Ընկերուհիս դավաճանեց ինձ, ու դավաճանելը էդքան էլ վատ բան չի, եթե գիտակցված չէ։ Դավաճանելը նման ա մեռնելուն, ես կասեի ավելի վտանագավոր ա, քան մեռնելը, որովհետև դու զգում ես մի ամբողջ նվիրում ու ցավ ու թե ոնց ես կամաց-կամաց մարում սեփական հուսահատության ու անտարբերության մեջ։ Ինքս մտածում եմ, որ մարդկային արժեքները վաղուց ընկել են անդունդը․ մարդը ոչ այլ ինչ ա, քան քայլող անարժեք հասկացություն, որին վերջ չկա, բայց ես կդնեմ նրա վերջը ու հանգիստ կքնեմ։

Արդեն մի քանի շաբաթ ա՝ չեմ քնում…

Էս քանի շաբաթվա անքնության պատճառը նախկին ընկերուհուս հետևելն էր, նրա հանդիպման վայրով անցնելը, տեսնելը, թե ոնց ա համբուրվում, սեղմում կրծքերը ուրիշ մարմնի: Աչքերս կարմրում էին, երբ պատկերացնում էի, թե ինչ տեսակ սեքս են անում հիմա իրանք։ Ամեն դետալ գալիս էր աչքիս առաջ՝ մազերը հավաքելը բռի մեջ, ուրիշի առնանդամը հեշտոցի պատերին քսելը, կոնքերից ուժեղ սեղմելը, մարմնի անտակտ տակտի տակ այսուայնկողմ գնալը…գժվում էի, սիրտս հարյուրի տակ աշխատում էր, մտածում էի` հենց հիմա վերջ կտամ երկուսի կյանքին, հենց հիմա նենց կանեմ, որ երկուսով ընկնեն դժոխք, որտեղից վերադարձ չի լինի, թե՛ ինձ, թե՛ նրանց համար:

Արդեն քանի շաբաթ ա՝ չեմ քնում…

Միակ հանգստացնող երևույթը իմ կյանքում կատուներս են․ նրանք ելնում ու իջնում են իմ վրա, սիրում, գռմռում ու երևի նրանցից ավելի նվիրված բան չկա իմ չոր իրականության մեջ: Ծնողներս վաղուց են մահացել, ես մեծացել եմ կատուների ու տատուս «հիվանդ» ամուսնու հետ, որի հետ խոսելը նման էր փիլիսոփայական ակտի, տատս էլ չկա էդ դեպքից հետո, իսկ պապուս գլուխը գժանոցում կերան, իրա դևերը կերան։

Առաստաղից դանդաղ կաթկթում էին աստղերը, հիշողությունները սողոսկում մարմնիս հատվածների մեջ, ես թարթում էի ու գիտակցում ողջ կատարվածը, բայց չէի հավատում, որ իմ հետ ա պատահել։ «Խանդելը լավ բան չի, խանդողը թույլ մարդ ա»,- մտածում եմ ես։ Պապս Նիցշեին էր ցիտում մշտապես. «Կինը նման է թռչունի, ով գալիս, ընկնում է քո վանդակը, բայց երբ մի փոքր բաց ես թողնում նրան, թռչում, գնում է»։ Երևի այ էդ տողերից դրդված սպանեց նրան, թողեց, որ մնա վանդակում, կտրեց թևերը, իսկ հետո մեջը արթնացավ էն գենային խախտումը, որը դարեդար եկել ու հասել էր նրան: Չգիտեմ էլ, թե ոնց եղավ, որ բոլոր վատ բաները մեր ընտանիքի հետ պատահեցին՝ իրար հերթ չտալով, ոնց ծնողներս ավտոբուսով շուռ եկան, ոնց մորքուրներս կրծքի քաղցկեղից մահացան, ոնց պապս չդիմացավ ու ինքնասպան եղավ։ Մի դրվագը մյուսի ետևից գալիս էին ու մտնում այս կիսաստվերոտ տուն, կերպարայինիս սևությունը դուրս էր գալիս իմ միջից ու հետևում էր ինձ, հրամաններ էր տալիս, տեսիլքներ էր ցույց տալիս:

Պատկերները դիտելուց հետո ներսումս ինչ-որ բան էր կատարվում. ինձ ինադու ինքը, այսինքն ես պատկերում էի այնպիսի բաներ, որ տես, թե ինչ են անում հիմա իրանք, տես՝ որ դիրքով, տես՝ որտեղ․ մի անգամ չդիմացա ու մաստուրբացիա արեցի այդ ցնորական կադրերը դիտելով, հա, մեղք եմ գործել, բայց դավաճանված լինելը ավելի վատ ա․ ավելի լավ ա սպանես, քան դավաճանես, դավաճանությունն էլ իր հերթին սպանություն ա` դիմացինիդ կյանքից զրկելը հոգևոր առումով։
Անընդհատ հետևում եմ` ոնց տուն եկավ, ոնց բարձրացավ սանդուղքով, ոնց չնկատեց, որ կողքով անցա, ոնց չնկատեց, որ գիտեմ, թե ում հետ է հանդիպում, ում է սիրաշահում… բաժակս լցվում էր, գալիս էի տուն ու դատարկում ծխախոտի ու ալկոհոլի մեջ, ներսս խառնվում էր, դևերս դուրս էին գալիս և հավաքվում շուրջբոլորս, հետները կարտ էի քցում, հետո շախմատ խաղում, միշտ պարտվում էի, ես իմ դևերին անընդհատ տանուլ եմ տալիս։

Հիմա էս կաթկթացող աստղերի հետ ես խաղաղ եմ, չգիտեմ ինչի խաղաղությունը եկել ու կանգնել ա դիմացս, ինձ ասում ա` ապրես, դու քեզ հաղթահարեցիր, ոնց պապս էր կրկնում Նիցշեի խոսքերից. «Մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի»: Խելացի էր պապս, բայց ուղեղը բացի փիլիսոփայությունից այլ բաներով չէր կարողանում լցնել, հա, մեկ-մեկ էլ բարձր պոեզիա էր կարդում, քնելուց միշտ գալիս վախեցնում էր` Чёрный человек, глядит на меня в упор, и глаза покриваются голубой бливотой… ու այ սենց, չէր թողում քնեի, ասում էր՝ պոեզիան է մարդկային հոգին առաջ տանում, մեկ էլ դրա միջի փիլիսոփայությունը, որը գողացված ա ավելի վաղ շրջանի պոետներից։ Բայց հետաքրքիրն այն էր, որ օգտագործում էր հոգի բառը, բայց չէր հավատում, որ Աստված գոյություն ունի, երևի իր ներսի երկմտանքն էր՝ երկակի մարդը, մեկը ռոմանտիկ էր, իսկ մյուսը՝ չար, որը խանդի հողի վրա սպանեց տատուս։

Երկար-բարակ անելով հասկանում եմ, որ հասնում ենք վերջին, բայց վերջը այդպես էլ չի երևում: Վերջը միշտ փախչում ա մեզնից՝ ասելով, որ դեռ չենք հասել, դեռ ունենք քայլելու, դեռ ունենք ապրելու, բայց ես էլ ապրել չեմ ուզում, որովհետև զգում եմ` ոնց եմ ինքս ինձ կուլ տալիս, ոնց եմ հիմա դատարկ աստղերից սնվում, ոնց են նրանք ընկնում իմ վրա ու խեղդում ինձ, ոնց են իմ դևերը խաղաղության ձգտում: Նրանց պահվածքը ինձ վախեցնում ա, բայց էդ նաև իմ պահվածքն ա, որովհետև դու այն ես, ոնց քեզ պահում ես միայնակ մնալիս, ես այն եմ, ինչ իմ դևերն ինձ ասում են: Ես խանդում եմ, անտանելի եմ խանդում, որ էդ երկուսին տեսնում եմ միմյանց հետ, ես տեսնում եմ ոնց են նրանք տուն բարձրանում, ոնց են իրար սիրում, ոնց են քնում միմյանց հետ՝ իրար բույրերը խառնելով, հորձանքն եմ տեսնում, քրտինքը, կրծքերի ու մեջքի խառնիխուռն հպումները, էդ ամենից վատանում եմ, ընկնում եմ իմ սեփական անդունդը, փակվում, կիսաբացից նայում, թե ոնց ա այդ ամենը կատարվում նրանց հետ։ Ո՞նց են մարդիկ փոխարինում իրար, ո՞նց են մոռանում, ո՞նց են ստում մարդիկ իրար․ արժեք չկա, մարդն անարժեք ա, հազար անգամ կասեմ ու կասեմ՝ եթե արժեք լիներ, գոնե ներողություն կխնդրեր, կամ կասեր, որ ես էսպիսինն եմ, հիմա քո հետ եմ, մյուս օրը սրա հետ եմ, լավ խոսք ա… ճիշտ ա տղեն էդքան էլ մեղավոր չի, բայց ունի իր մեղավորության չափը, իսկ հիմա ես բոլորին եմ մեղավոր համարում, բոլոր-բոլորը պետք է պատասխան տան հոգևոր ու ֆիզիկապես դավաճանելու համար, բոլորը պետք ա զգան, թե ոնց ա էդ ամենը փոխում մարդուն։ Պապուցս էլ էս փիլիսոփայելը մնաց, լավ ա, գոնե մի բան մնաց, մի բան, ախախա…

Հիմա խաղաղ եմ, սենտիմենտալ խաղաղությունը պատել ա մարմինս, իսկ օդից դեռ ընկնում են աստղերը մարդկային կերպարանքով: Մարդկային սրտերը աստղերի նման են․ մեկ էլ մի օր այն փակվում ա ամպերով, ու դու չես կարողանում շոշափել նրանց: Շատ վատ բան ա խանդը, ոչ ոքիդ խորհուրդ չեմ տա հայտնվել այն իրավիճակում, որտեղ ես եմ հայտնվել, մի՛ խանդեք, ոչինչ մի՛ զգացեք, նայե՛ք սեփական դևերի մաքրությանը, բայց շատ մի՛ լսեք նրանց, թե չէ կդառնաք ձեր դևերի խամաճիկները, ոնց, ոնց…ես։

Արդեն քանի շաբաթ ա՝ չեմ քնում,-կրկնում եմ անընդհատ, անդադար։

Դանդաղ բարձրանում եմ սանդուղքով՝ իմանալով, որ միասին են, տանն են՝ իրար բերան մտած, տալիս եմ զանգը, հետևումս փայլում ա դանակը, դուռը կիսաբաց ա անում, ձեռքով հրում եմ այն ու դանակը խրում եմ տղամարդու սրտի մեջ, խանդի ամբողջ համակարգը կիսով չափ կորում ա իմ ներսից, գահավիժում ա գետնին, խանդիս երկրորդ մասը սենյակից գոռում ա,- ո՞վ էր, սիրելիս: Ներսիս դևերը ասում են՝ «պատասխանի՛ր նրան»: Ես եմ հրաշքս,- պատասխանում եմ կիսաօրգազմիկ ձայնով: Ձայն չի հանում․ տղու մարմնի մեջ մտած ա պապուս դանակների հավաքածուից մեկը, հանում եմ սրտից, արյունը հրապարակի շատրվանների նման միանում ա, դեռ թփրտում ա, բռնում եմ մազերից ու մինչև սենյակ գնում` նրան քարշ տալով, իսկ արյան հետքերը մնում են գետնին։ Պապս ասում էր, որ ամեն ինչի մեջ պետք է արվեստ փնտրել: Այո, գտել եմ, պա՛, գտել եմ։ Թողնում եմ գետնին, բացում եմ սենյակի դուռը, որտեղ ոտքերը խաչուփաչ արած սպասում էր իր տղամարդուն իմ սիրելին, իմ սերը, իմ խանդի բնօրրանը: Բարևում եմ, ոչինչ չի ասում, ասում եմ՝ ես քեզ կարոտել եմ, ոչինչ չի ասում, ասում եմ՝ սիրում եմ քեզ, ոչինչ չի պատասխանում: Դանդաղ մոտենում եմ նրան, համբուրում այտը, նա սփրթնած ա․ տեսել ա արյան հետքերը վրաս: Դևերս ամբողջ ուժով ծափահարում են․ «ապրես, դու հասար նրան ինչին մենք ձգտում էինք», հանում եմ երկրորդ դանակը ու խրում սիրտը, աչքերս վառվում են, ինձ թվում ա` իրեն սպանելով սպանեցի նաև ինձ, հոգոց ա հանում, անելանելի իրավիճակ, սպիտակ անկողինը լցվում ա արյունով, գրկում եմ նրան, դանդաղ իջեցնում անկողնու վրա, սիրտս հովանում ա, ձայները գլխիցս լքում են ինձ, դևերը հրաժարական են տալիս։ Ես խաղաղ եմ ու հիմա պառկած այս երկուսի մեջտեղում` ես խաղաղ եմ, խաղաղ իմ և իմ դևերի հետ, իսկ ինչ կլինի վաղը՝ արդեն մեկ ա․ ես լուծեցի իմ խանդի խնդիրը, բարդ խնդիր չէր, ուղղակի պետք էր սպանել նրանց, իսկ հիմա նայում եմ, թե ոնց են աստղերը ընկնում ինձ վրա…աչքերս փակվում են։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *