Բարի օր, Ջեյմս:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հրատարակչությունը նախատեսում է հրատարակել ձեր վեպը: Պետք է նշել, որ դուք աներևակայելի տաղանդավոր եք և ձեզ մեծ ապագա է սպասվում, բայց կա մի կարևոր պահանջ. պետք է փոխել գլխավոր հերոսի սեռը: Մեր օրերում շատ արդիական է ուժեղ կնոջ կերպարը:
Հարգանքներով ՝ Լ. Սամերս:
Բարի լույս, Լինդա:
Ձեր խնդրանքի համաձայն ես փոխեցի գլխավոր հերոսի սեռը: Հիմա նա կին է: Նաև փոխեցի սիրո գիծը: Այժմ գլխավոր հերոսին, Հյուսիսային բևեռ արշավախմբի ժամանակ, տանը սպասում է Ստիվը ՝ հավատարիմ ամուսինը:
Ջեյմս Մորոու:
——
Բարի օր, Ջեյմս:
Կարդացինք նոր տարբերակը: Խմբագիրը խորհուրդ է տալիս փոխել ևս մեկ դրվագ. յոթերորդ գլխում, երբ սառցե բևեռային հետազոտողները միասին տաքանում են մեկ քնապարկի մեջ: Այժմ, երբ գլխավոր հերոսը կին է, դրվագը սեռական երանգ է ստանում, փորձեք ինչ -որ բան անել այդ ուղղությամբ:
Եվս մի դիտարկում. տասներորդ գլխում բևեռախույզները միասին աղոթում են: Կրոնը շատ նուրբ հարց է, այնպես արեք, որ նրանք աղոթեն տարբեր աստվածների, ոչ թե մեկին:
Հարգանքներով ՝ Լ. Սամերս:
Բարի օր, Լինդա:
Ձեր նշած դրվագը փոփոխեցի: Այժմ բևեռային հետազոտողները միայն Աստծուն չէ, որ աղոթում է, յուրաքանչյուրն իր կրոն ունի՝ ներառյալ վուդուն և նոր հեթանոսությունը: Կարծում եմ, որ բավականին ընդգրկուն ցուցակ է:
Ես փոխեցի նաև յոթերորդ գլուխը: Այժմ բևեռային հետազոտողները խմբերով տաքանում են՝ ըստ կրոնական նկատառումների: Իսկ հերոսուհին ընդհանրապես առանձին է:
Ասա ինձ, նա պե՞տք է փարաջա հագնի: Ի վերջո, բևեռային հետազոտողներից մեկը արմատական իսլամիստ է:
Ջեյմս Մորոու:
——
Բարի օր, Ջեյմս:
Մենք որոշեցինք ձեր վեպը մեր գրական ամսագրում տպագրել գլուխ առ գլուխ: Դա թույլ կտա մեզ խմբագրել դեռ չհրապարակված գլուխներ: Մենք արդեն հրապարակել ենք առաջին գլուխը և ստացել մի շարք մեկնաբանություններ. բան այն է, որ բևեռային հետազոտողների մեջ չկան ասիացիներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Խնդրում ենք կատարել համապատասխան խմբագրումներ:
Հարգանքներով ՝ Լ. Սամերս:
——
Փոխեց երկրորդ գլուխը: Այժմ բևեռախույզները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են և նրանց մեջ նաև մի հաշմանդամ, անոտք ասիացի կա: Նրան տեղափոխում են սահնակով: Գլխավոր հերոսի պե՞տք է փարաջա կրի:
Ջեյմս:
Բարի օր, Ջեյմս:
Մենք ստացել ենք բազմաթիվ բացասական արձագանքներ:
1. Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է ավելի շատ լինեն, որովհետև երբ նա մենակ է և բոլորը նրան քարշ են տալիս, այսպես ասած՝ ստորադաս մարդու կերպար է ձևավորվում:
2. Մեզ պետք են 3 միասեռականներ:
3. Գլխավոր հերոսուհուն ավելի մարմնեղ դարձրեք: Ոչ, փառաջա կրելու կարիք չկա:
Հարգանքներով ՝ Լ. Սամերս:
——
Փոփխություններն արված են: Այժմ բոլորն են սահմանափակ կարողություններով՝ բացառությամբ իսլամիստի և գլխավոր հերոսի: Գլխավոր հերոսուհին այժմ մարմնեղ է:
Ջեյմս:
——
Ջեյմս, շտապ խմբագրումներ կատարիր: Իսլամիստը չպետք է լինի միակ հաշմանդամություն չունեցող անձը. Տպավորություն է, որ նա առանձնանում է մյուսների ֆոնին, թող նրա ոտքերը ցրտահարվեն: Արագորեն ավելացրեք նաև կրոնական համասեռամոլների միջև զարգացող սիրո գիծը: Անկեղծ պետք է լինեմ, ընթերցողները դժգոհ են:
Լ. Սամերս:
Փոփխություններն արված են, իսլամիստի ոտքերը ցրտահարված են, սիրո գիծը զարգացրեցի և հարկադրեցի, որ բոլոր համասեռամոլները սիրահարվեն միմյանց և աթեիստ վուդիստին: Նաև վերաշարադրեցի հազվագյուտ սպիտակ արջի փրկության տեսարանը՝ երկու բևեռախույզների կյանքի գնով:
Ջեյմս:
——
Ջեյմս, ցավոք, մենք պետք է դադարեցնենք հրապարակումները: Դեռ մի կողմ թողնենք, որ որ մի քիչ տարօրինակ է նայվում խելագար, նույնասեռական, տարակրոն, հաշմանդամ բևեռախույզների այս խումբը՝ 200 կիլոգրամանոց կնոջ առաջնորդությամբ, որոնք իրենց մարմնով կերակրում են արջին, պարզապես այսօր մեր խմբագրություն եկավ կույրերի ասոցիացիայի ղեկավարը և ասաց, որ ձեր վեպը վիրավորում է իրենց զգացմունքները: Որովհետև նրանք չեն կարող այն կարդալ: Եվ մենք որոշեցինք ձեր վեպի փոխարեն հրապարակենք դատարկ էջեր: Հուսով եմ՝ ըմբռնումով կմոտենաք հարցին:
Հարգանքներով ՝ Լինդա Սամերս:
——
Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվեց:
Ջեյմս:
——
Բարի օր, Ջեյմս:
Այս նամակը գրում եմ որպես նախազգուշացում: Մեր խմբագրությունը միջնորդագիր է ստացել «Սուրբ հաղթանդամ եղբայրներ» կրոնական կազմակերպությունից: Նրանք վիրավորված են, որ ձեր վեպում բացակայում են ստորգետնյա աստվածների մասին հիշատակումները և մտադիր են հասնել ձեր ձերբակալությանը: Փախեք երկրից, Ջեյմս:
Հեղինակ ՝ Ռագիմ Ջաֆարով