Ամեն օրվա պես այսօրն էլ ընթանում էր այնքան սովորական, որ ոչ մի կասկած չէր թողնում. չտարբերվող երեկոն անցնելու էր անցած օրերի հերթականության պես: Աշխատանքից հետո, երբ շաբաթվերջյան գնումներով տոպրակները ձեռքիս մոտեցա փողոցի ծայրին գտնվող հեռախոսին, ամեն ինչ դեռ սովորական էր: Դենին առաջ էլ էր հիվանդացել (երեխաները հաճախ են հիվանդանում), բայց ես գիտեի, որ փոքրիկի մոտ ամեն ինչ լավ է լինելու, ինչը նույնպես, սովորականի հաճելի շարունակություններից մեկն էր: Ի հաստատում մտքերիս, Էնին հայտնեց, որ Դենի ջերմությունն իջել է ու փոքրիկն իրեն լավ է զգում: Երջանիկ թեթևություն զգացի այդ նորությունից ու դրանից ոգևորված՝ Դենիին խաղալիք բեռնատար ու գունազարդ կոմիքսների թարմ համարներ, իսկ Էնիին ձեռակերտ փղոսկրյա սանր գնեցի:
Գարեջրատանը, մի քանի շիշ դատարկելու սովորույթին հավատարիմ, ներս մտա «Ծովակալ Դիք» ու ըմբոշխնելով սառը գարեջրի չորս շիշ՝ հաճելի տրամադրության մեջ ընկա: Շաբաթվա վերջին կարող եմ ինձ թույլ տալ նման շռայլություն՝ հաշվի առնելով այն ամենը, ինչի միջով ստիպված եմ լինում անցնել: Հաճելի գինովության մեջ պարուրված դուրս գալով փողոց՝ գործի գցեցի պիկապն ու եգիպտացորենի երկկողմ դաշտերի միջով ձգվող մայրուղով շարժվեցի տուն: Ամեն բան սովորականի նման էր, ճիշտ ինչպես նախորդ ուրբաթ ու դեռ դրանից էլ շատ առաջ, ես նույնիսկ մտքով առաջ ընկա՝ տեսնելով ընթրիքի սեղան պատրաստող Էնիին, փողոց նայող պատուհանի առաջ ինձ սպասող Դենիին, նրանց ուրախությունը, երբ կհանձնեմ անակնկալ նվերները: Ինձ ոչինչ չխանգարեց անգամ հանգստյան օրերն անցկացնելու ծրագրերը մշակել, ու երևի թե ամեն բան այդպես էլ կընթանար, եթե տեղի չունենար այն, ինչից ամենից շատն էի վախենում:
Ես հիշեցի մի բան, որ ժամեր առաջ էր ինձ հետ պատահել, կամ ավելի ճիշտ իմ ոչ երկրային ուրվական նմանակի, և դա ինձ անհանգստացրեց այն աստիճան, որ մտահոգության սև ամպն, ամեն րոպե պայթելու պատրաստ, կուտակվեց գլխիս: Նա հայտնվում էր այնքան անսպասելի, որ ես չէի հասցնում կանխել չարաղետ հետևանքներին տրվող ժամանակի ընթացքը՝ ակամայից դառնալով նրա ձեռքում անգիտակից մի էակ, որ միայն ժամեր հետո էր հիշելու տեղի ունեցածը կամ շատ ավելի ուշ: Այն, որ ժամեր առաջ նա հայտնվել էր իմ մեջ, ես իմացա նրանից հետո հիշողության դանդաղ վերականգնման տանող զգացողության վերադարձով:
Ես գիտեի, որ տեղի է ունեցել չարաղետ մի բան, որն այլևս չես ուղղի, գիտեի նաև, որ ակամայից մեղավորն ու մասնակիցը ես եմ, ու այն, որ տեղի ունեցածից ոչինչ չեմ հիշում, ինձ ոչ արդարացնում և ոչ էլ ազատում պատասխանատվությունից:
———
Այո՛: Խոստովանում եմ: Ես ատում եմ Սեմ Ուիլին: Նա իմ ճանաչած ամենաանտանելի մարդն է, հորիցս էլ անտանելի. ում ներկայությունը անկարող լինելով տանել՝ 16 տարեկանում փախա տնից: Սեմ Ուիլը սառնարանային պահեստի պատասխանատու կառավարիչն է և նրա ենթակայության տակ են գտնվում ութսունվեց աշխատակից, որոնց թվում և ես:
Հաստամարմին, ռեզինե տաբատակալ ուսերին սեղմած, խոշոր գլխով ու միշտ քրտնած ճակատով այդ մարդն անբարյացակամ վերաբերմունքով է լցված իմ հանդեպ: Ես վաղուց էի հասցրել նկատել, որ ի պաշտոնե ինձ նկատողություն անելը երջանկացնում է նրան, իսկ եթե դա տեղի էր ունենում այլ աշխատակիցների ներկայությամբ, բավականությունից շիկնում էին նրա այտերն ու փայլարձակում եզնաչյա բիբերը:
Ես չգիտեմ որտեղ էր իմ սխալը: Ի՞նչն էր պատճառը, որ Սեմ Ուիլն այդքան վատ էր վերաբերվում ինձ: Երդվում եմ, նման առիթ ես երբևէ նրան չէի տվել: Աշխատանքային պարտականություններս կատարել էի անթերի, աշխատավայրում կոնֆլիկտներ չէի ստեղծել, անձայն կատարել էի նրա բոլոր հրահանգները, անգամ նրանք, որ չէին մտնում պահեստավորող բանվորի պարտականությունների մեջ: Ու այնուամենայնիվ, անկախ իմ համառ ջանքերին ոչինչ չէր ստացվում նրա մոտ, եթե ոչ հարգանք, ապա գոնե մարդկային վերաբերմունքի արժանանալ:
Որքան անգամներ էի գիտակցության իշխանությունից ազատված երևակայությանս մեջ «Բեռնառդելի» 9 մ. տրամաչափի ատրճանակով կրակել նրա վրա՝ դատարկելով պահեստատուփում եղած ամբողջ 14 փամփուշտները: Բարեբախտաբար, ես նման ատրճանակ չունեի, ունենալու դեպքում էլ, կարծում եմ, նման բան չէի անի, սակայն բավականությունը, որ զգում էի երևակայորեն այդ խոզի վրա կրակելիս, բավարարում էր ինձ այնքանով, որ տանելի էր դառնում նրա զզվելի կերպարը, ձայնը, հրամաններն ու անտանելի բխկոցները (որ առաջանում էին նրա մոտ կեսօրից հետո) մի ամբողջ աշխատանքային օր տանելի դարձնելու համար: Ճաշից հետո էր, որ նա, ստամոքսի այրոցացավերին մի կերպ դիմանալով, դառնում էր ավելի անտանելի ու սկսվում էր. «Հենրի՛, ու՞ր ես կորել», «Այստեղ արի, ծույլ անբան», «Սա իմ վերջին նախազգուշացումն է, հաջորդը՝ զեկուցագիր է լինելու», «Ինչո՞ւ է սառնարանի դուռը բաց», «Այսօր արտաժամյա կաշխատես», «Հենրի՛… Հենրի՛… Հենրի՛…»: Եվ այսպես հինգ տարի շարունակ, բացառությամբ հանգստյան օրերի, որոնց ընթացքում անգամ ականջներիս մեջ նրա ձայնն էր դեռ արձագանքում:
Որքան անգամներ էի մտածել փոխել աշխատանքս: Որքան անգամներ էր ինձ բավականություն պատճառել երևակայական այն տեսարանը, որ չեմ տեսնի նրա զզվելի մռութը: Ես գուցե վաղուց անեի դա, բայց մոտակա հիսուն մղոնի վրա աշխատանք գտնել հնարավոր չէր: Կարելի է, իհարկե, մի բան ճարել գետահովիտից այն կողմ, հարթավայրի քաղաքներից մեկում, բայց դա մեծ ռիսկի հետ է կապված, ու հարկավոր է ամեն բան սկզբից սկսել: Ձախողման դեպքում չէի կարողանայի վճարել տան վարկը, հոգալ ընտանիքիս կարիքները ու ամենը՝ մի խոզի պատճառով, ում անունն էր Սեմ Ուիլ:
Այո: Ես ատում եմ նրան, ու խոստովանեք, որ դրա համար պատճառներն ունեմ:
———
Դուրս գալով երկկողմ եգիպտացորենի դաշտերով շրջապատված մայրուղի՝ միացրեցի մեքենայի ստերիոնվագարկիչն ու փոխանցման տուփից արագությունը երեքից փոխելով չորսի, մարմնով մեկ զգացի մեքենայի ազատ ընթացքն ու մտքով հետ, ավելի հետ գնացի դեպի օրվա սկիզբ, կարողանալու համար վերհիշել ինձ տանջող դեպքերի ողջ ընթացքը: Դեռ հույս ունեի, որ գուցե հեռվից հաջողվի մի բան հիշել, չնչին մի մանրուք, որը կդառնա բանալի՝ բաց անելով մտքիս այն փակ սենյակը, որտեղ թաքցրել եմ ամեն ինչ:
Աշխատանքի էի հասել ուշացումով, պատճառը Դենիի գիշերը ջերմության բարձրացումն էր ու առավոտյան բժիշկ կանչելը: Սեմ Ուիլը, որը վաթսունամյա իր կյանքի ընթացքում երեխաներ չէր ունեցել, դժվար թե կարողանար հասկանալ ինձ, այդ իսկ պատճառով ուշացմանս բացատրության փոխարեն գերադասեցի լռել: Ուշացմանս համար, նրա կողմից խիստ նկատողություն ստացա, իսկ գրանցամատյանում գրավոր նախազգուշացում: Ինչպես միշտ, գիտակցության իշխանությունից ազատված երևակայությանս մեջ, «Բեռնառդելի» 9 մ. տրամաչափի ատրճանակը հանելով բաճկոնով ծածկված գոտկատեղի տակից՝ կրակեցի նրա ճակատին: Սովորաբար, առաջին կրակոցը բավական էր լինում, որ նա գետնին տապալվեր, ու հաջորդիվ շարունակվող կրակոցները արդեն թափվեին նրա թավագլոր մարմնի վրա, բայց որքան էլ տարօրինակ էր, նա գետնին չնկավ ո՛չ առաջին կրակոցից, ո՛չ էլ դրան հաջորդող կրակոցների ընթացքում, և ես ցավով ընդունեցի, որ իմ միակ մխիթարությունը Սեմ Ուիլին դիմանալու, ինձ այլևս չի օգնում:
Ժամանակն ոչ մի կերպ չէր անցնում: Մտքերով տանն էի, ու չունենալով որևէ տեղեկություն որդուս վիճակի մասին՝ ավելի էի նեղսրտում: Ընդմիջման ժամին, որսալով հարմար մի պահ, շտապեցի Սառնարանային տնտեսության ծառայողական մասնաշենքի բակ, որտեղ պատին փակցված միակ հեռախոսից թույլատրվում էր օգտվել աշխատակիցներին: Որդուս վիճակում դրական փոփոխություն դեռ չկար, ջերմությանը գումարվել էր հազը, և բժշկի պնդմամբ, եթե մինչև երեկո ջերմության նվազում չլիներ, հարկավոր էր տեղափոխել հիվանդանոց:
Ժամանակն ասես կանգ էր առել, անքուն գիշերվան հաջորդող ամեն րոպեն քանդում էր ուղեղիս մեջ վեր խոյացած մի պատ, որից այն կողմ կար մի ուրիշ գոյատեսակ, ումից թև խուսափել էի միշտ, բայց այս անգամ ցանկանում էի, որ նա գար:
Խլյուպ, խլյուպ, խլյուպ… Օօօօօօ… Նա մոտենում էր:
Սպանդանոցից ժամանած բեռնատարներից ընդունելով խոզի թարմ կիսաները՝ գործի անցա աշխատելով ետ չնկնել պլանային չափաբաժնից: Անցկացնելով խոզի սրունքը մետաղե ճոպանին ամրացված կեռիկի վրա, և սեղմելով կանաչ կոճակը՝ կիսաներն իրար ետևից ուղարկում էի սառնարանից ներս՝ պահեստավորման: Թունելի պես երկար ձգվող սառնարանում, ուր տարվա բոլոր եղանակնելին -40 աստճան էր և 25 րոպեն բավական էր, որ 250 ֆունտի հասնող կիսաները քարի պես սառչեին, օրաբաժինը լրացնելու իմ պակասորդ այսօր նկատելի եղավ, ինչը չէր կարող վրիպել Սեմ Ուիլի ամենատես աչքից:
-Զանգի ձայնը քեզ չի վերաբերվում Հենրի՛,- հաշվեցուցակը գլանաձև պտտած, թմբուկի պես ափին խփելով՝ ասաց նա,- մինչև պակասորդը չլրացնես, սառնարանի դուռը չի փակվելու: Անձամբ եմ հաշվելու:
Տարօրինակ էր, բայց ատելության ոչ մի նախանշան չզգացի: Ես խղճացի նրան ու անգամ պատրաստ էի բղավել. «Հեռացիր», բայց արդեն շատ ուշ էր:
Խլյուպ… Խլյուպ… Խլյուպ… Նա արդեն մոտեցել էր:
Ես զգում էի իմ ներսում տարածվող նրա հոտը, ծանր շնչառությունն ու թոքերից եկող խզզոցը: Նախապես ոչինչ չէի ուզում իմանալ, քանի որ նա ամեն ինչ արդեն որոշել էր երկուսիս փոխարեն:
Խլյուպ, խլյուպ, խլյուպ… Դանդաղ խմորվող գիտակցությունս արդեն իմը չէր:
Ոչինչ չեմ հիշում:
———
Նոր բեռնատարն ու գունազարդ կոմիքսները ավելի բարձրացրեցին որդուս տրամադրությունը: Էնին նվեր ստածած փղոսկրյա սանրով առաջինը սանրեց իմ ու Դենիի մազերը, ապա համբուրելով մեզ՝ ուղարկեց լվացվելու: Ընթրիքից հետո Դենիի հետ «պառաված օրիորդ» խաղացինք, դիսնեյի մուլտերը դիտեցինք, թերթեցինք կոմիքսներն ու երբ ձեռքերիս մեջ քնած փոքրիկին տարա ննջարան, տեղավորելով նախապես բացված անկողնում, կեսգիշերից քառորդ էր պակաս:
Որքան էլ տարօրինակ էր, բայց քնեցի բավականին հանգիստ: Նոր օրվա հետ աշխատեցի մոռացության տալ երեկվա այդպես էլ չհիշված միջադեպն ու վերադարձա կյանքի բնականոն ռիթմին: Հանգստյան երկու օրերը լավ նախահիմք հանդիսացան ծանր մտքերից ազատվելու համար բայց այն, ինչ տեղի ունեցավ լույս երկուշաբթի օրվա գիշերը, խորապես ցնցեց ինձ՝ կանգնեցնելով սարսափելի մոլորության առաջ:
Արթնացա հանկարծակի: Վախից ու անհանգստությունից լարված մի կերպ էի զսպում մարմնիս դողը: Էնիին չարթնացնելու համար հնարավորինս անձայն դուրս եկա ննջարանից: Մոտենալով բակամիջյան պատուհանին՝ վախվորած նայեցի դուրս: Ում կամ ինչ էի փնտրում պատուհանից դուրսմ, չգիտեմ: Արտասովոր ոչինչ չերևաց բակում, և չարադեմ պատկերի բացակայությունն ինձ ստիպեցին մտածել, որ ամեն բան կամ ինձ թվացել է, կամ երազ է եղել: Նորից անկողին վերադառնալով՝ անձայն պառկեցի՝ կանխավ գիտակցելով, որ այս անգամվա քունը հեշտությամբ չի տրվելու: Բակից լսվեց ծղրիդների ճռռոցը, հեռվից երբեմն հարևանի շան հաչոցն էր արձագանքում, զարթուցիչի հարազատ թքթքոցն իր մեղմությամբ նորից վերադարձնում էր ամեն բան ետ: Ծանոթ ձայներ, հարազատ շշուկներ, որոնց խառնվող էնիի հանդարտ շնչառությունը հույս էին տալիս, որ նորից կգտնեմ քնի երանելի արահետը: Թվում էր՝ մարմինս գլորվում է թմբիրի մեջ, ու շուտով ամեն բան կմոռացվի, սակայն, ամենավերջին պահին ինձ ցնցում էր նույն վախը. ես լսում էի Սեմ Ուիլի օգնություն աղերսող ձայնը՝ ամբողջ կոկորդով հնչող սահմռկեցուցիչ աղերսանքներն ամենաչնչին մանրամասներով:
Դանդաղ խմորվող գիտակցությանս մեջ սկսեցին երևալ մոռացության փոսից ելնող իրադարձությունները: Ննջարանի կիսամութ առաստաղին պատկերվում էին քամուց օրօրվող տերևների ստվերները, որոնց ստվերախաղի մեջ կարելի էր տեսնել հիշողության թևերին բազմած, մոռացվել չցանկացող իրադարձությունները: Անցնող ոստիկանական մեքենայի ազդանշանները արագացրեցին սրտիս աշխատանքն, ու ես զգացի վայրկենապես ինձ պատող քրտինքի խոնավ շապիկը, երբ դեղնակապտավուն լուսարձակների թարթվող լույսերը մի պահ սենյակ լցվեցին: Մեքենան դանդաղ սկսեց հեռանա՝լ իր հետ տանելով լուսարձակների մարող ցոլքը: Կրկին վերականգնվող լռությունը հաճելի թվաց, սկսեցի ազատ շնչել, ու նույնիսկ քնելու ցանկություն առաջացավ, երբ չգիտես որտեղից, նորից ինձ հասավ Սեմ Ուիլի ձայնը.
«Ինձ չես խաբի, Հենրի, հաշվելու եմ բոլորը», «Մեկ, երկու, երեք, չորս…», «Հենրի՛, ի՞նչ ես անում գրողի տարած, բաց արա սառնարանի դուռը»:
Որքան հանգիստ, ու ինչպիսի բավականությամբ ես ասացի նրան.
«Պարոն Ուիլ, դուք այսօր արտաժամյա եք մնալու, քանի որ ութհարյուրյոթ խոզի կիասները հաշվելու համար ձեզ ժամանակ է պետք»:
«Հենրի,՛ բաց արա դուռը, այստեղ մութ է ու անտանելի ցուրտ»:
«Քսանհինգ րոպե հետո դուք ոչինչ չէք զգա, պարոն Ուիլ»:
«Բացիր դուռը, Հենրի, խոստանում եմ, այս մասին ոչ ոք չի իմանա»:
«Ինչո՞ւ: Ես պնդում եմ, որ դուք զեկուցագիր կազմեք ու ներկայացնեք տնօրինությանը»: «Հենրի, տղաս, արի մոռանանք ինչ եղել է»:
«Ուշ է, պարոն Ուիլ: Խլյուպ… Խլյուպ… Խլյուպ…»
———
Անքուն գիշերվան հաջորդող երկուշաբթին ի սկզբանե ինձ ծանր թվաց:
Անքնությունն այդ գիշեր ստիպեց ինձ հիշել երկու օր առաջ աշխատանքից հետո տեղի ունեցածը: Ես սառնարանում էի փակել Սեմ Ուիլին, որն արդեն հաստատապես կենդանի չէր, ու նրա մահվան միակ մեղավոր էի ես: Առավոտից ինձ տանջում էր այն մտքերը, թե ինչ է լինելու այսօր, երբ կբացահայտվի Սեմ Ուիլի անհետացումն, ու ի հայտ կգա նրա սառած դին:
Երկուշաբթի առավոտյան Սեմ Ուիլը սովորականի նման կանգնած չէր պահեստի մուտքի առաջ: Նրա բացակայությունը ուրախացրեց բոլորին, մի քանիսը նույնիսկ կատակ արեցին, թե իբր երեկ երեկոյան կինոթատրոնում խեղդվել է պոպկոռն ուտելիս: Իմ լարվածությունն աշխատելով թաքցնել անտարբերության դիմակի տակ՝ ես թեթևակի ժպտում էի նրա հասցեին հնչող հերթական սուր կատակներից՝ ջանալով անտարբեր ձևանալ:
Հանդերձարանից ելնելով՝ առաջին բանն ինչ արեցի դա N-6 սառնարանին մոտենալն էր: Դռան ետևում անշարժացած ականջ դրեցի՝ ցանկանալով նորից լսել Սեմ Ուիլի ձայնը. «Հենրի, տղաս, արի մոռանանք ինչ եղել է»: Ներսում սովորական լռություն էր, ժամանակ առ ժամանակ միայն լսելի էր լինում օդափոխիչ համակարգն աշխատեցնող շարժիչի ձայնը:
Չցանկանալով ուշադրություն գրավել՝ աննկատ բաց արեցի սառնարանի դուռն ու առանց լույսը վառելու, ձեռքի լապտերով ներս մտա: Սեմ Ուիլի երեսնիվայր ընկած մարմինը նկատեցի ութ ոտնաչափ հեռավորության վրա: Դժվարությամբ շրջելով սառցի պես քարացած դին՝ լապտերի լույսն ուղղեցի դեմքին ու մնացի ապշած: Նրա աչքերը բաց էին, շրթունքները ատամների տակ ամուր սեղմված, այտոսկրերը դուրս էին ցցվել, իսկ քիթը ծածկված էր սառցե շերտով:
Անմիջապես դուրս գալով սառնարանից՝ սկսեցի մտածել, թե ինչպես կարելի է ազատվել դիակից: Հեռացնել պահեստի տարածքից չէի կարող, քանի-որ անմիջապես կնկատվեի, չէի կարող նաև թույլ տալ, որ դիակը երկար ժամանակ մնար սառնարանում, ինչը վաղ թե ուշ նկատելու էր որևէ մեկը:
Մինչև ընդմիջում գերլարված միտքս աշխատում էր դիակից ազատվելու լուծում գտնելու շուրջ, սակայն գլխումս ոչ մի հարմար միտք չէր հասունանում: Ամեն անգամ, երբ N-6 սառնարանի կողքով անցնում էր որևէ մեկը, թվում էր հիմա բաց կանի դուռն ու կտեսնի այն, ինչը արդեն երրորդ օրն է գաղտնի էր բոլորից:
Ամեն բան փոխվեց սպառողական բաժնի պետի հայտնվելուց հետո: Նա հանձնարարեց, որ ժամկետանց մսեղիքի խմբաքանակը աղացման արտադրամաս տանեմ աղալու համար: Ուրիշ անգամներ, երբ մսեղիքն աղացման արտադրամս տանելու գործ էր լինում, այնքան էլ չէի ոգևորվում. աշխատանքը ֆիզիկական մեծ ուժ էր պահանջում, քանի որ ավելորդ մսեղիքը հսկայական ձագարաձև աղացի մեջ լցնելը արվում է ձեռքով: Բայց այս անգամ, երբ ինձ առաջարկեցին անել դա, ես սիրով համաձայնեցի, քանի որ դրանում տեսա Սեմ Ուիլի դիակից ազատվելու միակ լուծումը:
Բեռնասայլակի վրա մի կերպ տեղավորելով դիակը՝ խնամքով վրան դասավորեցի ավելորդ այն մսեղիքը, որ նախատեսված էր կենդանաբանական այգու համար և օգտվելով այդ ամենը աղալու թույլտրման իրավունքից՝ բեռնասայլակը դուրս հանեցի սառնարանից՝ շարժվելով դեպի աղացման արտադրամաս:
Աղացման արտադրամասի միակ աշխատակից Ֆիլ Ջոյսը աչքի տակով նայեց բեռնասայլակի վրա դրված մսեղիքի աղացման թույլտվության փաստաթղթերին, ապա առանց մի խոսք ասելու՝ հագավ ձեռնոցներն ու օգնեց ինձ բեռնասայլակը մոտեցնել աղացի կոնքաձև շուրթին:
– Ինչ-որ ծանր է այս անգամ Հենրի,- ասաց Ֆիլն ու աչքի տակով նայեց վրաս:
– Գլուխդ է ծանր,- անտարբեր պատասխանեցի ես,- որքան ես երեկ խմել, հիշո՞ւմ ես գոնե:
Ֆիլ Ջոյսը բացասաբար տարուբերեց գլուխը:
– Պառավիս ահից անգամ տուն չգնացի: Հենրի, մինչև աշխատավարձ ինձ պետք է ձեռք մեկնես:
-Որքա՞ն,- միացնելով մսաղացի կոճակը՝ հարցրեցի ես:
– Հիսուն, հակառակ դեպքում կբաժանվի, դու հո նրան լավ գիտես:
Հռնդոցով աշխատող մսաղացի մեջ նետելով ժամկետանց մսեղիքի առաջին կտորները՝ մի որոշ ժամանակ լուռ էինք:
– Երեսունից ավելի չեմ կարող,- զիջեցի ես՝ հետևելով, թե ինչպիսի արագությամբ է Ֆիլ Ջոյսը նետում սառած մսեղիքի կտորները մսաղացի մեջ:
– Գոնե քառասուն, Հենրի,- աղերսագին լսվեց Ջոյսի ձայնը:
Ես անջատեցի մսաղացն ու ձեռքս գրպանս տարա: Ջոյսի աչքերը փայլեցին: Նրան հանձնելով դրամապանակիս եղածի կեսն՝ ասցի.
– Երեսու՛ն, ու ոչ մի ցենտ ավել:
Տվածս թղթադրամները շատ արագ անհետացան Ֆիլ Ջոյսի գրպանում: Ոգևորությունից նա ավելի արագ սկսեց աշխատել, ու եթե այդպես շարունակվեր, մի քանի րոպեից նա բեռնասայլակի տակ տեսնելու էր Սեմ Ուիլին:
– Ֆիլ,- գործը դադարեցնելու նշան անելով, մի քանի մանրադրամ հանձնելով նրան՝ խնդրեցի ես,- բարի եղիր, սուրճ բեր:
Ֆիլ Ջոյսը մանրադրամները գրպանը լցրեց ու դրակաորեն շարժելով գլուխը՝ դուրս եկավ արտադրամասից: Դռան կիսաբաց ճեղքից նայելով, թե ինչպես նա հեռացավ միջանցքի խորքը, ծածկեցի դուռն ու վերադարձա բեռնասայլակի մոտ: Մինչ նրա վերադառնալը ես ունեի տաս րոպեից էլ քիչ ժամանակ: Ավելի արագ շարժվելու համար հանեցի հագիս բրեզենտե գոգնոցն ու գետնին դատարկելով Սեմ Ուիլին ծածկող մսեղիքը՝ հասա նրա մարմնին և մեծ դժվարությամբ հրելեցի դեպի մսաղացի եզրը:
Մսաղացի գալարապտույտ ատամները կուլ տվեցին Սեմ Ուիլի մարմինը ջուրն ընկնող քարի պես: Հագուստն ու մետաղական որոշ իրեր, որ կար նրա սառած մարմնի վրա (այդ թվում ամուսնական մատանին, գրպանի ոսկյա ժամացույցը, ծոցագրպանի ակնոցները), խառնվելով աղացվող մսին ու ոսկորներին մի քանի անգամ անցնելով աղացման խողովակների ու ատամնանիվների միջով՝ պաշտետի տեսքով սկսեցին լցվել «Կենդանաբանական այգու համար», «Սննդի մեջ օգտագործելի չէ» մակնշմամբ 3 կգանոց բրիկետաձև տոպրակների մեջ:
Գործն արված համարելով ու նկատելով թղթե բաժակներով սուրճը ձեռքին վերադարձող Ֆիլին՝ բղավեցի.
– Ի՞նչ եղար: Արագացրու:
– Ճանապարհին Սեմ Ուիլն էր բռնացրել: Դու հո լավ գիտես, որ էդ փնթփնթանի ձեռքից արագ պրծնել հնարավոր չէ:
– Ինչ ասացի՞ր,- չհավատալով լսածիս և անջատելով մսաղացը հարցրեցի ես՝ հուսալով այս անգամ մեկ ուրիշ բան լսել:
-Դե, էն գրողի տարած Ուիլը բռնացրեց միջանցքում, թարսի նման էլ ծխում էի չնախատեսված վայրում,- ինձ պարզելով սուրճը՝ հանգիստ ասաց Ֆիլը:
-Ինչեպե՞ս կարող է նման բան լինել, երբ Սեմ Ուիլը…-չշարունակելու համար միտքս ես նստեցի դատարկ բեռնասայլակին ու նայելով Ֆիլ Ջոյսի աչքերի մեջ՝ ցանկացա տեսնել այնտեղ սուտ:
Ֆիլը ինձ մոտեցավ ու տարօրինակ պահվածքիցս ոչինչ չհասկանալով՝ արդեն որերորդ անգամ ինձ պարզեց սուրճով լի բաժակը:
– Որտե՞ղ նրան տեսար:
– Երկար միջանցքի վերջում, իր աշխատասենյակի դիմաց:
Ոտքի կանգնելով՝ օճառով լվացի յուղոտ ձեռքերս ու զարմացած վրաս նայող Ֆիլի հայացքի ներքո դուրս եկա աղացման արտադրամասից: Հասնելով երկար միջանցքի վերջ, առանց թակելու Սեմ Ուիլի աշխատասենյակի դուռը, ոտքի հարվածով բաց անելով այն՝ արհամարհական դեմքով ներս մտա:
Որքան անգամներ էի թակելուց հետո այդ դուռն մյուս կողմում սպասել այնքան, մինչև Սեմ Ուիլը կբարեհաճեր ինձ ներս կանչել: Որքան անգամներ էր նա ինձ իր մոտ կանչել ու մտածված սպասեցրել դռան հետևում՝ նսեմացնելով ինձ և ստիպելով ընդունել դա որպես օրինաչափություն: Այս անգամ ամեն ինչ այլ էր, քանի որ իմ ներսում շարժվում ու խոսում էր նա, ով երկու օր առաջ արդեն սպանել էր նրան:
Գրասեղանի ետևում, հաշվիչ սարքի օգնությամբ Սեմ Ուիլը հաշվեմատյանն էր լրացնում, երբ իմ անակնկալ ներխուժումից շփոթված, հանդուգն հայացքիս առաջ մի պահ կորցրեց խոսելու ունակությունը: Հասկանալով պահի լրջությունը՝ Սեմ Ուիլը շատ արագ հավաքեց իրեն ու դեմքին տալով իրեն բնորոշ խիստ արտահայտություն՝ ասաց.
-Դու քեզ ու՞մ տեղն ես դրել: Գիտես ի՞նչ կարող եմ անել քեզ սրա համար…
-Լռի՛ր: Դու ոչինչ անել չես կարող: Դու արդեն երեք օր է չկաս, իսկ րոպեներ առաջ, քո սառած մարմինը ես մսաղացը գցեցի:
-Իիիի՞նչ,- աթոռին փլվելով՝ կակազոցով կմկմաց նա:
– Ախր դու լավ գիտես ինչ կատարվեց ուրբաթ օրը: Ես սպանեցի քեզ, Ուիլ: Ես ավելի ուժեղ գտնվեցի, քան դու կարծում էիր: Միթե՞ դու չես առնում մահվանդ նեխահոտը:
-Ես քեզ գիտես ի՞նչ կանեեեմ: Ես զեկուցագիր, չէէէէէ՛, դիմում կներկայացնեմ՝ քեզ հեռացնելու համար: Ես քեզ…
-Դու ոչինչ էլ չես անի, խոզի մռութ, դու արդեն չկաս, դու վերջացել ես: Դու արդեն նեխում ես:
Ես շրջվեցի, որ դուրս գամ՝ ետևիցս լսելով ինձ ետ կանչող նրա ձայնը. «Ես դեռ թույլ չեմ տվել, որ հեռանաս», «Ե՛տ արի», «Ու՞ր» «Ինձ չես խաբի», «Հենրի՛, տղաս, արի մոռանանք ինչ եղել է»: Մինչ դուռը կփակեի իմ ետևից, մի պահ կանգնեցի ու առանց ետ նայելու վերջին անգամ շշուկով ասացի. «Ուշ է, պարոն Ուիլ: Խլյուպ… Խլյուպ… Խլյուպ…»
Աշխատանքի ավարտին չսպասելով՝ արագ փոխեցի հագուստս ու դուրս եկա: Մտնելով «Ծովակալ Դիք» գարեջրատուն չորս շիշ դատարկեցի, մեկն էլ ձեռքիս՝ դուրս եկա: Ինչպիսի բավականություն այն մտքից, որ թքած ունեի, թե ինչ կլիներ վաղը: Ամեն ինչ ուրիշ էր, ես շեղվել էի միօրինակության ալիքից ու նոր քամի բռնած՝ իմ ալիքն էի փնտրում:
Էնին ոչինչ չասաց մի քանի ժամ շուտ վերադառնալուս մասին: Նրա այն հարցին, թե ի՞նչ է պատահել, թատերական հուզմունք տալով դեմքիս՝ ասացի, որ ծերուկ Ուիլն է մահացել: Դենին գիրկս թռավ ու երջանիկ էր, որ սպասվածից շուտ եմ վերադարձել:
Տաք ցնցուղից հետո անկողին մտա ու քնեցի մինչև հաջորդ օրվա կեսը: Ես համոզված էի, որ եթե չլիներ հեռախոսի չդադարող զանգը, կքնեի մինչև երեկո ու գուցե և հաջորդ առավոտ: Առանց բաց անելու աչքերս՝ ձեռքս երկարեցրեցի դեպի մահճակալի կողքի սեղանիկին դրված հեռախոսն ու լսափողը ականջիս տարա:
-Հենրի՛, այդ դու՞ ես: Հենրի՛, լսում ես ինձ: Դե ձայն հանիր ինչ ես պապանձվել:
Եթե նախապես իմանաի, որ Ֆիլ Ջոյսն էր ինձ արթնացնելու, լսափողը մի կողմ կդնեի ու գլուխս կտանեի բարձի տակ: Էլի ուշ չէր գլուխս բարձի տակ առնելը, բայց Ֆիլը առաջ ընկավ.
-Հենրի, բա իմանաս ինչ է եղել երեկ ուշ գիշերին: Լսու՞մ ես ինձ: Չես հավատա, բայց Սեմ Ուիլն է մահացել: Ստամոքսի խոցն է պայթել, պատկերացնո՞ւմ ես:
-Ֆիլ,- առանց աչքերս բաց անելու կիսաթեք բռնած լսափողի մեջ խոսեցի ես,- Սեմ Ուիլը ուրբաթ օրն է մահացել, արդեն երեք օր է, ինչ նա չկա:
-Ի՞նչ,- ասածներս անկարող լինելով ընկալել՝ կմկմաց նա:
-Ասեմ ավելին, այդ ես եմ նրան սպանել և քո արտադրամասում մսաղացի մեջ գցել:
-Խմած է՞ս: Աաաա, դրա համար այսօր աշխատանքի չեկար: Այսօր երեկոյան, սուրբ Պետրոսի եկեղեցում Սեմ Ուիլի հոգեհանգիստն է լինելու, կգա՞ս:
Մի կողմ նետեցի լսափողը՝ շտապելով հասնել դանդաղ գնացքի պես հեռացող քնի ետևից: Լսափողից դեռ թույլ լսելի ինձ էր հասնում ինձանից պատասխան ակնկալող Ֆիլ Ջոյսի ձայնը: Օրորվող քնի գիրկը նետվելով՝ մի վերջին անգամ ետ նայեցի ու երբեք քնից կրկին արթնանալը ինձ այնքան հաճելի չթվաց, որքան այդ պահին: Ես ուրախ էի, որ Սեմ Ուիլին այլևս չեմ տեսնելու ու բավարարված էի, որ նրա մահվան մեջ իմ մեղավորությունը նրան այդ մասին հիշեցնելն էր միայն:
Երևան
Հուլիս 2021