Արևելահայ գրականության երկու վեպ պատմականորեն և մշակութորեն առանցքային դեր են կատարել մեր գրականության պատմության մեջ վեպի ժանրի զարգացման առումով։ Դրանցից առաջինը Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն է, որով բացվում է արևելահայ նոր գրականության պատմությունը, երկրորդը՝ սովետահայ առաջին վեպը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», որի առաջին մասը լույս է տեսել 1921 թվականին «Նորք» հանդեսում։
Նախ անդրադառնանք երկու վեպերի առաջաբաններին: Ընդհանրապես, որևէ ստեղծագործության առաջաբանը շատ բան կարող է ասել դրա մասին: Թե՛ Աբովյանի, թե՛ Չարենցի վեպերի առաջաբանների պարագայում գործ ունենք հեղինակի որոշակի էմոցիոնալ վիճակի հետ, և երկուսի դեպքում էլ դա կապվում է վաղուց կուտակված իրենց ասելիքը արտահայտելու դժվարության հետ: Աբովյանն իր վերքը սկսում է լիդվացոց Կրեսոս թագավորի և նրա համր որդու հայտնի դրվագով: Պատմությունն այն մասին է, թե ինչպես է Կրեսոսի որդին քսանամյա համրությունից «լեզու առնում», երբ տեսնում է իր հոր գլխին շողացող թշնամու սուրը։ Ո՞րն էր այս օրինակի նպատակը: Ի՞նչ էր փորձում ասել Աբովյանը նախքան մեր աջքի առաջ տառացիորեն կգծեր մի ծրագիր, որով պատրաստվում է շարժվել: Արդեն ամեն ինչից պարզ է, որ սա երկարատև ժամանակ կուտակված ասելիքի պոռթկում է լինելու, երկարատև համրությունից հետո հեղինակի «լեզու առնելը»: Եվ հարցը ամենևին էլ վեպի սյուժեն չէ: Աբովյանի պարագայում հարցն առաջին հերթին ձևին է վերաբերում: Աբովյանի լռությունը կապվում է դարերով կուտակված ավանդույթի ներքո ճնշված մնալու, իսկ խոսքը՝ այդ կուտակված ավանդույթը հաղթահարելու հետ[1]: Ինքը Աբովյանն էլ առաջաբանում կնշի, որ սա վերաբերում է ստեղծագործության լեզվին, հերոսին և բովանդակությանը` ոչ ավանդական ձևերին:
Ընդհանրապես իր ազգի լուսավորության հարցն է, որ ոչ թե քսան այլ երեսուն և ավելի տարի մտահոգում էր հեղինակին, այն գիտակցումը, որ իր ազգը, հողը հին է, բայց չունի ո՛չ դրա գիտակցումը, ո՛չ սերն առ այն, ինչ ունի, ո՛չ էլ հպարտանալու կարողությունը. «Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ` քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի` բնակիչը»[2]։ բայց այս ամենն ասելու հնարավորություն չկար. «լեզուս փա՛կ էր, աչքս՝ բա՛ց, բերանս բռնա՛ծ, սիրտս՝ խո՛ր, ձեռս՝ պակա՛ս, լեզուս՝ կա՛րճ» (ԽԱԵ, էջ 6): Ստեղծվում է մտերիմ մի զրույց հեղինակի և ընթերցողի միջև, հեղինակն սկսում է պատմել, թե ինչպես այս խնդիրն իրեն տանջում էր ամեն օր՝ տանը, դրսում, աշակերտների հետ դաս պարապելիս, գիշերը, ցերեկը, ինչպես էր օրերով կորչում՝ այս մասին մտածելով։ Հետո Աբովյանն առաջարկում է լուսավորության իր ծրագիրը, որ ուղիներ փնտրող մտավորականի ծրագիր է, և սկսում, ինչպես ինքն է ասում, կմկմալ, քանի որ գրում էր չմշակված, չհղկված լեզվով, ավելին՝ լեզվի ինչ-որ բարբառով ու հավելում է. «Երբ որ կմեծանամ, խրթին լեզվով էլ կխոսանք» (ԽԱԵ, էջ 11):
Մեծացող ու խրթին լեզվով խոսողն արդեն Չարենցն էր լինելու: Սա նույն երևույթի շարունակությունն է: Լռության նույն պոռթկումը տեսնում ենք Չարենցի դեպքում: Կարելի է ասել, որ այս երկու հեղինակների պարագայում էլ վեպի նյութը շատ ավելի վաղուց է եղել, քան վեպը գրելու հնարավորությունը կամ, միգուցե, ցանկությունը: Չարենցի պարագայում իսկապես նյութը, լեզուն, ասելիքը դառնում են էլ ավելի խրթին և ավելի հղկված: «Երկիր Նաիրիի» առաջաբանը նմանապես խոստովանություն է, որ ինքը վաղուց էր մտմտում գրելու այս վեպը: Էլի նույն կենցաղային օրինակներն ենք տեսնում, թե ինչպես, օրինակ, շուկայից ցախ գնելիս իրեն անհանգստացրել է և հանգիստ չի թողել «Երկիր Նաիրին» (վեպը): Չարենցի խնդիրն իհարկե այլ է, ինքն իր առջև չի դրել հենց վեպ գրելու խնդիր, նրա խնդիրը կոնկրետ «Երկիր Նաիրին» գրելն է: Երկու հեղինակներին վեպերին էլ կարող ենք նույն՝ չարենցյան վերագրումը տալ՝ «ժամանակին չվճարված պարտամուրհակ», որը վճարելուց խուսափելն անկարելի էր դարձել: Երկուսն էլ գիտեն, որ «Վերք Հայաստանին» կամ «Երկիր Նաիրին» գրելու պահն է: Երկուսի պարագայում էլ սա պատասխանատվություն է, որ իրենք են ստանձնում:
Չարենցի խնդիրը նախ և առաջ ինքնության որոնումն է։ Այստեղ տարբերությունը Աբովյանի հետ էական է, քանի որ վերջինս իր առջև խնդիր չէր դրել ինքնության որոնման, նա փնտրում էր ձևը իր արդեն գտած ինքնությամբ մյուսների հետ կիսվելու, լուսավորելու: Չարենցը այս պարագայում ընթերցողի և կերպարների հետ հավասար որոնող է, մինչդեռ Աբովյանն ավելի բարձր դիրքերից է մոտենում ընթերցողին էլ, կերպարներին էլ, նա ուսուցիչ է, սովորեցնող: Աբովյանի կերպարներից մեկը վեպի սկզբում բողոքում է. «…ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք էկել աշխարհ. քոռ գալիս ենք, քոռ գնում» (ընդ.՝Թ. Ղ.) (ԽԱԵ, էջ 34), ահա այս հարցերին պատասխանելու պատրաստակամություն է ստանձնում Խաչատուր Աբովյանն իր վեպում և հետևողականորեն իրականացնում այդ ծրագիրը, քանի որ այս հարցերին պատասխանողները պիտի լինեին իր նման «կարդացողները», «գրի սևն ու սպիտակը տարբերողները»: Գրեթե նույն հարցերն է առաջադրում նաև Չարենցը. «ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը»[3], սակայն ի տարբերություն Աբովյանի, հենց սկզբից Չարենցն զգուշացնում է, որ ինքն էլ այս հարցերի պատասխանը չգիտի և միգուցե ընթերցողն էլ դրանք չգտնի վեպում. «Իսկ եթե, բան է, չգտար-ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը… Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…» (ՉԵՆ, էջ 10-11):
Սկսած վեպի առաջաբանից և ամբողջ վեպի ընթացքում Աբովյանն ընթերցողին դիմում է «սիրելի կարդացող»: Չարենցի վեպն էլ «Վերք…»-ի նման զրույց է ընթերցողի հետ, և դա էլ հեղինակը զգալ է տալիս հենց առաջաբանից: Մի բան կա, որ այնուամենայնիվ էականորեն տարբերվում է այս երկու վեպերում, խոսքը հեղինակի (պատմողի) կերպարի և այդ հեղինակի՝ նյութի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է: Աբովյանի վեպի պարագայում հարցը բավականին հստակ է, հենց առաջաբանում նա նշում է, որ իր գրելիքին կասկածում էր մինչև այն պահը, երբ դոքտոր Աղաֆոն Սմբատյանը խրախուսեց իր վեպի նախաձեռնությունը: Այսինքն՝ Աբովյանի կասկածը վերաբերում էր իր անելիլքին, արածի արդյունավետությանը, արածի ձևին: Իսկ Չարենցի վեպը ինքնին մի շնչող կասկած է՝ սկսած առաջին իսկ էջից մինչև վերջին տողը: Այստեղ ամեն ինչն է կասկածի տակ առնված։
Աբովյանը գիտի, որ գրում է իր «ազիզ ազգ»-ի, իր Հայաստանի համար և Հայաստանի մասին, Չարենցը չգիտի, թե ում համար է գրում, ում մասին, իզուր չէ, որ իր վեպում մարդկանց ոչ թե հայեր կամ կարսեցիներ, այլ նաիրցիներ է անվանում, քաղաքը՝ ոչ թե հայկական, այլ նաիրյան: Իր վեպի ընթացքում նա հետևողականորեն հերքում է վեպի վայրի գոյությունը («եթե նա լիներ- ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի»- այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր և ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա» (ՉԵՆ, էջ 175)) կամ հնարավորությունը, որ այն կարող է Կարսը լինել («Փորձեցե՛ք մի նամակ գրել և հասցեագրել այսպես՝ «Երկիր Նաիրի- Գեներալ Ալոշին» – տեսեք ո՞ւր կհասնի.- Կարծո՞ւմ եք՝ մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո՛ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա:- Երեւակայեցեք, որ ո՛չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա եւ կընկնի ուղիղ- ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երևա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-Գարահիսա՞ր… Իհարկե, ոչ» (ՉԵՆ, էջ 175))։ Այսինքն՝ Չարենցը վերցնում է Հայաստանի միֆական, ցնորային անունը, կասկածի տակ դնում դրա գոյությունը և արդեն իսկ առաջաբանից հայտնում, որ գրելու է մի բանի մասին, որի գոյության որևէ հավաստի վկայություն չի կարող տալ: Փաստորեն, Չարենցը ցանկանում է ստանալ բացառապես խաղարկային մի իրավիճակ, թեև պատմողն անընդհատ փաստում է, որ իր աչքով է տեսել կամ իր ականջով է լսել տվյալ դեպքը կամ իրադարձությունը։ Եվ ահա այստեղ է, որ գործ ունենք բոլորովին նոր կառուցվածքային առանձնահատկության հետ։ Չարենցի վեպում վեպի հեղինակն ու վեպի իրադարձությունները պատմողը նույնական չեն։ Այստեղ վեպի հեղինակը նաև պատմող կերպարի հեղինակն է։ Այս իմաստով նշանակալի է հեղինակի ներկայությունը վեպերում: Քանի որ հեղինակը թույլ չի տալիս և այդպիսի ցանկություն էլ չունի, որ ընթերցողը մոռանա իր ներկայությունը, նա անընդհատ այստեղ է, խոսում է ընթերցողի հետ, մեկնաբանում կերպարների վարքը և, մի տեսակ, կամա թե ակամա, իր ներկայությամբ ստիպում զգալ ոչ միայն այն ժամանակի ներկայությունը, որի մասին ինքը գրում է, այլ նաև այն ժամանակի ներկայությունը, որտեղից ինքը խոսում է:
Իր աբստրակտ ընթերցողին դիմելով՝ Աբովյանը մի տեսակ կամուրջ է ստեղծում իր սեփական ժամանակի և ընթերցողի ժամանակի միջև՝ անկախ նրանից, թե երբ է ընթերցվում վեպը (ընթերցողին «սիրելի կարդացող» դիմելուց բացի, երբեմն «մեր տղա», «մեր տղի տղա» է կոչում): Ընթերոցղին դիմելու այս ձևը ունի նաև Չարենցը, նրա խոսքն էլ հիմնված է հիմնականում առաջին-երկրորդ դեմքերի փոխհարաբերությունների վրա՝ ես և դու, այսինքն՝ հեղինակը և ընթերցողը՝ աբստրակտ ընթերցողը, նա, ով կկարդա, երբ էլ որ կարդա: Այս առումով Աբովյանն ավելի տարրերային է, բացի այդ Աբովյանն ավելի շատ է ուզում, որ ընթերցողն իրեն հավատա, և նրա այդ ճիգը պարզ զգացվում է վեպում, մինչդեռ Չարենցն ավելի շատ ուզում է, որ ընթերցողն իրեն չհավատա, օրինակ, երբ ասում է, որ այդ մասին քաղաքում ոչ ոք չգիտե, բայց ինքն այդ մասին պատմում է այնպես, ինչպես դեպքերի մասնակից կամ գոնե ականատես, ոչ թե որպես հեղինակ։ Ընթերցողն ընկնում է շփոթության մեջ, եթե ոչ ոք չգիտե, ապա այս պատմողը որտեղի՞ց գիտի: Կամ երբ ասում է, որ պ. Մարուքեի կամ օր. Սաթոյի բամբասանքներին չի հավատում ամենևին և նույնիսկ հարկ էլ չի համարում դրանց մասին խոսել, բայց մեկ էլ հանկարծ սկսում է շարադրել այդ բամբասանքների բնույթն ու բովանդակությունը ամենայն մանրամասնությամբ, նույնիսկ՝ փատսերով, որոնք խոսում են հօգուտ բամբասանքի և ի վնաս չհավատացողի, ու վերջում հավելում, որ ինքը, միևնույն է, դրանց չի հավատում:
Վեպի նկատմամբ ունեցած կասկածը թե՛ Աբովյանին, թե՛ Չարենցին ուղեկցում է մինչև վերջին էջը: Աբովյանն այդպես էլ շարունակում է կասկածել իր վեպին. «Երանի՜ էն սհաթին, որ մեկ ազնիվ հայի ծնունդ իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան գրությունը դեն քցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ հայերի պատմությունը, որ լսող-կարդացող վառվի, բորբոքի, զարմանա, հիանա ու էն գրողի ղալամն ու գիրքը, ինչպես Պետրարքինը, մասունքի տեղ պաշտի, ծոցումը պահի: Սերն էր, որ ինձ համարձակություն տվեց, որ գրեցի, թո՛ղ կարդացողը պակասությունս երեսովս չտա» (ընդ.՝ Թ. Ղ.) (ԽԱԵ, էջ 248): Իր արածի (վեպի) հանդեպ նույնպիսի կասկած ենք տեսնում նաև Չարենցի մոտ՝ վեպի վերջաբանում. «…ահա և մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «այլակերպ» մի բան» (ՉԵՆ, էջ 266):
Վեպի ժանրի պարագայում ընդհանրապես կասկածն ունի ժանրաստեղծ նշանակություն։ Չի կարող լինել մի ստեղծագործություն, որտեղ չեն կասկածում ո՛չ կերպարները, ո՛չ հեղինակը (պատմողը), ո՛չ ընթերցողը և այդ ստեղծագործությունը լինի վեպ: Նման պարագայում մենք գործ ունենք արդեն բացարձակացված էպիկական տարածության հետ: Բայց այս երկու վեպերում կասկածը ավելի մեծ կառուցվածքային նշանակություն ունի. թե՛ Աբովյանի, թե՛ Չարենցի դեպքում, կասկածը դառնում է այն գործոնը, որն իր շուրջն է հավաքում վեպը: Աբովյանի դեպքում մենք գործ ունենք հեղինակի՝ իր արարքի (վեպի) արդյունավետության նկատմամբ կասկածի հետ, մինչդեռ Չարենցի դեպքում՝ հենց արարքի (վեպի) նկատմամբ կասկածի:
[1]Այս հարցին առավել հանգամանալից անդրադարձել եմ «Արևելահայ նորարարական երկու վեպերը» հոդվածում:
[2] Աբովյան Խաչատուր, Երկեր, Երևան, 1984, էջ 82, հետագա շարադրանքում սույն գրքից բերված մեջբերումները կտրվեն տեղում՝ ԽԱԵ հապավումով:
[3] Չարենց Եղիշե, Երկիր Նաիրի, Երևան, 1934, էջ 10, այսուհետ գրքից արված մեջբերումները կտրվեն տեղում՝ ՉԵՆ հապավումով: